ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0005 Ն. 10.01.23
10 հունվարի 2023 թվականի |
թիվ 5-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել ապահովագրական սակագների հաշվարկման լավագույն սկզբունքները, նպաստել ապահովագրական ընկերությունների կողմից սեփական վիճակագրության հավաքագրմանը, բարձրացնել ապահովագրական ընկերությունների կողմից վարվող վերլուծական գործընթացների արդյունավետությունը և ապահովագրական ընկերություններում սակագնային քաղաքականության նկատմամբ սահմանված ներքին հսկողության պահանջների արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը և 153-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 163-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 103-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/10) կատարել հետևյալ լրացումը.
1) Կանոնակարգ 3/10-ը 37-րդ կետի 3-րդ ենթակետի «իրականացման կարգը,» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝
«ընդ որում՝
ա. Ապահովագրական սակագների հաշվարկը առնվազն բավարարում է հետևյալ սկզբունքներին՝
ա1. Ապահովագրական սակագինը հաշվարկվում է Ընկերության կողմից ապահովագրության դասերի ներքո սահմանվող համանման ռիսկերի ենթակա և միասին կառավարվող պայմանագրերի յուրաքանչյուր խմբի համար: Ընկերությունը սահմանում է նաև ապահովագրական պայմանագրերի՝ համանման ռիսկերի ենթակա և միասին կառավարվող պայմանագրերի խմբերի տարանջատման մեթոդաբանությունը,
ա2. Համանման ռիսկերի ենթակա և միասին կառավարվող յուրաքանչյուր խմբի գծով հաշվարկված ապահովագրական սակագնի համար Ընկերությունը բացահայտում է այն ձևավորող բոլոր տարրերը (այդ թվում՝ այն ռիսկային գործոնները, որոնք ազդեցություն ունեն ապահովագրական սակագնի վրա, դրանց համապատասխան ռիսկային գործակիցները, բեռնվածության տարրերը՝ առնվազն միջնորդավճարի, շահույթի, կարգավորման ծախսերի չափերը),
ա3. Ապահովագրական սակագինը արտացոլում է ապագայում սպասվող ծախսերի արժեքը, այդ թվում՝ ապահովագրական ռիսկը ստանձնելու հետ կապված բոլոր ծախսերը,
ա4. Ապահովագրական սակագնում ներառված են յուրաքանչյուր ապահովադրի (ապահովագրված անձի) նկատմամբ ապահովագրական ռիսկը ստանձնելու հետ կապված բոլոր ծախսերը: Երբ անհատական ռիսկի փորձառությունը թույլ չի տալիս հաշվարկել այս ծախսերը, միանման ռիսկերը ագրեգացվում են,
ա5. Վերաապահովագրողի կողմից տրամադրված սակագնի կիրառման դեպքում ապահովագրական ընկերությունը հիմնավորում է ապահովագրական սակագինը հաշվարկելու համար բավարար վիճակագրության (այդ թվում՝ ՀՀ ապահովագրական համակարգի վերաբերյալ վիճակագրություն) բացակայությունը,
ա6. Ապահովագրական սակագինը գերագնահատված կամ թերագնահատված չէ և խտրական չէ միևնույն ռիսկայնություն ունեցող ապահովադիրների (ապահովագրված անձանց) համար,
բ. Ապահովագրական սակագների հաշվարկման գործընթացում առնվազն հաշվի են առնվում.
բ1.Ապահովագրության կանոնները, պայմանագրային առանձնահատկությունները, ապահովագրական սակագների գնահատման գործընթացում կանոնները էական համարելու չափանիշները,
բ2. Անդերռայթինգի իրականացման ուղեցույցները, որոնք իրենց մեջ ներառում են ռիսկը ստանձնելու կամ չստանձնելու չափանիշները, բոնուսների և զեղչերի տրամադրման քաղաքականությունը,
բ3. Ռիսկերի դասակարգման ծրագիրը, որը թույլ է տալիս խմբավորել հոմոգեն ռիսկերը կամ տարանջատել ռիսկային գործոնները, որոնք նպաստում են ապահովագրական սակագինը առավել ճշգրիտ գնահատելուն,
բ4. Ապահովագրական սակագների կիրառման ալգորիթմները, որոնք սահմանում են ռիսկային գործոնների առաջնահերթությունը, ռիսկային գործակցի ազդեցությունը սակագնի հաշվարկում, ինչպես նաև սահմանում են ռիսկային գործոնների փոփոխությունը էական համարելու չափանիշները,
բ5. Արժանահավատ ժամանակային շարքերը, որոնք բնութագրում են ծախսերի, պատահարների տեղի ունենալու հաճախականության և ապահովագրական սակագների, ինչպես նաև այլ ցուցանիշների անցյալում հավաքագրված տվյալները և ապագայի միտումները,
բ6. Տվյալների ժամանակահատվածի ընտրությունը՝ կախված տվյալների արժանահավատությունից, հասանելիությունից, ապահովագրական ծածկույթից և այլ գործոններից,
բ7. Տվյալների արժանահավատությունը. հոմոգեն ռիսկերի խմբավորման մեջ ներառված տվյալների ծավալը պետք է լինի բավարար, որպեսզի վիճակագրորեն լինի վստահելի,
բ8. Վերաապահովագրության ծրագիրը,
բ9. Ապահովագրական սակագների գնահատման վերաբերյալ տրամադրված խորհրդատվությունը, վիճակագրությունը, ինչպես նաև վերլուծական նյութերը (առկայության դեպքում),
բ10. Հայտերի կարգավորման դինամիկան,
բ11. Նախկինում տեղի ունեցած ծայրահեղ մեծ վնասների (օրինակ՝ աղետների արդյունքում կրած վնասներ) ազդեցությունը, ընկերության ռիսկի ախորժակը ծայրահեղ մեծ վնասներ առաջացնող ռիսկերի նկատմամբ,
բ12. Ընկերության գործընթացների փոփոխությունները,
բ13. Հնարավոր շեղումները՝ կապված սպասվող ծախսերի հավանական փոփոխությունների, ինչպես նաև համակարգային փոփոխությունների հետ,
բ14. Ներդրումները և այլ տոկոսային եկամուտները,
բ15. Այլ ազդեցությունները (արտաքին փոփոխություններ՝ օրենսդրական և այլն),
բ16. Այլ ակտուարական դատողություններ, որոնք անհրաժեշտ են սակագների հիմնավորման համար:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2023 թվական: