Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
21.10.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
21.10.2022
Дата вступления в силу
21.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0145/02/18 
2022
թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0145/02/18 

Նախագահող դատավոր`

 Ս. Թորոսյան

Դատավորներ`

 Ն. Բարսեղյան

 Ա. Խառատյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սահակ Կարապետյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2019 թվականի թիվ ԼԴ2/0145/02/18 որոշման դեմ` ըստ հայցի Սահակ Կարապետյանի ընդդեմ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)` Ընկերության կառավարման մարմինների (բաժնետերերի ընդհանուր ժողովի (միակ բաժնետիրոջ և խորհրդի) որոշումներն անվավեր ճանաչելու և հայցվորին Ընկերության խորհրդի անդամ և գլխավոր տնօրեն ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սահակ Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության միակ բաժնետիրոջ 28.08.2018 թվականի որոշումը, ինչպես նաև այդ որոշման արդյունքում ձևավորված խորհրդի՝ Ընկերության խորհրդի անդամ և գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի լիազորությունները դադարեցնելու և Միխայիլ Սեմյոնովին գլխավոր տնօրեն նշանակվելու մասին որոշումները, 28.08.2018 թվականից, ինչպես նաև Ընկերության միակ բաժնետիրոջ ապօրինի որոշմամբ նշանակված խորհրդի անդամների մասնակցությամբ անցկացված խորհրդի նիստի օրվանից ուժի մեջ համարել (վերականգնել) Սահակ Կարապետյանի՝ Ընկերության խորհրդի անդամի և գլխավոր տնօրենի լիազորությունները:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 26.02.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.06.2019 թվականի որոշմամբ Սահակ Կարապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.02.2019 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահակ Կարապետյանը (ներկայացուցիչ Միսակ Բաբաջանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյան, Գևորգ Պողոսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է (սխալ է մեկնաբանել) նյութական իրավունքի հետևյալ նորմերը՝ «Մարդու իրա­վունք­ների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոն­վենցիա­յի» (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 67-րդ հոդ­վա­ծի 1-ին կետի «ժբ» են­թա­կետը, 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 71-րդ հոդվածի 1-ին կետը, 74-րդ հոդվածը, 84-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերը, 86-րդ հոդ­վածի 2-րդ մասի «դ» ենթակետը, 88-րդ հոդվածի 5-րդ մասը, Ընկերության կանոնադրության 8.5, 8.17 կետերը, 8.45 կետի «դ» ենթակետը:

Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ դատավարական իրավունքի նորմերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 192-րդ հոդվածի 4-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։ Սույն գործի հանգամանքներին համանման գործի վերաբերյալ բոլորովին վերջերս՝ 19.03.2019 թվականին կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) է, որ այն դեպքում, երբ ներպետական դատարանները իրավական շահագրգռվածության բացակայության հիմքով մերժում են կազմակերպության խորհրդի` պաշտոնից ազատված անդամի պահանջները, խախտում են վերջինիս արդար դատաքննության իրավունքը (տես Եվրոպական դատարանի` PREBIL V. SLOVENIA գործով 19.03.2019 թվականի վճռի 11-րդ, 19-րդ, 42-46-րդ կետերը):

Վերաքննիչ բողոքում Հայցվորը շեշտել էր, որ Դատարանը վճիռը կայացրել է նյութական և դատավարական նորմերի խախտումներով: Մասնավորապես, նյութական նորմերի խախտումների մասով` Դատարանը բարձրացրել է ժողովի կողմից գլխավոր տնօրենին պաշտոնից ազատելու իրավաչափության հարց և ամբողջ վճռում էլ անդրադարձել է հենց այդ հարցին, սակայն տվյալ դեպքում գլխավոր տնօրենին պաշտոնից ազատել է ոչ թե ժողովը, այլ խորհուրդը, որի որոշման իրավաչափությանը Դատարանը չի անդրադարձել։ Դատարանն անդրադարձ չի կատարել խորհրդի անդամներին ապօրինի փոխելուն և ապօրինի կազմով որոշումներ կայացնելուն այն պարագայում, երբ Հայցվորը ևս եղել է խորհրդի անդամ ու, փաստորեն, ապօրինի զրկվել իր այդ կարգավիճակից։ Դատարանը որպես կիրառելի իրավական հիմք նշել է Ընկերության կանոնադրության 8.9 կետի «թ» ենթակետը, անտեսելով, որ վկայակոչված կարգավորումը ընդամենը նշում է ժողովի բացառիկ իրավասությունը Գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրային հիմունքներով որևէ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հանձնելու վերաբերյալ, ինչպես նաև սահմանում է այդ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լիազորությունները դադարեցնելու մասին որոշումներ ընդունելու իրավասությունը, ինչը վեճի հետ կապ չունի։ Դատարանը հիմնվել է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վրա, որոնք վերաբերում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի և Օրենքի իրավակարգավորումների մրցակցությանը և կապված չեն սույն գործի հետ։

Դատավարական նորմերի խախտումների իմաստով` Դատարանի վճիռը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, քանի որ վճռում արտացոլված չեն ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ Դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Դատարանը չի անդրադարձել Հայցվորի` որպես խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու իրավաչափությանը, մինչդեռ հայցապահանջի մեջ հստակ ձևակերպվել է պահանջ Հայցվորին որպես խորհրդի անդամ վերականգնելու վերաբերյալ։ Դատարանի վճիռը որևէ պատճառաբանություն չի պարունակում և անդրադարձ չի կատարում այն հարցին, թե արդյոք իրավաչափ է ժողովի կողմից խորհրդի անդամների և նրանց քանակական կազմի փոփոխությունն ընդհանրապես։

Դատարանը կատարել է ենթադրություններ, որոնք հիմնված չեն օրենքով սահմանված որևէ կանխավարկածի վրա` ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության: ՀՀ վերաքննիչ դատարանի 13.06.2019 թվականի որոշմամբ հայցվորի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Lոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.08.2018 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, կայացվել է դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտումներով, ինչն ազդել է գործի ելքի վրա և որի արդյունքում խախտվել են հայցվորի իրավունքներն ու շահերը։ Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում արել է հետևյալ վերլուծությունը. «վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` Բաժնետերն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել նույն օրենքի, այլ իրավական ակտերի և կանոնադրության պահանջների խախտմամբ ժողովի ընդունած որոշումը։ Դատարանն իրավունք ունի ուժի մեջ թողնել ժողովի որոշումը, եթե այդ բաժնետիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա և թույլ տված խախտումներն էական չեն։ Նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի, այլ իրավական ակտերի և կանոնադրության պահանջների խախտմամբ ժողովի ընդունած որոշումները բողոքարկելու իրավասությունը պատկանում է բաժնետիրոջը»: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը «իրավական շահագրգռվածություն» հասկացությանը տվել է մեկնաբանություն, որը հակասում է Եվրոպական դատարանի որդեգրած մեկնաբանությանը: Հետևաբար, այդպիսի մեկնաբանության հիման վրա հայցվորի բողոքը մերժելով` Վերաքննիչ դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը՝ փաստացի զրկելով խորհրդի անդամին իրեն ապօրինի այդ կարգավիճակից զրկելը բողոքարկելու հնարավորությունից: Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» ենթակետի համաձայն` ժողովի իրավասությանն են պատկանում Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը: Նշված հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Եթե սահմանված ժամկետում տարեկան ժողովը տեղի չի ունեցել, ապա արտահերթ ժողով կարող է հրավիրվել միայն Ընկերության լուծարման կամ սույն ենթակետում նշված հարցերը քննարկելու համար: Նշված հարցերով հրավիրված արտահերթ ժողովում այլ հարցեր քննարկվել չեն կարող, բացառությամբ սույն ենթակետում նշված հարցերով կայացված որոշումներով պայմանավորված կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքերի: Օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի բ), գ) և դ) կետերի համաձայն` խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում տարեկան և արտահերթ ժողովների գումարումը, ժողովների օրակարգի հաստատումը, ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի հաստատումը, ինչպես նաև բոլոր այն հարցերի լուծումը, որոնք կապված են ժողովների նախապատրաստման ու գումարման հետ և վերապահված են խորհրդի իրավասությանը: Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ-կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը: Կանոնադրության 8.17. կետի «ը» ենթակետի համաձայն՝ խորհրդի իրավասությանն են պատկանում գործադիր մարմնի (գլխավոր տնօրենի) ընտրությունը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը` կնքված պայմանագրի լուծումը, բացառությամբ նույն կանոնադրության 8.48. կետով նախատեսված դեպքի, ինչպես նաև գործադիր մարմնի վարձատրության և ծախսերի (փոխհատուցումների) վճարման կարգի ու պայմանների որոշումը: Կանոնադրության 8.48. կետի համաձայն` գործադիր մարմնի լիազորությունները Ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են փոխանցվել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ: Օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետի համաձայն` խորհրդի նախագահը նախագահում է ժողովները: Վերաքննիչ դատարանը, ընդունելով, որ Ընկերության` 28.08.2018 թվականի արտահերթ ժողովը հրավիրվել և անցկացվել է Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» ենթակետի խախտումներով, այնուամենայնիվ, հենվելով իրավական շահագրգռվածության վերաբերյալ արդար դատաքննության իրավունքի էությունը խախտող մեկնաբանության վրա, այդ թվում` սխալ մեկնաբանելով տվյալ խնդրի առնչությամբ Եվրոպական դատարանի վկայակոչած վճռով արտահայտած իրավական դիրքորոշումները, եկել է եզրակացության, որ «արտահերթ ժողովի գումարման կարգերի սահմանումը հետապնդում է ոչ թե խորհրդի անդամների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովում, այլ` բաժնետերերի, քանի որ բաժնետեր չհանդիսացող խորհրդի անդամները բացի ընկերության շահերը պաշտպանելու և ղեկավարումն իրականացնելու պարտականությունից որևէ իրավունք և օրենքով երաշխավորված շահ տվյալ դեպքում չունեն»: Վկայակոչելով Եվրոպական դատարանի` LE COMPTE, VAN LEUVEN AND DE MEYERE v. BELGIUM գործով 23.06.1981 թվականի վճռի 47-րդ կետը («վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա»), Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նույն վճռի 44-րդ կետին, որում Եվրոպական դատարանը, հղում կատարելով իր այլ վճիռների, շեշտել է, որ «մասնագիտական գործունեությունը շարունակելու» իրավունքը համարվում է մասնավոր իրավունք, և, հետևաբար, քաղաքացիական իրավունք Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, ինչը նշանակում է, որ այդ իրավունքի պաշտպանության համար դատարան դիմող սուբյեկտը չի կարող համարվել իրավական շահագրգռվածություն չունեցող: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը ընկերության բաժնետեր չհանդիսանալը բավարար էր համարել խորհրդի անդամի իրավական շահագրգռվածության բացակայության մասին եզրահանգում կատարելու համար: Մինչդեռ PREBIL V. SLOVENIA գործով 19.03.2019 թվականի վճռում Եվրոպական դատարանը հստակ նշել է, որ խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում, վերջինս իրավունք ունի դիմելու դատարան՝ վիճարկելու իրեն այդ կարգավիճակից զրկելու իրավաչափությունը, և նրան դատական պաշտպանության իրավունք չտրամադրելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Ընդ որում, սույն գործով Վերաքննիչ դատարանը որոշման մեջ և Դատարանն էլ վճռում հստակ նշել են, որ խորհրդի անդամի լիազորությունների դադարեցումը եղել է օրենքի խախտմամբ, սակայն խորհրդի անդամն իրավական շահագրգռվածություն չունի այդ հարցի կապակցությամբ դատական հայց ներկայացնելու համար, քանի որ իր որևէ իրավունք դրանով չի խախտվել: Հայցվորի` որպես ընկերության տնօրենի լիազորությունների դադարեցման մասով Վերաքննիչ դատարանը շեշտել է, որ օրենսդիրը բաժնետերերին հնարավորություն է տվել ցանկացած ժամանակ դադարեցնելու գործադիր մարմնի լիազորությունները` անտեսելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվել են ոչ թե բաժնետերերի կամ բաժնետիրոջ կողմից, այլ խորհրդի: Եվ չնայած Վերաքննիչ դատարանը փաստել է, որ խորհրդի անդամների լիազորությունների դադարեցումը եղել է օրենքի խախտմամբ, սակայն անդրադարձ չի կատարել խորհրդի անդամներին ապօրինի փոխելուն և ապօրինի կազմով որոշումներ կայացնելուն այն պարագայում, երբ հայցվորը ևս եղել է խորհրդի անդամ ու, փաստորեն, ապօրինի զրկվել իր այդ կարգավիճակից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել հայցվորի կողմից վերաքննիչ բողոքում մատնանշված` Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 71-րդ հոդվածի 1-ին մասի, 74-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» և «դ» կետերի, 86-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, Ընկերության կանոնադրության 8.5, 8.17 կետերի, 8.45 կետի «դ» ենթա­կե­տի խախտումներին.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Այսինքն՝ տվյալ մասով սահմանվում է իրավական շահագրգռվածություն ունեցող անձի` դատարան դիմելու իրավունքի դատավարական երաշխիքը: Իր որոշման պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանը, եկել է սխալ եզրահանգման, որ հայցվորը շահագրգռված չէ դիմելու դատարան։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապա­ցույց­նե­րի գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կա­պակ­ցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահան­գում­ները:

Դատարանը վերլուծել է բաժնետերերի ժողովի կողմից տնօ­րե­նի լիազորությունները դադարեցնելու հետ կապված իրավանորմերը, որոնք սույն գոր­ծով հաստատված փաստերի հետ որևէ առնչություն չունեն: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր պատճառաբանությունների հիմքում դրել է Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը, ըստ որի` ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ-կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը: Հայցվորի` բողոքում արտահայտած այն փաստարկը, որ այդ դրույթը կիրառելի չէ տվյալ գործի հանգամանքների նկատմամբ, քանի որ այդ դեպքում տնօրենն ազատվել է խորհրդի կողմից, Վերաքննիչ դատարանն անտեսել է` դրանով իսկ խախտելով դատական ակտի պատճառաբանվածության պահանջը: Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել սույն գործում առկա ապա­ցույց­ների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չի անդրադարձել գործի լուծ­ման համար էական նշանակություն ունեցող փաստարկներին, առանց որի հնարավոր չէր ճիշտ լուծել սույն գործը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

 

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել վերաքննիչ դատարանի 13062019 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության։

 

 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 Բողոքի պատասխան ներկայացրած անձը հայտնել է, Օրենքի 70-րդ, 71-րդ, 74-րդ, 77-րդ, 85-րդ, 86-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ խորհուրդը դա բաժնետիրական ընկերության ղեկավարումն իրականացնող մարմին է, որի գործառույթներից է բաժնետերերի շահերի պաշտպանությունը։ Հետևաբար նշված իրավանորմերով սահմանված ընթացակարգերի խախտմամբ ընդունված որոշումներով խորհրդի անդամների որևէ իրավունք չի կարող խախտվել և ընթացակարգերի խախտումն էլ չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի խորհրդի անդամի պահանջով այդ որոշումները ճանաչվեն անվավեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի կարգավորումներով։ Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ժողովը կարող է որոշում ընդունել խորհրդի ցանկացած անդամի /բոլոր անդամների/ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Հայցվորը չի հիմնավորել, թե իրականում իր որ իրավունքներն են խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, քանզի նա չի հանդիսացել ընկերության բաժնետեր, այլ հանդիսացել է ընկերության խորհրդի անդամ և տնօրեն, որպիսի պայմաններում կորպորատիվ վեճի շրջանակներում քննվող քաղաքացիական գործով նրա որևէ իրավունքն չի խախտվել և նրա համար չեն առաջացել անբարենպաստ հետևանքներ։ Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ընկերության խորհրդի 29.05.2006 թվականի առաջին նիստի արձանագրության համաձայն՝ Սահակ Կարապետյանը հանդիսացել է Ընկերության խորհրդի ընտրված անդամ (հատոր 1-ին, գ.թ 60-62)։

2. Ընկերության խորհրդի 26.01.2018 թվականի որոշմամբ Հայցվորը նշանակվել է Ընկերության գլխավոր տնօրեն, Ընկերության և Հայցվորի միջև կնքվել է թիվ 500028/3 աշխատանքային պայմանագիրը (չվիճարկվող փաստ)։

3. Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Ընկերությունը 2018 թվականին տարեկան ընդհանուր ժողով չի գումարել և չի հաստատել 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները (չվիճարկվող փաստ)։

4. Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի միակ բաժնետեր «Թեղուտ ինվեսթմենթս լիմիթեդ» ՍՊԸ-ն 28.08.2018 թվականին գումարել է բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով և ընդունել է արտահերթ ընդհանուր ժողովի /միակ բաժնետիրոջ/ որոշում՝ Ընկերության խորհրդի գործող անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, խորհրդի քանակական կազմը երեք անդամ սահմանելու և խորհրդի նոր անդամներ նշանակելու մասին: Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ նշանակված խորհրդի երեք անդամների մասնակցությամբ անցկացված խորհրդի նիստում որոշվել է դադարեցնել Հայցվորի՝ որպես Ընկերության գլխավոր տնօրենի լիազորությունները (հատոր 1-ին, գթ63-65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը արդյոք բաժնետիրական ընկերության կառավարման մարմնի կողմից իր բացարձակ իրավազորությունը կարող է իրականացվել օրենքով և կանոնադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերի անտեսմամբ։

Վճռաբեկ դատարանը սույն բողոքի քննության շրջանակներում առաջնահերթ անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի՝ հայցվորի իրավական շահագրգռվածություն ունենալու հիմքին՝ կորպորատիվ և աշխատանքային վեճի հարաբերակցության համատեքստում՝ հաշվի առնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի առանձնահատկությունները։

Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներով իրավական դիրքորոշումներ է արտահայտել ինչպես անձի դատական պաշտպանության իրավունքի, այնպես էլ այդ իրավունքի իրականացման համար առանցքային նշանակություն ունեցող «իրավական շահագրգռվածության հարցի» վերաբերյալ։ Մասնավորապես ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.

1. Հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. Ներկայացված հայցի նպատակը արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավ՞որ է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

Այսինքն՝ ցանկացած դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայությունն է հնարավոր դարձնում քաղաքացիական դատավարության կարգով համապատասխան հայց հարուցելը խախտված իրավունքների պաշտպանության նպատակով։

Բաժնետիրական ընկերությունների հիմնադրման և գործունեության իրականացման կարգավորումները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով։

Բաժնետիրական ընկերության, դրա բաժնետերերի, ինչպես նաև բաժնետիրական ընկերության կառավարման մարմինների փոխհարաբերությունների կարգավորումը և հնարավոր վեճերի լուծումը դատական կարգով ևս պետք է դիտարկվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և Օրենքի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ յուրաքանչյուր դեպքում քննարկման առարկա դարձնելով ընկերության կառավարման մարմնի գործողության/անգործության, իրավական ակտի վիճարկման իրավունք և շահագրգռվածություն ունենալու հանգամանքն այն հաշվով, որպեսզի չխաթարվի տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի բնականոն գործունեությունը, ինչը ևս պաշտպանված է Սահմանադրությամբ։ Այսինքն՝ դատարան դիմելու իրավունքի իրականացումը պետք է պայմանավորված լինի ինչպես խախտված իրավունքի առկայությամբ, այնպես էլ իրավական շահագրգռվածություն և բողոքարկման իրավունք ունենալու հանգամանքով, քանի որ ընկերության կառավարման մարմնի գործողությունները/անգործությունը, իրավական ակտերը, որոնք համապատասխանում են օրենքով և նորմատիվ իրավական ակտերով նրանց ունեցած հայեցողությանը, կարող են վիճարկվել այդպիսի իրավունք ունեցող անձանց /օրընկերության բաժնետիրոջ/ կողմից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե´ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Այդ հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշում է արտահայտել վճռաբեկ դատարանը որոշմամբ թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով՝ անդրադառնալով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և խորհրդի իրավազորության կիրառելիության հարցին։

Բաժնետիրական ընկերության բաժնետերերը, կառավարման մարմինները իրենց գործունեությամբ պետք է ղեկավարվեն ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով։ Բաժնետիրական ընկերության գործունեությունը կանոնակարգող մյուս կարևոր իրավական ակտը՝ ընկերության կանոնադրությունն է, որի պահանջները ենթակա են կատարման ինչպես ընկերության բաժնետերերի, այնպես էլ կառավարման մարմինների կողմից։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես բաժնետերերն այնպես էլ կառավարման մարմինները կանոնադրությամբ իրենց վերապահված իրավունքների լիազորությունները պետք է իրականացնել կանոնադրությանը համապատասխան, չհակասելով սահմանված ընթացակարգերին։ Սակայն յուրաքանչյուր դեպքում ընկերության բաժնետիրոջ, կառավարման մարմնի իրավաբանական նշանակություն ունեցող գործողության կամ անգործության իրավաչափությունը որոշելու համար կարևոր նշանակություն է ստանում նաև դրանց համապատասխանությունը իրավական ակտերով սահմանված ընթացակարգերին։

Այսպես, ընկերության կանոնադրության 89 կետի «ե» ենթակետի համաձայն՝ ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։ Խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում։

Վերոգրյալից հետևում է, որ ընկերության կանոնադրությամբ հստակ տարանջատվել են ընկերության տարեկան և արտահերթ ժողովներում քննարկվող հարցերի շրջանակը, և այդ կապակցությամբ որևէ բացառություն չի սահմանվել ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը մեկ բաժնետիրոջ կողմից կառավարվելու դեպքում։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերից հետևում է, որ ընկերության խորհրդի քանակական կազմի փոփոխությունը կատարվել է ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում, ինչը հակասում է ընկերության կանոնադրության վերը նշված կարգավորմանը։ Նման պայմաններում ընկերության խորհուրդը չէր կարող գործել երեք անդամի կազմով և որոշում կայացնել ընկերության գլխավոր տնօրենի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Անդրադառնալով միակ բաժնետիրոջ կողմից որոշումներ կայացնելու հարցին՝ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր կամ անվանատեր է հանդիսանում միայն մեկ անձ, ապա ժողովի որոշումները կարող են ընդունվել այդ անձի գրավոր որոշմամբ։ Բաժնետեր իրավաբանական անձի որոշումը պետք է ընդունվի վերջինիս կանոնադրությամբ նման լիազորություններ ունեցող մարմնի կողմից։ Իրավանորմի բովանդակությունից ուղղակի և աներկբա հետևում է, որ կարգավորումը վերաբերում է ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցով որոշում կայացնելու կարգին և չի նշանակում, որ դրանով պայմանավորված Օրենքով ընկերության կառավարման մարմիններին տրված՝ ընկերության ընդհանուր ժողովի կազմակերպման և օրակարգի ձևավորման հետ կապված իրավակարգավորումները չեն գործում։

Տվյալ դեպքում ինչպես ընդհանուր իրավասության դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը հայցի իրավական հիմքերին ըստ էության գնահատական չեն տվել և հարցին անդրադարձել են իրավական շահագրգռվածության տեսանկյունից՝ ելնելով Օրենքի այն կարգավորումներից, որ ինչպես ընկերության խորհրդի անդամի, այնպես էլ ընկերության տնօրենի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ցանկացած ժամանակ։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը և վերոգրյալ իրավական նորմերը, փաստում է հետևյալը.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) 19.03.2019 թվականին կայացված վճռում նշել է, որ այն դեպքում, երբ ներպետական դատարանները իրավական շահագրգռվածության բացակայության հիմքով մերժում են կազմակերպության խորհրդի` պաշտոնից ազատված անդամի պահանջները, խախտում են վերջինիս արդար դատաքննության իրավունքը (տես՛ Եվրոպական դատարանի` PREBIL V. SLOVENIA գործով 19.03.2019 թվականի վճռի 11-րդ, 19-րդ, 42-46-րդ կետերը): Նշված որոշմամբ Եվրոպական դատարանը հստակ նշել է, որ խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում, վերջինս իրավունք ունի դիմելու դատարան՝ վիճարկելու իրեն այդ կարգավիճակից զրկելու իրավաչափությունը, և նրան դատական պաշտպանության իրավունք չտրամադրելն ու նրա բողոքն ըստ էության չքննարկելն ինքնին կհակասի Կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Մասնավորապես, Եվրոպական դատարանի վճռով փաստվել է, որ խորհրդի` պաշտոնից ազատված անդամի պահանջներն իրավական շահագրգռվածության բացակայության հիմքով մերժելը և նրա բողոքն ըստ էության չքննարկելը հանգեցնում է նրան, որ անձը հնարավորություն չի ունենում որևէ նշանակալի ձևով մասնակցել իր դեմ ընթացակարգին, ինչն իր հերթին հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի մաս կազմող` մրցակցության և զենքերի հավասարության սկզբունքների խախտման։

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Օրենքի մի շարք նորմեր, հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանը, հանգել է հետևության այն մասին, որ Հայցվորի մոտ բացակայում է որևէ իրավունքի խախտում, հետևաբար բացակայում է շահագրգռվածությունը, և որոշել է այդ հիմքով վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և փաստարկներին չանդրադառնալ՝ համարելով, որ արդեն իսկ նշված դիրքորոշմամբ բովանդակային առումով անդրադառնում է մյուս փաստարկներին՝ միաժամանակ հանգելով հետևության, որ մնացած փաստարկները էական նշանակություն չունեն գործի ելքի համար։

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի վերոնշյալ որոշման համատեքստում Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը՝ Հայցվորի շահագրգռվածության բացակայության վերաբերյալ անհիմն է, քանի որ սույն գործով հիմնավորված է, քանի որ խորհրդի, որի անդամն է նաև հայցվորը, քանակական կազմի փոփոխությունը տեղի է ունեցել Ընկերության ոչ թե տարեկան, այլ արտահերթ ժողովում։ Ուստի դրան փոխկապակցված հաստատվում է նաև Հայցվորի՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ նույնիսկ այն դեպքերում, երբ ժողովն ազատում է գործադիր մարմնի ղեկավարին, դա չի նշանակում, որ ազատման գործընթացը կարող է իրականացվել ընթացակարգերի խախտումներով, իսկ այդ դեպքում բաժնետիրոջ բացառիկ իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես ընկերության կանոնադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերի անտեսման իրավական հնարավորություն։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը «իրավական շահագրգռվածություն» հասկացությանը տվել է այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է Եվրոպական դատարանի 19.03.2019 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը: Հետևաբար, այդպիսի մեկնաբանության հիման վրա Հայցվորի բողոքն ըստ էության չքննելով և այն մերժելով` Վերաքննիչ դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքը՝ փաստացի զրկելով խորհրդի անդամին, նաև գլխավոր տնօրենին, իրեն ապօրինի այդ կարգավիճակից զրկելը բողոքարկելու հնարավորությունից:

Սույն գործի փաստերից հետևում է, որ խորհուրդը ձևավորվել է օրենքի խախտմամբ, և հենց խորհուրդն է ազատել տնօրենին, այնինչ ստորադաս դատարանները, անտեսելով օրենքի խախտմամբ ստեղծված խորհրդի կողմից տնօրենին ազատելու հանգամանքը, հայցվորի փաստարկներն ըստ էության քննարկման չեն արժանացրել՝ չապահովելով վերջինիս՝ արդար դատաքննության իրավունքի ողջ ծավալով իրացումը։ Այդ ընթացակարգերի խախտումներն ինքնին հանգեցրել են անձի իրավունքների խախտման, ուստի առկա է տվյալ անձի իրական իրավական շահագրգռվածությունը։ Ամփոփելով ողջ վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները խախտել են Հայցվորի՝ արդար դատաքննության իրավունքը, ինչն էլ հիմք է դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, քանի որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստերը թույլ չեն տալիս կայացնելու նոր դատական ակտ։

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ, 365-րդ հոդվածների և 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը։ Գործի նոր քննությամբ վերն արտահայտած իրավական դիրքորոշումներին համապատասխան անհրաժեշտ է պարզել Ընկերության նոր խորհրդի ձևավորման և հայցվորին Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից ազատելու իրավաչափության հարցը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13062019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

 2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան