ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 10.03.22 N 296-Լ)
11 հունիսի 2020 թվականի N 954-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 10.03.22 N 296-Լ)
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 22.12.22 N 2022-Լ)
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Պարենային անվտանգության ապահովման բաղադրիչ հանդիսացող սննդամթերքի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիր է՝ ինչպես սոցիալ-տնտեսական, այդպես էլ ազգաբնակչության առողջության ապահովման տեսանկյունից։
2. Առևտրի գլոբալիզացիայի պայմաններում սննդամթերքի արտադրությունը և շրջանառությունն իրականացվում են «ֆերմայից` պատառաքաղ» սկզբունքով, որում իր ուրույն դերն ունի կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը:
3. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության շրջանակներում հետագծելիության սկզբունքի կիրառումն ազգաբնակչության, կենդանիների առողջության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման երաշխիքն է։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 442-Ն որոշման համաձայն՝ ագրարային ոլորտի առջև ծառացած կարևոր խնդիրներից է համարվում հաշվառման համակարգի բարելավումը, որի լուծումներից մեկն է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը:
5. Արդի ժամանակաշրջանում հրամայական է դարձել գյուղատնտեսական կենդանիների՝ խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) համատարած համարակալման և հաշվառման համակարգի, ինչպես նաև կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը:
6. Համակարգի ներդնումը և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը խթանիչ գործիք են անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճշգրտության բարձրացման, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար, ինչպես նաև անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողական ծրագրերի մշակման և իրականացման համար։
II. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
7. Ներկայում հանրապետությունում անասնագլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից։
8. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի N 895-Ա որոշման համաձայն՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում իրականացվել է ԽԵԿ-ի համարակալման, գրանցման և անձնագրավորման փորձնական ծրագիր, որի շրջանակներում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը՝ (այսուհետ՝ ԱՆԻ ՊԱՍ) կենդանու վերաբերյալ տեղեկության (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրման, վերլուծելու և տվյալների բազա ստեղծելու նպատակով։
9. Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ։
III. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
10. ԱՆԻ ՊԱՍ-ի ներդրման, գործարկման և կենտրոնացված ստույգ տվյալների բազայի բացակայությունը բացասաբար է անդրադառնում տոհմասելեկցիոն համակարգված աշխատանքների կազմակերպման և նախիրներում արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիների տեսակարար կշռի` ԽԵԿ-ի ցեղերի (ցեղայնության), տոհմային կենդանիների գլխաքանակի ավելացման, ինչպես նաև ըստ սեռահասակային խմբի ԽԵԿ-ի գլխաքանակի տեղաշարժի վերահսկման գործընթացի վրա։
11. Կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի միջազգային առևտրի զարգացման համար նմանատիպ միջազգային ստանդարտներով կենդանիների առողջության պահպանության և օգտագործման պահանջների ներդաշնակեցման համար անհրաժեշտություն է ԱՆԻ ՊԱՍ-ի ներդրումը և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը։
12. Հայաստանի Հանրապետությունում ԽԵԿ-ի առողջության և բարեկեցության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրմամբ պայմանավորված անհրաժեշտ նախապայման է Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի կողմից տրամադրված ստանդարտների համապատասխանելիության հավաստագրի առկայությունը՝ նույնականացման անհատական համարով ականջապիտակի համար։
13. Պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում միջպետական և միջազգային համագործակցության, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում տեղեկատվության փոխանակման, ստանդարտների տեղայնացման, ընթացակարգերի և չափանիշների ներդրման աշխատանքների իրականացման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում ներդնելու գյուղատնտեսական կենդանիների՝ ԽԵԿ-ի նույնականացման համակարգ։
14. ԱՆԻ ՊԱՍ-ի կիրառումը նախադրյալներ կստեղծի հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի ստեղծմանն ու կայացմանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով անասնապահության զարգացման համար:
IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
15. Ծրագրի նպատակն է՝
1) ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման ինստիտուտի կայացումը.
2) հանրապետության տարածքում կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողության բարելավումը.
3) անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավումը.
4) կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը.
5) տավարաբուծության տեղեկատվական հարթակի կատարելագործումը.
6) կենդանիների կերակրման, պահպանման, անասնահակահամաճարակային միջոցառումների, ինչպես նաև կենդանիների սպանդի, կենդանիների ծագման հումքի և մթերքի վերամշակման, պահեստավորման և իրացման արդյունավետության գնահատումը.
7) կենդանիների պահման, բուծման և օգտագործման ոլորտում հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման համակարգի կատարելագործումը.
8) կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի միջազգային առևտրի զարգացման համար նմանատիպ միջազգային ստանդարտներով կենդանիների պահպանության և օգտագործման պահանջների ներդաշնակեցումը.
9) սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, հետագծելիության ապահովումը։
16. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝
1) հանրապետությունում միջոցառման իրականացման մեկնարկային տարվա ընթացքում համարակալել և հաշվառել ԽԵԿ-ի ամբողջ առկա անասնագլխաքանակը, իսկ հաջորդիվ՝ ընթացիկ տարվա հորթերը.
2) նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ապահովում.
3) հանրապետության ամբողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկում և հետագծելիության բարելավում.
4) կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրում.
5) տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծում.
6) կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճշգրտության բարձրացում.
7) գյուղատնտեսական այլ կենդանիների համար ռեգիստրի ստեղծում.
8) հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծում.
9) հանրապետությունում զարգացնել ԽԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում.
10) առավել արդյունավետ կազմակերպել առկա արոտավայրերի և խոտհարքների շահագործման կառավարումը՝ ԽԵԿ-ի շարժի և տեղաբաշխվածության վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա.
11) միջազգային չափանիշներին համապատասխան՝ համարակալված և հաշվառված ԽԵԿ։
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
17. Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության բացակայությունը կարող է բացասաբար անրադառնալ միջազգային շուկաներում պարենային անվտանգության ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) և սննդամթերքի անվտանգության վրա, որը և հրատապ է դարձնում նախաձեռնել ԽԵԿ-ի, իսկ հաջորդիվ՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման գործընթացը և շահագրգիռ բոլոր կողմերի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական հարթակի ստեղծումը։
18. Ծրագրի լիարժեք իրականացման համար կարևոր նախապայման են հանրապետությունում տավարաբուծության վարման տեխնոլոգիայի, ԽԵԿ-ի, կովերի գլխաքանակի, կովերի ծնելիության (85 տոկոս), նախրի շրջանառու գլխաքանակի շարժի (ծին, խոտան, իրացում և այլն), հնարավոր թաքնված գլխաքանակի առկայության և կրկնակի համարակալումների (ականջապիտակի կորուստ, փոխարինում) վերաբերյալ վերլուծությունները։
19. Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որը կրելու է շարունակական բնույթ։
20. ԽԵԿ-ի համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ (այսուհետ՝ ՊՈԱԿ) անասնաբուժական ծառայություն մատուցող անասնաբույժների միջոցով։
21. ԽԵԿ-ի համարակալման գործընթացի վերահսկումը, ԱՆԻ ՊԱՍ-ի սերվերի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ՝ ՍԱՏՄ), իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկումը՝ ՊՈԱԿ-ի կողմից։
(21-րդ կետը լրաց. 22.12.22 N 2022-Լ)
22. Ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով մեկնարկային տարվա համար համարակալման և հաշվառման գործընթացի պլանավորումն իրականացվելու է կոմիտեի կողմից հրապարակված անասնագլխաքանակի տվյալների հիման վրա։
23. ԽԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարը պարունակում է կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը, որը հնարավոր է ստանալ ականջապիտակների վրա նշված արագ արձագանքման կոդի (այսուհետ՝ QR կոդ) և դրանցից առնվազն մեկի վրա առկա ռադիոհաճախային պիտակի՝ ռադիոհաճախականության նույնականացման համակարգի (այսուհետ՝ RFID) միջոցով, կամ միայն QR կոդի միջոցով։
24. Անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածների համաձայն, պարտավոր են՝
1) անասնաբուժական ծառայությանը ծանուցել կենդանիների քանակների փոփոխությունների վերաբերյալ` նոր ձեռք բերված կամ տնտեսությունը լքած կամ անկած կամ սպանդի կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանիների դեպքում` 3 օրվա ընթացքում, իսկ տնտեսությունում նոր ծնված հորթերի դեպքում` 7 օրվա ընթացքում.
2) անասնաբուժական ծառայությանը 3 օրվա ընթացքում ներկայացնել նոր ձեռք բերված կենդանու անձնագիրը` առկայության դեպքում, և ձեռք բերված ԽԵԿ-ի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը.
3) ապահովել իրենց տնօրինության տակ գտնվող՝ հաշվառման և համարակալման ենթակա ԽԵԿ-ի համարակալումը, պատվաստումները, ախտորոշիչ հետազոտությունները.
4) անասնաբուժական ծառայության համար ապահովել անասնապահական ֆերմայում և ԽԵԿ-ի նկատմամբ համապատասխան գործունեությունն ազատորեն իրականացնելու հնարավորություն.
5) անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի և զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին։
25. Անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, արգելվում է՝
1) չհամարակալված ԽԵԿ-ի տեղաշարժը կամ տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգներով սահմանված միջոցառումները.
2) ԽԵԿ-ի ականջապիտակների հանումը.
3) համայնքային արոտավայրերի և ջրելատեղերի օգտագործումը չհամարակալված և անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումներում չներառված ԽԵԿ-ի կողմից։
26. ԽԵԿ-ի անհատական համարը ամրագրվում է մեկ անգամ ամբողջ կյանքի համար, սակայն անհատական համարները ենթակա են փոխարինման միայն դրանց բացակայության, անընթեռնելի լինելու և պատահական կրկնողությունների դեպքում։
27. Նախապես տպագրված միևնույն նույնականացման անհատական համարով, QR կոդով, իսկ առկայության դեպքում առնվազն մեկ ականջին՝ RFIDով, ականջապիտակներն ամրացվում են ԽԵԿ-ի ականջներին՝ յուրաքանչյուրին մեկ հատ (զույգ) ականջապիտակ։
28. Անասնաբույժի կողմից կենդանու վրա անհատական համարով ականջապիտակներն ամրացնելուց հետո 7 օրվա ընթացքում համապատասխան թվային տեխնիկայի միջոցով տվյալները մուտքագրվում են ԱՆԻ ՊԱՍ:
29. ԱՆԻ ՊԱՍ մուտքագրվող տվյալները պարունակում են առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) սեփականատիրոջ տվյալները (անուն, ազգանուն, հասցե, կոնտակտային տվյալներ),
2) ԽԵԿ-ի հաշվառման վայրը (մարզ, համայնք).
3) ամրագրված նույնականացման անհատական համարը (ականջապիտակի համարը).
4) համարակալման ամսաթիվը.
5) ԽԵԿ-ի սեռահասակը.
6) ԽԵԿ-ի ցեղը (ցեղայնությունը՝ մաքրացեղ, խառնացեղ, տոհմային) և արտակազմվածքի նկարագիրը (գույն, այլ տարբերակիչ նշաններ).
7) անասնաբուժական պարտադիր անասնահակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ տեղեկություն։
30. Թվային համապատասխան տեխնիկայի բացակայության կամ տարբեր տեխնիկական խնդիրների դեպքում՝ անասնաբույժը 7 աշխատանքային օրվա ընթացքում ՊՈԱԿ-ին է ներկայացնում գրանցամատյանից քաղվածք՝ համարակալված ԽԵԿ-ի վերաբերյալ տվյալները ԱՆԻ ՊԱՍ մուտքագրելու նպատակով։
31. Թվային համապատասխան տեխնիկայի բացակայության կամ տարբեր տեխնիկական խնդիրների դեպքում ՊՈԱԿ-ը 7 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է անասնաբույժին ապահովել թվային տեխնիկայով։
32. ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման գործընթացի բաղադրիչ է հանդիսանում ԱՆԻ ՊԱՍ-ից հաշվառված կենդանու դուրսբերումը՝
1) ԽԵԿ-ի արտահանման, անկման դեպքում սեփականատերը 3 օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը և 7 օրվա ընթացքում հանձնում կենդանու ականջապիտակը.
2) սպանդանոցային սպանդի դեպքում՝ սպանդանոցը տեղեկատվություն է ներկայացնում ՍԱՏՄ-ին և ՊՈԱԿ-ին, իսկ ականջապիտակները 7 օրվա ընթացքում հանձնում է անասնաբույժին կամ ՊՈԱԿ-ին։
33. ԱՆԻ ՊԱՍ-ից հանված ԽԵԿ-ի ականջապիտակները ՊՈԱԿ-ի կողմից ակտավորվում և ոչնչացվում են։
34. ԱՆԻ ՊԱՍ տվյալների մուտքագրման իրավասություն ունի ՊՈԱԿ-ը (այդ թվում՝ անասնաբույժները) և ՍԱՏՄ-ն (այդ թվում՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը), ինչպես նաև սպանդանոցները՝ սահմանված իրավասությունների շրջանակներում։
35. ԱՆԻ ՊԱՍ-ը որպես տեղեկատվական հարթակ, հասանելի է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ՍԱՏՄ-ի, ՊՈԱԿ-ի, ինչպես նաև ըստ ոլորտային առանձնահատկությունների կարող է հասանելի լինել Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին, կոմիտեին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (համայնքապետարաններ), համայնքը սպասարկող անասնաբույժներին, սպանդանոցներին և հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին։
(35-րդ կետը փոփ. 22.12.22 N 2020-Լ)
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
36. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝
1) մեկնարկային տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների ծավալների թերակատարումը.
2) տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ԽԵԿ-ի համարակալման գործընթացի իրականացմանը խոչընդոտների ստեղծումը.
3) նոր ծնված և համարակալման ենթակա հորթերի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը կամ տեղեկատվության տրամադրման ուշացումները.
4) ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման տվյալների՝ ԱՆԻ ՊԱՍ մուտքագրման տեխնիկական խնդիրները.
5) սերվերի ծրագրային և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական ապահովման խափանումները.
6) ծրագրի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների դադարեցումը կամ նվազումը։
(36-րդ կետը լրաց. 22.12.22 N 2020-Լ)
37. Ռիսկի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝
1) գերատեսչությունների միջև փոխհամաձայնեցված և համատեղ աշխատանքների իրականացումը.
2) տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը.
3) ՍԱՏՄ-ի կողմից վերահսկողության ուժեղացումը.
4) անասնաբույժների շրջանում վերապատրաստման դասընթացների անցկացումը.
5) մասնագիտական հաստիքների ստեղծումը (ՊՈԱԿ, ՍԱՏՄ).
6) յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծրագրի գծով սահմանվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների (միջազգային դոնոր կազմակերպություններ և այլն) ներգրավումը:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
38. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին։
39. Ծրագրի միջոցառման արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ երեք բաղադրիչների հետ՝
1) անասնաբուժական պարագաների ձեռքբերում,
2) ներգրավված անասնաբույժների վերապատրաստման դասընթացների անցկացման ծառայության ձեռքբերում,
3) հանրապետությունում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից բուծվող ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման միջոցառման իրականացում։
VIII. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
40. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է նախարարության, ՊՈԱԿ-ի, ՍԱՏՄ-ի կողմից։
41. Մոնիթորինգի հիմնական նպատակն է՝ ԱՆԻ ՊԱՍ չհաշվառված ԽԵԿ-ի, չհաշվառված նույնականացման համարով ԽԵԿ-ի առկայության, ինչպես նաև սեփականատիրոջ և ԽԵԿ-ի նույնականացման տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը, նույնականացման համարների կրկնողության բացառումը, միևնույն վարչատարածքում (սեփականատեր, տնտեսություն) ԽԵԿ-ի ականջապիտակների պարբերաբար կորուստների պատճառների, ինչպես նաև ԽԵԿ-ի մուտքերի (ծին, ներկրում) և ելքերի (սպանդ, անկումներ, արտահանում) ԱՆԻ ՊԱՍ մուտքագրման ժամկետների ուսումնասիրումը, ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը և այլն:
42. Ծրագրի իրականացման ընթացքում ՊՈԱԿ-ը նախարարություն ներկայացնում է հաշվետվություն՝
1) ըստ մարզերի և համայնքների՝ գրանցամատյաններում սեփականատերերի տնօրինության տակ գտնվող հաշվառված ԽԵԿ-ի գլխաքանակի և բաշխված նույնականացման համարով ականջապիտակների.
2) մատուցված ծառայությունների.
3) հաշվառումից հանված, ակտավորման և ոչնչացման ենթակա ականջապիտակների վերաբերյալ:
(հավելվածը լրաց., փոփ. 22.12.22 N 2020-Լ)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառում |
Պատասխանատու կատարողները |
Ժամկետները |
Ֆինանասավորման աղբյուրը |
1. |
Անասնաբույժների վերապատրաստման դասընթացների անցկացման ծառայության ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
յուրաքանչյուր տարի (անհրաժեշտության դեպքում) |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2. |
Հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ՍԱՏՄ ՊՈԱԿ (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) Հիմնադրամներ (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր տարի առաջին և երկրորդ եռամսյակ |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3. |
Ականջապիտակների, սեղմիչ ակցանների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
յուրաքանչյուր տարի (անհրաժեշտության դեպքում) |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
4. |
Ծրագրով նախատեսված միջոցառման իրականացում |
ՊՈԱԿ (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր տարի |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
5. |
ԱՆԻ ՊԱՍ-ի սերվերի սպասարկում |
ՍԱՏՄ |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
ԱՆԻ ՊԱՍ-ի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկում |
ՊՈԱԿ համաձայնությամբ |
շարունակական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
(հավելվածը լրաց. 22.12.22 N 2022-Լ)