ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/8385/05/19 2022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/8385/05/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Լ. Հակոբյան | ||
Ք. Մկոյան |
2022 թվականի հոկտեմբերի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հովիկ Շախկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Հովիկ Շախկյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի «Վարչական բողոքը մերժելու մասին» 10.10.2019 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԼԴ/1189/02/19 գործով տրամադրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում Հովիկ Շախկյանի օգտին բռնագանձված 300.000 ՀՀ դրամը հայցվորի ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանի «Յունիբանկ» ԲԲ ընկերության կողմից սպասարկվող թիվ 24111000161700 հաշվեհամարին փոխանցելուն Ծառայությանը պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հովիկ Շախկյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի «Վարչական բողոքը մերժելու մասին» 10.10.2019 թվականի որոշումը և Ծառայությանը պարտավորեցնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԼԴ/1189/02/19 գործով տրամադրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում Հովիկ Շախկյանի օգտին բռնագանձված 300.000 ՀՀ դրամը փոխանցել հայցվորի ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանի «Յունիբանկ» ԲԲ ընկերության կողմից սպասարկվող թիվ 24111000161700 հաշվեհամարին:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.06.2021 թվականի որոշմամբ Դատարանի 30.04.2021 թվականի վճռի դեմ հայցվորի ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովիկ Շախկյանը (ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Ծատինյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 14-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածները, 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 134-րդ հոդվածի 3-րդ մասը, 135-րդ հոդվածը, 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն պարագայում վարչական գործում առկա է պատշաճ լիազորագիր, որով հայցվոր Հովիկ Շախկյանը լիազորել է Ալեքսանդր Ծատինյանին և որևէ վերապահում չի կատարել լիազորությունների կապակցությամբ, ինչից հետևում է, որ վերջինս իրավունք ուներ Հովիկ Շախկյանի անունից ներկայացնել վերաքննիչ բողոք։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 130-րդ, 134-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս՝ Běleš-lešը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 47273/99, Եվրոպական դատարանի 12․02․2003 թվականի որոշում, § 49):
Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս՝ Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 36):
«Դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս՝ Philis-ն ընդդեմ Հունաստանի, application no. 12750/87; 13780/88; 14003/88, Եվրոպական դատարանի 27.08.1991 թվականի որոշում, § 59, De Geouffre de la Pradelle-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 12964/87, Եվրոպական դատարանի 16.12.1992 թվականի որոշում, § 28, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 229):
Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս՝ Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս՝ Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 36, Nunes Dias-ն ընդդեմ Պորտուգալիայի, application no. 69829/01, 2672/03, Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշում): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս՝ Cañete de Goñi-ն ընդդեմ Իսպանիայի, application no. 55782/00, Եվրոպական դատարանի 15․01․2003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս՝ Miragall Escolano-ն ընդդեմ Իսպանիայի, Applications nos. 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, Եվրոպական դատարանի 25․01․2000 թվականի որոշում, Zvolský-ն և Zvolská-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 46129/99, Եվրոպական դատարանի 12․11․2002 թվականի որոշում, § 51):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):
Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «…հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ…»:
Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ է Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերի բողոքարկման գործիքակազմի առկայությունը առավելագույնի է հասցնում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և հնարավորինս նվազագույնի է հասցնում դատական սխալների առկայությունը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության մասնակիցներն են (այսուհետ` դատավարության մասնակիցներ)`
1) կողմերը` հայցվորը և պատասխանողը.
2) երրորդ անձինք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով։ Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները դատավարության մասնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքը դրանք կատարեր։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձին տրված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և այն վավերացման կամ հաստատման ենթակա չէ։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-4-րդ մասերում նշված անձանց կողմից այդ մասերով սահմանված կարգով տրված լիազորագրով ներկայացուցիչները ստանձնում են լիազորագիրը տված անձի` որպես դատավարության մասնակցի բոլոր իրավունքները՝ անկախ դրանց վերաբերյալ լիազորագրում հատուկ նշում կատարված լինելու հանգամանքից, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է լիազորագիրը տվող անձի անհամաձայնությունը նույն օրենսգրքով դատավարության մասնակիցներին վերապահված իրավունքներից որևէ մեկով կամ մի քանիսով ներկայացուցչին օժտելու վերաբերյալ: Այդ մասին հատուկ նշվում է ներկայացուցչի լիազորագրում:
Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` դատավարության մասնակիցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները (…):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագրի հիման վրա դատավարության մասնակիցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունները պատվիրակում է լիազորագրով հանդես եկող իր ներկայացուցչին, ում կողմից կատարված դատավարական գործողությունները դիտարկվում են որպես դատավարության մասնակցի անունից կատարված գործողություններ և իրավական հետևանքներ են առաջացնում վերջինիս համար: Այսինքն՝ այն դեպքում, երբ դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով, դատարանի խնդիրն է, առաջին հերթին, պարզել լիազորագրի՝ օրենքով սահմանված կարգով տրված լինելու հանգամանքը, ինչպես նաև՝ բացահայտել լիազորագրով ներկայացուցչին տրված իրավազորությունների շրջանակը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում վերաքննիչ բողոք բերելու իրավասություն ունեցող անձանց շրջանակում ներառված են դատավարության մասնակիցները, ինչպես նաև դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներից բխում է, որ դատավարության մասնակցի՝ ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով հանդես գալու իրավունքը չի սահմանափակվում դատավարության որևէ փուլում, և վերաքննիչ բողոք բերելու իրավասությամբ կարող է օժտվել նաև դատավարության մասնակցի ներկայացուցիչը, որպիսի փաստը հաստատվում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այն իրավակարգավորմամբ, ըստ որի՝ վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանության պարագայում լիազորված անձն իրավասու է լիազորողի անունից կատարելու դատավարական գործողություններ։ Այսինքն՝ լիազորագրում դատավարության մասնակցի իրավունքներից օգտվելու վերապահման վերաբերյալ որևէ հատուկ նշման բացակայության պայմաններում ներկայացուցիչը ստանձնում է դատավարության մասնակցի բոլոր իրավունքները, մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի ուժով իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ, անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ, ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը, հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին, գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները, առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը և նույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներից։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներկայացուցիչ փաստաբանը, ստորագրելով հայցադիմումը, բողոքը, այլ դատավարական փաստաթղթեր, կատարելով ներկայացուցչություն և այլ դատավարական գործողություններ, պարզապես հանդես է գալիս լիազորողի՝ դատավարության մասնակցի անունից և չունի անձնական շահագրգռվածություն գործի ելքի հետ կապված։ Հետևաբար անհրաժեշտ է արձանագրել, որ ներկայացված դատավարական փաստաթղթի բովանդակությունը ամբողջությամբ պետք է արտահայտի ներկայացվողի շահերը և գործը քննող դատարանի համար պարզ դառնա, թե ով է հանդիսանում գործով շահագրգիռ անձ։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոքարկման լիազորություն ունեցող անձանց օրենսդրությամբ սահմանված շրջանակին, արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի դատական ակտերը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոքարկելու լիազորություն ունեն դատավարության մասնակիցները, դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, սակայն նշվածը չի բացառում լիազորությունների վերապահում ներկայացուցիչներին, ինչի հավաստումն է հանդիսանում օրենսդրական այն կարգավորումը, համաձայն որի՝ բողոքը ստորագրում է բողոք բերած անձը կամ նրա ներկայացուցիչը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վարչական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատավարության մասնակիցները դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ թույլ տրված խախտումը պայմանավորված է ներկայացուցչի լիազորությունների հավաստման կամ ձևակերպման հետ, վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքի ընդունումն այն դեպքում, երբ բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի, այսինքն՝ չի հանդիսանում դատավարության մասնակից կամ վերջինիս ներկայացուցիչ։
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում ներկայացված բողոքը պետք է նշում պարունակի այն մասին, թե ով է ներկայացնում բողոքը՝ դատավարության մասնակիցը, թե՝ վերջինիս կողմից լիազորված ներկայացուցիչը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է պարզի, թե տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը կոնկրետ ում անունից է ներկայացվել և արդյոք տվյալ սուբյեկտը, ով ներկայացնում է վերաքննիչ բողոք, ունի վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավասություն: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված հանգամանքը բացահայտելու համար Վերաքննիչ դատարանը պետք է ուսումնասիրի ներկայացված վերաքննիչ բողոքի ոչ միայն ձևական կողմը, այլ նաև բովանդակությունը (տե՛ս, Սարգիս Մախմուրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/10980/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2021 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 130-րդ և 134-րդ հոդվածների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի այնպես, որ Վարչական դատարանի՝ ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները, սակայն վերջիններիս անունից տրված պատշաճ լիազորագրի առկայության դեպքում բողոքը կարող է ստորագրվել նաև ներկայացուցչի կողմից, հաշվի առնելով դատավարության մասնակցի՝ դատավարական գործողությունները՝ ներառյալ դատական ակտերը բողոքարկելու իրավունքը, ինչպես անձամբ, այնպես էլ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով իրացնելու օրենսդրական կարգավորման առկայությունը։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 30.04.2021 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 114-124)։
Վերոգրյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Հովիկ Շախկյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանը։
Վերաքննիչ դատարանը 09.06.2021 թվականի որոշմամբ Ալեքսանդր Ծատինյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ բողոքը ներկայացվել է սույն գործով դատավարության մասնակից չհանդիսացող, հայցվորի ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանի կողմից: Այսինքն, Դատարանի 30.04.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերել է ոչ թե հայցվորը, ում անունից պատշաճ լիազորությունների առկայության պայմաններում կարող է հանդես գալ վերջինիս ներկայացուցիչը, այլ հենց ներկայացուցիչն իր անունից։ Այլ կերպ ասած՝ բողոքը բերել է դրա իրավունքը չունեցող անձը:
Վարչական գործում առկա լիազորագրով սույն գործով հայցվոր Հովիկ Շախկյանը 09.04.2019 թվականին՝ երեք տարի ժամկետով, լիազորել է փաստաբան Ալեքսանդր Ծատինյանին ցանկացած գործով լինել իր ներկայացուցիչը ՀՀ բոլոր դատարաններում։
Լիազորագիրը, ի թիվս այլ իրավունքների, նաև իրավունք է վերապահել փաստաբան Ալեքսանդր Ծատինյանին բողոքարկելու դատական ակտերը (հատոր 1-ին, գ.թ. 39)։
Տվյալ դեպքում Դատարանի 30.04.2021 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի առաջին էջում նշված է «Բողոքաբեր՝ թիվ ՎԴ/8385/05/19 վարչական գործով Հայցվոր Հովիկ Ռաֆիկի Շախկյանի ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Սամվելի Ծատինյան», որից հետո մեջբերվել է փաստաբանական գործունեության արտոնագրի համարը և բողոք բերած անձի ծանուցման հասցեն (հատոր 1-ին, գ․թ. 132), այնուհետև հաջորդ տողում նշված է «Հայցվոր՝ Հովիկ Ռաֆիկի Շախկյան», իսկ բողոքը ստորագրվել է Ալեքսանդր Ծատինյանի կողմից, ով, Հովիկ Շախկյանի կողմից տրված 09.04.2019 թվականի լիազորագրով, հանդես է գալիս վերջինիս անունից (հատոր 1-ին, գ.թ. 140)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ լիազորագիրը ստորագրվել է սույն գործով հայցվոր Հովիկ Շախկյանի կողմից, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովիկ Շախկյանը նպատակ է ունեցել նշված լիազորագրով իրացնելու իր դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում նաև՝ Դատարանի 30.04.2021 թվականի վճիռը բողոքարկելու իր իրավունքը, ներկայացուցչի՝ տվյալ դեպքում Ալեքսանդր Ծատինյանի միջոցով, որպիսի հանգամանքով էլ պայմանավորված՝ Ալեքսանդր Ծատինյանը Հովիկ Շախկյանի անունից, վերջինիս կողմից 09.04.2019 թվականին տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել է վերաքննիչ բողոք` բողոքի ներածական մասում նշելով իր անունը` որպես հայցվորի ներկայացուցիչ և ստորագրելով վերաքննիչ բողոքը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից առաջին հերթին գնահատման էր ենթակա Հովիկ Շախկյանի կողմից Ալեքսանդր Ծատինյանին տրված 09.04.2019 թվականի լիազորագրի պատշաճությունը՝ մասնավորապես՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու լիազորություն տրված լինելու մասով, այնուհետև վերաքննիչ բողոքի բովանդակության ուսումնասիրության արդյունքում պետք է բացահայտվեր վերաքննիչ բողոք ներկայացնող անձը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Դատարանի 30.04.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է Ալեքսանդր Ծատինյանի կողմից, ով հանդես է եկել որպես Դատարանի 30.04.2021 թվականի վճիռը բողոքարկելու իրավունք ունեցող անձի` հայցվոր Հովիկ Շախկյանի ներկայացուցիչ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, ուստի անհիմն կերպով մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը` Վերաքննիչ դատարանը ցուցաբերել է չափազանց ձևական (ֆորմալ) մոտեցում և անհամաչափորեն սահմանափակել Հովիկ Շախկյանի դատական պաշտպանության իրավունքը` վերջինիս զրկելով Դատարանի 30.04.2021 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Հ. Բեդևյան |
Լ. Հակոբյան | |
Ք. Մկոյան | |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: