ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0434/04/21 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0434/04/21 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Կոմիտեի` անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Նորայր Գագիկի Սոլոյանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր` Ա. Աթաբեկյան) 29.03.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 20.04.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը` անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի մոտ թեմատիկ հարկային ստուգում իրականացնելու համար թույլտվություն տալու մասին, թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի` «Անհատ ձեռնարկատեր Նորայր Գագիկի Սոլոյանի մոտ ուսումնասիրություն իրականացնելու համար թույլտվություն տալու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» 20.04.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ա. Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային մի շարք որոշումներով անդրադարձել է այն հանգամանքին, որ օրենսդիրը սահմանել է, որ կան ստուգման տեսակներ, երբ ստուգման հանձնարարագիրը ստուգման պահին է ներկայացվում տնտեսվարող սուբյեկտին, ինչն ինքնանպատակ չէ: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ անհատ ձեռնարկատիրոջ մոտ թեմատիկ հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին միջնորդությունը սնանկության վարույթի մասնակիցներին ներկայացնելու դեպքում խախտվում են ստուգումներին իրազեկվելու համար օրենքով սահմանված ժամկետները: Այսինքն՝ հարկ վճարողին նախապատրաստվող թեմատիկ հարկային ստուգման մասին սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում տեղեկացնելու դեպքում կխախտվի պարտապանի մոտ թեմատիկ հարկային ստուգում իրականացնելու հանկարծակիության սկզբունքը, և հետևաբար` կխաթարվեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ստուգման նպատակները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեն անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի մոտ թեմատիկ հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը պարտապանին ուղարկելու պարտավորություն չուներ, քանի որ Կոմիտեի կողմից բազմաթիվ անգամներ ստուգում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ սնանկության դատարան, որոնք բավարարվել են, ստուգումներն իրականացվել են և միջնորդությունները երբևէ կողմին չեն ուղարկվել:
Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե տվյալ միջնորդության բավարարումն ինչպես կարող էր ազդել այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը կամ ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
1) 16.04.2021 թվականին Դատարան մուտքագրված թիվ 11-5/22168-2021 գրությամբ պատճառաբանելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 18167720 քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի մոտ առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողներ, Կոմիտեն միջնորդել է կայացնել համապատասխան դատական ակտ՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի մոտ թեմատիկ հարկային ստուգում իրականացնելը թույլատրելու մասին (հավելված, գ.թ. 08-10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե սնանկ ճանաչված տնտեսվարող սուբյեկտի մոտ համալիր թեմատիկ ստուգում կամ ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը մինչև դատարան ներկայացնելն արդյոք Կոմիտեն պարտավոր է միջնորդությանը կից ներկայացնել միջնորդության և դրան կցված փաստաթղթերի օրինակները գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցները կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության մասին հիմնավորումներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից» վերտառությամբ 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա, իսկ 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով և վերլուծելով վերոգրյալ իրավանորմերը, արձանագրել է, որ նախ «միջնորդություն» եզրույթն իրենից ներկայացնում է պաշտոնական գրություն` ուղղված դատարանին, համապատասխան գործի շրջանակներում և դրա քննության ընթացքում դատարանի կողմից որևէ գործողություն կատարելու, որևէ հարցի այս կամ այն ընթացքը լուծելու համար: Նշված իրավանորմերից հետևում է նաև, որ օրենսդիրը, նախատեսելով միջնորդության ներկայացման կարգը, ամրագրել է, որ դատական նիստից դուրս միջնորդությունը ներկայացրած անձը պարտավոր է դրա մասին ծանուցել գործին մասնակցող մյուս անձանց կամ, դրա անհնարինության դեպքում, ներկայացնել համապատասխան հիմնավորումներ: Միաժամանակ, օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից կատարել է բացառություն այն դեպքերի համար, երբ միջնորդությունն իր բնույթով բացառապես այն ներկայացնող անձի իրավունքների իրականացման միջոց է, և չի ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա: Այսինքն, օրենսդրի տրամաբանությունից հետևում է, որ գործին մասնակցող այլ անձանց միջնորդության վերաբերյալ իրազեկելը պարտադիր պայման է, եթե միայն նշված միջնորդությունը որևէ կերպ առնչվում է վերջիններիս իրավունքներին, պարտականություններին, շահերին, կարգավիճակին կամ դատավարության ընթացքին (տե՛ս, ըստ դիմումի «ՎԱՌ ԳՐՈԻՊ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0895/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.04.2022 թվականի որոշումը):
Սույն բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև «թեմատիկ հարկային ստուգում» հասկացությանը և դրա իրականացման նպատակին ու ընթացակարգին։
ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային ստուգումը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկ վճարողների (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում` իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանախորդների մասով), բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում` հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ նույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմինն իրավունք ունի իրականացնելու հետևյալ տեսակների հարկային ստուգումները.
1) համալիր հարկային ստուգում` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ստուգում.
2) թեմատիկ հարկային ստուգում՝ հարկ վճարողի գործունեությանն առնչվող՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված առանձին պահանջի (պահանջների) կատարման ստուգում.
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թեմատիկ հարկային ստուգումների տեսակներն են`
1) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում.
2) օրենսգրքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգում.
3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում.
4) աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ թեմատիկ ստուգումների հանձնարարագիրը կազմվում է երկու օրինակից և ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանոթացման հետևյալ կարգով.
(...)
2) օրենսգրքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների ճշտության, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության, ինչպես նաև աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումների դեպքում հանձնարարագրի երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում անմիջապես ստուգումը սկսելիս.
3) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել հանձնարարագրի երկու օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է թեմատիկ հարկային ստուգման անցկացման մասին, որոնցից մեկը (հարկային մարմնի օրինակը) վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց.
4) հանձնարարագիրն ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայության դեպքում այդ մասին, ինչպես նաև հանձնարարագիրը ծանոթացման ներկայացնելու օրվա մասին համապատասխան գրառում է կատարվում հանձնարարագրի օրինակների վրա, և երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին է ուղարկվում նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով: Փոստի միջոցով ուղարկված հանձնարարագրի՝ հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ուղարկվում նաև Հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող ակտի նախագծի հետ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը կամ ստուգման հանձնարարագիրը չստորագրելը կամ հանձնարարագիրն ստանալուց հրաժարվելը հիմք չի հանդիսանում թեմատիկ հարկային ստուգումներ չանցկացնելու համար:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեմատիկ հարկային ստուգումը ստուգման այն տեսակներից է, որոնց դեպքում, ըստ օրենսդրի պահանջի, ստուգման հանձնարարագիրը տնտեսվարող սուբյեկտին ներկայացվում է անմիջապես ստուգման պահին: Թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում հանձնարարագիրը ստուգման պահին հարկ վճարողին ներկայացնելու օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Հանձնարարագրի մասին հարկ վճարողին ներկայացնելու նման կարգ սահմանելիս օրենսդիրը հիմք է ընդունել թեմատիկ հարկային ստուգումների առանձնահատուկ բնույթը և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը: Ընդ որում, օրենսդրի նման սահմանումն ուղղված է հարկային մարմնի կողմից համապատասխան տնտեսվարողի մոտ հարկային ստուգում իրականացնելու հանկարծակիության սկզբունքի պահպանմանը:
Սույն գործի փաստերի համաձայն` 16.04.2021 թվականին Դատարան մուտքագրված թիվ 11-5/22168-2021 գրությամբ պատճառաբանելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 18167720 քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի մոտ առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողներ, Կոմիտեն միջնորդել է կայացնել համապատասխան դատական ակտ՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի մոտ թեմատիկ հարկային ստուգում իրականացնելը թույլատրելու մասին
Դատարանը 20.04.2021 թվականի «Անհատ ձեռնարկատեր Նորայր Գագիկի Սոլոյանի մոտ ուսումնասիրություն իրականացնելու համար թույլտվություն տալու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշմամբ արձանագրել է, որ դատարան ներկայացված միջնորդությանը չի կցվել տվյալ միջնորդությունը և դրանց կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց (պարտատերեր, սնանկության կառավարիչ) ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ, ընդ որում, միջնորդության մեջ չեն ներկայացվել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումները:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ արձանագրել է, որ գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց այն մասին Կոմիտեն միջնորդության և դրան կցված փաստաթղթերի պատճեններն ուղարկել է սնանկության վարույթի մասնակիցներին, հետևաբար՝ գտել է, որ ներկայացված միջնորդությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով, ենթակա չէր քննարկման, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել է Դատարանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Կոմիտեի` դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունը, որին կից ներկայացված չեն եղել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ, իր բնույթով բացառապես Կոմիտեի իրավունքների, այն է` թեմատիկ հարկային ստուգում անցկացնելու, իրականացման միջոց է:
Թե' Դատարանը, թե' Վերաքննիչ դատարանը գտել են, որ Կոմիտեն, միջնորդության և դրանց կցված փաստաթղթերի պատճենները չուղարկելով սնանկության վարույթի մասնակիցներին, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի դրույթների խախտում: Մինչդեռ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դատարանները հաշվի չեն առել, որ սույն պարագայում առկա է եղել օրենսդրի կողմից նշված և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված բացառությունը, քանի որ Կոմիտեի միջնորդությունը չի ազդել գործին մասնակցող անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա։
Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն դեպքում Կոմիտեի միջնորդությունը վերաբերում է սնանկ ճանաչված պարտապան անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի մոտ թեմատիկ հարկային ստուգում իրականացնելը թույլատրելուն, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հստակ ամրագրել է դրույթ առ այն, որ սնանկ ճանաչված պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ։ Միաժամանակ նկատի ունենալով, որ ստուգումը կամ ուսումնասիրությունը սկսելուց առաջ կազմվում է համապատասխան ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագիր, ուստի ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը պարզապես նախորդում է թեմատիկ հարկային ստուգումների հանձնարարագրին, որը կազմվում է երկու օրինակից և ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանոթացման: Ընդ որում, հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը կամ ստուգման հանձնարարագիրը չստորագրելը կամ հանձնարարագիրն ստանալուց հրաժարվելը չի կարող հիմք հանդիսանալ թեմատիկ հարկային ստուգումներ չանցկացնելու համար: Հատկանշական է նաև այն, որ թեմատիկ հարկային ստուգումների դեպքում հանձնարարագրի երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում անմիջապես ստուգումը սկսելիս:
Հետևաբար` սույն դեպքում Կոմիտեն անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի մոտ թեմատիկ համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Դատարան ներկայացնելուց զատ դրա օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու որևէ պարտականություն չէր կրում, քանի որ տվյալ միջնորդությամբ Կոմիտեն իրականացրել է իր` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունը (իրավունքը), և այս փուլում այն չի ազդել գործին մասնակցող անձանց որևէ իրավունքի, որևէ պարտականության, որևէ շահի, որևէ կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
Ավելին` թեմատիկ հարկային ստուգումը կամ ուսումնասիրությունն էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող այնպիսի ընթացակարգ է, որի նպատակը հարկ վճարողի գործունեությանն առնչվող՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված առանձին պահանջի (պահանջների) կատարման ստուգումն է, և իրականացվող ստուգումներով բնավ պարտադիր չէ հարկային մարմնի կողմից տնտեսվարողի մոտ խախտումներ և թերություններ բացահայտելը, հարկային իրավախախտումների վերհանումն ու լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեմատիկ հարկային ստուգման առանձնահատկություններով պայմանավորված Կոմիտեի ներկայացրած միջնորդության վերաբերյալ վերջինս գործին մասնակցող անձանց և մասնավորապես` անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանին, միջնորդության մասին իրազեկելու պարտավորություն չի ունեցել, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Գագիկի Սոլոյանի մոտ թեմատիկ հարկային ստուգում իրականացնելու համար թույլտվություն տալու մասին, բավարարել:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեին թույլատրել անհատ ձեռնարկատեր Նորայր Գագիկի Սոլոյանի մոտ իրականացնել թեմատիկ հարկային ստուգում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Միքայելյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ա. Մկրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|