ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
1 նոյեմբերի 2022 թ. |
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Ռուզաննա Ղազարյանի ներկայացուցիչ Գ. Թորոսյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ Է. Մնացականյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռուզաննա Ղազարյանի դիմումի հիման վրա՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1999 թվականի ապրիլի 14-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1999 թվականի ապրիլի 30-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 6-ից: Հետագայում Ազգային ժողովի կողմից 2011 թվականի հունիսի 23-ին ընդունված` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-247-Ն օրենքով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Տվյալ օրենքը Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2011 թվականի հուլիսի 19-ին և ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 1-ից:
Օրենքի՝ «Հիփոթեքի առարկայի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքների պետական գրանցումը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«2. Սույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը»:
Գործի քննության առիթը Ռուզաննա Ղազարյանի՝ 2022 թվականի հունիսի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Գործի դատավարական նախապատմությունը
ՀՀ վարչական դատարանը, քննելով թիվ ՎԴ/8136/05/18 վարչական գործն ըստ հայցի Ռուզաննա Ղազարյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2019 թվականի հունիսի 25-ի վճռով հայցը բավարարել է։
Վերաքննիչ վարչական դատարանը 2020 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի վերը նշված վճռի դեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները մերժել է՝ վճիռը թողնելով անփոփոխ։
ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) 2021 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարել է. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել է և փոփոխել՝ Ռուզաննա Ղազարյանի հայցը մերժել։ Նշված որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ գրավառուի կողմից գրավատուին ուղարկված բռնագանձման ծանուցումը չի ստացվել և վերադարձվել է «Չպահանջված» նշումով (որոշման՝ «Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը» բաժնի 6-րդ կետ), և միաժամանակ նշել է հետևյալը. «(…) արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ կարող է լինել և՛ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, և՛ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Օրենսդիրը, որպես արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ դիտարկելով ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կարևորել է բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու հանգամանքը, որը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար: Դրա արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն բռնագանձման ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունն արդեն վկայում է կողմին բռնագանձման ծանուցումը պատշաճ հանձնված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Կադաստրը, հիմք ընդունելով [Օրենքի] 24-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը, կարող է իրավաչափորեն կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում (տե՛ս, Հարություն Թովմասյանն ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3164/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.05.2021 թվականի որոշումը):
(…) Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կադաստրը վարչական ակտը կայացնելու պահի դրությամբ ստուգել է իրավահաստատող փաստաթղթերի համապատասխանությունը [Օրենքի] պահանջներին, և պարզելով նաև, որ գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով Կադաստր ներկայացվող սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից ներկայացվել է նաև բռնագանձման ծանուցումը գրավատու Ռուզաննա Ղազարյանին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, այն է` տվյալ դեպքում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կատարել է իրավունքի պետական գրանցումը»:
2. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը, վկայակոչելով Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավակարգավորումները, ընդգծում է, որ անձի սեփականության իրավունքի դադարման հիմք հանդիսացող՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում` 1. ծանուցման փոստային առաքման անդորրագիրը (անկախ հասցեատիրոջը հանձնված լինելու հանգամանքից), 2. ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, 3. գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:
Ըստ դիմողի՝ վերոշարադրյալ տարբերակներից վիճելի է ծանուցման փոստային առաքման անդորրագրի (անկախ հասցեատիրոջը հանձնված լինելու հանգամանքից) առկայությամբ անձի սեփականության իրավունքի դադարման կարգը, քանի որ օրենսդիրը գրավատուին փոստային առաքանու միջոցով բռնագանձման ծանուցումն ուղարկված լինելու հանգամանքը դիտարկել է բավարար սեփականության իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար, որով, ըստ էության, հնարավոր չէ երաշխավորել սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը:
Դիմողը նշում է նաև, որ սահմանված չէ այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կտար հավաստիանալու նշված ծանուցումը գրավատուի կողմից ստացվելու մասին, միաժամանակ նախատեսված չեն ծանուցումը գրավատուի կողմից չստանալու պարագայում ծանուցման այլ ընթացակարգեր, որոնց պարագայում գրավատուն հնարավորություն կունենար իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը։
Դիմողը կարծում է, որ առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուին գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցելու ընթացակարգը պահպանված համարելու, և, ըստ այդմ, գրավառուի սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատված համարելու համար պետք է ապացուցվի, որ առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավատուին իրազեկելու կապակցությամբ պատշաճ կարգով իրականացվել են ակտիվ գործողություններ։ Դիմողի դիտարկմամբ՝ անկախ ծանուցման եղանակից` նշված գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի ապացուցել գրավատուի կողմից բռնագանձման ծանուցման մասին իրապես տեղեկացված լինելու փաստական հանգամանքը, որպիսի ընթացակարգ Օրենքի վիճարկվող նորմով սահմանված չէ:
Միաժամանակ դիմողը նշում է, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասն ունի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտություն, քանի որ իրավակիրառ պրակտիկայում այն կիրառվում է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Ըստ դիմողի՝ Օրենքի վիճարկվող դրույթն ուղղակի միջամտություն է անձի սեփականության իրավունքին, չի նախատեսում բռնագանձման ծանուցումն անձամբ ստացված լինելու հավաստիացման կարգ:
Այնուհետև դիմողը նշել է, որ ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է կիրառվի համապատասխան նորմերով նախատեսված՝ գրավատուի իրավունքների ապահովման համատեքստում, հակառակ դեպքում՝ օրենսդրությամբ գրավատուին ընձեռված՝ բռնագանձման օրինականությունը վիճարկելու կամ բռնագանձումը դադարեցնելու իրավունքների իրականացումն արդյունավետ չի լինի և չի բխի Սահմանադրության պահանջներից:
Միաժամանակ դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունից հետևում է, որ օրենսդրական կարգավորման անորոշությունը հնարավորություն չի տալիս հստակ հասկանալու, թե ինչ եղանակով պետք է փաստել, որ գրավատուն իրազեկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին։
Դիմողի պնդմամբ՝ առկա կարգավորումների պայմաններում գրավատուն կարող է զրկվել ոչ միայն գրավադրված գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու իր իրավունքից՝ կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է, այլ նաև բռնագանձման օրինականությունը վիճարկելու իրավունքից:
Վերոնշյալից ելնելով՝ դիմողը խնդրում է որոշել Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը» մասի՝ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը:
3. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը գտնում է, որ խնդրո առարկա իրավահարաբերության դեպքում գործում է Օրենքով նախատեսված հատուկ նորմը: Նշվածն ինքնանպատակ չէ և միտված է ապահովելու արդարացի հավասարակշռություն՝ գրավառուի և գրավատուի հիմնական իրավունքների և օրինական շահերի միջև: Այսպես՝ օրենսդրի նպատակն է եղել կանխել անբարեխիղճ գրավատուի կողմից իր իրավունքների հնարավոր չարաշահումները, նվազեցնել գրավառուի նկատմամբ ունեցած գրավատուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկերը, պահպանել գրավառուի պահանջի բավարարման ապահովումը, ինչպես նաև խուսափել այն բոլոր հնարավոր իրավիճակներից, երբ գրավառուի հանդեպ ունեցած գրավատուի պարտավորության կատարումը կարող է դառնալ անհնարին։
Պատասխանողը նշում է, որ օրենսդրի կողմից սահմանվել է գրավի առարկայի բռնագանձման գործընթացի՝ երկամսյա ժամկետով «սառեցման» օրինական հնարավորություն` որպես գրավատուի դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման երաշխիք: Հաշվի առնելով այն, որ գրավատուն որևէ կերպ զրկված չէ արտադատական կարգով բռնագանձման օրինականության դատական վիճարկման հնարավորությունից, պատասխանողը գտնում է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման խոչընդոտ առկա չէ:
Վերոշարադրյալի հաշվառմամբ պատասխանողը գտնում է, որ Օրենքի վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:
4. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները
Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում վիճարկվող իրավադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1. արդյո՞ք Օրենքի վիճարկվող դրույթը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին միայն ուղարկված լինելը հաստատող փաստաթուղթը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար, համահունչ է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին.
2. արդյո՞ք Օրենքի վիճարկվող դրույթը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված վերոնշյալ մեկնաբանությունը, համահունչ է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքին:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
5.1. Սեփականության իրավունքը` որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև՝ որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ, ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն: Այն միջազգային իրավական ամրագրում է ստացել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում1 (հոդված 17-րդ), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի2 թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածում։
Սահմանադրության 10-րդ հոդվածը սեփականության երաշխավորումն ամրագրում է որպես սահմանադրական կարգի հիմունք, իսկ Սահմանադրության 60-րդ հոդվածը սահմանում է սեփականության իրավունքը։ Ընդ որում` Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու իրավունքը, ինչպես նաև ժառանգելու իրավունքը: Միաժամանակ Սահմանադրությունը նախատեսում է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մաս):
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքների ապահովման հարցում հանրային իշխանության պոզիտիվ պարտականությանը, 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշմամբ արձանագրել է, որ այն ներառում է հետևյալը.
առաջին՝ առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի,
երկրորդ՝ երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,
երրորդ՝ Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,
չորրորդ՝ երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը:
Ավելին, Սահմանադրական դատարանը, իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-650, ՍԴՈ-667, ՍԴՈ-669, ՍԴՈ-735, ՍԴՈ-815, ՍԴՈ-901, ՍԴՈ-903, ՍԴՈ-1009, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1189, ՍԴՈ-1203, ՍԴՈ-1210 և այլն) անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, այդ իրավունքի պաշտպանության, հնարավոր սահմանափակման խնդիրներին, կարևորել է այդ բնագավառում սահմանադրական կարգի սկզբունքներից բխող իրավական միջոցների գործադրման անհրաժեշտությունը:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ անձն իր սեփականության իրավունքն իրականացնելիս կարող է պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գրավադրել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը` համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով։ Նկատի ունենալով, որ սույն գործով վիճարկվող դրույթը փոխկապակցված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ գրավի և, մասնավորապես` գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավահարաբերությունները կարգավորող դրույթների հետ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում դրա սահմանադրականությունը գնահատել Օրենսգրքի վերաբերելի կարգավորումների համատեքստում։
Նշված իրավահարաբերություններում գույքի սեփականատիրոջ կամքի և համաձայնության արտահայտման վերաբերյալ Սահմանադրական դատարանը 2016 թվականի հուլիսի 19-ի ՍԴՈ-1294 որոշմամբ արձանագրել է հետևյալը.
«(...) նախ` կնքելով գրավի պայմանագիրը՝ գրավատուն տալիս է իր համաձայնությունը գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրեն պատկանող գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հնարավոր դադարման վերաբերյալ,
երկրորդ` գրավատուն տալիս է իր համաձայնությունը գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում արտադատական կարգով գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու հնարավորության վերաբերյալ: Ընդ որում, համաձայն [Օ]րենսգրքի 249-րդ հոդվածի՝ նման համաձայնությունը կարող է տրվել ինչպես գրավի պայմանագրով, այնպես էլ գրավատուի և գրավառուի միջև կնքված առանձին համաձայնությամբ,
երրորդ` գրավադրված գույքի վրա գրավառուի կողմից արտադատական կարգով բռնագանձում տարածելուց առաջ գրավատուն հնարավորություն ունի կա՛մ միջոցներ ձեռնարկել գրավով ապահովված պարտավորությունը կատարելու համար և դրանով կանխել գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորուստը, կա՛մ դատական կարգով վիճարկել արտադատական կարգով բռնագանձման օրինականությունը»:
Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1294 որոշմամբ նաև փաստել է, որ վերոհիշյալ երեք հնարավոր իրավիճակներից առաջին երկուսում (որոնք կարող են համընկնել գրավի պայմանագրում արտադատական կարգով բռնագանձման պայման նախատեսվելու դեպքում) գրավադրվող գույքի սեփականատիրոջ կամաարտահայտությունը դրսևորվում է ակտիվ գործողություններով՝ համապատասխան պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու միջոցով, և այդպիսի ակտիվ գործողությունների կատարումը պարտադիր պայման է: Երրորդում սեփականատիրոջ կամքը կարող է արտահայտվել պասիվ գործողությամբ, երբ տեղեկանալով գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման մասին՝ նա չի ձեռնարկում արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելուն ուղղված՝ օրենքով սահմանված որևէ գործողություն։ Վերջինիս դեպքում Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն սեփականատիրոջ իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության իրավակարգավորումները:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ նախատեսված է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու երկու եղանակ՝ դատական կարգով և առանց դատարան դիմելու։ Ընդ որում` գրավի պայմանագրով, ինչպես նաև գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնությամբ գրավի առարկայի՝ արտադատական կարգով բռնագանձում նախատեսված չլինելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ գրավի առարկան օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք, գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով (Օրենսգրքի 2491-րդ հոդված)։ Գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում գրավատուն, լինելով գործին մասնակցող անձ, օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցվում է դատական նիստի ժամանակի և վայրի, առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին, ստանում է դատավարական փաստաթղթեր, որպիսի պայմաններում հնարավորություն է ունենում ձեռնամուխ լինել իր սեփականության իրավունքի պաշտպանությանը։ Այլ է իրավիճակը գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու դեպքում, քանի որ այդ պարագայում, բնականաբար, դատարանում գործի քննության մասին գործին մասնակցող անձանց իրազեկման կառուցակարգերը չեն գործադրվում։ Օրենսդիրը թույլատրելի է համարում գրավի առարկայի բռնագանձում տարածելը և իրացնելն առանց դատարան դիմելու՝ գրավի պայմանագրով, ինչպես նաև գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնության հիման վրա (Օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մաս)։ Միաժամանակ գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացում պետք է ապահովվեն այդ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի ապահովման և պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ: Նշվածի համատեքստում Սահմանադրական դատարանը կարևորում է գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցումը, ինչն անհրաժեշտ նախադրյալ է վերջինիս սեփականության իրավունքի ապահովման և պաշտպանության համար։
Սահմանադրական դատարանը 2016 թվականի հուլիսի 19-ի ՍԴՈ-1294 որոշմամբ առանձնացրել է գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման իրավական երաշխիքները, որոնք հետևյալն են.
«1) գրավատուի պատշաճ ծանուցումը գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում),
2) արտադատական կարգով բռնագանձման օրինականության դատական վիճարկման հնարավորությունը,
3) գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելը գրավառուի կողմից բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո,
4) գրավառուի կողմից գրավի առարկայի իրացումը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով»:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման մասին գրավատուի ծանուցման վերաբերյալ իրավակարգավորումները չպետք է կրեն ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն գրավատուի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի ապահովմանը և պաշտպանությանը: Այսինքն՝ նշված ծանուցմանը վերաբերող կարգավորումները և դրանց կիրառումը պետք է ապահովեն գրավատուի կողմից իրեն հասանելի իրավական միջոցների գործադրման, մասնավորապես՝ գրավով ապահովված պարտավորությունը կատարելու, ինչպես նաև արտադատական կարգով բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու հնարավորություն: Վերոգրյալ նպատակն իրագործելու համար օրենսդրությամբ պետք է նախատեսված լինեն գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացի վերաբերյալ այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն ծանուցման թերի/ոչ պատշաճ կառուցակարգի հետևանքով գրավատուի՝ բռնագանձման գործընթացի մասին իրազեկված չլինելու հնարավորությունը՝ վերջինիս համար ապահովելով օրենքով սահմանված կարգով իր սեփականության իրավունքի պաշտպանությունը գործնականում իրականացնելու պայմաններ:
Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացում սեփականության իրավունքի արդյունավետ իրականացման համար գրավատուին պետք է հասանելի լինի նախատեսվող բռնագանձման գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Հետևաբար` օրենսդրությամբ պետք է նախատեսված լինեն այդ տեղեկատվության՝ գրավատուին հասանելիությունն ապահովող համապատասխան երաշխիքներ՝ վերջինիս պատշաճ ծանուցման կառուցակարգի միջոցով։ Ընդ որում` պայմանականորեն կարելի է առանձնացնել բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցմանը վերաբերող երկու տեսակ, այն է՝ 1) բովանդակային և 2) ծանուցման կարգին վերաբերող պահանջներ։ Մի կողմից՝ գրավատուին հասցեագրված բռնագանձման ծանուցումը պետք է լինի բավականաչափ որոշակի, արտահայտի գրավառուի հստակ կամահայտնությունը՝ գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ, չունենա վերացական ձևակերպում, կառուցված չլինի ենթադրությունների հիման վրա, իսկ մյուս կողմից՝ բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի հավաստել, որ վերջինս որոշակի պահի հաստատապես կարող էր ծանոթանալ նախատեսվող բռնագանձման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությանը։ Ընդ որում` գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցմանը վերաբերող, օրենսդրի կողմից նախատեսվող իրավակարգավորումները և դրանց կիրառումը պետք է ապահովեն գրավատուի՝ բռնագանձման գործընթացի մասին որոշակի պահի ծանուցված լինելը փաստելու հնարավորությունը։
5.2. Անդրադառնալով գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցման մասին օրենսդրական կարգավորումներին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ բռնագանձման մասին ծանուցումը գրավատուին պատշաճ կարգով հանձնված է համարվում, եթե ծանուցումը կատարվել է Օրենսգրքի 20.1 գլխով սահմանված կարգով (Օրենսգրքի 249-րդ հոդվածի 3-րդ մաս): Նշված գլխում ներառված 330.1-ին հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով: Միաժամանակ Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն նաև գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նաև հիփոթեքի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը: Իսկ Օրենքի վիճարկվող դրույթից հետևում է, որ բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցման փաստը հիմնավորող փաստաթղթեր են ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնող մարմին ներկայացնելու պահանջն ուղղված է գրավատուի սեփականության իրավունքի ապահովմանը և պաշտպանությանը, քանի որ այդ փաստաթուղթը հիմնավորում է բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի իրազեկված լինելը, ինչն էական նշանակություն ունի վերջինիս կողմից գրավով ապահովված պարտավորությունը կատարելու, ինչպես նաև արտադատական կարգով բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունն իրացնելու տեսանկյունից։ Միաժամանակ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնող մարմին քննարկվող փաստաթղթի ներկայացումը հնարավորություն է տալիս բացառելու անշարժ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքի կորուստը՝ բռնագանձման գործընթացի վերաբերյալ վերջինիս ծանուցված չլինելու և օրենքով նրան վերապահված իրավունքներն իրականացնելու հնարավորություն չունենալու պայմաններում։
Վերոգրյալով պայմանավորված՝ Օրենքի 40-րդ հոդվածում առանձնահատուկ կերպով ընդգծվում են բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու կարևորությունը և այդ պահանջի կատարումն ապահովելու հստակ նախապայմանը՝ դրա հիման վրա մյուս պարտադիր ընթացակարգերն ապահովելու համար: Այլ կերպ՝ հենց բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու պարտադիր պահանջի պահպանմամբ է պայմանավորվում դրան հաջորդող և դրա հետ փոխկապակցված մյուս ընթացակարգերի իրավաչափությունը:
Մասնավորապես` խնդրո առարկա հոդվածի 1-ին մասով գրավառուի համար սահմանված է սեփականության իրավունքի պետական գրանցման նպատակով սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից` Օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ նաև գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու պահանջ: Այսինքն՝ գրավառուի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման իրականացումը հնարավոր է միայն գրավառուի կողմից բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու պահանջի կատարումն ապահովելու և դրա վերաբերյալ համապատասխան ապացույցներն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնող մարմին ներկայացնելու պարագայում: Ընդ որում` գրավատուին հասցեագրված, գրավի առարկային կամ գրավով ապահովված պարտավորությանը վերաբերող ցանկացած գրություն (փաստաթուղթ) չի կարող համարվել քննարկվող դրույթի իմաստով բռնագանձման ծանուցում, այլ դրա բովանդակությունը պետք է ուղղակիորեն արտահայտի գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու գրավառուի կամքը։
Միաժամանակ Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում գրավառուի համար հստակ նախատեսված է ոչ միայն գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենի, այլ նաև բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջ: Նշված կարգավորմամբ առավել է ընդգծվում բռնագանձման ծանուցումը գրավատուին իրապես հանձնված լինելու անհրաժեշտությունը, մասնավորապես, վերջինիս կողմից այն ստանալն ապահովելը՝ որպես բռնագանձման գործընթացի առաջնահերթ պայման: Հենց նշված հանգամանքի հաստատման նպատակով է, որ տվյալ հոդվածի 1-ին մասով գրավառուի համար սահմանված է ոչ միայն գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենի, այլ նաև բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջ:
Հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ գրավառուի սեփականության իրավունքի գրանցման վարույթում բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթի նշանակությունը՝ կարևոր է այն փաստաթղթերի շրջանակը, որոնցով կարող է հաստատվել քննարկվող հանգամանքը։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 40-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասով սահմանվել են նշված հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը, որոնք են՝ 1) ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կամ 2) ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը (այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը): Փաստորեն, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու նպատակով սահմանվել է գրավառուի կողմից կա՛մ ծանուցման փոստային առաքման անդորրագրի, կա՛մ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականի (այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշման) ներկայացման պահանջ:
Սահմանադրական դատարանը սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում արձանագրում է, որ ծանուցման եղանակի ընտրության հարցում օրենսդիրն օժտված է որոշակի հայեցողությամբ, այնուամենայնիվ, ցանկացած դեպքում նշված ծանուցումը պետք է գործնականում ապահովի բռնագանձման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը գրավատուին։ Հետևաբար` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնող մարմին ներկայացվող՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը պետք է հնարավորություն տա հաստատել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը և այն հանձնելու օրը, այսինքն՝ այն պետք է տեղեկություններ պարունակի, ի թիվս այլնի` հասցեատիրոջը փոստային առաքանու հանձնման ամսաթվի վերաբերյալ։
Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերոգրյալի համատեքստում անդրադառնալ գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացի վերաբերյալ գրավատուին ծանուցելու և ծանուցման փոստային առաքման անդորրագիրն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներին:
Այսպես՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ3/0092/05/10 վարչական գործով 2010 թվականի դեկտեմբերի 27-ին կայացրած որոշմամբ անդրադառնալով գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջին, արձանագրել է հետևյալը. «[Օ]րենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը ենթադրում է գրավառուի կողմից գրավատուին` վերջինիս կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու մասին իրազեկելու (ծանուցելու) կապակցությամբ գրավառուի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն պատշաճ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի` առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկացնելու փաստը։
(…) [Օ]րենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը և գրավառուի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են [Օ]րենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ։ Այդ իրավունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գրավատուին ընձեռված է առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկանալու հնարավորություն։ Այդ իսկ պատճառով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը»:
Մինչդեռ թիվ ՎԴ/3164/05/18 վարչական գործով 2021 թվականի մայիսի 21-ին կայացրած որոշմամբ (որով արտահայտված իրավական դիրքորոշումներին հղում է կատարվել դիմողի մասնակցությամբ վարչական գործի շրջանակում ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ) ՀՀ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե արդյոք գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար որպես բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ բավարար է ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունը, նշել է, որ «(…) արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը կարող է լինել և՛ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, և՛ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Նման պայմաններում օրենսդիրը, ծանուցման փոստային առաքման անդորրագիրը որպես արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ դիտարկելով, կարևորել է բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու հանգամանքը, որը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար:
Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն բռնագանձման ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունն արդեն վկայում է կողմին բռնագանձման ծանուցումը պատշաճ հանձնված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում [Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն] [Օ]րենքի 24-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը հիմք ընդունելով, կարող է իրավաչափորեն կատարել սեփականության իրավունքի պետական գրանցումը»:
Փաստորեն, խնդրո առարկա հարցի կապակցությամբ իրավակիրառ պրակտիկայում արտահայտվել են հակասական դիրքորոշումներ։ Մասնավորապես՝ թեև ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ3/0092/05/10 վարչական գործով կայացրած որոշմամբ արձանագրել է գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու մասին գրավատուին իրազեկելու (ծանուցելու) կարևորությունը, ընդգծել դրա նշանակությունը գրավատուի իրավունքների իրականացման տեսանկյունից և արձանագրել, որ ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի` առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկացնելու փաստը, այդուհանդերձ, հետագայում կայացրած որոշումներում հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման վարույթի շրջանակում կարևորել է բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու հանգամանքը՝ այն բավարար համարելով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար։ Այսինքն՝ իրավական նշանակություն է տրվել ոչ թե գրավատուի կողմից բռնագանձման ծանուցումն ստանալը, այլ միայն գրավառուի կողմից նշված ծանուցումն ուղարկելը հավաստող փաստաթղթին։
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ իրավակիրառ պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որով ծանուցման փոստային առաքման անդորրագիրն ըստ էության նույնացվել է փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրի հետ։
Նշվածի կապակցությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ժգ» կետի համաձայն ընդունված՝ «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի թիվ 211-Ն որոշման հավելվածի 32-րդ կետի համաձայն՝ գրանցվող փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունները փոստային կապի օբյեկտներում ընդունվում են ուղարկողի հասցեի առկայության դեպքում: Գրանցվող փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունման ժամանակ ուղարկողին տրվում է անդորրագիր: Անդորրագրում նշվում են առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների տեսակը և տարատեսակը, հասցեատեր ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (իրավաբանական անձի անվանումը), նշանակման վայրի փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրության համարը:
Փաստորեն, փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրով, հաշվի առնելով դրանում պարունակվող տեղեկությունները, կարող է հաստատվել միայն բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու փաստը։ Մինչդեռ Սահմանադրական դատարանը գտնում է, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին պատվիրված նամակով ուղարկելը չի երաշխավորում գրավատուի կողմից այդ փաստաթղթի ստացումը, ուստի բռնագանձման ծանուցումն ուղարկելու վերաբերյալ փաստաթուղթը՝ առանց գրավատուին այդ առաքանու հանձնումը հավաստող ծանուցման, չի կարող համարվել բավարար՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար։ Այլ կերպ՝ փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրով հնարավոր չէ հավաստել բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցված լինելը, որպիսի պայմաններում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին այդ անդորրագրի ներկայացումը կրում է բացառապես ձևական բնույթ։ Նման եզրահանգման հիմքում ընկած է, մասնավորապես, այն իրողությունը, որ գրավատուին բռնագանձման ծանուցման հանձնումը կարող է հնարավոր չլինել գրավատուի կամքից անկախ պատճառներով, ուստի սոսկ բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելը չի բացառում բռնագանձման գործընթացի մասին վերջինիս օբյեկտիվորեն իրազեկված չլինելու իրավիճակները։ Հետևաբար` բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից չի կարող պայմանավորվել այն ենթադրությամբ, որ գրավատուին ուղարկված բռնագանձման ծանուցումը վերջինիս կողմից պետք է ստացված լինի։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ այդ դրույթում նշված ծանուցման փոստային առաքման անդորրագիրը չի նույնանում այն անդորրագրի հետ, որը տրվում է ուղարկողին փոստային առաքանու ընդունման ժամանակ, թեև երկու դեպքում էլ օգտագործվում է «անդորրագիր» բառը։ Քննարկվող դրույթի նման մեկնաբանությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագիրը չի պարունակում և չի կարող պարունակել տեղեկություններ ծանուցումը գրավատուին հանձնված լինելու վերաբերյալ, քանի որ հասցեատիրոջը փոստային առաքանու հանձնումը կատարվում է ուղարկողից այդ առաքանու ընդունման համեմատությամբ ավելի ուշ։ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «ծանուցման փոստային առաքման անդորրագիր» հասկացությունը ներառում է փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթը կամ փաստաթղթերի համակցությունը, որը բավարար տեղեկություններ է պարունակում գրավատուի կողմից այդ ծանուցման ստացման վերաբերյալ։ Ընդ որում` այս համատեքստում նշանակություն չպետք է ունենա այն հանգամանքը, թե արդյոք կոնկրետ փաստաթուղթը փոստային առաքման շրջանակում կոչվում է անդորրագիր, թե՝ ոչ, կարևորություն պետք է տրվի այդ փաստաթղթի բովանդակությանը։
Օրենքի վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրվել է վերը նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն, որի արդյունքում բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերի շրջանակում է ներառվել այնպիսի փաստաթուղթ, որով առաքանու հանձնման փաստը ողջամտորեն չի կարող հաստատվել։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ գրավատուի սեփականության իրավունքի պետական գրանցումը կարող է համարվել ուժը կորցրած ճանաչված3 բռնագանձման այնպիսի գործընթացի արդյունքում, որի վերաբերյալ նա ողջամտորեն տեղեկացված չի եղել, հետևաբար` հնարավորություն չի ունեցել օգտվելու այդ գործընթացի դեմ իրավական պաշտպանության հնարավորություններից։ Այսինքն՝ վիճարկվող դրույթի նման մեկնաբանությունը հանգեցնում է անձի (գրավատուի) սեփականության իրավունքի նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության՝ առանց վերջինիս կողմից օրենսդրությամբ նախատեսված՝ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքներից օգտվելու հնարավորության ապահովման:
Միաժամանակ հատկանշական է, որ օրենսդրի կողմից սահմանված՝ ծանուցման փոստային առաքման անդորրագիր ներկայացնելու պահանջի այլընտրանքը բռնագանձման ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականի (այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշման) ներկայացումն է: Վերջինը, միանշանակ, որևէ կերպ չի կարող բնորոշվել որպես ծանուցման փոստային առաքման անդորրագրին (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ այն դիտարկելու, մասնավորապես՝ այն որպես ծանուցումը գրավատուին ուղարկված լինելը հաստատող փաստաթուղթ դիտարկելու պարագայում) իրավական առումով համարժեք, դրա հետ տրամաբանորեն և բովանդակային առումով փոխկապակցված այլընտրանքային փաստաթուղթ:
Այսինքն՝ ծանուցման փոստային առաքման անդորրագիրն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ դիտարկելու պարագայում ստացվում է, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկված լինելը հաստատող փաստաթղթի ներկայացումն այլընտրանք է ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականին (այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշմանը): Իրավակարգավորմանը նման մեկնաբանություն տալու պարագայում իմաստազրկվում է օրենսդրի կողմից Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես ծանուցման փոստային առաքման անդորրագիր ներկայացնելու պահանջի այլընտրանք, ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացական (այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշում) ներկայացնելու պահանջի նախատեսումը:
Վերոգրյալից ևս բխում է, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասին պետք է տրվի այնպիսի մեկնաբանություն, որ դրանով նախատեսված՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելը հաստատող, տրամաբանորեն և բովանդակային առումով միմյանց փոխկապակցված այլընտրանքային փաստաթղթերը լինեն իրավական առումով համարժեք: Այսինքն՝ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասից պետք է բխի, որ դրանով սահմանված՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերն են՝
1) ծանուցման փոստային առաքման անդորրագիրը. նշված փաստաթուղթը բռնագանձման ծանուցումը փոստային առաքման միջոցով գրավատուին հանձնված լինելը, ծանուցումը վերջինիս կողմից ստացված լինելը հաստատող փաստաթուղթ է կամ փաստաթղթերի համակցություն, որի ներկայացումն իրավասու մարմին հնարավոր է ապահովել, օրինակ, այն դեպքում, երբ բռնագանձման ծանուցումը գրավատուին է ուղարկվել պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը (այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը). նշված փաստաթուղթը կարող է առկա լինել և իրավասու մարմին ներկայացվել այն դեպքում, երբ բռնագանձման ծանուցումը գրավատուին է հանձնվել այլ՝ ոչ փոստային առաքման եղանակով, այդ թվում՝ գրավառուի կողմից առձեռն հանձնելու միջոցով, և հաստատում է բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից ստացված լինելու հանգամանքը։
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ օրենսդրի կողմից գրավառուի` գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում երաշխավորելու գրավատուի իրավունքները, իսկ բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի իրազեկված լինելը հաստատող փաստաթղթի ներկայացումն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին վերջինիս գործնականում հնարավորություն է տալիս ստուգելու, թե արդյոք գրավատուն հնարավորություն ունեցե՞լ է օգտվել իր իրավունքների պաշտպանության մեխանիզմներից։ Հետևաբար` վիճարկվող դրույթին տրված այն մեկնաբանությունը, որով, ըստ էության, հնարավոր է դառնում հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից ստացված լինելը հաստատող փաստաթղթի բացակայության պայմաններում, համահունչ չէ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի բովանդակությանը։
5.3. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական խնդիրը հարկ է քննարկել նաև անձի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ վիճարկվող հոդվածի համատեքստում սեփականության իրավունքի պաշտպանությունը սերտորեն փոխկապակցված է դատական պաշտպանության իրավունքի հետ:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Դատական պաշտպանության իրավունքը սահմանադրական հիմնական այն իրավունքներից է, որի իրականացմամբ ապահովվում են նաև մի շարք այլ իրավունքների պատշաճ իրականացումը, դրանց պաշտպանությունը: Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բովանդակության բացահայտմանն ուղղված մի շարք իրավական դիրքորոշումներ։
Այսպես՝ Սահմանադրական դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանության տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքը բնութագրվում է որպես անձի հիմնական անօտարելի իրավունքներից մեկը և միաժամանակ որպես այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց և երաշխիք: Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները:
Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է դատական պաշտպանության իրավունքի՝ անձի հիմնական անօտարելի իրավունքներից մեկը, ինչպես նաև այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց և երաշխիք լինելը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրել է մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ երաշխիքներ ստեղծելու պետության պարտականությունը:
2020 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1559 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը:
Սահմանադրական դատարանը 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշման մեջ նշել է, որ անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից ընդհանրապես առաջնահերթ կարևոր է, թե որքանո՞վ է մատչելի (հասանելի) արդարադատությունը, ինչպիսի՞ իրավական պայմաններ են առաջադրված դատարան դիմելու իրավունքն իրացնելու, հետևաբար, նաև դրանով պայմանավորված՝ դատավարական (քրեական, քաղաքացիական և վարչական) կոնկրետ ընթացակարգի շրջանակներում արդար, հրապարակային դատաքննությամբ անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար: Առանց անձի՝ դատարան դիմելու կամահայտ դրսևորման, դատական պաշտպանության իրավունքի իրացումը և ընդհանրապես արդարադատության իրականացումն իրավաբանորեն անիրագործելի են: Դատարան դիմելու իրավունքի իրացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: Չնայած այդ իրավունքն անմիջականորեն նախատեսված չէ Սահմանադրությամբ, այնուհանդերձ, բխում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից: Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար:
Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրականացումը երաշխավորելու տեսանկյունից Սահմանադրական դատարանն առաջին հերթին կարևորել է արդարադատության մատչելիության (հասանելիության) գնահատումը, ինչպես նաև դատարան դիմելու իրավունքն իրականացնելու համար առաջադրված իրավական պայմանների բնույթը: Ավելին՝ Սահմանադրական դատարանն անձի՝ դատարան դիմելու իրավունքի իրականացման երաշխավորումը դիտարկել է որպես սահմանադրական իրավունքների և ազատությունների` դատական կարգով պաշտպանության առաջնահերթ նախապայման:
Անդրադառնալով գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման իրավական երաշխիքներին՝ Սահմանադրական դատարանը 2016 թվականի հուլիսի 19-ի ՍԴՈ-1294 որոշմամբ, որպես գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման իրավական երաշխիք, առաջնահերթ կարևորել է գրավատուի պատշաճ ծանուցման ապահովումը, այնուհետև՝ դրա հիման վրա գրավատուի կողմից արտադատական կարգով բռնագանձման օրինականության դատական վիճարկման հնարավորությունը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն այս համատեքստում կարևորել է օրենքով սահմանված՝ գրավառուի կողմից բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց միայն երկու ամիս հետո գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու պահանջի պահպանումը, որը ևս գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման իրավական երաշխիք է: Այս իրավական երաշխիքներն են, որ խնդրո առարկա իրավահարաբերություններում համակարգային առումով ուղղված են անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման ապահովմանը:
Վերոգրյալի լույսի ներքո քննարկման առարկա դարձնելով Օրենքի վիճարկվող դրույթի (հաշվի առնելով դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը)՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
նկատի ունենալով հիփոթեքի առարկայի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու իրավահարաբերությունների քաղաքացիաիրավական բնույթը՝ քննարկվող հարցի համապարփակ վերլուծությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է այն դիտարկել քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումների, դրանք նախատեսելու նպատակի ընդհանուր համատեքստում:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ տվյալ իրավիճակում հարցը վերաբերում է որպես քաղաքացիաիրավական բնույթի իրավահարաբերությունների հետևանք առաջացող՝ վարչական բնույթի իրավահարաբերություններին, մասնավորապես, իրավասու մարմնի՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելուն, որի պարագայում օրենսդիրն Օրենքով նախատեսել է առանձնահատուկ կարգավորումներ: Հենց նշված օրենքով սահմանված իրավակարգավորումներով է առաջնորդվում իրավասու վարչական մարմինը համապատասխան վարչարարությունն իրականացնելիս:
Այնուամենայնիվ, քննարկվող համատեքստում Օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները պետք է հաշվի առնվեն Օրենքի վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորման քննարկման շրջանակում:
Այս կապակցությամբ հարկ է վկայակոչել Օրենսգրքի՝ «Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը» վերտառությամբ 249-րդ հոդվածի 2-րդ մասը, որով ամրագրված են գրավատուի և պարտապանի (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) իրավունքների ապահովման կարևոր երաշխիքներ: Այդ երաշխիքների պատշաճ ապահովումն առանցքային և հիմնարար նշանակություն ունի քննարկվող ամբողջ գործընթացի իրավաչափությունը գնահատելու տեսանկյունից:
Մասնավորապես` Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն (պարտապանը) իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Եթե գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու որոշումից հետո դատարանը որոշում է կայացրել գրավառուի հնարավոր վնասների հատուցման համար պահանջվող ապահովումը տրամադրելու վերաբերյալ, ապա գրավատուի (պարտապանի) կողմից գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար տրամադրվող ապահովումը պետք է համարժեք լինի գրավառուի հնարավոր վնասների արժեքին, բայց չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը:
(…) Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում՝ նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն կարող է իրացնել գրավի առարկան մինչև սույն պարբերությամբ նախատեսված երկու ամիսը լրանալը, եթե պարտապանը և գրավատուն (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) բռնագանձման ծանուցումն ստանալուց հետո սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավոր համաձայնություն են տվել գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ: Մինչև բռնագանձման ծանուցում ստանալը գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ տրված համաձայնությունն առ ոչինչ է (…)»:
Միաժամանակ, Օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչև գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է: Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է: Անձը, որը պահանջում է դադարեցնել գրավ դրված գույքի բռնագանձումը կամ դրա իրացումը, պարտավոր է գրավառուին հատուցել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և այն իրացնելու կապակցությամբ կրած ծախսերը:
Այսպիսով, Օրենսգրքի վերոնշյալ հոդվածների բովանդակությունից ակնհայտ է, որ օրենսդիրը դրանցով ամրագրված իրավակարգավորումների հիմքում դրել է գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման պատշաճ իրավական երաշխիքներ նախատեսելու նպատակը՝ այդ տեսանկյունից առաջնահերթ կարևորելով գրավատուի պատշաճ ծանուցման, ինչպես նաև դրա հիման վրա՝ գրավատուի՝ բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու և բռնագանձումը դադարեցնելու իրավական հնարավորության ապահովումը:
Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է հստակ երկամսյա ժամկետ՝ գրավատուի կողմից իր իրավունքների պաշտպանությանն ուղղված վերոնշյալ իրավական երաշխիքների իրացումը, գործնականում դրանց կենսագործումն ապահովելու նպատակով, որը ևս գրավատուի հիմնական իրավունքների պաշտպանության կարևոր իրավական երաշխիք է: Այս իրավական երաշխիքները նաև ուղղված են անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի ապահովմանը, ուստի դրանց պատշաճ իրացման ապահովումն ունի հիմնաքարային նշանակություն:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առկա է գրավառուի սեփականության իրավունքի պետական գրանցման մերժման հիմք, եթե իրավունքի պետական գրանցման դիմումը ներկայացնելու պահին չի լրացել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու օրվան հաջորդող երկամսյա ժամկետը: Ընդ որում` միակ բացառությունն այն է, երբ ներկայացվել է պարտապանի և գրավատուի՝ օրենքով սահմանված կարգով տրված գրավոր համաձայնությունը մինչև երկամսյա ժամկետի լրանալը գրավի առարկան բռնագանձելու վերաբերյալ: Նման իրավակարգավորման առկայությամբ առավել է ընդգծվում այն պահանջը, որ գրավառուի սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր է իրականացնել միայն բռնագանձման ծանուցումը գրավատուին պատշաճ կերպով հանձնելուն հաջորդող՝ Օրենքով սահմանված ժամանակահատվածը լրանալուց հետո (այս կապակցությամբ նախատեսված միակ բացառության հաշվառմամբ), քանի որ տվյալ գործընթացում օրենսդիրը սահմանել է գրավատուի իրավունքների պաշտպանության երաշխիքներ, որոնց իրացմանն էլ ուղղված է վերջինիս կողմից բռնագանձման ծանուցումն ստանալուն հաջորդող երկամսյա ժամկետի պահպանման պարտադիր պահանջի սահմանումը:
Նշված երկամսյա ժամկետը սահմանվել է գրավատուին իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորություն ընձեռելու նպատակով, որպիսի գործողությունների կատարմանը գրավատուն կարող է ձեռնամուխ լինել միայն դրա անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկանալուց, այն է՝ բռնագանձման ծանուցումն ստանալուց հետո: Դրանով էլ պայմանավորված՝ գործող իրավակարգավորումների համաձայն՝ սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկի համար օրենսդիրն էական է համարում բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու օրվա ամրագրումը։
Մինչդեռ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում, այն է՝ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրի հետ նույնացվելու պարագայում իմաստազրկվում է քաղաքացիական օրենսդրությամբ, ինչպես նաև Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ գրավատուի իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքների նախատեսումը, քանի որ գործնականում դրանց իրացումը դառնում է անհնարին: Մասնավորապես՝ գրավատուն սահմանված կարգով բռնագանձման ծանուցումը չստանալու, դրա վերաբերյալ պատշաճ չիրազեկվելու հետևանքով զրկվում է այդ կապակցությամբ իր իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքներն իրացնելու, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու հնարավորությունից, իսկ օրենսդրի կողմից գրավատուին ընձեռված՝ բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու կամ բռնագանձումը դադարեցնելու հնարավորությունը, ինչպես նաև դրանց կենսագործման համար սահմանված երկամսյա ժամկետի պահպանման պահանջը դառնում են հռչակագրային բնույթ կրող իրավակարգավորումներ:
Այլ կերպ ասած՝ Օրենքի վիճարկվող նորմն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ կիրառելու հետևանքով գրավատուն զրկվում է ինչպես գրավադրված գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու, այնպես էլ՝ բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու իրավունքներն իրականացնելու հնարավորությունից: Գրավատուի այդ իրավունքների պատշաճ իրականացումը հնարավոր կլինի ապահովել միայն այն պարագայում, եթե Օրենքի վիճարկվող նորմն իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվի իր սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում, որի համաձայն՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ համարվող ծանուցման փոստային առաքման անդորրագիրը ոչ թե այն անդորրագիրն է, որը տրվում է ուղարկողին փոստային առաքանու ընդունման ժամանակ, այլ փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթն է կամ փաստաթղթերի համակցությունը (անկախ փոստային առաքման շրջանակում տվյալ փաստաթղթին տրված անվանումից), որը պարունակում է բավարար տեղեկություններ ծանուցումը գրավատուի կողմից ստացված լինելու վերաբերյալ:
Նշվածի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի վիճարկվող դրույթը պետք է կիրառվի ներկայացված՝ գրավատուի իրավունքների ապահովման համատեքստում, հակառակ դեպքում՝ օրենսդրությամբ գրավատուին ընձեռված իրավական երաշխիքների իրացումը գործնականում հնարավոր չի լինի ապահովել:
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացը համակարգային առումով սկսվում է բռնագանձման վերաբերյալ գրավատուի պատշաճ իրազեկման, այն է՝ բռնագանձման ծանուցումը վերջինիս կողմից ստանալու պահից: Այս առումով բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից ստանալու պահն ուղենշային է, քանի որ իրավաչափորեն դրանով է պայմանավորված գրավատուի հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքների իրացման հնարավորությունը, ինչպես նաև այդ համատեքստում բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու (դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու) համար նախատեսված երկամսյա ժամկետի (բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու օրվան հաջորդող երկամսյա ժամկետի) հաշվարկը: Մինչդեռ Օրենքի վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ այս հանգամանքն անտեսվել է:
Այսպիսով` Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը» ձևակերպման մեջ օգտագործված՝ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը ոչ թե նույնանում է փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրի հետ, այլ փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթն է կամ փաստաթղթերի համակցությունը (անկախ փոստային առաքման շրջանակում կոնկրետ փաստաթղթին տրված անվանումից), որը հնարավորություն է տալիս հաստատել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը և այն հանձնելու օրը:
5.4. Միաժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ գործնականում չի բացառվում, որ գրավառուի կողմից բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելը լինի անհնարին՝ գրավառուից անկախ պատճառներով։ Մինչդեռ Օրենքի 40-րդ հոդվածը պահանջում է գրավառուի կողմից բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթի ներկայացում և սահմանում է այդպիսի փաստաթղթերի խիստ սահմանափակ շրջանակ։
Օրենսգրքի 226-րդ հոդվածից հետևում է, որ գրավի իրավունքը գրավառուին վերապահում է հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ գրավի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք: Ուստի գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացի և հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման իրականացման շրջանակում շոշափվում են ոչ միայն գրավատուի, այլև գրավառուի իրավունքները, և այդ իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերը պետք է հաշվի առնեն իրար հակադրվող իրավունքների առկայությունը։
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ գրավատուին ծանուցելու փորձերը տարաբնույթ, գրավառուից անկախ պատճառներով ապարդյուն են լինում՝ գրավատուի կողմից բռնագանձման ծանուցումն ստանալու անհնարինության պայմաններում։ Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ Օրենսգրքի՝ «Ծանուցումներ» վերտառությամբ 20.1-ին գլխում (որին հղում է կատարում Օրենսգրքի՝ գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը սահմանող 249-րդ հոդվածի 3-րդ մասը) ներառված 330.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի դեպքերում օրենքով սահմանված հրապարակային եղանակով կատարված ծանուցումը ևս համարվում է պատշաճ ծանուցում։ Մինչդեռ Օրենքի 40-րդ հոդվածով սահմանված է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելը հաստատող փաստաթղթերի հստակ շրջանակ: Միաժամանակ, նշված հոդվածով նախատեսված չէ այդ եղանակներով գրավատուի կողմից բռնագանձման ծանուցումն ստանալն ապահովելու անհնարինության պարագայում բռնագանձման ծանուցման վերաբերյալ գրավատուին իրազեկելու հնարավորություն։
Այս համատեքստում Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ մի շարք իրավական ակտերով նախատեսված են անձի ծանուցման այլընտրանքային եղանակներ այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում անձին հանձնել ծանուցումը, օրինակ՝ երբ անձը հրաժարվում է ստանալ փոստային առաքանին, կամ անձի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվում է։ Նման իրավիճակների համար կարգավորումներ են նախատեսված, օրինակ, Օրենքի՝ «Իրավունքի դադարման պետական գրանցումը և գրանցված իրավունքի պետական գրանցումը ուժը կորցրած ճանաչելը» վերտառությամբ 35-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածով։ Մասնավորապես՝ նշված դրույթներով նախատեսվել են մեխանիզմներ, որոնց գործադրումը համարվում է պատշաճ ծանուցման ապահովում՝ չկարևորելով անձի կողմից ծանուցումը փաստացի ստացած լինելը հաստատող ապացույցի առկայությունը (օրինակ՝ ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրելու դեպքում)։
Մինչդեռ օրենսդիրը համանման մոտեցում չի ցուցաբերել Օրենքի 40-րդ հոդվածով կարգավորվող իրավահարաբերությունների պարագայում, քանի որ տվյալ հոդվածով ուղղակիորեն նախատեսված չէ որևէ այլընտրանք այն դեպքի համար, երբ գրավառուն իրենից անկախ պատճառներով հնարավորություն չունի ապահովել գրավատուի կողմից բռնագանձման ծանուցումն ստանալը, ըստ այդմ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմին չի կարող ներկայացնել ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը (այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը)։
Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վրա է հրավիրում Ազգային ժողովի ուշադրությունը՝ ընդգծելով գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացի և հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու վարույթի առնչությամբ այնպիսի իրավակարգավորումների ամրագրման անհրաժեշտությունը, որոնք բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցման հարցում կապահովեն արդարացի հավասարակշռություն գրավատուի և գրավառուի իրավունքների և օրինական շահերի միջև։
5.5. Կիրառելով Սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումը սույն սահմանադրաիրավական վեճի նկատմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակում Դատական դեպարտամենտից պահանջված և ստացված թիվ ՎԴ/8136/05/18 վարչական գործի ուսումնասիրությամբ պարզվում է, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այն մեկնաբանմամբ, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցման փոստային առաքման անդորրագիրն ըստ էության նույնացվել է փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրի հետ։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով այն փաստական հանգամանքը, որ գրավառուի կողմից գրավատուին ուղարկված բռնագանձման ծանուցումը վերջինս չի ստացել, այն է՝ նշված ծանուցումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով, միաժամանակ վերահաստատել է ՎԴ/3164/05/18 վարչական գործով արտահայտած իր այն դիրքորոշումը, որ միայն փոստային առաքանին ուղարկելու վերաբերյալ տեղեկությունները պարունակող անդորրագրի առկայությունն արդեն իսկ վկայում է կողմին բռնագանձման ծանուցումը պատշաճ հանձնված լինելու հանգամանքի մասին։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը համարել է, որ գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացվող սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից ներկայացվել է նաև բռնագանձման ծանուցումը գրավատու Ռուզաննա Ղազարյանին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։
Մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համաձայն՝ վիճարկվող դրույթին չի կարող տրվել այնպիսի մեկնաբանություն, որով փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագիրը որակվի որպես բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ՝ փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ տեղեկություններ չպարունակելու պայմաններում։
Հաշվի առնելով վիճարկվող դրույթին Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված վերը նշված մեկնաբանությունը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի գործով Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ նշված դրույթի իմաստով՝ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթն է կամ փաստաթղթերի համակցությունը (անկախ փոստային առաքման շրջանակում տվյալ փաստաթղթին տրված անվանումից), որը հնարավորություն է տալիս հաստատել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը և այն հանձնելու օրը:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
_____________________
1 https://www.un.org/en/about-us/universal-declaration-of-human-rights
2 https://www.arlis.am/documentview.aspx?docID=20870
3 Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի կամ դրա օրենքով սահմանված մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է ուժը կորցրած ճանաչված` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ օրենքով սահմանված հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից։
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
1 նոյեմբերի 2022 թվականի ՍԴՈ-1667 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2022 թվական: