ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0069/04/17 2022 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0069/04/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հունիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Զօքս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ «Բուն» ՍՊԸ-ի դիմումի ընդդեմ Ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «Բուն» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 28.07.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
«Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ն 11.09.2017 թվականին ներկայացրել է դիմում` պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու մասին:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 26.07.2019 թվականի որոշմամբ հաստատվել է «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի ապահովված պահանջը՝ թույլատրվել է գրավի առարկա անշարժ գույքի արտադատական կարգով իրացումը և վերացվել են նույն գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքներն ու սահմանափակումները, իսկ «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի` ավտոմեքենաների գրավով ապահովվածության և վերջիններիս արտադատական կարգով իրացումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2019 թվականի որոշմամբ Ընկերության, «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 26.07.2019 թվականի «Պահանջի և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու միջնորդության դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Վարուժան Ղալթախչյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.՝
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 94-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 369-րդ հոդվածի 1-ին մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատական ծանուցումների պատշաճ կազմակերպման գործընթացն իր անմիջական ազդեցությունն ունի կողմերի իրավահավասարության և դատական քննության մրցակցության սկզբունքի ապահովման հետ, որն իր հերթին ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործի քննությանը մասնակցելու, դատավարական գործողության մասին տեղյակ լինելու, գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց կապակցությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորություն։
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելուց հետո ժամանակ տրամադրել վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, ինչպես նաև Ընկերությունը չի իրազեկվել դատական նիստի վերաբերյալ, որպիսի պարագայում Ընկերությունը զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության իր իրավունքից։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ արձանագրվածն այն մասին, որ կողմերը վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումները ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել վերաքննիչ բողոքի պատասխաններ, անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2019 թվականի որոշումը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2017 թվականի վճռով «Զօքս» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, իսկ նույն դատարանի 03.08.2017 թվականի որոշմամբ «Զօքս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը (գործի հավելված 2-րդ, գ.թ. 1-9):
2) Վերաքննիչ դատարանը 04.11.2019 թվականի համապատասխան որոշումներով վարույթ է ընդունել Ընկերության և «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները և միևնույն որոշումներով նախատեսել բողոքները քննել դատական նիստում՝ դատական նիստը նշանակելով 03.12.2019 թվականին (գործի հավելված 3-րդ, գ.թ. 98-99):
3) Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և այն դատական նիստում քննելու մասին 04.11.2019 թվականի որոշումը փոստային ծառայությանն է հանձնել 04.12.2019 թվականին, որպիսի որոշումը Ընկերությունում ստացվել է 07.12.2019 թվականին (գործի հավելված 3-րդ, գ.թ. 105, 111):
4) Վերաքննիչ դատարանի կողմից Ընկերությանը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղարկվել է ծանուցագիր. նշված ծանուցագրի ուսումնասիրությունից հետևում է, որ այն Ընկերության ներկայացուցչի անձնական էլեկտրոնային հասցեին ուղարկվել է 02.12.2019 թվականին ժամը 17:37-ին (գործի հավելված 3-րդ, գ.թ. 124):
5) 03.12.2019 թվականի դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով համառոտագրման ուսումնասիրությունից հետևում է, որ նախագահող դատավորի արձանագրային որոշմամբ դատական նիստը շարունակվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված, սակայն չներկայացած դատավարության կողմերի բացակայությամբ։ Այնուհետև, նախագահողը դատական նիստը հայտարարել է ավարտված և հայտնել դատական ակտի հրապարակման օրը, այն է` 05.12.2019 թվականը (գործի հավելված 3-րդ, գ.թ. 126-127):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ և 94-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վերաքննիչ դատարանում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև գործին մասնակցող անձի՝ փաստաբանի կարգավիճակ ունեցող ներկայացուցչին հասցեագրված դատական ծանուցագիրն ուղարկվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման եղանակով ծանուցում իրականացնելն անհնար է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատարանին կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները՝ միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե′ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ դրանք կիրառելի են նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ: Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործող օրենսդրությամբ ևս դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված կարգավորումներով ևս, ըստ էության սահմանվել է, որ անկախ ծանուցման եղանակից` ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը: Վերը նշված պահանջները հավասարապես վերաբերում են նաև վերաքննիչ դատարանին, ուստի վերջինս ևս, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում, կրում է բողոք բերած անձին և գործին մասնակցող մյուս անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե′ս, «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի ընդդեմ «Մանջիարե» ՍՊԸ-ի և Ֆելիքս Թովմասյանի թիվ ԵԿԴ/4088/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ ծանուցումն իրականացնելու այնպես, որ դրա հասցեատերն առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք է: Նշված կանոնն ամրագրելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել սահմանելու այնպիսի կառուցակարգ, որը դատավարության մասնակիցներին հնարավորություն կտա մինչև դատական նիստը առավելագույնս պատրաստվել իրենց իրավունքների պաշտպանությանը: Միաժամանակ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարաններում գործին մասնակցող անձանց ծանուցումը պետք է իրականացվի այնպես, որ հասցեատերը դատական նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցված լինի կայացվելիք դատական նիստի մասին: Հակառակ պարագայում, եթե ծանուցման ժամկետը պակաս է երեք աշխատանքային օրից, անձը չի կարող համարվել պատշաճ ծանուցված (տե′ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Հունան Ղազարյանի թիվ ԵԴ/21995/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, ուսումնասիրելով «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պահանջի չափը հաստատելու և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու մասին միջնորդության դեմ «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված առարկությունը, 26.07.2019 թվականին որոշել է հաստատել «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի և Ընկերության ունեցած 249.178,71 եվրոյի ապահովված պահանջը, թույլատրել գրավի առարկա հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի գ. Առինջ, Խ.Աբովյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի արտադատական կարգով իրացումը, վերացնել նույն անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները, իսկ «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի Ընկերության հանդեպ ունեցած 249.178,71 եվրոյի ապահովված պահանջը Volkswagen Touran մակնիշի և Hundai Elantra մակնիշի ավտոմեքենաների գրավով ապահովվածության և վերջիններիս արտադատական կարգով իրացումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունները մերժել։
Վերաքննիչ դատարանը, դռնբաց դատական նիստում քննելով Ընկերության և «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները, 05.12.2019 թվականի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքները և համաձայնել է Դատարանի՝ վերը նշված որոշմամբ արձանագրած պատճառաբանություններին։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում արձանագրել է, որ վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումները ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետում վերաքննիչ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը 04.11.2019 թվականի որոշմամբ վարույթ ընդունելով նաև Ընկերության վերաքննիչ բողոքը և նույն որոշմամբ միաժամանակ որոշելով այն քննել դատական նիստում՝ դատական նիստը նշանակել է 03.12.2019 թվականին, նշված՝ «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննելու մասին» 04.11.2019 թվականի որոշումն Ընկերությանն է ուղարկել միայն 04.12.2019 թվականին, որպիսի որոշումն Ընկերությունում ստացվել է արդեն իսկ նախապես՝ 03.12.2019 թվականին նշանակված դատական նիստի կայանալուց հետո, այն է՝ 07.12.2019 թվականին: Բացի այդ, գործում առկա՝ Վերաքննիչ դատարանի կողմից 03.12.2019 թվականին կայանալիք դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով Ընկերությանն ուղարկված ծանուցագրի ուսումնասիրությունից հետևում է, որ նշված ծանուցումը բողոքաբեր Ընկերության ներկայացուցչի անձնական էլեկտրոնային հասցեին ուղարկվել է նշանակված դատական նիստի նախորդ օրը՝ 02.12.2019 թվականին ժամը 17։37-ին: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի խախտմամբ, որով սահմանված է, որ ծանուցումը պետք է իրականացվի այն հաշվով, որ հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցված լինի կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը 03.12.2019 թվականի դատական նիստում ավարտել է վերաքննիչ բողոքների քննությունը և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 05.12.2019 թվականը։ Սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի իրազեկվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին, ավելին՝ պատշաճ կարգով չի ծանուցվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատավարության մասնակիցներին օրենքով սահմանված ժամկետում չեն ուղարկվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին որոշումները, ինչպես նաև դատավարության մասնակիցները, մասնավորապես՝ բողոքաբերը, պատշաճ կարգով չի ծանուցվել նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն դատական ակտում արձանագրել է, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով չի ներկայացրել վերաքննիչ բողոքի պատասխան։
Այսինքն` Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բողոքաբերին պատշաճ ձևով չի ծանուցել 03.12.2019 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ու գործը քննել է Ընկերության բացակայությամբ, մինչդեռ վերաքննիչ դատարանը կրում է պարտականություն՝ ծանուցելու դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին դատական ծանուցագրերի միջոցով։
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ վերջինս գործով չեն ծանուցվել նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Դատարանի 26.07.2019 թվականի «Պահանջի և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու միջնորդության դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը կրկին քննելու նպատակով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մասնակիորեն՝ «Զօքս» ՍՊԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ ՀՀ սնանկության դատարանի 26.07.2019 թվականի «Պահանջի և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու միջնորդության դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշման դեմ «Զօքս» ՍՊԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի նոր քննության համար:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ա. Բարսեղյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան
Տ. Պետրոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: