ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19367/02/18 2023 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19367/02/18 |
|
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող | Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ս. անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի հունվարի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աղասի Դանիելյանի դատական ակտի վերանայման բողոքը՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Աղասի Դանիելյանի ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք Մարիաննա Գրիգորյանի, «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ), «ՖԼՈՐԵՍ» ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կոմիտե)` պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով նախատեսված իրավունքները փոխանցելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցելու, գումար բռնագանձելու և բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աղասի Դանիելյանը պահանջել է գնորդ Հեղուշ Գալստյանի մասով անվավեր ճանաչել 15.07.2014 թվականին իր և Հեղուշ Գալստյանի միջև կնքված անշարժ գույքի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր)` այդ գործարքով գնորդ Հեղուշ Գալստյանի իրավունքները փոխանցելով Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին ու Սուսաննա Գասպարյանին, գնորդ Էմիլ Զուլոյանի մասով անվավեր ճանաչել 29.05.2015 թվականին երրորդ անձինք Բանկի, Ընկերության և Էմիլ Զուլոյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` այդ գործարքով վերջինիս ստանձնած իրավունքները փոխանցելով Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին և Սուսաննա Գասպարյանին, ուժը կորցրած ճանաչել անշարժ գույքի նկատմամբ կատարված համապատասխան իրավունքների պետական գրանցումների ուժով Երևանի Վրթ. Փափազյան փողոցի թիվ 2/5 բնակելի տուն հասցեում գտնվող՝ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կազմում ներառված՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող Երևանի Վրթ. Փափազյան փողոցի թիվ 2/7 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 854,56քմ մակերեսով տան, 70,6քմ մակերեսով օժանդակ շինության և 126,3քմ մակերեսով խաղասրահի նկատմամբ 17.06.2015 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման ուժով Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը և Երևանի Վրթ. Փափազյան փողոցի թիվ 2/7 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցել Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի ու Սուսաննա Գասպարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանից և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանից ու Սուսաննա Գասպարյանից բռնագանձել Պայմանագրի 4-րդ կետով նախատեսված անշարժ գույքի գինը` 900.000.000 ՀՀ դրամը և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվան հաջորդող յոթերորդ օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ բռնագանձումը տարածելով վերը նշված անշարժ գույքի վրա, իսկ դրա անբավարարության դեպքում` Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին ու Սուսաննա Գասպարյանին պատկանող այլ գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքին համապատասխան բռնագանձում չի տարածվում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մկրտչյան) (այսուհետ՝ Դատարան) 10.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Կարապետյան, դատավորներ Ա. Մխիթարյան, Գ. Խանդանյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2020 թվականի որոշմամբ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի և Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.04.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է: Դատավոր Գ. Խանդանյանը ներկայացրել է հատուկ կարծիք:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2020 թվականի որոշմամբ Աղասի Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքում առկա թերությունը շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1627 որոշմամբ՝ Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով, նշված նորմերը ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող՝ այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի դրան հանգեցրած պատճառաբանությունը:
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք է ներկայացրել Աղասի Դանիելյանը:
2. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Դատական ակտի վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Նոր հանգամանք է Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշումը, որում անդրադառնալով սույն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների սահմանադրականության հարցին, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) եռաստիճան դատական համակարգում նույնիսկ այլ դատական ատյանների համեմատ առանձին դատական ակտերի ձևով կայացվող որոշումների պատճառաբանվածությանն առաջադրվող պահանջի ապահովման առնչությամբ պատճառաբանությունների ծավալը և խորությունը որոշելու հարցում Վճռաբեկ դատարանին վերապահված լայն հայեցողությամբ հանդերձ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ պատճառաբանությունների կամ դատողությունների կամ հիմնավորումների սոսկ եզրահանգումների արձանագրումը չի կարող համարվել դատական ակտի պատճառաբանություն, եթե դատական ակտում շարադրված չէ նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը», ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ «(…) դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում»։
Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ շարադրել է նաև բողոք բերած անձի այն փաստարկները, որոնց ՀՀ վճռաբեկ դատարանը չի անդրադարձել, բայց պետք է անդրադառնար պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ վերաքննիչ բողոքը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դատարանի 10.04.2020 թվականի վճռով բավարարվել է Աղասի Դանիելյանի հայցն ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք Մարիաննա Գրիգորյանի, Բանկի, Ընկերության և Կոմիտեի՝ պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով նախատեսված իրավունքները փոխանցելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցելու, գումար բռնագանձելու և բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին (հատոր 10, գ.թ. 1-108):
2) Վերաքննիչ դատարանը 29.09.2020 թվականի որոշմամբ բավարարել է Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի և Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ նշված վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է (առկա է հատուկ կարծիք) (հատոր 15, գ.թ. 94-133):
3) Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար (հատոր 16-րդ, գ.թ. 143-148):
4) Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա հարուցված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշման եզրափակիչ մասի.
1-ին կետով արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը»,
2-րդ կետով արձանագրվել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Ելնելով վերը նշված իրավանորմերի բովանդակությունից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,
- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ Սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականում անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշվել է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց դիտարկվել է գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը:
Նշված հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի նկատմամբ.
(Ա) Դատարանի 10.04.2020 թվականի վճռով բավարարվել է Աղասի Դանիելյանի հայցն ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք Մարիաննա Գրիգորյանի, Բանկի, Ընկերության և Կոմիտեի՝ պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով նախատեսված իրավունքները փոխանցելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցելու, գումար բռնագանձելու և բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Վերաքննիչ դատարանը 29.09.2020 թվականի որոշմամբ բավարարել է Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի և Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ նշված վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է (առկա է հատուկ կարծիք):
Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Աղասի Դանիելյանը 16.08.2021 թվականին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մասով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Վերահաստատելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջի մասին արտահայտած դիրքորոշումներն ու դրանք կիրառելով խնդրո առարկա վեճի նկատմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«(…) թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի ուսումնասիրությամբ պարզվում է, որ վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այն մեկնաբանմամբ, որ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ՝ որպես դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում, ի թիվս այլնի, նշված՝ (1) վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման կայացման և հրապարակման հարցում ենթադրյալ խախտումների և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների կիրառության, (2) վիճարկվող գործարքում դիմողի կողմից վկայակոչված իր շահագրգռության, (3) դիմողի ներկայացրած ապացույցների՝ իր պնդմամբ բավարարության (4) և խնդրո առարկա ապացույցի արժանահավատության, (5) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դիմողի ներկայացրած ապացույցներից դիմողի պնդմամբ ընտրողաբար մեկի գնահատման, միաժամանակ՝ մյուսների անտեսման, (6) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննվող վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալու մասին փաստարկներին ի պատասխան՝ 2021 թվականի փետրվարի 19-ի որոշումը պարունակում է միայն դատական ակտի հնարավոր պատճառաբանության եզրահանգումների արձանագրումն առ այն, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն եղել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար՝ առանց շարադրելու այդ եզրահանգման հիմքում ընկած դատողությունների ընթացքը։ Այսինքն՝ առանց անդրադառնալու դիմողի կողմից վճռաբեկ բողոքում նույն բողոքը վարույթ ընդունելու համար նշված փաստարկների վերաբերելիության և բավարարության մասին Վճռաբեկ դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ կատարված եզրահանգումների իրավաչափությանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում։ Հետևաբար՝ դիմողի գործով Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող իրավական դրույթները մեկնաբանվել և կիրառվել են Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»։
Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշման եզրափակիչ մասի.
1-ին կետով արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը»,
2-րդ կետով արձանագրվել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
(Ա.1) Սահմանադրական դատարանի եզրահանգումը համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է, իսկ 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Սահմանադրական դատարանն իր 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ անդրադարձել է ՀՀ Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով պայմանավորված՝ վերջինիս լիազորությունների և դրանց իրականացման ընթացակարգերի գնահատմանը: Սահմանադրական դատարանը մասնավորապես արձանագրել է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն:
Վկայակոչելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականը՝ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նաև արձանագրել է, որ երրորդ ատյանի դատարանում բողոքները պետք է վերաբերեն այնպիսի գործերի, որոնք բխում են այդ դատական ատյանի դերից, օրինակ, այնպիսի գործեր, որոնք «...կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միատեսակ մեկնաբանմանը: Այդ շրջանակը կարող է սահմանափակվել այնպիսի գործերով բողոքարկումներով, որոնք առնչվում են ամբողջ հասարակության համար նշանակություն ունեցող իրավունքի հարցերին» (հոդվ. 7): Դիմողից պետք է պահանջվի հիմնավորել, թե ինչով է իր գործը նպաստելու հասնել այդ նպատակներին:
Արդյունքում Սահմանադրական դատարանը հանգել է այն եզրակացության, որ «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի խնդիրը չէ քննության ընդունել ցանկացած բողոք, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (…) պահանջներին համապատասխան պարզել ու գնահատել բողոքատու անձանց փաստարկների բնույթը, իրավական նշանակությունը և կայացնել պատճառաբանված որոշում: Վճռաբեկ վարույթում բողոքատու անձանց առջև ՀՀ վճռաբեկ դատարանի կարգավիճակով պայմանավորված իրավական պահանջների առաջադրումը` կապված բողոքի բովանդակության, դրա հիմնավորման և ներկայացման կարգի հետ, իրենց հիմնական բովանդակությամբ տարբերվում են վերաքննիչ վարույթում գործող կարգից: Այդ պահանջներն առնչվում են իրավունքի, դրա մեկնաբանման ու իրացման, այլ ոչ թե փաստերի ձեռքբերման, նախնական հետազոտման ու գնահատման հետ»:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը ևս ընդգծում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրաիրավական կարգավիճակը վերջինիս համար չի առաջացնում ցանկացած բողոք վարույթ ընդունելու և քննելու պարտականություն: Նշված կարգավիճակով պայմանավորված՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ունի անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն, որը վերջինս պետք է կատարի պատճառաբանված դատական ակտ կայացնելու միջոցով:
(Ա.2) Նախքան դատական ակտին ներկայացվող պատճառաբանվածության պահանջին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ ներկայացված վճռաբեկ բողոքների կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումներին:
Անդրադառնալով նշված հարցին՝ Սահմանադրական դատարանը 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացնում է երկու տեսակի որոշումներ: Առաջինն այն որոշումներն են, որոնք կայացվում են առանց բողոքն ըստ էության քննելու: Դրանք են՝ բողոքը վերադարձնելու մասին, 2) բողոքն առանց քննության թողնելու մասին, 3) բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին, 4) բողոքը վարույթ ընդունելու մասին: Երկրորդն այն որոշումներն են, որոնք Վճռաբեկ դատարանը կայացնում է բողոքը վարույթ ընդունելու և քննելու արդյունքում՝ իրացնելով օրենքով սահմանված իր լիազորությունները:
Վճռաբեկ դատարանը նշում է, որ ինչպես արձանագրել է Սահմանադրական դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքն ըստ էության քննում է միայն բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ իրացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար. 2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը։
Նշվածից բխում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացվում է այն դեպքում, երբ բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերը: Ընդ որում, ինչպես վճռաբեկ բողոքը վերադարձնելու (395-րդ հոդվածի 1-ին մաս), առանց քննության թողնելու (396-րդ հոդվածի 1-ին մաս), այնպես էլ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը սպառիչ թվարկված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշում կայացվում է հետևյալ երկու դեպքերում՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և երբ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Ընդ որում, օրենսդիրը հստակեցրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերոհիշյալ երկու հիմքերի դրսևորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե` 1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ. 2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը. 3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝ 1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը. 2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման ժամանակ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում նշված՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի և հիմնավորումների շրջանակում պարզում է, թե արդյոք առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, կամ արդյոք բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, կամ արդյոք դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Միաժամանակ վճռաբեկ բողոքում նշված՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի և հիմնավորումների շրջանակում Վճռաբեկ դատարանը պարզում է նաև, թե արդյոք բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը կամ արդյոք առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հարցերից որևէ մեկի դրական պատասխանի դեպքում միայն Վճռաբեկ դատարանն իրավունք ունի կայացնել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, հակառակի դեպքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում:
Վերոգրյալի հիման Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքի ընդունելիության փուլում կայացվող՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մեջ պետք է արտացոլվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին ՀՀ վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:
Այսինքն՝ մինչ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քննության առարկան վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի և հիմնավորումների գնահատումն է:
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «վճռաբեկ բողոքի հիմքեր և հիմնավորումներ» և «վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում» հասկացություններին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 4-6-րդ կետերի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործի ելքի վրա, վճռաբեկ բողոքի հիմնավորումները՝ վճռաբեկ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
Այսպես, վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներն ու գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումներն են: Այլ կերպ ասած՝ դրանք ստորադաս դատարանի կողմից ենթադրաբար թույլ տրված իրավունքի նորմերի խախտումներն ու դրանց մասին բողոք բերած անձի՝ վճռաբեկ բողոքում շարադրված փաստարկներն են: Մինչդեռ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը սպառիչ թվարկված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածում: Բողոք բերած անձը յուրաքանչյուր դեպքում վճռաբեկ բողոքում պետք է նշի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ այն վարույթ ընդունելու հիմք(եր)ը, նույն հոդվածի 2-րդ և/կամ 3-րդ մասով սահմանված՝ այդ հիմք(եր)ի դրսևորման եղանակներն ու ներկայացնի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ իր վկայակոչած հիմք(եր)ի առկայության մասին հիմնավորումներ: Այսինքն՝ բողոք բերած անձը պետք է հիմնավորի, որ իր ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը նպաստելու է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ որպես դատական ատյանի, առջև դրված նպատակներին հասնելուն. կարող է նպաստել օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառմանը կամ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելուն:
Ըստ այդմ՝ բողոքի ընդունելիության փուլում ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է վճռաբեկ բողոքում նշված՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և հիմնավորումը՝ պարզելով արդյո՞ք առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու կամ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու անհրաժեշտությունը: Մինչդեռ արդեն վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների քննության ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, այսինքն՝ բողոք բերած անձի կողմից ստորադաս դատարանին վերագրված՝ իրավական նորմերի մասին սխալներն ու դրանց հիմնավորումները, ինչի արդյունքում պարզում է դրանց հիմնավորվածությունն ու համապատասխանաբար կիրառում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է արտացոլի ՀՀ վճռաբեկ դատարանի հետևությունը՝ վճռաբեկ բողոքում նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի և հիմնավորման մասին: Մասնավորապես այն միայն պետք է պարունակի ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնավորումներն այն մասին, թե ինչու վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր առկա չեն՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: Բողոքի ընդունելիության փուլում վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չեն քննարկվում, հետևաբար դրանց մասով պատճառաբանություններ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի կարող պարունակել:
(Ա.3) Նշված համատեքստում անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (…) Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` 1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան, 2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), 3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում, 4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, 5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, 6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախևառաջ արձանագրել, որ դատական ակտի օրինականության պահանջը որևէ բացառություն չի նախատեսում, մինչդեռ դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ օրենքով սահմանված պահանջները կիրառելի են ոչ բոլոր դատական ակտերի նկատմամբ՝ հաշվի առնելով դրանց բնույթը, նշանակությունը և մի շարք այլ հանգամանքներ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը յուրաքանչյուր դատական ատյանի դատական ակտերի և նույն ատյանի տարբեր դատական ակտերի համար ունի յուրահատուկ դրսևորում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները ներառված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հիմնական դրույթներ» վերտառությամբ գլխում և որպես հիմնական դրույթ ամրագրում են դատական ակտի պատճառաբանվածության պահանջը (6-րդ հոդված) և բացահայտում դրա բովանդակությունը (9-րդ հոդված)։ Օրենսդիրը նշված պահանջը մանրամասնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ առանձին դատական ակտերին վերաբերող դրույթներում, տվյալ դեպքում՝ 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում՝ փոխկապակցված 397-րդ հոդվածի 2-րդ մասի հետ։
Այս պայմաններում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանված լինելու պահանջը չպետք է ընկալվի սոսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների իմաստով, և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելիս Վճռաբեկ դատարանը կիրառում է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածը և, ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
(Բ) Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ամրագրվել է դիմողի՝ Աղասի Դանիելյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու հանգամանքը:
Հիմք ընդունելով դիմող Աղասի Դանիելյանի համար իրավական որոշակիության ապահովման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական պետությունում ամրագրված արժեքների առաջնայնությունը պահանջում է, որպեսզի տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշումը նոր հանգամանք գնահատվի Աղասի Դանիելյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշումը վերանայելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար։
(Գ) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու պարագայում նույն որոշմամբ ենթակա է լուծման նաև Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման դեմ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը: Նույն որոշմամբ նշված վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը քննարկելու անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով և Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքի հրամայականով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վերանայման վարույթի շրջանակը սահմանափակվում է բացառապես Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման դեմ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի և հիմնավորումների բավարարության գնահատմամբ, ինչը չի ենթադրում բողոքի հիմքերից և հիմնավորումներից յուրաքանչյուրին անդրադառնալու և դրանց կապակցությամբ եզրահանգում կատարելու պահանջ, ինչը բնորոշ է բողոքի ըստ էության քննությանը:
(Գ.1) Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման դեմ Աղասի Դանիելյանի կողմից 29.10.2020 թվականին վճռաբեկ բողոք ներկայացվել էր այն վարույթ ընդունելու հետևյալ հիմքերով և հիմնավորումներով.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ 1-ին մասի 1-ին կետով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ և 61-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նույն կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ, 163-րդ, 303-րդ և 318-րդ հոդվածները, 17.06.1998 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 53-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 5-րդ, 9-րդ, 11-րդ, 17-րդ, 27-րդ, 66-րդ, 119-րդ, 179-րդ, 296-րդ, 302-րդ, 365-րդ, 369-րդ, 370-րդ, 374-րդ, 376-րդ, 377-րդ, 379-րդ, 380-րդ, 381-րդ և 386-րդ հոդվածները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպես` Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտը կայացվել է 29.09.2020 թվականին, սակայն այն դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է հաջորդ օրը՝ 30.09.2020 թվականին, ժամը 11:56:12-ին՝ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում քննության առնելու և որոշում կայացնելու համար նախատեսված եռամսյա ժամկետի խախտմամբ, այն է՝ այդ ժամկետն ավարտվելուց 1 օր հետո:
Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտում թեև նշված է այն մասին, որ վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախագահությամբ` դատավոր Ն.Կարապետյանի, մասնակցությամբ` դատավորներ Ա. Մխիթարյանի և Գ. Խանդանյանի, սակայն դատական ակտը ստորագրվել և կնքվել է նախագահող դատավոր Ն.Կարապետյանի և դատավոր Ա. Մխիթարյանի կողմից. այն դատավոր Գ. Խանդանյանը չի ստորագրել և չի կնքել:
Վերաքննիչ դատարանի դատավոր Գ. Խանդանյանի հատուկ կարծիքը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով չի հրապարակվել:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բողոքում ներկայացված ոչ բոլոր դիրքորոշումներն է Դատարանում գործի քննության ժամանակ հայտնել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վեճի առարկա անշարժ գույքը գնել են ոչ թե այդ պայմանագրերը պարզապես ստորագրած համապատասխանողներ Հեղուշ Գալստյանն ու Էմիլ Զուլոյանը, այլ՝ համապատասխանողներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի որդու՝ անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանն ու Սուսաննա Համլետի Գասպարյանը:
Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ բողոք բերած անձը 29.05.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և 10.06.2015 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը վիճարկելու իրավական շահագրգռվածություն չի ունեցել, սխալ է։
Վերաքննիչ դատարանը, ունենալով փաստի հաստատմանն ուղղված բոլոր ապացույցների համադրման արդյունքում փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելու պարտականություն, տվյալ դեպքում այն չի կատարել։
Վերաքննիչ դատարանը ոչ միայն բեկանել է Դատարանի վճիռը, այլև փոփոխել է այն՝ հաստատված չհամարելով մի շարք փաստեր:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.04.2020 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտնում է, որ այն վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով.
(Գ.2) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
Համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում և թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:
Թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով 15.05.2020 թվականի որոշման մեջ անդրադառնալով դատական ակտերի իրավական հիմնավորվածության խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է նախկինում արտահայտած դիրքորոշումները և արձանագրել, որ «Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը»։
Բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը վկայակոչել է վերոնշյալ գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և Դատարանի 10.04.2020 թվականի վճռի պատճառաբանվածությունը գնահատել է Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածությանը ներկայացվող պահանջների լույսի ներքո: Դատարանի 10.04.2020 թվականի վճռից մեջբերված համապատասխան հատվածը գնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «(…) դատական ակտի առհասարակ չպատճառաբանվածությունը վճռի բեկանման հիմք է, իսկ այն դեպքում, երբ դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված՝ Վերաքննիչ դատարանն իրավասու է լրացուցիչ պատճառաբանել դատական ակտը։ Սույն դեպքում, դատական ակտը կարող է համարվել թերի պատճառաբանված դատական ակտ։ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ Դատարանն անդրադարձել է վճռի կայացման հիմքում ընկած ապացույցների՝ լրատվական կայքում տպագրված հոդվածին և Էմիլ Զուլոյանին տրված լիազորագրին, կիրառման ենթակա իրավական նորմերին, սակայն թերի անդրադարձ է կատարվել կողմերի ներկայացրած փաստարկներին, ապացույցների բավարարության և գործի քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը կիրառել է թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը համահունչ, ինչի արդյունքում բացահայտել է, որ բողոքարկված վճռի պատճառաբանական մասը ոչ ամբողջությամբ է համապատասխանում դրան ներկայացվող պարտադիր պահանջներին և ըստ այդմ թերի է պատճառաբանված: Վերաքննիչ դատարանը մասնավորապես նշել է, որ «(…) Դատարանն անդրադարձել է վճռի կայացման հիմքում ընկած ապացույցների՝ լրատվական կայքում տպագրված հոդվածին և Էմիլ Զուլոյանին տրված լիազորագրին, կիրառման ենթակա իրավական նորմերին, սակայն թերի անդրադարձ է կատարվել կողմերի ներկայացրած փաստարկներին, ապացույցների բավարարության և գործի քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների»։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ վճիռը ենթակա է բեկանման առհասարակ պատճառաբանված չլինելու դեպքում, իսկ քննարկվող դեպքում այն թերի է պատճառաբանված, և օրենսդրությամբ իրեն տրված իրավասության կիրառմամբ լրացուցիչ պատճառաբանել է Դատարանի 10.04.2020 թվականի վճիռը:
(Գ.3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աղասի Դանիելյանի վճռաբեկ բողոքով Վերաքննիչ դատարանին վերագրվել է դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք է:
Բողոք բերած անձը նշել է, որ բողոքարկված դատական ակտը ստորագրվել և կնքվել է նախագահող դատավոր Ն. Կարապետյանի և դատավոր Ա. Մխիթարյանի կողմից, իսկ դատական կազմում ընդգրկված մյուս դատավորը՝ Գ. Խանդանյանը, այն չի ստորագրել և չի կնքել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև նույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով։
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ մեծամասնության կարծիքին չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։
Հատուկ կարծիքը կոլեգիալ կազմում ընդգրկված դատավորի անհամաձայնությունն է մեծամասնության կայացրած որոշման կամ դրա մի մասի հետ: Եթե դատավորը համաձայն չէ մեծամասնության կարծիքի հետ, ապա չի ստորագրում որոշումը և դրա փոխարեն դատական ակտում իր ստորագրությամբ նշում է կատարում հատուկ կարծիք ունենալու մասին, որտեղ շարադրում է մեծամասնության կարծիքից տարբերվող իր կարծիքը:
Տվյալ դեպքում դատական կազմում ընդգրկված դատավոր Գ. Խանդանյանը համաձայն չի եղել նույն կազմում ընդգրկված մյուս՝ դատավորներ Ն. Կարապետյանի և Ա. Մխիթարյանի կարծիքի հետ, որպիսի պայմաններում բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասում իր ստորագրությամբ նշում է կատարել հատուկ կարծիք ունենալու մասին:
Նշված դեպքը հատուկ կարգավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելու հիմնավորումը բավարար չէ բողոքը ոչ օրինական կազմով քննելու դեպքը արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարված գնահատելու և այդ հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Ինչ վերաբերում է դատավոր Գ. Խանդանյանի հատուկ կարծիքը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված չլինելու մասին բողոք բերած անձի փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տրված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկը մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման: Մասնավորապես դատավոր Գ. Խանդանյանի հատուկ կարծիքը Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման հետ փոստային առաքմամբ ուղարկվել է բողոք բերած անձին, հետևաբար այն փաստացի ստանալու պայմաններում ապահովվել է դրա բովանդակությանը ծանոթանալու վերջինիս իրավունքը: Իսկ բողոք բերած անձի վկայակոչած՝ ըստ հայցի «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշման իրավական դիրքորոշումները վերաբերում են դատական ակտը սահմանված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում չհրապարակելու և հաջորդ օրն այն գործին մասնակցող անձանց չուղարկելու դեպքում բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու հնարավորությանը, և վերաբերելի չեն քննարկվող դեպքին:
(Գ.4) Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու այն հիմնավորումներին, որոնք վերաբերում են (1) վիճարկվող գործարքում դիմողի կողմից վկայակոչված իր շահագրգռությանը, (2) դիմողի ներկայացրած ապացույցների՝ իր պնդմամբ բավարարությանը և (3) խնդրո առարկա ապացույցի արժանահավատությանը, 4) Վերաքննիչ դատարանի կողմից դիմողի ներկայացրած ապացույցների ընտրողաբար գնահատմանը, միաժամանակ մյուսների անտեսմանը, (5) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննվող վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ»: Այսպես.
(1) Վերաքննիչ դատարանը 29.09.2020 թվականի որոշմամբ անդրադարձել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու առումով շահագրգիռ անձ համարվելու պայմաններին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների վկայակոչմամբ հանգել այն հետևության, որ «(...)անձը պետք է ցույց տա, որ տվյալ գործարքի առոչնչությունն ուղղակի ազդեցություն է ունենում իր իրավունքների և պարտականությունների վրա, այլ կերպ ասած՝ իր պնդմամբ իրական գործարքի հետևանքներն ուղղակիորեն առաջացնում փոփոխում կամ դադարեցնում են իր իրավունքները կամ պարտականությունները»: Սույն գործի փաստերի հետ նշված իրավական դիրքորոշումը համադրելու արդյունքում Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ «(...) հայցվորը հանդիսանում է հայցի օբյեկտ հանդիսացող գործարքներից միայն 15․07․2014 թվականին կնքված պայմանագրի կողմ, միայն 15․07․2014 թվականին կնքված պայմանագրի՝ իրականում այլ անձանց միջև կնքված լինելը հիմնավորվելու դեպքում կարող է քննարկման առարկա դառնալ ապրանքի գնի բռնագանձման պահանջը, սակայն հետագա կնքվող գործարքների կողմ հայցվորը չի հանդիսացել, դրանք իրավամբ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ հայցվորի իրավունքների վրա, ավելին՝ չեն կարող գումարի բռնագանձման հայցի համար իրավական հիմք հանդիսանալ: Այսինքն՝ եթե նույնիսկ թիվ 7-րդ և 8-րդ փաստում արտացոլված գործարքն իրականում կնքվել է Վլադիմիր Գասպարյանի և Սուսաննա Գասպարյանի մի կողմում հանդես գալով, այն չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել հայցվորի համար: Հետևաբար՝ նյութաիրավական իրավահարաբերությունից ելնելով՝ հայցվորը դատավարական շահագրգռվածություն կարող է ունենալ 15․07․2014 թվականին կնքված պայմանագրի առումով»:
(2) Վերաքննիչ դատարանն իր որոշման «Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող դատավարական փաստը» մասում շարադրված փաստերը ու դրանք հաստատող ապացույցները վկայակոչել է նաև դատական ակտի պատճառաբանական մասում՝ որևէ փաստ հաստատելու հարցում գնահատելով դրանց բավարարությունը: Որևէ ապացույցի բավարարության հարց քննարկելիս Վերաքննիչ դատարանն առաջնորդվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմերով, ինչպես նաև ապացուցման և ապացույցների բավարարության մասին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումներով:
Վերաքննիչ դատարանը նշել է՝ «(...) Ինչ վերաբերում է 15․07․2014 թվականին կնքված պայմանագրի շինծու լինելու հիմնավորվածության հարցին, ապա վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ են այնպիսի ապացույցներ, որոնք աներկբա կհաստատեն, որ իրականում գործարքը շինծու է եղել, սույն դեպքում՝ իրականում գործարքը կնքվել է այլ անձանց միջև: Միայն հաջորդական գործարքներից օրինակ 1-ին և 4-րդ գործարքների արդյունքում սեփականատեր հանդիսացող անձանց հնարավոր ազգակցական կապը (քանի որ գործում առկա չէ ազգակցական կապի վերաբերյալ որևէ ապացույց, այլ միայն հայցվորի պնդումները և նրա պնդումների արտացոլումը զանգվածային լրատվության միջոցի հոդվածում) բավարար հիմք չէ պնդելու, որ առաջին գործարքով գնորդը իրականում եղել են 4-րդ գործարքով նվիրառուի հայրը և մայրը»: Ընդ որում՝ «գործում առկա ապացույցների համադրված գնահատումը» թույլ է տվել Վերաքննիչ դատարանին «առանձնացնել ապացույցներ, որոնք հիմնավորում են վկայակոչած փաստերում ամրագրված իրավաբանորեն ձևակերպված պայմանագրերի կնքված լինելը (...)»:
Ավելին՝ հատուկ անդրադառնալով 15․07․2014 թվականին կնքված գործարքի՝ իրականում այլ անձանց միջև կնքված լինելու փաստին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «սույն փաստի ապացուցմանն ուղղված, այդ փաստի առումով վերաբերելի ապացույց է հանդիսանում «Հետք» լրատվական կայքում տպագրված հոդվածը: Վերաքննիչ դատարանը ընդունում է, որ ներկայացված ապացույցը կարող է դասվել գրավոր ապացույցների շարքին, և գնահատման է ենթակա թույլատրելիության, արժանահավատության և փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից (Վերաբերելիության մասով վերևում համապատասխան դատողություններ արվել են) (...)»։
Ի վերջո՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, գործարքը շինծու համարելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու համար անհրաժեշտ են այնպիսի ապացույցներ, որոնք օբյեկտիվ դիտորդի մոտ համոզմունք կձևավորեին առ այն, որ գործարքն իրականում ձևակերպվել է իրական այլ գործարք թաքցնելու համար» Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «գործարքը չի կարող շինծու համարվել միայն զանգվածային լրատվության միջոցում՝ ինտերնետային կայքում տեղ գտած լրագրողական հոդվածի հիման վրա: Լրագրողական հոդվածն ինքնին չի կարող գործարքի՝ շինծու լինելը հաստատելու համար բավարար լինել (...)»։
(3) Վերաքննիչ բողոքը «կնքված գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու առումով՝ հայցվորի շահագրգռվածության և գործարքը շինծու ճանաչելու հիմքում դրված ապացույցների մասով» քննելու արդյունքում Վերաքննիչ դատարանը թեև արձանագրել է, որ «ապացուցողական բազայի անբավարարությունն արդեն իսկ բավարար է բողոքի սույն հիմքի հիմնավորվածությունը փաստելու համար», այդուհանդերձ անհրաժեշտ է համարել նաև անդրադառնալ «սույն ապացույցի արժանահավատությանը»:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը։ Արժանահավատ է այն ապացույցը, որն իրական փաստերի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն է պարունակում։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ապացույցի արժանահավատությունը կախված է այն հանգամանքից, թե դրանում առկա տեղեկությունները որքանով են ամրագրված որպես հավաստի: Այս առումով՝ գրավոր ապացույցի արժանահավատության գնահատման ժամանակ կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե որն է գրավոր ապացույցում ամրագրված տեղեկության աղբյուրը»: Ապա հավելել, որ «(…) գործում առկա հոդվածում տեղ գտած փաստական տվյալների աղբյուրը անհայտ է, հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցի՝ աղբյուրները չբացահայտելու սկզբունքը և նշված հոդվածում տեղեկատվության աղբյուրները նշված չլինելը, որի պարագայում դատավարական իմաստով գրավոր ապացույցն արժանահավատ չէ»:
Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն այս հիմքի մասով վերաքննիչ բողոքը հիմնավոր է համարել։
(4) Ինչպես նշվեց, Վերաքննիչ դատարանն իր որոշման «Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող դատավարական փաստը» մասում շարադրել է բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, որոնք բողոքի փաստարկների գնահատման համար վկայակոչվել են նաև դատական ակտի պատճառաբանական մասում:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «գործում առկա ապացույցների համակցությունը չի հիմնավորում ներկայացված հայցապահանջը, դրա հիմքում ընկած փաստակազմը, որի պարագայում հայցը ենթակա է մերժման»:
(5) Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձանց պահանջը» մասում վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները համարակալվել և շարադրվել են ըստ փաստարկների:
Վերաքննիչ դատարանը, նույն որոշման պատճառաբանական մասում արձանագրելով, որ բողոքը քննում է դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում, նախ նշել է, թե վերաքննիչ բողոքում ներկայացված որ փաստարկին է անդրադառնում, և հաջորդիվ ներկայացրել է դրա կապակցությամբ իր պատճառաբանությունները և եզրակացությունը:
29.09.2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքին՝ «ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու», «հայցադիմումի լրացումը վարույթ ընդունելու», «վերաքննիչ բողոքը դատական նիստը հետաձգելու միջնորդությանը չանդրադառնալու», «վերաքննիչ բողոքը քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու», «դատական ակտի պատճառաբանվածության», «հայցային վաղեմություն կիրառելու», «կնքված գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու առումով՝ հայցվորի շահագրգռվածության և գործարքը շինծու ճանաչելու հիմքում դրված ապացույցների» մասերով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանություններն ու եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, ուստի սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով առկա չեն դատական ծախսեր, Վճռաբեկ դատարանն այդ հարցը համարում է լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 424-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը բավարարել մասնակի։ Նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2020 թվականի որոշման դեմ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։
3. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Մ. Դրմեյան | |
Զեկուցող |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ս. անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով 20.01.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ
20.01.2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի հունվարի 20-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Աղասի Դանիելյանի բողոքը՝ ըստ հայցի Աղասի Դանիելյանի ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք Մարիաննա Գրիգորյանի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), «ՖԼՈՐԵՍ» ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆ ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կոմիտե)` պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով նախատեսված իրավունքները փոխանցելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցելու, գումար բռնագանձելու և բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը բավարարել մասնակի, նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2020 թվականի որոշման դեմ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Աղասի Դանիելյանը պահանջել է գնորդ Հեղուշ Գալստյանի մասով անվավեր ճանաչել 15.07.2014 թվականին իր և Հեղուշ Գալստյանի միջև կնքված անշարժ գույքի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր)` այդ գործարքով գնորդ Հեղուշ Գալստյանի իրավունքները փոխանցելով Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին ու Սուսաննա Գասպարյանին, գնորդ Էմիլ Զուլոյանի մասով անվավեր ճանաչել 29.05.2015 թվականին երրորդ անձինք Բանկի, Ընկերության և Էմիլ Զուլոյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` այդ գործարքով վերջինիս ստանձնած իրավունքները փոխանցելով Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին և Սուսաննա Գասպարյանին, ուժը կորցրած ճանաչել անշարժ գույքի նկատմամբ կատարված համապատասխան իրավունքների պետական գրանցումների ուժով Երևանի Վրթ. Փափազյան փողոցի թիվ 2/5 բնակելի տուն հասցեում գտնվող՝ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կազմում ներառված՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող Երևանի Վրթ. Փափազյան փողոցի թիվ 2/7 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 854,56քմ մակերեսով տան, 70,6քմ մակերեսով օժանդակ շինության և 126,3քմ մակերեսով խաղասրահի նկատմամբ 17.06.2015 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման ուժով Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը և Երևանի Վրթ. Փափազյան փողոցի թիվ 2/7 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցել Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի ու Սուսաննա Գասպարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանից և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանից ու Սուսաննա Գասպարյանից բռնագանձել Պայմանագրի 4-րդ կետով նախատեսված անշարժ գույքի գինը` 900.000.000 ՀՀ դրամը և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվան հաջորդող յոթերորդ օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ բռնագանձումը տարածելով վերը նշված անշարժ գույքի վրա, իսկ դրա անբավարարության դեպքում` Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին ու Սուսաննա Գասպարյանին պատկանող այլ գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքին համապատասխան բռնագանձում չի տարածվում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մկրտչյան) (այսուհետ՝ Դատարան) 10.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Կարապետյան, դատավորներ Ա. Մխիթարյան, Գ. Խանդանյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2020 թվականի որոշմամբ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի և Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.04.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է: Դատավոր Գ.Խանդանյանը ներկայացրել է հատուկ կարծիք:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2020 թվականի որոշմամբ Աղասի Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքում առկա թերությունը շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1627 որոշմամբ՝ Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով, նշված նորմերը ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող՝ այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի դրան հանգեցրած պատճառաբանությունը:
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք է ներկայացրել Աղասի Դանիելյանը»։
2. Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտի վերանայման բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Դատական ակտի վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Նոր հանգամանք է Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշումը, որում անդրադառնալով սույն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների սահմանադրականության հարցին, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) եռաստիճան դատական համակարգում նույնիսկ այլ դատական ատյանների համեմատ առանձին դատական ակտերի ձևով կայացվող որոշումների պատճառաբանվածությանն առաջադրվող պահանջի ապահովման առնչությամբ պատճառաբանությունների ծավալը և խորությունը որոշելու հարցում Վճռաբեկ դատարանին վերապահված լայն հայեցողությամբ հանդերձ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ պատճառաբանությունների կամ դատողությունների կամ հիմնավորումների սոսկ եզրահանգումների արձանագրումը չի կարող համարվել դատական ակտի պատճառաբանություն, եթե դատական ակտում շարադրված չէ նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը», ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ «(…) դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում»։
Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ շարադրել է նաև բողոք բերած անձի այն փաստարկները, որոնց ՀՀ վճռաբեկ դատարանը չի անդրադարձել, բայց պետք է անդրադառնար պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ վերաքննիչ բողոքը մերժել»:
3. Վճռաբեկ դատարանը որպես բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դատարանի 10.04.2020 թվականի վճռով բավարարվել է Աղասի Դանիելյանի հայցն ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք Մարիաննա Գրիգորյանի, Բանկի, Ընկերության և Կոմիտեի՝ պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով նախատեսված իրավունքները փոխանցելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցելու, գումար բռնագանձելու և բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին (հատոր 10, գ.թ. 1-108):
2) Վերաքննիչ դատարանը 29.09.2020 թվականի որոշմամբ բավարարել է Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի և Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ նշված վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է (առկա է հատուկ կարծիք) (հատոր 15, գ.թ. 94-133):
3) Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար (հատոր 16-րդ, գ.թ. 143-148):
4) Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա հարուցված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշման եզրափակիչ մասի.
1-ին կետով արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը»,
2-րդ կետով արձանագրվել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է բողոքին կից)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Ելնելով վերը նշված իրավանորմերի բովանդակությունից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,
- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ Սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականում անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշվել է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց դիտարկվել է գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը:
Նշված հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի նկատմամբ.
(Ա) Դատարանի 10.04.2020 թվականի վճռով բավարարվել է Աղասի Դանիելյանի հայցն ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք Մարիաննա Գրիգորյանի, Բանկի, Ընկերության և Կոմիտեի՝ պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով նախատեսված իրավունքները փոխանցելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցելու, գումար բռնագանձելու և բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Վերաքննիչ դատարանը 29.09.2020 թվականի որոշմամբ բավարարել է Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի և Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ նշված վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է (առկա է հատուկ կարծիք):
Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Աղասի Դանիելյանը 16.08.2021 թվականին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մասով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Վերահաստատելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջի մասին արտահայտած դիրքորոշումներն ու դրանք կիրառելով խնդրո առարկա վեճի նկատմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«(…) թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի ուսումնասիրությամբ պարզվում է, որ վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այն մեկնաբանմամբ, որ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ՝ որպես դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում, ի թիվս այլնի, նշված՝ (1) վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման կայացման և հրապարակման հարցում ենթադրյալ խախտումների և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների կիրառության, (2) վիճարկվող գործարքում դիմողի կողմից վկայակոչված իր շահագրգռության, (3) դիմողի ներկայացրած ապացույցների՝ իր պնդմամբ բավարարության (4) և խնդրո առարկա ապացույցի արժանահավատության, (5) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դիմողի ներկայացրած ապացույցներից դիմողի պնդմամբ ընտրողաբար մեկի գնահատման, միաժամանակ՝ մյուսների անտեսման, (6) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննվող վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալու մասին փաստարկներին ի պատասխան՝ 2021 թվականի փետրվարի 19-ի որոշումը պարունակում է միայն դատական ակտի հնարավոր պատճառաբանության եզրահանգումների արձանագրումն առ այն, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն եղել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար՝ առանց շարադրելու այդ եզրահանգման հիմքում ընկած դատողությունների ընթացքը։ Այսինքն՝ առանց անդրադառնալու դիմողի կողմից վճռաբեկ բողոքում նույն բողոքը վարույթ ընդունելու համար նշված փաստարկների վերաբերելիության և բավարարության մասին Վճռաբեկ դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ կատարված եզրահանգումների իրավաչափությանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում։ Հետևաբար՝ դիմողի գործով Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող իրավական դրույթները մեկնաբանվել և կիրառվել են Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»։
Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշման եզրափակիչ մասի.
1-ին կետով արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը»,
2-րդ կետով արձանագրվել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
(Ա.1) Սահմանադրական դատարանի եզրահանգումը համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է, իսկ 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Սահմանադրական դատարանն իր 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ անդրադարձել է ՀՀ Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով պայմանավորված՝ վերջինիս լիազորությունների և դրանց իրականացման ընթացակարգերի գնահատմանը: Սահմանադրական դատարանը մասնավորապես արձանագրել է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն:
Վկայակոչելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականը՝ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նաև արձանագրել է, որ երրորդ ատյանի դատարանում բողոքները պետք է վերաբերեն այնպիսի գործերի, որոնք բխում են այդ դատական ատյանի դերից, օրինակ, այնպիսի գործեր, որոնք «...կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միատեսակ մեկնաբանմանը: Այդ շրջանակը կարող է սահմանափակվել այնպիսի գործերով բողոքարկումներով, որոնք առնչվում են ամբողջ հասարակության համար նշանակություն ունեցող իրավունքի հարցերին» (հոդվ. 7): Դիմողից պետք է պահանջվի հիմնավորել, թե ինչով է իր գործը նպաստելու հասնել այդ նպատակներին:
Արդյունքում Սահմանադրական դատարանը հանգել է այն եզրակացության, որ «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի խնդիրը չէ քննության ընդունել ցանկացած բողոք, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (…) պահանջներին համապատասխան պարզել ու գնահատել բողոքատու անձանց փաստարկների բնույթը, իրավական նշանակությունը և կայացնել պատճառաբանված որոշում: Վճռաբեկ վարույթում բողոքատու անձանց առջև ՀՀ վճռաբեկ դատարանի կարգավիճակով պայմանավորված իրավական պահանջների առաջադրումը` կապված բողոքի բովանդակության, դրա հիմնավորման և ներկայացման կարգի հետ, իրենց հիմնական բովանդակությամբ տարբերվում են վերաքննիչ վարույթում գործող կարգից: Այդ պահանջներն առնչվում են իրավունքի, դրա մեկնաբանման ու իրացման, այլ ոչ թե փաստերի ձեռքբերման, նախնական հետազոտման ու գնահատման հետ»:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը ևս ընդգծում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրաիրավական կարգավիճակը վերջինիս համար չի առաջացնում ցանկացած բողոք վարույթ ընդունելու և քննելու պարտականություն: Նշված կարգավիճակով պայմանավորված՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ունի անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն, որը վերջինս պետք է կատարի պատճառաբանված դատական ակտ կայացնելու միջոցով:
(Ա.2) Նախքան դատական ակտին ներկայացվող պատճառաբանվածության պահանջին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ ներկայացված վճռաբեկ բողոքների կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումներին:
Անդրադառնալով նշված հարցին՝ Սահմանադրական դատարանը 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացնում է երկու տեսակի որոշումներ: Առաջինն այն որոշումներն են, որոնք կայացվում են առանց բողոքն ըստ էության քննելու: Դրանք են՝ բողոքը վերադարձնելու մասին, 2) բողոքն առանց քննության թողնելու մասին, 3) բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին, 4) բողոքը վարույթ ընդունելու մասին: Երկրորդն այն որոշումներն են, որոնք Վճռաբեկ դատարանը կայացնում է բողոքը վարույթ ընդունելու և քննելու արդյունքում՝ իրացնելով օրենքով սահմանված իր լիազորությունները:
Վճռաբեկ դատարանը նշում է, որ ինչպես արձանագրել է Սահմանադրական դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքն ըստ էության քննում է միայն բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ իրացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար. 2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը։
Նշվածից բխում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացվում է այն դեպքում, երբ բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերը: Ընդ որում, ինչպես վճռաբեկ բողոքը վերադարձնելու (395-րդ հոդվածի 1-ին մաս), առանց քննության թողնելու (396-րդ հոդվածի 1-ին մաս), այնպես էլ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը սպառիչ թվարկված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշում կայացվում է հետևյալ երկու դեպքերում՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և երբ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Ընդ որում, օրենսդիրը հստակեցրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերոհիշյալ երկու հիմքերի դրսևորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե` 1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ. 2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը. 3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝ 1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը. 2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման ժամանակ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում նշված՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի և հիմնավորումների շրջանակում պարզում է, թե արդյոք առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, կամ արդյոք բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, կամ արդյոք դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Միաժամանակ վճռաբեկ բողոքում նշված՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի և հիմնավորումների շրջանակում Վճռաբեկ դատարանը պարզում է նաև, թե արդյոք բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը կամ արդյոք առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հարցերից որևէ մեկի դրական պատասխանի դեպքում միայն Վճռաբեկ դատարանն իրավունք ունի կայացնել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, հակառակի դեպքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում:
Վերոգրյալի հիման Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքի ընդունելիության փուլում կայացվող՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մեջ պետք է արտացոլվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին ՀՀ վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:
Այսինքն՝ մինչ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քննության առարկան վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի և հիմնավորումների գնահատումն է:
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «վճռաբեկ բողոքի հիմքեր և հիմնավորումներ» և «վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում» հասկացություններին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 4-6-րդ կետերի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործի ելքի վրա, վճռաբեկ բողոքի հիմնավորումները՝ վճռաբեկ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
Այսպես, վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներն ու գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումներն են: Այլ կերպ ասած՝ դրանք ստորադաս դատարանի կողմից ենթադրաբար թույլ տրված իրավունքի նորմերի խախտումներն ու դրանց մասին բողոք բերած անձի՝ վճռաբեկ բողոքում շարադրված փաստարկներն են: Մինչդեռ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը սպառիչ թվարկված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածում: Բողոք բերած անձը յուրաքանչյուր դեպքում վճռաբեկ բողոքում պետք է նշի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ այն վարույթ ընդունելու հիմք(եր)ը, նույն հոդվածի 2-րդ և/կամ 3-րդ մասով սահմանված՝ այդ հիմք(եր)ի դրսևորման եղանակներն ու ներկայացնի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ իր վկայակոչած հիմք(եր)ի առկայության մասին հիմնավորումներ: Այսինքն՝ բողոք բերած անձը պետք է հիմնավորի, որ իր ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը նպաստելու է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ որպես դատական ատյանի, առջև դրված նպատակներին հասնելուն. կարող է նպաստել օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառմանը կամ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելուն:
Ըստ այդմ՝ բողոքի ընդունելիության փուլում ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է վճռաբեկ բողոքում նշված՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և հիմնավորումը՝ պարզելով արդյո՞ք առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու կամ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու անհրաժեշտությունը: Մինչդեռ արդեն վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների քննության ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, այսինքն՝ բողոք բերած անձի կողմից ստորադաս դատարանին վերագրված՝ իրավական նորմերի մասին սխալներն ու դրանց հիմնավորումները, ինչի արդյունքում պարզում է դրանց հիմնավորվածությունն ու համապատասխանաբար կիրառում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է արտացոլի ՀՀ վճռաբեկ դատարանի հետևությունը՝ վճռաբեկ բողոքում նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի և հիմնավորման մասին: Մասնավորապես այն միայն պետք է պարունակի ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնավորումներն այն մասին, թե ինչու վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր առկա չեն՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: Բողոքի ընդունելիության փուլում վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չեն քննարկվում, հետևաբար դրանց մասով պատճառաբանություններ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի կարող պարունակել:
(Ա.3) Նշված համատեքստում անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (…) Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` 1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան, 2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), 3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում, 4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, 5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, 6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախևառաջ արձանագրել, որ դատական ակտի օրինականության պահանջը որևէ բացառություն չի նախատեսում, մինչդեռ դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ օրենքով սահմանված պահանջները կիրառելի են ոչ բոլոր դատական ակտերի նկատմամբ՝ հաշվի առնելով դրանց բնույթը, նշանակությունը և մի շարք այլ հանգամանքներ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը յուրաքանչյուր դատական ատյանի դատական ակտերի և նույն ատյանի տարբեր դատական ակտերի համար ունի յուրահատուկ դրսևորում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները ներառված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հիմնական դրույթներ» վերտառությամբ գլխում և որպես հիմնական դրույթ ամրագրում են դատական ակտի պատճառաբանվածության պահանջը (6-րդ հոդված) և բացահայտում դրա բովանդակությունը (9-րդ հոդված)։ Օրենսդիրը նշված պահանջը մանրամասնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ առանձին դատական ակտերին վերաբերող դրույթներում, տվյալ դեպքում՝ 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում՝ փոխկապակցված 397-րդ հոդվածի 2-րդ մասի հետ։
Այս պայմաններում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանված լինելու պահանջը չպետք է ընկալվի սոսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների իմաստով, և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելիս Վճռաբեկ դատարանը կիրառում է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածը և, ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
(Բ) Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ամրագրվել է դիմողի՝ Աղասի Դանիելյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու հանգամանքը:
Հիմք ընդունելով դիմող Աղասի Դանիելյանի համար իրավական որոշակիության ապահովման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական պետությունում ամրագրված արժեքների առաջնայնությունը պահանջում է, որպեսզի տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշումը նոր հանգամանք գնահատվի Աղասի Դանիելյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշումը վերանայելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար։
(Գ) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու պարագայում նույն որոշմամբ ենթակա է լուծման նաև Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման դեմ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը: Նույն որոշմամբ նշված վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը քննարկելու անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով և Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքի հրամայականով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վերանայման վարույթի շրջանակը սահմանափակվում է բացառապես Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման դեմ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի և հիմնավորումների բավարարության գնահատմամբ, ինչը չի ենթադրում բողոքի հիմքերից և հիմնավորումներից յուրաքանչյուրին անդրադառնալու և դրանց կապակցությամբ եզրահանգում կատարելու պահանջ, ինչը բնորոշ է բողոքի ըստ էության քննությանը:
(Գ.1) Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման դեմ Աղասի Դանիելյանի կողմից 29.10.2020 թվականին վճռաբեկ բողոք ներկայացվել էր այն վարույթ ընդունելու հետևյալ հիմքերով և հիմնավորումներով.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ 1-ին մասի 1-ին կետով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ և 61-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նույն կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ, 163-րդ, 303-րդ և 318-րդ հոդվածները, 17.06.1998 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 53-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 5-րդ, 9-րդ, 11-րդ, 17-րդ, 27-րդ, 66-րդ, 119-րդ, 179-րդ, 296-րդ, 302-րդ, 365-րդ, 369-րդ, 370-րդ, 374-րդ, 376-րդ, 377-րդ, 379-րդ, 380-րդ, 381-րդ և 386-րդ հոդվածները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպես` Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտը կայացվել է 29.09.2020 թվականին, սակայն այն դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է հաջորդ օրը՝ 30.09.2020 թվականին, ժամը 11:56:12-ին՝ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում քննության առնելու և որոշում կայացնելու համար նախատեսված եռամսյա ժամկետի խախտմամբ, այն է՝ այդ ժամկետն ավարտվելուց 1 օր հետո:
Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտում թեև նշված է այն մասին, որ վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախագահությամբ` դատավոր Ն.Կարապետյանի, մասնակցությամբ` դատավորներ Ա. Մխիթարյանի և Գ. Խանդանյանի, սակայն դատական ակտը ստորագրվել և կնքվել է նախագահող դատավոր Ն.Կարապետյանի և դատավոր Ա. Մխիթարյանի կողմից. այն դատավոր Գ. Խանդանյանը չի ստորագրել և չի կնքել:
Վերաքննիչ դատարանի դատավոր Գ. Խանդանյանի հատուկ կարծիքը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով չի հրապարակվել:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բողոքում ներկայացված ոչ բոլոր դիրքորոշումներն է Դատարանում գործի քննության ժամանակ հայտնել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վեճի առարկա անշարժ գույքը գնել են ոչ թե այդ պայմանագրերը պարզապես ստորագրած համապատասխանողներ Հեղուշ Գալստյանն ու Էմիլ Զուլոյանը, այլ՝ համապատասխանողներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի որդու՝ անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանն ու Սուսաննա Համլետի Գասպարյանը:
Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ բողոք բերած անձը 29.05.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և 10.06.2015 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը վիճարկելու իրավական շահագրգռվածություն չի ունեցել, սխալ է։
Վերաքննիչ դատարանը, ունենալով փաստի հաստատմանն ուղղված բոլոր ապացույցների համադրման արդյունքում փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելու պարտականություն, տվյալ դեպքում այն չի կատարել։
Վերաքննիչ դատարանը ոչ միայն բեկանել է Դատարանի վճիռը, այլև փոփոխել է այն՝ հաստատված չհամարելով մի շարք փաստեր:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.04.2020 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտնում է, որ այն վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով.
(Գ.2) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
Համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում և թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:
Թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով 15.05.2020 թվականի որոշման մեջ անդրադառնալով դատական ակտերի իրավական հիմնավորվածության խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է նախկինում արտահայտած դիրքորոշումները և արձանագրել, որ «Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը»։
Բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը վկայակոչել է վերոնշյալ գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և Դատարանի 10.04.2020 թվականի վճռի պատճառաբանվածությունը գնահատել է Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածությանը ներկայացվող պահանջների լույսի ներքո: Դատարանի 10.04.2020 թվականի վճռից մեջբերված համապատասխան հատվածը գնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «(…) դատական ակտի առհասարակ չպատճառաբանվածությունը վճռի բեկանման հիմք է, իսկ այն դեպքում, երբ դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված՝ Վերաքննիչ դատարանն իրավասու է լրացուցիչ պատճառաբանել դատական ակտը։ Սույն դեպքում, դատական ակտը կարող է համարվել թերի պատճառաբանված դատական ակտ։ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ Դատարանն անդրադարձել է վճռի կայացման հիմքում ընկած ապացույցների՝ լրատվական կայքում տպագրված հոդվածին և Էմիլ Զուլոյանին տրված լիազորագրին, կիրառման ենթակա իրավական նորմերին, սակայն թերի անդրադարձ է կատարվել կողմերի ներկայացրած փաստարկներին, ապացույցների բավարարության և գործի քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը կիրառել է թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը համահունչ, ինչի արդյունքում բացահայտել է, որ բողոքարկված վճռի պատճառաբանական մասը ոչ ամբողջությամբ է համապատասխանում դրան ներկայացվող պարտադիր պահանջներին և ըստ այդմ թերի է պատճառաբանված: Վերաքննիչ դատարանը մասնավորապես նշել է, որ «(…) Դատարանն անդրադարձել է վճռի կայացման հիմքում ընկած ապացույցների՝ լրատվական կայքում տպագրված հոդվածին և Էմիլ Զուլոյանին տրված լիազորագրին, կիրառման ենթակա իրավական նորմերին, սակայն թերի անդրադարձ է կատարվել կողմերի ներկայացրած փաստարկներին, ապացույցների բավարարության և գործի քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների»։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ վճիռը ենթակա է բեկանման առհասարակ պատճառաբանված չլինելու դեպքում, իսկ քանի որ քննարկվող դեպքում այն թերի է պատճառաբանված, և օրենսդրությամբ իրեն տրված իրավասության կիրառմամբ լրացուցիչ պատճառաբանել է Դատարանի 10.04.2020 թվականի վճիռը:
(Գ.3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աղասի Դանիելյանի վճռաբեկ բողոքով Վերաքննիչ դատարանին վերագրվել է դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք է:
Բողոք բերած անձը նշել է, որ բողոքարկված դատական ակտը ստորագրվել և կնքվել է նախագահող դատավոր Ն. Կարապետյանի և դատավոր Ա. Մխիթարյանի կողմից, իսկ դատական կազմում ընդգրկված մյուս դատավորը՝ Գ. Խանդանյանը, այն չի ստորագրել և չի կնքել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև նույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով։
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ մեծամասնության կարծիքին չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։
Հատուկ կարծիքը կոլեգիալ կազմում ընդգրկված դատավորի անհամաձայնությունն է մեծամասնության կայացրած որոշման կամ դրա մի մասի հետ: Եթե դատավորը համաձայն չէ մեծամասնության կարծիքի հետ, ապա չի ստորագրում որոշումը և դրա փոխարեն դատական ակտում իր ստորագրությամբ նշում է կատարում հատուկ կարծիք ունենալու մասին, որտեղ շարադրում է մեծամասնության կարծիքից տարբերվող իր կարծիքը:
Տվյալ դեպքում դատական կազմում ընդգրկված դատավոր Գ.Խանդանյանը համաձայն չի եղել նույն կազմում ընդգրկված մյուս՝ դատավորներ Ն.Կարապետյանի և Ա.Մխիթարյանի կարծիքի հետ, որպիսի պայմաններում բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասում իր ստորագրությամբ նշում է կատարել հատուկ կարծիք ունենալու մասին:
Նշված դեպքը հատուկ կարգավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելու հիմնավորումը բավարար չէ բողոքը ոչ օրինական կազմով քննելու դեպքը արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարված գնահատելու և այդ հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Ինչ վերաբերում է դատավոր Գ. Խանդանյանի հատուկ կարծիքը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված չլինելու մասին բողոք բերած անձի փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տրված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկը մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման: Մասնավորապես դատավոր Գ. Խանդանյանի հատուկ կարծիքը Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման հետ փոստային առաքմամբ ուղարկվել է բողոք բերած անձին, հետևաբար այն փաստացի ստանալու պայմաններում ապահովվել է դրա բովանդակությանը ծանոթանալու վերջինիս իրավունքը: Իսկ բողոք բերած անձի վկայակոչած՝ ըստ հայցի «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշման իրավական դիրքորոշումները վերաբերում են դատական ակտը սահմանված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում չհրապարակելու և հաջորդ օրն այն գործին մասնակցող անձանց չուղարկելու դեպքում բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու հնարավորությանը, և վերաբերելի չեն քննարկվող դեպքին:
(Գ.4) Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու այն հիմնավորումներին, որոնք վերաբերում են (1) վիճարկվող գործարքում դիմողի կողմից վկայակոչված իր շահագրգռությանը, (2) դիմողի ներկայացրած ապացույցների՝ իր պնդմամբ բավարարությանը և (3) խնդրո առարկա ապացույցի արժանահավատությանը, 4) Վերաքննիչ դատարանի կողմից դիմողի ներկայացրած ապացույցների ընտրողաբար գնահատմանը, միաժամանակ մյուսների անտեսմանը, (5) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննվող վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ»: Այսպես.
(1) Վերաքննիչ դատարանը 29.09.2020 թվականի որոշմամբ անդրադարձել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու առումով շահագրգիռ անձ համարվելու պայմաններին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների վկայակոչմամբ հանգել այն հետևության, որ «(...)անձը պետք է ցույց տա, որ տվյալ գործարքի առոչնչությունն ուղղակի ազդեցություն է ունենում իր իրավունքների և պարտականությունների վրա, այլ կերպ ասած՝ իր պնդմամբ իրական գործարքի հետևանքներն ուղղակիորեն առաջացնում փոփոխում կամ դադարեցնում են իր իրավունքները կամ պարտականությունները»: Սույն գործի փաստերի հետ նշված իրավական դիրքորոշումը համադրելու արդյունքում Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ «(...) հայցվորը հանդիսանում է հայցի օբյեկտ հանդիսացող գործարքներից միայն 15․07․2014 թվականին կնքված պայմանագրի կողմ, միայն 15․07․2014 թվականին կնքված պայմանագրի՝ իրականում այլ անձանց միջև կնքված լինելը հիմնավորվելու դեպքում կարող է քննարկման առարկա դառնալ ապրանքի գնի բռնագանձման պահանջը, սակայն հետագա կնքվող գործարքների կողմ հայցվորը չի հանդիսացել, դրանք իրավամբ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ հայցվորի իրավունքների վրա, ավելին՝ չեն կարող գումարի բռնագանձման հայցի համար իրավական հիմք հանդիսանալ: Այսինքն՝ եթե նույնիսկ թիվ 7-րդ և 8-րդ փաստում արտացոլված գործարքն իրականում կնքվել է Վլադիմիր Գասպարյանի և Սուսաննա Գասպարյանի մի կողմում հանդես գալով, այն չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել հայցվորի համար: Հետևաբար՝ նյութաիրավական իրավահարաբերությունից ելնելով՝ հայցվորը դատավարական շահագրգռվածություն կարող է ունենալ 15․07․2014 թվականին կնքված պայմանագրի առումով»:
(2) Վերաքննիչ դատարանն իր որոշման «Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող դատավարական փաստը» մասում շարադրված փաստերը ու դրանք հաստատող ապացույցները վկայակոչել է նաև դատական ակտի պատճառաբանական մասում՝ որևէ փաստ հաստատելու հարցում գնահատելով դրանց բավարարությունը: Որևէ ապացույցի բավարարության հարց քննարկելիս Վերաքննիչ դատարանն առաջնորդվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմերով, ինչպես նաև ապացուցման և ապացույցների բավարարության մասին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումներով:
Վերաքննիչ դատարանը նշել է՝ «(...) Ինչ վերաբերում է 15․07․2014 թվականին կնքված պայմանագրի շինծու լինելու հիմնավորվածության հարցին, ապա վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ են այնպիսի ապացույցներ, որոնք աներկբա կհաստատեն, որ իրականում գործարքը շինծու է եղել, սույն դեպքում՝ իրականում գործարքը կնքվել է այլ անձանց միջև: Միայն հաջորդական գործարքներից օրինակ 1-ին և 4-րդ գործարքների արդյունքում սեփականատեր հանդիսացող անձանց հնարավոր ազգակցական կապը (քանի որ գործում առկա չէ ազգակցական կապի վերաբերյալ որևէ ապացույց, այլ միայն հայցվորի պնդումները և նրա պնդումների արտացոլումը զանգվածային լրատվության միջոցի հոդվածում) բավարար հիմք չէ պնդելու, որ առաջին գործարքով գնորդը իրականում եղել են 4-րդ գործարքով նվիրառուի հայրը և մայրը»: Ընդ որում՝ «գործում առկա ապացույցների համադրված գնահատումը» թույլ է տվել Վերաքննիչ դատարանին «առանձնացնել ապացույցներ, որոնք հիմնավորում են վկայակոչած փաստերում ամրագրված իրավաբանորեն ձևակերպված պայմանագրերի կնքված լինելը (...)»:
Ավելին՝ հատուկ անդրադառնալով 15․07․2014 թվականին կնքված գործարքի՝ իրականում այլ անձանց միջև կնքված լինելու փաստին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «սույն փաստի ապացուցմանն ուղղված, այդ փաստի առումով վերաբերելի ապացույց է հանդիսանում «Հետք» լրատվական կայքում տպագրված հոդվածը: Վերաքննիչ դատարանը ընդունում է, որ ներկայացված ապացույցը կարող է դասվել գրավոր ապացույցների շարքին, և գնահատման է ենթակա թույլատրելիության, արժանահավատության և փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից (Վերաբերելիության մասով վերևում համապատասխան դատողություններ արվել են) (...)»։
Ի վերջո՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, գործարքը շինծու համարելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու համար անհրաժեշտ են այնպիսի ապացույցներ, որոնք օբյեկտիվ դիտորդի մոտ համոզմունք կձևավորեին առ այն, որ գործարքն իրականում ձևակերպվել է իրական այլ գործարք թաքցնելու համար» Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «գործարքը չի կարող շինծու համարվել միայն զանգվածային լրատվության միջոցում՝ ինտերնետային կայքում տեղ գտած լրագրողական հոդվածի հիման վրա: Լրագրողական հոդվածն ինքնին չի կարող գործարքի՝ շինծու լինելը հաստատելու համար բավարար լինել (...)»։
(3) Վերաքննիչ բողոքը «կնքված գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու առումով՝ հայցվորի շահագրգռվածության և գործարքը շինծու ճանաչելու հիմքում դրված ապացույցների մասով» քննելու արդյունքում Վերաքննիչ դատարանը թեև արձանագրել է, որ «ապացուցողական բազայի անբավարարությունն արդեն իսկ բավարար է բողոքի սույն հիմքի հիմնավորվածությունը փաստելու համար», այդուհանդերձ անհրաժեշտ է համարել նաև անդրադառնալ «սույն ապացույցի արժանահավատությանը»:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը։ Արժանահավատ է այն ապացույցը, որն իրական փաստերի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն է պարունակում։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ապացույցի արժանահավատությունը կախված է այն հանգամանքից, թե դրանում առկա տեղեկությունները որքանով են ամրագրված որպես հավաստի: Այս առումով՝ գրավոր ապացույցի արժանահավատության գնահատման ժամանակ կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե որն է գրավոր ապացույցում ամրագրված տեղեկության աղբյուրը»: Ապա հավելել, որ «(…) գործում առկա հոդվածում տեղ գտած փաստական տվյալների աղբյուրը անհայտ է, հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցի՝ աղբյուրները չբացահայտելու սկզբունքը և նշված հոդվածում տեղեկատվության աղբյուրները նշված չլինելը, որի պարագայում դատավարական իմաստով գրավոր ապացույցն արժանահավատ չէ»:
Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն այս հիմքի մասով վերաքննիչ բողոքը հիմնավոր է համարել։
(4) Ինչպես նշվեց, Վերաքննիչ դատարանն իր որոշման «Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող դատավարական փաստը» մասում շարադրել է բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, որոնք բողոքի փաստարկների գնահատման համար վկայակոչվել են նաև դատական ակտի պատճառաբանական մասում:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «գործում առկա ապացույցների համակցությունը չի հիմնավորում ներկայացված հայցապահանջը, դրա հիմքում ընկած փաստակազմը, որի պարագայում հայցը ենթակա է մերժման»:
(5) Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձանց պահանջը» մասում վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները համարակալվել և շարադրվել են ըստ փաստարկների:
Վերաքննիչ դատարանը, նույն որոշման պատճառաբանական մասում արձանագրելով, որ բողոքը քննում է դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում, նախ նշել է, թե վերաքննիչ բողոքում ներկայացված որ փաստարկին է անդրադառնում, և հաջորդիվ ներկայացրել է դրա կապակցությամբ իր պատճառաբանությունները և եզրակացությունը:
29.09.2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքին՝ «ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու», «հայցադիմումի լրացումը վարույթ ընդունելու», «վերաքննիչ բողոքը դատական նիստը հետաձգելու միջնորդությանը չանդրադառնալու», «վերաքննիչ բողոքը քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու», «դատական ակտի պատճառաբանվածության», «հայցային վաղեմություն կիրառելու», «կնքված գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու առումով՝ հայցվորի շահագրգռվածության և գործարքը շինծու ճանաչելու հիմքում դրված ապացույցների» մասերով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանություններն ու եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, ուստի սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն վարույթ ընդունելը ենթակա է մերժման»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Այսպես`
Մինչև Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից կայացված որոշման պատճառաբանական մասում նշված որոշ դիրքորոշումների վերաբերյալ կարծիք հայտնելը ցանկանում եմ դիրքորոշում հայտնել այն մասին, որ Սահմանադրական դատարանի 01․02.2020 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշումը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերանայելու հիմք հետևյալ պատճառաբանությամբ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Ելնելով վերը նշված իրավանորմերի բովանդակությունից՝ գտնում եմ, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների հիման վրա գտնում եմ, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,
- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ Սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականում անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշվել է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց դիտարկվել է գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը:
Նշված հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Սույն գործի փաստերի համաձայն՝
Դատարանի 10.04.2020 թվականի վճռով Աղասի Դանիելյանի հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշմամբ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի և Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 10.04.2020 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սահմանադրական դատարանը, Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշմամբ որոշել է, որ՝
1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը»,
2) ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները՝ նույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին։
Տվյալ դեպքում թեև Վճռաբեկ դատարանը չի կիրառել Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման մեջ նշված նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները, որոնց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը Սահմանադրական դատարանը քննել է, սակայն Սահմանադրական դատարանի որոշումը տեղեկություն է պարունակում այն մասին, որ դատական ակտն օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, իսկ ինչպես արդեն իսկ նշեցի վերը, Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումը պարտադիր է նաև բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ դատարանների համար։
Նման պայմաններում գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
Միաժամանակ գտնում եմ, որ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման դեմ Աղասի Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Այսպես՝
Աղասի Դանիելյանը վճռաբեկ բողոքը բերել է այն վարույթ ընդունելու հետևյալ հիմքերով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Բողոք բերած անձը որպես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմնավորում վկայակոչել է հետևյալը՝ Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
Բողոք բերած անձը որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ և 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, նույն կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ, 163-րդ, 303-րդ և 318-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 2-րդ և 53-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 5-րդ, 9-րդ, 11-րդ, 17-րդ, 27-րդ, 66-րդ, 119-րդ, 179-րդ, 296-րդ, 302-րդ, 365-րդ, 369-րդ, 370-րդ, 374-րդ, 376-րդ, 377-րդ, 379-րդ, 380-րդ, 381-րդ և 386-րդ հոդվածները:
Որպես այդ հիմքի հիմնավորումներ բողոքում նշվել է, որ «Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտը կայացվել է 29.09.2020 թվականին, սակայն այն դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է հաջորդ օրը՝ 30.09.2020 թվականին, ժամը 11:56:12-ին՝ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում քննության առնելու և որոշում կայացնելու համար նախատեսված եռամսյա ժամկետի խախտմամբ, այն է՝ այդ ժամկետն ավարտվելուց 1 օր հետո: Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտում թեև նշված է այն մասին, որ վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախագահությամբ` դատավոր Ն.Կարապետյանի, մասնակցությամբ` դատավորներ Ա. Մխիթարյանի և Գ․ Խանդանյանի, սակայն դատական ակտն ստորագրվել և կնքվել է նախագահող դատավոր Ն.Կարապետյանի և դատավոր Ա. Մխիթարյանի կողմից. այն դատավոր Գ․ Խանդանյանը չի ստորագրել և չի կնքել: Վերաքննիչ դատարանի դատավոր Գ. Խանդանյանի հատուկ կարծիքը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով չի հրապարակվել: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին,Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքում նշված ոչ բոլոր դիրքորոշումների մասին է հայտնվել Դատարանում գործի քննության ժամանակ։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վեճի առարկա անշարժ գույքը գնել են ոչ թե այդ պայմանագրերը պարզապես ստորագրած համապատասխանողներ Հեղուշ Գալստյանն ու Էմիլ Զուլոյանը, այլ՝ համապատասխանողներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի որդու՝ անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանն ու Սուսաննա Համլետի Գասպարյանը: Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ ինքը 29.05.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և 10.06.2015 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը վիճարկելու իրավական շահագրգռվածություն չի ունեցել, սխալ է։
Վերաքննիչ դատարանը, ունենալով փաստի հաստատմանն ուղղված բոլոր ապացույցների համադրման արդյունքում փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելու պարտականություն, տվյալ դեպքում այն չի կատարել։
Վերաքննիչ դատարանը ոչ միայն բեկանել է Դատարանի վճիռը, այլ՝ նաև փոփոխել է այն՝ հաստատված չհամարելով մի շարք փաստեր»:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.04.2020 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու ու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, դրա վարույթ ընդունելը պետք է մերժեր հետևյալ պատճառաբանություններով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
Համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում և թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ գտնում եմ, որ բողոքի նշված հիմքն անհիմն է, քանի որ չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը:
Դրանից ելնելով՝ կարծում եմ, որ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև` այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը՝ պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 60-րդ և 61-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, նույն կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ, 163-րդ, 303-րդ և 318-րդ հոդվածների, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 2-րդ և 53-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 5-րդ, 9-րդ, 11-րդ, 17-րդ, 27-րդ, 66-րդ, 119-րդ, 179-րդ, 296-րդ, 302-րդ, 365-րդ, 369-րդ, 370-րդ, 374-րդ, 376-րդ, 377-րդ, 379-րդ, 380-րդ, 381-րդ և 386-րդ հոդվածների խախտում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները` գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել ՀՀ Սահմանադրության 60-րդ և 61-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, նույն կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ, 163-րդ, 303-րդ և 318-րդ հոդվածների, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 2-րդ և 53-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 5-րդ, 9-րդ, 11-րդ, 17-րդ, 27-րդ, 66-րդ, 119-րդ, 179-րդ, 296-րդ, 302-րդ, 365-րդ, 369-րդ, 370-րդ, 374-րդ, 376-րդ, 377-րդ, 379-րդ, 380-րդ, 381-րդ և 386-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Դրանից ելնելով՝ գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, ուստի սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու, ուստիև՝ այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար՝ գտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից կայացված որոշման պատճառաբանական մասում նշված որոշ դիրքորոշումներին՝ ցանկանում եմ կարծիք հայտնել հետևյալի մասին․
Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ՝
1) «վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է արտացոլի ՀՀ վճռաբեկ դատարանի հետևությունը՝ վճռաբեկ բողոքում նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի և հիմնավորման մասին: Մասնավորապես այն միայն պետք է պարունակի ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնավորումներն այն մասին, թե ինչու վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր առկա չեն՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: Բողոքի ընդունելիության փուլում վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չեն քննարկվում, հետևաբար դրանց մասով պատճառաբանություններ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի կարող պարունակել»,
2) «դատական ակտի օրինականության պահանջը որևէ բացառություն չի նախատեսում, մինչդեռ դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ օրենքով սահմանված պահանջները կիրառելի են ոչ բոլոր դատական ակտերի նկատմամբ՝ հաշվի առնելով դրանց բնույթը, նշանակությունը և մի շարք այլ հանգամանքներ: (…)
դատական ակտի պատճառաբանվածության պահանջը յուրաքանչյուր դատական ատյանի դատական ակտերի և նույն ատյանի տարբեր դատական ակտերի համար ունի յուրահատուկ դրսևորում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները ներառված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հիմնական դրույթներ» վերտառությամբ գլխում և որպես հիմնական դրույթ ամրագրում են դատական ակտի պատճառաբանվածության պահանջը (6-րդ հոդված) և բացահայտում դրա բովանդակությունը (9-րդ հոդված)։ Օրենսդիրը նշված պահանջը մանրամասնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ առանձին դատական ակտերին վերաբերող դրույթներում, տվյալ դեպքում՝ 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում՝ փոխկապակցված 397-րդ հոդվածի 2-րդ մասի հետ։
Այս պայմաններում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանված լինելու պահանջը չպետք է ընկալվի սոսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների իմաստով, և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելիս Վճռաբեկ դատարանը կիրառում է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածը և, ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը»:
Առաջին դիրքորոշման մասով անհամաձայնությունս կայանում է հետևյալում․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու առումով Վճռաբեկ դատարանի համար որոշակի պարտադիր նախապայմաններ է նախատեսել, որոնց համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժվել այն դեպքում, երբ բացակայում են այն վարույթ ընդունելու, վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը։ Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում այն պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումները՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու այն դեպքին, երբ բացակայում են այն վարույթ ընդունելու հիմքերը։ Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար կամ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը կամ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։
Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացնում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին, ապա դրանում պետք է նշի այն հիմնավորումները` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով հանգել է հետևության այն մասին, որ բողոքում բացակայում են այն վարույթ ընդունելու հիմքերը, այսինքն՝ կախված վճռաբեկ բողոքի բովանդակությունից, հիմնավորի, որ՝
- բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը էական նշանակություն չունի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը չի հակասում Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը կամ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա չէ իրավունքի զարգացման խնդիր, կամ
- առերևույթ առկա չէ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Ընդ որում, կարծում եմ, որ իմ կողմից վերը նշված բոլոր դեպքերում Վճռաբեկ դատարանն օրենքի ուժով է պարտադրված անդրադառնալու և ստորադաս դատարանի դատական ակտի օրինականությունն ստուգման ենթարկելու՝ հիմք ընդունելով հենց վճռաբեկ բողոքում նշված բողոքի հիմքերը և հիմնավորումները՝ պարզելու համար, թե արդյո՞ք վերաքննիչ դատարանը հենց դրանք խախտելու արդյունքում է խաթարել արդարադատության բուն էությունը, թե ՝ոչ։
Երկրորդ դիրքորոշման մասով անհամաձայնությունս կայանում է հետևյալում․
Ըստ էության, Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ոչ բոլոր դատական ակտերն են, որ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված։ Նման դատական ակտերի շարքին Վճռաբեկ դատարանը դասել է, օրինակ, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը՝ այն, ըստ էության, պայմանավորելով նրանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը բացառապես հղում է կատարում նույն օրենսգրքի 200-րդ հոդվածին։
Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանի նման մեկնաբանությունը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից հետևյալ պատճառաբանությամբ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։
Նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվի քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը։
Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ թեկուզև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասը հղում է պարունակում նույն օրենսգրքի բացառապես 200-րդ հոդվածին, սակայն, կարծում եմ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը, ունենալով օրենսդրի կողմից բովանդակությանն առաջադրվող պահանջ այն մասին, որ «դրանում պետք է նշվեն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ», իրենից ենթադրում է, որ այդ նշումն ամեն դեպքում պետք է լինի օրինական, հիմնավորված ու պատճառաբանված։
Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը։
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: