ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» մարտի 2023 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածին համապատասխան և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ և 10-րդ ենթակետերի իրագործման շրջանակներում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների որակավորման և արգելքներն ու սահմանափակումները վերացված ճանաչելու մեթոդաբանությունը։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա խոչընդոտներն արգելքների, բացառումների և սահմանափակումների տարանջատելու և արգելքները վերացված ճանաչելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 10 որոշումը:
3. Հաստատել, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում այն արգելքները և սահմանափակումները, որոնք համապատասխանաբար ընդգրկվել են արգելքների ռեեստրում կամ սահմանափակումների ռեեստրում` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, ենթակա են սույն որոշմամբ հաստատված Մեթոդաբանությամբ նախատեսված կարգով վերացված ճանաչելուն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մարտի 28-ի թիվ 41 որոշմամբ |
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն մեթոդաբանությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 28-րդ հոդվածին համապատասխան, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ և 10-րդ ենթակետերի իրագործման շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ներքին շուկայում արգելքներն որակավորելու, Միության ներքին շուկայում արգելքներն ու սահմանափակումները վերացված ճանաչելու և արգելքների ռեեստրն ու սահմանափակումների ռեեստրը վարելու նպատակով։
2. Սույն մեթոդաբանության դրույթները չեն տարածվում իրավահարաբերությունների վրա՝ կապված.
ա) Պայմանագրի թիվ 28 հավելվածով կարգավորվող՝ արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման հարցերի․
բ) Պայմանագրի թիվ 29 հավելվածով կարգավորվող՝ Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների.
գ) Պայմանագրի թիվ 19 հավելվածով կարգավորվող՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշանների առկայության վերաբերյալ հարցերի հետ․
II. Սահմանումներ
3. Սույն մեթոդաբանության մեջ գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
«արգելքներ»՝ Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի և Միության անդամ պետությունների շուկաներին դրանց հասանելիության համար խոչընդոտներ, որոնք առաջացել են անդամ պետությունների գործող կամ ընդունված, սակայն ուժի մեջ չմտած օրենսդրության նորմերի կամ անդամ պետություններում ձևավորված իրավակիրառ պրակտիկայի՝ Միության իրավունքին չհամապատասխանելու հետևանքով.
«բացառումներ»՝ Միության իրավունքով նախատեսված բացառումներ (շեղումներ)՝ Միության անդամ պետության կողմից Միության ներքին շուկայի գործունեության ընդհանուր կանոնները չկիրառելու մասով.
«սահմանափակումներ»՝ Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի և Միության անդամ պետությունների շուկաներին դրանց հասանելիության համար խոչընդոտներ, որոնք առաջացել են այն տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման բացակայության հետևանքով, որոնց զարգացումը նախատեսված է Միության իրավունքով։
Սույն մեթոդաբանության մեջ օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով սահմանված իմաստներով:
III. Խոչընդոտների բացահայտում և խոչընդոտների վերաբերյալ տեղեկությունների հետ աշխատանքի կազմակերպում
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիայի լիազորված անդամ) քննարկվում են խոչընդոտների վերաբերյալ տեղեկություններ, որոնք ներառված են՝
ա) Միության անդամ պետությունների պետական իշխանության (այսուհետ՝ անդամ պետություններ), իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումներում (խորհուրդ է տրվում դիմումները ներկայացնել հավելվածով սահմանված ձևով).
բ) Հանձնաժողովի կողմից իրականացվող՝ անդամ պետությունների կողմից Պայմանագրի, Միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների կատարման մշտադիտարկման, ինչպես նաև անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Պայմանագրի դրույթներին, Միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխանեցման մշտադիտարկման արդյունքներում։
5. Այն դեպքում, երբ խոչընդոտի վերաբերյալ տեղեկություններ պարունակող դիմումի մեջ նկարագրված իրավիճակը պայմանավորված է Միության իրավունքով նախատեսված բացառման իրագործման մասով իրավակիրառ պրակտիկայով, Հանձնաժողովի այն դեպարտամենտը, որի իրավասության մեջ են մտնում ներքին շուկաների գործունեության հետ կապված հարցերը (այսուհետ՝ լիազորված դեպարտամենտ), այդ մասին տեղեկացնում է դիմումատուին Կոլեգիայի լիազորված անդամի կողմից ստորագրված գրությամբ՝ առանց եզրակացություն պատրաստելու.
6. Խոչընդոտի վերաբերյալ տեղեկություններ ստանալու օրվանից 3 օրացուցային օրվա ընթացքում լիազորված դեպարտամենտը խոչընդոտների կամ սահմանափակումների նշանների առկայության կամ բացակայության վերաբերյալ հարցում է ուղարկում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներին (կցելով խոչընդոտների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի (նյութերի) պատճենները)։
7. Միության ներքին շուկայում առկա խոչընդոտները բացահայտելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ներկայացված տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի (նյութերի) ոչ բավարար լինելու դեպքում լիազորված դեպարտամենտը, դիմումն ստանալու օրվանից 3 օրացուցային օրվա ընթացքում, այդ անձանց հարցում է ներկայացնում համապատասխան տեղեկություններ և (կամ) փաստաթղթեր (նյութեր) ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
Նշված հարցման պատճենը միաժամանակ ուղարկվում է անդամ պետության գործադիր իշխանությանը, որը լիազորված է համագործակցելու Հանձնաժողովի հետ (այսուհետ՝ անդամ պետության լիազորված մարմին): Սույն մեթոդաբանության 21-րդ կետով նախատեսված ընդհանուր ժամկետը երկարաձգվում է մինչև 70 օրացուցային օր։
Բացակայող փաստաթղթերը (նյութերը) չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է սահմանված կարգով դիմումի քննարկումը։
8. Սույն մեթոդաբանության 4-րդ կետին համապատասխան ներկայացված խոչընդոտների վերաբերյալ տեղեկությունների մասին տեղեկատվությունը ենթակա է տեղադրման «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեությունը» Միության տեղեկատվական ռեսուրսում՝ հետևյալ հասցեով․ https://barriers.eaeunion.org (անդամ պետությունների ավտորիզացված օգտատերերի՝ նոր դիմումների ստացման մասին ավտոմատ ծանուցմամբ)։
IV. Խոչընդոտների վերաբերյալ տեղեկությունների վերլուծություն և եզրակացության նախապատրաստում
9. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները սույն մեթոդաբանության 6-րդ կետին համապատասխան՝ լիազորված դեպարտամենտի հարցումն ուղարկելու օրվանից ոչ ուշ, քան 7 օրացուցային օրվա ընթացքում լիազորված դեպարտամենտ են ներկայացնում իրենց դիրքորոշումները, որոնք պետք է հիմնավորված եզրահանգումներ պարունակեն հարցի էության վերաբերյալ։
10. Խոչընդոտների վերաբերյալ տեղեկություններն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում լիազորված դեպարտամենտն անդամ պետությունների կառավարություններ է ուղարկում Կոլեգիայի լիազորված անդամի կողմից ստորագրված նախնական եզրակացություն՝ Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակումների նշանների առկայության վերաբերյալ՝ նշելով փորձագիտական խորհրդակցությունների անցկացման ամսաթվերը և պահանջում է նշված եզրակացության վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումները։
Միաժամանակ, Լիազորված դեպարտամենտը Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների առկայության վերաբերյալ նախնական եզրակացության պատճենը՝ Կոլեգիայի լիազորված անդամի՝ անդամ պետությունների կառավարություններին ուղղված գրության պատճենի կցմամբ, էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է անդամ պետությունների լիազորված մարմիններ:
11. Փորձագիտական խորհրդակցություններն անցկացվում են Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների առկայության վերաբերյալ նախնական եզրակացությունն ուղարկելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան նախնական եզրակացությունն ուղարկելու օրվանից 10 օրացուցային օր հետո։ Մեկ կամ մի քանի անդամ պետությունների ներկայացուցիչների բացակայությունը փորձագիտական խորհրդակցություններին հիմք չէ՝ դրանք տեղափոխելու և դրանց անցկացման արդյունքներով Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակումների նշանների առկայության (բացակայության) մասին եզրակացության պատրաստումը կասեցնելու համար:
Խորհրդակցություններն անցկացվում են՝ հաշվի առնելով անդամ պետությունների արտադրական օրացույցը և աշխատանքային ժամանակը, ինչպես նաև հաշվի առնելով Միության մարմինների նիստերի անցկացման ժամանակացույցը: Անդամ պետության խնդրանքով փորձագիտական խորհրդակցությունները կարող են հետաձգվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ՝ սույն կետում նշված ժամկետում։
12. Լիազորված դեպարտամենտը հրավիրում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներին՝ մասնակցելու փորձագիտական խորհրդակցություններին:
Լիազորված դեպարտամենտը փորձագիտական խորհրդակցությունների օրվանից ոչ ուշ, քան 5 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետություններ արձանագրություն է ուղարկում դրանց անցկացման արդյունքների վերաբերյալ:
13. Կոլեգիայի լիազորված անդամը փորձագիտական խորհրդակցությունների անցկացման օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների կառավարություններ եզրակացություն է ուղարկում Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների առկայության կամ բացակայության վերաբերյալ։
Միաժամանակ, Լիազորված դեպարտամենտը նշված եզրակացության պատճենը՝ Կոլեգիայի լիազորված անդամի՝ անդամ պետությունների կառավարություններին ուղղված գրության պատճենի կցմամբ, էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է անդամ պետությունների լիազորված մարմիններ:
14. Դիմումի առարկայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու դեպքում այդ տեղեկություններն ուսումնասիրվում են Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների առկայության վերաբերյալ եզրակացության պատրաստման շրջանակներում։
15. Արգելքի և (կամ) սահմանափակման նշանների բացակայության դեպքում խոչընդոտների վերաբերյալ համապատասխան տեղեկություններ ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում կատարվում են հետևյալ գործողությունները.
այն դեպքում, երբ դիմումն ստացվել է իրավաբանական կամ ֆիզիկական անձից, լիազորված դեպարտամենտը դիմումատուին ուղարկում է Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների բացակայության վերաբերյալ գրություն՝ հիմնավորմամբ: Միաժամանակ, լիազորված դեպարտամենտի կողմից այդ գրության պատճենը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվում է անդամ պետությունների լիազորված մարմիններ.
այն դեպքում, երբ դիմումն ստացվել է անդամ պետության պետական իշխանության մարմնից, Կոլեգիայի լիազորված անդամը անդամ պետությունների կառավարություններ եզրակացություն է ուղարկում Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների բացակայության վերաբերյալ։ Միաժամանակ, լիազորված դեպարտամենտի կողմից այդ եզրակացության պատճենը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվում է անդամ պետությունների լիազորված մարմիններ։
16. Սույն մեթոդաբանության 15-րդ կետին համապատասխան ուղարկված՝ Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների բացակայության վերաբերյալ գրության կամ եզրակացության մեջ պարունակվող եզրահանգումների հետ անդամ պետության անհամաձայնության դեպքում անդամ պետությունն այդ գրությունը կամ եզրակացությունն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողով է ուղարկում հիմնավորված դիրքորոշում դրանց հետ անհամաձայնության վերաբերյալ։
Հիմնավորված դիրքորոշումը անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձի (ղեկավարի տեղակալից ոչ ցածր մակարդակի) ստորագրությամբ ուղարկվում է Հանձնաժողով և պետք է պարունակի հղումներ Միության իրավունքի նորմերին, ինչպես նաև կարող է ուղեկցվել քննարկվող հարցի վերաբերյալ լրացուցիչ նյութերով, որոնք հիմք են անդամ պետության՝ գրության կամ Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների բացակայության վերաբերյալ եզրակացության հետ անհամաձայնության համար։
Լիազորված դեպարտամենտն ընդհանրացնում է հիմնավորված դիրքորոշման հետ ստացված տեղեկություններն ու նյութերը և դրանց ստացման օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում ընդհանրացված նյութերն ու հիմնավորված դիրքորոշումն ուղարկում է անդամ պետություններ, ինչպես նաև կազմակերպում է փորձագիտական խորհրդակցությունների անցկացումը։
Այն դեպքում, երբ նշված խորհրդակցությունների արդյունքում չեն բացահայտվում այնպիսի նոր տեղեկություններ, որոնցով կհաստատվի արգելքի և (կամ) սահմանափակման նշանների առկայությունը, լիազորված դեպարտամենտը դրանց ավարտից հետո 5 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան արձանագրություն է ուղարկում անդամ պետություններ։
Այն դեպքում, երբ նշված խորհրդակցությունների արդյունքում բացահայտվում են այնպիսի նոր տեղեկություններ, որոնցով հաստատվում է արգելքի և (կամ) սահմանափակման նշանների առկայությունը, լիազորված դեպարտամենտը 15 օրացուցային օրվա ընթացքում կազմում է համապատասխան արձանագրություն և պատրաստում է Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների առկայության վերաբերյալ եզրակացություն։
17. Ընդհանուր ժամկետը չի ներառում Հանձնաժողովի կողմից հիմնավորված դիրքորոշում ստանալու օրվանից մինչև Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների բացակայության հարցով փորձագիտական խորհրդակցությունների արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունը անդամ պետություններ ուղարկելու օրն ընկած ժամանակահատվածը։
18. Պայմանագրի, Միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթներին անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համապատասխանության մշտադիտարկման ընթացքում արգելքի նշանների հայտնաբերման դեպքում Կոլեգիայի լիազորված անդամը Միության ներքին շուկայում արգելքի հնարավոր առաջացման մասին տեղեկացնում է այն անդամ պետությանը, որտեղ պլանավորվում է ընդունել նորմատիվ իրավական ակտը:
19. Միության ներքին շուկայում արգելքի և (կամ) սահմանափակման նշանների առկայության վերաբերյալ եզրակացությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
ա) դիմումի առարկան.
բ) դիմումի ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացված միջոցառումները.
գ) անդամ պետությունների դիրքորոշումները (առկայության դեպքում).
դ) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների դիրքորոշումները․
ե) դիմումի առարկայի վերլուծության արդյունքները․
զ) Անդամ պետություններում նույնանման (նմանատիպ, համանման) իրավունքի նորմի և իրավակիրառ պրակտիկայի առկայության (բացակայության) մասին տեղեկատվություն.
է) լրացուցիչ տեղեկությունները (առկայության դեպքում)․
ը) արգելքի և (կամ) սահմանափակման նշանների առկայության մասին եզրահանգումները.
20. Այն դեպքում, երբ արգելքի նշանների առկայության վերաբերյալ եզրակացություն պատրաստելիս լիազորված դեպարտամենտն այլ անդամ պետությունների օրենսդրության մեջ հայտնաբերում է նույնանման (նմանատիպ, համանման) իրավունքի նորմ և (կամ) համապատասխան իրավակիրառ պրակտիկա, հարցը քննարկվում է առանձին կարգով՝ սույն մեթոդաբանությանը համապատասխան։
21. Սույն մեթոդաբանության 4-րդ կետում նշված տեղեկությունների ուսումնասիրման ընդհանուր ժամկետը՝ լիազորված դեպարտամենտի կողմից դրանք ստանալու օրվանից մինչև Կոլեգիայի լիազորված անդամի կողմից նյութերը Հանձնաժողովի կոլեգիայի՝ Միության ներքին շուկայում արգելքի կամ սահմանափակման նշանների առկայության հարցով նիստի օրակարգի նախագծում ընդգրկելու համար ուղարկելու օրը, չպետք է գերազանցի 60 օրացուցային օրը։
V. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից Միության ներքին շուկայում արգելքների և սահմանափակումների վերաբերյալ հարցերի քննարկում և դրանց ներառում արգելքների ռեեստրում ու սահմանափակումների ռեեստրում
22. Արգելքի նշաններ ունեցող խոչընդոտի առնչությամբ լիազորված դեպարտամենտը պատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ անդամ պետությանը Միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրերն իրագործելու անհրաժեշտության մասին ծանուցելու վերաբերյալ որոշման, և (կամ) Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Հանձնաժողովի որոշումների նախագիծ՝ նշելով այն ժամկետը, որի ընթացքում անդամ պետությանն առաջարկվում է ձեռնարկել արգելքի վերացմանն ուղղված միջոցներ, իսկ Կոլեգիայի լիազորված անդամն ուղարկում է այս հարցի վերաբերյալ նյութեր՝ դրանք Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգի նախագծում ընդգրկելու համար՝ Միության ներքին շուկայում արգելքի նշանների առկայության վերաբերյալ եզրակացությունն անդամ պետությունների կառավարություններ ուղարկելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում։
23. Սահմանափակման նշաններ ունեցող խոչընդոտի առնչությամբ լիազորված դեպարտամենտը պատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ որպես սահմանափակում խոչընդոտի որակավորման վերաբերյալ որոշման նախագիծը, իսկ Կոլեգիայի լիազորված անդամն ուղարկում է այս հարցի վերաբերյալ նյութեր՝ դրանք Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգի նախագծում ընդգրկելու համար՝ Միության ներքին շուկայում սահմանափակման նշանների առկայության վերաբերյալ եզրակացությունն անդամ պետությունների կառավարություններ ուղարկելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում։
24. Իրավական դեպարտամենտը կատարում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում անդամ պետության կողմից պարտավորության կատարման և, որպես սահմանափակում՝ խոչընդոտի որակավորման վերաբերյալ որոշումների նախագծերի իրավական փորձաքննություն՝ այդ նախագծերը իրավական դեպարտամենտ ներկայացնելու օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում:
25. Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգի նախագծում ընդգրկելու համար խոչընդոտի առկայության վերաբերյալ նյութերն ուղարկելու օրվանից ոչ ուշ, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, լիազորված դեպարտամենտը կազմակերպում է անդամ պետությունների պետական մարմինների ղեկավարների տեղակալների մասնակցությամբ խորհրդակցության անցկացումը՝ խոչընդոտների վերացմանն ուղղված որոշումներ մշակելու և դրանց իրականացման ժամկետները սահմանելու նպատակով։
Եթե այն անդամ պետությունը, որի առնչությամբ քննարկվում է արգելքի նշանների առկայության հարցը, համաձայն է արգելքի նշաններով խոչընդոտը վերացնելու անհրաժեշտության հետ և պատրաստ է վերացնել այդ խոչընդոտը 6 ամիսը չգերազանցող ժամկետում, ապա այդ անդամ պետությունը Հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկման է ներկայացնում համապատասխան հիմնավորված դիրքորոշումը՝ խոչընդոտը վերացնելու հնարավոր մոտեցումների նկարագրությամբ:
Կոլեգիայի լիազորված անդամը Հանձնաժողովի կոլեգիայի նիստում ներկայացնում է արգելքի նշաններով խոչընդոտի որակավորման առնչությամբ հարցի քննարկումը՝ խորհրդակցության ընթացքում համաձայնեցված, բայց 6 ամիսը չգերազանցող ժամկետով հետաձգելու վերաբերյալ արձանագրային գրառում ընդունելու մասին առաջարկություն։
Հանձնաժողովն ապահովում է սույն մեթոդաբանության 8-րդ կետում նշված տեղեկատվական ռեսուրսում արգելքի նշաններ ունեցող այն խոչընդոտները հաշվի առնելը, որոնց առնչությամբ Հանձնաժողովի կոլեգիայի քննարկման վերջնաժամկետը հետաձգվել է՝ կապված անդամ պետությունների կողմից դրանց վերացմանը ուղղված միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության հետ։
Սույն կետի երրորդ պարբերության մեջ նշված ժամկետի ավարտից 30 օրացուցային օր առաջ հարցը կրկին ընդգրկվում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգում, իսկ Կոլեգիայի լիազորված անդամն համապատասխան թարմացված նյութերն ուղարկում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին։
Արգելքի նշաններով խոչընդոտի վերացմանն ուղղված միջոցների ընդունման մասին Հանձնաժողովին տեղեկացնելն անդամ պետության կողմից իրականացվում է նախապես, բայց ոչ ուշ, քան Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրվանից 10 օրացուցային օր առաջ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել անդամ պետության կողմից Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում պարտավորությունների կատարման հարցը։
26. Արգելքները ընդգրկվում են Միության ներքին շուկայում արգելքների ռեեստրում՝ Հանձնաժողովի կոլեգիայի ուժի մեջ մտած՝ անդամ պետության (անդամ պետությունների) կողմից Միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրերի և (կամ) սույն մեթոդաբանության 22-րդ կետով նախատեսված՝ Հանձնաժողովի որոշումների կատարման անհրաժեշտության մասին որոշման հիման վրա։
27. Սահմանափակումներն ընդգրկվում են Միության ներքին շուկայում սահմանափակումների ռեեստրում՝ հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝
ա) Հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժի մեջ մտած որոշումը, որին համապատասխան խոչընդոտը որակվում է որպես սահմանափակում.
բ) Միության մարմինների այնպիսի այլ ակտերի ընդունում, որոնք պարունակում են խոչընդոտի որակավորումը՝ որպես սահմանափակում:
28. Կոլեգիայի լիազորված անդամն ապահովում է խոչընդոտների և սահմանափակումների վերացման ընթացքի մշտադիտարկման անցկացումը։
Կոլեգիայի լիազորված անդամը առնվազն տարին մեկ անգամ Հանձնաժողովի խորհրդի նիստում զեկուցում է անդամ պետությունների կողմից Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում արգելքների և սահմանափակումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքների մասին:
VI. Արգելքները և սահմանափակումները վերացված ճանաչելու կարգը
Արգելքներ
29. Անդամ պետությունները տեղեկացնում են Հանձնաժողովին՝
ա) արգելքների վերացմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի ընդունման մասին.
բ) անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից արգելքների առաջացմանը հանգեցրած գործողությունները (անգործությունը) դադարեցնելու, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության մարմինների պաշտոնական կայքերում պարզաբանումների և (կամ) այդ գործողությունների (անգործության) դադարեցման վերաբերյալ տեղեկատվության տեղադրման մասին։
30. Լիազորված դեպարտամենտը Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած՝ արգելքների վերացման մշտադիտարկման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա կամ արգելքների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին անդամ պետությունների կողմից տեղեկատվություն ստանալու դեպքում այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում Կոլեգիայի լիազորված անդամի ստորագրությամբ այն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ և անդամ պետությունների լիազորված մարմիններ:
31. Արգելքի վերացմանն ուղղված միջոցի ընդունման և Կոլեգիայի լիազորված անդամի՝ արգելքը վերացված ճանաչելու հնարավորության մասին դիրքորոշման առկայության վերաբերյալ տեղեկատվություն ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների կողմից առարկությունների բացակայության դեպքում (հաշվի առնելով Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների դիրքորոշումները) արգելքը համարվում է հանված։ Համապատասխան հարցը տեղեկատվական կարգով ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը: Հանձնաժողովի կոլեգիայի արձանագրային գրառման հիման վրա նշված արգելքը հանվում է Միության ներքին շուկայում արգելքների ռեեստրից։
32. Արգելքի վերացմանն ուղղված միջոցի ընդունման և (կամ) Կոլեգիայի լիազորված անդամի՝ արգելքը չհանված ճանաչելու մասին դիրքորոշման առկայության վերաբերյալ տեղեկատվություն ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների կողմից առարկություններ ներկայացնելու դեպքում լիազորված դեպարտամենտը անդամ պետությունների այդ առարկություններն ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում է փորձագիտական խորհրդակցություններ՝ արգելքը վերացված ճանաչելու հարցը քննարկելու համար։
Փորձագիտական խորհրդակցությունների արդյունքների հետ կապված տարաձայնությունների դեպքում լիազորված դեպարտամենտը ոչ ուշ, քան այդ խորհրդակցությունների անցկացման օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների պետական մարմինների ղեկավարների տեղակալների մասնակցությամբ խորհրդակցություններ է կազմակերպում՝ արգելքը վերացված ճանաչելու համար ձեռնարկված միջոցների բավարար լինելը գնահատելու համար։
33. Այն դեպքում, երբ խորհրդակցությունների արդյունքներով արգելքը վերացված ճանաչելու մասին համաձայնեցված որոշում առկա չէ, Կոլեգիայի լիազորված անդամը նյութեր է ուղարկում Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին՝ արգելքը վերացված ճանաչելու հարցով Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգի նախագծում դրանք ընդգրկելու համար:
Եթե Հանձնաժողովի կոլեգիան կայացնում է արգելքը վերացված ճանաչելու մասին որոշում, ապա այն հանվում է արգելքների ռեեստրից, իսկ եթե Հանձնաժողովի կոլեգիան կայացնում է արգելքը վերացված ճանաչելու մասին որոշում, ապա այն մնում է արգելքների ռեեստրում։
Սահմանափակումները
34. Սահմանափակումը վերացված ճանաչելու նպատակով Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասության շրջանակներում է այդ սահմանափակումը, Կոլեգիայի լիազորված անդամին ուղարկում է նախնական եզրակացություն՝ սահմանափակումը վերացնելուն ուղղված միջոցների իրականացման վերաբերյալ՝ կցելով փաստաթղթեր (նյութեր) այդ միջոցների իրագործումն ավարտելուց հետո դրանց իրագործման համար նախատեսված ժամկետը լրանալու օրվանից 7 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։ Նախնական եզրակացությունը, ի թիվս այլնի, պետք է պարունակի եզրահանգումներ՝ համապատասխան սահմանափակումը վերացնելու համար իրագործված միջոցների բավարար (ոչ բավարար) լինելու վերաբերյալ։
35. Կոլեգիայի լիազորված անդամն ուսումնասիրում է սույն մեթոդաբանության 34-րդ կետով նախատեսված եզրակացությունը, անհրաժեշտության դեպքում անցկացնում է խորհրդակցություն Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև անդամ պետությունների մասնակցությամբ և այդ եզրակացությունն ստանալու օրվանից 15 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում անդամ պետությունների կառավարություններ է ուղարկում Հանձնաժողովի՝ սահմանափակումը վերացված ճանաչելու վերաբերյալ հիմնավորված եզրակացությունը՝ կցելով Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների դիրքորոշումները։ Անդամ պետություններն ապահովում են սահմանափակումների վերացման հարցի վերաբերյալ դիրքորոշման հայտնումը Հանձնաժողովի հիմնավորված եզրակացությունն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։ Նշված ժամկետում հիմնավորված առարկությունների բացակայության կամ անդամ պետությունների կողմից առարկություններ չներկայացնելու դեպքում Կոլեգիայի լիազորված անդամը ներկայացնում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ սահմանափակումը վերացված ճանաչելու մասին որոշման նախագծի վերաբերյալ հարցը Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն։
36. Անդամ պետությունների կողմից հիմնավորված առարկություններ ներկայացնելու դեպքում լիազորված դեպարտամենտը դրանք ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում է փորձագիտական խորհրդակցություններ՝ սահմանափակումը վերացված ճանաչելու հարցը քննարկելու համար։
Նշված փորձագիտական խորհրդակցությունների օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում լիազորված դեպարտամենտը կազմակերպում է անդամ պետությունների պետական մարմինների ղեկավարների տեղակալների մասնակցությամբ խորհրդակցություններ՝ սահմանափակումը նախնական վերացված ճանաչելու համար։
Եթե խորհրդակցությունների արդյունքներով սահմանափակումները վերացված ճանաչելու վերաբերյալ տարաձայնություններ չեն առաջանում, ապա Կոլեգիայի լիազորված անդամը ներկայացնում է առաջարկություն՝ Հանձնաժողովի կոլեգիայի՝ սահմանափակումը վերացված ճանաչելու մասին որոշման նախագծի վերաբերյալ հարցը Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ։
Եթե խորհրդակցությունների արդյունքներով սահմանափակումը վերացված ճանաչելու վերաբերյալ դեռևս տարաձայնություններ են պահպանվում, ապա սահմանափակումը վերացված ճանաչելու հարցը քննարկվում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստում։
Եթե Հանձնաժողովի կոլեգիան կայացնում է սահմանափակումը վերացված ճանաչելու մասին որոշում, ապա այն հանվում է սահմանափակումների ռեեստրից։
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների որակավորման և արգելքներն ու սահմանափակումները վերացված ճանաչելու մեթոդաբանության (առաջարկվող ձև ) |
ԴԻՄՈՒՄ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԽՈՉԸՆԴՈՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Դիմումատու _______________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական մարմինը, կազմակերպության
անվանումը, ֆիզիկական անձի Ա.Ա.Հ.-ն
1 Խնդրի նկարագրությունը ___________________________________________________________
2 Կարգավորման ոլորտը _____________________________________________________________
3 Եվրասիական տնտեսական միության իրավունքի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության այն նորմերի մասով նշում, որոնց կիրառման (չկիրառման) կապակցությամբ առաջացել է խոչընդոտ
_____________________________________________________________________________________
4․ Տեղեկատվություն պետական իշխանության մարմինների և (կամ) դատական ատյանների կողմից խոչընդոտի վերաբերյալ տեղեկությունների քննարկման մասին (առկայության դեպքում) ___________________________________
5․ Տեղեկատվություն փոխադարձ առևտրում խոչընդոտների ազդեցության տնտեսական գնահատման վերաբերյալ (առկայության դեպքում
____________________________________________________________________________________
6. Այլ տեղեկություններ____________________________________________________________
Ծանոթագրություն. |
Դիմումին կցվում են նաև այն փաստաթղթերի (նյութերի) (առկայության դեպքում) պատճենները, որոնք առնչվում են խոչընդոտին և որոնցով հաստատվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի խախտումը (այդ թվում՝ հաստատվում է ձևավորված իրավակիրառ պրակտիկայի առկայությունը)։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: