ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի 9.2-րդ մասի, 47-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման՝
1) նախաբանը «24-րդ,» թվից հետո լրացնել «29-րդ,» թվով.
2) 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում, N 1 հավելվածի 2-րդ, N 8 հավելվածի 6-րդ, N 9 հավելվածի 3-րդ կետերում «Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ներքին գործերի նախարարությունը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով․
3) 1-ին կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) սույն որոշման իմաստով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողները, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության ծառայողները համարվում են սույն կետի 4-րդ ենթակետում նշված՝ համապատասխան մարմինների զինծառայողներ:».
4) 2-րդ կետի 18-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ ենթակետով.
«19) փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները՝ համաձայն N 19 հավելվածի։».
5) 4-րդ կետի 1-ին պարբերությունը «վարչական ակտերի քաղվածքները» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տրված» բառերով, իսկ «կենսաթոշակը վճարելու » բառերը փոխարինել «կենսաթոշակը նշանակելու, վճարելու» բառերով.
6) N 1 հավելվածում՝
ա. 3-րդ և 34-րդ կետերից հանել «մշտական» բառը,
բ. 5.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.2-5.4-րդ կետերով.
«5.2. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձին, ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ չի ճանաչվել փախստական, սակայն, նրա կենսաթոշակի էլեկտրոնային գործը, անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից, առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (այսուհետ՝ բռնի տեղահանված անձ), կենսաթոշակ է նշանակվում դիմումի և Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված՝ կենսաթոշակի էլեկտրոնային գործի տեղեկատվության կամ փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա։ Դիմումին կից ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ և ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված՝ անձի կենսաթոշակի էլեկտրոնային գործում առկա տեղեկատվությունը կամ փաստաթղթերի լուսապատճենները բավարար չեն կենսաթոշակ նշանակելու համար։ Այս դեպքում կենսաթոշակը նշանակվում է, այդ թվում՝ առցանց դիմումի հիման վրա, փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 19 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում։
5.3. Սույն կարգի 5.2-րդ կետում նշված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական չճանաչված անձի տվյալները համադրվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների հետ (այսուհետ՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն):
5.4. Սույն կարգի 5.2-րդ կետում նշված դեպքում առցանց դիմումի հիման վրա կենսաթոշակ չի նշանակվում, եթե՝
1) անձի տվյալներն առկա չեն միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալներում.
2) ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների՝ անձը հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.
3) Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի տվյալներում առկա չէ անձի կենսաթոշակի էլեկտրոնային գործը.
4) Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի տվյալներով՝ առցանց դիմելու օրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակի վճարումը դադարեցված է։»,
գ. 6.2-րդ կետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով,
դ. 14-րդ կետում «2013 թվականի հունվարի 1-ից հետո» բառերը փոխարինել «2013 թվականի հունվարի 1-ից (Լեռնային Ղարաբաղում՝ 2014 թվականի հունվարի 1-ից) հետո» բառերով, իսկ «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ծառայության սահմանած կարգով» բառերը փոխարինել «ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը» բառերով,
ե. 14.5-րդ կետը «1996 թվականի նոյեմբերի 10-ը» բառերից հետո լրացնել «, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ մինչև 1998 թվականի հունվարի 19-ը» բառերով,
զ. 15-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) Լեռնային Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան։»,
է. 15.6-րդ կետի 1-ին նախադասությունում «2004-2012 թթ․ժամանակահատվածում» բառերը փոխարինել «2004-2012 թթ, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ 2004-2014 թթ. ժամանակահատվածում» բառերով, իսկ «2-րդ ենթակետում» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ ենթակետերում» բառերով,
ը. 36.3-րդ կետը «պաշտպանության» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով,
թ. 40.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40.2-րդ կետով.
«40.2. Եթե Լեռնային Ղարաբաղում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը հաշվարկվել է մահացած (զոհված) կերակրողի ընտանիքի՝ այդ տեսակի կենսաթոշակի իրավունք ունեցող յուրաքանչյուր անդամի համար, սակայն նշանակվել և վճարվել է նրա ընտանիքի անդամներից մեկին, ապա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակն օրենքով նշանակվում և վճարվում է մահացած (զոհված) կերակրողի ընտանիքի՝ այդ տեսակի կենսաթոշակի իրավունք ունեցող յուրաքանչյուր անդամին:»,
ժ. 44.1-ին կետում «www.ssa.am» բառերը փոխարինել «www.socservice.am» բառերով,
ժա. 62.1-ին կետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով,
ժբ. 72-րդ կետը «ներկայացված» բառից հետո լրացնել «կամ պետական և այլ մարմիններից ստացված» բառերով,
ժգ. 72-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 72.1-72.2-րդ կետերով.
«72.1. Կենսաթոշակի էլեկտրոնային գործում կցվում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվությունը, Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային ու այլ բազաներում առկա տեղեկատվությունը, փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները։
72.2. Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա կենսաթոշակի գործերը (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու հանգամանքից) տեղափոխվում են շտեմարան, եթե կենսաթոշակառուն չի մահացել:»,
ժդ. 74-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 74.1-ին կետով.
«74.1. Եթե Լեռնային Ղարաբաղում մահացած (զոհված) կերակրողի ընտանիքի անդամների համար կազմվել է 1 ընդհանուր կենսաթոշակի գործ, ապա այդ գործում առկա փաստաթղթերի և Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա այլ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենների հիման վրա ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար սույն կարգի 74-րդ կետում նշված կարգով կազմվում է կենսաթոշակի գործ:».
7) N 2 հավելվածում՝
ա. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով․
«2.1. Աշխատանքային ստաժում հաշվարկվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային (աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու օրն ընկած) և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները:»,
բ. 8.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.2-րդ կետով.
«8.2. Կենսաթոշակառուի, ում կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից) աշխատանքային ստաժում մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները հաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա ստաժով (առանց վերանայելու):»,
գ. 10-րդ կետը «բազայում» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում» բառերով,
դ. 11.1-ին կետը «աշխատանքային օրենսգրքով սահմանված» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով,
ե. 20-րդ կետը «2013 թվականից» բառերից հետո լրացնել «(Լեռնային Ղարաբաղում՝ 2014 թվականից)» բառերով,
զ. 21.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.4-րդ կետով.
«21.4. Եթե Լեռնային Ղարաբաղի պետական եկամուտների տեղեկատվական բազայի տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի տարածքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանք կատարող անձի պայմանագիրը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ լուծված չէ, ապա որպես տվյալ պայմանագրի գործողության ժամկետի ավարտ դիտարկվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։»,
է. 24.1-ին կետի 2-րդ ենթակետում «ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության կրթության» բառերը փոխարինել «ԽՍՀՄ-ի, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող կրթության» բառերով,
ը. 29.1-ին կետը «պաշտպանության ժամանակ» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով, իսկ «Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Ոստիկանության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով,
թ. 54-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 55-րդ կետով.
«55. Եթե Լեռնային Ղարաբաղի հարկային մարմնի տեղեկատվական բազայում կա աշխատանքի ընդունվելու ամսաթիվը, սակայն բացակայում է աշխատանքից ազատվելու ամսաթիվը, ապա աշխատանքից ազատման ամսաթիվ է ընդունվում 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:»․
8) N 3 հավելվածում՝
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Ոստիկանության» բառը, նույն ենթակետում «Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով, «Արցախի Հանրապետության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի» բառերով, իսկ 2-րդ ենթակետը «հարկադիր կատարողի» բառերից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողի և հարկադիր կատարողի» բառերով,
բ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով արտոնյալ հաշվարկով հաշվարկվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում զինվորական ծառայության և մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները։»,
գ․ 3-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածները զինվորական ծառայության ստաժում (20 տարվա և 12 տարի վեց ամսվա), նրա անձնական գործը չհայտնաբերելու դեպքում, օրացուցային հաշվարկով հաշվառվում են` հիմք ընդունելով նրա կրճատ անձնական գործը:»,
դ. 4-րդ կետը «ծառայության ստաժը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն կարգի 2.1-ին կետում նշված ժամանակահատվածը,» բառերով,
ե․ 4-րդ կետի 5-րդ ենթակետը «պաշտպանության ժամանակ» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով,
զ․ 4-րդ կետի 9-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի» բառերով, իսկ «այդ մարմինների» բառերը փոխարինել «համապատասխան մարմինների» բառերով.
9) N 6 հավելվածի 1-ին կետը «կատեգորիաների աշխատողներին» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի աշխատողներին» բառերով.
10) N 8 հավելվածի 6-րդ կետում «Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով.
11) N 9 հավելվածի 3-րդ կետում «Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ոստիկանությունից» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարությունից» բառերով.
12) N 10 հավելվածում՝
ա. 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը.
4) կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 411-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր վկայականը.»,
բ. 4-րդ կետի 3-րդ ենթակետում «օտարերկրյա քաղաքացին» բառերը փոխարինել «փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին» բառերով,
գ. 19-րդ կետի 1-ին ենթակետը «զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում,» բառերով,
դ. 19.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.2-րդ կետով.
«19.2. Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործակից սահմանված չլինելու դեպքում այդ գործակիցը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 815-Ն որոշման հավելվածով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկելու (վերահաշվարկելու) համար հիմք ընդունվող` զինծառայողի անձնական գործակիցը որոշելու համար սահմանված կարգով:»,
ե․ 20.1-ին և 25.2-րդ կետերը «պաշտպանության» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով.
13) լրացնել նոր՝ N 19 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել՝
1) անձանց, ում կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից) կամ ում կենսաթոշակի իրավունքը ծագել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվելուց հետո (այսուհետ՝ երկուսը միասին՝ բռնի տեղահանված) կենսաթոշակային ապահովության իրավունքը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանով (այսուհետ` շտեմարան) իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի տվյալները շտեմարան ներմուծելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի մշակումն ու ներդրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) միջոցով՝ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը.
2) Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի շահագործումը (կենսաթոշակների նշանակումն ու վճարումը) ծառայության կողմից` մինչև սույն կետի 1-ին ենթակետի համաձայն այդ բազայի տվյալների ներմուծումը շտեմարան.
3) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված՝ Լեռնային Ղարաբաղի համապատասխան համակարգերի կենսաթոշակառուների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա՝ սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում․
4) Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` Լեռնային Ղարաբաղի համապատասխան համակարգերի կենսաթոշակառուների կողմից դիմումով ներկայացվող փաստաթղթերի լուսապատճենները Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա մուտքագրելու համար՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.
5) հաշմանդամ ճանաչված անձանց տվյալների` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից ծառայությանը հասանելիություն ապահովող տեղեկատվական համակարգի մշակումն ու ներդրումը` ծառայության և «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» համագործակցությամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում.
6) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից սույն որոշման 3-րդ կետում նշված բազաների (տվյալների, տեղեկատվության) ստացումը և արխիվացումը` բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը շտեմարանով իրացնելիս այդ բազաներում առկա տեղեկատվությունը(տվյալները) կիրառելու համար` ստանալուց հետո` 2 ամսվա ընթացքում.
7) առկայության դեպքում սույն որոշման դրույթներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի հարկադիր կատարման ծառայության ծառայողների կենսաթոշակի թղթային գործերում առկա՝ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում թվարկված տվյալների ներառումը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա․
8) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի շահառուներին կենսաթոշակի իրավունքի իրացումը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով․
9) բռնի տեղահանված քաղաքացիներին 2023 թվականին կենսաթոշակ, նպաստ և պարգևավճար վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
(2-րդ կետը փոփ. 28.03.24 N 429-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ ապահովել՝
1) Լեռնային Ղարաբաղի հետևյալ տեղեկատվական բազաների տրամադրումը ծառայությանը՝
ա. Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա,
բ. մինչև 2014 թվականը վարված` անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազա,
գ. չաշխատող մայրերի մայրության նպաստի բազա,
դ. երեխաների ծննդյան միանվագ նպաստի բազա,
ե. մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի բազա,
զ. ընտանիքում ծնված` 3 և ավելի կարգաթիվ ունեցող երեխայի ծննդյան կապակցությամբ ամսական 50000 դրամական օգնության տեղեկատվական բազա,
է. հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական բազա,
ը. պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական բազա,
թ. հարկային մարմնի կողմից վարված տեղեկատվական բազայում առկա «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալներ.
2) բռնի տեղահանված, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական չճանաչված անձանց տվյալների (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) տրամադրումը ծառայությանը:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ապահովել՝
1) սույն որոշման դրույթներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի, համապատասխանաբար, ոստիկանության և փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության ծառայողների վերաբերյալ նրանց կենսաթոշակների թղթային գործերում առկա՝ անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենների մուտքագրումը շտեմարան՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի տվյալները շտեմարան ներմուծելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում.
2) Լեռնային Ղարաբաղի համապատասխան համակարգերի կենսաթոշակառուների կողմից դիմումով ներկայացվող փաստաթղթերի լուսապատճենների մուտքագրումը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա՝ սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի հասանելիությունն ստանալուց հետո՝ մինչև այդ բազայի տվյալների ներմուծումը շտեմարան.
3) Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային գործում առկա՝ հետևյալ տեղեկատվության տրամադրումը ծառայությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝
ա․ կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, կենսաթոշակի տեսակը, զինվորական կենսաթոշակի գործի համարը,
բ․ կենսաթոշակի չափը,
գ․ զինվորական կենսաթոշակառուի հաշմանդամության խումբը և հաշմանդամության պատճառական կապը զինծառայության հետ (առկայության դեպքում),
դ․ զինծառայողի մահվան պատճառական կապը (առկայության դեպքում), ում մահվան կապակցությամբ նշանակվել և վճարվել է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ,
ե․ կենսաթոշակի թղթային գործում առկա՝ հաշվարկված զինվորական ծառայության ստաժը, այդ թվում՝ արտոնյալ հաշվարկով,
զ․ նախկին զինծառայողների, այդ թվում` այն ծառայողների, որոնց մահվան կապակցությամբ նշանակվել և վճարվել է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, վերջին պաշտոններին համապատասխանող` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնների ցուցիչները և զինծառայողի անձնական գործակիցները` հիմք ընդունելով զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնը: Եթե զինծառայողի վերջին պաշտոնն ընդգրկված չէ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ տվյալ մարմնում սահմանված պաշտոնների ցանկում, ապա զինծառայողի անձնական գործակիցը հավասարեցվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համապատասխան հավելվածով տվյալ մարմնում այդ պաշտոնին համարժեք (հավասար) պաշտոնին համապատասխանող և նույն զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի գործակցին՝ հաշվի առնելով զինվորական պաշտոնների կազմը, զինվորական տվյալ պաշտոնի նշանակելու և զինվորական պաշտոնից ազատելու կարգը, զինծառայողների կազմերն ու զինվորական կոչումները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերը և պաշտոնների համար սահմանված կոչումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշման |
«Հավելված N 19 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման |
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ` օրենք) փախստականի կարգավիճակ ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները (այսուհետ՝ կարգ):
2. Փախստականի կարգավիճակ ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար դիմում է, նրան կենսաթոշակ նշանակվում (վերահաշվարկվում), կենսաթոշակի տեսակը փոխվում, կենսաթոշակը վճարվում, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ բացառությամբ, երբ նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձ (այսուհետ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական):
3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը նույնականացվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներով:
4. Սույն կարգով սահմանված ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականներին կենսաթոշակները նշանակում ու վճարումն ապահովում, կենսաթոշակի գործերը (փաստաթղթերը) հաշվառում և վարում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ համապատասխան մարմին)` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների միջոցով։
5. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը, ում կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից), կենսաթոշակ նշանակելու համար դիմումը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում, իսկ զինվորական կենսաթոշակների դեպքում՝ նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։ Դիմումին կից ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված՝ անձի կենսաթոշակի էլեկտրոնային գործում առկա տեղեկատվությունը կամ փաստաթղթերի լուսապատճենները բավարար չեն կենսաթոշակ նշանակելու համար։
6. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը, ում էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից), կենսաթոշակ նշանակելու համար դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 44.1-ին, 44.2-րդ և 44.4-րդ կետերով սահմանված կարգով:
7. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա տեղեկատվության հետ:
8. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա դիմում չի ձևավորվում, եթե ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ), և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին։
9. Առցանց ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները՝
1) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
2) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
3) կենսաթոշակն ստանալու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև բանկի անվանումը, որտեղից կենսաթոշակառուն ցանկանում է ստանալ կենսաթոշակը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կազմակերպության անվանումը.
4) հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը։
10. Առցանց դիմումի հիման վրա կենսաթոշակ չի նշանակվում, եթե՝
1) անձը ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական չէ․
2) ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների՝ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում․
3) Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի տվյալներում առկա չէ անձի կենսաթոշակի էլեկտրոնային գործը.
4) Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի տվյալներով՝ առցանց դիմելու օրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակի վճարումը դադարեցված է։
11. Առցանց դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակելու (չնշանակելու), իսկ կենսաթոշակ չնշանակելու դեպքում՝ նաև հիմքերի մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին։
12. Սույն կարգի 5-րդ կետի համաձայն՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը կամ սույն կարգի 6-րդ կետի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս՝
1) Լեռնային Ղարաբաղում նշանակված աշխատանքային և զինվորական կենսաթոշակների իրավունքը չի վերանայվում՝ բացառությամբ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի, երբ նշանակվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ.
2) Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված կենսաթոշակի գործում առկա՝ հաշվարկված ստաժը, այդ թվում՝ արտոնյալ հաշվարկով, պահպանվում է նույնությամբ.
3) կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով։
13. Սույն կարգի 12-րդ կետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու կամ անձին սխալմամբ (օրենքի խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու հիմքերից մեկով։
14. Սույն կարգի 5-րդ կետի կամ սույն կարգի 6-րդ կետի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից։ Այս դեպքում կենսաթոշակը չի կարող նշանակվել 2023 թվականի հոկտեմբերի 1-ից շուտ։
15. 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածով սահմանված ժամկետներում։
16. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով 2028 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակվում է օրենքով սահմանված կարգով։
17. Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է) 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակվում է օրենքով սահմանված ժամկետներում։ Այս դեպքում կենսաթոշակը նշանակելիս օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից։ Ընդ որում, կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։
18. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքում կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում է, և դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի հունիսի 1-ը, ապա հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 11-ից: 2024 թվականի հունիսի 1-ից հետո դիմելու դեպքում հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ։
19. Լեռնային Ղարաբաղի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացրած իրավասու պետական մարմնի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո տված տեղեկանքը հիմք է ընդունվում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար՝ սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ։
20. Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ներկայացված դիմումի հիման նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ զինվորական կենսաթոշակ, եթե բավարարում է օրենքով սահմանված պայմաններին։
21. Սույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետերով սահմանված կարգով դիմած՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի փոխարեն «Պետական նպաստների մասին» օրենքով նշանակվում է համապատասխանաբար, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, եթե նա օրենքով չունի կենսաթոշակի իրավունք։
22. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող)՝ Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 22-րդ հոդվածի 4-րդ մասերի, իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում՝ օրենքի 12-րդ և 20-րդ հոդվածների 4-րդ մասերի պահանջների հաշվառմամբ:»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2023 թվական: