Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ՍՊԱԾ) ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ԱՄՆԵԾ) ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ IRIS ԳԼՈԲԱԼ ՍԵՅՍՄՈԳՐԱՖԻԿ ՑԱՆՑԻ ԴԻՏԱԿԱՅԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Համաձայնագրի նպատակը
Սույն Համաձայնագրի նպատակն է.
Հայաստանի Հանրապետության տարածքում սարքավորումների տեղաբաշխում և աշխատանքների համատեղ կատարում` երկրաշարժերի ուսումնասիրման ասպարեզում երկու Կողմերին օգտակար տեղեկությունների ձեռքբերման գործում:
Ձեռք բերվելիք տեղեկությունները և կատարվելիք հետազոտությունները կնպաստեն սեյսմիկ վտանգի գնահատման և երկրաշարժերի կանխատեսման հնարավորությունների բարելավմանը:
Երկու Կողմերն ընդունում են, որ համատեղ ջանքերն ավելի արդյունավետ առաջընթաց կապահովեն Հայաստանում և ԱՄՆ-ում տվյալների փոխանակման և նրանց գործնական մշակման ասպարեզում:
1.1. Մասնակիցները
Սույն Համաձայնագրի հիմնական մասնակիցներն են ՍՊԱԾ-ը և ԱՄՆԵԾ-ը: Սակայն Հայաստանի և ԱՄՆ-ի այլ կազմակերպությունները ևս կարող են մասնակցել Համաձայնագրի իրագործմանը:
1.2. Իրագործումը
Սեյսմոլոգիայի ասպարեզում համատեղ` ՍՊԱԾ/ԱՄՆԵԾ Համաձայնագրի կատարման համար յուրաքանչյուր Կողմը նշանակում է ղեկավար: Ղեկավարները համատեղ են ծրագրում և համակարգում աշխատանքների իրականացումը: Նրանք առնվազն տարին մեկ անգամ պետք է հանդիպեն` աշխատանքների ընթացքը քննարկելու և հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը կազմելու համար:
2. Համաձայնագրի բովանդակությունը
Համաձայնագիրը նախատեսում է լայնաշերտ սեյսմոգրաֆի շահագործում, ստացված տեղեկությունների մշակում և վերլուծություն:
3. Լայնաշերտ սեյսմոգրաֆի շահագործում ԵՎ սպասարկում, ստացված տվյալների մշակում եՎ վերլուծություն
3.1. Գործունեության նպատակը
IRIS գլոբալ սեյսմոգրաֆիկ ցանցի դիտակայանի ստեղծումը Հայաստանում:
3.2. Գործունեության բովանդակությունը
- լայնաշերտ սեյսմոգրաֆի շահագործում և սպասարկում,
- ստացված տեղեկությունների մշակում և վերլուծություն:
3.3. Կողմերի պարտավորությունները
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը պարտավորվում է.
- շահագործել և սպասարկել ԱՄՆԵԾ-ի կողմից մատակարարված սարքավորումները (այս սարքավորումների ցուցակը ներկայացված է Ա Հավելվածում),
- վարձակալել շենք IRIS սարքավորումների համար Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում,
- ապահովել էլեկտրաէներգիայի հաստատուն մատակարարում,
- ապահովել խցիկներ սենսորների համար և կարգավորող ջերմաստիճանով փոշեզերծ միջավայր` գրանցող սարքավորումների համար,
- ապահովել համապատասխան գիտատեխնիկական անձնակազմ կայանը շահագործելու համար,
- ԱՄՆ-ում գործնական ուսուցում ստացած գիտատեխնիկական անձնակազմին հնարավորություն տալ մասնակցելու կայանի շահագործման աշխատանքներին,
- համապատասխան կենսական պայմաններ (ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում) ապահովել գիտատեխնիկական անձնակազմի համար,
- փոխադրամիջոց և վառելանյութ ապահովել գիտատեխնիկական անձնակազմին Երևանից-Գառնի և հետ փոխադրելու համար,
- տվյալների մագնիսական ժապավենները ժամանակին ուղարկել Ալբուքերքեում գտնվող ԱՄՆԵԾ-ի տվյալների հավաքման կենտրոն:
Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը պարտավորվում է.
- հնարավորություն տալ ՍՊԱԾ-ին` օգտվելու գլոբալ սեյսմոգրաֆիկ ցանցի տվյալներից,
- ժամանակին փոխանցել ՍՊԱԾ-ին Գառնիի IRIS կայանի ՍՊԱԾ-ին հետաքրքրող տվյալների մշակման և վերլուծության արդյունքները,
- մատակարարել պահեստամասեր ԱՄՆԵԾ-ի կողմից տեղադրված սարքավորումների համար,
- ապահովել սարքավորումների նորոգումը կամ շարքից դուրս եկած սարքավորումների փոխարինումը նորերով, ինչպես նաև ապահովել սարքավորումների նորմալ շահագործման համար օգտագործվող անհրաժեշտ նյութեր (մագնիսական ժապավեն, գրանցող թուղթ, դիսկետներ և այլն):
4. Համաձայնագրի գործողության ժամկետները
Համաձայնագիրն ուժի մեջ է 5 տարի ժամկետով` երկու Կողմերի ստորագրման օրվանից: Այն կարող է երկարաձգվել կամ փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Կողմերը կարող են ընդհատել սույն Համաձայնագիրը մյուս Կողմին նախապես` վեց ամիս առաջ ծանուցելուց հետո:
5. Համաձայնագրի ֆինանսավորումը
Ընդունվում է, որ.
- Միացյալ Նահանգների Կողմն ամենամյա ֆոնդեր է ապահովում Գառնիում տեղադրված ԱՄՆԵԾ-ի սարքավորման շահագործման և սպասարկման համար,
- Միացյալ Նահանգների Կողմը նախապես ֆոնդեր է ապահովում Գառնիում աշխատանքային պայմանների կարգավորման համար,
- մինչև այս ֆոնդերի ստանալը ՍՊԱԾ-ը չի պարտավորվում կատարել պայմանագրի պահանջները: Երկու Կողմերը պարտավորվում են այս Համաձայնագիրն իրագործել գիտական համագործակցության և բարեկամության ոգով:
Սույն Համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 11-ին Երևան քաղաքում:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի օգոստոսի 11-ից:
