ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1408/02/172022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1408/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի մարտի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սամվել Զախարյանի ընդդեմ Արևիկ Մելքոնյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արևիկ Մելքոնյանի ընդդեմ Սամվել Զախարյանի, «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արևիկ Մելքոնյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սամվել Զախարյանը պահանջել է Արևիկ Մելքոնյանին վտարել Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի 4-րդ շենքի թիվ 27 բնակարանից, ինչպես նաև որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձել 500.000 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Արևիկ Մելքոնյանը պահանջել է որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք ճանաչել իր սեփականության իրավունքը վիճելի հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մխիթարյան, դատավորներ՝ Ն. Կարապետյան, Ն. Մարգարյան) 10.07.2019 թվականի որոշմամբ Արևիկ Մելքոնյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ սահմանելով կրկին բողոք ներկայացնելու տասնհինգօրյա ժամկետ՝ որոշումը ստանալուց հետո:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.08.2019 թվականի որոշմամբ Արևիկ Մելքոնյանի վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արևիկ Մելքոնյանը (ներկայացուցիչ Արմեն Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 371-րդ, 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թույլ տրված տեխնիկական վրիպակի պատճառով, բողոքաբերի կողմից օրենքով սահմանված ժամկետում՝ 07.08.2019 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան մուտք չի եղել և այդ պատճառով բաց է թողնվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու 15-օրյա ժամկետը: Ծրարը փոստային ծառայության կողմից վերադարձվել է «անհայտ» և նշեք որ դատարանին է հասցեագրված քաղաքացիական թե քրեական» նշումներով:
Տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ դատարան հասցեագրված փոստային ծրարը գրասենյակի աշխատակիցը պարտավոր էր բացել, և դրա պարունակությանը համապատասխան հասցեագրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական կամ քրեական դատարան, որը որ չի արվել, այլ հետ է վերադարձվել բողոքաբերին ծրարի վրա նշված. «նշեք, որ դատարանին է հասցեագրված` քաղաքացիական թե քրեական», մինչդեռ վերաքննիչ բողոքի՝ «դատարանի անվանումը» հատվածում, նշվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Այսպիսով, վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողնվել օբյեկտիվ պատճառով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ կրկին բողոք ներկայացնելու ժամկետը բաց է թողնվել սուբյեկտիվ պատճառով, որի հետևանքով խախտվել է բողոքաբերի՝ դատարանի մատչելիության իրավունքը և բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 371-րդ, 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանված վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգին, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներին, միաժամանակ նշելով այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 14.05.2019 թվականի վճռի դեմ Արևիկ Մելքոնյանի կողմից փոստային առաքման միջոցով 14.06.2019 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հատոր 3-րդ, գ.թ. 3-4):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2019 թվականի որոշմամբ Արևիկ Մելքոնյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքում նշված չէ բողոքաբերի հասցեն, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցը: Միաժամանակ որոշմամբ սահմանվել է կրկին բողոք ներկայացնելու տասնհինգօրյա ժամկետ՝ որոշումը ստանալուց հետո (հատոր 3-րդ, գ.թ. 8-9):
Արևիկ Մելքոնյանը 07.08.2019 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ դատարան» նշումով, ինչի արդյունքում ծրարը վերադարձվել է «նշեք որ դատարանին է հասցեագրված քրեական թե՝ քաղաքացիական» գրառմամբ (հատոր 3-րդ, գ.թ. 29): Այնուհետև, 14.08.2019 թվականին Արևիկ Մեքոնյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հասցեագրված դիմումով հայտնել է, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու պահին՝ 07.08.2019 թվականին բողոքն ուղարկելու ծրարի վրա թույլ տրված վրիպակի պատճառով փոստային ծառայության կողմից այն վերադարձվել է: Միաժամանակ ներկայացրել է միջնորդություն՝ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 31):
Վերաքննիչ դատարանը 30.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ, մերժելով Արևիկ Մելքոնյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ բողոքաբերն իրացրել է դատական ակտի բողոքարկման իր իրավունքը և վերջինս իր սուբյեկտիվ գործողությունների հետևանքով չի հասել իր համար բարենպաստ արդյունքի, որպիսի պարագայում վերջինիս կողմից իրականացված սուբյեկտիվ գործողությունները չեն կարող գնահատվել որպես դատական ակտի բողոքարկման ժամկետը հարգելի համարելու պատճառ, ուստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքաբերը դատական ակտի բողոքարկման օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել սուբյեկտիվ պատճառներով և այն վերականգնելու մասին միջնորդությամբ որևէ օբյեկտիվ հիմնավորում չի ներկայացրել, ուստի բողոքաբերի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, անհիմն է և ենթակա է մերժման (հատոր 3-րդ, գ.թ. 32-33):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործի ապացույցներից հետևում է, որ Արևիկ Մելքոնյանի կողմից առաջին անգամ վերաքննիչ բողոքում թույլ տրված թերությունները վերացնելուց հետո բողոքն օրենքով սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է, սակայն բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան չի մուտքագրվել տեխնիկական, այն է՝ ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի» փոխարեն «ՀՀ վերաքննիչ դատարան» նշված լինելու պատճառով, մինչդեռ ծրարը դատարանում բացվելու դեպքում ակնհայտ կլիներ, որ բողոքը հասցեագրված դատարանի անվանումը բողոքում ճիշտ է նշված: Նման պայմաններում հիմնավոր է վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ վերաքննիչ բողոքը դատարան չի մուտքագրվել տեխնիկական պատճառով: Արևիկ Մելքոնյանը վերաքննության կարգով դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն իր վրա դրված պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքում նշված թերությունները, ինչպես նաև ծրարի վրա տեղի ունեցած վրիպակն ուղղել է, որպիսի պարագայում Արևիկ Մելքոնյանին վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նաև՝ վերադաս ատյաններում, ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Արևիկ Մելքոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և բողոքը վարույթ ընդունելը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ա. Բարսեղյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2022 թվական: