ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2659/05/22 2024 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/2659/05/22 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան ռ. Հակոբյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի փետրվարի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Մուրադյանի և «Տիգաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Խաչատուր Թումոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Տիգրան Մուրադյան, «Տիգաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ 31․03․2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը․
Դիմելով դատարան` Խաչատուր Թումոյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Երևանի քաղաքապետարանի կողմից 31․03․2022 թվականին տրված թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը:
13․07․2023 թվականին Խաչատուր Թումոյանը ներկայացրել է միջնորդություն՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Համբարձումյան) (այսուհետ՝ Դատարան) 19․07․2023 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Խաչատուր Թումոյանի միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29․09․2023 թվականի որոշմամբ Խաչատուր Թումոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 19․07․2023 թվականի որոշումը վերացվել է, կայացվել է նոր դատական ակտ, այն է՝ Խաչատուր Թումոյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, կասեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 31․03․2022 թվականին տրված թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվության (ժամկետը երկարաձգվել է 15․02․2023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվությամբ) կատարումը՝ մինչև նույն գործով վերջնական որոշում կայացվելը։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տիգրան Մուրադյանը և «Տիգաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ներկայացուցիչ՝ Երեմիա Ասատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Խաչատուր Թումոյանը (ներկայացուցիչ՝ Կարեն Հակոբյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, կիրառել է նույն հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ, 107-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, հաշվի չի առել, որ 15․02․2023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվությամբ վիճարկվող շինթույլտվության ժամկետը չի երկարաձգվել, ուստի այն ընդամենը ժամկետ երկարացնող փաստաթուղթ չէ, այլ ինքնուրույն վարչական ակտ, որն, ի դեպ, տվյալ գործով դեռևս հայցի առարկա չի եղել և չի վիճարկվել առնվազն հայցվորի՝ վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննության, ինչպես նաև վերջինիս վերաքննիչ բողոքի քննության պահին։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հայցվորի իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու ենթադրյալ հնարավորությունը, ըստ էության, պայմանավորել է միայն շինարարության հնարավոր ավարտով և այդ ավարտի հնարավոր փաստագրմամբ ու ավարտական ակտի հնարավոր տրամադրմամբ և որևէ կերպ չի հիմնավորել, պատճառաբանված վերլուծությամբ չի պատճառաբանել, թե շինարարության հնարավոր փաստագրումը ինչպե՞ս կամ ի՞նչ միջոցով կարող է հանգեցնել հայցվորի իրավունքի պաշտպանության անհնարինության, և ո՞րն է այդ ենթադրյալ խախտված իրավունքը, որն այլևս կարող է չպաշտպանվել շինարարության ավարտի դեպքում։ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել նաև այն հանգամանքը, թե 15․02․2023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվության տրամադրումը ինչպե՞ս է ազդում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության վրա, այսինքն՝ դրա լինել կամ չլինելը ինչ ազդեցություն ունի վարչական ակտի կասեցման վրա, հատկապես այն դեպքում, երբ վիճարկվող շինթույլտվության ժամկետն ավելի երկար է, քան 15․02․2023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվության ժամկետը։
Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել հայցվորի ներկայացրած վերացական փաստարկները և վերացական ենթադրությունների հիման վրա կասեցրել է վարչական ակտի կատարումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «վերացնել թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով Հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը»։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Շինարարության թույլտվության, որպես վարչական ակտի, կատարումը չկասեցվելու դեպքում իրականացվելու է հայցվորի սեփականության իրավունքի և քաղաքաշինական օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաբնակարան շենքի կառուցապատում, որի առնչությամբ ակնկալվող պաշտպանության միջոցը, այն է՝ վարչական ակտի անվավեր ճանաչելը, դառնում է առարկայազուրկ, իսկ դրա միջոցով հայցվորի իրավունքների պաշտպանությունը՝ անհնարին։
Վերաքննիչ դատարանը կատարել է պատշաճ գնահատում հայցի առարկայի, դրանով հայցվորի իրավունքների՝ դատական գործի շրջանակում ակնկալվող պաշտպանության և վարչական ակտի չկասեցման արդյունքում նույն գործի շրջանակում այդ իրավունքի պաշտպանության հնարավորության վերաբերյալ, որից ելնելով պնդել, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված և հիմնավորված չէ, առավել քան անհիմն է։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները․
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի և դրա կիրառման առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն:
Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Oրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ Սահմանադրական դատարանը 29.12.2020 թվականի թիվ ՍԴԱՈ-248 որոշմամբ արձանագրել է. «(…) վիճարկման հայցի պարագայում օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն, սակայն սահմանել է հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության մեկ այլ եղանակ։ Մասնավորապես, վիճարկման հայցի դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է օրենքի ուժով՝ վիճարկման հայցով հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հիմք է հանդիսանում տվյալ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար (Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառություններով)։ Նշված կարգավորման տրամաբանությունը, ի թիվս այլնի, կայանում է նրանում, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելով վիճարկվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը: Այլ կերպ ասած՝ նշված տեսակի հայցի բավարարման դեպքում կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը, որպես այդպիսին, պայմանական բնույթ է կրում, քանի որ այն չի ենթադրում միջնորդավորված որևէ գործողություն և, այդպիսով, չի առաջացնում կատարման հետ կապված այնպիսի դժվարություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարում ենթադրող դատական ակտերին (…)»:
ՀՀ վճռաբեկ դատարանն, անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորության առանձնահատկություններին, իր նախկինում կայացրած որոշումներից մեկում գտել է, որ․ «(…) Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ։ (…) օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում։ (…) Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ (…) միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (…)» (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ հավելել է, որ․« (…) օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե
-առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
-անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
(…) վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։
(…) հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության։
(…) օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը»։
Նույն որոշմամբ անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բովանդակությանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը հայտնել է հետևյալը․ «Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «հիմնավոր» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «ամուր հիմք ունեցող», իսկ «կասկած» բառի բացատրությունը՝ որպես «երկմտության վիճակ, տարակուսանք» (տե՛ս Հ.Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, էջ 61, 351):
(…) «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվում։ Այսինքն՝ «հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած։
(…) «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։
(…) քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
Նման պայմաններում հարց է առաջանում, թե, ի վերջո, կասկածի ողջամտության ինչ աստիճան պետք է հիմք ընդունի դատարանը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ (…) այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (…)» (տե՛ս, Սոֆիա Խաչատրյանի և Սիրվարդ Խաչատրյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25․06․2021 թվականի որոշումը)։Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ օրենսդրորեն սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը հանգեցնում է նաև վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Միևնույն ժամանակ, վիճարկվող վարչական ակտի կատարման ինքնաբերաբար կասեցման ընդհանուր կանոնը չի գործում այն դեպքերի առկայության պայմաններում, որոնք սպառիչ կերպով թվարկված են Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում։ Ըստ այդմ՝ ընդհանուր կանոնից «շեղվող» հատուկ դեպքերից է նաև այն, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)։
Իր հերթին՝ օրենսդիրը, նշված դեպքերում վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքների ընդհանուր կանոնի բացառության կիրառման հնարավորությունը պայմանավորել է մի քանի նախադրյալներով։ Այսպես, որպես վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման առաջնային նախապայման, կարելի է դիտարկել հայցվորի միջնորդությամբ նշված փաստերի առկայությունը, որը, սակայն, ինքնին բավարար չէ վիճարկվող վարչական ակտի կասեցման համար։ Անհրաժեշտ է, որպեսզի ներկայացված միջնորդությամբ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ։ Նշյալ դատողությունը հիմնված է օրենսդրի կողմից սահմանված այն կարգավորման վրա, ըստ որի՝ թեև Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ՀՀ վարչական դատարանին տրված է վարչական ակտի կատարումը կասեցնելու հայեցողական լիազորություն, այնուամենայնիվ, դրա ծագումը պայմանավորված է միայն հայցվորի կողմից համապատասխան միջնորդության ներկայացմամբ։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերոգրյալ նախապայմանները փոխկապակցված են միմյանց հետ, իսկ դրանց համաժամանակյա առկայությունն էլ ապահովում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքների ընդհանուր կանոնի բացառության կիրառումը։ Բայց և այնպես, հարկ է նկատի ունենալ, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, և ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար։ Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով և միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նաև վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Խաչատուր Թումոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Երևանի քաղաքապետի՝ 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ, ներկայացրել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն (հավելված, գ.թ. 3-41)։
ՀՀ վարչական դատարանը 29․04․2022 թվականի որոշմամբ Խաչատուր Թումոյանի միջնորդությունը՝ Երևանի քաղաքապետի 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու մասին, մերժել է հետևյալ պատճառաբանությամբ․ «(․․․) միջնորդությամբ վկայակոչված փաստարկները, հիմնավորումները բավարար չեն, որպեսզի դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած առ այն, որ վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը (․․․)։» (հավելված, գ.թ. 42-48)։
Խաչատուր Թումոյանը 13․07․2023 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին ևս մեկ միջնորդություն՝ պահանջելով կասեցնել կառուցապատող Տիգրան Մուրադյանին տրված Երևանի քաղաքապետի 31․03․2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 (նաև որպես հետևանք 31․03․2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին Երևանի քաղաքապետի 15․02․2023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199) շինարարության թույլտվության կատարումը։ Միջնորդության հիմքում դնելով այն հանգամանքը, որ Տիգրան Մուրադյանը կառուցապատում (առկա վիճակում իրականացվում է երկրորդ հարկի կառուցում) իրականացնում է իրավունքի ուժով անվավեր վարչական ակտի հիման վրա և դրա շարունակությունն անհնար է դարձնում հայցվորի իրավունքների հետագա պաշտպանությունը, ինչպես նաև շինարարության թույլտվության, որպես վարչական ակտի, կատարումը չկասեցվելու դեպքում իրականացվելու է հայցվորի սեփականության իրավունքի և քաղաքաշինական փաստաթղթերի վավերության օրենսդրական իմպերատիվ պահանջների խախտմամբ բազմաբնակարան շենքի կառուցապատում, որի առնչությամբ ակնկալվող պաշտպանության միջոցը, այն է՝ վարչական ակտի անվավեր ճանաչելը դառնում է առարկայազուրկ, իսկ դրա միջոցով հայցվորի իրավունքների պաշտպանությունը՝ անհնարին (հավելված 5-րդ, գ.թ. 108-110)։
Դատարանը 19.07.2022 թվականի որոշմամբ մերժել է վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունն այն հիմնավորումներով, որ․ «(․․․) միջնորդությամբ վկայակոչված փաստարկները, հիմնավորումները բավարար չեն, որպեսզի դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը։ Միջնորդությամբ չեն ներկայացվել համապատասխան հիմնավորումներ՝ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով նախկին դրության վերականգնման հնարավորության բացակայության վերաբերյալ։ Ավելին, Դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցը բավարարելու դեպքում 31․03․2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը կորցնելու է իրավաբանական ուժը և այլևս չի հանգեցնելու իրավաբանական հետևանքների։ Ինչ վերաբերում է միջնորդությամբ նշված՝ վիճարկվող շինարարության թույլտվությունը ոչ իրավաչափ վարչական ակտ հանդիսանալու վերաբերյալ փաստարկներին, ապա դատարանն արձանագրում է, որ դրանք վերաբերում են ոչ թե վիճարկվող վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառելուն կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելուն, այլ՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ուստի ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշման հաշվառմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմք հանդիսանալ չեն կարող։ Անդրադառնալով որպես հետևանք նաև Երևանի քաղաքապետի 15․02․2023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությանը՝ Դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով հայցի առարկան 31․03․2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջն է, հետևաբար, հայցվորը կարող է ներկայացնել, իսկ Դատարանը քննարկել միայն վիճարկվող՝ 31․03․2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն (․․․)։»։
Վերաքննիչ դատարանը 29.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Խաչատուր Թումոյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ․ «(․․․) Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի որակում Վարչական դատարանի դիտարկումն առ այն, որ հայցի հնարավոր բավարարման դեպքում անհնարին չէ նախկին դրության վերականգնումը, ինչպես նաև Վարչական դատարանի փաստարկն առ այն, որ հայցը բավարարվելու դեպքում վիճարկվող վարչական ակտը կորցնելու է իր իրավաբանական ուժը և այլևս չի հանգեցնելու իրավաբանական հետևանքների, քանի որ շինարարության ավարտով պայմանավորված՝ դրա փաստագրման հնարավոր իրողությունն այլևս գործնականում անհնարին կարող է դարձնել նախկին դրության վերականգնումը, և բացի այդ, քննության պահպանված հայցատեսակի շրջանակներում հայցվորի իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն անհնարին կդառնա շինարարության ավարտի փաստագրման վերաբերյալ ակտի ընդունմամբ։ Նույն տրամաբանությամբ Վարչական դատարանի մատնանշումից առ այն, որ հայցը բավարարվելու դեպքում վիճարկվող վարչական ակտն այլևս չի առաջացնի իրավաբանական հետևանքներ, օբյեկտիվորեն չի հետևում, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցվելու դեպքում սույն գործով քննության պահպանված հայցային պահանջով հայցվորի իրավունքների դատական պաշտպանությունն անհնարին չի դառնա։(․․․) Ներկա փուլում առկա փաստական հանգամանքները, ինչպես նաև վիճարկվող շինարարության թույլտվության հիման վրա իրականացման ենթակա շինարարական աշխատանքների ավարտով պայմանավորված՝ դրանց հնարավոր փաստագրման հնարավորությունը՝ դրան ներհատուկ իրավաբանական հետևանքներով հանդերձ, հաշվի առնելով նաև տրամադրված 2022 թվականի մարտի 31-ի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի փետրվարի 15-ի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվությամբ երկարացված լինելու փաստը, որպիսի փաստը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ նախկինում հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում քննարկման առարկա չի եղել (ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ մերժել է ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման դեմ ներկայացված հայցվորի վերաքննիչ բողոքը), չեն բացառում մինչև գործով վերջնական որոշում կայացվելը վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցվելու պայմաններում հայցվորի իրավունքների պաշտպանության այլևս անհնարին դառնալու օբյեկտիվ իրողությունը (․․․)»։
Վերը նշվածի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը գտել է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ վարչական ակտի կատարումը՝ կասեցման (հավելված 6-րդ, գ.թ. 54-62)։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի՝ հայցվորի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ՝ երրորդ անձ Տիգրան Մուրադյանի համար բարենպաստ վարչական ակտ՝ Երևանի քաղաքապետի՝ 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը։
Նշվածի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ սույն գործով վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ հայցվորը կասեցման անրհաժեշտությունը պայմանավորել է միայն իր իրավունքների հետագա պաշտպանության անհնարինությամբ՝ հիմքում դնելով լոկ այն պնդումը, որ չկասեցման դեպքում իրականացվելու է իր սեփականության իրավունքի և քաղաքաշինական փաստաթղթերի վավերության օրենսդրական իմպերատիվ պահանջների խախտմամբ բազմաբնակարան շենքի կառուցապատում, որի առնչությամբ ակնկալվող պաշտպանության միջոցը, այն է՝ վարչական ակտն անվավեր ճանաչելը, դառնում է առարկայազուրկ, իսկ դրա միջոցով իր իրավունքների պաշտպանությունը՝ անհնարին:
Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հիշատակված փաստարկներն ինքնին բավարար չեն հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի ձևավորման համար: Այսպես՝ հայցվորը վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ սոսկ նկարագրել է որոշակի իրադրություն (շինարարության ընթացիկ վիճակ՝ երկրորդ հարկի կառուցման փուլ, դրա շարունակմամբ իր սեփականության իրավունքի խախտում), սակայն տվյալ դեպքում հայցվորը ոչ միայն չի պարզաբանել, թե իր սեփականության իրավունքի խախտումն ինչպես է դրսևորվում (հատկապես, երբ բազմաբնակարան շենքի կառուցապատումն իրականացվում է հայցվորին սեփականության իրավունքով չպատկանող տարածքում) և որևէ կերպ չի հիմնավորել այդ խախտման հավանականությունը, այլև չի ներկայացրել որևէ ապացույց, որը կփաստեր շինարարության այդ ընթացիկ փուլում իր սեփականության իրավունքի խախտման հնարավորության մասին, որոնց գնահատմամբ կարող է առաջանալ հիմնավոր կասկած առ այն, որ վեճի առարկա վարչական ակտի կատարման պարագայում անհնարին կդառնար իր իրավունքների պաշտպանությունը։
Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ վարչական ակտի կատարման կասեցման միջնորդության բավարարման պատճառաբանությունը հիմնված է բացառապես հայցվորի դատողությունների վրա, չի կրում առարկայական բնույթ: Ավելին՝ ներկայացված չէ անգամ որևէ ապացույց, որը կհավաստեր, որ ներկայումս ընթանում է բազմաբնակարան շենքի երկրորդ հարկի կառուցում, որով պայմանավորված ընդգծվում է հայցվորի սեփականության իրավունքի խախտման հավանականությունը, որի արդյունքում կարող է առաջանալ առնվազն հիմնավոր կասկած առ այն, որ անհնարին կդառնա վերջինիս իրավունքների պաշտպանությունը: Այնինչ, իրավունքների պաշտպանության անհնարինության հանգամանքը գնահատելիս հարկ է նկատի ունենալ, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը պետք է ուղղակիորեն անհնարին դարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը և ոչ թե որոշակի խոչընդոտներ, անհարմարություններ կամ սահմանափակումներ առաջացնի: Ուստիև, մնացյալ այն դեպքերում, երբ վարչական ակտերի կատարումը առաջացնում է կարծեցյալ դժվարություններ, ապա նման պարագայում չի կարող հաղթահարելի համարվել հիմնավոր կասկածի առկայության պայմանը: Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, որ բազմաբնակարան շենքի կառուցապատում իրականացվում է նաև քաղաքաշինական նորմերի խախտմամբ, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանն իրավացիորեն գտել է, որ այն առնչվում է վիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ուստի վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությամբ հիմնավոր կասկածի ձևավորման տեսանկյունից առանցքային նշանակություն չունի:
Հաջորդիվ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերլուծություններին առ այն, որ․ «շինարարության ավարտով պայմանավորված՝ դրա փաստագրման հնարավոր իրողությունն այլևս գործնականում անհնարին կարող է դարձնել նախկին դրության վերականգնումը, և բացի այդ, քննության պահպանված հայցատեսակի շրջանակներում հայցվորի իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն անհնարին կդառնա շինարարության ավարտի փաստագրման վերաբերյալ ակտի ընդունմամբ»՝ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության, իսկ տվյալ գործով հայցադիմումի բավարարման պարագայում Խաչատուր Թումոյանը չի զրկվում իր իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից: Ինչ վերաբերում է տվյալ դեպքում նախկին դրության վերականգնման գործնականում այլևս անհնարին լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պնդմանը, ապա Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ այն ևս անհիմն է, քանի որ ՀՀ իրավական համակարգում գործում են մի շարք կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ոչ օրինական հիմքով իրականացված շինությունների արդյունքում հասցված վնասների և խախտված իրավունքների պատշաճ պաշտպանությունը, որն ընդգրկում է ընդհուպ մինչև որևէ տարածքի նախքան շինարարական աշխատանքներն սկսելն առկա վիճակի վերականգնմանը հասնելու հնարավորությունը։
Ի ամփոփումն վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից միջնորդության մեջ վկայակոչված փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը և իրավունքների իրացման անհնարինության մասով որևէ արգելք միջնորդության ներկայացման պահի դրությամբ առկա չէ, ուստի վերջինիս վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 29․09․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29․09․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ա. Թովմասյան Լ. Հակոբյան ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: