ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2018 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 15-րդ կետի 9-րդ ենթակետին, 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության ներկայացման կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի 2013 թվականի սեպտեմբերի 17-ի «Մաքսային միության միասնական մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ պարտադիր նախնական տեղեկացում սահմանելու մասին» թիվ 196 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
(3-րդ կետը խմբ. 31.07.18 թիվ 124)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության ներկայացման
1. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, նախնական տեղեկատվություն) կազմը, անձինք, որոնք պարտավոր են կամ իրավունք ունեն ներկայացնելու այդպիսի տեղեկատվություն, դրա ներկայացման ժամկետները, ինչպես նաև այն դեպքերը, երբ նախնական տեղեկատվությունը կարող է չներկայացվել:
2. Հետագա փոխադրման համար Միության մաքսային սահմանին ապրանքների ընդունումն իրականացնող փոխադրողը պարտավոր է նախնական տեղեկատվություն ներկայացնել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների ծավալով: Նախնական տեղեկատվությունը փոխադրողի անունից կարող է ներկայացվել նրա հանձնարարությամբ գործող անձի կողմից:
3. Սույն կարգի 6-րդ կետի «ա»-«զ» ենթակետերով նախատեսված տեղեկությունների ծավալով նախնական տեղեկատվությունն իրավունք ունի ներկայացնելու փոխադրողը կամ նրա հանձնարարությամբ գործող անձը:
Սույն կարգի 6-րդ կետի «է»-«ժա» ենթակետերով նախատեսված տեղեկությունների ծավալով նախնական տեղեկատվությունն իրավունք ունեն ներկայացնելու Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 82-րդ հոդվածի 4-րդ կետում և 83-րդ հոդվածում նշված անձինք:
Օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մարմիններն իրավունք չունեն սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված անձանցից պահանջելու ներկայացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված կազմով նախնական տեղեկատվություն:
4. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ոչ ուշ, քան ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 2 ժամ առաջ:
Այն դեպքում, երբ երկաթուղային տրանսպորտով ապրանքների փոխադրման ժամանակը սահմանակից երկաթուղու երկաթուղային կայարանից երկաթուղային կազմի մեկնելու պահից մինչև Միության մաքսային տարածք ներմուծելը կազմում է 2 ժամից պակաս, նախնական տեղեկատվությունը ներկայացվում է մինչև այդ կայարանից երկաթուղային կազմի փաստացի մեկնելը:
5. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակներով ներկայացվող նախնական տեղեկատվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները
ա) նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (փոխադրողի հանձնարարությամբ գործող անձի կողմից այդ տեղեկատվության ներկայացման դեպքում) (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (համառոտ) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).
բ) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի ներառումը հաստատող փաստաթղթի համարը (մաքսային ներկայացուցչի կողմից նախնական տեղեկատվության ներկայացման դեպքում).
գ) ապրանքները փոխադրողի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (համառոտ) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).
դ) Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (Միության մաքսային սահմանի անցակետի ծածկագիրը).
ե) ապրանքների մասին տեղեկություններ՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան (ըստ յուրաքանչյուր փաստաթղթի)՝
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և այն կազմելու ամսաթիվը,
միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի (վագոնի կամ կոնտեյների) նույնականացման համարը,
ապրանքների անվանումները,
ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (անվանումներն ու հասցեները),
ապրանքների ծածկագրերը՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին կամ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով (Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար),
ապրանքների համաքաշը (կիլոգրամներով),
բեռնատեղիների քանակը,
ապրանքների փաթեթվածքների տեսակները (Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար),
ապրանքների մականշվածքը (առկայության դեպքում),
ապրանքներն ուղարկող կայարանի և դրանց նշանակման կայարանի անվանումները և (կամ) ծածկագրերը:
6. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված նպատակներով ներկայացված նախնական տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ այն մաքսային գործառնությունների մասին, որոնց կատարումն արագացնելու համար ներկայացվում է այդ տեղեկատվությունը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները
ա) Հայաստանի Հանրապետության համար՝ Օրենսգրքի 88-րդ հոդվածին համապատասխան՝ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վերաբերյալ ծանուցման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով,
ապրանքների փաթեթվածքների տեսակները.
բ) Օրենսգրքի 278-րդ հոդվածին համապատասխան՝ նախնական տեղեկատվությունը որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝
միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի ներմուծման նպատակը,
միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վերանորոգման և (կամ) շահագործման համար տեղափոխվող պահեստային մասերի և (կամ) սարքավորումների անվանումները.
գ) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) իրականացման մասով արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվության համարը և տրման ամսաթիվը (այն դեպքում, երբ այդ թույլտվությունը պահանջվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթին (այսուհետ՝ Հիմնադրույթ) համապատասխան),
Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ անասնաբուժության բնագավառում լիազորված այն մարմնի անվանումը, որը տրամադրել է ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվություն (տեղեկությունների առկայության դեպքում),
անասնաբուժական հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (այն դեպքում, երբ այդ հավաստագիրը պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան),
արտահանող երկրի՝ անասնաբուժական հավաստագիրը տրամադրած իրավասու մարմնի անվանումը (տեղեկությունների առկայության դեպքում).
դ) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ բարձր բուսասանիտարական ռիսկ պարունակող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նկատմամբ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման մասով արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
արտահանող (վերաարտահանող) երկրի՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից տրված արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական հավաստագրի համարը և տրման ամսաթիվը,
արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական հավաստագիրը տրամադրած երկրի անվանումը (տեղեկությունների առկայության դեպքում).
ե) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ նախնական տեղեկատվության ներկայացման դեպքում՝ հաստատելու համար այն ապրանքների ցանկում ներառված ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը, որոնց մասով սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված)՝
լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) համարը և տրման ամսաթիվը, գործողության ժամկետը (փաստաթղթի գործողության սկզբի և ավարտի ամսաթվերի նշմամբ),
փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը (տեղեկությունների առկայության դեպքում),
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
զ) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) իրականացման մասով արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևաթղթի համարը, տրման ամսաթիվը և տպագրական համարը (պետական գրանցման ենթակա արտադրանքի մասով),
ապրանքի ծագման հավաստագրի և (կամ) այն փաստաթղթի համարները և տրման ամսաթվերը, որով հաստատվում է, որ արտադրանքը (ապրանքները) համապատասխանում է այն փաստաթղթերի պահանջներին, որոնց համապատասխան այն արտադրվել է (որակի հավաստագիր կամ անվտանգության (որակի) անձնագիր կամ որակի վկայական կամ ազատ վաճառքի հավաստագիր).
է) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու, այդ թվում՝ որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններ (հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Տարանցման հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի դրույթները).
ը) ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու հետ կապված մաքսային գործառնություններն Օրենսգրքի 100-րդ հոդվածին համապատասխան կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (համառոտ) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն),
ապրանքների ժամանակավոր պահպանության պլանավորվող վայրը (ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ներառումը հաստատող փաստաթղթի կամ այլ վայրում ժամանակավոր պահպանության թույլտվության անվանումը, համարը և տրման ամսաթիվը),
ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու պլանավորվող ամսաթիվը,
ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (իրավաբանական անձանց, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների լրիվ կամ կրճատ (համառոտ) անվանումները կամ ֆիզիկական անձանց ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում), հասցեները),
ապրանքներն ուղարկող երկիրը և դրանց նշանակման երկիրը,
տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերի համարները և կազմման (տրման) ամսաթվերը (առկայության դեպքում),
բեռնատեղիների քանակը,
ապրանքների անվանումները՝ տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերին համապատասխան,
ապրանքների համաքաշը (կիլոգրամներով) կամ ծավալը (խորանարդ մետրերով),
ապրանքների քանակը՝ լրացուցիչ չափման միավորներով (առկայության դեպքում),
կոնտեյներների նույնականացման համարները (առկայության դեպքում),
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով (առկայության դեպքում),
ապրանքների արժեքը՝ տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերին համապատասխան (առկայության դեպքում),
ապրանքների ժամանակավոր պահպանության հատուկ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը (անհրաժեշտության բացակայությունը).
թ) անդամ պետության՝ անասնաբուժության բնագավառում լիազորված մարմնի կողմից անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (համառոտ) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն),
Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (Միության մաքսային սահմանի անցակետի ծածկագիրը) (առկայության դեպքում),
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և այն կազմելու ամսաթիվը,
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով,
ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, անդամ պետության՝ անասնաբուժության բնագավառում լիազորված այն մարմնի անվանումը, որը տրամադրել է թույլտվությունը (այն դեպքում, երբ այդ թույլտվությունը պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան),
անասնաբուժական հավաստագրի համարը և տրման ամսաթիվը, արտահանող երկրի՝ հավաստագիրը տրամադրած իրավասու մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդ հավաստագիրը պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան),
ապրանքների մականշվածքի մասին տեղեկություններ,
անասնաբուժական հսկողության (վերահսկողության) վերցված ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը,
անասնաբուժական կիրառման համար նախատեսված դեղապատրաստուկ ներմուծելու դեպքում՝ տեղեկություններ տվյալ պատրաստուկի գրանցման վկայականից (առևտրային անվանումը, գրանցման վկայականի համարը, պետական գրանցման ամսաթիվը, գրանցման վկայականի գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն),
կենդանիների համար նախատեսված կերային հավելում ներմուծելու դեպքում՝ տեղեկություններ տվյալ հավելման պետական գրանցման վկայականից (անվանումը, հաշվառման սերիան, կերային հավելման գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, վկայականի գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն),
գենաինժեներաձևափոխված օրգանիզմներից ստացված կեր ներմուծելու դեպքում՝ տեղեկություններ տվյալ կերի պետական գրանցման վկայականից՝ (անվանումը, հաշվառման սերիան, կերի գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, վկայականի գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն),
կոնտեյներների նույնականացման համարները (առկայության դեպքում).
ժ) անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վերաբերյալ որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (համառոտ) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն),
ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (անվանումներն ու հասցեները՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան),
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և այն կազմելու ամսաթիվը,
Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը,
բարձր բուսասանիտարական ռիսկ պարունակող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք ներմուծելու դեպքում՝ արտահանող (վերաարտահանող) երկրի՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից տրված արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական հավաստագրի համարը, տրման ամսաթիվը և երկիրը,
գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտներ ներմուծելու դեպքում՝ կարանտինային օբյեկտների ներմուծման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված այն մարմնի անվանումը, որը տրամադրել է թույլտվությունը,
ապրանքների անվանումները,
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով,
ապրանքների զտաքաշը (համաքաշը) (կիլոգրամներով),
ապրանքների ծագման երկիրը և վայրը,
ապրանքների բեռնառաքման վայրը և ամսաթիվը,
ապրանքների մականշվածքի մասին տեղեկություններ,
նշանակման մաքսային մարմնի ծածկագիրը (առկայության դեպքում),
ապրանքների վարակազերծման մասին տեղեկություններ,
կոնտեյներների նույնականացման համարները (առկայության դեպքում),
ժա) անդամ պետության՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության բնագավառում լիազորված մարմնի կողմից սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (համառոտ) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն),
ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (անվանումներն ու հասցեները՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան),
Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (Միության մաքսային սահմանի անցակետի ծածկագիրը) (առկայության դեպքում),
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և այն կազմելու ամսաթիվը,
ապրանքների ծագման երկիրը, դրանք ուղարկող երկիրը և դրանց նշանակման երկիրը (առկայության դեպքում),
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով,
արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևաթղթի համարը, տրման ամսաթիվը և տպագրական համարը (պետական գրանցման ենթակա արտադրանքի մասով),
ապրանքի ծագման հավաստագրի և (կամ) այն փաստաթղթի համարները և տրման ամսաթվերը, որով հաստատվում է, որ արտադրանքը (ապրանքները) համապատասխանում է այն փաստաթղթերի պահանջներին, որոնց համապատասխան այն արտադրվել է (որակի հավաստագիր կամ անվտանգության (որակի) անձնագիր կամ որակի վկայական կամ ազատ վաճառքի հավաստագիր) (առկայության դեպքում),
ապրանքների նշանակության և կիրառման բնագավառի մասին տեղեկություններ (առկայության դեպքում),
ապրանքներն արտադրողի անվանումը և հասցեն,
կոնտեյներների նույնականացման համարները (առկայության դեպքում)։
7. Նախնական տեղեկատվությունը, որը պարունակում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված՝ ապրանքների մասին տեղեկությունները, և որը չի պարունակում սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները, պետք է պարունակի հետևյալ նույնականացուցիչներից առնվազն մեկը՝
ա) սույն կարգի 5-րդ կետին համապատասխան՝ այդ ապրանքների մասով ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարը.
բ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և այն կազմելու ամսաթիվը, այն կոնտեյների համարը, որով տեղափոխվում են ապրանքները (կոնտեյներով փոխադրում իրականացնելու դեպքում):
8. Այն դեպքում, երբ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում է տեղակայված Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը, գրանցվել է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մաքսային հայտարարագիր, որը ներկայացվել է Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին համապատասխան, նախնական տեղեկատվությունը ներառում է այդ հայտարարագրի գրանցման համարը և սույն կարգի 5-րդ և (կամ) 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները (մաքսային հայտարարագրում դրանց բացակայության դեպքում):
Նախնական մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները նախնական տեղեկատվության ձևավորման դեպքում կրկնակի չեն ներկայացվում:
9. Միևնույն անձի կողմից, սույն կարգի 5-րդ կետին և 6-րդ կետի մեկ կամ մի քանի ենթակետերին համապատասխան, նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում տեղեկությունները չեն կրկնվում:
10. Նախնական տեղեկատվությունը կարող է չներկայացվել հետևյալ դեպքերում
ա) ապրանքները հետագա փոխադրման համար ընդունելու մասով սահմանակից երկաթուղու մերժման հետ կապված՝ ապրանքները Միության մաքսային տարածք վերադարձնելը.
բ) պաշարներ ներմուծելը.
գ) միջազգային փոխադրում իրականացնող դատարկ տրանսպորտային միջոցներ ներմուծելը:
11. Այն դեպքում, երբ նախնական տեղեկատվության գրանցումից հետո այդ տեղեկատվությունը ներկայացրած անձը հայտանաբերում է դրանում պարունակվող տեղեկությունների և տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում նշված տեղեկությունների միջև անհամապատասխանություն, այդ անձը պարտավոր է կրկնակի ներկայացնել նախնական տեղեկատվությունը՝ մինչև Միության տարածքում փոխանցման երկաթուղային կայարան ապրանքների ժամանումը (նախնական տեղեկատվության՝ նախկինում ստացված գրանցման համարի մասին տեղեկությունների նշմամբ):
12. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրում ապրանքների փոխաբեռնում (վերաբեռնում) իրականացնելիս նախնական տեղեկատվություն ներկայացրած անձը ճշգրտում է նախնական տեղեկատվությունը՝ վագոնների նույնականացման համարների վերաբերյալ տեղեկությունների մասով: Այդ տեղեկատվությունը ներկայացվում է նախնական տեղեկատվության՝ նախկինում տրված գրանցման համարի վերաբերյալ տեղեկությունների նշմամբ և կրկնակի չի գրանցվում:
13. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մասով առանձին:
Փոխադրողը կամ նրա հանձնարարությամբ գործող անձը մեկ հաղորդագրությամբ ներկայացնում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները և սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները:
14. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց հայեցողությամբ նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:
15. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նախնական տեղեկատվությունը պետք է համապատասխանի այն անդամ պետության՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ենթակառուցվածքի պահանջներին, որի մաքսային մարմին է այն ներկայացվում:
16. Անդամ պետության մաքսային մարմինը գրանցում է ներկայացված նախնական տեղեկատվությունը կամ մերժում է դրա գրանցումը՝ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանվող կարգով և ժամկետներում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: