ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 28.12.23 N 2343-Ն)
19 նոյեմբերի 2014 թվականի N 1325-Ն
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել hանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի։
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման |
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված հիմնադրութային փաստաթղթի նախագծի և ռազմավարական էկոլոգիական գնահատման (այսուհետ՝ ՌԷԳ) կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) և փորձաքննության գործընթացներում hանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակության, հանրային լսումների ընթացակարգի, ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգի և ժամկետների սահմանման հետ կապված իրավահարաբերությունները։
2. Հանրության իրազեկման, հանրային լսումների ծանուցման (այսուհետ՝ ծանուցում), հանրության մասնակցության գործընթացները կազմակերպվում և իրականացվում են համաձայն օրենքով սահմանված պահանջների և սույն հավելվածի։
3. Ծանուցումը, նախատեսվող գործունեության իրականացման կամ հիմնադրութային փաստաթղթի ընդունման վերաբերյալ հանրային լսումների կազմակերպման և ապահովման նպատակով, սույն հավելվածի 10-րդ, 31-րդ և 32-րդ կետերով նախատեսված գործընթացի շրջանակներում տեղեկատվության տրամադրումն է ՇՄԱԳ, ՌԷԳ և փորձաքննության գործընթացի մասնակիցներին։
4. Հանրային լսումների նպատակն է ապահովել շահագրգիռ հանրության մասնակցությունը ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացներում որոշումների ընդունմանը։
5. Շահագրգիռ հանրության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին ապահովվում է ծանուցման և հանրային լսումների միջոցով՝ հիմնադրութային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության գնահատման և փորձաքննության գործընթացներում։
6. Հանրային լսումները կազմակերպվում և իրականացվում են հանրային նշանակություն ունեցող շենքերում և տարածքներում։
7. Հանրային լսումների ժամանակ գնահատման և փորձաքննության գործընթացներին շահագրգիռ հանրությունը մասնակցում է կարծիքներ, դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու միջոցով։ Հանրային լսումների ընթացքում, շահագրգիռ hանրությունն օրենքով սահմանված ժամկետներում իրավունք ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) և նախաձեռնողին ներկայացնելու ցանկացած գրավոր և բանավոր առաջարկություն, դիտողություն և կարծիք՝ առանց դրանց հիմքում ընկած պատճառների հիմնավորման:
8. Հանրության կարծիքը համարվում է դրական, եթե լսմանը ոչ ոք չի ներկայանում (բացառությամբ անհաղթահարելի ուժի հետևանքով չներկայանալու կամ շահագրգիռ հանրության ծանուցման և լսումների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը չպահպանվելու դեպքերի) կամ չեն ներկայացվում բանավոր կամ գրավոր կարծիքներ, դիտողություններ կամ առաջարկություններ:
9. Օրենքով նախատեսված է 2 հանրային լսում՝
1) առաջին հանրային լսումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման փուլում.
2) երկրորդ հանրային լսումը կազմակերպվում և իրականացվում է փորձաքննության ընթացքում՝ լիազոր մարմնի համակարգում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ փորձաքննական կենտրոն) կողմից։
2. ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
10. ՇՄԱԳ գործընթացում շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և նախաձեռնողն իրականացնում են պաշտոնական կայքերի և տեղեկատվության տարածման այլ միջոցներով (մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների, հանրային նշանակության շենքերի ցուցատախտակներ) նախատեսվող գործունեության, փորձաքննական գործընթացի վերաբերյալ շահագրգիռ հանրության իրազեկում:
11. Իրազեկման բովանդակության մեջ նշվում է նախատեսվող գործունեության իրականացումը բնութագրող հակիրճ ընդհանրական տեղեկատվությունը, ինչպես նաև նախատեսվող հանրային լսմանը շահագրգիռ հանրության մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը։
12. Առաջին հանրային լսումն ապահովելու նպատակով նախաձեռնողը, որը մտադիր է իրականացնել օրենքի 12-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեություն, գրավոր ծանուցում է այն համայնքի ղեկավարին, որի վարչական սահմաններում իրականացվելու է գործունեությունը:
13. Ծանուցումը ներառում է՝
1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
2) նախատեսվող գործունեության անվանումը` օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան, նպատակը, համառոտ նկարագիրը.
3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը:
14. Համայնքի ղեկավարը նախաձեռնողի ծանուցումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է շահագրգիռ հանրության ծանուցում, որը ներառում է՝
1) սույն հավելվածի 13-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը.
2) հանրային լսման իրականացման վայրը, օրը և ժամը.
3) շահագրգիռ հանրության առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման համար ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը.
4) շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման բոլոր տարբերակների (ձևերի) վերաբերյալ տեղեկատվությունը.
5) համայնքի ղեկավարի կողմից տվյալ հանրային լսման համար համայնքի ղեկավարի իրավասությունների սահմաններում նշանակված կամ լիազորված անձի տվյալները, ով պատասխանատու է լսման կազմակերպման և անցկացման համար (անունը, ազգանունը, պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը)։
15. Հանրային լսման իրականացման վայրը, օրը և ժամը համայնքի ղեկավարը որոշում է նախաձեռնողի հետ համատեղ։
16. Համայնքի ղեկավարը, մինչև հանրության ծանուցումը, ծանուցման ենթակա տեղեկատվությունը տրամադրում է նախաձեռնողին՝ վերջինիս պաշտոնական կայքում (առկայության դեպքում) հրապարակելու նպատակով:
17. Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսումների վերաբերյալ ծանուցումը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, փակցվում է մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի) հայտարարությունների ցուցատախտակի վրա, հրապարակվում է ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերում, նախաձեռնողի պաշտոնական կայքերում (առկայության դեպքում):
18. Համայնքի ղեկավարը ծանուցման օրվանից հետո՝ ոչ շուտ, քան 21-րդ և ոչ ուշ, քան 25-րդ աշխատանքային օրն իրականացնում է հանրային լսում՝ ազդակիր բնակավայրում։
19. Ազդակիր բնակավայրերի թիվը մեկից ավելի լինելու դեպքում հանրային լսումը կազմակերպվում է այն բնակավայրում, որտեղ նախատեսվում է իրականացնել նախատեսվող գործունեությունը` ապահովելով բոլոր ազդակիր բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությունը: Նախատեսվող գործունեությունը մեկից ավելի բնակավայրերում իրականացվելու դեպքում, հանրային լսումը կազմակերպվում է այդ բնակավայրերից յուրաքանչյուրում՝ ապահովելով բոլոր ազդակիր բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությունը:
20. Համայնքի ղեկավարի կամ նախաձեռնողի կողմից, հանրային լսման անցկացման վայրի, օրվա կամ ժամի փոփոխման դեպքում (համատեղ համաձայնեցված)՝ ապահովելով սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված ժամկետները՝ համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է հանրությանը՝ սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված միջոցներով, ինչպես նաև էլեկտրոնային փոստով գրանցվածներին հետադարձ էլեկտրոնային փոստով՝ հանրային լսման անցկացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
21. Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացվում են սույն հավելվածի 14-րդ կետում նշված ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։
22. Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ սույն հավելվածի 14-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված անձի էլեկտրոնային փոստի միջոցով:
23. Հանրային լսումը վարում է համայնքի ղեկավարը կամ համայնքի ղեկավարի կողմից իր իրավասությունների սահմաններում նշանակված կամ լիազորված տվյալ հանրային լսման համար պատասխանատուն, ով կազմակերպում է լսման ամբողջ ընթացքի արձանագրումը, լուսանկարահանումը կամ տեսաձայնագրումը: Հանրային լսումը կարող է լուսանկարահանվել կամ տեսաձայնագրվել նաև այլ մասնակիցների կողմից։
24. Լսման ընթացքում շահագրգիռ հանրության կողմից բարձրացված բանավոր բոլոր կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների պատասխանները նախաձեռնողի կամ վարողի կողմից տրվում են անմիջապես, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ներկայացվում է պարզաբանում պատասխանը գրավոր ներկայացնելու վերաբերյալ։
25. Հանրային լսման ժամանակ, բացի բանավոր հնչեցված կարծիքներից, դիտողություններից ու առաջարկություններից, քննարկվում են նաև սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները՝ անկախ դրանց հեղինակի հանրային լսմանը ներկա գտնվելու հանգամանքից։ Հեղինակի հանրային լսմանը ներկա չգտնվելու դեպքում կարծիքի, դիտողության կամ առաջարկության շուրջ պատասխանը տրվում է հետադարձ կապի միջոցով՝ լսման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
26. Հանրային լսման արձանագրության մեջ, որը կազմվում է լսման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, նշվում են լսումների վայրը, օրը և ժամը, մասնակիցների կազմը, ինչպես նաև լսումներում հնչեցված բոլոր կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված պատասխաններն ու դիտարկումները: Արձանագրությունն ստորագրում են վարողը և նախաձեռնողը: Մասնակիցների ցանկը` ստորագրություններով կցվում է արձանագրությանը:
27. Համայնքի ղեկավարը հանրային լսումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը ներկայացնում է համայնքի ավագանուն և նախաձեռնողին։
28. Համայնքի ավագանին հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների, այդ թվում՝ սույն հավելվածի 8-րդ կետում նշված բացառությունների (առկայության դեպքում) մասին։
29. Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշման կայացման օրվանից հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, լիազոր մարմնին և նախաձեռնողին է տրամադրում համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները։
30. Մեկից ավելի համայնքներում լսումներ իրականացվելու դեպքում առնվազն մեկ համայնքի կողմից անհամաձայնությունը համարվում է նախատեսվող գործունեության վերաբերյալ անհամաձայնություն։
3. ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
31. Փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով՝ լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և նախաձեռնողը իրականացնում են պաշտոնական կայքերի և տեղեկատվության տարածման այլ միջոցներով (մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, հանրային նշանակության շենքերի ցուցատախտակներ) հիմնադրութային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի, փորձաքննական գործընթացի վերաբերյալ շահագրգիռ հանրության իրազեկում:
32. Իրազեկման բովանդակության մեջ նշվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը բնութագրող հակիրճ ընդհանրական տեղեկատվությունը, ինչպես նաև նախատեսվող հանրային լսմանը շահագրգիռ հանրության մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը։
33. Փորձաքննության գործընթացում հանրային լսումն ապահովում է փորձաքննական կենտրոնը՝ համայնքի ղեկավարի հետ համատեղ՝ նախաձեռնողի մասնակցությամբ։
34. Փորձաքննության գործընթացում ազդակիր համայնքը կամ բնակավայրը որոշում է փորձաքննական կենտրոնը՝ հիմք ընդունելով հիմնադրութային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության ուսումնասիրության արդյունքները։ Փորձաքննության գործընթացում համապատասխան պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացրած մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունը կամ կարծիքն ստանալուց հետո, իսկ լրամշակման անհրաժեշտության դեպքում նախաձեռնողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լրամշակված փաթեթն ստանալուց հետո՝ փորձաքննական կենտրոնը 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ որոշման մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին և նախաձեռնողին։
35. Հանրային լսման իրականացման վայրը, օրը և ժամը որոշվում է փորձաքննական կենտրոնի կողմից՝ համայնքի ղեկավարի և նախաձեռնողի հետ համատեղ։
36. Փորձաքննության գործընթացում համապատասխան պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունը կամ հիմնավորված կարծիքն ստանալուց հետո, իսկ լրամշակման անհրաժեշտության դեպքում նախաձեռնողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լրամշակված փաթեթն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական կենտրոնն իրականացնում է հանրային լսման անցկացման վերաբերյալ ծանուցում։
37. Ծանուցումը հրապարակում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով։ Փորձաքննական կենտրոնն ապահովում է ծանուցման տեղադրումը լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
38. Փորձաքննական կենտրոնը ծանուցման մասին տեղեկատվությունը նախապես ներկայացնում է համայնքի ղեկավարին՝ մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի) հայտարարությունների ցուցատախտակի վրա փակցնելու, ազդակիր համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերում, և նախաձեռնողին՝ վերջինիս պաշտոնական կայքում (առկայության դեպքում) հրապարակելու համար։
39. ՌԷԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝
1) նախաձեռնողի անունը (անվանումը).
2) հիմնադրութային փաստաթղթի նախագծի անվանումը.
3) ամփոփ նկարագիրը.
4) հիմնադրութային փաստաթղթի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը.
5) հանրային լսումների իրականացման ժամկետները, վայրը.
6) տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները:
40. ՇՄԱԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝
1) նախաձեռնողի անունը (անվանումը).
2) նախատեսվող գործունեության տեսակը.
3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը և ամփոփ նկարագիրը.
4) հանրային լսումների իրականացման ժամկետները և հասցեն.
5) փաստաթղթերին ծանոթանալու և տեղեկատվության ստացման հնարավորությունը, առաջարկություններ ներկայացնելու համար նախատեսված հասցեն։
41․ Փորձաքննության ընթացքում հանրային լսումներն իրականացվում են ծանուցումից ոչ շուտ, քան 15-րդ օրը, իսկ՝
1) հիմնադրութային փաստաթղթի նախագծի և Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում՝ ոչ ուշ, քան 25-րդ օրը.
2) Բ կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում՝ ոչ ուշ, քան 20-րդ օրը։
42․ Փորձաքննական կենտրոնի կամ համայնքի ղեկավարի կամ նախաձեռնողի կողմից, հանրային լսման անցկացման վայրի, օրվա կամ ժամի փոփոխման դեպքում (համատեղ համաձայնեցված)՝ ապահովելով սույն հավելվածի 41-րդ կետով սահմանված ժամկետները՝ փորձաքննական կենտրոնը, համայնքի ղեկավարը և նախաձեռնողն այդ մասին տեղեկացնում են հանրությանը՝ սույն հավելվածի 37-րդ և 38-րդ կետերով նախատեսված միջոցներով, ինչպես նաև էլեկտրոնային փոստով գրանցվածների հետադարձ էլեկտրոնային փոստով՝ լսման օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:
43․ Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային կարծիքները, դիտողությունները կամ առաջարկությունները ներկայացվում են՝
1) հիմնադրութային փաստաթղթի նախագծի և Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում` ծանուցումից հետո՝ 25 աշխատանքային օրվա ընթացքում.
2) Բ կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում՝ ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
44․ Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ լիազոր մարմնի էլեկտրոնային փոստով:
45․ Հանրային լսումը վարում է փորձաքննական կենտրոնի տնօրենը կամ նրա կողմից նշանակված տվյալ հանրային լսման համար պատասխանատուն, ով ապահովում է լսման ամբողջ ընթացքի արձանագրումը, լուսանկարահանումը կամ տեսաձայնագրումը: Հանրային քննարկումները կարող են լուսանկարահանել կամ տեսաձայնագրվել նաև այլ մասնակիցների կողմից։
46․Հանրային լսման ընթացքում ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունները ներկայացնում է նախաձեռնողը:
47. Եթե նախատեսվող գործունեությանը վերաբերող նախագծային փաստաթղթերը և ՇՄԱԳ հաշվետվությունները պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ապա նախաձեռնողն այդ տեղեկատվությունը դուրս է բերում հաշվետվությունից՝ դրա հրապարակային մասը մատչելի դարձնելով շահագրգիռ հանրությանը:
48. Հանրային լսմանը կարող են հրավիրվել փորձաքննական գործընթացում ներգրավված փորձագետները, պետական կամ մասնագիտացված մարմինների ներկայացուցիչները։
49. Լսման ընթացքում շահագրգիռ հանրության կողմից բարձրացված բանավոր բոլոր կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների պատասխանները տրվում են անմիջապես՝ նախաձեռնողի կամ վարողի կողմից։
50. Հանրային լսման ժամանակ, բացի հնչեցված բանավոր կարծիքներից, դիտողություններից և առաջարկություններից քննարկվում են նաև սույն հավելվածի 43-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները՝ անկախ դրանց հեղինակի հանրային լսմանը ներկա գտնվելու հանգամանքից։ Հեղինակի հանրային լսմանը ներկա չգտնվելու դեպքում պատասխանը ներկայացվում է հետադարձ կապի միջոցով՝ լսման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
51. Հանրային լսման արձանագրության մեջ, որը կազմվում է լսման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, նշվում են լսումների վայրը, օրը և ժամը, մասնակիցների կազմը, ինչպես նաև լսումներում բարձրացված բոլոր կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները ու դրանց վերաբերյալ տրված պատասխաններն ու դիտարկումները, լուսանկարահանող կամ տեսաձայնագրող մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման հասցե, հեռախոսահամար): Արձանագրությունն ստորագրում են վարողը և նախաձեռնողը: Մասնակիցների ցանկը` ստորագրություններով կցվում է արձանագրությանը:
52. Լսման ընթացքում ներկայացված կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները նախաձեռնողը և լիազոր մարմինը պետք է հաշվի առնեն: Հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանումներ:
53. Փորձաքննական կենտրոնը, լսման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է հանրային լսման արձանագրության, լուսանկարների կամ տեսաձայնագրության, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների տեղադրումը լիազոր մարմնի պաշտոնական կայքում։
54. Հանրային լսման անցկացման արձանագրությունները, լուսանկարները, տեսաձայնագրությունները, հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները փորձաքննական կենտրոնի կողմից պահպանվում են «Արխիվային գործի մասին» օրենքով սահմանված ժամկետով և կարգով: