Գլխավոր տեղեկություն
Номер
N 1130-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.1023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2013
Дата вступления в силу
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ԵՎ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 06.07.23 N 1108-Ն) 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման իրավասությունը վերապահել Պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների մասով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Ազգային անվտանգության ծառայությանը:

(2-րդ կետը փոփ. 06.05.21 N 709-Ն) 

3. Սահմանել, որ նախքան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերից և շինություններից մինչև 500 մետր հեռավորությամբ գտնվող` պետական սեփականություն հանդիսացող այլ շենքերի ու շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալը 15 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության դրական կարծիքը։ Հայաստանի Հանրապետության համայնքների և Երևան քաղաքի վարչական տարածքներում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ ճանաչված շենքերի ու շինությունների համար 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրական կարծիքը:

(3-րդ կետը խմբ. 06.05.21 N 709-Ն)

4. Հանձնարարել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնել ու հաստատել սույն որոշմամբ նախատեսված իրավահարաբերությունների կարգավորման տիպային պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) ձևը և առաջարկել «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչներին մասնակցել պայմանագրի մշակման աշխատանքներին:

(4-րդ կետը փոփ. 06.05.21 N 709-Ն) 

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում համատեղ հրամանով հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված վարձավճարների բաշխման կարգը:

(5-րդ կետը փոփ. 06.05.21 N 709-Ն) 

6. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու նպատակով էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների կողմից կնքված պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ տվյալ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված կարգով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ԵՎ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ այն շենք և շինության, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար) տանիքներին ու ձեղնահարկերում այդ թվում՝ առանձին կառուցված աշտարակների վրա կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 06.05.21 N 709-Ն) 

1.1. Սույն կարգի դրույթները չեն տարածվում պետական մասնակցությամբ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու հետ կապված հարաբերությունների վրա:

(1.1-ին կետը լրաց. 06.05.21 N 709-Ն) 

2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում (այսուհետ՝ տարածք) կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու համար տարածքներն օգտագործման են տրամադրվում ուղղակի ձևով:

3. Էլեկտրոնային հաղորդակցության օպերատորի (այսուհետ՝ դիմումատու) և (կամ) էլեկտրոնային հաղորդակցության մի քանի օպերատորների (միասին՝ դիմումատուներ) կողմից համատեղ՝ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայման մասին դիմում ստանալու դեպքում Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների մասով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ` համապատասխան իրավասու մարմին) դիտարկում են տվյալ տարածքում կապի սարքավորումների տեղակայման և համատեղ շահագործման հնարավորության հարցը:

(3-րդ կետը փոփ. 06.05.21 N 709-Ն) 

4. Համապատասխան իրավասու մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում և azdarar.am կայքում տեղադրում է այն տարածքների ցանկը, որտեղ տեխնիկական ու տարածքային պայմանները թույլ են տալիս տեղադրել և շահագործել կապի սարքավորումներ, սակայն էլեկտրոնային հաղորդակցության ոչ մի օպերատորի կողմից այդ տարածքների օգտագործման մասին դիմում չի ներկայացվել: Դիմումատուների կողմից այդպիսի տարածքներում կապի սարքավորումներ տեղադրելու և շահագործելու մասին ներկայացված դիմումները քննարկվում են սույն կարգին համապատասխան:

5. Դիմումատուն (դիմումատուները) դիմումը ներկայացնում է համապատասխան իրավասու մարմին` դրանում նշելով իրավաբանական անձի պետական գրանցման և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը և դիմումին կցելով`

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի պատճենը.

2) տեղակայվելիք սարքավորման (այդ թվում՝ օժանդակ հարմարանքների) հետևյալ ֆիզիկական չափորոշիչները` բարձրությունը, քաշը, այն մակերեսը, որը կարող է տեղադրվելուց հետո զբաղեցնել սարքավորումը (տեխնիկական տվյալները` ներառյալ օգտագործվող հաճախականությունը, հաղորդակի հզորությունը և ճառագայթման դիագրամը), ինչպես նաև սարքավորման սպասարկման համար անհրաժեշտ տարածքը (քառակուսի մետրով).

3) ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների աղբյուր հանդիսացող տեղակայվող սարքավորման սանիտարապահպանման գոտու հաշվարկ՝ նախագծի շահագործումը թույլ տալու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված դրական եզրակացությունը.

4) պայմանագրի գործողության առաջարկվող ժամկետի մասին որոշումը:

(5-րդ կետը խմբ. 06.05.21 N 709-Ն) 

6. Դիմումներն ու սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, էլեկտրոնային կամ փոստային տարբերակով, ընդ որում, փոստային տարբերակով պատվիրված դիմումների դեպքում համապատասխան իրավասու մարմնում մուտքագրվելու ժամկետը հավաստվում է փոստային առաքիչի կողմից ներկայացվող N 8 ձևի գրքում` համապատասխան իրավասու մարմնի ստորագրությամբ, ինչպես նաև ծանուցման թերթիկում, եթե դիմումատուն պատվիրել է նման ծառայություն:

(6-րդ կետը փոփ. 06.05.21 N 709-Ն) 

7. Դիմումն ստանալուց հետո համապատասխան իրավասու մարմինը 20 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացնում է տարածքի օգտագործման իրավունքի տրամադրման և նրա հետ պայմանագիր կնքելու որոշման կամ դիմումը մերժելու մասին:

8. Դիմումի բավարարման դեպքում դրա մասին դիմումատուին տեղեկացնող գրությանը կցվում է տիպային պայմանագրի ձևին համապատասխան մշակված՝ ստորագրման առաջարկվող պայմանագրի նախագիծը: Պայմանագիրը պետք է պարունակի պարտադիր դրույթներ կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման գնի, դրա վճարման պայմանների, պայմանագրի գործողության ժամկետի, կնքման օրվա մասին: Ընդ որում, պայմանագրի գործողության ժամկետը պետք է սահմանվի 10 տարի, եթե դիմումատուի կողմից ավելի կարճ ժամկետ չի առաջարկվել: Պայմանագրի կնքման ամբողջ գործընթացը (դիմումի բավարարման օրվանից սկսած) պետք է տևի առավելագույնը 5 աշխատանքային օր:

9. Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն (դիմումատուները) ներկայացնում է տեղեկատվություն սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սարքավորումների մասին, ինչպես նաև 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը, 4-րդ ենթակետով նախատեսված որոշումը, իսկ սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից հետո` նաև համապատասխան նոր լիցենզիայի պատճենը:

10. Դիմումը մերժվում է, եթե`

1) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ տվյալ տարածքում արգելվում է տեղակայել և սպասարկել կապի սարքավորումներ.

2) դիմումատուն օրենքով սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.

3) համաձայնություն տալու և պայմանագիր կնքելու դեպքում կխախտվեն և (կամ) կսահմանափակվեն պայմանագիր ունեցող այլ անձանց իրավունքները, կամ պայմանագրի կատարումը կարող է տեխնիկապես բացասական ազդեցություն ունենալ նրանց գործունեության վրա.

4) ներկայացված փաստաթղթերը թերի են, և չեն կատարվել սույն կարգի 12-րդ կետով նախատեսված պահանջները:

11. Դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու հիմքով դիմումը մերժվում է, եթե համապատասխան իրավասու մարմնի կողմից դրա մասին պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը:

12. Եթե սույն կարգի 10-րդ կետում նշված մերժման հիմքերն սպառիչ են, և ներկայացված դիմումը չի կարող մերժվել այլ պատճառաբանությամբ, ապա դիմումի մերժումը պետք է հիմնավորված լինի համապատասխան եզրակացությամբ:

13. Պայմանագիր կնքած անձանց՝ շահագործման տրամադրված տարածք մուտք գործելու (անցագրային ռեժիմ, ըստ անհրաժեշտության` շուրջօրյա մուտքի հնարավորություն և այլն), տեղակայված սարքավորումների էներգասնուցման, վերանորոգման, սպասարկման և այլ անհրաժեշտ գործողությունների իրականացման հետ կապված հարցերը կարգավորվում են պայմանագրով: Ցանկացած դեպքում պայմանագիր կնքած անձը պետք է հնարավորություն ունենա պատշաճ կերպով շահագործելու տեղակայված կապի սարքավորումները:

14. Սույն կարգի 10-րդ կետում նշված հանգամանքների ստուգման նպատակով՝ մինչև դիմումատուի հետ պայմանագրի կնքումը համապատասխան իրավասու մարմինը շենքը կամ շինությունը տիրապետող և (կամ) օգտագործող պետական մարմնի և շահագրգիռ մարմինների հետ համատեղ կարող է ուսումնասիրություն իրականացնել:

15. Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման համար ամսական վճարի չափը սահմանվում է հետևյալ բանաձևով՝

 

Վտ = [( Ակ / Տը ) / 12] x Տօգտ x0.5,

 

որտեղ՝

Վտ -ն ամսական վճարի չափն է (հաշվարկային վարձավճարը)՝ արտահայտված դրամով,

Ակ -ն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն է՝ արտահայտված դրամով,

Տը -ն շենքի (շինության) անշարժ գույքի սեփականության վկայականում արտացոլված ընդհանուր մակերեսն է (քառակուսի մետրով),

Տօգտ -ն կապի սարքավորումների փաստացի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված տարածքի (տարածքների) մակերեսն է (քառակուսի մետրով),

12-ը տարվա ամիսների թիվն է:

(15-րդ կետը լրաց., փոփ. 06.05.21 N 709-Ն) 

16. Եթե սույն կարգի 15-րդ կետով սահմանված բանաձևով հաշվարկված վարձավճարի մեծությունն ստացվում է ավելի փոքր, քան` տվյալ շենքում (շինությունում) նույն տարածքի օգտագործման համար կնքված գործող պայմանագրով (պայմանագրերով) սահմանված վարձավճարի մեծությունը, ապա հաշվարկային վարձավճարի չափը սահմանվում է վերջին պայմանագրով (պայմանագրերով) սահմանված ամենաբարձր վճարի չափից ոչ պակաս:

(16-րդ կետը փոփ. 06.05.21 N 709-Ն) 

17. Մեկից ավելի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի օպերատորների կողմից կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման նպատակով մեկ պասիվ ենթակառուցվածքի (աշտարակներ, կայմեր և ձողեր) համատեղ օգտագործման դեպքում սույն կարգի 2-րդ կետում նշված տարածքներում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման համար ամսական վճարի չափի նկատմամբ կիրառվում են նվազեցնող գործակիցներ` հետևյալ սկզբունքով`

1) պայմանագիր կնքած երկու անձանց դեպքում՝ 0,8 գործակից` պայմանագրի յուրաքանչյուր կողմի համար.

2) պայմանագիր կնքած երեք և ավելի անձանց դեպքում՝ 0,6 գործակից` պայմանագրի յուրաքանչյուր կողմի համար:

18. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված վարձավճարը (այսուհետ՝ սկզբնական վարձավճար) բաշխվում է հետևյալ համամասնություններով՝

1) Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սպասարկվող շենքերում և շինություններում սկզբնական վարձավճարի 100 տոկոսը հատկացվում է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) մյուս կազմակերպությունների կողմից սպասարկվող շենքերում և շինություններում սկզբնական վարձավճարի 90 տոկոսը հատկացվում է տվյալ շենքը, շինությունը սպասարկող կազմակերպություններին (եթե այդպիսիք առկա են) կամ իրավասու մարմնին, իսկ 10 տոկոսը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

3) սույն կարգով հաշվարկված՝ պայմանագրով սահմանված վարձավճարի և սկզբնական վարձավճարի մեծության դրական տարբերության 10 տոկոսը հատկացվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, 40 տոկոսը՝ տվյալ շենքը, շինությունն սպասարկող կազմակերպությանը կամ իրավասու մարմնին, իսկ 50 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվին:

(18-րդ կետը փոփ. 06.05.21 N 709-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 06.05.21 N 709-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2023, N 1108-Ն 07.07.2023, N 1130-Ն
06.05.2021, N 709-Ն 17.05.2021, N 1130-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան