ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 84 |
քաղ. Երևան |
«ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ և ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասության կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ և ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասության կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ 4-ամսյա ժամկետում հաստատել հանձնարարական բնույթ ունեցող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության իրավասության կենտրոնի մասին տիպային հիմնադրույթը:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում փոխգործակցելու նպատակով իրենց պետությունների իրավասության կենտրոնները համապատասխան լիազորություններով օժտելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, այդ մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի թվականի ի թիվ որոշմամբ |
ԿԱՐԳ
Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասության կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 կարգադրության 2-րդ կետին համապատասխան և սահմանում է Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասության կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն, Հանձնաժողով) փոխգործակցության կանոնները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Միության թվային օրակարգի իրագործման հարցերով Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով:
3. Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում համատեղ նախագծերի և թվային փոխակերպման իրականացման, կոոպերացիայի նոր մեխանիզմների ձևավորման, ինչպես նաև թվային իրավասությունների զարգացման նպատակով անդամ պետությունը սահմանում և իրավասության կենտրոնին կամ մի քանի այդպիսի կենտրոնների օժտում է համապատասխան լիազորություններով՝ ըստ Միության թվային օրակարգի առանձին նախագծային ուղղությունների կամ գերակայությունների:
4. Համապատասխան լիազորություններով օժտվելու դեպքում անդամ պետության իրավասության կենտրոնը փոխգործակցում է Հանձնաժողովի հետ նախաձեռնություններ մշակելիս, ինչպես նաև նախագծային և այլ գործունեության շրջանակներում:
5. Փոխգործակցությունը նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի նիստերի շրջանակներում կարգավորվում է այդ նախագծի փաստաթղթերով:
II. Փոխգործակցությունը՝ նախաձեռնություն մշակելիս
6. Անդամ պետության իրավասության կենտրոնը նախաձեռնությունը մշակելիս կարող է Հանձնաժողովի հետ փոխգործակցության շրջանակներում իրականացնել հետևյալ գործառույթները՝
ա) հարցման ձևավորում՝ նախաձեռնության մշակման համար.
բ) նախաձեռնությունների կառավարում՝ ազգային մակարդակով.
գ) մեթոդական և փորձագիտական աջակցության իրականացում.
դ) փորձագիտական հարթակների շրջանակներում գործունեության, ինչպես նաև նախաձեռնության մշակման հարցերով միջոցառումների կազմակերպմանը ցուցաբերվող աջակցություն.
ե) հարցման գնահատում՝ նախաձեռնության մշակման համար.
զ) փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում՝ նախագծի նախաձեռնման համար.
է) փորձագետների ներգրավում՝ նախաձեռնության գնահատման համար.
ը) առաջարկությունների նախապատրաստում՝ նախագծի նախաձեռնումը հիմնավորելու նպատակով հետազոտության անցկացման տեխնիկական առաջադրանքը նախագծի մեջ ընդգրկելու համար.
թ) հետազոտությունների համակարգում՝ ազգային մակարդակով, և մասնակցություն դրանցում.
ժ) փորձագիտական կարծիքի ձևավորում՝ նախագծի նախաձեռնումը հիմնավորելու համար.
ժա) նախաձեռնության մշակման գործընթացը բարելավելու առաջարկների ձևավորում.
ժբ) այլ գործառույթներ՝ իր իրավասությունների շրջանակներում:
III. Փոխգործակցությունը՝ նախագծային գործունեություն իրականացնելիս
7. Անդամ պետության իրավասության կենտրոնը նախագծային գործունեություն իրականացնելիս կարող է Հանձնաժողովի հետ փոխգործակցության շրջանակներում իրականացնել հետևյալ գործառույթները՝
ա) նախագծի և դրա առանձին միջոցառումների նախաձեռնում կամ իրականացում.
բ) մեթոդական և փորձագիտական աջակցության ապահովում՝ նախագծային գործունեություն իրականացնելիս և ըստ նախագծի արդյունքների.
գ) փորձագիտական հարթակների շրջանակներում գործունեության, ինչպես նաև նախագծային գործունեությանը վերաբերող հարցերով միջոցառումների կազմակերպմանը ցուցաբերվող աջակցություն.
դ) նախագծերի համակարգման աշխատանքային խմբերի գործունեությանը մասնակցություն.
ե) նախագծերի իրագործման մոնիթորինգ.
զ) նախագծերի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում.
է) նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի մշակմանը մասնակցություն.
ը) համագործակցություն մյուս անդամ պետությունների իրավասության կենտրոնների հետ՝ խնդիրների լուծման միասնական մոտեցումներ մշակելու նպատակով.
թ) անդամ պետությունում նախագծային գործունեության հավանական մասնակիցներին՝ Միության թվային օրակարգի շրջանակներում նախաձեռնությունների մշակման և նախագծերի իրագործման մեխանիզմների վերաբերյալ իրազեկման կազմակերպում.
ժ) նախագծային գործունեության տեղեկատվական ուղեկցում.
ժա) մասնակցություն փորձնական նախագծերում և «կարգավորիչ ավազահրապարակների» մեխանիզմների օգտագործմամբ նախագծերում.
ժբ) փոխգործակցություն ներդրումներ իրականացնող հիմնադրամների հետ՝ Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծեր իրագործելիս .
ժգ) գործընթացները բարելավելու առաջարկների ձևավորում նախագծային գործունեության շրջանակներում.
ժդ) այլ գործառույթներ՝ իր իրավասությունների շրջանակներում:
IV. Փոխգործակցության կանոնները
8. Անդամ պետությունների իրավասության կենտրոնները և Հանձնաժողովը նշանակում են փոխգործակցության համակարգման և տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու անձանց:
Այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են անդամ պետությունների իրավասության կենտրոնների տեղեկատվական ռեսուրսներում՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում և Միության տեղեկատվական պորտալում:
9. Անդամ պետությունների իրավասության կենտրոնների և Հանձնաժողովի փոխգործակցության շրջանակներում Հանձնաժողովից ստացված տեղեկատվության մշակումը և փոխանցումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
10. Անդամ պետության իրավասության կենտրոնը, Հանձնաժողովի հարցմամբ, տեղեկատվություն է ներկայացնում՝ հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
11. Հանձնաժողովը, անդամ պետության իրավասության կենտրոնի հարցմամբ, տեղեկատվություն է ներկայացնում հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
V. Փոխգործակցությունը փորձագիտական հարթակների շրջանակներում
12. Փորձագիտական հարթակն օգտագործվում է կոնկրետ նախաձեռնությունների, հետազոտությունների կամ նախագծերի, ինչպես նաև նախագծային գործունեության հետ կապված հարցերի քննարկման համար:
13. Անդամ պետության իրավասության կենտրոնը կարող է հանդես գալ որպես փորձագիտական հարթակի շրջանակներում Հանձնաժողովի հետ համագործակցության նախաձեռնող և ներկայացնել առաջարկություններ՝ քննարկման հարցերի ցանկում ընդգրկելու համար:
14. Փորձագիտական հարթակի շրջանակներում կարող են փոխգործակցել Հանձնաժողովի, անդամ պետությունների իրավասության կենտրոնների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարար համայնքների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների անկախ փորձագետներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներառված չեն իրավասությունների ռեեստրում:
15. Փորձագիտական հարթակի շրջանակներում փոխգործակցության մասնակիցների կազմի մեջ են մտնում համակարգողը, քարտուղարը և մասնակիցները:
Փորձագիտական հարթակի շրջանակներում փոխգործակցության մասնակիցների կազմի հաստատումը պարտադիր չէ:
16. Համակարգողը, որը պաշտոնատար անձ է կամ հանձնաժողովի անդամ, վարում է նիստերը:
17. Քարտուղարը որոշվում է համակարգողի կողմից՝ մասնակիցների թվից, և փորձագիտական հարթակի շրջանակներում իրականացնում է փոխգործակցության փաստաթղթային ապահովում:
18. Փոխգործակցությունը փորձագիտական հարթակի շրջանակներում կարող է իրականացվել տեսաժողովի ռեժիմով:
19. Քարտուղարը, ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ, անդամ պետությունների իրավասության կենտրոններին ծանուցում է նիստի անցկացման մասին և տեղեկատվություն է ներկայացնում նախաձեռնության մշակման կամ քննարկման համար առաջադրված այլ հարցերի վերաբերյալ:
20. Մասնակիցները դիրքորոշումներ են ձևավորում նախաձեռնության և քննարկվող այլ հարցերի առնչությամբ:
21. Նիստի անցկացման արդյունքներով մասնակիցների կարծիքները և փորձագիտական եզրակացությունը չեն կարող դիտարկվել որպես անդամ պետության դիրքորոշում:
22. Նիստի արդյունքները համակարգողի որոշմամբ ձևակերպվում են արձանագրությամբ:
Նիստերի արձանագրությունների պահպանությունն ապահովվում է Հանձնաժողովի կողմից:
23. Միության տեղեկատվական պորտալում Հանձնաժողովի կողմից ստեղծվում է բաժին, որը փորձագիտական հարթակի շրջանակներում պարունակում է գործունեության վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ այդ գործունեության նկարագրությունը, մասնակիցների կազմը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ փորձագիտական հարթակի շրջանակներում նիստերի և այլ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, նիստերի արձանագրությունները և տեղեկատվական այլ նյութեր, որոնց կազմը սահմանվում է համակարգողի կողմից: Այդ բաժնի վարումն իրականացվում է քարտուղարի կողմից:
Նշված բաժնին հասանելիություն տրամադրվում է անդամ պետությունների լիազորված մարմիններին և իրավասության կենտրոններին:
24. Փորձագիտական հարթակի շրջանակներում անցկացվող նիստերին մասնակցելու հետ կապված անդամ պետությունների իրավասության կենտրոնների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, գործարար համայնքների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների անկախ փորձագետների ծախսերը կրում է նրանց ուղղորդող կողմը:
VI. Համագործակցության այլ ձևեր
25. Հանձնաժողովը և անդամ պետությունների իրավասության կենտրոնները կարող են կազմակերպել և անցկացնել սույն կարգով չնախատեսված համատեղ միջոցառումներ՝ շահագրգիռ անձանց մասնակցությամբ, և այդ միջոցառումների շրջանակներում իրականացնել տեղեկատվության փոխանակում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: