ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3197/02/17 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3197/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022
թվականի հոկտեմբերի 28-ինգրավոր ընթացակարգով քննելով Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․03․2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` վնասի հատուցման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արթուր Արիստակեսյանը, Հայկարամ Մխիթարյանը և Սվետլանա Իսահակյանը պահանջել են պատասխանողներից հօգուտ հայցվորների բռնագանձել 164.991.000 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 24.08.2016 թվականից 140.680.000 ՀՀ դրամի և 18.141.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ․ Զարգարյան) 14․12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան, դատավորներ՝ Ա․ Խառատյան, Ս.Թորոսյան) 26․04.2019 թվականի որոշմամբ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2018 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24․07․2019 թվականի որոշումներով Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի, Սվետլանա Իսահակյանի և Նախարարության վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել են։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 05․08.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Նախարարությունից և Կազմակերպությունից համապարտության կարգով հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի բռնագանձվել է 164.991.000 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար: Նախարարությունից և Կազմակերպությունից համապարտության կարգով հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի 140.680.000 ՀՀ դրամի և 18.141.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվել և բռնագանձվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 24.08.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11․03․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Դատարանի 05․08․2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ․ «Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցապահանջն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ համապարտության կարգով 164․991․000 դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու մասին, մերժել։ Արթուր Արիստակեսյանից, Հայկարամ Մխիթարյանից և Սվետլանա Իսահակյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.209.362 դրամ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի մասով հետաձգված պետական տուրքի գումար»։
Դատավոր Ն․ Մարգարյանը որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի դեմ հայտնել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արթուր Արիստակեսյանը, Հայկարամ Մխիթարյանը և Սվետլանա Իսահակյանը (ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ Գայանե Կարապետյան) և Կազմակերպությունը (ներկայացուցիչ Արման Աբելյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 60-րդ, 62-րդ և 79-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ և 1065-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 13-րդ, 27-րդ, 29-րդ, 32-րդ, 36-րդ, 62-րդ, 66-րդ, 169-րդ, 360-րդ, 379-380-րդ, 414-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նախարարությունն իր վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, կապված վարձակալության պայմանագրի ժամկետի մասով, ներկայացրել է բացառապես վերաքննության փուլում, այսինքն՝ հիշյալ փաստական հիմքերի կապակցությամբ Նախարարությունը գործի քննության ժամանակ երբևէ առարկություններ չի ունեցել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.04.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ տվյալ գործի շրջանակում հարկ էր պարզել՝ արդյոք Ա.Արիստակեսյանը, ապա նաև մյուս հայցվորները, տվյալ տարածքում ներդրումներ կատարել են, թե` ոչ և ի՞նչ ակնկալիքով, դրա հետևանքով կրե՞լ են վնասներ, և եթե՝ այո, ապա՝ ի՞նչ չափով: Ո՞ւմ կողմից է դրսևորվել ոչ իրավաչափ վարքագիծը և կա՞ պատճառահետևանքային կապ վնասի և ոչ իրավաչափ վարքագծի միջև և առկա՞ է որևէ մեկի մեղքը, թե՝ ոչ:
Հետևապես սույն գործի նոր քննության փուլում պետք է պարզվեին միայն նշված հանգամանքները, որոնք նախատեսվել էին Վերաքննիչ դատարանի գործը նոր քննության ուղարկելու ծավալի մեջ։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը սույն գործով թեև Նախարարությանը դիտարկել է ոչ պատշաճ պատասխանող, այնուամենայնիվ անդրադարձել է նաև Կազմակերպության կողմից հայցվորներին վնաս չպատճառելու Նախարարության բողոքի հիմքերին և հիմնավորումներին, մինչդեռ Նախարարության՝ ոչ պատշաճ պատասխանող լինելու հիմքով բողոքը հիմնավոր համարվելու պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր հայցվորների պահանջն ուղղված Կազմակերպության դեմ մերժել, երբ բավարարել է մեկ այլ գործին մասնակցող անձի՝ Նախարարության բողոքը վերջինիս ոչ պատշաճ լինելու հիմքով։
Սույն դեպքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հայցվորների հայցի թե՛ փաստական, թե՛ իրավական հիմքերից, վնասի հատուցման իրավահարաբերություններին անդրադառնալու փոխարեն անդրադարձ կատարելով վարձակալության պայմանագրին, այն դադարելու հիմքով վարձատուի՝ բարելավումներ կատարելու դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի առկայությանը կամ բացակայությանը, մինչդեռ սույն դեպքում հայցվորների փաստական և իրավական հիմքերը եղել են բացարձակապես այլ։
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի իմաստով վնասի հատուցման անվերապահ փոխհատուցման պարտականությունը կրում է այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ հաշվի առնելով, որ որևէ օրենքով նախատեսված չէ, որ վնասի հատուցման պարտականությունը դրված է միայն Կազմակերպության վրա, վերջինս ներկայանում է Հայաստանի Հանրապետության անունից որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ Կազմակերպության բյուջեն ձևավորվում է ոչ միայն իր կողմից իրականացված ոչ առևտրային գործունեության արդյունքում, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
Հետևապես միայն այն, որ ոչ օրինաչափ վարքագիծը դրսևորվել է Կազմակերպության կողմից, չի ենթադրում այն հանգամանքը, որ ՀՀ ֆինանսների Նախարարությունը չի կրում Կազմակերպության կողմից պատճառված վնասը հատուցելու պարտականությունը, քանի որ «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 30․05․2002 թվականի թիվ 927-Ն որոշման Հավելված 2-ի 1-ին բաժնի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։ Միաժամանակ 10.03.2004 թվականի պայմանագրի կողմ հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս Կազմակերպության։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.08.2020 թվականի վճռին։
2.1 Վճռաբեկ բողոքի դեմ Կազմակերպության կողմից բերված պատասխանի հիմնավորումները․
Սույն գործով հայցվորի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, որ առկա է օրենքի իմաստով վնաս, այլ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե վնասին, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված գործարքի անվավերության հետևանքների կիրառմանը, և դրա շրջանակներում կատարվելիք ենթադրյալ ծախսերին, որոնք վերոհիշյալ դիրքորոշումների լույսի ներքո հատուցման ենթակա չեն:
Բացի այդ, անգամ պայմանագրի գոյության դեպքում, համահայցվորները իրավական տեսանկյունից իրավունք չունեն պահանջ ներկայացնել վնասների հատուցման համար, քանի որ պայմանագրի ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղաժամկետ լուծվելուց հետո կատարված բոլոր ծախսերի ռիսկը կրում է վարձակալը:
Միաժամանակ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման:
Ուստիև վնասի առկայությունը հիմնավորված չլինելու պայմաններում անհիմն է նաև ենթադրյալ վնասի առաջացման և պատասխանողների ոչ իրավաչափ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Վերոգրյալի համատեքստում խնդրել է Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել:
2.2 Վճռաբեկ բողոքի դեմ Նախարարության կողմից բերված պատասխանի հիմնավորումները․
Սույն գործով բացակայում է որևէ ուղղակի պատճառահետևանքային կապ պատասխանողների գործողությունների և հայցվորների կրած ենթադրյալ վնասների միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորների իրավունքները հողամասի վրա առկա անշարժ գույքի մասով օրենքի ուժով դադարել էին մինչև պայմանագրի օրենքի խախտմամբ կնքված լինելը հաստատվելը և անվավեր ճանաչվելը։
Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել Նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի սահմաններից, այլ հակառակը, անդրադառնալով հողամասի վարձակալության, կառուցապատման պայմանագրերն անվավեր ճանաչելու արդյունքում հողամասի վրա կառուցված շինությունների արժեքը որպես վնաս դիտարկելու անհնարինության վերաբերյալ պնդումներին, Նախարարության վերաքննիչ բողոքը գնահատել է հիմնավորված։
Բացի այդ, սույն գործի շրջանակներում քննության առարկա հանդիսացող գործարքները Կազմակերպության տնօրենը կնքել է Կազմակերպության անունից, ավելին գործարքները կնքվել են գործող օրենքով սահմանված ժամկետը գերազանցող ժամկետով և օրենսդրությամբ սահմանված այլ կանոնների խախտմամբ, իսկ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել Կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության անունից կիրառելի օրենսդրությամբ սահմանված կարգով գործարք կնքելու լիազորությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի հայտնել կնքված գործարքներին հավանություն, այլև պետության կողմից հարուցված հայցի հիմքով այդ գործարքներն հետագայում անվավեր են ճանաչվել, որի արդյունքում գործարքներից բխող իրավունքներն ու պարտականությունները պետք է ծագեին Կազմակերպության համար՝ որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, իսկ դրանից ծագող պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը, ինչպես նաև կատարված գործողությունների արդյունքում պատճառված վնասների հատուցման պատասխանատվությունը պետք է կրեր Կազմակերպությունը և գործարքների կնքման պահին Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը՝ անկախ լիազորությունները դադարեցված լինելու հանգամանքից։
Հետևաբար Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1․ Ըստ թիվ ԳԴ4/0381/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19․08․2015 թվականի վճռի՝
1․1 Կազմակերպության մրցութային հանձնաժողովի կողմից 02.03.2004 թվականին կազմակերպվել է Կազմակերպության տարածքում վարձակալական հիմունքներով Թերակղզու հյուսիսային ափում գտնվող 1.700 քմ հողատարածքի համար մրցույթ, որին մասնակցելու նպատակով հայտ է ներկայացրել նաև Արթուր Արիստակեսյանը.
1․2 02.03.2004 թվականին Կազմակերպության տնօրենի 01.03.2004 թվականի թիվ 12-ԱՊ հրամանով ստեղծված մրցույթային հանձնաժողովի նախագահի, անդամների, հանձնաժողովի քարտուղարի և մրցույթի հաղթողի կողմից կազմված և ստորագրված, Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի կողմից հաստատված «Հողամասի մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 033 արձանագրության համաձայն` 1.700 քմ հողամասի, որպես հանգստի գոտի օգտագործելու նպատակով 5 /հինգ/ տարի կառուցապատման ժամկետով մրցույթում հաղթող է ճանաչվել Արթուր Արիստակեսյանը:
1․3 Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կազմակերպության տնօրեն Գ. Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 10.03.2004 թվականին կնքվել է «Հողամասի վարձակալության մասին» թիվ 033 պայմանագիրը, որը 14․04․2004 թվականին վավերացվել է Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից: Հիշյալ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, և 21․04․2004 թվականին Արթուր Արիստակեսյանին տրվել է «Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման» թիվ 0020663 վկայականը:
1․4 Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 02.08.2004 թվականին նույն հողամասի վերաբերյալ կնքվել է թիվ 033 պայմանագիրը, որը 11․08․2004 թվականին վավերացվել է Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից: Հիշյալ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում չի կատարվել:
1․5 18.04.2005 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից Արթուր Արիստակեսյանին տրվել է ճարտարապետահատակագծային թիվ 7 առաջադրանքը` Գեղարքունիքի մարզի Սևանա թերակղզու հյուսիսային մասում 10.0x10.0 մ չափերի մեկ հարկանի 3 հատ հանգստի տնակների կառուցման վերաբերյալ, իսկ 25.04.2005 թվականին տրվել է շինարարության թիվ 3 թույլտվությունը:
1․6 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0264 համարի տակ Արթուր Արիստակեսյանի անվամբ կատարվել է գրանցում և 18.07.2005 թվականին վերջինիս տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1218803 վկայականը:
1․7 Արթուր Արիստակեսյանի և Զոյա Աղաբեկյանի միջև 04.11.2005 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր Սևան, Թերակղզի, հյուսիսային ափ հասցեում գտնվող հանգստի թիվ 1 տնակը, որպես սեփականություն, Զոյա Աղաբեկյանին հանձնելու վերաբերյալ: Հիշյալ պայմանագիրը նույն օրը վավերացվել է Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից, իսկ դրանից ծագող իրավունքները գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0299 համարի տակ և 08․11․2005 թվականին Զոյա Աղաբեկյանին տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1101786 վկայականը:
1․8 Զոյա Աղաբեկյանի, որի անունից հանդես է եկել Արթուր Արիստակեսյանը, և Հայկարամ Մխիթարյանի միջև 19.03.2009 թվականին կնքվել է «Անշարժ գույքի /հողի/ կառուցապատման իրավունքի և հանգստի տնակի առուվաճառքի» պայմանագիր: Հիշյալ պայմանագիրը նույն օրը վավերացվել է Սևանի նոտարական տարածքի նոտարի կողմից, իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0299 համարի տակ և 24․03․2009 թվականին Հայկարամ Մխիթարյանին տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 2429504 վկայականը:
1․9 Արթուր Արիստակեսյանի և Սվետլանա Իսահակյանի միջև 04.11.2005 թվականին կնքվել է Սևան, Թերակղզի, հյուսիսային ափ հասցեում գտնվող հանգստի թիվ 2 տնակը, որպես սեփականություն, Սվետլանա Իսահակյանին հանձնելու վերաբերյալ: Հիշյալ պայմանագիրը նույն օրը վավերացվել է Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից, իսկ դրանից ծագող իրավունքները գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0300 համարի տակ և 08․11․2005 թվականին Սվետլանա Իսահակյանին տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1101787 վկայականը:
1․10 Կազմակերպության տնօրեն Տ․ Գրիգորյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 30.10.2007 թվականին կնքվել է «Սևան» ազգային պարկի բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասի վարձակալության մասին» թիվ 930-033 պայմանագիրը: Հիշյալ պայմանագիրը վավերացվել է Սևանի նոտարական տարածքի նոտարի կողմից, սակայն դրանից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
1․11 Հայաստանի Հանրապետության` ի դեմս Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Սվետլանա Իսահակյանի միջև 08.09.2008 թվականին կնքվել է «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 1280-930 պայմանագիրը: Հիշյալ պայմանագիրը 10․09․2008 թվականին վավերացվել է Սևանի նոտարական տարածքի նոտարի կողմից, սակայն դրանից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
1․12 Հայաստանի Հանրապետության` ի դեմս Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Զոյա Աղաբեկյանի միջև 08.09.2008 թվականին կնքվել է «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 1281-930 պայմանագիրը: Հիշյալ պայմանագիրը 10․09․2008 թվականին վավերացվել է Սևանի նոտարական տարածքի նոտարի կողմից, սակայն դրանից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
1․13 Հայաստանի Հանրապետության` ի դեմս Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Հայկարամ Մխիթարյանի միջև 05.05.2009 թվականին կնքվել է «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 1381-1281 պայմանագիրը: Հիշյալ պայմանագիրը նոտարական կարգով չի վավերացվել և դրանից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
1․14 ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2015 թվականի թիվ ԳԴ4/0381/02/12 օրինական ուժի մեջ մտած վճռով քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության հայցը բավարարվել է: Վճռվել է. անվավեր ճանաչել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 10․03․2004 թվականին կնքված և Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից 14․04․2004 թվականին վավերացված հողամասի վարձակալության մասին թիվ 033 պայմանագիրը և դրանից ծագող իրավունքների պետական գրանցումը: Որպես առոչինչ գործարքի` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 02․08․2004 թվականին կնքված և Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից 11․08․2004 թվականին վավերացված 033 պայմանագրի անվավերության հետևանք՝ անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0264 համարի տակ կատարված գրանցումը, Արթուր Արիստակեսյանի և Զոյա Աղաբեկյանի միջև 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0299 համարի տակ կատարված 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը, Արթուր Արիստակեսյանի և Սվետլանա Իսահակյանի միջև 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0300 համարի տակ կատարված 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը, Արթուր Արիստակեսյանին 08․11․2008 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1101792 վկայականի համաձայն կատարված գրանցումը: Որպես առոչինչ գործարքի` Հայաստանի Հանրապետության` ի դեմս «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Զոյա Աղաբեկյանի միջև 08․09․2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1281-930 պայմանագրի անվավերության հետևանք անվավեր ճանաչել` Զոյա Աղաբեկյանի, որի անունից հանդես է եկել Արթուր Արիստակեսյանը, և Հայկարամ Պողոսի Մխիթարյանի միջև 19․03․2009 թվականին կնքված անշարժ գույքի (հողի) կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0299 համարի տակ կատարված 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը: Որպես անվավեր և առոչինչ գործարքների անվավերության հետևանք` վճռվել է պարտավորեցնել Արթուր Արիստակեսյանին, Սվետլանա Իսահակյանին և Հայկարամ Մխիթարյանին, իրենց ապօրինի տիրապետման տակ գտնվող` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 10․03․2004 թվականին կնքված հողամասի վարձակալության մասին թիվ 033 պայմանագրում նշված` Թերակղզու հյուսիսային ափում գտնվող 1700 քմ պետական սեփականություն հանդիսացող հողամասը բերել նախկին վիճակի և հանձնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին (հատոր 1-ին, գ․թ․ 16-35)․
2․ «Փորձագետ անկախ հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված 12.05.2017 թվականի թիվ Փ-043-02-17 հաշվետվության համաձայն` Պատվիրատուի մատնանշված Սևանի թերակղզու հյուսիսային ափում գտնվող` 18.07.2005 թվականին տրված անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 12188883 վկայականի պատճենում արտացոլված տնակների վերարտադրման արժեքը ներկայիս շուկայական գներով հաշվարկված կազմել է 140․680․000 ՀՀ դրամ, հարակից տարածքների բարեկարգման համար կատարված շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծախսը` ներկայիս շուկայական գներով գնահատվել է 18․141․000 ՀՀ դրամ, տարածքի նախկին վիճակի վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման ծախսը` ներկայիս շուկայական գներով գնահատվել է 6․170․000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 35-10)․
3․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26․04․2019 թվականի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2018 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության և սահմանվել է նոր քննության ծավալ։ Վերաքննիչ դատարանը գործն ուղարկելով նոր քննության արձանագրել է, որ տվյալ գործի շրջանակում հարկ էր պարզել, արդյո՞ք Արթուր Արիստակեսյանը, ապա նաև մյուս հայցվորները, տվյալ տարածքում ներդրումներ կատարել են, թե՝ ոչ և ինչ ակնկալիքով, դրա հետևանքով կրել են վնասներ, և եթե այո, ապա ինչ չափով: Ում կողմից է դրսևորվել ոչ իրավաչափ վարքագիծը և կա պատճառահետևանքային կապ վնասի և ոչ իրավաչափ վարքագծի միջև և առկա է որևէ մեկի մեղքը, թե՝ ոչ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված հարցերը պարզելուց հետո միայն, հնարավոր կլիներ հանգել հետևության առ այն, թե հայցվոր կողմը վնասներ կրել է, թե ոչ և եթե այո, ապա դրանք հատուցման ենթակա են, թե՝ ոչ (հատոր 2-րդ, գ․թ․ 102-112)․
4․ Վերաքննիչ դատարանի 11․03․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Դատարանի 05․08․2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ․ «Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցապահանջն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ համապարտության կարգով 164․991․000 դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու մասին, մերժել։ Արթուր Արիստակեսյանից, Հայկարամ Մխիթարյանից և Սվետլանա Իսահակյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.209.362 դրամ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի մասով հետաձգված պետական տուրքի գումար» (հատոր 7-րդ, գ․թ․ 106-120)։
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ, 380-րդ, 414-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործին մասնակցող անձի կողմից դատական ակտի իր համար անբարենպաստ մասը բողոքարկելու իրավունքն իրականացնելու հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պետք է լինի օրինական:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը,
2) երրորդ անձինք,
3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց իրավունք է վերապահել բողոքարկելու դատական ակտերը՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում: Միաժամանակ օրենսդիրը դատական ակտերի (վճիռներ և որոշումներ) բողոքարկումը պայմանավորել է այդ ակտերի` բողոքարկող անձանց համար անբարենպաստ լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած՝ եթե վերադասության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բարենպաստ է այն բողոքարկող անձի համար, ապա վերջինս այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունք չունի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշվածն ուղղված է այնպիսի դատական սխալների բացահայտմանը, որոնք շահագրգիռ անձանց համար հանգեցրել են անբարենպաստ իրավական հետևանքների:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ անձի կողմից դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու սահմանափակմանը, արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարությունում գործում է տնօրինչականության սկզբունքը, համաձայն որի` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով սեփական հայեցողությամբ է տնօրինում իր նյութական և դատավարական իրավունքներն ու որոշում իր իրավունքների պաշտպանության միջոցները և եղանակները: Դրան համապատասխան էլ դատարաններն իրականացնում են արդարադատություն՝ հարուցում են քաղաքացիական գործ, քննում և լուծում այն, ինչպես նաև քննում ու լուծում են դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները: Ընդ որում, ինչպես գործին մասնակցող անձինք, այնպես էլ դատարանները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված կարգը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց համար օրենքով սահմանված են բողոքարկման, իսկ վերադաս դատական ատյանների համար՝ բողոքների քննության որոշակի սահմաններ։ Ընդ որում, դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու սահմանափակումն ունի կրկնակի բովանդակային նշանակություն՝
1) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասի դեմ,
2) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ այլ անձանց համար անբարենպաստ մասի դեմ:
Եթե անձի կողմից դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասի դեմ բողոք բերելը տրամաբանական չէ, ապա անձի կողմից այլ անձանց շահերի պաշտպանության համար բողոք ներկայացնելն այն պայմաններում, երբ այդ անձինք դատական ակտը չեն բողոքարկել (բացառությամբ օրենքով թույլատրված դեպքերի), կհակասի տնօրինչականության սկզբունքին: Դրան համապատասխան էլ վերաքննիչ դատարանը չի կարող քննել և լուծել ինչպես դատական ակտի՝ անձի համար բարենպաստ մասի դեմ բերված բողոքը, այնպես էլ անձի կողմից այլ անձանց իրավունքներին ու պարտականություններին առնչվող մասով բերված վերաքննիչ բողոքը: Եթե անձը, ի խախտումն տնօրինչականության սկզբունքի, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով վիճարկում է դատական ակտի ոչ միայն իր, այլև այլ անձանց համար անբարենպաստ մասը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու է քննելու և լուծելու միայն բողոք բերած անձի իրավունքներին ու պարտականություններին վերաբերող մասով բերված բողոքը և ըստ այդմ էլ քննության ընթացքում համապատասխան հետևության գալով՝ իրավասու է բեկանել միայն դատական ակտի՝ բողոք բերած անձի համար անբարենպաստ մասը (տե՛ս, Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասում, ինչպես արդեն իսկ նշվեց, վերաքննիչ վարույթի համար ևս հստակ նախատեսվել է քննարկվող իրավակարգավորումը, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասի նկատմամբ:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցադիմումի հիման վրա ընդդեմ Նախարարության և Կազմակերպության, որով հայցվորները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածների վկայակոչմամբ պահանջել են պատասխանողներից բռնագանձել 164.991.000 ՀՀ դրամ գումար, որից 140․680․000 ՀՀ դրամ որպես 18․07․2005 թվականի թիվ 1218883 սեփականության իրավունքի վկայականում արտացոլված տնակների արժեք, 18․141․ 000 ՀՀ դրամ՝ տարածքի բարեկարգման աշխատանքների ծախս, 6․170․000 ՀՀ դրամ տարածքի նախկին վիճակի վերականգնման ծախս, ինչպես նաև սկսած 24.08.2016 թվականից 140.680.000 ՀՀ դրամի և 18.141.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14․12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է, այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում առկա է օրենքի իմաստով վնաս, այլ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե վնասին, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված գործարքի անվավերության հետևանքների կիրառմանը, և դրա շրջանակներում կատարվելիք ծախսերին, որոնք հատուցման ենթակա չեն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26․04.2019 թվականի Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2018 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության, սահմանելով նոր քննության ծավալ: Մասնավորապես Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հիմնավոր չէ Դատարանի հետևությունն առ այն, որ գործով հայցվորների կողմից պահանջված ենթադրյալ վնասն այն գումարն է, որը վերջիններս կրելու են որպես գործարքի անվավերության հետևանք, այն է՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված հողամասը նախկին տեսքի բերելու պարտականության կատարմամբ, և որ հայցվորների կողմից վկայակոչված «վնասը» դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հայցվորների վրա դրված պարտականության կատարման ծախսն է, որը չի համապատասխանում վնասի իմաստով դրա վավերապայմաններին, քանի որ տվյալ դեպքում ծախսերի կատարումը պայմանավորված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կողմի վրա դրված պարտականության կատարման անհրաժեշտությամբ և ինքնին իրենից ներկայացնում է գործարքի անվավերության հետևանք:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործի նոր քննության ընթացքում հարկ է պարզել, արդյո՞ք Արթուր Արիստակեսյանը, ապա նաև մյուս հայցվորները, տվյալ տարածքում ներդրումներ կատարել են, թե ոչ և ինչ ակնկալիքով, դրա հետևանքով կրել են վնասներ, և եթե այո, ապա ինչ չափով: Ում կողմից է դրսևորվել ոչ իրավաչափ վարքագիծը և կա պատճառահետևանքային կապ վնասի և ոչ իրավաչափ վարքագծի միջև և առկա է որևէ մեկի մեղքը, թե ոչ: Նշված հարցերը պարզելուց հետո միայն, հնարավոր կլիներ հանգել հետևության առ այն, թե հայցվոր կողմը վնասներ կրել է, թե ոչ և եթե այո, ապա դրանք հատուցման ենթակա են, թե՝ ոչ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գործի նոր քննության ընթացքում կայացրած 05․08.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ պատճառաբանելով, որ ներդրում իրականացնելու և շահույթ ստանալու նպատակով հայցվորների կատարած ծախսերը պատասխանողների գործողությունների արդյունքում հայցվորների համար դարձել են վնաս: Նման պայմաններում դատարանը հաստատված է համարել պատասխանողների հակաիրավական վարքագիծը (այդ թվում վնասը համապարտությամբ երկու պատասխանողներից պահանջելու հիմքը), վնասները և դրանց չափը, հակաիրավական վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․03․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Դատարանի 05․08․2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ․ «Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցապահանջն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ համապարտության կարգով 164․991․000 դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու մասին, մերժել։ Արթուր Արիստակեսյանից, Հայկարամ Մխիթարյանից և Սվետլանա Իսահակյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.209.362 դրամ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի մասով հետաձգված պետական տուրքի գումար»։
Վերը նշված մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև պետական կազմակերպության պետական գրանցումը ծագած՝ պետական կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
ՀՀ կառավարության 30․05․2002 թվականի թիվ 927-Ն որոշման 1-ին կետով «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպվել է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատվել է վերջինիս կանոնադրությունը, համաձայն որոշման Հավելված 2-ի:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունները քաղաքացիական շրջանառությունում երրորդ անձանց հետ հարաբերություններում գործում են իրենց անունից և այդ հարաբերություններից ծագած պարտավորություններով պատասխանատու են իրենց պատկանող գույքով, բայց ոչ հիմնադրին պատկանող գույքով (միջոցներով)։ Նշված վերլուծությունը համադրելով սույն գործում առկա փաստերի հետ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով վեճը ծագել է Կազմակերպության և Արթուր Արիստակեսյանի միջև 10.03.2004 թվականին կնքված «Հողամասի վարձակալության մասին» պայմանագիրը և դրա հետևանքներն անվավեր ճանաչելու հետևանքով հայցվորների կրած վնասների հատուցման պահանջ ներկայացնելու հիմքով։ Ասվածից հետևում է, որ համահայցվորները ոչ իրավաչափ պահանջ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս՝ ՀՀ ֆինանսների նախարարության), քանի որ պատասխանող Կազմակերպությունը, ձեռնարկատիրական գործունեությունից ու այլ ծառայությունների դիմաց ստացված ֆինանսական միջոցներից (որոնք կուտակվում են պատասխանող Կազմակերպության հաշիվներում), պարտավոր է փոխհատուցել հավանական ոչ բարենպաստ դատական ակտի դեպքում որոշված վնասները։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պատասխանատվություն կրել պատասխանող Կազմակերպության պարտավորությունների համար, ինչից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս՝ Նախարարության, սույն գործով չի կարող համարվել պատշաճ պատասխանող և վերջինիս վրա չէր կարող դրվել վնասների հատուցման պարտավորություն։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում վճռաբեկ բողոքի հիմքն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս՝ Նախարարության պետք է համապարտ պատասխանատվություն կրի Կազմակերպության գործողությունների հետևանքով առաջացած գույքի կորստի համար նաև այն պատճառաբանությամբ, որ սույն գործով առկա չի գույքի սեփականատիրոջ կողմից առանց վնաս պատճառելու փաստի տուժողին պատճառված վնաս հատուցելու իրավական հիմք։
Բացի այդ, գործի նոր քննության ընթացքում Դատարանը 03.02.2020 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ հայցվոր կողմի վրա է դրել՝ պատասխանողների հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագծի (այդ թվում՝ վնասը համապարտությամբ երկու պատասխանողներից պահանջելու հիմքի), վնասների և դրա չափի, պատասխանողների մեղքի, հակաիրավական վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության փաստերն ապացուցելու դատավարական պարտականությունը, իսկ պատասխանողների վրա է դրվել հայցվորների կրած վնասի հարցում իրենց մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը :
Թիվ ԳԴ4/0381/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 19.08.2015 թվականի վճռով հաստատված փաստերի համաձայն՝ Կազմակերպության տնօրենի կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արթուր Արիստակեսյանը, ինչի հիման վրա Արթուր Արիստակեսյանի և Կազմակերպության միջև 10.03.2004 թվականին կնքվել է «Հողամասի վարձակալության» թիվ 033 պայմանագիրը, որից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում և 21․05․2004 թվականին Արթուր Արիստակեսյանին տրվել է «Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման» թիվ 0020663 վկայականը: Այնուհետև, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից Արթուր Արիստակեսյանին տրվել է ճարտարապետահատակագծային թիվ 7 առաջադրանքը՝ Սևանա թերակղզու հյուսիսային մասում 10,0X10,0մ չափերի մեկ հարկանի 3 հատ հանգստի տնակների կառուցման վերաբերյալ, իսկ 25.04.2005 թվականին նշված օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների կատարման համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից Արթուր Հակոբի Արիստակեսյանին տրվել է շինարարության թիվ 3 թույլտվությունը, ինչպես նաև «Ավարտված շենքի, շինության մասին» տեղեկանք` Գեղարքունիքի մարզի Սևանա թերակղզու հյուսիսային մասում կառուցված 3 հատ հանգստի տնակների արտաքին չափերն ու հարկայնությունը ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ: Ինչից հետո միայն Ա.Արիստակեսյանը հետամուտ է եղել մյուս համահայցվորների հետ համապատասխան պայմանագրերի կնքմանը: Ընդ որում, նշված պայմանագրերից բխող՝ Սվետլանա Իսահակյանի և Հայկարամ Մխիթարյանի իրավունքները ևս ստացել են պետական գրանցում:
Սույն գործով, Դատարանը հաստատված է համարել, որ ներդրում իրականացնելու և շահույթ ստանալու նպատակով հայցվորների կատարած ծախսերը, որպես այդպիսին դիտարկելով ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին համապատասխան հողամասում կառուցված տնակների և հարակից տարածքների բարեկարգման համար կատարված ծախսերը, պատասխանողների գործողությունների արդյունքում հայցվորների համար դարձել են վնաս:
Վերաքննիչ դատարանը մերժել է Կազմակերպության վերաքննիչ բողոքը արձանագրելով, որ․ «(․․․) որպեսզի կողմերի միջև ծագած իրավահարաբերություններում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը համարվի գործած Հայաստանի Հանրապետության անունից, անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշում կամ պետության անունից գործելու իրավազորությունը հաստատող այլ պաշտոնական փաստաթուղթ, որը տվյալ դեպքում առկա չէ>։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը կրկին բեկանել է Դատարանի վճիռը՝ բավարարելով Նախարարության վերաքննիչ բողոքը, փոփոխել այն՝ մերժելով հայցվորների պահանջն ինչպես Նախարարությունից, այնպես էլ Կազմակերպությունից համապարտության կարգով 164․991․000 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու մասին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ չեն, քանի որ մի դեպքում արձանագրելով, որ Կազմակերպությունը հանդիսանալով իրավահարաբերության ինքնուրույն սուբյեկտ, գործել է իր անունից և իրականացրել օրենքով իրեն վերապահված իրավունքներ, մյուս դեպքում բավարարել է Նախարարության կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը և փոփոխել հայցը՝ մերժելով նաև Կազմակերպությունից գումար բռնագանձելու մասով, այն դեպքում երբ Կազմակերպության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող մերժել Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցն ընդդեմ Կազմակերպության Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքով: Նախարարությունը միայն իր մասով կարող է բողոք ներկայացնել և որպես գործին ներգրավված դատավարական կողմ Կազմակերպության անունից հանդես գալու իրավազորություն չուներ, ոչ օրենքով, ոչ էլ լիազորագրով։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից Նախարարության վերաքննիչ բողոքը կարող էր բավարարվել միայն վերջինիս վերաբերող մասով, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բացառվել է պարտավորության համապարտությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կարող էր վերաբերել միայն իր խախտված իրավունքներին, և քանի որ տվյալ դեպքում գործով հաստատվել է, որ Հայաստանի Հանրապետությունը սույն գործով հայցվորներին վնաս չի պատճառել և նշված հանգամանքով պայմանավորված Վերաքննիչ դատարանը չէր կարող բացառել Կազմակերպության կողմից հայցվորներին վնաս պատճառված լինելու փաստը։ Հետևաբար Նախարարությունից պատճառված վնասը բռնագանձելու հայցվորների պահանջը մերժելը չէր կարող հանգեցնել նաև պատճառված վնասը Կազմակերպությունից բռնագանձելու մասին հայցվորի պահանջի մերժմանը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակի բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակի օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` գույքային պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մասնակիորեն բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը մասնակիորեն ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝
- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 3․295․820 ՀՀ դրամ (164․991․000*2%-4000=3․295․820)` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17․08․2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 158.821.000 ՀՀ դրամ գումարի (140․680․000-18․141․00=158․821․000) նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա տոկոսագումարի 2 տոկոսը՝ սկսած 24.08.2016 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Կազմակերպությունից հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ենթակա է բռնագանձման 4․000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4․939․730 ՀՀ դրամ (164․991․000*3%-10․000=3․295․820)` որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07․03․2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 158.821.000 ՀՀ դրամ գումարի (140․680․000-18․141․00=158․821․000) նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսը՝ սկսած 24.08.2016 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Կազմակերպությունից հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ենթակա է բռնագանձման 10․000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 1․000․000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և Վճռաբեկ դատարանի 16․06․2021 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 158.821.000 ՀՀ դրամ գումարի (140․680․000-18․141․00=158․821․000) նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսը՝ սկսած 24.08.2016 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ գործի նյութերում, ինչպես նաև բողոքին կից ներկայացված չէ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի, Սվետլանա Իսահակյանի և Լևոն Բաղդասարյանի միջև կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, կամ համապատասխան վճարումը կատարելու փաստը հավաստող ապացույց, հետևաբար Վճռաբեկ դատարանը չի կարող անդրադառնալով հայցվորներին՝ փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցման հարցին և այդ մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․03․2022 թվականի որոշումը մասնակի՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ՝ 164․991․000 ՀՀ դրամ և սկսած 24․08․2016 թվականից 140․680․000 ՀՀ դրամի և 18․141․000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվեգրելու պահանջը մերժելու մասով բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05․08․2020 թվականի վճռին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․03․2022 թվականի որոշումն ըստ հայցի՝ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 164․991․000 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջը մերժելու մասով թողնել օրինական ուժի մեջ։
2. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի բռնագանձել 4․000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի բռնագանձել 10․000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3․295․820 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17․08․2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 158.821.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա տոկոսագումարի 2 տոկոսը՝ սկսած 24.08.2016 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4․939․730 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07․03․2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 158.821.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսը՝ սկսած 24.08.2016 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1․000․000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և Վճռաբեկ դատարանի 16․06․2021 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 158.821.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսը՝ սկսած 24.08.2016 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից։
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԿԴ/3197/02/17 քաղաքացիական գործով 28.10.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
28.10.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հոկտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․03․2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` վնասը հատուցելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է «վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․03․2022 թվականի որոշումը մասնակի՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի՝ 164․991․000 ՀՀ դրամ և սկսած 24․08․2016 թվականից 140․680․000 ՀՀ դրամի և 18․141․000 ՀՀ դրամ նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվեգրելու պահանջը մերժելու մասով բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05․08․2020 թվականի վճռին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․03․2022 թվականի որոշումն ըստ հայցի՝ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 164․991․000 դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջը մերժելու մասով թողնել օրինական ուժի մեջ»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
« Դիմելով դատարան` Արթուր Արիստակեսյանը, Հայկարամ Մխիթարյանը և Սվետլանա Իսահակյանը պահանջել են պատասխանողներից հօգուտ հայցվորների բռնագանձել 164.991.000 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 24.08.2016 թվականից 140.680.000 ՀՀ դրամի և 18.141.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ․ Զարգարյան) 14․12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան, դատավորներ՝ Ա․ Խառատյան, Ս.Թորոսյան) 26․04.2019 թվականի որոշմամբ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2018 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24․07․2019 թվականի որոշումներով Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի, Սվետլանա Իսահակյանի և Նախարարության վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 05․08.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է Նախարարությունից և Կազմակերպությունից համապարտության կարգով հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի բռնագանձվել է՝ 164.991.000 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար: Նախարարությունից և Կազմակերպությունից համապարտության կարգով հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի 140.680.000 ՀՀ դրամի և 18.141.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվել և բռնագանձվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 24.08.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11․03․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Դատարանի 05․08․2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ․ «Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցապահանջն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ համապարտության կարգով 164․991․000 դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու մասին, մերժել։ Արթուր Արիստակեսյանից, Հայկարամ Մխիթարյանից և Սվետլանա Իսահակյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.209.362 դրամ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի մասով հետաձգված պետական տուրքի գումար»։
Դատավոր Ն․ Մարգարյանը որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի դեմ հայտնել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արթուր Արիստակեսյանը, Հայկարամ Մխիթարյանը և Սվետլանա Իսահակյանը (ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ Գայանե Կարապետյան) և Կազմակերպությունը (ներկայացուցիչ Արման Աբելյան)»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 60-րդ, 62-րդ և 79-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ և 1065-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 13-րդ, 27-րդ, 29-րդ, 32-րդ, 36-րդ, 62-րդ, 66-րդ, 169-րդ, 360-րդ, 379-380-րդ, 414-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նախարարությունն իր վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, կապված վարձակալության պայմանագրի ժամկետի մասով, ներկայացրել է բացառապես վերաքննության փուլում, այսինքն՝ հիշյալ փաստական հիմքերի կապակցությամբ Նախարարությունն առարկություններ գործի քննության ժամանակ երբևէ չի ունեցել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.04.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ տվյալ գործի շրջանակում հարկ էր պարզել՝ արդյոք Ա.Արիստակեսյանը, ապա նաև մյուս հայցվորները, տվյալ տարածքում ներդրումներ կատարել են, թե` ոչ և ի՞նչ ակնկալիքով, դրա հետևանքով կրե՞լ են վնասներ, և եթե՝ այո, ապա՝ ի՞նչ չափով: Ո՞ւմ կողմից է դրսևորվել ոչ իրավաչափ վարքագիծը և կա՞ պատճառահետևանքային կապ վնասի և ոչ իրավաչափ վարքագծի միջև և առկա՞ է որևէ մեկի մեղքը, թե՝ ոչ:
Հետևապես սույն գործի նոր քննության փուլում պետք է պարզվեին միայն հետևյալ հանգամանքները, որոնք նախատեսվել էին Վերաքննիչ դատարանի գործը նոր քննության ուղարկելու ծավալի մեջ։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը սույն գործով թեև Նախարարությանը դիտարկել է ոչ պատշաճ պատասխանող, այնուամենայնիվ անդրադարձել է նաև Կազմակերպության կողմից հայցվորներին վնաս չպատճառելու Նախարարության բողոքի հիմքերին և հիմնավորումներին, մինչդեռ Նախարարության՝ ոչ պատշաճ պատասխանող լինելու հիմքով բողոքը հիմնավոր համարվելու պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր հայցվորների պահանջն ուղղված Կազմակերպության դեմ մերժել, երբ բավարարել է մեկ այլ գործին մասնակցող անձի՝ Նախարարության բողոքը վերջինիս ոչ պատշաճ լինելու հիմքով։
Սույն դեպքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հայցվորների հայցի թե՛ փաստական, թե՛ իրավական հիմքերից, վնասի հատուցման իրավահարաբերություններին անդրադառնալու փոխարեն անդրադարձ կատարելով վարձակալության պայմանագրին, այն դադարելու հիմքով վարձատուի՝ բարելավումներ կատարելու դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի առկայությանը կամ բացակայությանը, մինչդեռ սույն դեպքում հայցվորների փաստական և իրավական հիմքերը եղել են բացարձակապես այլ։
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի իմաստով վնասի հատուցման անվերապահ փոխհատուցման պարտականությունը կրում է այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ հաշվի առնելով, որ որևէ օրենքով նախատեսված չէ, որ վնասի հատուցման պարտականությունը դրված է միայն Կազմակերպության վրա, վերջինս ներկայանում է Հայաստանի Հանրապետության անունից որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ Կազմակերպության բյուջեն ձևավորվում է ոչ միայն իր կողմից իրականացված ոչ առևտրային գործունեության արդյունքում, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
Հետևապես միայն այն, որ ոչ օրինաչափ վարքագիծը դրսևորվել է Կազմակերպության կողմից, չի ենթադրում այն հանգամանքը, որ ՀՀ ֆինանսների Նախարարությունը չի կրում Կազմակերպության կողմից պատճառված վնասը հատուցելու պարտականությունը, քանի որ «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 30․05․2002 թվականի թիվ 927-Ն որոշման Հավելված 2-ի 1-ին բաժնի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։ Միաժամանակ 10.03.2004 թվականի պայմանագրի կողմ հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս Կազմակերպության։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.08.2020 թվականի վճռին»:
2.1 Վճռաբեկ դատարանը որպես Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանի հիմք և հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Սույն գործով հայցվորի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, որ առկա է օրենքի իմաստով վնաս, այլ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե վնասին, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված գործարքի անվավերության հետևանքների կիրառմանը, և դրա շրջանակներում կատարվելիք ենթադրյալ ծախսերին, որոնք վերոհիշյալ դիրքորոշումների լույսի ներքո հատուցման ենթակա չեն:
Բացի այդ, եթե անգամ պայմանագրի գոյության դեպքում, համահայցվորները իրավական տեսանկյունից իրավունք չունեն պահանջ ներկայացնել վնասների հատուցման համար, քանի որ պայմանագրի ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղաժամկետ լուծվելուց հետո կատարված բոլոր ծախսերի ռիսկը կրում է վարձակալը:
Միաժամանակ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման:
Ուստիև վնասի առկայությունը հիմնավորված չլինելու պայմաններում անհիմն է նաև ենթադրյալ վնասի առաջացման և պատասխանողների ոչ իրավաչափ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Վերոգրյալի համատեքստում խնդրել է Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել»:
2.2 Վճռաբեկ դատարանը որպես Նախարարության ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանի հիմք և հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Սույն գործով բացակայում է որևէ ուղղակի պատճառահետևանքային կապ պատասխանողների գործողությունների և հայցվորների կրած ենթադրյալ վնասների միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորների իրավունքները հողամասի վրա առկա անշարժ գույքի մասով օրենքի ուժով դադարել էին մինչև պայմանագրին օրենքի խախտմամբ կնքված լինելը հաստատվելը և անվավեր ճանաչվելը։
Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել Նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի սահմաններից, այլ հակառակը, անդրադառնալով հողամասի վարձակալության, կառուցապատման պայմանագրերին անվավեր ճանաչելու արդյունքում հողամասի վրա կառուցված շինությունների արժեքը որպես վնաս դիտարկելու անհնարինության վերաբերյալ պնդումներին, Նախարարության վերաքննիչ բողոքը գնահատել է հիմնավորված։
Բացի այդ, սույն գործի շրջանակներում քննության առարկա հանդիսացող գործարքները Կազմակերպության տնօրենը կնքել է Կազմակերպության անունից, ավելին գործարքները կնքվել են գործող օրենքով սահմանված ժամկետը գերազանցող ժամկետով և օրենսդրությամբ սահմանված այլ կանոնների խախտմամբ, իսկ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել Կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության անունից կիրառելի օրենսդրությամբ սահմանված կարգով գործարք կնքելու լիազորությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի հայտնել կնքված գործարքներին հավանություն, այլև պետության կողմից հարուցված հայցի հիմքով այդ գործարքներն հետագայում անվավեր են ճանաչվել, որի արդյունքում գործարքներից բխող իրավունքներն ու պարտականությունները պետք է ծագեին Կազմակերպության համար՝ որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, իսկ դրանից ծագող պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը, ինչպես նաև կատարված գործողությունների արդյունքում պատճառված վնասների հատուցման պատասխանատվությունը պետք է կրեր Կազմակերպությունը և գործարքների կնքման պահին Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը՝ անկախ լիազորությունները դադարեցված լինելու հանգամանքից։
Հետևաբար Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման»։
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1․ Ըստ թիվ ԳԴ4/0381/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19․08․2015 թվականի վճռի՝
1․1 Կազմակերպության մրցութային հանձնաժողովի կողմից 02.03.2004 թվականին կազմակերպվել է Կազմակերպության տարածքում վարձակալական հիմունքներով Թերակղզու հյուսիսային ափում գտնվող 1.700 քմ հողատարածքի համար մրցույթ, որին մասնակցելու նպատակով հայտ է ներկայացրել նաև Արթուր Արիստակեսյանը.
1․2 02.03.2004 թվականին Կազմակերպության տնօրենի 01.03.2004 թվականի թիվ 12-ԱՊ հրամանով ստեղծված մրցույթային հանձնաժողովի նախագահի, անդամների, հանձնաժողովի քարտուղարի և մրցույթի հաղթողի կողմից կազմված և ստորագրված, Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի կողմից հաստատված «Հողամասի մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 033 արձանագրության համաձայն` 1.700 քմ հողամասի, որպես հանգստի գոտի օգտագործելու նպատակով 5 /հինգ/ տարի կառուցապատման ժամկետով մրցույթում հաղթող է ճանաչվել Արթուր Արիստակեսյանը:
1․3 Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կազմակերպության տնօրեն Գ. Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 10.03.2004 թվականին կնքվել է «Հողամասի վարձակալության մասին» թիվ 033 պայմանագիրը, որը 14․04․2004 թվականին վավերացվել է Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից: Հիշյալ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, և 21․04․2004 թվականին Արթուր Արիստակեսյանին տրվել է «Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման» թիվ 0020663 վկայականը:
1․4 Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 02.08.2004 թվականին նույն հողամասի վերաբերյալ կնքվել է թիվ 033 պայմանագիրը, որը 11․08․2004 թվականին վավերացվել է Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից: Հիշյալ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում չի կատարվել:
1․5 18.04.2005 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից Արթուր Արիստակեսյանին տրվել է ճարտարապետահատակագծային թիվ 7 առաջադրանքը` Գեղարքունիքի մարզի Սևանա թերակղզու հյուսիսային մասում 10.0x10.0 մ չափերի մեկ հարկանի 3 հատ հանգստի տնակների կառուցման վերաբերյալ, իսկ 25.04.2005 թվականին տրվել է շինարարության թիվ 3 թույլտվությունը:
1․6 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0264 համարի տակ Արթուր Արիստակեսյանի անվամբ կատարվել է գրանցում և 18.07.2005 թվականին վերջինիս տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1218803 վկայականը:
1․7 Արթուր Արիստակեսյանի և Զոյա Աղաբեկյանի միջև 04.11.2005 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր Սևան, Թերակղզի, հյուսիսային ափ հասցեում գտնվող հանգստի թիվ 1 տնակը, որպես սեփականություն, Զոյա Աղաբեկյանին հանձնելու վերաբերյալ: Հիշյալ պայմանագիրը նույն օրը վավերացվել է Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից, իսկ դրանից ծագող իրավունքները գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0299 համարի տակ և 08․11․2005 թվականին Զոյա Աղաբեկյանին տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1101786 վկայականը:
1․8 Զոյա Աղաբեկյանի, որի անունից հանդես է եկել Արթուր Արիստակեսյանը, և Հայկարամ Մխիթարյանի միջև 19.03.2009 թվականին կնքվել է «Անշարժ գույքի /հողի/ կառուցապատման իրավունքի և հանգստի տնակի առուվաճառքի» պայմանագիր: Հիշյալ պայմանագիրը նույն օրը վավերացվել է Սևանի նոտարական տարածքի նոտարի կողմից, իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0299 համարի տակ և 24․03․2009 թվականին Հայկարամ Մխիթարյանին տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 2429504 վկայականը:
1․9 Արթուր Արիստակեսյանի և Սվետլանա Իսահակյանի միջև 04.11.2005 թվականին կնքվել է Սևան, Թերակղզի, հյուսիսային ափ հասցեում գտնվող հանգստի թիվ 2 տնակը, որպես սեփականություն, Սվետլանա Իսահակյանին հանձնելու վերաբերյալ: Հիշյալ պայմանագիրը նույն օրը վավերացվել է Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից, իսկ դրանից ծագող իրավունքները գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0300 համարի տակ և 08․11․2005 թվականին Սվետլանա Իսահակյանին տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1101787 վկայականը:
1․10 Կազմակերպության տնօրեն Տ․ Գրիգորյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 30.10.2007 թվականին կնքվել է «Սևան» ազգային պարկի բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասի վարձակալության մասին» թիվ 930-033 պայմանագիրը: Հիշյալ պայմանագիրը վավերացվել է Սևանի նոտարական տարածքի նոտարի կողմից, սակայն դրանից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
1․11 Հայաստանի Հանրապետության` ի դեմս Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Սվետլանա Իսահակյանի միջև 08.09.2008 թվականին կնքվել է «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 1280-930 պայմանագիրը: Հիշյալ պայմանագիրը 10․09․2008 թվականին վավերացվել է Սևանի նոտարական տարածքի նոտարի կողմից, սակայն դրանից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
1․12 Հայաստանի Հանրապետության` ի դեմս Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Զոյա Աղաբեկյանի միջև 08.09.2008 թվականին կնքվել է «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 1281-930 պայմանագիրը: Հիշյալ պայմանագիրը 10․09․2008 թվականին վավերացվել է Սևանի նոտարական տարածքի նոտարի կողմից, սակայն դրանից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
1․13 Հայաստանի Հանրապետության` ի դեմս Կազմակերպության տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Հայկարամ Մխիթարյանի միջև 05.05.2009 թվականին կնքվել է «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 1381-1281 պայմանագիրը: Հիշյալ պայմանագիրը նոտարական կարգով չի վավերացվել և դրանից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
1․14 ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2015 թվականի թիվ ԳԴ4/0381/02/12 օրինական ուժի մեջ մտած վճռով քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության հայցը բավարարվել է: Վճռվել է. անվավեր ճանաչել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 10․03․2004 թվականին կնքված և Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից 14․04․2004 թվականին վավերացված հողամասի վարձակալության մասին թիվ 033 պայմանագիրը և դրանից ծագող իրավունքների պետական գրանցումը: Որպես առոչինչ գործարքի` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 02․08․2004 թվականին կնքված և Էրեբունու նոտարական տարածքի նոտարի կողմից 11․08․2004 թվականին վավերացված 033 պայմանագրի անվավերության հետևանք անվավեր է ճանաչվել` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0264 համարի տակ կատարված գրանցումը, Արթուր Արիստակեսյանի և Զոյա Աղաբեկյանի միջև 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0299 համարի տակ կատարված 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը, Արթուր Արիստակեսյանի և Սվետլանա Իսահակյանի միջև 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0300 համարի տակ կատարված 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը, Արթուր Արիստակեսյանին 08․11․2008 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1101792 վկայականի համաձայն կատարված գրանցումը: Որպես առոչինչ գործարքի` Հայաստանի Հանրապետության` ի դեմս «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Զոյա Աղաբեկյանի միջև 08․09․2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1281-930 պայմանագրի անվավերության հետևանք անվավեր ճանաչել` Զոյա Աղաբեկյանի, որի անունից հանդես է եկել Արթուր Արիստակեսյանը, և Հայկարամ Պողոսի Մխիթարյանի միջև 19․03․2009 թվականին կնքված անշարժ գույքի (հողի) կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-4 մատյանի 0299 համարի տակ կատարված 04․11․2005 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը: Որպես անվավեր և առոչինչ գործարքների անվավերության հետևանք` վճռվել է պարտավորեցնել Արթուր Արիստակեսյանին, Սվետլանա Իսահակյանին և Հայկարամ Մխիթարյանին, իրենց ապօրինի տիրապետման տակ գտնվող` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 10․03․2004 թվականին կնքված հողամասի վարձակալության մասին թիվ 033 պայմանագրում նշված` Թերակղզու հյուսիսային ափում գտնվող 1700 քմ պետական սեփականություն հանդիսացող հողամասը բերել նախկին վիճակի և հանձնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին (հատոր 1-ին, գ․թ․ 16-35)․
2․ «Փորձագետ անկախ հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված 12.05.2017 թվականին տրված թիվ Փ-043-02-17 հաշվետվության համաձայն` Պատվիրատուի մատնանշված Սևանի թերակղզու հյուսիսային ափում գտնվող` 18.07.2005 թվականին տրված անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 12188883 վկայականի պատճենում արտացոլված տնակների վերարտադրման արժեքը ներկայիս շուկայական գներով հաշվարկված կազմել է 140․680․000 ՀՀ դրամ, հարակից տարածքների բարեկարգման համար կատարված շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծախսը` ներկայիս շուկայական գներով գնահատվել է 18․141․000 ՀՀ դրամ, տարածքի նախկին վիճակի վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման ծախսը` ներկայիս շուկայական գներով գնահատվել է 6․170․000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 35-10)․
3․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26․04․2019 թվականի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2018 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել է նոր քննության և սահմանել է նոր քննության ծավալ։ Վերաքննիչ դատարանը գործն ուղարկելով նոր քննության արձանագրել է, որ տվյալ գործի շրջանակում հարկ էր պարզել, արդյո՞ք Արթուր Արիստակեսյանը, ապա նաև մյուս հայցվորները, տվյալ տարածքում ներդրումներ կատարել են, թե՝ ոչ և ինչ ակնկալիքով, դրա հետևանքով կրել են վնասներ, և եթե այո, ապա ինչ չափով: Ում կողմից է դրսևորվել ոչ իրավաչափ վարքագիծը և կա պատճառահետևանքային կապ վնասի և ոչ իրավաչափ վարքագծի միջև և առկա է որևէ մեկի մեղքը, թե՝ ոչ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված հարցերը պարզելուց հետո միայն, հնարավոր կլիներ հանգել հետևության առ այն, թե հայցվոր կողմը վնասներ կրել է, թե ոչ և եթե այո, ապա դրանք հատուցման ենթակա են, թե՝ ոչ (հատոր 2-րդ, գ․թ․ 102-112)․
4․ Վերաքննիչ դատարանը 11․03․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Դատարանի 05․08․2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխել հետևյալ կերպ․ «Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցապահանջն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ համապարտության կարգով 164․991․000 դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու մասին, մերժել։ Արթուր Արիստակեսյանից, Հայկարամ Մխիթարյանից և Սվետլանա Իսահակյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.209.362 դրամ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի մասով հետաձգված պետական տուրքի գումար» (հատոր 7-րդ, գ․թ․ 106-120)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ, 380-րդ, 414-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործին մասնակցող անձի կողմից դատական ակտի իր համար անբարենպաստ մասը բողոքարկելու իրավունքն իրականացնելու հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պետք է լինի օրինական:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը,
2) երրորդ անձինք,
3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց իրավունք է վերապահել բողոքարկելու դատական ակտերը՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում: Միաժամանակ օրենսդիրը դատական ակտերի (վճիռներ և որոշումներ) բողոքարկումը պայմանավորել է այդ ակտերի` բողոքարկող անձանց համար անբարենպաստ լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած՝ եթե վերադասության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բարենպաստ է այն բողոքարկող անձի համար, ապա վերջինս այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունք չունի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշվածն ուղղված է այնպիսի դատական սխալների բացահայտմանը, որոնք շահագրգիռ անձանց համար հանգեցրել են անբարենպաստ իրավական հետևանքների:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ անձի կողմից դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու սահմանափակմանը, արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարությունում գործում է տնօրինչականության սկզբունքը, համաձայն որի` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով սեփական հայեցողությամբ է տնօրինում իր նյութական և դատավարական իրավունքներն ու որոշում իր իրավունքների պաշտպանության միջոցները և եղանակները: Դրան համապատասխան էլ դատարաններն իրականացնում են արդարադատություն՝ հարուցում են քաղաքացիական գործ, քննում և լուծում այն, ինչպես նաև քննում ու լուծում են դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները: Ընդ որում, ինչպես գործին մասնակցող անձինք, այնպես էլ դատարանները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված կարգը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց համար օրենքով սահմանված են բողոքարկման, իսկ վերադաս դատական ատյանների համար՝ բողոքների քննության որոշակի սահմաններ։ Ընդ որում, դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու սահմանափակումն ունի կրկնակի բովանդակային նշանակություն՝
1) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասի դեմ,
2) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ այլ անձանց համար անբարենպաստ մասի դեմ:
Եթե անձի կողմից դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասի դեմ բողոք բերելը տրամաբանական չէ, ապա անձի կողմից այլ անձանց շահերի պաշտպանության համար բողոք ներկայացնելն այն պայմաններում, երբ այդ անձինք դատական ակտը չեն բողոքարկել (բացառությամբ օրենքով թույլատրված դեպքերի), կհակասի տնօրինչականության սկզբունքին: Դրան համապատասխան էլ վերաքննիչ դատարանը չի կարող քննել և լուծել ինչպես դատական ակտի՝ անձի համար բարենպաստ մասի դեմ բերված բողոքը, այնպես էլ անձի կողմից այլ անձանց իրավունքներին ու պարտականություններին առնչվող մասով բերված վերաքննիչ բողոքը: Եթե անձը, ի խախտումն տնօրինչականության սկզբունքի, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով վիճարկում է դատական ակտի ոչ միայն իր, այլև այլ անձանց համար անբարենպաստ մասը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու է քննելու և լուծելու միայն բողոք բերած անձի իրավունքներին ու պարտականություններին վերաբերող մասով բերված բողոքը և ըստ այդմ էլ քննության ընթացքում համապատասխան հետևության գալով՝ իրավասու է բեկանել միայն դատական ակտի՝ բողոք բերած անձի համար անբարենպաստ մասը (տե՛ս, Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, վերաքննիչ վարույթի համար ևս հստակ նախատեսվել է քննարկվող իրավակարգավորումը, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասի նկատմամբ:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցադիմումի հիման վրա ընդդեմ Նախարարության և Կազմակերպության, որով հայցվորները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածների վկայակոչման պահանջել են պատասխանողներից բռնագանձել 164.991.000 ՀՀ դրամ գումար, որից 140․680․000 ՀՀ դրամ որպես 18․07․2005 թվականի թիվ 1218883 սեփականության իրավունքի վկայականում արտացոլված տնակների արժեք, 18․141․ 000 ՀՀ դրամ՝ տարածքի բարեկարգման աշխատանքների ծախս, 6․170․000 ՀՀ դրամ տարածքի նախկին վիճակի վերականգնման ծախս, ինչպես նաև սկսած 24.08.2016 թվականից 140.680.000 ՀՀ դրամի և 18.141.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14․12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է, այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում առկա է օրենքի իմաստով վնաս, այլ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե վնասին, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված գործարքի անվավերության հետևանքների կիրառմանը, և դրա շրջանակներում կատարվելիք ծախսերին, որոնք հատուցման ենթակա չեն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26․04.2019 թվականի Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2018 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության, սահմանելով նոր քննության ծավալ: Մասնավորապես Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հիմնավոր չէ Դատարանի հետևությունն առ այն, որ գործով հայցվորների կողմից պահանջված ենթադրյալ վնասն այն գումարն է, որը վերջիններս կրելու են որպես գործարքի անվավերության հետևանք, այն է՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված հողամասը նախկին տեսքի բերելու պարտականության կատարմամբ, և որ հայցվորների կողմից վկայակոչված «վնասը» դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հայցվորների վրա դրված պարտականության կատարման ծախսն է, որը չի համապատասխանում վնասի իմաստով դրա վավերապայմաններին, քանի որ տվյալ դեպքում ծախսերի կատարումը պայմանավորված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կողմի վրա դրված պարտականության կատարման անհրաժեշտությամբ և ինքնին իրենից ներկայացնում է գործարքի անվավերության հետևանք:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործի նոր քննության ընթացքում հարկ է պարզել, արդյո՞ք Արթուր Արիստակեսյանը, ապա նաև մյուս հայցվորները, տվյալ տարածքում ներդրումներ կատարել են, թե ոչ և ինչ ակնկալիքով, դրա հետևանքով կրել են վնասներ, և եթե այո, ապա ինչ չափով: Ում կողմից է դրսևորվել ոչ իրավաչափ վարքագիծը և կա պատճառահետևանքային կապ վնասի և ոչ իրավաչափ վարքագծի միջև և առկա է որևէ մեկի մեղքը, թե ոչ: Նշված հարցերը պարզելուց հետո միայն, հնարավոր կլիներ հանգել հետևության առ այն, թե հայցվոր կողմը վնասներ կրել է, թե ոչ և եթե այո, ապա դրանք հատուցման ենթակա են, թե՝ ոչ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գործի նոր քննության ընթացքում կայացրած 05․08.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է պատճառաբանելով, որ ներդրում իրականացնելու և շահույթ ստանալու նպատակով հայցվորների կատարած ծախսերը պատասխանողների գործողությունների արդյունքում հայցվորների համար դարձել են վնաս: Նման պայմաններում դատարանը հաստատված է համարել պատասխանողների հակաիրավական վարքագիծը (այդ թվում վնասը համապարտությամբ երկու պատասխանողներից պահանջելու հիմքը), վնասները և դրանց չափը, հակաիրավական վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․03․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Դատարանի 05․08․2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխել հետևյալ կերպ․ «Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցապահանջն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ համապարտության կարգով 164․991․000 դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու մասին, մերժել։ Արթուր Արիստակեսյանից, Հայկարամ Մխիթարյանից և Սվետլանա Իսահակյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.209.362 դրամ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի մասով հետաձգված պետական տուրքի գումար»։
Վերը նշված մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև պետական կազմակերպության պետական գրանցումը ծագած՝ պետական կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
ՀՀ կառավարության 30․05․2002 թվականի թիվ 927-Ն որոշման 1-ին կետով «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպվել է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատվել է վերջինիս կանոնադրությունը, համաձայն որոշման Հավելված 2-ի:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունները քաղաքացիական շրջանառությունում երրորդ անձանց հետ հարաբերություններում գործում են իրենց անունից և այդ հարաբերություններից ծագած պարտավորություններով պատասխանատու են իրենց պատկանող գույքով, բայց ոչ հիմնադրին պատկանող գույքով (միջոցներով)։ Նշվածը վերլուծությունը համադրելով սույն գործում առկա փաստերի հետ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով վեճը ծագել է Կազմակերպության և Արթուր Արիստակեսյանի միջև 10.03.2004 թվականին կնքված «Հողամասի վարձակալության մասին» պայմանագիրը և դրա հետևանքներն անվավեր ճանաչելու հետևանքով հայցվորների կրած վնասների հատուցման պահանջ ներկայացնելու հիմքով։ Ասվածից հետևում է, որ համահայցվորները ոչ իրավաչափ պահանջ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս՝ ՀՀ ֆինանսների նախարարության), քանի որ պատասխանող Կազմակերպությունը, ձեռնարկատիրական գործունեությունից ու այլ ծառայությունների դիմաց ստացված ֆինանսական միջոցներից (որոնք կուտակվում են պատասխանող Կազմակերպության հաշիվներում), պարտավոր է փոխհատուցել հավանական ոչ բարենպաստ դատական ակտի դեպքում որոշված վնասները։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պատասխանատվություն կրել պատասխանող կազմակերպության պարտավորությունների համար, ինչից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը ի դեմս՝ ՀՀ ֆինանսների նախարարության, սույն գործով չի կարող համարվել պատշաճ պատասխանող և վերջինիս վրա չէր կարող դրվել վնասների հատուցման պարտավորություն։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում վճռաբեկ բողոքի հիմքն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս՝ ՀՀ ֆինանսների նախարարության պետք է համապարտ պատասխանատվություն կրի Կազմակերպության գործողությունների հետևանքով առաջացած գույքի կորստի համար նաև այն պատճառաբանությամբ, որ սույն գործով առկա չի գույքի սեփականատիրոջ կողմից առանց վնաս պատճառելու փաստի տուժողին պատճառված վնաս հատուցելու իրավական հիմք։
Բացի այդ, գործի նոր քննության ընթացքում Դատարանը 03.02.2020 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ հայցվոր կողմի վրա է դրել՝ պատասխանողների հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագծի (այդ թվում՝ վնասը համապարտությամբ երկու պատասխանողներից պահանջելու հիմքի), վնասների և դրա չափի, պատասխանողների մեղքի, հակաիրավական վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության փաստերն ապացուցելու դատավարական պարտականությունը, իսկ պատասխանողների վրա է դրվել հայցվորների կրած վնասի հարցում իրենց մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը:
Թիվ ԳԴ4/0381/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 19.08.2015 թվականի վճռով հաստատված փաստերի համաձայն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արթուր Արիստակեսյանը, ինչի հիման վրա Արթուր Արիստակեսյանի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 10.03.2004 թվականին կնքվել է «Հողամասի վարձակալության» թիվ 033 պայմանագիրը, որից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում և 2004 թվականի մայիսի 21-ին Արթուր Արիստակեսյանին տրվել է «Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման» թիվ 0020663 վկայականը: Այնուհետև, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից Արթուր Արիստակեսյանին տրվել է ճարտարապետահատակագծային թիվ 7 առաջադրանքը՝ Սևանա թերակղզու հյուսիսային մասում 10,0X10,0մ չափերի մեկ հարկանի 3 հատ հանգստի տնակների կառուցման վերաբերյալ, իսկ 25.04.2005 թվականին նշված օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների կատարման համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից Արթուր Հակոբի Արիստակեսյանին տրվել է շինարարության թիվ 3 թույլտվությունը, ինչպես նաև «Ավարտված շենքի, շինության մասին» տեղեկանք` Գեղարքունիքի մարզի Սևանա թերակղզու հյուսիսային մասում կառուցված 3 հատ հանգստի տնակների արտաքին չափերն ու հարկայնությունը ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ: Ինչից հետո միայն Ա.Արիստակեսյանը հետամուտ է եղել մյուս համահայցվորների հետ համապատասխան պայմանագրերի կնքմանը: Ընդ որում, նշված պայմանագրերից բխող՝ Սվետլանա Իսահակյանի և Հայկարամ Մխիթարյանի իրավունքները ևս ստացել են պետական գրանցում:
Սույն գործով, Դատարանը հաստատված է համարել, որ ներդրում իրականացնելու և շահույթ ստանալու նպատակով հայցվորների կատարած ծախսերը, որպես այդպիսին դիտարկելով ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին համապատասխան հողամասում կառուցված տնակների և հարակից տարածքների բարեկարգման համար կատարված ծախսերը, պատասխանողների գործողությունների արդյունքում հայցվորների համար դարձել են վնաս:
Վերաքննիչ դատարանը մերժել է Կազմակերպության վերաքննիչ բողոքը արձանագրելով, որ․ «(․․․) որպեսզի կողմերի միջև ծագած իրավահարաբերություններում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը համարվի գործած Հայաստանի Հանրապետության անունից, անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշում կամ պետության անունից գործելու իրավազորությունը հաստատող այլ պաշտոնական փաստաթուղթ, որը տվյալ դեպքում առկա չէ«։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը կրկին բեկանել է Դատարանի վճիռը՝ բավարարելով Նախարարության վերաքննիչ բողոքը փոփոխել այն՝ մերժելով հայցվորների պահանջն ինչպես Նախարարությունից, այնպես էլ Կազմակերպությունից համապարտության կարգով 164․991․000 դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու մասին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ չեն, քանի որ մի դեպքում արձանագրելով, որ Կազմակերպությունը հանդիսանալով իրավահարաբերության ինքնուրույն սուբյեկտ, գործել է իր անունից և իրականացրել օրենքով իրեն վերապահված իրավունքներ, մյուս դեպքում բավարարել է Նախարարության կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը և փոփոխել հայցը՝ մերժելով նաև Կազմակերպությունից գումար բռնագանձելու մասով, այն դեպքում երբ Կազմակերպության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող մերժել Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցն ընդդեմ Կազմակերպության Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքով: Նախարարությունը միայն իր մասով կարող է բողոք ներկայացնել և որպես գործին ներգրավված դատավարական կողմ Կազմակերպության անունից հանդես գալու իրավազորություն չուներ, ոչ օրենքով, ոչ էլ լիազորագրով։ Այսինքն Վերաքննիչ դատարանի կողմից Նախարարության վերաքննիչ բողոքը կարող էր բավարարվել միայն վերջինիս վերաբերող մասով, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, բացառվել է պարտավորության համապարտությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կարող էր վերաբերել միայն իր խախտված իրավունքներին և քանի որ տվյալ դեպքում գործով հաստատվել է, որ Հայաստանի Հանրապետությունը սույն գործով հայցվորներին վնաս չի պատճառել և նշված հանգամանքով պայմանավորված Վերաքննիչ դատարանը չէր կարող բացառել Կազմակերպության կողմից հայցվորներին վնաս պատճառված լինելու փաստը։ Հետևաբար Նախարարությունից պատճառված վնասը բռնագանձելու հայցվորների պահանջը մերժելը չէր կարող հանգեցնել նաև պատճառված վնասը Կազմակերպությունից բռնագանձելու մասին հայցվորի պահանջի մերժմանը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակի բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակի օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։
Նույն հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ, 380-րդ և 414-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության ստուգման հիմքերում, չնայած վճռաբեկ բողոքում նշված բողոքի մյուս հիմքերի, դրել է բացառապես դատավարական իրավունքի նորմերը, իսկ որպես Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու շարժառիթներ իր կողմից կայացված որոշման մեջ նշել է բացառապես դատավարական իրավունքի նորմերի մեկնաբանության արդյունքում հայտնված դիրքորոշումները։
Այսպես՝ Վճռաբեկ դատարանը, պատճառաբանելով, որ՝
- «Վերաքննիչ դատարանը չէր կարող մերժել Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի հայցն ընդդեմ Կազմակերպության Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքով: Նախարարությունը միայն իր մասով կարող է բողոք ներկայացնել և որպես գործին ներգրավված դատավարական կողմ Կազմակերպության անունից հանդես գալու իրավազորություն չուներ, ոչ օրենքով, ոչ էլ լիազորագրով։ Այսինքն Վերաքննիչ դատարանի կողմից Նախարարության վերաքննիչ բողոքը կարող էր բավարարվել միայն վերջինիս վերաբերող մասով, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, բացառվել է պարտավորության համապարտությունը»,
- «Նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կարող էր վերաբերել միայն իր խախտված իրավունքներին և քանի որ տվյալ դեպքում գործով հաստատվել է, որ Հայաստանի Հանրապետությունը սույն գործով հայցվորներին վնաս չի պատճառել և նշված հանգամանքով պայմանավորված Վերաքննիչ դատարանը չէր կարող բացառել Կազմակերպության կողմից հայցվորներին վնաս պատճառված լինելու փաստը։ Հետևաբար Նախարարությունից պատճառված վնասը բռնագանձելու հայցվորների պահանջը մերժելը չէր կարող հանգեցնել նաև պատճառված վնասը Կազմակերպությունից բռնագանձելու մասին հայցվորի պահանջի մերժմանը»,
եզրահանգել է, որ «վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակի բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակի օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար»։
Կարծում եմ, որ վերը նշված պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Արթուր Արիստակեսյանի, Հայկարամ Մխիթարյանի և Սվետլանա Իսահակյանի 164․991․000 ՀՀ դրամ ու սկսած 24․08․2016 թվականից 140․680․000 ՀՀ դրամի և 18․141․000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվեգրելու պահանջը մերժելու մասով բեկանելու և այդ մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05․08․2020 թվականի վճռին օրինական ուժ տալու համար հետևյալ պատճառաբանությամբ․
Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված դատական ակտում որպես Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարելու հետևանքով հայցն ամբողջությամբ մերժելու պատճառաբանություններ նշել է նաև, որ՝
- «անկախ նշված պայմանագրի դատական կարգով անվավեր ճանաչման փաստից, ի սկզբանե սույն գործով վիճելի է վերը նշված վարձակալության պայմանագրի հիման վրա պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալած գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումների դիմաց հատուցում ստանալու վարձակալի իրավունքը»,
- «եթե վերը նշված վարձակալության պայմանագրի հիման վրա պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալած գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումների դիմաց հատուցում ստանալու վարձակալի իրավունքն է վիճելի դիտարկվում, ապա գործարքի անվավեր ճանաչման դեպքում առհասարակ չի կարող խոսք գնալ դրանց մասով հատուցում ստանալու մասին, քանի որ անվավեր գործարքը, բացառությամբ գործարքի անվավերության հետ կապված հետևանքների, այլ հետևանքներ չի կարող առաջացնել, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիշատակված նորմի»,
- «վերը նշված փաստական հանգամանքների առկայության և դրանք կատարված իրավական վերլուծությունների հետ համադրելու պարագայում Վերաքննիչ դատարանը գալիս է այն համոզմանը, որ ի սկզբանե վիճելի է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Գ.Մարտիրոսյանի և Արթուր Արիստակեսյանի միջև 10.03.2004 թվականին կնքված «Հողամասի վարձակալության մասին» թիվ 033 պայմանագրի դադարման հիմքով կառուցված տնակների արժեքը պատասխանող «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստանալու Արթուր Արիստակեսյանի իրավունքը, իսկ նշված պայմանագիրը անվավեր ճանաչման պարագայում առհասարակ չի կարող խոսք գնալ վնասի հատուցման մասին»,
- «Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնի 1․10-1․14 կետերում նշված պայմանագրերը դիտարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նշված իրավակարգավորման շրջանակներում, Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգմանը, որ դրանք, որպես առոչինչ պայմանագրեր, որևէ կերպ չեն կարող, որևէ անձի նկատմամբ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար փաստական հիմք հանդիսանալ»։
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, համապատասխան վերլուծություններ կատարելով նյութական իրավունքի նորմերի համատեքստում՝ վերը նշված շարժառիթների հիման վրա է եզրահանգել, որ թեկուզև Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, բայց այնուամենայնիվ հայցը ենթակա է մերժման ամբողջությամբ։
Չցանկանալով կարծիք հայտնել այդ եզրահանգման հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ՝ միաժամանակ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ եթե Վճռաբեկ դատարանը որոշել է վերը նշված մասով օրինական ուժ տալ Դատարանի վճռին, ապա, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի, պետք է պարտադիր անդրադառնար Վերաքննիչ դատարանի՝ հայցն անհիմն լինելու վերաբերյալ վերը նշված շարժառիթներին՝ իր որոշման մեջ նշելով դրանց վերաբերյալ իր անհամաձայնության հիմնավորումները։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշումը պարունակում է վերլուծություններ բացառապես դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ և զուրկ է Վերաքննիչ դատարանի կողմից նյութական իրավունքի նորմերը խախտված լինելու վերաբերյալ վերլուծություններից և հիմնավորումներից։
Վերոգրյալից ելնելով հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: