Տես 3-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 157-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝
1) 2-րդ կետում՝
ա․ «(հայտարարագիրը)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի» բառերով,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ․
«2024 թվականի հաշվետու տարվա մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը 2025 կամ 2026 թվականների ընթացքում օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը)։».
2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով․
«2․1․ Սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ, բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված՝ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։».
3) 3-րդ կետում՝
ա. «կողմից» բառից հետո լրացնել «(միջոցներից)» բառով, իսկ «կատարված սոցիալական ծախսերի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի)» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված սոցիալական ծախսերի հիմնավորման նպատակով հիմք է ընդունվում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրված՝ աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Աշակերտների ծնողների վերաբերյալ անձնավորված տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ) կրթության պետական կառավարման լիազոր մարմինն ստանում է բնակչության պետական ռեգիստրից: Յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ անձնավորված տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».
4) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով․
«3․1․ Ատամնաբուժական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունն առողջապահության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացվում է հարկային մարմին։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3․2․ Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված արտադպրոցական ծրագրեր և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ տեղեկատվությունը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացվում է հարկային մարմին։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի, ինչպես նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ատամնաբուժական ծառայությունների ձեռքբերման ծախսերը: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուներն առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով, իսկ ատամնաբուժական ծառայությունների գծով՝ նաև իրենց համար կատարված ծախսերի մասով:».
6) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7. Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները.
2) երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների մասով կատարված ուսման վճարները:
Ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ.
3) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը։»․
7) 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) կրթության գծով սոցիալական ծախսի համար՝
ա․ դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3․000 դրամ,
բ․ ընդհանուր տարեկան առավելագույնը 100.000 դրամը:»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանելու մասին» N 956-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 3-րդ կետը «հաշվարկային փաստաթղթերով» բառերից հետո լրացնել «(Կառավարության սահմանած դեպքերում՝ հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ)» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ վճարումն անկանխիկ եղանակով կատարելու պահանջը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող սոցիալական ծախսերի, ինչպես նաև 2024 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը կատարված՝ ատամնաբուժական ծառայությունների և երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների վրա:
Աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ անձնավորված տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ: Հարկային մարմինը սույն պարբերությամբ ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը երաշխավորված արտադպրոցական ծրագրեր և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ տեղեկատվությունը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը: Հարկային մարմինը սույն պարբերությամբ ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2025 և 2026 թվականների ընթացքում երաշխավորված արտադպրոցական ծրագրեր և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ տեղեկատվությունը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հարկային մարմին է ներկայացվում երաշխավորելու մասին համապատասխան որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը սույն պարբերությամբ ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
14.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2025 թվական:
