ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2011 թվականի N 824
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 884 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 23-ի N 140, 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 249, 2018 թվականի մայիսի 29-ի N 93 որոշումների խմբագրությամբ)
«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.
1. Ընդունել Մաքսային միության «Վերելակների անվտանգությունը» տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 011/2011) (կցվում է)։
2. Ուժը կորցրել է։
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի N 93 որոշումը)։
3. Սահմանել`
3.1. Մաքսային միության «Վերելակների անվտանգությունը» տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2013 թվականի փետրվարի 15-ից,
(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 884 որոշման խմբագրությամբ)
3.2. Մինչև 2015 թվականի մարտի 15-ը թույլատրվում է Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան, իր տարածքում արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրվել կամ ընդունվել են` նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը,
(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 884 որոշման խմբագրությամբ)
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում,
3.3. Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) առնչությամբ` նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի մարտի 15-ից ոչ ուշ։ Նշված փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
(Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 884 որոշման խմբագրությամբ)
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում։
Մինչև սույն Տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը` շահագործման մեջ դրված և նշանակված ծառայության ժամկետը չաշխատած վերելակները պետք է համապատասխանեցվեն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին` մինչև նշանակված ծառայության ժամկետի ավարտը.
3.3.1. Մինչև 2013 թվականի նոյեմբերի 15-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Մաքսային միության մաքսային տարածքում, որը, նախքան Տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ մտնելու օրը, ենթակա չի եղել Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման)՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման,
(3.3.1. կետը ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 249 որոշմամբ)
3.4. Սույն որոշման 3.3 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 3.3.1. ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված ծառայության ժամկետի ընթացքում։
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 249 որոշման խմբագրությամբ)
4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ նախապատրաստել Տեխնիկական կանոնակարգն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում ապահովել դրա՝ սահմանված կարգով Հանձնաժողովի հաստատմանը ներկայացնելը։
5. Ղազախստանյան կողմին՝ Կողմերի մասնակցությամբ, ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը, և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարեկան առնվազն մեկ անգամ դրանք Հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հաստատման համար։
6. Ռուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ ապահովել վերելակի էներգաարդյունավետության դասի սահմանման ստանդարտի մշակումը։
7. Կողմերին՝
7.1. մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը՝ սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և տեղեկացնել Հանձնաժողովին դրա մասին,
7.2. ապահովել Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
Բելառուսի (Ստորագրություն) Ս. ՌՈՒՄԱՍ |
Ղազախստանի (Ստորագրություն) ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ |
Ռուսաստանի (Ստորագրություն) Ի. ՇՈՒՎԱԼՈՎ |
Հաստատված է Մաքսային միության հանձնաժողովի2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշմամբ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՄՄ ՏԿ 011/2011
ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Նախաբան
1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։
2. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում վերելակների նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող վերելակների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։
Հոդված 1. | Կիրառության ոլորտը |
1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում օգտագործման համար նախատեսված և օգտագործվող վերելակների ու դրանց անվտանգության սարքվածքների վրա։
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է բոլոր վերելակների և դրանց անվտանգության սարքվածքների վրա (թափարգելներ, որսիչներ, արագության սահմանափակիչներ, հորանի դռների փականներ, անվտանգության հիդրոապարատներ)։
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում այն վերելակների վրա, որոնք նախատեսված են օգտագործման համար կամ օգտագործվում են՝
- լեռնարդյունաբերության և ածխարդյունաբերության հանքահորերում,
- նավերում և այլ լողացող միջոցներում,
- ծովում՝ հետախուզության և հորատման հենահարթակներում,
- ինքնաթիռներում և թռչող ապարատներում, ինչպես նաև այն վերելակների վրա, որոնք՝
- ունեն վերհանման ատամնաձողային և պտուտակավոր մեխանիզմ,
- ռազմական նպատակներով հատուկ նշանակության վերելակներ են։
2. Մաքսային Միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են վերելակներին և վերելակների անվտանգության սարքվածքներին ներկայացվող պահանջները՝ մարդու կյանքը և առողջությունը, գույքը պաշտպանելու, ինչպես նաև դրանց նշանակության և անվտանգության վերաբերյալ գնորդներին (օգտվողներին) մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով։
Հոդված 2. | Սահմանումները |
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ եզրույթները և սահմանումները՝
թափարգել` շարժվող խցիկի, հակակշռի դանդաղեցման մեծության սահմանափակման համար նախատեսված սարքվածք՝ վնասվածքներ ստանալու կամ սարքավորումների կոտրման վտանգը նվազեցնելու նպատակով, երբ խցիկը, հակակշիռն անցնում են եզրային աշխատանքային դիրքի.
անվտանգության հիդրոապարատ՝ հիդրոգլանի հետ սերտ կապված և խցիկի անկումը կանխելու համար նախատեսված հիդրավլիկ սարքվածք (խզման կափույր).
հորանի դռան փական՝ հորանի դուռը փակելու համար նախատեսված ավտոմատ սարքվածք.
սպասարկման գոտի՝ վերելակի սարքավորումների կողքին ազատ հարթակ, որտեղ գտնվում է այդ սարքավորումները սպասարկող անձնակազմը.
արտադրող՝ իր անունից վերելակների, անվտանգության սարքվածքների արտադրությունը և (կամ) իրացումն իրականացնող և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության համար պատասխանատվություն կրող իրավաբանական անձ, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
խցիկ՝ մարդկանց և (կամ) բեռները տեղավորելու համար նախատեսված վերելակի մաս՝ նրանց մեկ մակարդակից մեկ այլ մակարդակ տեղափոխելիս.
վերելակ` ուղղաձիգի նկատմամբ 15°-ից ոչ ավելի թեքման անկյունով կոշտ ուղղորդիչներով շարժվող խցիկում մեկ մակարդակից մեկ այլ մակարդակ մարդկանց և (կամ) բեռներ տեղափոխելու համար նախատեսված սարքվածք.
որսիչներ` սարքվածք, որը նախատեսված է սահմանված արագության գերազանցման և (կամ) քարշող տարրերի խզվելու դեպքում խցիկը (հակակշիռը) կանգնեցնելու և ուղղորդիչների վրա պահելու համար.
վերելակի արդիականացում՝ շահագործման մեջ գտնվող վերելակի անվտանգությանը և տեխնիկական մակարդակի՝ մինչև սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված մակարդակը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ.
անվանական արագություն` վերելակի խցիկի շարժման այն արագությունը, որը նախատեսված է վերելակի համար.
արագության սահմանափակիչ՝ խցիկի, հակակշռի շարժման արագության սահմանված մեծությունը գերազանցելիս որսիչների մեխանիզմը գործարկելու համար նախատեսված սարքվածք.
վերելակի անձնագիր՝ վերելակն արտադրողի, արտադրման ամսաթվի և դրա գործարանային համարի մասին տեղեկություններ, վերելակի և դրա սարքավորումների հիմնական տեխնիկական տվյալները և բնութագրերը, անվտանգության սարքվածքների, վերելակի ծառայության սահմանված ժամկետի մասին տեղեկություններ պարունակող, ինչպես նաև շահագործման ընթացքում տեղեկություններ ներառելու համար նախատեսված փաստաթուղթ.
ըստ նշանակության կիրառում՝ վերելակների օգտագործումը՝ վերելակներն արտադրողի կողմից շահագործման փաստաթղթերում նշված նշանակությանը համապատասխան.
աշխատանքային հարթակ՝ վերելակի սարքավորումների վերանորոգման և սպասարկման աշխատանքներ կատարող անձնակազմի տեղավորման համար նախատեսված սարքվածք.
տիպային նմուշ՝ վերելակների տիպաչափսային շարքի հիմնական հատկանիշներն ունեցող վերելակ.
տիպաչափսային շարք՝ միասնական կոնստրուկտորական լուծումներով բնորոշվող վերելակներ, որոնք միմյանցից տարբերվում են բեռնամբարձության, արագության, վերհանման բարձրության բնութագրերով և (կամ) վերելակի շարժաբերի, խցիկի, կառավարման համակարգի սարքավորումների լրակազմով, ինչպես նաև սարքավորումների փոխադարձ դասավորվածությամբ.
վերելակի տեխնիկական սպասարկում` համալիր գործողություններ` վերելակը շահագործելիս դրա աշխատունակությունն ու անվտանգությունը պահպանելու համար.
վերելակի անվտանգության սարքվածք` վերելակի անվտանգությունն ապահովելու համար նախատեսված տեխնիկական միջոց.
կարգավարական հսկողության սարքվածք՝ վերելակի աշխատանքի հեռահսկման և կարգավարի (օպերատորի) հետ կապի ապահովման համար նախատեսված տեխնիկական միջոց.
վերելակի շահագործում՝ վերելակի կենսական պարբերաշրջանի փուլ, որի ընթացքում ապահովվում, պահպանվում և վերականգնվում է դրա որակը, իր մեջ ներառում է ըստ նշանակության օգտագործումը, շահագործման ժամանակաշրջանում պահումը, սպասարկումը և վերանորոգումը։
Հոդված 3. | Շուկայում շրջանառության կանոնները |
1. Վերելակները, վերելակների անվտանգության սարքերը Մաքսային միության անդամ պետությունների տարածքում շուկայում շրջանառության մեջ են դրվում դրանց՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգին համապատասխանության դեպքում։
2. Շրջանառության մեջ դրվող վերելակները, վերելակների անվտանգության սարքվածքները պետք է համապատասխանեն անվտանգության պահանջներին՝ արտադրողի կողմից սահմանված ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում՝ պայմանով, որ վերելակները, անվտանգության սարքվածքներն օգտագործվեն ըստ նշանակության, սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան կատարվեն արտադրողի՝ ուղեկցող փաստաթղթերի պահանջները։
3. Շրջանառության մեջ դրվող վերելակները, վերելակների անվտանգության սարքվածքները պետք է լրակազմվեն ուղեկցող փաստաթղթերով՝ Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով և (կամ) ռուսերենով։
Ուղեկցող փաստաթղթերը ներառում են՝
- շահագործման ձեռնարկ (հրահանգ),
- անձնագիր,
- հավաքակցման գծագիր,
- սկզբունքային էլեկտրական սխեմա` տարրերի ցանկով,
- սկզբունքային հիդրավլիկ սխեմա (հիդրավլիկ վերելակների համար),
- վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների (հաշվի առնելով 6-րդ հոդվածի 2.7 կետը), հակահրդեհային դռների (առկայության դեպքում) սերտիֆիկատների պատճենները։
Շահագործման ձեռնարկը (հրահանգը) ներառում է՝
- հավաքման, կարգաբերման, կարգավորման, փորձարկումների և ստուգումների անցկացման կարգի մասին ցուցումներ պարունակող հավաքակցման հրահանգ,
- շահագործման ընթացքում վերելակների օգտագործման վերաբերյալ ցուցումներ և անվտանգության ապահովման միջոցներ՝ ներառյալ շահագործման հանձնելը, ըստ նշանակության օգտագործելը, տեխնիկական սպասարկումը, զննումը, տեսազննումը, վերանորոգումը, փորձարկումը,
- արագամաշ մանրակների ցանկ,
- մարդկանց խցիկից անվտանգ տարահանման մեթոդներ,
- օգտահանումից առաջ շահագործումից հանելու վերաբերյալ ցուցումներ։
4. Վերելակի վրա վերելակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկեր ապահովող ցանկացած եղանակով պետք է նշվեն այնպիսի տեղեկություններ, որոնք պարունակում են արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը, վերելակի նույնականացման (գործարանային) համարը, արտադրման տարեթիվը։
Այդ տեղեկությունները զետեղվում են խցիկում կամ խցիկի վրա՝ սպասարկող անձնակազմի համար հասանելի տեղում։
5. Վերելակի անվտանգության սարքի վրա ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկեր ապահովող ցանկացած եղանակով պետք է նշվեն արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը, սարքվածքի նույնականացման համարը պարունակող տեղեկություններ։
Հոդված 4. | Անվտանգությանը ներկայացվող պահանջները |
1. Նախագծելիս, արտադրելիս, հավաքակցելիս և ծառայության սահմանված ժամկետի ընթացքում վերելակի անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում են անվտանգության ընդհանուր պահանջների և, հաշվի առնելով վերելակի նշանակությունը և շահագործման պայմանները, 1-ին հավելվածով սահմանված անվտանգության հատուկ պահանջների կատարման համար գործիքներ և (կամ) միջոցներ,
Էներգետիկ արդյունավետության դասը նշվում է վերելակի տեխնիկական փաստաթղթերում և դրա մականշվածքում։
2. Տեղում հավաքակցված վերելակի անվտանգությունն ապահովելու համար, մինչև այն շահագործման հանձնելը, պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝
2.1. վերելակի հավաքակցումն իրականացվում է վերելակների հավաքակցման գծով որակավորված անձնակազմի կողմից՝ հավաքման, կարգաբերման և կարգավորման վերաբերյալ ցուցումներ պարունակող հավաքակցման փաստաթղթերին, ինչպես նաև վերելակի տեղակայման նախագծային փաստաթղթերին համապատասխան.
2.2. հավաքակցված վերելակի համապատասխանության հավաստումը և շահագործման հանձնումն իրականացվում են սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով։
3. Վերելակի ծառայության սահմանված ժամկետի ընթացքում անվտանգության ապահովման համար պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝
3.1. արտադրողի՝ շահագործման վերաբերյալ ձեռնարկին համապատասխան՝ վերելակի՝ ըստ նշանակության օգտագործում, տեխնիկական սպասարկման, վերանորոգման, տեսազննման անցկացում.
3.2. վերելակի տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների կատարում՝ որակավորված անձնակազմի կողմից.
3.3. վերելակի տեխնիկական զննման ձևով համապատասխանության գնահատման անցկացում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածով սահմանված կարգով.
3.4. ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո չի թույլատրվում վերելակի՝ ըստ նշանակության օգտագործումն առանց վերելակի՝ ըստ նշանակության օգտագործման ժամկետը երկարաձգելու հնարավորությունների և պայմանների սահմանման նպատակով համապատասխանության գնահատում անցկացնելու, արդիականացում կամ փոխարինում կատարելու՝ հաշվի առնելով համապատասխանության գնահատումը։
Համապատասխանության գնահատումն իրականացվում է սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածով սահմանված կարգով։
5. Մինչև սույն Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը՝ շահագործման հանձնված վերելակի անձնագրում ծառայության սահմանված ժամկետի մասին տեղեկությունների բացակայության դեպքում վերելակի ծառայության սահմանված ժամկետ է սահմանվում այն շահագործման հանձնելու օրվանից սկսած 25 տարվան հավասար ժամկետը։
6. Վերելակների օգտահանմանը ներկայացվող անվտանգության պահանջները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ։
Հոդված 5. | Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը |
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգին վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների համապատասխանությունն ապահովվում է անմիջականորեն դրա անվտանգության պահանջների կատարմամբ, կամ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտների պահանջների կատարմամբ։
Սույն Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտների պահանջների կամավոր հիմունքով կատարումը վկայում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների համապատասխանության մասին։
Հոդված 6. | Վերելակի, վերելակի անվտանգության սարքվածքների համապատասխանության հավաստումը |
1. 2-րդ հավելվածում նշված վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստումն իրականացվում է պարտադիր սերտիֆիկացման ձևով՝ մինչև Մաքսային միության անդամ պետությունների տարածքում դրանք շրջանառության մեջ դնելը։
2. Վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների սերտիֆիկացումն իրականացվում է հետևյալ կարգով՝
2.1. 2-րդ հավելվածում նշված վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների սերտիֆիկացումն իրականացնում է սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը (այսուհետ` սերտիֆիկացման մարմին)՝ հայտատուի հետ պայմանագրի հիման վրա։.
2.2. սերիական թողարկման համար նախատեսված վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է 3-րդ հավելվածում նշված 1ս ընթացակարգով։ Ընդ որում՝ հայտատու է վերելակի, վերելակի անվտանգության սարքվածքների արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը).
2.3. միանգամյա արտադրության վերելակի, միանգամյա արտադրության վերելակի անվտանգության սարքվածքի, միաժամանակ արտադրվող խմբաքանակից վերելակի և միաժամանակ արտադրվող խմբաքանակից վերելակի անվտանգության սարքվածքի պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է 3-րդ հավելվածում նշված՝ 3ս ընթացակարգով (միաժամանակ արտադրվող խմբաքանակի դեպքում) և 4ս ընթացակարգով (միանգամյա արտադրության դեպքում).
2.4. պարտադիր սերտիֆիկացման համար հայտատուն սերտիֆիկացում անցկացնելու հայտ է ներկայացնում, որի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
- հայտատուի անվանումը և գտնվելու վայրը,
- արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,
- սերտիֆիկացման օբյեկտը նույնականացնելու հնարավորութուն ընձեռող տեղեկություններ,
- սերտիֆիկացման օբյեկտի փորձարկումների անցկացման վայրի մասին տեղեկություններ,
- սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների համապատասխանությունն ապահովելու համար կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների մասին տեղեկություններ.
2.5. սերտիֆիկացում անցկացնելու հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք վկայում են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասին.
ա) վերելակի սերտիֆիկացման համար՝
- տեխնիկական նկարագիրը,
- շահագործման ձեռնարկը (հրահանգը),
- սկզբունքային էլեկտրական սխեման` տարրերի ցանկով,
- հիդրավլիկ սխեման՝ հիդրավլիկ շարժաբերով վերելակի համար տարրերի ցանկով,
- արտադրողի կողմից կամ նրա հանձնարարությամբ կատարված փորձարկումների և չափումների արձանագրությունները, ռիսկի վերլուծությունը (առկայության դեպքում),
- անվտանգության սարքվածքների՝ Տեխնիկական կանոնակարգին համապատասխանության սերտիֆիկատների պատճենները, կամ սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքում՝ փորձարկումների և չափումների արձանագրությունները,
- Մաքսային միության անդամ պետության տարածքում հավատարմագրված մարմնի կողմից տրված որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի պատճենը (առկայության դեպքում) .
բ) վերելակի անվտանգության սարքվածքների սերտիֆիկացման համար՝
- տեխնիկական փաստաթղթերը (նկարագրերը, գծագրերը, նկարները),
- որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի պատճենը (առկայության դեպքում)՝ տրված Մաքսային միության անդամ պետության տարածքում հավատարմագրված մարմնի կողմից.
2.6. հայտատուն վերելակի սերտիֆիկացում անցկացնելիս փորձարկումների համար ներկայացնում է միանգամյա արտադրության հավաքակցված վերելակը, վերելակների միաժամանակ արտադրված խմբաքանակի տիպային նմուշը, կամ սերիական արտադրության վերելակների տիպաչափսային շարքի տիպային նմուշը և սույն հոդվածի 2.5 կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերը.
2.7. հայտատուն վերելակի՝ 2-րդ հավելվածում նշված անվտանգության սարքվածքների սերտիֆիկացում անցկացնելիս Մաքսային միության անդամ պետությունների տարածքում փորձարկումների համար սերտիֆիկացման մարմին է ներկայացնում՝
- միանգամյա արտադրության անվտանգության սարքվածքը, միաժամանակ արտադրվող խմբաքանակի անվտանգության սարքվածքի տիպային նմուշը, սերիական արտադրության անվտանգության սարքվածքի տիպաչափսային շարքի տիպային նմուշը,
- սերտիֆիկացվող անվտանգության սարքվածքի փորձարկումներ անցկացնելու համար անհրաժեշտ լրակազմող արտադրատեսակները,
- սույն հոդվածի 2.5 կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերը։
Վերելակն արտադրող ձեռնարկության կողմից արտադրվող՝ վերելակի անվտանգության սարքվածքները, որոնք օգտագործվում են այդ ձեռնարկության կողմից սեփական արտադրության վերելակների լրակազմման համար և մատակարարվում են որպես սեփական արտադրության վերելակների վրա վերելակի անվտանգության նույնական սարքվածքները փոխարինելու պահեստամասեր, ենթակա չեն պարտադիր սերտիֆիկացման։ Վերելակների անվտանգության այդ սարքվածքների փորձարկումների անցկացման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված ստանդարտներում։
Այդ փորձարկումների արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով։ Արձանագրությունների պատճենները ներկայացվում են վերելակների սերտիֆիկացման ժամանակ.
2.8. սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում նշված վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների նույնականացումն իրականացվում է սերտիֆիկացման մարմնի կողմից՝ էական հատկանիշների հետ դրանց բնութագրերի նույնականությունը որոշելու միջոցով.
2.9. վերելակի էական հատկանիշների շարքին է դասվում հետևյալ հատկանիշների ամբողջությունը՝
- խցիկի առկայություն,
- կոշտ ուղղորդիչների առկայություն,
- ուղղորդիչների թեքման անկյունը ուղղաձիգի նկատմամբ՝ 15 աստիճանից ոչ ավելի.
- խցիկը բարձրացնելու կամ իջեցնելու համար շարժաբերի առկայություն։
2.10. 2-րդ հավելվածում նշված վերելակների անվտանգության սարքվածքների էական հատկանիշ է դրանց՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հոդվածում նշված համապատասխան հասկացությունների սահմանումներից բխող ֆունկցիոնալ նշանակությունը:
Նույնականացումն իրականացվում է հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերի օգտագործմամբ։
Նույնականացման արդյունք է արտադրանքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի կարգավորման օբյեկտին դասելը կամ չդասելը.
2.11. վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ հետազոտությունները (փորձարկումները) ու չափումներն իրականացնում է սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը).
2.12. սերտիֆիկացման մարմինը հայտատուի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում կատարում է սերտիֆիկացում՝ սերտիֆիկացման ընտրված ընթացակարգին համապատասխան, և որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին։
Համապատասխանության սերտիֆիկատը և դրա հավելվածները պետք է տեղեկություններ պարունակեն վերելակի տիպի (մոդելի), արտադրողի, վերելակի ծագման երկրի և վերելակի հետևյալ հանգույցների ու անվտանգության սարքվածքների մասին՝
- կարապիկներ,
- հիդրոագրեգատ (հիդրավլիկ վերելակի համար),
- կառավարման համակարգ (կոնտրոլեր),
- խցիկի դռների շարժաբեր,
- հորանի դռներ,
- հորանի դռների փականներ,
- որսիչներ,
- արագության սահմանափակիչ,
- թափարգել,
- անվտանգության հիդրոապարատ։
Համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության պատճառաբանված հիմնավորում։
Նշված անհամապատասխանությունը վերացնելուց հետո հայտատուն կրկին դիմում է սերտիֆիկացման մարմին՝ համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու մասին հայտով.
2.13. սերիական արտադրության վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետը չպետք է գերազանցի հինգ տարին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված 1ս ընթացակարգի դեպքում։
Սերիական թողարկման արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության նշված ժամկետների ընթացքում արտադրողի կողմից շրջանառության մեջ դրված վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների դեպքում՝ համապատասխանության սերտիֆիկատը վավեր է վերելակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում։
Միանգամյա արտադրության վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների, վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների միաժամանակ արտադրվող խմբաքանակի դեպքում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում նշված 3ս և 4ս ընթացակարգերի համաձայն տրված համապատասխանության սերտիֆիկատը վավեր է՝ մինչև վերելակի ծառայության ժամկետի ավարտը.
2.14. սերիական թողարկման վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը լրանալուց հետո հայտատուն կարող է դիմել սերտիֆիկացման մարմին՝ սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխանության սերտիֆիկատ ստանալու համար, կամ դիմել այդ սերտիֆիկատը տրամադրած սերտիֆիկացման մարմին՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու հայտով։ Հաշվի առնելով սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում նշված՝ կիրառված 1ս ընթացակարգ՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կարող է նախորդ սերտիֆիկացումն անցկացրած սերտիֆիկացման մարմնի որոշմամբ երկարաձգվել համապատասխանաբար մինչև հինգ տարով՝ հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների վերլուծության և սերտիֆիկացված սերտիֆիկացման օբյեկտի նկատմամբ տեսչական հսկողության արդյունքների հիման վրա (1ս ընթացակարգի համաձայն սերտիֆիկացման դեպքում)։
Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու համար հայտատուն սերտիֆիկացման մարմին է ուղարկում համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու մասին հայտ, որին կցվում է տեղեկատվություն, որը պարունակում է տեղեկություններ այն մասին, որ վերջին տեսչական հսկողություն անցկացնելու պահից սերտիֆիկացվող վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքի կառուցվածքում փոփոխություններ չեն կատարվել։
Սերտիֆիկացման մարմինը հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծության և տեսչական հսկողության արդյունքների հիման վրա որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգումը մերժելու մասին և որոշումն ընդունելու օրվանից՝ 10 օրը չգերազանցող ժամկետում տեղեկացնում է հայտատուին ընդունված որոշման մասին։ Սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության պատճառաբանված հիմնավորում։
Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու կամ երկարաձգումը մերժելու մասին տեղեկատվությունը, որոշումն ընդունելու օրվանից՝ 10 օրը չգերազանցող ժամկետում, սերտիֆիկացման մարմնի կողմից ուղարկվում են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար լիազորված պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ.
2.15. հայտատուն պարտավոր է տեղեկացնել համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնին 2-րդ հավելվածում նշված` վերելակի անվտանգության սարքվածքների կառուցվածքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև վերելակի կառուցվածքում կատարված` դրա անվտանգության վրա ազդող փոփոխությունների մասին։
Սերտիֆիկացման մարմինն անցկացնում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի վերլուծություն և որոշում է ընդունում փոփոխված կառուցվածքով վերելակի և (կամ) վերելակի անվտանգության սարքվածքների համապատասխանության սերտիֆիկատի վերաձևակերպման, կամ վերելակի և (կամ) վերելակի անվտանգության սարքվածքների նոր փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտության մասին.
2.16. սերտիֆիկացման մարմինը կասեցնում է համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը (1ս ընթացակարգի համաձայն)՝ սույն հոդվածի 2.15 կետով սահմանված պահանջները չկատարելու և (կամ) սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում.
2.17. արտադրանքը Մաքսային միության անդամ պետությունների տարածքում շրջանառության մեջ դնելիս պետք է պահպանվի հետևյալ փաստաթղթերի լրակազմը՝
- վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների փաստաթղթերը՝ արտադրողի մոտ՝ վերելակներն արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից՝ առնվազն 10 տարվա ընթացքում,
- վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների խմբաքանակը (եզակի արտադրատեսակ)՝ վաճառողի (մատակարարի) մոտ՝ խմբաքանակի վերջին արտադրատեսակի (եզակի արտադրատեսակի) իրացման օրվանից՝ առնվազն 10 տարվա ընթացքում։
Վերելակների՝ Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացման ժամանակ օգտագործված փաստաթղթերի պատճենները և համապատասխանության սերտիֆիկատների պատճենները պետք է պահվեն համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած սերտիֆիկացման մարմնում՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում և դրա գործողության ժամկետի ավարտից հետո՝ հինգ տարվա ընթացքում.
2.18. սերտիֆիկացման համար ներկայացվող փաստաթղթերի լրակազմը ձևակերպվում է Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով և (կամ) ռուսերենով։
3. Մինչև շահագործման հանձնելը՝ տեղում հավաքակցված վերելակի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացվում է վերելակի համապատասխանության հայտարարագրման ձևով՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում նշված 4հ ընթացակարգի համաձայն՝ հետևյալ կարգով՝
3.1. վերելակի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է սեփական ապացույցների և փորձարկման հավատարմագրված լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա։
Որպես սեփական ապացույցներ օգտագործվում են վերելակի հավաքակցումն ավարտելուց հետո վերելակի աշխատանքի ստուգման արձանագրությունը, անձնագիրը, հավաքակցված վերելակի հավաքակցման գծագիրը և վերելակի տեղադրման նախագծային փաստաթղթերը։
Վերելակի հավաքակցման գծագիրը պետք է պարունակի սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ վերելակի տեղադրման համապատասխանության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ և չափսեր։ Գծագրի վրա նշվում են մեքենայական և բլոկային սենքերի, այդ թվում՝ հորանի տեսակները և կտրվածքները (չափսերով), որոնք պատկերացում են տալիս վերելակի բաղկացուցիչ մասերի դիրքի և փոխադարձ կապի, ինչպես նաև շենքի (շինության) շինարարական մասի վրա վերելակի առաջացրած բեռնվածքի մասին.
3.2. հայտը ներկայացվում է փորձարկման հավատարմագրված լաբորատորիա (կենտրոն).
3.3. փորձարկման հավատարմագրված լաբորատորիան (կենտրոնը) անցկացնում է ստուգումներ, հետազոտություններ, փորձարկումներ և չափումներ՝ հայտատուի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում։ Ընդ որում՝ իրականացվում են՝
- վերելակի սարքավորումների տեղադրման՝ հավաքակցման փաստաթղթերին և շենքում (շինությունում) վերելակի տեղադրման նախագծային փաստաթղթերին համապատասխանության ստուգում,
- վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների աշխատանքի ստուգում,
- էլեկտրացանցերի և էլեկտրական սարքավորումների մեկուսացման փորձարկում, վերելակի սարքավորումների հողակցման (զրոյացման) տեսողական և չափողական հսկողություն,
- ճոպանատար փոկանիվին (շփման թմբուկին) քարշող տարրերի կցորդման փորձարկում և էլեկտրաշարժաբերով վերելակի արգելակման համակարգի փորձարկում,
- հիդրավլիկ շարժաբերով վերելակի հիդրոգլանի և խողովակաշարի հերմետիկության փորձարկում,
- խցիկի, քարշող տարրերի, խցիկի կախոցի և (կամ) հենարանի, դրանց ամրակման տարրերի փորձարկում։
3.4. ստուգումների, հետազոտությունների, փորձարկումների և չափումների արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով, որոնց պատճենները կցվում են վերելակի անձնագրին։
Փորձարկման հավատարմագրված լաբորատորիայի (կենտրոնի) մասնագետը վերելակի անձնագրում գրառում է կատարում ստուգումների, հետազոտությունների, փորձարկումների և չափումների արդյունքների մասին.
3.5. սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի համապատասխանության մասին հայտարարագիրը կցվում է վերելակի անձնագրին։ Վերելակի անձնագիրը և հայտարարագիրը ենթակա են պահպանման վերելակի ծառայության սահմանված ժամկետի ընթացքում.
3.6. մինչև շահագործման հանձնելը՝ մարդկանց և (կամ) բեռների փոխադրման համար վերելակի օգտագործումը չի թույլատրվում՝ բացի դրա հավաքակցման, կարգաբերման և փորձարկման հետ կապված դեպքերից.
3.7. վերելակը շահագործման հանձնելն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Ծառայության սահմանված ժամկետի ընթացքում վերելակի համապատասխանության գնահատումն իրականացվում է տեխնիկական զննման ձևով՝ առնվազն 12 ամիսը մեկ անգամ՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված (լիազորված) կազմակերպության կողմից։
Վերելակի համապատասխանության գնահատման արդյունքները ձևակերպվում են ակտով և նշվում վերելակի անձնագրում։
5. Ծառայության սահմանված ժամկետն աշխատած վերելակի համապատասխանության գնահատումն անցկացվում է ուսումնասիրության ձևով՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված (լիազորված) կազմակերպության կողմից.
5.1. վերելակի ուսումնասիրության ընթացքում որոշվում է՝
- ծառայության սահմանված ժամկետն աշխատած վերելակի համապատասխանությունը՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված անվտանգության ընդհանուր պահանջներին և (հաշվի առնելով վերելակի նշանակությունը) սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված անվտանգության հատուկ պահանջներին,
- սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները (այդ թվում՝ վերելակի արդիականացումը) և միջոցառումների իրականացման ժամկետները.
5.2. վերելակի ուսումնասիրության ընթացքում անցկացվում են՝
- վերելակի սարքավորումների՝ ներառյալ վերելակի անվտանգության սարքվածքների վիճակի որոշում՝ թերությունների, անսարքությունների, մաշվածության և կերամաշման աստիճանների բացահայտմամբ,
- հիմնակմախքի մետաղակառուցվածքների, խցիկի կախոցի, հակակշռի, ինչպես նաև ուղղորդիչների և դրանց ամրակման տարրերի ստուգում,
- էլեկտրացանցերի և էլեկտրական սարքավորումների մեկուսացման փորձարկում, վերելակի սարքավորումների հողակցման (զրոյացման) տեսողական և չափողական ստուգում։
Կատարված ուսումնասիրության մասին տեղեկությունները նշվում են վերելակի անձնագրում։
5.3. ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն, որը պարունակում է՝
- վերելակի օգտագործումը երկարաձգելու պայմանները և հնարավոր ժամկետը,
- վերելակն արդիականացնելու կամ փոխարինելու վերաբերյալ առաջարկություններ։
Արդիականացումից կամ փոխարինումից հետո վերելակի համապատասխանության գնահատումն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով։
Արդիականացված վերելակի համապատասխանության գնահատում կատարելիս լրացուցիչ իրականացվում են՝
- սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում սահմանված անվտանգության ընդհանուր պահանջներին և (հաշվի առնելով վերելակի նշանակությունը) սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում սահմանված անվտանգության հատուկ պահանջներին արդիականացված վերելակի համապատասխանության ստուգում,
- արդիականացման նախագծային փաստաթղթերին վերելակի սարքավորումների տեղադրման համապատասխանության ստուգում,
- ծառայության սահմանված ժամկետն աշխատած վերելակի համապատասխանության գնահատման արդյունքներով կազմված եզրակացության մեջ նշված՝ վերելակն արդիականացնելու վերաբերյալ առաջարկությունների կատարման ստուգում։
Համապատասխանության գնահատման դրական արդյունքների հիման վրա հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը և սահմանում է վերելակի ծառայության նոր ժամկետ, անձնագրում գրառում է կատարում ծառայության ժամկետի և վերելակի՝ շահագործման հանձնելու տեխնիկական պատրաստվածության մասին.
5.4. վերելակի արդիականացման կամ փոխարինման անհրաժեշտության բացակայության ու շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանների կատարման դեպքում սահմանվում է վերելակն ըստ նշանակության օգտագործելու ժամկետ.
5.5. մինչև սույն Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը՝ շահագործման հանձնված և ծառայության սահմանված ժամկետն աշխատած վերելակները պետք է համապատասխանեցվեն սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ սույն Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ 7 տարի չգերազանցող ժամկետում։
Հոդված 7. |
Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի՝ շրջանառության նշանով մակնշումը |
1. Անվտանգության պահանջներին համապատասխանող և համապատասխանության հավաստման ընթացակարգն անցած վերելակները, անվտանգության սարքվածքները պետք է ունենան Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։
2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է՝ մինչև վերելակները, անվտանգության սարքվածքները շուկայում շրջանառության մեջ դնելը։
3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է յուրաքանչյուր վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքի վրա՝ հաստատված ցանկի համաձայն, ինչպես նաև ներկայացվում է դրան կցված շահագործման փաստաթղթերում։
4. Վերելակների, անվտանգության սարքվածքների՝ Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը վկայում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության մասին:
5. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է ցանկացած եղանակով, որով վերելակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում կապահովվի հստակ և պարզ պատկեր։
Հոդված 8. | Երաշխիքային վերապահումը |
1. Մաքսային միության անդամ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ մարդու կյանքի և առողջության, գույքի համար վտանգ ներկայացնող վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը սահմանափակելու, արգելելու համար: Մաքսային միության անդամ պետության իրավասու մարմինը պարտավոր է ընդունված որոշման մասին տեղեկացնել Մաքսային միության հանձնաժողովին և Մաքսային միության մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններին՝ նշելով տվյալ որոշումն ընդունելու պատճառները և տրամադրելով տվյալ միջոցի անհրաժեշտությունը պարզաբանող ապացույցներ։
2. Երաշխիքային հոդվածի կիրառության համար հիմք կարող են ծառայել հետևյալ դեպքերը՝
- Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները չկատարելը,
- սույն Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտների սխալ կիրառումը, եթե տվյալ ստանդարտները կիրառվել են,
- վերելակները շուկայում շրջանառության մեջ դնելն արգելելու այլ պատճառներ։
Հոդված 9. | Անցումային ժամանակահատվածները |
Մաքսային միության անդամ պետությունների սերտիֆիկացման հավատարմագրված մարմինների կողմից մինչև սույն Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը տրված՝ վերելակների, վերելակների անվտանգության սարքվածքների համապատասխանության սերտիֆիկատները գործում են մինչև սերտիֆիկատում նշված գործողության ժամկետի ավարտը՝ Մաքսային միության այն անդամ պետության տարածքում, որտեղ դրանք տրվել են։
Հավելված 1 «Վերելակների անվտանգությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) |
Անվտանգության պահանջներ
1. Վերելակի անվտանգության ապահովման համար պետք է կատարվեն հետևյալ ընդհանուր պահանջները՝
1.1. օգտվողների և կողմնակի անձանց համար վերելակի այն սարքավորումների անհասանելիությունը, որոնք տեղադրվում են՝
- սարքավորումները տեղավորելու համար նախատեսված պահարաններում,
- մեքենայական սենքում,
- բլոկային սենքում,
- վերելակի հորանում՝ բացառությամբ վերելակի խցիկում գտնվող սարքավորումների։
1.2. օգտվողներին և կողմնակի անձանց՝ վերելակի սարքավորումների շարժվող մասերի հետ շփման հետևանքով վնասվածքներ ստանալուց պաշտպանելուն ուղղված միջոցների առկայություն.
1.3. խցիկի կանգառքի կամ շարժումը կանխելու համար արգելափակման, պաշտպանության սարքերի առկայությունը, եթե հորանի դուռը փակ չէ, կողպված չէ, սարքավորումների տեխնիկական սպասարկման համար նախատեսված դուռը, վթարային դուռը, դիտանցքի և վթարային ելանցքի կափարիչը, խցիկի դուռը փակ չեն։ Նշված պահանջը չի վերաբերում խցիկը հարկի հարթակին մոտենալու ժամանակ ավտոմատ բացվող դռների նախնական բացվելուն և խցիկի բեռնման (բեռնաթափման) ժամանակ խցիկը հարկի հարթակի մակարդակին հասցնելու՝ վերելակի կառուցվածքում նախատեսված ռեժիմին.
1.4. անձնակազմի կողմից՝ կանգ առած խցիկից մարդկանց անվտանգ տարահանման հնարավորության առկայություն.
1.5. վերելակի՝ օգտվողների և այլ անձանց համար հասանելի սարքավորումները չպետք է ունենան նրանց համար վտանգ ներկայացնող անհարթություններով մակերևույթներ.
1.6. մարդկանց փոխադրման համար նախատեսված խցիկը լուսավորելու միջոցների առկայություն, այդ թվում՝ էլեկտրամատակարարման ընդհատումների դեպքում.
1.7. վերելակի սարքավորումները պետք է համապատասխանեն վերելակի շահագործման համար նախատեսված կլիմայական, սեյսմիկ պայմաններին.
1.8. շենքի (շինության) հարկերի և հորանին հարակից հարթակներից ու խցիկից մարդկանց՝ հորան ընկնելը կանխող միջոցների և (կամ) միջոցառումների առկայություն.
1.9. վերելակի դռնատեղի չափսերը պետք է ապահովեն դեպի խցիկ անվտանգ մուտքը և դրանից ելքը հարկի հարթակ, խցիկի անվտանգ բեռնումը և բեռնաթափումը.
1.10. հարկի հարթակի շեմքերի և խցիկի միջև հորիզոնական և ուղղաձիգ հեռավորությունը պետք է ապահովի դեպի խցիկ անվտանգ մուտքն ու դրանից ելքը.
1.11. խցիկի կառուցվածքային տարրերի և հորանի միջև հեռավորությունը պետք է լինի այնպիսին, որ բացառվի մարդու՝ հորան ներթափանցելու հնարավորությունը՝ հորանի և խցիկի դռները բաց լինելու, ինչպես նաև խցիկը հարկի հարթակի գոտում գտնվելու դեպքում.
1.12. խցիկի և (կամ) հորանի ավտոմատ փակվող դռների միջով անցնող մարդու կամ առարկայի ճզմումը մինչև վնասվածքներ ստանալու վտանգը նվազեցնող սահմանը կանխող կամ ճզմման ուժգնությունը նվազեցնող միջոցների առկայություն.
1.13. խցիկը, քարշող տարրերը, կախոցը և (կամ) խցիկի, հակակշռի հենարանը, դրանց ամրակման տարրերը պետք է դիմակայեն վերելակն ըստ նշանակության օգտագործելիս և փորձարկելիս առաջացող բեռնվածքներին.
1.14. մարդկանց տեղափոխման համար նախատեսված խցիկը սարքավորելը երկկողմ հաղորդակցման միջոցներով, որոնց օգնությամբ ուղևորը կարող է դրսից օգնություն կանչել.
1.15. բնականոն աշխատանքային ռեժիմի ժամանակ գերբեռնված խցիկի գործարկումը կանխող միջոցների առկայություն.
1.16. եզրային աշխատանքային դիրքերի սահմաններից (հարկերի հարթակներից) դուրս խցիկի տեղափոխումը սահմանափակող միջոցների առկայություն.
1.17. ներքև շարժվելիս խցիկի անվանական արագության գերազանցման մեծությունը՝ մինչև վնասվածքներ ստանալու կամ սարքավորումների կոտրման վտանգը նվազեցնող սահմանը սահմանափակող միջոցների առկայություն.
1.18. որսիչները և թափարգելները՝ դրանց գործարկման ժամանակ պետք է ապահովեն խցիկի շարժման դանդաղեցում՝ վնասվածքներ ստանալու կամ սարքավորումների կոտրման վտանգը նվազեցնելու նպատակով.
1.19. մարդկանց տեղափոխման համար նախատեսված խցիկներում օդափոխության ապահովում.
1.20. սարքավորումների սպասարկման համար նախատեսված աշխատանքային գոտիների չափերը և դասավորությունը պետք է բավարար լինեն՝ աշխատանքների անվտանգ կատարումն ապահովելու համար.
1.21. վերելակի սարքավորումների անվտանգ հասանելիություն՝ անձնակազմի համար.
1.22. հորանի աշխատանքային հարթակ և (կամ) խցիկի տանիք անձնակազմի անվտանգ մուտքի և դրանցից ելքի հնարավորության առկայություն.
1.23. աշխատանքային հարթակը և (կամ) խցիկի տանիքը (անձնակազմը տեղավորելու անհրաժեշտության դեպքում) պետք է դիմանան դրա վրա գտնվող անձնակազմի ծանրաբեռնվածությանը.
1.24. հորանում գտնվող՝ աշխատանքային հարթակից և (կամ) խցիկի տանիքից անձնակազմի ընկնելու վտանգը նվազեցնող միջոցների և (կամ) միջոցառումների առկայություն.
1.25. տեխնիկական սպասարկում իրականացնելիս խցիկի շարժումն անձնակազմի կողմից կանգնեցման և այն կառավարման համար միջոցների առկայություն։ Խցիկի վրա հորանով անձնակազմի տեղափոխման անհրաժեշտության դեպքում խցիկի վրա պետք է նախատեսվեն միջոցներ՝ անձնակազմի կողմից խցիկի անվտանգ արագությամբ շարժման կարգավորման և դրա կանգառքի համար։ Նշված միջոցները պետք է անհասանելի լինեն օգտվողների և կողմնակի անձանց համար.
1.26. վերելակի մասերի անվերահսկելի շարժման դեպքում վերելակի հորանում գտնվող անձնակազմին վնասվածքներ պատճառելը կանխելու համար միջոցառումների և (կամ) միջոցների առկայություն.
1.27. վերելակային սարքավորումների տարրերի՝ փոկերի, փոկանիվների, բլոկների, շարժիչի ցցված լիսեռի, ժանանիվների, աստղանիվների, շարժաբեր շղթաների շարժման ժամանակ անձնակազմի վնասվածքներ ստանալը կանխող միջոցառումների և (կամ) միջոցների առկայություն.
1.28. սպասարկման գոտու լուսավորվածության այնպիսի մակարդակ ապահովող միջոցների առկայություն, որոնք բավարար են՝ անձնակազմի կողմից աշխատանքներն ապահով կատարելու համար.
1.29. օգտվողների, այլ անձանց և անձնակազմի էլեկտրաանվտանգության ապահովման միջոցառումների և (կամ) միջոցների առկայություն՝ վերելակների կառավարման ապարատների վրա նրանց ներգործության և (կամ) վերելակի հոսանքահաղորդ կառուցվածքների հետ շփման դեպքում.
1.30. հորանի դռների հրակայունության սահմանը պետք է որոշվի հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան.
1.31. ուղևորների՝ խցիկից անվտանգ հեռանալու հնարավորություն ապահովող միջոցառումների առկայություն՝ շենքում (շինությունում) հրդեհային վտանգ առաջանալու դեպքում.
1.32. պետք է նախատեսվեն վերելակների անվտանգ օգտահանման պահանջներ:
2. Վերելակներում, այդ թվում՝ հաշմանդամների և բնակչության՝ սակավաշարժուն խմբերի փոխադրման համար նախատեսված վերելակներում, անվտանգությունն ապահովելու համար պետք է կատարվեն հետևյալ հատուկ պահանջները՝
2.1. խցիկի, խցիկի և հորանի դռնատեղի չափսերը պետք է ապահովեն դեպի խցիկ անվտանգ մուտք և դրանից ելք, ինչպես նաև անվանասայլակով վերելակից օգտվողի տեղավորումը դրանում.
2.2. առանց ուղեկցողների՝ վերելակից անվասայլակով օգտվողի փոխադրման համար նախատեսված վերելակի խցիկի և հորանի դռները պետք է ավտոմատ բացվեն և փակվեն.
2.3. վերելակի խցիկը պետք է սարքավորված լինի առնվազն մեկ բռնակով, որի դիրքն օգտվողի համար պետք է դյուրացնի խցիկի և կառավարման սարքերի հասանելիությունը.
2.4. խցիկների և հարկերի հարթակների շեմքերի միջև հորիզոնական և ուղղաձիգ հեռավորությունը պետք է ապահովի վերելակից անվասայլակով օգտվողի անվտանգ մուտքը խցիկ և ելքը խցիկից.
2.5. կառավարման և ազդանշանային սարքվածքների (ձայնային և լուսային) կառուցվածքը և տեղադրումը վերելակի խցիկում ու հարկի հարթակում պետք է ապահովեն վերելակների անվտանգությունն ու հասանելիությունը հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար:
3. Հրդեհի ժամանակ հրշեջների փոխադրումն ապահովող վերելակներում անվտանգություն ապահովելու համար պետք է կատարվեն հետևյալ հատուկ պահանջները՝
3.1. խցիկի չափսերը և վերելակի բեռնունակությունը պետք է ապահովեն հրշեջների փոխադրումը՝ հրդեհի դեմ պայքարի համար նախատեսված սարքավորումների հետ միասին, և (կամ) հրդեհի դեպքում փրկվող մարդկանց փոխադրումը.
3.2. կառավարման և ազդանշանային համակարգերը պետք է ապահովեն վերելակների աշխատանքը՝ հրշեջների անմիջական կառավարման ներքո: Վերելակների կառավարման մյուս ռեժիմները պետք է անջատվեն.
3.3. վերելակի կառավարման ռեժիմի առկայություն՝ անկախ դրա հետ խմբակային կառավարման համակարգով միացած այլ վերելակների աշխատանքից.
3.4. վերելակի խցիկում և հիմնական նստեցման (նշանակման) հարկում խցիկի տեղադիրքի և դրա շարժման ուղղության մասին տեսանելի տեղեկությունների առկայություն.
3.5. վերելակի հորանի դռները պետք է լինեն հակահրդեհային, որոնց հրակայունության սահմանը հաստատվում է շենքերի (շինությունների) հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան.
3.6. հրշեջներին հարկերի միջև կանգ առած խցիկից տարահանելու միջոցառումների և (կամ) միջոցների առկայություն.
3.7. խցիկի կուպեի կառուցվածքում ըստ այրելիության, բոցավառելիության, ծխագոյացման ունակության, բոցի տարածվելիության և այրման ժամանակ թունավորության կիրառելի ցուցանիշների, հրդեհի վտանգի առաջացման ռիսկը նվազեցնող նյութերի օգտագործում:՝
4. Կարգավարական հսկողության սարքին միացնելու համար նախատեսված վերելակների անվտանգությունն ապահովելու համար պետք է կատարվեն հետևյալ հատուկ պահանջները՝
պետք է նախատեսվի վերելակից դեպի դրա աշխատանքի նկատմամբ կարգավարական հսկողության սարքվածք հետևյալ տեղեկությունները փոխանցելու նպատակով ազդանշաններ վերցնելու հնարավորություն՝
անվտանգության էլեկտրական շղթաները գործարկելու մասին,
հորանի դռների չթույլատրված բացման մասին,
առանց մեքենայական սենքի վերելակների կառավարման սարքի դռան (կափարիչի) բացման մասին:
5. Այն շենքում, շինությունում տեղակայման համար նախատեսված վերելակի անվտանգության ապահովման համար, որտեղ չի բացառվում վերելակային սարքավորումը կանխամտածված վնասելու հնարավորությունը, պետք է կատարվեն հետևյալ հատուկ պահանջները՝
5.1. խցիկի կուպեն պատող կառուցվածքները, ինչպես նաև պատերի, առաստաղի և հատակի հարդարումը պետք է կատարվի այնպիսի նյութերից, որոնք նվազեցնում են դրանք կանխամտածված վնասելու կամ այրելու ռիսկը.
5.2. խցիկներում և հարկերի հարթակներում կառավարման, ազդանշանման, լուսավորության սարքվածքները պետք է ունենան այնպիսի կառուցվածք և պատրաստվեն այնպիսի նյութերից, որոնք կնվազեցնեն դրանք կանխամտածված վնասելու կամ այրելու ռիսկը.
5.3. պետք է նախատեսվի հորանի համատարած ցանկապատում.
5.4. «Բնականոն աշխատանք» ռեժիմից վերելակը դուրս բերող միջոցների առկայություն՝ «Բնականոն աշխատանք» ռեժիմի ժամանակ հարկում խցիկի բացակայության պարագայում հորանի դռների չթույլատրված բացման դեպքում: «Բնականոն աշխատանք» ռեժիմին վերելակի վերադարձնելը պետք է իրականացվի սպասարկող անձնակազմի կողմից:
Հավելված 2 «Վերելակների անվտանգությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) |
Պարտադիր սերտիֆիկացման ենթակա վերելակների անվտանգության սարքերի ցանկը
1. Թափարգել՝
- էներգիա կուտակող տիպի (բացառությամբ գծային բնութագրերով էներգիա կուտակող տիպի թափարգելների)՝
- ոչ գծային բնութագրերով,
- մեղմացված հակառակ ընթացքով,
- էներգա ցրող տիպի:
2. Անվտանգության հիդրոապարատ (խզման կափույր)։
3. Հորանի դռան փական:
4. Որսիչներ:
5. Արագության սահմանափակիչ:
Հավելված 3 «Վերելակների անվտանգությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) |
«Վերելակների անվտանգությունը» տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակների, վերելակների անվտանգության սարքվածքների համապատասխանության հավաստման ընթացակարգերի բովանդակությունը և դրանց կիրառումը
1. Ընթացակարգ 1ս՝
1.1. փորձարկման հավատարմագրված լաբորատորիա՝
անցկացնում է վերելակների պարամետրերի փորձարկումներ և չափումներ՝ դրա տեղադրման օբյեկտում կամ փորձարկման ստենդի վրա՝ Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված ցանկի ստանդարտներով սահմանված կարգով և ծավալով.
արձանագրություններով ձևակերպում է փորձարկումների և չափումների արդյունքները։
1.2. սերտիֆիկացման մարմինը՝
անցկացնում է Տեխնիկական կանոնակարգի պահանջներին սերտիֆիկացման օբյեկտի, փորձարկումների և չափումների արդյունքների համապատասխանության վերլուծություն.
անցկացնում է արտադրության վիճակի վերլուծություն.
ձևակերպում և հայտատուին է տրամադրում համապատասխանության սերտիֆիկատ՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածում նշված տվյալների և ապացուցողական նյութերի վերլուծության դրական արդյունքների, ինչպես նաև փորձարկման հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից կատարված փորձարկումների և չափումների դրական արդյունքների դեպքում.
իրականացնում է սերտիֆիկացված օբյեկտի սերտիֆիկացման նկատմամբ տեսչական հսկողություն: Տեսչական հսկողության անցկացման պարբերականությունը սահմանվում է սերտիֆիկացման մարմնի կողմից, սակայն տարին մեկ անգամից ոչ պակաս:
2. 3ս ընթացակարգ (միաժամանակ արտադրվող խմբաքանակի համար) և 4ս ընթացակարգ (միանգամյա արտադրության համար):՝
2.1. փորձարկման հավատարմագրված լաբորատորիան՝
անցկացնում է վերելակների պարամետրերի փորձարկումներ և չափումներ՝ դրա տեղադրման օբյեկտում կամ փորձարկման ստենդի վրա՝ Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված ցանկի ստանդարտներով սահմանված կարգով և ծավալով.
արձանագրություններով ձևակերպում է փորձարկումների և չափումների արդյունքները.
2.2. սերտիֆիկացման մարմինը՝
անցկացնում է Տեխնիկական կանոնակարգի պահանջներին սերտիֆիկացման օբյեկտի, փորձարկումների և չափումների արդյունքների՝ համապատասխանության վերլուծություն.
ձևակերպում և հայտատուին է տրամադրում համապատասխանության սերտիֆիկատ` սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածում նշված նյութերի տվյալների և ապացույցների վերլուծության դրական արդյունքների, ինչպես նաև փորձարկման հավատարմագրված լաբորատորիայի կողմից կատարված փորձարկումների և չափումների դրական արդյունքների դեպքում:
3. 4հ ընթացակարգ (հայտարարագրման ընթացակարգ)՝
3.1. հայտատուն՝
նախապատրաստում է սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածում նշված սեփական ապացույցները.
հայտ է ներկայացնում փորձարկման հավատարմագրված լաբորատորիա (կենտրոն)՝ վերելակի տեխնիկական զննման ձևով համապատասխանության գնահատում անցկացնելու համար.
3.2. փորձարկման հավատարմագրված լաբորատորիան (կենտրոնը)՝
անցկացնում է համապատասխանության գնահատում վերելակի տեխնիկական զննման ձևով.
ձևակերպում է վերելակի տեխնիկական զննման ակտ.
3.3. սեփական ապացույցների և տեխնիկական զննման դրական արդյունքների հիման վրա հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշմամբ |
ՑԱՆԿ
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 011/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ
Ուժը կորցրել է:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի N 93 որոշում):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշմամբ |
ՑԱՆԿ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ «ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 011/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ
Ուժը կորցրել է:
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի N 93 որոշում:)