ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը` բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ 1.
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(1-ին հոդվածը լրաց. 06.02.02 ՀՕ-298)
ՀՈԴՎԱԾ 2.
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերից:
ՀՈԴՎԱԾ 3.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ՀՈԴՎԱԾ 4.
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում:
Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով տրվում է ամսական 3000 դրամի չափով դրամական օգնություն, իսկ հաշմանդամ վետերաններին` էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար` ամսական 4500 դրամի չափով դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև`
ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով.
բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.
գ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վետերանն ստանում է 1750 դրամ ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 06.02.02 ՀՕ-298, փոփ., խմբ. 25.12.03 ՀՕ-60-Ն, 14.12.04 ՀՕ-38-Ն)
ՀՈԴՎԱԾ 5.
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` պետական նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 6.
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցուցակի և սահմանած կարգի:
(6-րդ հոդվածը խմբ. 06.02.02 ՀՕ-298)
ՀՈԴՎԱԾ 7.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 8.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2000 թվականի հունվարի 1-ից հավասարեցնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված բազային կենսաթոշակի կրկնապատիկին, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի մեկուկեսապատիկից:
ՀՈԴՎԱԾ 9.
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |