ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. | ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները, ինչպես նաև կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 2. | ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Սահմանամերձ տարածաշրջանների հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
ՀՈԴՎԱԾ 3. | ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ |
1. Սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականությունն իրականացվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր):
2. Համալիր ծրագրի նպատակն է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության բարձրացումը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացումը:
3. Համալիր ծրագրի նախագիծը կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը: Համալիր ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը:
4. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանում է կառավարությունը: Դրանք արտացոլվում են սահմանամերձ տարածաշրջանների մասին տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր):
5. Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:
(3-րդ հոդվածը խմբ. 26.06.02 ՀՕ-390-Ն)
ՀՈԴՎԱԾ 4. | ՀԱՄԱԼԻՐ և ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՆՑ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
1. Համալիր և Տարեկան ծրագրերը ներառում են`
ա) ծրագրերի հիմնական խնդիրները.
բ) նախատեսված աշխատանքների ծավալները` ըստ սահմանամերձ տարածաշրջանների և դրանցում գտնվող բնակավայրերի.
գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.
դ) ծրագրերի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնայնությունները.
ե) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանվածից բացի, Համալիր ծրագիրը ներառում է նաև`
ա) սահմանամերձ տարածաշրջանների ցանկը` ըստ բնակավայրերի.
բ) տեղեկանք սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանական, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական իրավիճակի մասին.
գ) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.
դ) անհրաժեշտության դեպքում սահմանամերձ տարածաշրջանների բնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները:
3. Տարեկան ծրագիրը ներառում է նաև նախատեսված աշխատանքների ընթացքի և սպասվելիք կատարողականի վերլուծությունը:
4. Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:
5. Համալիր և Տարեկան ծրագրերը մշակվում են դրանց համապատասխանության ապահովման, ծրագրային աշխատանքների և դրանց ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, Համալիր և Տարեկան ծրագրերի համադրելիության և հաշվետվության սկզբունքների պահպանմամբ:
ՀՈԴՎԱԾ 5. | ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ |
(վերնագիրը փոփ. 26.06.02 ՀՕ-390-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 26.06.02 ՀՕ-390-Ն)
2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաշվետվություն:
3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասն է:
4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածի առաջին կետով սահմանված դրույթների շուրջ վերլուծականներ և Տարեկան ծրագրի կատարման գնահատականը:
5. Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում, որի կատարման ժամկետը չի կարող գերազանցել Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը:
6. Տարեկան ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության նպատակով Ազգային ժողովում կազմակերպվում են խորհրդարանական լսումներ` ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ:
(5-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.06.02 ՀՕ-390-Ն)
ՀՈԴՎԱԾ 6. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |