ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 942-Ն
ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 02.11.17 N 1393-Ն)
1. Հաստատել քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) քիմիական աղտոտվածության օջախ` տարածք, որտեղ քիմիական զենքի կիրառման, թունավոր քիմիական նյութերի օգտագործման, տեղափոխման, քիմիական օբյեկտի վթարի արդյունքում առաջացել է քիմիական աղտոտվածություն, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել բնակչության թունավորման ու թունավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտման.
2) քիմիական աղտոտվածության գոտի` օդային տարածք, հողատարածք, բուսածածկ տարածք, ջրատարածք, որի սահմաններում տարածվել կամ ներբերվել են վտանգավոր քիմիական նյութեր՝ այնպիսի խտություններով կամ քանակներով, որոնք որոշակի ժամանակի ընթացքում վտանգ են ստեղծում մարդկանց կյանքի ու առողջության և կենդանիների ու բույսերի համար.
3) գազազերծում (դեգազացիա)՝ թունավոր նյութերի վնասազերծում դրանց քայքայման, չեզոքացման, հեռացման միջոցով՝ կիրառելով քիմիական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական մեթոդներ.
4) հատուկ մշակում` կենդանիների, տեղանքի, տեխնիկայի, սպառազինության, շինությունների լիակատար գազազերծում՝ համապատասխան տեխնիկական միջոցների և նյութերի կիրառմամբ.
5) սանիտարական մշակում` մարդկանց մարմնի լիակատար վարակազերծում, լվացում, հագուստի փոխում ցնցուղարաններում, բաղնիքներում, կահավորված հարթակներում.
6) քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքներ՝ անվտանգության կանոնների պահպանությամբ փրկարարական, որոնողափրկարարական, գազափրկարարական, հրդեհաշիջման, բուժասանիտարական միջոցառումների համալիր աշխատանքների իրականացումն է.
7) վթարաքիմիական վտանգավոր նյութ (այսուհետ` ՎՔՎՆ)` վտանգավոր քիմիական նյութ, որն օգտագործվում է արդյունաբերության կամ գյուղատնտեսության մեջ, որի վթարային արտանետման (արտահոսքի) ժամանակ կարող է վարակվել շրջակա միջավայրը, կարող են խոցվել մարդիկ և կենդանական աշխարհը:
3. Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման նպատակն է քիմիական աղտոտվածության օջախներում մարդկանց, կենդանիների, բույսերի, նյութական և մշակութային արժեքների փրկությունը:
4. Հայաստանի Հանրապետությունում քիմիական վթարի դեպքում բնակչության պաշտպանությունը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողություններն իրականացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի N 861-Ն որոշման, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշման պահանջների:
II. ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման գործընթացում ներգրավված մարմիններն են՝
1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
5) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը.
6) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.
7) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
8) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:
(5-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 10.10.19 N 1442-Ն, 06.07.23 N 1131-Ն)
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության խնդիրներն են`
1) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի և բնակչության ազդարարումն ու անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը.
2) քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման գործընթացում ներգրավված մարմինների գործունեության համակարգումն ու փոխգործողության կազմակերպումն ներքին գործերի պայմաններում.
3) փրկարարական աշխատանքների ղեկավարումը.
4) հրդեհային անվտանգության ապահովումը.
5) քիմիական աղտոտվածության օջախներում քիմիական հետախուզության և մոնիթորինգի իրականացումը` քիմիական նյութի տեսակի, առաջնային և երկրորդային ամպերի տարածման ուղղությունների որոշումը, քիմիական աղտոտվածության սահմանների որոշումը.
6) օդի, հողի, ջրի փորձանմուշների մշտական վերցնումը` հետագա լաբորատոր հետազոտության համար.
7) որոնողափրկարարական և փրկարարական աշխատանքների իրականացումը.
8) փաստացի և կանխատեսվող եղանակային պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.
9) տուժածների հայտնաբերումը, քիմիական աղտոտվածության օջախից դուրսբերումը և տարահանման կազմակերպումը.
10) քիմիական աղտոտվածության օջախներում և տարածքներում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող անձնակազմի՝ անհատական պաշտպանական միջոցներով ապահովման կազմակերպումը.
11) բնակչության պաշտպանության նպատակով իրականացվող վտանգավոր քիմիական նյութերից վնասազերծման գործընթացին մասնակցությունը.
12) փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող անձնակազմի սանիտարական մշակման աշխատանքներին մասնակցությունը.
13) քիմիական նյութերով աղտոտված տարածքների վնասազերծման լիակատարության որոշումը.
14) քիմիական նյութերով աղտոտված տարածքներում փրկարարական աշխատանքների կատարման անվտանգության կանոնների պահպանման ապահովումը.
15) տուժած բնակչությանն առաջին անհրաժեշտության պարագաներով ու միջոցներով ապահովելը.
16) տարահանված բնակչության կենսաապահովումը.
17) տարահանվածներին մաքուր հագուստով ապահովելը.
18) սննդի և սննդամթերքի մատակարարման շարժական կետերի միջոցով՝ տուժած բնակչությանը սննդով ապահովելը.
19) քիմիական նյութերով աղտոտված գոտում գործող վտանգավոր արտադրական կազմակերպությունների անվտանգ շահագործման և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը:
(6-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 06.07.23 N 1131-Ն)
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրներն են`
1) քիմիական զենքի կիրառման հայտնաբերումը և նրա տեսակի որոշումը.
2) քիմիական հետախուզության իրականացումը, իրավիճակի գնահատումը, հետևանքների կանխատեսումը.
3) հատուկ մշակման կետերի ծավալումը.
4) տեղանքի, տեխնիկայի, սպառազինության, շինությունների հատուկ մշակումը.
5) անձնակազմի սանիտարական մշակման աշխատանքների իրականացումը.
6) ըստ անհրաժեշտության՝ բնակչության սանիտարական մշակման աշխատանքներին մասնակցությունը.
7) փրկարարական աշխատանքների իրականացման համար ուժերի և միջոցների տրամադրումը:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդիրներն են`
1) վտանգավոր քիմիական նյութերով աղտոտված տարածքներում թունավոր քիմիական նյութերի տեսակի որոշումը.
2) վտանգավոր քիմիական նյութերով աղտոտված տարածքներից դուրս բերված տուժածներին բուժօգնության ցուցաբերումը.
3) վտանգավոր քիմիական նյութերով աղտոտված գոտուց դուրս բերված տուժածների տեսակավորումը և տարահանումն ստացիոնար բուժհաստատություններ` մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով.
4) քիմիական աղտոտվածության գոտու տուժածների սանիտարական մշակման կազմակերպումը:
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության խնդիրներն են`
1) սննդամթերքի, պարենային հումքի, անասնակերի քիմիական աղտոտվածության աստիճանի և դրանց օգտագործման պիտանիության որոշման նպատակով լաբորատոր փորձաքննության անցկացումը.
2) մշակաբույսերի, հողերի քիմիական աղտոտվածության որոշումը.
3) աջակցությունը մարզպետարաններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` քիմիական աղտոտվածության գոտուց գյուղատնտեսական կենդանիների և գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման կազմակերպման գործում:
10. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության խնդիրներն են`
1) շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգի իրականացումը.
2) մասնակցությունը քիմիական իրավիճակի գնահատման աշխատանքներին:
(10-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության խնդիրներն են`
1) վտանգավոր քիմիական նյութերով աղտոտված տարածքներում տեղանքի արգելափակումը, հասարակական կարգի պահպանումը.
2) անցագրային ռեժիմի կազմակերպումը և իրականացումը.
3) պարեկային ծառայության կազմակերպումը:
(11-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության խնդիրներն են`
1) քիմիական աղտոտվածության գոտուց բնակչության տարահանման, ինչպես նաև տուժածների և հիվանդների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովումը.
2) բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում կապի ապահովումը:
(12-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն)
13. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության խնդիրներն իրականացվում են ծառայությանը վերապահված գործառույթների սահմաններում:
(13-րդ կետը փոփ. 06.07.23 N 1131-Ն)
III. ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԼԻՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
14. Քիմիական աղտոտվածության օջախներում համալիր փրկարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 12-ի N 576-Ն հրամանի (այսուհետ՝ անվտանգության կանոններ) համաձայն:
15. Քիմիական աղտոտվածության օջախներում համալիր փրկարարական աշխատանքների իրականացումը ներառում է`
1) քիմիական աղտոտվածության օջախի հետախուզումը`
ա. քիմիական աղտոտվածության օջախը հետախուզվում է փրկարարական ուժերի քիմիական հետախուզության ստորաբաժանումների կողմից: Այդ աշխատանքներն իրականացնող անձնակազմը նախապես ապահովվում է անհրաժեշտ մակարդակի մեկուսացնող անհատական պաշտպանության միջոցներով, քիմիական հետախուզության սարքերով և նմուշառման լրակազմերով,
բ. համաձայն անվտանգության կանոնների՝ փրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմը քիմիական աղտոտվածության օջախ է մտնում քամու ուղղությամբ, դուրս է գալիս քամու ուղղությանը հակառակ,
գ. քիմիական աղտոտվածության օջախներում քիմիական հետախուզության և մոնիթորինգի իրականացումը ներառում է քիմիական նյութի տեսակի և խտությունների որոշումը, օդի, հողի, ջրի նմուշառումը` հետագա լաբորատոր հետազոտության համար, քիմիական աղտոտվածության գոտում աշխատելու նպատակով անհատական պաշտպանության միջոցների անհրաժեշտ մակարդակի որոշումը, իրավիճակի փոփոխության հսկումը, վերադասին տվյալների փոխանցումը,
դ. քիմիական աղտոտվածության օջախի և գոտու սահմանների որոշումը ներառում է արտանետված քիմիական նյութի առաջնային և երկրորդային ամպերի տարածման ուղղությունների որոշումը, աղտոտվածության գոտիների նշագծումն ըստ աղտոտվածության աստիճանի (քիմիական աղտոտվածության օջախի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 1999 թվականի փետրվարի 2-ի N 41 հրամանի համաձայն),
ե. քիմիական աղտոտվածության օջախներին մոտենալու և բնակչության տարահանման ուղիների ճշտումը, նշագծումը.
2) քիմիական աղտոտվածության օջախի տեղայնացումը`
ա. վտանգավոր քիմիական նյութեր պարունակող վթարված տարողությունների վնասվածքների վերացումը. այն իրականացվում է վտանգավոր քիմիական նյութերի արտահոսքը դադարեցնելու նպատակով` հատուկ մասնագիտացված գազափրկարարական խմբերի կողմից,
բ. թափված ՎՔՎՆ-Ի տեղայնացումն իրականացվում է թմբապատման միջոցով. թմբապատման նպատակն է կանխել ՎՔՎՆ-ի հետագա տարածումը, նվազեցնել գոլորշիացման մակերեսը, կրճատել ՎՔՎՆ-ի երկրորդային ամպի պարամետրերը։ Թմբապատման աշխատանքները կատարվում են ինժեներական ստորաբաժանումների կողմից։ Հիմնական ջանքերը կենտրոնացվում են ՎՔՎՆ-ի տարածման ամենաինտենսիվ ուղղության վրա, ինչպես նաև դեպի ջրամբարներ (ջրաղբյուրներ) տանող հատվածներում։ Թմբապատման տեխնոլոգիան որոշվում է՝ ելնելով թափված նյութի քանակից ու աշխատանքների կատարման պայմաններից, մոտակայքում թմբապատման համար անհրաժեշտ գրունտի վերցման հնարավորությունից, եղանակային պայմաններից (տարվա եղանակից): ՎՔՎՆ-ի ամպը տեղայնացվում է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության և հրշեջ ստորաբաժանումների կողմից։ ՎՔՎՆ-ի առաջնային և երկրորդային ամպերը վերացվում և գազազերծվում են՝ դեպի կարևոր տնտեսական օբյեկտների և մարդկանց բնակության վայրերի ուղղությամբ ՎՔՎՆ-ի տարածումը կանխելու, ինչպես նաև ՎՔՎՆ-ի խտությունն ամպում հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Ջրային վարագույրի տեղադրման մասին հրաման ստացած ստորաբաժանման հրամանատարը տեղազննում է աշխատանքային տարածքը, ճշտում վարագույրի տեղադրման սահմանագիծը, մեքենաների ու ջրային պոմպերի տեղակայման վայրերը և ջրի լցավորման կետերը, ապահովում ջրային վարագույրի անընդհատությունը (որոշում մեքենաների շարասյուների թիվը)։ Ջրային վարագույրի տեղադրման առաջին սահմանագիծը նշանակվում է վթարային օբյեկտից 20-30 մետր հեռավորության վրա, երկրորդ սահմանագիծը` սանիտարապաշտպանական գոտու արտաքին սահմանի վրա։ Մեկ հաշվարկը գործում է մինչև 50 մետր ճակատով։ Ջրային վարագույրի բարձրությունը պետք է լինի առնվազն 10 մետր,
գ. փրփուրով և լողացող էկրաններով պատման միջոցով. կատարվում է հրդեհապայթյունավտանգ կամ ագրեսիվ ՎՔՎՆ-ի արտահոսքի դեպքում,
դ. ջրային և չեզոքացնող լուծույթների վարագույրների տեղադրմամբ.
3) փլատակների մաքրումը, օջախին մոտենալու ուղիների ճշտումը, նշագրումը.
4) տուժածների հայտնաբերումը.
5) տուժածների տարահանումը. քիմիական վարակված գոտում հայտնված համայնքներից բնակչության տարահանումը կազմակերպվում է` ինչպես տրամադրված տրանսպորտային միջոցներով, այնպես էլ՝ սեփական տրանսպորտով ու հետիոտն (մինչև 3,5 կիլոմետր).
6) փաստացի և կանխատեսվող եղանակային պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.
7) փրկարարական, վթարավերականգնողական ուժերի անձնակազմի, բնակչության սանիտարական մշակման, ինչպես նաև տեխնիկայի, սպառազինության, կենդանիների հատուկ մշակման կետերի ծավալումը և մշակումը`
ա. քիմիական վթարների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած փրկարարական, վթարավերականգնողական ուժերի անձնակազմը, քիմիական վարակման ենթարկված բնակչությունը վարակված գոտուց դուրս գալուց անմիջապես հետո ենթարկվում են սանիտարական մշակման, իսկ քիմիական վարակման ենթարկված տեխնիկան, սպառազինությունը, կենդանիները ենթարկվում են հատուկ մշակման։ Սանիտարական մշակումն իրականացվում է վթարի հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների կողմից,
բ. ստորաբաժանումների կողմից հատուկ մշակման և անձնակազմի ու բնակչության սանիտարական մշակման համար ծավալվում է հատուկ մշակման հարթակ, որը, որպես կանոն, ծավալվում է չվարակված տարածքում, ստորաբաժանումների՝ վարակված գոտուց դուրս գալու երթուղիների վրա, ինչպես նաև բնակչության տարահանման երթուղիների վրա տեղաբաշխված անցակետերի մոտ,
գ. հատուկ մշակման հարթակն ընդգրկում է մշակման ենթակա ստորաբաժանումների հավաքման և սպասեցման հարթակ, հատուկ մշակման մեկ կամ մի քանի կետեր, հսկիչ-տեղաբաշխիչ կետ, սանիտարական մշակման կետ, գազազերծման ամբողջականության հսկման կետ, տեխնիկայի կայանատեղ (բնական գազազերծման համար), որոնք չեն ենթարկվել լիարժեք գազազերծման: Հատուկ մշակման կետը (կետերը) և սպասեցման հարթակը նախատեսված են ստորաբաժանումներին հատուկ մշակման նախապատրաստելու և հերթադրելու համար։ Կախված իրավիճակից` սպասեցման հարթակը հատուկ մշակման կետից (կետերից) պետք է գտնվի 1-5 կիլոմետր հեռավորության վրա։ Հատուկ մշակման կետ-տարածքի հատվածում ծավալվում են վթարների հետևանքների վերացման ստորաբաժանումները` տեխնիկայի, սարքավորումների և հանդերձանքի գազազերծման համար։ Հատուկ մշակման կետում ծավալվում են հսկիչ-տեղաբաշխիչ կետ, տեխնիկայի մշակման հարթակ, սարքերի և գործիքների մշակման հարթակ (անհրաժեշտության դեպքում), անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի գազազերծման հարթակ, հրամանատարադիտարկման կետ: Հսկիչ-տեղաբաշխիչ կետը տեղաբաշխվում է հատուկ մշակման հարթակից 0.5-1 կիլոմետր հեռավորության վրա` տեխնիկայի և անձնակազմի վարակվածության որոշման համար: Տեխնիկայի մշակման հարթակը ծավալվում է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության կամ հրշեջ ստորաբաժանումների կողմից։ Գազազերծումն իրականացվում է ջերմային մեքենաների, ավտոլցավորող մեքենաների և հրշեջ մեքենաների միջոցով։ Ջերմային մեքենաների միջոցով գազազերծումն իրականացվում է գազակաթիլային հոսքի միջոցով (որի ջերմաստիճանը շրջակա միջավայրի ջերմաստիճանից զգալիորեն բարձր է) կամ տաք օդային հոսքի միջոցով։ Ավտոլցավորող մեքենաների և հրշեջ մեքենաների միջոցով գազազերծումն իրականացվում է վարակված մակերեսները ջրով կամ ապաակտիվացնող լուծույթներով լվանալով: Սարքերի և գործիքների մշակման հարթակը (անհրաժեշտության դեպքում) ծավալվում է ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումների կողմից։ Այդ նպատակով հարթակում ծավալվում են ավտոլցավորող մեքենաները: Սարքերը գազազերծվում են խոզանակների և թրջոցների միջոցով: Անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի գազազերծման հարթակը ծավալվում է հատուկ մշակման ստորաբաժանումների կողմից: Սանիտարական մշակման կետերը ծավալվում են հատուկ մշակման ստորաբաժանումների կողմից, որոնք ունեն ցնցուղային-գազազերծող համակարգ: Գազազերծումը (սանիտարական մշակումը) կարող է լինել մասնակի կամ լրիվ։ Մասնակի գազազերծումն իրականացվում է ժամանակի սղության կամ հնարավորությունները սահմանափակ լինելու դեպքում։ Գազազերծվում են տեխնիկայի այն հատվածները, որոնք կարող են շփվել մարդկանց մաշկի հետ։ Գազազերծման ամբողջականության հսկման կետը նախատեսվում է գազազերծումից հետո վարակվածության մակարդակի վերջնական ստուգման համար: Գազազերծման (սանիտարական մշակման) աշխատանքներն իրականացվում են այնպես, որպեսզի չխոչընդոտեն ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարման ընթացքը.
8) հրդեհային անվտանգության ապահովումը. հակահրդեհային գործողությունների իրականացման ապահովման համար ներգրավվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 համահավաք հրշեջ-փրկարարական ջոկատներ.
9) բժշկական օգնության կազմակերպումը`
ա. քիմիական ազդեցության ենթարկվածների վաղ հայտնաբերումը,
բ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագիտացված բժշկական բրիգադների կողմից առաջին բժշկական օգնության ցուցաբերումը ծավալված բժշկական կետերում,
գ. հայտնաբերված տուժածների տեսակավորումը և տարահանումը համապատասխան մասնագիտացված բուժհիմնարկներ.
10) կապի ապահովումը. բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում կապը կազմակերպվում է՝ գերկարճալիք ու կարճալիք ռադիոցանցով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից, բջջային, քաղաքային և ուղիղ հեռախոսակապի միջոցներով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից.
11) քիմիական աղտոտվածության օջախը և գոտին արգելափակում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները: Միջոցառումներն իրականացնող անձնակազմը պետք է ապահովված լինի զտող հակագազերով:
(15-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 10.10.19 N 1442-Ն, 06.07.23 N 1131-Ն)
IV. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Քիմիական միջոցներից վնասազերծման գործընթացում ներգրավված մարմիններն են`
1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
4) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
5) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:
(16-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 10.10.19 N 1442-Ն, 06.07.23 N 1131-Ն)
17. Քիմիական միջոցներից վնասազերծման գործընթացում ներգրավված մարմիններից՝
1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության խնդիրներն են`
ա. քիմիական աղտոտվածության օջախներում քիմիական միջոցներից վնասազերծման գործընթացին մասնակցությունը,
բ. քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող անձնակազմի սանիտարական մշակմանը մասնակցությունը,
գ. քիմիական աղտոտվածության օջախներում քիմիական միջոցներից վնասազերծման լիակատարության որոշումը,
դ. քիմիական աղտոտվածության օջախներում քիմիական միջոցներից վնասազերծման գործընթացի ժամանակ անվտանգության կանոնների պահպանման ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրներն են`
ա. քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքներ կատարող անձնակազմի սանիտարական մշակման աշխատանքների իրականացումը,
բ. քիմիական աղտոտվածության օջախներում տեղանքի, տեխնիկայի, սպառազինության, շինությունների լիակատար հատուկ մշակումը,
գ. ըստ անհրաժեշտության՝ բնակչության մասնակի սանիտարական մշակման աշխատանքներին մասնակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդիրներն են`
ա. քիմիական աղտոտվածության օջախներում բնակչության սանիտարական մշակման վայրերի (հարթակների) և սանթողարանների ծավալումը,
բ. քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքներ կատարող անձնակազմի հատուկ մշակման կետերի ծավալումը,
գ. քիմիական աղտոտվածության օջախներում բնակչության լիակատար սանիտարական մշակման աշխատանքներին մասնակցությունը,
դ. քիմիական աղտոտվածության օջախներում բնակչության սանիտարական մշակման աշխատանքների ընթացքում բժշկական հսկողության իրականացումը,
ե. քիմիական աղտոտվածության օջախներում բժշկական օբյեկտների լիակատար հատուկ մշակումը.
4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության խնդիրներն են`
ա. բնակչության սանիտարական մշակման աշխատանքների ընթացքում տեղանքի արգելափակումը,
բ. հասարակական կարգի պահպանումը.
5) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության խնդիրներն իրականացվում են ծառայությանը վերապահված գործառույթների սահմաններում:
(17-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 10.10.19 N 1442-Ն, 06.07.23 N 1131-Ն)
(հավելվածը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 10.10.19 N 1442-Ն, 06.07.23 N 1131-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.07.2023, N 1131-Ն | 16.07.2023, N 942-Ն | |
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 942-Ն | |
02.11.2017, N 1393-Ն | 16.11.2017, N 942-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|