ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1993 թվականի N 583
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում բնակչության կենսագործունեությունը և տնտեսության կարևորագույն օբյեկտների գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության շրջաններում, քաղաքներում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) էլեկտրական ու ջերմային էներգիայի և գազի օգտագործման չափաքանակներն ու ռեժիմները սահմանում է օպերատիվ կառավարման հանրապետական շտաբը` ելնելով կոնկրետ վառելիքաէներգետիկ իրավիճակից:
2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) համապատասխան էլեկտրական ցանցերի ձեռնարկությունների հետ կազմել բնակչության էլեկտրամատակարարման գրաֆիկները` ըստ հատկացված էլեկտրաէներգիայի օրական սահմանաքանակի.
բ) ստեղծել հանձնախմբեր և սահմանել շուրջօրյա հերթապահություն` բնակչության և կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման գրաֆիկներն ապահովելու համար:
3. Սահմանել, որ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից`
ա) էլեկտրական ու ջերմային էներգիայի օրական և ամսական սահմանաքանակների և սահմանված էլեկտրական հզորության 10 տոկոսից գերազանցումներն առաջացնում են տուգանքի նշանակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով, իսկ սահմանված չափաքանակներից ավելի ծախսված էլեկտրական և ջերմային էներգիայի վճարը գանձվում է սահմանվածի 10-պատիկի չափով.
բ) էլեկտրական և ջերմային ցանցերին ու գազատարներին առանց թույլտվության միացնելը, իրենց օբյեկտներում ապօրինաբար երկրորդ սնուցում անցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով:
Մինչև տուգանքի վճարումը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության կողմից թույլտվություն ստանալը դադարեցվում են տվյալ օբյեկտի էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջերմամատակարարումը:
Նշված խախտումները կրկնելն առաջացնում է տուգանքի նշանակում սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության կողմից իրականացվող էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի սպառման ռեժիմների ստուգումներին խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով:
Մինչև տուգանքի վճարումը և էներգապետհսկողության կողմից թույլտվություն ստանալը դադարեցվում են տվյալ օբյեկտների էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջերմամատակարարումը:
5. Էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի սպառող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների բաշխիչ սարքավորումներից, ինչպես նաև էներգահամակարգի օբյեկտների բաշխիչ սարքավորումներից այլ սպառողների ապօրինի միացումներն այդ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կարգով:
(5-րդ կետը փոփ. 18.02.95 N 76)
6. Սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված տուգանքները նշանակվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության տարածքային մարմինների կողմից:
Սահմանել, որ էներգապետհսկողության տեսուչների կողմից ներկայացված խախտումների արձանագրությունների հիման վրա, սույն որոշմամբ նշանակված տուգանքների գանձումը կատարվում է էներգապետհսկողության կողմից:
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գրաֆիկով չնախատեսված օբյեկտների ապօրինի միացումներ թույլ տված էլեկտրական ցանցերի ձեռնարկությունների աշխատողներին պատասխանատվության ենթարկելու համար:
8. Էներգամատակարարող ձեռնարկությունների ղեկավարները պատասխանատվություն են կրում ձեռնարկություններին պատկանող էլեկտրական և ջերմային ցանցերի ու գազատարների ապօրինի միացումների, ինչպես նաև օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի սպառման չափաքանակների և սահմանված ռեժիմների խախտումների համար:
9. Սույն որոշմամբ նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության կենտրոնացված ֆոնդ, որի մինչև 10 տոկոսը նախարարության կողմից հատկացվում է էներգապետհսկողության աշխատողների նյութական խրախուսման համար:
10. Պատգամավորների Արտաշատի, Արարատի, Աշտարակի և Արմավիրի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ի ենթակայությանը հանձնել համապատասխան էլեկտրական ցանցերի ձեռնարկությունները և սահմանված կարգով ավարտել այդ ձեռնարկությունների գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնում-ընդունումը:
11. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` հրատապ պահանջների և վթարների դեպքում առանձին օբյեկտների արտահերթ էլեկտրասնուցման ապահովման նպատակով իրենց տրամադրության տակ ունենալ շարժական էլեկտրակայաններ` համապատասխան սպասարկող անձնակազմով:
12. Թույլատրել հանրապետության կենցաղսպասարկման օբյեկտների և խանութների էլեկտրամատակարարումը կատարել բնակչության համար նախատեսված գրաֆիկով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |