ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռևս չեն օգտվել այդ արտոնություններից, կարող են օգտվել Օրենքով իրենց վերապահված արտոնություններից` առանց ժամկետային սահմանափակման:
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված իրավունքից օգտվելու համար անհատ ձեռնարկատերը պարտավոր է ներկայացնել գրավոր դիմում իր հաշվառման (գրանցման) վայրի հարկային տեսչության մարմին:
Այդ դեպքում`
1) Օրենքով նախատեսված ցանկերի կազմման, ներկայացման և հրապարակման նկատմամբ սահմանված ժամկետները չեն կիրառվում.
2) 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հաշվարկված և չվճարված հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունները (ապառք, տույժ, տուգանք) ենթակա են վերահաշվարկման այնպես, իբրև Օրենքը կիրառվել է 2006 թվականի ընթացքում.
3) այդ անհատ ձեռնարկատերը չի ենթարկվում վարչական պատասխանատվության` Օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորություն ունենալու և այդ արտոնությունից չօգտվելու հետևանքով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 12 Երևան ՀՕ-151-Ն |