ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 151 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ 44-ՐԴ ԳԼԽՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 44-րդ գլխում կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 151 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 44-րդ գլխում կատարվող
1. Տեքստում, բացառությամբ տասնվեցերորդ և տասնյոթերորդ պարբերությունների (աղյուսակից հետո), «ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված՝ կենդանական ծագման ոչ սննդային հումք» համապատասխան հոլովով բառերը փոխարինել համապատասխան հոլովով «ոչ սննդային մսային հումք» բառերով:
2. Առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխել ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված և սննդամթերքի արտադրության ձեռնարկություններում ստացված՝ կենդանական ծագման ոչ սննդային հումքի այն հետևյալ տեսակները, որոնց նկատմամբ սահմանված չէ որևէ անասնաբուժասանիտարական սահմանափակում և որոնք գտնվում են անասնաբուժական ծառայության հսկողության ներքո.
ոչ սննդային մսային հումք, որն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքներով ճանաչվել է կերերի արտադրության համար պիտանի, նախատեսված է ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար, սպանդային կամ մսի վերամշակման ձեռնարկություններում ստացվել է կենդանիների կամ թռչունների սպանդից և վերամշակումից (այսուհետ՝ ոչ սննդային մսային հումք).
ոչ սննդային ձկնային հումք, որն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքներով ճանաչվել է կերերի արտադրության համար պիտանի, նախատեսված է ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար, ստացվել է ձկներից, խեցգետնակերպներից, կակղամորթներից կամ ջրային այլ կենդանիներից (այսուհետ՝ ոչ սննդային ձկնային հումք):»:
3. Երկրորդ պարբերությունում «ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված կենդանական ծագման ոչ սննդային հումք» բառերը փոխարինել «ոչ սննդային մսային հումք» բառերով:
4. Առաջին և ութերորդ պարբերություններում (աղյուսակից հետո) «կենդանական ծագման ոչ սննդային հումք» համապատասխան հոլովով բառերը փոխարինել համապատասխան հոլովով «ոչ սննդային մսային հումք» բառերով:
5. Տասնչորսերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Չի թույլատրվում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխել ոչ սննդային ձկնային հումք, որը՝
պարունակում է բիոտոքսիններ կամ վարակված է ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների առողջության համար վտանգավոր մակաբույծներով.
ստացվել է հետևյալ ընտանիքների թունավոր ձկներից՝ Tetraodontidae, Molidae, Diodontidae և Canthigasteridae.
մշակված է ներկանյութերով, իոնացնող ճառագայթմամբ.
պահպանման ժամանակ ենթարկվել է դեֆրոստացման (հալեցման).
ունի փչացման նշաններ:
Կատուների և շների պատրաստի կերերի արտադրության համար նախատեսված կենդանական ծագման ոչ սննդային հումքը պետք է ենթարկվի ջերմամշակման՝ սույն պահանջների 34-րդ, 35-րդ և 37-րդ գլուխներով սահմանված պայմաններին համապատասխան:»:
6. Տասնհինգերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) ճանաչել ուժը կորցրած:
Պաշտոնական հրապարակման օրը՝
5 մայիսի 2023 թվական: