Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.09.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
01.09.2023
Дата вступления в силу
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9919/05/16

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9919/05/16 

Նախագահող դատավոր՝

 Ա. Առաքելյան

Դատավորներ՝

 Ք Մկոյան  

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴևՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

2023 թվականի սեպտեմբերի 01-ին,

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11122020 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արմեն Նավթալյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր), ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ մասնակի՝ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում գտնվող 73,2քմ մակերեսով շինության մասով, Կադաստրի կողմից 25.02.2000 թվականին կատարված ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ «Պետական սեփականություն» իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում գտնվող 73,2քմ մակերեսով շինության մասով, Կադաստրի կողմից 07.07.2003 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ և 01.07.2013 թվականին Հայաստանի Հանրապետության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, ինչպես նաև 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  ՊՈԱԿ-ի միջև կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը և դրա հիման վրա 09.12.2013 թվականին «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, վերը նշված հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037հա մակերեսով հողամասի մասով, Երևանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ վերը նշված հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037հա մակերեսով հողամասի մասով, 21.12.1999 թվականի թիվ ՓԲ-3820 հողօգտագործման պայմանագիրը, 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջև կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը և դրա հիման վրա 09.12.2013 թվականի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ Հ 1643-Ա որոշման 325-րդ կետում առկա «Ժող. տնտեսության ինստիտուտի համաձայնությամբ 85,4քմ մակերեսով հողամասի ենթավարձակալության պայմանով» սահմանափակումը վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն Նավթալյանը պահանջել է մասնակի՝ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում գտնվող 73,2քմ մակերեսով շինության մասով, անվավեր ճանաչել Կադաստրի կողմից 25.02.2000 թվականին կատարված ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ «Պետական սեփականություն» իրավունքի պետական գրանցումը, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում գտնվող 73,2քմ մակերեսով շինության մասով, Կադաստրի կողմից 07.07.2003 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ և 01.07.2013 թվականին Հայաստանի Հանրապետության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, ինչպես նաև 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջև կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը և դրա հիման վրա 09.12.2013 թվականին «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  ՊՈԱԿ-ի անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը, վերը նշված հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037հա մակերեսով հողամասի մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշումը, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել վերը նշված հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037հա մակերեսով հողամասի մասով, 21.12.1999 թվականի թիվ ՓԲ-3820 հողօգտագործման պայմանագիրը, 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  ՊՈԱԿ-ի միջև կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը և դրա հիման վրա 09.12.2013 թվականի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև վերացնել Երևանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ Հ 1643-Ա որոշման 325-րդ կետում առկա «Ժող. տնտեսության ինստիտուտի համաձայնությամբ 85,4քմ մակերեսով հողամասի ենթավարձակալության պայմանով» սահմանափակումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 1112.2020 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 02.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությունը (ներկայացուցիչ՝ Լուսինե Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Նավթալյանը (ներկայացուցիչ՝ Դիանա Շախրամանյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 163-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, իրավահարաբերության ծագման պահին գործող «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի,  8-րդ և 10-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշմամբ հաստատված կարգի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա և 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշումներով ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում ինքնակամ կառուցված գույքի նկատմամբ ճանաչվել է Արմեն Նավթալյանի սեփականության իրավունքը, որից  ծագող իրավունքները չեն ներկայացվել պետական գրանցման և արդյունքում Երևանի Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող շինության նկատմամբ չի ծագել հայցվորի սեփականության իրավունքը, իսկ հողամասի նկատմամբ՝ ենթավարձակալության իրավունքը: Այսինքն՝  հայցվորն ունեցել է հնարավորություն նշված գույքի նկատմամբ ձեռք բերել իրավունքներ, որից սակայն վերջինս չի օգտվել և ըստ էության դրսևորել է դրանից հրաժարվելը փաստող վարքագիծ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Նավթալյանի՝ Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա և 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշումներից ծագող իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, դրանք օրենքի ուժով համարվում են իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտեր, և դրանց կարգավորման առարկա հանդիսացող կառույցն այլևս հանդիսանում է ինքնակամ կառույց։

Սույն գործով առկա չէ հայցվորի իրավունքների խախտում, այդ թվում՝ օրինական ակնկալիքով դատարան դիմելու իրավունքի, նաև այն պատճառաբանությամբ և հիմնավորմամբ, որ ք.Երևան, Պ.Սևակի փողոցի թիվ 77 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով համապատասխան հայտով վարչական մարմնին դիմելով՝ Արմեն Նավթալյանն արդեն իսկ օգտվել է բողոքարկվող դատական ակտում նշված այն ակնկալիքից ու սպասելիքից, որը կարող էր ունենալ ինքնակամ կառույց իրականացրած անձը, սակայն հետո չի օգտվել վիճարկվող վարչական ակտերով իրեն տրամադրված իրավունքից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը և վարչական գործի վարույթը կարճել կամ հայցը՝ Երևանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 և 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասով,  մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արմեն Նավթալյանի պատասխանի հիմնավորումները.

Գործում առկա փաստաթղթերով հաստատվում է, որ հայցվորն ունեցել է ինքնակամ կառույցի նկատմամբ ողջամիտ ակնկալիք, ինչը հիմնավորվում է նաև Երևանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշմամբ, որով փաստվել է, որ ինքնակամ կառույցն իրականացվել է հայցվորի կողմից, որի հաշվառմամբ և հիմնվելով Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի կողմից տրված համաձայնության վրա ինքնակամ կառույցն օրինականացվել է։ Ավելին, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշումից ծագող իրավունքները չէին կարող ենթարկվել պետական գրանցման՝ սույն գործով վիճարկվող վարչական ակտերի գոյությամբ պայմանավորված։

Սույն գործով խնդրո առարկա ինքնակամ շինությունն իրականացվել է Արմեն Նավթալյանի կողմից, ինչը հաստատվում է ոչ միայն վկաների ցուցմունքներով, այլ նաև Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի կողմից ինքնակամ շինությունն օրինականացնելու համար տրված համաձայնությամբ: Ավելին, կառույցը չօրինականացնելու համար որևէ հիմք առկա չէ, ինչը հաստատվում է Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշման համաձայն` Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտին են թողնվել ք.Երևան, Նալբանդյան փողոցի թիվ 128 հասցեում զբաղեցրած 8.608 քմ և Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում զբաղեցրած 3.952 քմ մակերեսով հողատարածքները` անհատույց օգտագործման իրավունքով (վճարելով հողի հարկ)։ Նշվել է, որ պետական կարգավիճակով գործելու ժամանակահատվածում այն ենթակա է վարձակալական հիմունքներով օգտագործման ցանկացած օտարման դեպքում (հատոր 1-ին, գ.թ. 18):

2) Երևանի քաղաքապետի և Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի, հանձինս` Գրիգոր Կիրակոսյանի միջև 21.12.1999 թվականին կնքված «Հողօգտագործման» թիվ ՓԲ-3820 պայմանագրի համաձայն` Երևանի քաղաքապետարանը Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտին է հանձնել 3.952 քմ մակերեսով, ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող հողամասը` կանոնադրական գործունեություն իրականացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

3) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման 25.02.2000 թվականի (վերագրանցում` 07.07.2003 թվական) թիվ 0246016 վկայականի համաձայն` անշարժ գույքի գրանցման միասնական 9-1-2 մատյանի թիվ 000011 համարի (վերագրանցման` 01-012-1-1 մատյանի թիվ 000002 համարի) տակ Երևանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշման, 21.12.1999 թվականի «Հողօգտագործման» թիվ ՓԲ-3820 պայմանագրի հիման վրա ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնքի, Պ.Սևակի փողոցի թիվ 77 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անժամկետ օգտագործման իրավունքը։ Ըստ վկայականի՝  նշված գույքի կարգավիճակն է պետական սեփականություն (հատոր 1-ին, գ.թ 14-16):

4) Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման 2-րդ կետի համաձայն` որոշվել է չճանաչել որոշման թիվ 4, 5, 6 հավելվածներում ընդգրկված 2238 քաղաքացիների սեփականության իրավունքն ինքնակամ կառուցված շենքների, շինությունների նկատմամբ։

Նույն որոշման 4-րդ հավելվածի քաղվածքի համաձայն` 622 հերթական համարի տակ նշված են. «Դիմողի ազգանունը անունը` Արմեն Նավթալյան, Ինքնակամ շինության գտնվելու վայրը /հասցեն/` Պ.Սևակի փողոց կահույքի խանութի դիմաց, Անվանումը /նշանակությունը/` սպորտ ակումբ, Ինքնակամ շինության մակ. /քմ/` 85,4, 1 քմ արժ. /դր./` 1.000, Մուծվող ընդհանուր գումարը /դրամ/` 85.400, Հողի մակերեսը` 85,4, Հանձնաժողովի եզրակացությունը` Չճանաչել շինության նկատմամբ սեփականության իրավունքը, քաղաքաշինական նորմերին հակասելու պատճառով» (հատոր 1-ին, գ.թ. 7):

5) Երևանի քաղաքապետի 22.07.2005 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 1643-Ա որոշումից արված քաղվածքի (325-րդ կետ) համաձայն` Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի ընդունած որոշումներում տեղ գտած վրիպակները, անճշտություններն ուղղելու նպատակով, ինչպես նաև` հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրությունները` ուժը կորցրած է համարվել Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման 4-րդ հավելվածի 622-րդ տողի 10-րդ սյունակը և որոշվել է ճանաչել շինության նկատմամբ սեփականության իրավունքը` ժող.տնտեսության ինստիտուտի համաձայնությամբ 85,4քմ մակերեսով հողամասի ենթավարձակալության պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 9):

6) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.07.2013 թվականի թիվ 01072013-01-0199 վկայականի համաձայն` հողօգտագործման 21.12.1999 թվականի թիվ ՓԲ-3820 պայմանագրի, Երևանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշման հիման վրա` ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 107):

7) Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության («Փոխատու»), ի դեմս վարչության պետ Արման Սահակյանի, մի կողմից, և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության («Փոխառու»), ի դեմս ռեկտոր Կորյուն Աթոյանի, մյուս կողմից, միջև 28.11.2013 թվականին կնքված և նոտարական գրանցամատյանում թիվ 10636 համարով գրանցված «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման» պայմանագրի համաձայն` «Փոխատու»-ն պարտավորվել է «Փոխառու»-ի անհատույց օգտագործմանը հանձնել ոչ բնակելի տարածք, այսինքն` «Օբյեկտ», ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող անշարժ գույքը` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։ Անհատույց օգտագործման է հանձնվել ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնող` 0,3952 հա հողամասը և դրա վրա գտնվող` 2.560,1քմ մակերեսով տնտեսագիտական համալսարանի շենքը (հատոր 1-ին, գ.թ. 52-57):

8) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.12.2013 թվականի թիվ 09122013-01-0025 վկայականի համաձայն` անհատույց օգտագործման 28.11.2013 թվականի թիվ 10636 պայմանագրի հիման վրա` 09.12.2013 թվականին ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործման իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 47):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն վարչական գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի դատական պաշտպանության խնդրին։

 

Օրինական ակնկալիքների սկզբունքն իրավունքի գերակայության ցուցիչներից է և իրավական որոշակիության սկզբունքի բաղադրիչներից մեկը։

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված  «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում օրինական ակնկալիքների սկզբունքի պահպանման երաշխավորումը։

Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ օրինական ակնկալիքների սկզբունքը մաս է կազմում իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքի։ Այս սկզբունքը նաև արտահայտում է  այն գաղափարը, որ պետական իշխանության մարմինները պետք է ոչ միայն պահպանեն օրենքները, այլև օրենքներից բխող ակնկալիքները (կետ 61)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատական պրակտիկայում օրինական ակնկալիքների դոկտրինն առաջին հերթին կապված  է սեփականության իրավունքի պաշտպանության հետ։

Ըստ Եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, այնպես էլ գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներ ու շահեր կարող են համարվել «գույքային իրավունքներ» և, հետևաբար, նաև «գույք» նույն դրույթի իմաստով (տե՛ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, 55-րդ կետ):

Ըստ Եվրոպական դատարանի՝ որոշակի հանգամանքներում «գույք» ձեռք բերելու «օրինական ակնկալիքը» ևս կարող է օգտվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի պաշտպանությունից։ Ուստի, եթե գույքային շահն ունի պահանջի բնույթ, այդ շահը կրող անձը կարող է համարվել «իրավաչափ ակնկալիք» ունեցող, եթե ներպետական օրենսդրության մեջ առկա է բավարար հիմք այդ շահի համար․․․ (տե՛ս, Անհաուզեր-Բուշ Ինք ընդդեմ Պորտուգալիայի գործով Եվրոպական դատարանի 11012007 թվականի գործով վճիռը, կետ 65)։

«Գույք» կարող է լինել ինչպես «գոյություն ունեցող գույքը», այնպես էլ միջոցները, ներառյալ՝ պահանջները, որոնց առնչությամբ անձը կարող է պնդել, որ ունի առնվազն օրինաչափ ակնկալիք սեփականության իրավունք ձեռք բերելու համար (տե՛ս, Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի գործով Եվրոպական դատարանի 28092004 թվականի վճիռը, կետ 35):

«Ակնկալիքն» «օրինական է», եթե այն հիմնվում է կամ օրենսդրական նորմի կամ իրավական ակտի վրա, որը կրում է տվյալ գույքային շահը (տե՛ս, Շահինադզեն ընդդեմ Վրաստանի գործով Եվրոպական դատարանի 27052010 թվականի վճիռը, կետ 103)։

ՀՀ սահմանադրական դատարանը ևս բազմիցս անդրադարձել է սեփականության իրավունքին, դրա բովանդակությանը, այդ համատեքստում՝ «լեգիտիմ ակնկալիք» եզրույթի բովանդակության բացահայտմանը՝ կարևորելով սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։

Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 08042014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի պաշտպանության խնդրին,  արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18032008 թվականի թիվ ՍԴՈ-741 որոշումը)։ Այս իրավական դիրքորոշմամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ օրինական ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը 01122015 թվականի թիվ ՍԴՈ-1238 որոշմամբ արձանագրել է նաև, որ սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ` համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության 60 և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների ուժով պետությունը երաշխավորում է անձի՝ սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը, ի թիվս այլնի՝ վերջինիս իրացման համար արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի օրենսդրական ամրագրման միջոցով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 19032019 թվականի թիվ ՍԴՈ-1448 որոշումը)։

ՀՀ սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 06122016 թվականի թիվ ՍԴՈ-1326 որոշմամբ արձանագրել է, որ «….սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքն անձի մոտ ծագում է երկու պարագայում, երբ.

- անձի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է,

- անձինք օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի համար պետք է երաշխավորվի իրավական, այդ թվում՝ դատական պաշտպանության հնարավորություն այն նույն ծավալով, ինչ տրամադրվում է արդեն իսկ ճանաչված սեփականության իրավունքի պաշտպանության համար։ Անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանում է յուրաքանչյուրի՝ իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանությամբ ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքը) իմաստով հանդես է գալիս որպես շահագրգիռ անձ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցով հետապնդում է սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի պաշտպանության նպատակ։ Իսկ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի ենթադրյալ խախտում, ի թիվս այլնի, առկա է, եթե այս կամ այն վարչական ակտով, ռեալ ակտով կամ անգործությամբ իրավական կամ փաստական խոչընդոտ է ստեղծվել հայցվորի օրինական ակնկալիքի իրավունքի արդյունավետ իրացման համար։ Ըստ այդմ՝ անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով շահագրգիռ անձ է, եթե գտնում է, որ վիճարկվող վարչական ակտով, ռեալ ակտով կամ անգործությամբ իրավական կամ փաստական խոչընդոտ է ստեղծվել սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի արդյունավետ իրացման համար։

Սահմանված պայմանները բավարարելու դեպքում ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքն սկզբնապես ճանաչվել և ամրագրվել է 22022003 թվականին ուժի մեջ մտած «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) (ուժը կորցրել է 22022005 թվականին)։

Նշված օրենքը սահմանում էր քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի  (շինությունների) նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը (համապատասխանաբար Օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներ)։

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է այդ անձանց սեփականության իրավունքը:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ և չեն հակասում քաղաքաշինական նորմերին:

Նույն մասով նախատեսված դեպքերում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը` դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կադաստրային արժեքով և ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու պայմանով:

Օրենքի «Եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝  «Սույն օրենքով սահմանված պայմաններին բավարարող շենքերի, շինությունների նկատմամբ օրենքի գործողության ժամկետում իրավունքները չգրանցելու դեպքում դրանց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ»:

Օրենքը հանդիսանում էր ժամկետային նորմատիվ իրավական ակտ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի գործողության ժամկետը երկու տարի է` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից»: Ըստ այդմ՝ Օրենքը 22022005 թվականին կորցրել է ուժը։

Այսպիսով, Օրենքը, ճանաչելով ու ամրագրելով դրանով սահմանված պայմանները բավարարող ինքնակամ շինությունների նկատմամբ  կառուցապատողի՝ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը, միաժամանակ սահմանում էր այն իրավական հետևանքները, որոնք վրա էին հասնում Օրենքի գործողության ժամկետում Օրենքի կարգավորումների հիման վրա ճանաչված իրավունքները չգրանցելու դեպքում։ Վերջիններս հանգում էին հետևյալին

- Օրենքի գործողության ժամանակահատվածում Օրենքի կարգավորումներին համապատասխան ինքնակամ շինության կառուցապատողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ իրավասու մարմնի վարչական ակտը (համայնքի ղեկավարի կամ մարզպետի որոշումը) կորցնում է իրավաբանական ուժը,

- այն ինքնակամ շինությունների կարգավիճակը, որոնց նկատմամբ թեև Օրենքի կարգավորումներին համապատասխան ճանաչվել է կառուցապատողի սեփականության իրավունքը, սակայն իրավունքի պետական գրանցում չի կատարվել, որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ օրենսդիրը որևէ կերպ չի բացառել Օրենքի գործողության ժամկետի ավարտից հետո գործող կարգավորումներին համապատասխան խնդրո առարկա ինքնակամ շինությունների կարգավիճակը կրկին որոշելու հնարավորությունը։ Օրենքի նշված նորմը ոչ միայն չի բացառել նման հնարավորությունը, այլ նաև ուղղակիորեն ամրագրել է, որ այդ շինությունների հետագա կարգավիճակը որոշվելու է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ։ Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի նման բովանդակությունից հետևում է, որ եթե ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ևս ամրագրում և ճանաչում է ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը, ապա կառուցապատողը, ում՝ Օրենքի կարգավորումների հիման վրա ճանաչված սեփականության իրավունքը պետական գրանցում չի ստացել, կարող է ինքնակամ շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքն իրացնել կրկին՝ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան։ Այլ կերպ՝ Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դրանով անուղղակիորեն ամրագրվում է  Օրենքի գործողության ավարտից հետո գործող կարգավորումների հիման վրա ևս ինքնակամ շինությունների նկատմամբ նշված կառուցապատողների սեփականության իրավունքը ճանաչելու հնարավորությունը՝ անկախ Օրենքի հիման վրա նրանց սեփականության իրավունքը ճանաչված լինելու, սակայն գրանցված չլինելու  հանգամանքից։ 

Օրենքի ուժը կորցնելուն հաջորդել են համապատասխան փոփոխություններ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում վերջինս 26112005 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-188-Ն ՀՀ օրենքով շարադրվել է նոր խմբագրությամբ։ Դրանով, մասնավորապես, համայնքների ղեկավարներին ու մարզպետներին լիազորություն է վերապահվել օրինական ճանաչել ինքնակամ կառույցները՝ կառավարության սահմանած կարգով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածին համապատասխան՝ ընդունվել է ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումը, որով հաստատվել է «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի՝ 26112005 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-188-Ն ՀՀ օրենքով շարադրված խմբագրությամբ բովանդակության, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը և դրա հիման վրա ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումը դրանցով սահմանված պայմանները բավարարելու դեպքում ճանաչում և ամրագրում են ինքնակամ կառույցն իրականացրած անձի՝ ինքնակամ կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը: Այս հանգամանքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրվել է նաև ըստ հայցի Ժորա Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/12432/05/17 վարչական գործով 12042023 թվականի որոշման մեջ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի գործողության ավարտից հետո գործող օրենսդրությունը, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումը, ևս ճանաչում և ամրագրում է սահմանված պայմանները բավարարելու դեպքում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ այդ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը։ Նման պայմաններում Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ վերջինս Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն  պետական գրանցում չստացած սեփականության իրավունք ունեցող կառուցապատողների համար ոչ միայն չի բացառում նշված իրավական ակտերով ճանաչված՝ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի իրացման հնարավորությունը, այլև անուղղակիորեն երաշխավորում է նման հնարավորությունը։

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հնարավորությունն Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն պետական գրանցում չստացած իրավունք ունեցող կառուցապատողների համար չի սահմանափակվել ո՛չ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,  ո՛չ ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ վերջիններս չեն բովանդակում որևէ  նորմ, որը դրանց գործողության շահառուների շրջանակից կբացառեր այն կառուցապատողներին, ում իրավունքը ճանաչվել է Օրենքի գործողության ժամանակահատվածում Օրենքի կարգավորումներին համապատասխան, սակայն ճանաչված իրավունքը պետական գրանցում չի ստացել։

Այսպիսով, հաշվի առնելով, որ

- Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից անուղղակիորեն բխում է, որ Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն  պետական գրանցում չստացած իրավունք ունեցող կառուցապատողների համար ևս երաշխավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ ճանաչված՝ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքից օգտվելու հնարավորությունը,

- ո՛չ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը,  ո՛չ ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և  տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումը դրանցով սահմանված կարգավորումներին համապատասխան ինքնակամ կառույցն օրինականացնելու հնարավորության առումով չեն նախատեսել որևէ սահմանափակում Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն պետական գրանցում չստացած իրավունք ունեցող կառուցապատողների համար,

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն  պետական գրանցում չստացած իրավունք ունեցող կառուցապատողները ևս հանդիսանում են  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի և դրան հիման վրա ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շահառուներ, ունեն այս նորմատիվ իրավական ակտերով ճանաչված ու ամրագրված՝ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունք և իրավասու են իրացնել այդ իրավունքը՝ անկախ այն հանգամանքից, որ Օրենքի գործողության ժամանակահատվածում ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն պետական գրանցում չստացած սեփականության իրավունք ունեցող կառուցապատողները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավասու են հայցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և  ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ ճանաչված և ամրագրված՝ ինքնակամ շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի դատական պաշտպանություն և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում են շահագրգիռ անձ այն բոլոր վարչական ակտերի, գործողությունների և (կամ) անգործության իրավաչափությունը վիճարկելու հարցում, որոնք իրավական կամ փաստական խոչընդոտ են հանդիսանում այդ իրավունքի իրացման համար։

Այսպիսով, այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձի սեփականության իրավունքը ճանաչվել է Օրենքի կարգավորման շրջանակներում (սակայն իրավունքը պետական գրանցում չի ստացել), վերջինիս չի զրկում  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների տիրույթում դատական պաշտպանություն հայցելու հնարավորությունից։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով հայցվորը, դիմելով ՀՀ վարչական դատարան, խնդրել է

1. անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 25.02.2000 թվականին կատարված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ «Պետական սեփականություն» իրավունքի պետական գրանցումը` մասնակի` ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 89,2քմ մակերեսով շինության մասով (հիմնական պահանջ) և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ`

- մասնակի` ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 89,2 քմ մակերեսով շինության մասով, անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 07.07.2003 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ և 01.07.2013 թվականին Հայաստանի Հանրապետության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները,

- անվավեր ճանաչել 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը և դրա հիման վրա 09.12.2013 թվականին «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցում,

2. Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 09.12.1999 թվականին թիվ 1163 որոշումը` մասնակի` ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037 հա հողամասի մասով (հիմնական պահանջ) և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ`

- այդ մասով անվավեր ճանաչել 21.12.1999 թվականի թիվ ՓԲ-3820 հողօգտագործման պայմանագիրը,

- անվավեր ճանաչել 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը և դրա հիման վրա 09.12.2013 թվականին «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը,

- վերացնել Երևանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշման 325-րդ կետում առկա «ժող. տնտեսության ինստիտուտի համաձայնությամբ 85,4քմ մակերեսով հողամասի ենթավարձակալության պայմանով» սահմանափակումը։

Դատարանի 02072019 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ հետևյալ պատճառաբանությամբ Ինքնակամ կառույցների օրինականացման ընթացակարգերը, տարբեր ժամանակահատվածներում, ստացել են տարբեր օրենսդրական կարգավորումներ, որոնց վերլուծությունից հետևում է, որ որոշակի պայմանների առկայության դեպքում ինքնակամ կառույցի նկատմամբ այդ կառույցն իրականացրած անձն օրինական սպասելիք և նախապատվության իրավունք ունի իր կողմից ինքնակամ կառուցված գույքի նկատմամբ հետագայում սեփականության իրավունք ձեռք բերելու վերաբերյալ։

Իրավահարաբերության պահին գործած Հայաստանի Հանրապետության կառավարության «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման (ընդունվել է 25.02.1998 թվականին, ուժի մեջ է մտել 28.02.1998 թվականին և ուժը կորցրել է 31.01.2004 թվականին) 1-ին կետի համաձայն` հաստատվել է ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգը (այսուհետ նաև` Կարգ)։ (․․․)

Այսինքն` իրավաստեղծ մարմինը (…) սահմանել է, որ, որոշակի պայմանների առկայության դեպքում, ինքնակամ կառույցի նկատմամբ այդ կառույցն իրականացրած անձն օրինական սպասելիք և նախապատվության իրավունք ունի` իր կողմից ինքնակամ կառուցված գույքի նկատմամբ հետագայում սեփականության իրավունք ձեռք բերելու վերաբերյալ` այդ շինությունով զբաղեցված հողամասը սեփականության կամ վարձակալության իրավունքով իրավատիրոջը տրվելու պայմանով։

Դատարանն արձանագրել է, որ որոշակի պայմանների առկայության դեպքում, ինքնակամ կառույցի նկատմամբ այդ կառույցն իրականացրած անձի «օրինական սպասելիք» ունենալու իրավակարգավորումներ սահմանված են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, այժմ գործող, 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված` ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով։

Դատարանը փաստել է, որ «Հայցվորը` ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված 133,4քմ մակերեսով ինքնակամ շինության և դրա սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականաշնորհման կամ վարձակալության իրավունք ձեռք բերելու մասով, վերոնշյալ իրավանորմերի իմաստով, ունեցել է «օրինական սպասելիք», ուստի Հայցվորի կողմից կառուցված ինքնակամ շինության և դրա սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականաշնորհման կամ վարձակալության իրավունքի խախտման պայմաններում, 25.02.2000 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից` Հայցվորի կողմից ինքնակամ կառուցված 133,4 քմ մակերեսով շինության 89,2 քմ մակերեսի նկատմամբ «Պետական սեփականություն» իրավունքի պետական գրանցում կատարելու, և դրա նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի իրավունքները գրանցելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշմամբ` ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեի զբաղեցրած 3.952 քմ մակերեսով հողատարածքը` ինքնակամ շինությամբ զբաղեցրած 0,01037 հա հողամասի մասով, Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտին անհատույց օգտագործման թողնելու հանգամանքներով պայմանավորված` մասնակի` ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 89,2քմ մակերեսով շինության մասով, 25.02.2000 թվականին կատարված «Պետական սեփականություն» իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև` մասնակի` ք.Երևան, Պ.Սևակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037 հա հողամասի մասով, Երևանի քաղաքապետի 09.12.1999 թվականին թիվ 1163 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով Հայցվորը հանդիսանում է շահագրգիռ անձ»։

Դատարանը գտել է, որ  հայցը ենթակա է բավարարման, քանի որ վիճարկվող ակտերով խախտվել են հայցվորի, «սեփականություն» որակվող պահանջի իրավունքը` այն հաշվով, որ նա ունեցել է «օրինական սպասելիք» իր` որպես ինքնակամ կառույցն իրականացրած անձի, վերոնշյալ իրավունքներն իրականացնելու համար, մինչդեռ, վիճարկվող վարչական ակտերը կայացնելիս այդ հանգամանքը հաշվի չի առնվել։

Վերաքննիչ դատարանն իր 11122020 թվականի որոշմամբ անփոփոխ է թողել Դատարանի 02072019 թվականի վճիռը՝ մասնավորապես, պատճառաբանելով «պետական սեփականություն համարվող տարածքի մաքրման և այնտեղ ինքնակամ շինություն իրականացնելու արդյունքում, հայցվորը, հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները, կարող էր ողջամիտ ակնկալիք ունենալ, որ նշված գույքի նկատմամբ հետագայում կարող է գրանցվել իր սեփականության իրավունքը, այլ ոչ թե Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի:

Ամբողջ վերոգրյալի արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտնում է, որ հայցվորը սույն դեպքում վիճելի գույքի նկատմամբ ունեցել է ողջամիտ ակնկալիք, օժտված է եղել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ուժով պաշտպանվող գույքային իրավունքով, ինչն էլ առաջացնում է ինքնակամ շինության նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը դատական կարգով վիճարկելու իրավական շահագրգռվածություն, որով էլ հիմնավորվում է այն հանգամանքը, որ իրավունքի պետական գրանցման արդյունքում խախտվել են հայցվորի սեփականատիրական իրավունքները, հետևաբար նա հանդիսանում է իրավունքի պետական գրանցումը վիճարկելու իրավասությամբ օժտված սուբյեկտ, այսինքն` շահագրգիռ անձ»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի հանգամանքներին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունը վկայում է, որ հայցվոր Արմեն Նավթալյանն սկզբնապես հանդիսացել է 22022005 թվականին ուժը կորցրած «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շահառու։ Նշված Օրենքով սահմանված իրավակարգավորումներին համապատասխան Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշմամբ որոշվել է Պ.Սևակի փողոց կահույքի խանութի դիմաց գտնվող 85,4 քմ ինքնակամ շինության նկատմամբ ճանաչել Արմեն Նավթալյանի սեփականության իրավունքը` ժող.տնտեսության ինստիտուտի համաձայնությամբ 85,4քմ մակերեսով հողամասի ենթավարձակալության պայմանով։

Երևանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշմամբ ճանաչված՝ Արմեն Նավթալյանի սեփականության իրավունքը, սակայն, պետական գրանցում չի ստացել, որպիսի պայմաններում նշված որոշումը կորցրել է իր իրավաբանական ուժը, և Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումներին համապատասխան, խնդրո առարկա շինության հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Օրենքի կարգավորումներին համապատասխան խնդրո առարկա ինքնակամ շինության նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման փաստը վերջինիս չի զրկել այդ շինության կարգավիճակը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման նորմերի կիրառմամբ որոշելու հնարավորությունից, որպիսի հնարավորությունը երաշխավորված էր հենց Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով։ Ըստ այդմ՝ անկախ խնդրո առարկա շինության նկատմամբ Երևանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչված լինելու և այս որոշման՝ իրավաբանական ուժը կորցրած լինելու հանգամանքից, հայցվորը հանդիսանում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շահառու, օժտված է այս նորմատիվ իրավական ակտերով ճանաչված ու ամրագրված՝ սահմանված պայմանները բավարարելու դեպքում խնդրո առարկա ինքնակամ շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքով և իրավասու է դիմել այդ իրավունքի դատական պաշտպանության։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկման հայցի օբյեկտ հանդիսացող վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելով՝ հայցով Արմեն Նավթալյանը հետապնդում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ ճանաչված ու ամրագրված՝ սահմանված պայմանները բավարարելու դեպքում խնդրո առարկա ինքնակամ շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իր իրավունքի պաշտպանության նպատակ, և ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում է շահագրգիռ անձ՝ այդ վարչական ակտերի իրավաչափությունը վիճակելու հարցում, որպիսի իրավաչափ դիրքորոշմանը հանգել են Դատարանն ու Վերաքննիչ դատարանը։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով Արմեն Նավթալյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր՝ իրավաչափորեն եզրահանգելով հայցվորի՝ սույն գործով շահագրգիռ անձ լինելու մասին: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: 

 

5. Վճռաբեկ  դատարանի  պատճառաբանությունները  և  եզրահանգումները  դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.  Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11122020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2.  Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴևՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: