ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/3108/02/172022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/3108/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով, քննելով Հովհաննես Հեքիմյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Խորեն Հեքիմյանի ընդդեմ Հովհաննես Հեքիմյանի՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեում գտնվող տան 1/2 մասի նկատմամբ Խորեն Հեքիմյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, նշված անշարժ գույքից հայցվոր Խորեն Հեքիմյանի բաժինը «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի թիվ 192-01/Վ-018 եզրակացությամբ ներկայացված տարբերակների համաձայն առանձնացնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Հովհաննես Հեքիմյանի ընդդեմ Խորեն Հեքիմյանի՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Հովհաննես Հեքիմյանին փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Խորեն Հեքիմյանը պահանջել է ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեում գտնվող տան 1/2 մասի նկատմամբ, նշված անշարժ գույքից բաժինն առանձնացնել «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի թիվ 192-01/Վ-018 եզրակացությամբ ներկայացված տարբերակների համաձայն։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Հովհաննես Հեքիմյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքի նկատմամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2019 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն՝ Խորեն Հեքիմյանը ճանաչվել է Խաչատուր Հեքիմյանի վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Հայցը՝ Խորեն Հեքիմյանի բաժինը «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի թիվ 192-01/Վ-018 եզրակացությամբ ներկայացված տարբերակների համաձայն առանձնացնելու մասով, մերժվել է:
Հովհաննես Հեքիմյանը ճանաչվել է վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Հակընդդեմ հայցը՝ վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքի մնացած 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2020 թվականի որոշմամբ Հովհաննես Հեքիմյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.11.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Հեքիմյանը (ներկայացուցիչ Արմեն Գրիգորյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 130-132-րդ հոդվածները։
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, դրանք համակցությամբ չի գնահատել, որի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման:
Վերաքննիչ դատարանը սկզբնական հայցով Խորեն Հեքիմյանի կողմից ներկայացված Էրեբունու թաղապետարանի 10.03.2011 թվականի տեղեկանքը գործում գտնվող մյուս ապացույցների հետ գնահատելիս հանգել է սխալ եզրահանգման, քանի որ վերը նշված տեղեկանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Խորեն Հեքիմյանը, հոր մահից հետո վեցամսյա ժամկետում և դրանից հետո էլ փաuտացի չի տիրապետել և կառավարել ժառանգական գույքը, քանի որ վերը նշված տեղեկանքում բացակայում է այն տեղեկությունը, թե որ ժամանակվանից է փաստացի բնակվել նշված տանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժառանգությունը կարող է ընդունվել վեցամսյա ժամկետում ժառանգության բացման օրվանից սկսած, սույն քաղաքացիական գործով Խորեն Հեքիմյանի կողմից ներկայացված 10.03.2011 թվականի տեղեկանքով չի ապացուցվում այն փաստը, որ նա հոր մահից հետո վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետել է ժառանգական գույքը:
Գործում գտնվող Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված Երևան քաղաքի Նոր Արեշ 42-րդ և 9-րդ փողոցների բնակիչներ Վաչագան Մկոյանի, Մաքրուհի Դույմալյանի և Նշան Բակլաջյանի 14.03.2018 թվականի գրավոր հայտարարության համաձայն՝ Հովհաննես Հեքիմյանը ծնվել է 1962 թվականին և մինչև իր ծնողների ամուսնալուծությունը բնակվել է վիճելի տանը: Խորեն Հեքիմյանը չի ապրել և չի ապրում սույն հասցեում, միայն այցելել է հոր կենդանության օրոք: Գործում գտնվող մեկ այլ ապացույցով՝ 10.05.2019 թվականին Հովհաննես Հեքիմյանին տրված տեղեկանքով հիմնավորվել է այն փաստը, որ «հանգուցյալ Խաչատուր Հայկազի Հեքիմյանի մահից՝ 13.06.2008 թվականից հետո, վերջինս միայնակ է բնակվել վիճելի բնակելի տանը և փաստացի տիրապետման հիմքով ընդունել է հոր՝ Խաչատուր Հայկազի Հեքիմյանին պատկանող ժառանգական գույքը՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեի անշարժ գույքը:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն ինքն իրեն հակասել է, մի դեպքում հաստատված է համարել, որ Հովհաննես Հեքիմյանը միայնակ բնակվելով վիճելի բնակելի տանը՝ փաստացի տիրապետման հիմքով ընդունել է հոր ժառանգությունը, մյուս դեպքում փաստել, որ Խորեն Հեքիմյանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է հոր ժառանգությունը: Նման պարագայում հարց է առաջանում՝ եթե Հովհաննես Հեքիմյանը միայնակ է ապրել վեճի առարկա հանդիսացող տանը, ապա ինչ եղանակով է Խորեն Հեքիմյանը վեցամսյա ժամկետում ընդունել ժառանգությունը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, թե նոտարը ինչ հիմքով է մերժել Խորեն Հեքիմյանի ժառանգության ձևակերպումը, այդ փաստին ընդհանրապես ուշադրություն չի դարձրել և դրան հակառակ փաստել է, որ Խորեն Հեքիմյանն ընդունել է հոր ժառանգությունը, այն դեպքում, երբ և՛ գործում, և՛ նոտարական գործում առկա չէ ապացույց, որ Խորեն Հեքիմյանը ժառանգությունն ընդունել է վեցամսյա ժամկետում:
Վերաքննիչ դատարանը վերը նշված ապացույցները գնահատելիս հանգել է սխալ եզրահանգման, ինչի արդյունքում կայացրել է ակնհայտ անհիմն դատական ակտ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2020 թվականին որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարված մասով՝ մերժել, իսկ հակընդդեմ հայցը մերժված մասով՝ բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1)Խորեն Հեքիմյանը ծնվել է 1966թ., ծնողներն են՝ Խաչատուր Հեքիմյանը և Լաուրա Հակոբյանը (հատոր 1-ին, գ․թ․9)։
2) 02.06.1992 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Հայկազ Հեքիմյանի մահվանից հետո Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում Մարիամ, Խաչատուր և Միքայել Հայկազի Հեքիմյանները (հատոր 1-ին, գ․թ․21):
3) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնի կողմից 22.09.2010 թվականի թիվ NՍԱ-2/374 տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ գրանցված է Մարիամ, Խաչատուր և Միքայել Հայկազի Հեքիմյանների բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ․թ․20):
4) Խաչատուր Հեքիմյանը մահացել է 13.06.2008 թվականին (հատոր 1-ին, գ․թ․15):
5) Երևանի Էրեբունու թաղապետարանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 10.03.2011 թվականի տեղեկանքի համաձայն՝ Խորեն Հեքիմյանը փաստացի բնակվել է Նոր Արեշ 9 փողոց, 56 տանը (հատոր 1-ին, գ․թ․39):
6) Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտարների 30.01.2012 թվականի և 28.02.2017 թվականի գրությունների համաձայն՝ Խորեն Հեքիմյանի դիմումը ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու վերաբերյալ մերժվել է՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգությունը չընդունելու հիմքով (հատոր 1-ին, գ․թ․23-25):
7). Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 03.03.2018 թվականի տեղեկանքի համաձայն՝ Հովհաննես Հեքիմյանը փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տանը (հատոր 2-րդ, գ․թ․33):
8) Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված Երևան քաղաքի Նոր Արեշ 42-րդ և 9-րդ փողոցների բնակիչներ Նշան Բակլաջյանի, Կարապետ Դոլարյանի և Մարինե Գալոյանի՝ 17.06.2010 թվականի գրավոր հայտարարության համաձայն՝ Հովհաննես Հեքիմյանը գրանցված է և բնակվում է Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տանը: Հանգուցյալ հորաքույրը՝ Մարիամ Հեքիմյանը երբեք չի ամուսնացել և ժառանգ չի ունեցել: Ապրել և մահացել է վերը նշված հասցեում (հատոր 2-րդ, գ․թ․34-35):
9) Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 10.05.2019 թվականի տեղեկանքի համաձայն՝ 1962 թվականին ծնված Հովհաննես Հեքիմյանը բնակվում է Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տանը՝ միայնակ: Նշվել է, որ Միքայել Հայկազի Հեքիմյանը մահացել է 27.03.2000 թվականին ՌԴ-ում, նրա մահից հետո նշված տանը բնակվել են Խաչատուր և Մարիամ Հայկազի Հեքիմյանները: Մարիամ Հայկազի Հեքիմյանը մահացել է 27.11.2005 թվականին, նրա մահից հետո նշված տանն ապրել է և առ այսօր ապրում է Հովհաննես Հեքիմյանը և նրա հայրը՝ Խաչատուր Հեքիմյանը: Խաչատուր Հեքիմյանը մահացել է 13.06.2008 թվականին, նրա մահից հետո մինչ օրս բնակվում է Հովհաննես Հեքիմյանը (հատոր 2-րդ, գ․թ․36):
10) Ըստ Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված Երևան քաղաքի Նոր Արեշ 42-րդ և 9-րդ փողոցների բնակիչներ Վաչագան Մկոյանի, Մաքրուհի Դույմալյանի և Նշան Բակլաջյանի՝ 14.03.2018թ. գրավոր հայտարարության՝ Հովհաննես Հեքիմյանը ծնվել է 1962 թվականին և մինչև իր ծնողների ամուսնալուծությունը բնակվել է Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տանը: Խորեն Հեքիմյանը չի ապրել և չի ապրում նշված հասցեում, միայն այցելել է հոր կենդանության օրոք (հատոր 2-րդ, գ․թ․37)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգման իրավունք ունեցող անձի կողմից ժառանգության բացումից հետո ժառանգությունն ընդունելու կամքի դրսևորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածների կիրառման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում։ Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա uկuում է փաuտացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։ Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տե՛ս, օրինակ, Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի և մյուսների թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։ Ուստի դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու հանգամանքը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը)։
Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր uտանալու մաuին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր: Ընդ որում, ժառանգության ընդունման փաստը հաստատված համարելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ ժառանգը գույքը տիրապետել և կառավարել է նաև մինչև ժառանգատուի մահը: Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված ժառանգության զանգվածի մեջ մտնող որևէ գույք ժառանգման իրավունք ունեցող անձի փաստացի տիրապետման և կառավարման ներքո կարող է գտնվել նաև մինչև ժառանգության բացումը: Նման պարագայում ժառանգության ընդունման համար էական է այն փաստը, որ ժառանգը ժառանգատուին պատկանող գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողությունները շարունակի կատարել նաև ժառանգատուի մահվանից հետո՝ վեցամսյա ժամկետում (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ Լիդա Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն՝ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ որոշման հանգելու համար պարտավոր էր յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլիներ հաստատված համարել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերում ապացույցների ճիշտ գնահատման հարցին (տես` Ռուզաննա Թորոսյանի ընդդեմ Նվեր Մկրտչյանի ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե′ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների թիվ 3-1843/ՎԴ քաղաքացիական գործով, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան՝ Խորեն Հեքիմյանը պահանջել է ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեում գտնվող տան 1/2 մասի նկատմամբ, նշված անշարժ գույքից բաժինն առանձնացնել «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի թիվ 192-01/Վ-018 եզրակացությամբ ներկայացված տարբերակների համաձայն։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Հովհաննես Հեքիմյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքի նկատմամբ:
Խաչատուր Հեքիմյանը մահացել է 13.06.2008 թվականին:
Երևանի Էրեբունու թաղապետարանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 10.03.2011 թվականի տեղեկանքի համաձայն՝ Խորեն Հեքիմյանը փաստացի բնակվել է Նոր Արեշ 9 փողոց, 56 տանը:
Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտարների 30.01.2012 թվականի և 28.02.2017 թվականի գրությունների համաձայն՝ Խորեն Հեքիմյանի դիմումը ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասով մերժվել է:
Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 03.03.2018 թվականի տեղեկանքի համաձայն՝ Հովհաննես Հեքիմյանը փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տանը:
Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 10.05.2019 թվականի տեղեկանքի համաձայն՝ 1962 թվականին ծնված Հովհաննես Հեքիմյանը բնակվում է Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տանը՝ միայնակ: Նշվել է, որ Միքայել Հայկազի Հեքիմյանը մահացել է 27.03.2000 թվականին ՌԴ-ում, նրա մահից հետո նշված տանը բնակվել են Խաչատուր և Մարիամ Հայկազի Հեքիմյանները: Մարիամ Հայկազի Հեքիմյանը մահացել է 27.11.2005 թվականին, նրա մահից հետո նշված տանն ապրել է և առ այսօր ապրում է Հովհաննես Հեքիմյանը և նրա հայրը՝ Խաչատուր Հեքիմյանը: Խաչատուր Հեքիմյանը մահացել է 13.06.2008 թվականին, նրա մահից հետո մինչ օրս բնակվում է Հովհաննես Հեքիմյանը:
Ըստ Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված Երևան քաղաքի Նոր Արեշ 42-րդ և 9-րդ փողոցների բնակիչներ Վաչագան Մկոյանի, Մաքրուհի Դույմալյանի և Նշան Բակլաջյանի՝ 14.03.2018թ. գրավոր հայտարարության՝ Հովհաննես Հեքիմյանը ծնվել է 1962 թվականին և մինչև իր ծնողների ամուսնալուծությունը բնակվել է Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տանը: Խորեն Հեքիմյանը չի ապրել և չի ապրում նշված հասցեում, միայն այցելել է հոր կենդանության օրոք:
Դատարանը, հայցը և հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելիս, պատճառաբանել է, որ «Դատարանը, չխախտելով ապացույցների ներկայացման, հավաքման, ուսումնասիրման և գնահատման կարգը` ինչպես նաև պահպանելով դրանց վերաբերելիությունը, թույլատրելիությունը, հավաստիությունը և բավարար լինելը, փաստում է, որ սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Խորեն Հեքիմյանի պահանջի իրավաչափությունը հաստատվում է գործով ներկայացված վերը նշված բավարար, թույլատրելի, վերաբերելի, ինչպես նաև արժանահավատ ապացույցներով, ուստի առկա է բավարար հիմք սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Խորեն Հեքիմյանին ճանաչել` 13.06.2008թ. մահացած Խաչատուր Հեքիմյանին պատկանող անշարժ գույքի՝ ք. Երևան, Նոր Արեշ 9 փողոց, 56 տուն հասցեի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ», ինչպես նաև գտել է, որ «Դատարանը ներկայացված ապացույցները համարում է բավարար և ապացուցված է համարում, որ սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Հովհաննես Հեքիմյանը իր հոր՝ Խաչատուր Հեքիմյանի մահից հետո փաստացի ընդունել և տիրապետել է ժառանգական զանգվածը»: Ամփոփելով վերոգրյալը և համադրելով գործով ձեռք բերված ապացույցներն ու իրավական նորմերը՝ Դատարանը գտել է, որ Հովհաննես Հեքիմյանին ևս պետք է ճանաչել Խաչատուր Հեքիմյանին պատկանող անշարժ գույքի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «գործում առկա ապացույցներով, մասնավորապես նոտարի գրություններով հաստատվում է, որ Խորեն Հեքիմյանը կատարել է որոշակի գործողություններ Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տան նկատմամբ իր սեփականության իրավունքը որպես ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար: Ուստի, վերոնշյալ ապացույցների և փաստերի դասավորվածությունից Վերաքննիչ դատարանը գալիս է այն համոզման, որ ինչպես հայցը, այնպես էլ հակընդդեմ հայցը հիմնավոր են այն մասով, որ գործում առկա ապացույցներով հաստատվել է վիճելի տան տիրապետումը թե՛ հայցվորի և թե՛ հակընդդեմ հայցվորի կողմից: Հետևաբար, վերջիններս երկուսն էլ իրավունք ունեն ակնկալել ճանաչվել Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տան նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ, որպիսի հանգամանքը բացառում է Հովհաննես Հեքիմյանի հավակնությունները ամբողջ գույքի նկատմամբ: Ինչ վերաբերում է սկզբնական հայցվոր՝ Խորեն Հեքիմյանի՝ իր բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջին, ապա Դատարանը 27.09.2019 թվականին կատարված ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու և հետազոտելու դատավարական գործողության կատարման ընթացքում համեմատելով վիճելի գույքը գործում առկա փորձագիտական եզրակացությանը կից ներկայացված հավելվածների հետ, իրավացի կերպով գտել է, որ այդ պահանջը ենթակա է մերժման»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 10.05.2019 թվականի տեղեկանքի համաձայն՝ ՝ 1962 թվականին ծնված Հովհաննես Հեքիմյանը վիճելի հասցեում գտնվող տանը բնակվում է միայնակ: Ըստ Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված Երևան քաղաքի Նոր Արեշ 42-րդ և 9-րդ փողոցների բնակիչներ Վաչագան Մկոյանի, Մաքրուհի Դույմալյանի և Նշան Բակլաջյանի՝ 14.03.2018թ. գրավոր հայտարարության՝ Հովհաննես Հեքիմյանը ծնվել է 1962 թվականին և մինչև իր ծնողների ամուսնալուծությունը բնակվել է Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 տանը: Խորեն Հեքիմյանը չի ապրել և չի ապրում նշված հասցեում, միայն այցելել է հոր կենդանության օրոք: Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտարների 30.01.2012 թվականի և 28.02.2017 թվականի գրությունների համաձայն՝ Խորեն Հեքիմյանի դիմումը ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու վերաբերյալ մերժվել է օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգությունը չընդունելու հիմքով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ապացույցներով չի հաստատվում, որ Խորեն Հեքիմյանը ժառանգություն ընդունելու համար օրենսդրի կողմից նախատեսված որևէ եղանակով ընդունել է հոր ժառանգությունը վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ: Գործում առկա չեն պատշաճ, թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, որոնք հիմք կտային եզրահանգելու, որ հայցվորն ընդունել է ժառանգությունը, քանի որ նրան ժառանգության իրավունքի վկայագիր տալը նոտարի կողմից մերժվել է ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունած լինելու վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու հիմքով:
Ըստ գործում եղած ապացույցների՝ Հովհաննես Հեքիմյանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է հոր ժառանգական գույքն ամբողջությամբ, այդ փաստը հաստատված է համարվել նաև ստորադաս դատարանների կողմից, սակայն առանց որևէ ապացույցի, որ Խորեն Հեքիմյանը որևէ եղանակով ընդունել է հոր ժառանգությունը, վիճելի ժառանգական գույքի 1/2-րդ մասի նկատմամբ Խորեն Հեքիմյանը համարվել է ժառանգական գույքի 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը նման եզրահանգումը համարում է անհիմն և գտնում է, որ վիճելի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ է Հովհաննես Հեքիմյանը, որն այդ հասցեում բնակվելու, այսինքն՝ փաստացի տիրապետման եղանակով ընդունել է հոր ժառանգությունը, ինչը հաստատվում է գործում առկա գրավոր ապացույցներով։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն առ այն, որ նոտարի գրություններով հաստատվում է, որ Խորեն Հեքիմյանը կատարել է որոշակի գործողություններ վիճելի հասցեում գտնվող տան նկատմամբ իր սեփականության իրավունքը որպես ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ գործողություններով միայն հաստատվել է, որ բավարար ապացույցներ առկա չեն վերջինիս դիմումը նոտարի կողմից բավարարելու համար, այսինքն՝ չի հաստատվել այն փաստը, որ Խորեն Հեքիմյանը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է հոր ժառանգական գույքը:
Այսպիսով, հայցվորը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ հոր մահվանից հետո վեցամսյա ժամկետում բնակվել է նրա տանը և փաստացի տիրապետման եղանակով ընդունել է հոր ժառանգությունը, իսկ գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ Էրեբունի վարչական շրջանի 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված Երևան քաղաքի Նոր Արեշ 42-րդ և 9-րդ փողոցների բնակիչների 14.03.2018 թվականի գրավոր հայտարարությամբ և Էրեբունի վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 10.05.2019 թվականի տեղեկանքով հաստատվել է, որ Հովհաննես Հեքիմյանը ծնվել է 1962 թվականին և մինչև իր ծնողների ամուսնալուծությունը բնակվել է վիճելի հասցեում գտնվող տանը, ինչպես նաև այդ տանը Հովհաննես Հեքիմյանը հոր մահվանից հետո բնակվել է միայնակ:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ հակընդդեմ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման ամբողջությամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ապացույցների սխալ գնահատման արդյունքում սխալ եզրահանգման է եկել գործի ելքի վերաբերյալ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը կիրառելու համար, քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, ինչը բխում է արդարադատության արդյունավետության շահերից..
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հակընդդեմ հայցադիմումի համար Հովհաննես Հեքիմյանը վճարել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք, վերաքննիչ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքի համար` 40.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճարված պետական տուրքի գումարները պետք է բաշխվեն հետևյալ կերպ՝ Խորեն Հեքիմյանից հօգուտ Հովհաննես Հեքիմյանի պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայց ներկայացնելու համար, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի գումարներ:
Ինչ վերաբերում է փաստաբանի վարձատրության գումարին, ապա սույն գործում բացակայում է Հովհաննես Հեքիմյանի և փաստաբան Արմեն Գրիգորյանի միջև կնքված պայմանագիրը՝ փաստաբանի ծառայությունների մատուցման մասին։ Միաժամանակ հաշվի առնելով, որ բողոք բերած անձը փաստաբանի ծախսի հատուցման պահանջ չի ներկայացրել, Վճռաբեկ դատարանն այդ հարցը համարում է լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել, իսկ հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարել՝ Հովհաննես Հեքիմյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ Երևան քաղաքի Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 56 հասցեում գտնվող ամբողջ տան նկատմամբ:
2. Խորեն Հեքիմյանից հօգուտ Հովհաննես Հեքիմյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումարներ։ Մնացած դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան | |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: