ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18063/02/19 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18063/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ս. անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հոկտեմբերի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հայկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Սարգսյանի ընդդեմ «Իրավունք մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) և Իլոնա Ազարյանի՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկ Սարգսյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը և Իլոնա Ազարյանին հրապարակային ներողություն խնդրել և դատարանի վճիռը հրապարակել նույն՝ «Իրավունք» թերթում ու կայքում, ինչպես նաև պարտավորեցնել վերջիններիս համապարտության կարգով որպես փոխհատուցում վճարել 700.000 ՀՀ դրամ՝ զրպարտության համար և 200.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր Ա. Ստեփանյան) 02.03.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Ընկերությանը պարտավորեցվել է որպես Ընկերության «Իրավունք» թերթում և www.iravunk.com համացանցային կայքում «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով. «Իրավունք»» վերնագրով հրապարակման մեջ հայցվոր Հայկ Զարեհի Սարգսյանի վերաբերյալ զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու հետևանքով հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում Հայկ Սարգսյանին վճարել 90.000 ՀՀ դրամ։ Հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.09.2021 թվականի որոշմամբ Հայկ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ՝ Դատարանի 02.03.2021 թվականի վճիռը Ընկերության դեմ ներկայացված հայցապահանջին վերաբերող մասով բեկանվել և փոփոխվել է՝ այդ մասով հայցը մերժվել է, իսկ Իլոնա Ազարյանի դեմ ներկայացված հայցապահանջին վերաբերող մասով վճիռը բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Սարգսյանը (ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ընկերությունը և Իլոնա Ազարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածները, Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ քննարկվող հոդվածը հրապարակվել է «Իրավունք» թերթում, իսկ Իլոնա Ազարյանն աշխատում է Ընկերությունում՝ որպես լրագրող, հետևաբար տվյալ դեպքում Իլոնա Ազարյանը չի կարող համարվել լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն պարագայում լրատվական գործունեություն իրականացրել է Ընկերությունը, որը պատասխանատվություն է կրում վիրավորական արտահայտություններ և զրպարտություն պարունակող տեղեկություններ հրապարակելու և տարածելու համար, և հանդիսանում է պատշաճ պատասխանող, ինչպես Իլոնա Ազարյանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ Ընկերության դեմ ներկայացված հայցապահանջին վերաբերող մասով Դատարանի վճիռը բեկանող և փոփոխող՝ հայցն այդ մասով մերժող մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Քանի որ Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացվել է մասնակի, և բողոքաբերը համաձայն է պատասխանող Իլոնա Ազարյանի մասով գործը նոր քննության ուղարկելու՝ Վերաքննիչ դատարանի եզրակացության հետ, նա չի կարող հայցել բարենպաստ դատական ակտի եզրափակիչ մասի փոփոխություն կատարել:
Վերաքննիչ դատարանը նշել է, թե ինչու չի անդրադարձել բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին:
Բողոքաբերը չի նշել իրավական այն նորմը, համաձայն որի Ընկերությունը պետք է Իլոնա Ազարյանի հետ համապարտ պատասխանատվություն կրի: Ընկերությունը չի հանդիսացել խնդրո առարկա հոդվածի հեղինակ, և դրա ներքևում գրառում է կատարել հոդվածի հեղինակի՝ Իլոնա Ազարյանի մասին: Ընկերությունը բացահայտել է իր տարածած հոդվածի հեղինակին, որպիսի պայմաններում որպես տարածող ազատվել է պատասխանատվությունից: Ընդ որում՝ հոդվածը կասկած հարուցող անձի կողմից չի հրապարակվել, ինչի մասին վկայում է նաև այն փաստը, որ հայցվորը հայց հարուցել է նաև լրագրող Իլոնա Ազարյանի դեմ:
Խնդրո առարկա հոդվածով հայտնվել է տեղեկատվություն, որը ատելության խոսք կամ հայհոյանք չի հանդիսացել: Միայն հայցվորի սուբյեկտիվ դիրքորոշմամբ արտահայտությունը հայհոյանք համարելը բավարար չէ այն այդպիսին վերաորակելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. www.iravunk.com համացանցային կայքում 14.05.2019 թվականին տեղադրվել է «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով. «Իրավունք»» վերնագրով հետևյալ հրապարակումը.
««Իրավունք» թերթը գրում է.
«Մեզ հասած տեղեկություններով, ինչպես նաև իշխանական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու՝ Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով: Ամբողջ խնդիրն այն է, որ ըստ օդում կախված լուրերի, Դավիթ Սանասարյանը կամաց-կամաց դուրս էր եկել հենց Զարեհ Սարգսյանի՝ ժամանակին կատարած «ոչ մաքուր» անցյալի հետքերի վրա: Իսկ դա, հաստատ, ոմանց հեչ ձեռք չէր տալիս:
Այդ մասին տեղեկացվել է Հայկ Սարգսյանը, և նա որոշել է հորը «փրկելու» համար, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Փուռը տալ Դավիթ Սանասարյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում» (հատոր 1-ին, գ․թ․ 13):
2. www.iravunk.com համացանցային կայքում 14.05.2019 թվականին տեղադրվել է «ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ» վերնագրով հետևյալ հրապարակումը.
««Իրավունքին» հասած տեղեկություններով, ինչպես նաև իշխանական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ (ով մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ) ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ, Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու` Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով: Ամբողջ խնդիրն այն է, որ, ըստ օդում կախված լուրերի, Դավիթ Սանասարյանը կամաց-կամաց դուրս էր եկել հենց Զարեհ Սարգսյանի` ժամանակին կատարած «ոչ մաքուր» անցյալի հետքերի վրա: Իսկ դա, հաստատ, ոմանց հեչ ձեռք չէր տալիս: Այդ մասին տեղեկացվել է Հայկ Սարգսյանը, և նա որոշել է հորը «փրկելու» համար, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Փուռը տալ Դավիթ Սանասարյանին»: Ըստ նույն վարկածի, Զարեհ Սարգսյանի վրա դուրս գալը դուր չէր եկել նաև իշխանություններին, այս կերպ փորձել են ժամանակավորապես չեզոքացնել Սանասարյանին: Իսկ այն, որ Զարեհ Սարգսյանը ժամանակին թաթախված է եղել բազմաթիվ կոռուպցիոն թեմաների մեջ, բազմիցս անդրադարձ է եղել նաև մամուլի տարբեր էջերում: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ» (հատոր 1-ին, գ․թ․ 14):
3. «Իրավունք Մեդիա» ՍՊԸ տնօրեն Գ.Գրիգորյանի կողմից 01.09.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Իլոնա Ազարյանը 2012 թվականից աշխատում է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ում՝ որպես լրագրող, կես դրույքով (…) (հատոր 1-ին, գ․թ․ 120):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կարող է պատասխանատվություն կրել զրպարտության համար, եթե դրանք հրապարակվել են նույն կազմակերպության աշխատակից հանդիսացող լրագրողի հեղինակությամբ, և եթե վերջինս հղում է կատարել կազմակերպությանը պատկանող օրաթերթին՝ որպես տեղեկատվության աղբյուրի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի հրապարակման, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):
Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ.
(…) 3) լրատվական գործունեություն իրականացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:
Եթե Հայաստանի Հանրապետությունում լրատվական գործունեություն իրականացնողն այդ գործունեության առանձին փուլերն իրականացնում է այլ անձանց (զուտ տարածողը, հրատարակիչը և այլն) հետ կնքած գործարքների հիման վրա, ապա այդ անձինք, սույն օրենքի իմաստով, լրատվական գործունեություն իրականացնողներ չեն.
4) լրագրող` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող. (…):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանության համատեքստում իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ լրատվություն տարածելու 10-րդ հոդվածով սահմանված լրագրողի պաշտպանությունը գործում է, եթե [լրագրողները] գործում են բարեխղճորեն՝ լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն տրամադրելու նպատակով» (տե´ս Բլադետ Տրոմսոն ու Սթենսաասն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 20.05.1999 թվականի վճիռը, կետ 65):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ անձն ազատվում է պատասխանատվությունից երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- արտահայտված կամ ներկայացված փաստացի տվյալներն անձի հրապարակային ելույթների, պաշտոնական փաստաթղթերի, հեղինակային ստեղծագործությունների, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների հրապարակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են,
- տեղեկատվությունը տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին:
Իսկ նույն հոդվածի 9-րդ կետի բովանդակությունից բխում է, որ եթե լրատվական գործունեություն իրականացնողը արտահայտությունները կամ փաստացի տվյալները հրապարակելիս բացահայտում է հեղինակի անունը, ապա չի կրում վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման պարտականությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության հարցին, արձանագրել է, որ տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովելու բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.04.2012 թվականի որոշումը):
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքում, երբ հղում է կատարված տեղեկատվության աղբյուրին, սակայն նույն աղբյուրում տեղ գտած տեղեկատվությունը հրապարակված չէ բառացի կամ բարեխիղճ, այլ կերպ` հրապարակողը փոփոխություններ է մտցրել տեղեկատվության մեջ, ավելացրել է, հանել կամ փոփոխել փաստերը (շարադրանքը կամ դրա առանձին մասերը), ապա հրապարակող անձը չի ազատվում պատասխանատվությունից: Նույն կանոնը գործում է նաև այն դեպքում, երբ տարածողը թեև վերարտադրում է տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ շարադրանքը, այդուհանդերձ հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում «տեղեկատվության աղբյուր» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, այն է` չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն: Ընդ որում, բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ: Տեղեկատվությունը տարածելիս և ոչ թե դրանից հետո աղբյուրի բացահայտումը նպատակ է հետապնդում այդ տեղեկատվության հասցեատերերի մոտ ապահովել տեղեկացվածություն այն մասին, որ զրպարտությունը կամ վիրավորանքը դուրս է գալիս կոնկրետ սուբյեկտից, այլ ոչ թե անմիջական հրապարակողից կամ անորոշ թվով սուբյեկտներից: Աղբյուրի բացահայտումը, կախված աղբյուրի տեսակից, կարող է ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա:
Այսպիսով, հրապարակման մեջ կիրառվող հղումը միջոց է նույնականացնելու ներկայացվող տեղեկատվությունը այն տեղեկատվության հետ, որին հղում է տրվել։ Ընդ որում, հղման միջոցով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը հնարավորություն է տալիս հասցեատերերի (լսարանի, ընթերցողների) մոտ առաջացնել համոզմունք առ այն, որ բոլոր տվյալների կամ արտահայտությունների հեղինակ է հանդիսանում հղման մեջ որպես այդպիսին նշված անձը կամ լրատվական գործակալությունը։
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ տեղեկատվություն հրապարակողը, եթե նույնիսկ հրապարակել է տեղեկատվության բովանդակությունը բառացի կամ բարեխիղճ և հղում է կատարել աղբյուրին, չի ազատվում պատասխանատվությունից, եթե դատավարության ընթացքում կապացուցվի, որ նա գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` զրպարտություն լինելու մասին, քանի որ նման դեպքում անձի մոտ առկա է զրպարտելու դիտավորությունը: Այս դեպքում ինչպես տեղեկատվությունը կրող աղբյուրը, այնպես էլ այդ տեղեկատվությունը հրապարակողը կրում են համապարտ պատասխանատվություն որպես համատեղ վնաս պատճառողներ: Նշված պայմանի պահպանման կարևորությունը առավելապես դրսևորվում է նրանում, որ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին ենթադրաբար վնաս պատճառած արտահայտությունները հանդիսանում են փաստեր կամ գնահատողական դատողություններ, իսկ Դատարանը, քննարկելով արտահայտության՝ կոնկրետ իրավիճակում և պայմաններում վիրավորական լինելը կամ զրպարտություն հանդիսանալը, գնահատում է ներկայացված արտահայտությունները, հետևաբար այն պարագայում, երբ վերարտադրված տեղեկատվության մեջ փաստերը, բառերը շարադրվում են փոփոխված կերպով, դատարանն արդեն գնահատում է նոր ներկայացված փաստեր կամ գնահատողական դատողություններ, ինչը անհնարին կդառնա տեղեկատվության՝ ոչ բարեխիղճ վերարտադրության պարագայում։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արտահայտությունների կամ փաստացի տվյալների վերարտադրման մեջ դրանց հաջորդականությունը և ամբողջականությունը դատարանի համար ուղեցուցային են՝ գնահատելու դրանց ինչպես ինքնուրույն իմաստը, այնպես էլ հրապարակման շարադրանքում ամբողջական իմաստը, և ըստ այդմ որոշելու, թե արդյոք տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված՝ պատասխանատվությունից ազատելու հիմքը։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ քննարկվող իրավական հարցադրման համատեքստում անհրաժեշտ է համարում նշել, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ զրպարտության գործերով պատասխանատվությունը կրում է տեղեկատվության աղբյուրը կամ հեղինակը, եթե հանդես չի գալիս անանուն կամ կեղծ անհատական տվյալներով. հակառակ դեպքում պատասխանատվությունը փոխանցվում է տեղեկատվությունը տարածողին (հրապարակողին): Հետևաբար, եթե զրպարտություն պարունակող նյութը տպագրվել է լրատվության միջոցով, և լրատվական գործունություն իրականացնողը՝ հրապարակողը, բացահայտել է հրապարակվող նյութի հեղինակին՝ նշելով լրագրողի անունը, իսկ վերջինս որպես հրապարակվող տեղեկությունների աղբյուրի հղում է կատարել տվյալ լրատվական միջոցին, ապա պատշաճ պատասխանողներ են հանդիսանում ինչպես լրագրողը՝ որպես հեղինակ, այնպես էլ նյութը տարածող լրատվական ընկերությունը՝ որպես տեղեկատվության տարածող և լրագրողի կողմից վկայակոչված աղբյուր: Նման փաստական հանգամանքների դեպքում թե՛ հեղինակի, թե՛ տեղեկատվությունը հրապարակող ընկերության ներգրավումը դատավարությանն անհրաժեշտություն է ինչպես վեճի ճիշտ լուծման, այն է՝ կողմերի պատասխանատվության կամ դրանից ազատելու հիմքերի առկայության հարցերը պարզելու, այնպես էլ համապատասխանողների միջև պատասխանատվությունը ճիշտ բաշխելու տեսանկյունից:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայկ Սարգսյանը, դիմելով դատարան, խնդրել է պարտավորեցնել Ընկերությանը և Իլոնա Ազարյանին հրապարակային ներողություն խնդրել իրենից և դատարանի վճիռը հրապարակել նույն՝ «Իրավունք» թերթում ու կայքում, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողներին համապարտության կարգով փոխհատուցում վճարել 700.000 ՀՀ դրամ՝ զրպարտության համար և 200.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար:
Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն՝ պատճառաբանելով, որ խնդրո առարկա հոդվածը հրապարակվել է «Իրավունք» թերթում, իսկ Իլոնա Ազարյանն աշխատում է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ում որպես լրագրող, հետևաբար տվյալ դեպքում Իլոնա Ազարյանը չի կարող համարվել որպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, ում անունից տարածվել է զանգվածային լրատվությունը, որտեղ հրապարակվել են ենթադրյալ վիրավորական արտահայտությունները և/կամ զրպարտություն պարունակող տեղեկությունները, ուստի Իլոնա Ազարյանը չի հանդիսանում պատշաճ պատասխանող, և վերջինիս դեմ ներկայացված պահանջների մասով հայցը ենթակա է մերժման:
Դատարանն արձանագրել է նաև, որ զրպարտությանը վերաբերող պահանջի մասով «ապացուցված են պատասխանող «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության «Իրավունք» թերթում և www.iravunk.com համացանցային կայքում «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով. «Իրավունք»» վերնագրով հրապարակման մեջ հայցվորի վերաբերյալ (…) փաստացի տվյալներ ներկայացված լինելու, այդ արտահայտությունն իրականում հայցվոր Հայկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու, ներկայացվածն իր մեջ հայցվորի ենթադրյալ որոշակի գործողությունների վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ պարունակելու, նշված արտահայտությունը հրապարակային ձևով արված լինելու, ներկայացվածն իրականությանը չհամապատասխանելու, անհիմն, ոչ հավաստի լինելու փաստերը»:
Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է Հայկ Սարգսյանի բողոքը՝ պատճառաբանելով. «(…) [Վ]երոնշյալ դեպքում պատշաճ պատասխանող կարող է հանդիսանալ հենց տեղեկատվության աղբյուրը, հոդվածի հեղինակը՝ Իլոնա Ազարյանը՝ նկատի ունենալով, որ վերջինս է լրատվության միջոցի օգտագործմամբ տարածել որոշակի տեղեկատվություն։ Ինչ վերաբերում է Ընկերության՝ վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվությունից ազատվելու վերաբերյալ փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանն այն հիմնավորված է համարում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երբ լրատվության միջոցը հղում է կատարում իր տեղեկատվության աղբյուրին, նա միայն հանդիսանում է հարթակ այլ անձանց կողմից տեղեկություններ տարածելու համար, այսինքն՝ որևէ պատասխանատվություն չի կրում արտահայտությունների զրպարտչական կամ վիրավորական լինելու համար։ Ընդ որում՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանող Ընկերությունը տեղեկատվության աղբյուրը բացահայտել և դրան հղում է կատարել տեղեկատվության տարածման հետ միաժամանակ: Հետևաբար՝ սույն դեպքում կիրառելի է եղել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով նախատեսված՝ հոդվածը տարածողի՝ սույն դեպքում Ընկերության, քաղաքացիաիրավական պատասխանատվությունից ազատվելու իմպերատիվ պահանջը»:
Այսպիսով, հարկ է արձանագրել, որ Դատարանը գործի քննության արդյունքում հաստատված է համարել Ընկերության պատասխանատվության համար անհրաժեշտ բոլոր փաստական հանգամանքները և հայցը բավարարել է մասնակի՝ միայն Ընկերության դեմ ներկայացվող պահանջների մասով, մինչդեռ լրագրող Իլոնա Ազարյանի մասով, հայցը մերժվել է նրա՝ ոչ պատշաճ պատասխանող հանդիսանալու պատճառաբանությամբ՝ ըստ այդմ չքննելով նրա դեմ ներկայացվող պահանջները և դրանց դեմ նրա կողմից ներկայացված առարկությունները: Վերաքննիչ դատարանը հայցվորի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ բեկանել է Իլոնա Ազարյանի դեմ ներկայացված պահանջները մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել է նոր քննության, իսկ Ընկերության բողոքի բավարարման արդյունքում Ընկերության դեմ ներկայացված պահանջները բավարարող մասով վճիռը բեկանել է և փոփոխել՝ հայցն այդ մասով մերժել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ և 9-րդ կետերի կիրառության արդյունքում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Գործի քննությամբ հաստատված փաստերից հետևում է, որ 14.05.2019 թվականին www.iravunk.com համացանցային կայքում հրապարակվել են հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալներ ներկայացնող երկու նույնաբովանդակ հոդվածներ՝ «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով. «Իրավունք»» և «ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ» վերնագրերով: Դրանցից առաջինը հրապարակվել է «Իրավունք» թերթի անունից (««Իրավունք» թերթը գրում է (…)»), իսկ երկրորդը՝ նույն թերթի լրագրող Իլոնա Ազարյանի հեղինակությամբ՝ հղում կատարելով «Իրավունք» թերթի տեղեկատվությանը (հոդվածի սկզբնարմատում հեղինակը նշել է ««Իրավունքին» հասած տեղեկություններով» ձևակերպումը)։
Իլոնա Ազարյանը լրատվական գործունեություն իրականացնող ընկերության՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող լրագրող է, ով հայցվորին վերաբերող փաստացի տվյալներ պարունակող նյութը հրապարակելիս միաժամանակ հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին՝ նշելով, որ հրապարկվող տեղեկություններն ի թիվս այլ աղբյուրների հիմնված են նաև ««Իրավունքին» հասած տեղեկությունների» վրա: Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ նման պայմաններում հոդվածը ընթերցող որևէ երրորդ անձի համար հղման առկայությունը հենց հոդվածի սկզբնարմատում տեսնելը առաջացնում է ողջամիտ համոզմունք առ այն, որ ներկայացվելիք ամբողջ տեղեկատվությունը, ինչը կարող է պարունակել վիրավորանքի կամ զրպարտության տարրեր, պատկանում է հղման մեջ որպես տեղեկատվության աղբյուր վկայակոչված անձանց։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը չի կարող ազատվել զրպարտության համար պատասխանատվությունից հեղինակի անունը նշելու հանգամանքի ուժով այն պարագայում, երբ հեղինակը, որպես իր տեղեկատվության աղբյուր, վկայակոչել է Ընկերությանը պատկանող լրատվական միջոցին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով պատասխանող Իլոնա Ազարյանի պատասխանատվության հարցը պարզելու նպատակով գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, և Ընկերության դեմ ներկայացված պահանջների քննության մասով գործի ելքն ուղղակիորեն կապված է բեկանված մասով գործի քննության արդյունքների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության պատասխանատվության հարցը լուծելու համար առկա է վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գործի նոր քննության անհրաժեշտություն:
Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2021 թվականի որոշման՝ «Իրավունք մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02․03․2021 թվականի թիվ ԵԴ/18063/02/19 քաղաքացիական գործով կայացրած վճիռը՝ «Իրավունք Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ ներկայացված հայցապահանջին վերաբերող մասով, բեկանելու և փոփոխելու, վերջինիս մասով հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Ս. անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|