ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2023 թվականի N 970-Լ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՈՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի, և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին (այսուհետ՝ ժամանակացույց)՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սահմանել, որ ծրագիրն իրականացվում է ժամանակացույցին և ծրագրի փուլերին համապատասխան։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով)՝
1) գազամատակարարման համակարգում սակագների առաջիկա վերանայման գործընթացի շրջանակում ծրագրով նախատեսված գումարը որպես միանվագ ծախս ներառել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկներում.
2) սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա հետագայում ծրագրի իրականացման ազդեցությունը չեզոքացնելու նպատակով Երևան քաղաքում գազամատակարարման ցանցին միացման համար դիմող անձանց համար սահմանել միացման վճար, որն առնվազն կապահովի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարի վերադարձը՝ դրանք նվազեցնելով ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկներից։ Միացման վճարը չպետք է ներառի ծրագրի շրջանակում ստեղծված հիմնական միջոցներից մինչև սպառման համակարգերը գազամատակարարման ցանցի կառուցումը, ինչն իրականացվում է հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված միացման վճարները սահմանելիս միացման վճարից ազատել գազամատակարարման ցանցին միացող այն անձանց, որոնք դիմել են ծրագրով սահմանված այն ուղղության գազամատակարարման համակարգին միացման համար, որի կառուցումն իրականացվել է այլ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և այդ անձինք տվյալ ուղղության գազամատակարարման համակարգն անհատույց հանձնել են ընկերությանը։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ծրագրի իրականացման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ և՝
1) համագործակցելով Երևանի քաղաքապետի և, ըստ անհրաժեշտության՝ նաև այլ համայնքների ղեկավարների հետ` ծրագրի իրականացման նպատակով ապահովել անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերումը, միաժամանակ, անհրաժեշտությունից ելնելով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծ.
2) ծրագրի իրականացման շրջանակում համագործակցել հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ՝ ծրագրի իրականացման ընթացքում վերջիններիս կողմից իրենց ենթակառուցվածքների փոխարինման կամ նոր ենթակառուցվածքների ստեղծման նպատակով՝ չխոչընդոտելու ծրագրի իրականացման բնականոն ընթացքը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ծրագրի իրականացման նպատակով համագործակցել ընկերության հետ՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քաղաքաշինական նորմատիվ պայմանների ապահովման համար, այդ թվում՝ առանձին դեպքերում խոչընդոտների առաջացման ժամանակ իրականացնել հատուկ պայմանների մշակման և կիրառման գործառույթներ։
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին ծրագրի իրականացման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների և համաձայնեցումների ստացման գործընթացում։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 16-ի N 970-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՈՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
1. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ՝ ԳԱԶԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1. Երևան քաղաքում վերջին տարիների ընթացքում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատման արդյունքում գազասպառման ծավալների պահանջի աճով պայմանավորված ստեղծված իրավիճակում Երևան քաղաքը սնող թվով 4 գազաբաշխիչ կայանների (այսուհետ` ԳԲԿ) ու գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը գրեթե սպառվել է, և նոր գազասպառման համակարգերի միացումը գործող գազի բաշխիչ ցանցին, ելնելով անխափան, հուսալի ու անհրաժեշտ ռեժիմով գազամատակարարման ապահովման պահանջներից, դարձել է անհնար:
2. Իրավիճակի պարտադրմամբ տեխնիկապես հարցի լուծման միակ հնարավոր տարբերակը սպառողների գազասպառման համակարգերի գազամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրումն է քաղաքի սահմաններից դուրս տեղակայված թվով 4 ԳԲԿ-ները սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից: Սակայն այս պարագայում, կախված նոր գազասպառման համակարգի տեղադիրքից, յուրաքանչյուր սպառողին, վերը նշված լուծմամբ առանձին տրամադրված գազաֆիկացման տեխնիկական պայմաններին համապատասխան շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը գործնականորեն դառնում է անարդյունավետ կամ պրակտիկորեն անիրագործելի:
2. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
3. Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով քաղաքաշինական ու տեխնիկական հնարավոր լուծումների համադրմամբ ընկերության կողմից ուսումնասիրվել են տեղադիրքային առումով նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող կառուցապատողների աշխատանքները և մշակվել են 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարների, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների (այսուհետ՝ ԳՃԿՀ), նոր ԳԲԿ-ների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ:
4. Ծրագրի 1-ին փուլը Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է 1-ին ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ նախնական մոտավոր ուղեգծով.
1) ճյուղ 1՝ գյուղ Առինջի Բ թաղամաս – քաղաք Երևան Թբիլիսյան խճուղի – Քանաքեռ ՀԷԿ թաղամաս – Արաբկիրի այգի – Հրազդանի կիրճ – Դավթաշենի կամուրջ – Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն և հակառակ ուղղությամբ՝ դեպի Աշտարակի խճուղի.
2) ճյուղ 2՝ Արաբկիրի այգի – Փափազյան փողոց – Վերին Անտառային փողոց – Ավետիսյան փողոց – Բաղրամյան պողոտա – Մեսրոպ Մաշտոցի պողոտա.
3) ճյուղ 3՝ Թբիլիսյան խճուղու սկզբնամաս – Աճառյան փողոց – Բուսաբանական այգի – Ալմաստի գործարան – Նոր Զեյթուն թաղամաս։
5. Ծրագրի 2-րդ փուլը Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է 4-րդ ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ նախնական մոտավոր ուղեգծով՝
1) ճյուղ 1՝ գյուղ Արբաթ – գյուղ Գեղանիստ – քաղաք Երևան Իսակովի պողոտա.
2) ճյուղ 2՝ Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց – Գուսան Շերամի փողոց – Տիչինայի փողոց.
3) ճյուղ 3՝ Տիչինայի փողոց – Նոյ թաղամաս – Լենինգրադյան փողոց.
4) ճյուղ 4՝ Տիչինայի թաղամաս – Սիլիկյան թաղամաս։
6. Ծրագրի 3-րդ փուլը Երևան քաղաքի Հարավային հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է 2-րդ ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ նախնական մոտավոր ուղեգծով՝
1) ճյուղ 1՝ Նուբարաշեն թաղամաս – Թեյշեբաինի փողոց – Աթոյան փողոց – Ռոստոմի փողոց.
2) ճյուղ 2՝ Թեյշեբաինի փողոց – Էրեբունի օդանավակայանի խաչմերուկ – Շիրակի փողոց – Արտաշիսյան փողոց.
3) ճյուղ 3՝ Քրիստափորի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Արշակունյաց պողոտա։
7. Ծրագրի 4-րդ փուլը Երևան քաղաքի Արևելյան հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է Ջրվեժի ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի կառուցում և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ նախնական մոտավոր ուղեգծով՝
1) ճյուղ 1՝ Ջրվեժի ամառանոցային թաղամաս – Քոչինյան փողոց – Բագրևանդ թաղամաս.
2) ճյուղ 2՝ Քոչինյան փողոց – Թևոսյան փողոց – Գյուրջյան փողոց – Նոր Նորք թաղամաս – Մյասնիկյան պողոտա։
3. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՒԼԵՐԸ
8. Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, որոնց ավարտից և վերջնական համաձայնեցումներից հետո աշխատանքները կիրականացվեն հետևյալ փուլերով՝
1) 1-ին փուլ՝ Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված.
2) 2-րդ փուլ՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված.
3) 3-րդ փուլ՝ Երևան քաղաքի Հարավային հատված.
4) 4-րդ փուլ՝ Երևան քաղաքի Արևելյան հատված։
9. Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված կարգով միմյանցից տեղադիրքային առումով հեռու գտնվող հատվածներում հնարավոր է կիրառել զուգահեռ աշխատանքների կազմակերպման սկզբունքը:
4. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
10. Աշխատանքները նախատեսվում է կազմակերպել 4 փուլերով՝ թվով 4 ուղղություններով, առկա կողմնատար գազատարներից 4 նոր ԳՃԿՀ-ների կառուցմամբ, որոնց համար նախնական խոշորացված ցուցիչներով կպահանջվի 20.0 միլիարդ դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), այդ թվում՝
1) 1-ին փուլ` Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված՝ 8.9 միլիարդ դրամ (առանց ավելացված արժեքի հարկի).
2) 2-րդ փուլ՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված՝ 5.3 միլիարդ դրամ (առանց ավելացված արժեքի հարկի).
3) 3-րդ փուլ՝ Երևան քաղաքի Հարավային հատված՝ 3.8 միլիարդ դրամ (առանց ավելացված արժեքի հարկի).
4) 4-րդ փուլ՝ Երևան քաղաքի Արևելյան հատված՝ 2.0 միլիարդ դրամ (առանց ավելացված արժեքի հարկի)։
11. Ծրագրով Երևան քաղաքի ամբողջական գազամատակարարման (ԳԲԿ- 1, ԳԲԿ-2, ԳԲԿ-4 և ԳԲԿ Ջրվեժը սնող կողմնատար գազատարներից՝ նոր ԳՃԿՀ- ների կառուցմամբ) խոշորացված նախահաշիվը ներկայացված է N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
N |
Աշխատանքների, նյութերի և սարքավորումների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (մլն դրամ) |
1. |
Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում |
հատ |
4 |
1 477,0 |
2. |
ԳՃԿՀ-ներից հիմնական միջին ճնշման գազատարների կառուցում |
կմ |
95,5 |
18 571,0 |
Ընդամենը |
20 048,0 |
1) Ծրագրի իրականացման նպատակով կարող է անհրաժեշտություն առաջանալ ձեռք բերել նաև որոշակի հողատարածքներ։ Ընդ որում՝ նշված ծախսերը կարող են հայտնի լինել առնվազն նախագծային աշխատանքների ընթացքում։ Այս առնչությամբ հարկ է նշել, որ գազի խողովակաշարերը հիմնականում անց են կացվում համայնքային նշանակության ճանապարհներով, ուստի, հողհատկացման, տարածքների ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման մասով էական ծախսեր, ըստ էության, չեն նախատեսվում։ Հարկ է նաև նշել նաև, որ ծրագրի համար անհրաժեշտ 20.0 միլիարդ դրամ գումարը հաշվարկված է խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում՝ ներառելով նաև անհրաժեշտության դեպքում ձեռք բերվող հողատարածքների գծով ծախսերը։ Հետագայում ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո փաստացի ցուցանիշների հիման վրա կկատարվի ծախսերի ճշգրտում գազամատակարարման համակարգի սակագների հաշվարկներում։
12. Ծրագրի 1-ին փուլով՝ Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատվածի գազամատակարարման (ԳԲԿ-1-ը սնող կողմնատար գազատարից՝ նոր ԳՃԿՀ-ի կառուցմամբ) խոշորացված նախահաշիվը ներկայացված է N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
N |
Աշխատանքների, նյութերի և սարքավորումների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (մլն դրամ) |
1. |
Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում |
հատ |
1 |
510,0 |
2. |
ԳՃԿՀ-ներից հիմնական միջին ճնշման գազատարների կառուցում |
կմ |
32,5 |
8 377,0 |
|
Ընդամենը |
|
|
8 887,0 |
13. Ծրագրի 2-րդ փուլով՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատվածի գազամատակարարման (ԳԲԿ-4-ը սնող կողմնատար գազատարից՝ նոր ԳՃԿՀ-ի կառուցմամբ) խոշորացված նախահաշիվը ներկայացված է N 3 աղյուսակում:
Աղյուսակ N 3
N |
Աշխատանքների, նյութերի և սարքավորումների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (մլն դրամ) |
1. |
Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում |
հատ |
1 |
450,0 |
2. |
ԳՃԿՀ-ներից հիմնական միջին ճնշման գազատարների կառուցում |
կմ |
15,5 |
4 905,0 |
|
Ընդամենը |
|
|
5 355,0 |
14. Ծրագրի 3-րդ փուլով՝ Երևան քաղաքի Հարավային հատվածի գազամատակարարման (ԳԲԿ-2-ը սնող կողմնատար գազատարից՝ նոր ԳՃԿՀ-ի կառուցմամբ) խոշորացված նախահաշիվը ներկայացված է N 4 աղյուսակում:
Աղյուսակ N 4
N |
Աշխատանքների, նյութերի և սարքավորումների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (մլն դրամ) |
1. |
Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում |
հատ |
1 |
267,0 |
2. |
ԳՃԿՀ-ներից հիմնական միջին ճնշման գազատարների կառուցում |
կմ |
29,5 |
3 534,0 |
Ընդամենը |
3 801,0 |
15. Ծրագրի 4-րդ փուլով՝ Երևան քաղաքի Արևելյան հատվածի գազամատակարարման (ԳԲԿ-Ջրվեժը սնող կողմնատար գազատարից՝ նոր ԳՃԿՀ-ի կառուցմամբ) խոշորացված նախահաշիվը ներկայացված է N 5 աղյուսակում:
Աղյուսակ N 5
N |
Աշխատանքների, նյութերի և սարքավորումների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (մլն դրամ) |
1. |
Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում |
հատ |
1 |
250,0 |
2. |
ԳՃԿՀ-ներից հիմնական միջին ճնշման գազատարների կառուցում |
կմ |
18 |
1 755,0 |
|
Ընդամենը |
|
|
2 005,0 |
16. Ծրագրի համար անհրաժեշտ գումարները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում:
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
17. Ծրագրի իրականացման արդյունքում՝
1) Երևան քաղաքի ողջ տարածքում կստեղծվեն գազամատակարարման ցանցի ենթակառուցվածքներ.
2) գազամատակարարման ցանցին արդյունավետ կարգով միանալու հնարավորություն կստանան արդեն իսկ տեխնիկական պայմաններ ստացած շուրջ 212 օբյեկտներ ընդհանուր շուրջ 202881 խմ/ժ սպառմամբ.
3) նոր ենթակառուցվածքները կնախատեսեն նաև շուրջ 20% լրացուցիչ հզորություններ՝ միացվող օբյեկտների հզորությունը հասցնելով մինչև 243457 խմ/ժ։
(17-րդ կետը փոփ. 21.12.23 N 2292-Լ)
(հավելվածը փոփ. 21.12.23 N 2292-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 16-ի N 970-Լ որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Փուլերը |
Գազաբաշխման հանգույցների ուղղությունները |
Գազաբաշխման հանգույցների կառուցման վերջնաժամկետը |
I փուլ |
Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված |
01.07.2024 թ. |
II փուլ |
Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված |
01.07.2025 թ. |
III փուլ |
Երևան քաղաքի Հարավային հատված |
01.07.2026 թ. |
IV փուլ |
Երևան քաղաքի Արևելյան հատված |
01.12.2027 թ. |
(հավելվածը փոփ. 21.12.23 N 2292-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |