ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թվականի N 830-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը և 9-րդ հոդվածի 14-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 4 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրել 14,000,000,000.0 դրամ գումարի չափով միջպետական վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին» հոդվածով):
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված 14,000,000,000.0 դրամ միջպետական վարկը Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված միջպետական վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական: