ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2022 թվականի N 1586-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 83-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1331-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին» N 83-Ն և 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ տրամադրելու մասին» N 1331-Ն որոշումները:
2․ Ընդունել ի գիտություն, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների, թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման ժամանակ անհրաժեշտ է առաջնորդվել 2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 30 որոշման NN 13 և 14 հավելվածներով և 2014 թվականի նոյեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 199 որոշման դրույթներով սահմանված կարգավորումներով։ Ընդ որում՝ որոշումներով նախատեսված փաստաթղթերն ընդունվում և տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, իսկ փաստաթղթերն այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ դիմումատուի ցանկությամբ փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական: