ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ք. Երևան 06 հունիսի 2022 թ. |
ԲԴԽ-49-Ո-Կ-10 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
|
մասնակցությամբ՝ |
|
անդամներ |
Գ. Բեքմեզյանի, |
Դ. Խաչատուրյանի, | |
Մ. Մակյանի, | |
Լ. Մելիքջանյանի, | |
Ա. Միքայելյանի, | |
Ս. Մխիթարյանի, | |
Ս. Չիչոյանի, Վ. Քոչարյանի, | |
Արդարադատության նախարարի տեղակալ |
Գ. Մինասյանի, |
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ
|
Հ. Սանոյանի, Ա. Սուջյանի, |
|
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Ա. Պետրոսյանի, |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի ապրիլի 25-ի N 40-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Սարգիս Ազարյանի կողմից 10.12.2021 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արշակ Պետրոսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը:
Նախարարի 14.03․2022 թվականի N 25-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Նախարարի 25.04.2022 թվականի N 40-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Նախարարը ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 235-րդ, 336-րդ հոդվածների, 337-րդ հոդվածի 1-ին մասի, 339-րդ հոդվածի 1-3-րդ մասերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն Օրենսգրքով նախատեսված հատուկ վարույթի կարգով քննվող գործի տեսակ է համարել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման վիճարկման հետ կապված դատական գործերը՝ նկատի ունենալով այդ տեսակի գործերի առանձնահատկությունները, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ նախատեսել հատուկ կանոններ, ընթացակարգեր և ընդհանուր կանոններից տարբերվող՝ գործի քննության իրականացման համար հատուկ դատավարական ժամկետներ: Մասնավորապես, ի տարբերության այլ վարույթների (օրինակ՝ հայցային, հատուկ և այլն), նշված վարույթով դիմումի քննությունը, որպես կանոն, իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը հանգում է այն հետևության կամ գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ:
Բացի այդ, տվյալ տեսակի գործերի համար օրենսդիրը նախատեսել է շատ սեղմ՝ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հաշված մեկամսյա ժամկետում գործի քննության իրականացման պարտադիր պահանջ, որը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև այդ տեսակի գործերի քննության հրատապությամբ, կարևորությամբ և հստակ ժամկետում այն իրականացնելու կանխատեսելիությամբ: Ընդ որում, նշվածի հաշվառմամբ, դատական նիստ հրավիրելու միջոցով գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության առաջացման դեպքում դատարանը նույնպես պարտավոր է գործի քննության իրականացման հարցում սահմանափակվել դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում, այսինքն՝ նման հանգամանքների պարզմամբ պայմանավորված հրավիրվող դատական նիստը/նիստերը, ինչպես նաև դրա արդյունավետ լուծմանն ուղղված առանձին դատավարական գործողությունները պետք է կազմակերպվեն այնպես, որ դիմումը վարույթ ընդունելու պահից հաշված՝ չգերազանցեն քննության մեկամսյա ժամկետը:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 17-րդ հոդվածի 7-րդ մասի համադրությունից հետևում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կայացված որոշման վիճարկման հետ կապված գործերով կայացվող դատարանի որոշման վերաբերյալ որոշ կարգավորումները նախատեսված են ինչպես Օրենսգրքով սահմանված ընդհանուր, այնպես էլ՝ հատուկ կանոններին համապատասխան: Մասնավորապես ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կայացված որոշման վիճարկման արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր կանոնին համապատասխան, իսկ դրանց օրինական ուժի մեջ մտնելու համար նախատեսված՝ հրապարակման պահից յոթնօրյա ժամկետի սահմանումը՝ որպես բացառություն ընդհանուր կանոնից:
Ավելին, տվյալ տեսակի գործերով կայացվող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու համար նախատեսված յոթնօրյա ժամկետը պայմանավորված է առավել քան սեղմ ժամկետում տվյալ տեսակի դատական գործերով վերջնական և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության անհրաժեշտությամբ: Ավելին, Օրենսգրքով այլ դեպքերում պարզապես օգտագործվում է «ողջամիտ ժամկետ» եզրույթը, ապա տվյալ դեպքում, այդ տեսակի գործերի քննության ողջամտությունն օրենսդիրը սահմանագծել է հատուկ ժամկետում:
Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, հանդիսանալով արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրատարրերից մեկը, իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ՝ Կոնվենցիա) (6-րդ հոդված), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) բազմաթիվ որոշումների մեջ, դրան անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, Բարձրագույն դատական խորհուրդն իր մի շարք որոշումներում (տես՝ 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4, 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշումներ):
Այսպիսով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքով որոշ տեսակի գործերի քննության համար նախատեսված հատուկ ժամկետների առկայության դեպքում դատարանները պարտավոր են գործի քննության իրականացումն ապահովել այդ ժամկետում, հակառակ դեպքում, դրա անցմամբ կատարված քննությունը կարող է որակվել որպես արդար դատաքննության կարևոր բաղադրատարր հանդիսացող՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման խախտում այն դեպքում, երբ այդ գործերի համար օրենսդրի կողմից նախատեսվել է ողջամտության չափանիշի առավելագույնս ընդգծված սահմանը: Բացի այդ, գործի՝ ողջամիտ ժամկետում քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին:
Քննարկվող դեպքում թիվ ԵԴ/26700/02/20 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) Դատարանի 25.09.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ նաև՝ Բանկ կամ Դիմող) կողմից 10.09.2020 թվականին Դատարան ներկայացված` ֆինանսական համակարգի հաշտարարի 12.08.2020 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 07-1918/20 պահանջը բավարարելու մասին թիվ 15-6237/20 որոշման չեղարկման պահանջի մասին դիմումը: Այնուհետև, Գործով դատական նիստեր են նշանակված եղել 23.10.2020 թվականին (դատական նիստը չի կայացել), 16.12.2020 թվականին (դատական նիստը կայացել է), 15.04.2020 թվականին (դատական նիստը չի կայացել) և 25.05.2021 թվականին (դատական նիստը կայացել է), ապա դատական ակտի հրապարակման օր նշանակվել՝ 16.06.2021 թվականին:
«www.datalex.am» համակարգում (այսուհետև նաև՝ Համակարգ) Գործով եզրափակիչ դատական ակտը տեղադրվել է 18.03.2022 թվականին (ստեղծման ամսաթիվ: 2022-03-18 16:50:14), իսկ Բանկի, Սարգիս Ազարյանի (այսուհետև նաև՝ Հաճախորդ) և Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ նաև՝ Հաշտարար) կողմից այն ստացվել է 22.03.2022 թվականին:
Արդյունքում, թիվ ԵԴ/26700/02/20 քաղաքացիական գործով Դատարանը 25.09.2020 թվականին դիմումը վարույթ ընդունելուց հետո տվյալ գործով վերջին դատական նիստը հրավիրել է 25.05.2021 թվականին, այսինքն՝ 8 ամիս անց, և դատական ակտի հրապարակման օր նշանակված 16.06.2021 թվականին Համակարգում չի հրապարակել եզրափակիչ դատական ակտը՝ այն կատարելով 18.03.2022 թվականին և սույն գործով Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելուց հետո միայն, իսկ դատական ակտը Դիմողի, Հաճախորդի և Հաշտարարի կողմից ստացվել է 22.03.2022 թվականին (անհասկանալի պատճառներով այդչափ ուշացումով կրկնակի ուղարկման արդյունքում):
Ամփոփելով ամբողջ վերոգրյալը՝ Նախարարը հայտնել է.
- Դատավորը խախտել է Գործով քննություն իրականացնելու օրենսդրական պահանջը՝ 1 ամսվա փոխարեն այն իրականացնելով 8 ամսվա ընթացքում՝ չնայած այն հանգամանքին, որ հրավիրված դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվել են օբյեկտիվ պատճառներով, սակայն դրանք կարող էին նշանակվել միմյանց ավելի մոտ՝ գործի քննությունն իրականացվելով առավել սեղմ ժամկետում,
- Գործով կայացված եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել է նախատեսված ժամկետից մոտ 9 ամիս հետո՝ այն էլ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելուց հետո,
- Գործով կայացված եզրափակիչ դատական ակտը սահմանված ժամկետից առնվազն 9 ամիս հետո է ստացվել համապատասխան անձանց կողմից՝ այն էլ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելուց հետո:
Այսպիսով, Դատարանի կողմից խախտվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 340-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված պահանջները, որոնք հանգեցրել են արդար դատաքննության տարր հանդիսացող՝ գործի ողջամիտ ժամկետում քննության խախտման:
Նախարարը, վկայակոչելով Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 66-րդ հոդվածի 2-րդ մասը, 67-րդ հոդվածի 2-րդ մասը, նշել է, որ օրենսդրի կողմից դատավորի վրա դրվել է վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը մասնակցելու պարտականություն, որը վերջինս պետք է իրականացնի երկու եղանակով, այն է՝ դատավորի վարքագծի կանոններն անձամբ պահպանելով և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը հետամուտ լինելով: Այլ կերպ ասած, դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտում է դիտարկվում այն դեպքը, երբ դատավորը պատշաճ հսկողություն չի իրականացնում իր աշխատակազմի (գործավար, օգնական) կողմից վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ:
Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:
Տվյալ դեպքում, Գործով Դատավորի կողմից նախատեսված ժամկետից 8 անգամ ավել ժամանակով գործի քննության ձգձգումը, 9 անգամ ավել ժամանակի ուշացմամբ դատական ակտի տրամադրումը կամ դրա վերաբերյալ իրազեկման իրականացման ուշացումն իրապես վտանգում է դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում անձանց վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաև գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման տեսանկյունից դատավարության մասնակցի համար խոչընդոտներ ստեղծում իրեն հուզող հարցի հանգուցալուծման վերաբերյալ կանխատեսվող ժամկետներում տեղեկանալու առումով՝ անկախ այն հանգամանքից՝ տեղի ունեցած թերացումները կատարված են Դատավորի, թե նրա աշխատակազմի կողմից:
Նախարարը նշել է, որ վարույթի փաստական հանգամանքների և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում ստացվում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի և վարքագծի կանոնների խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ նա չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր, այն է՝ Գործը վարույթ ընդունելուց հետո մեկամսվա ընթացքում առաջին նիստը նշանակելով, սակայն գործի քննությունը չավարտելով, համարել է (ինչպես պարզ է դառնում ներկայացված բացատրությունից) առաջադրված օրենսդրական պահանջը պահպանված, ինչպես նաև չգիտակցելով, որ իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվություն է կրում հենց ինքը: Նման պայմաններում, Դատարանի կողմից կատարվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 340-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի խախտումներ, որոնք իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
Միաժամանակ վարույթ հարուցող մարմինը նշել է նաև, որ Դատավորի կողմից ներկայացված բացատրությամբ արտահայտած դիրքորոշումները հերքվում են վերն արտահայտած դիրքորոշումներով:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել իր նկատմամբ հարուցված վարույթը հետևյալ հիմնավորումներով.
Դատավորը հայտնել է, որ թիվ ԵԴ/26700/02/20 քաղաքացիական գործով Հաշտարարի 12.08.2020 թվականի թիվ 15-6237/20 որոշումը չեղյալ ճանաչելու մասին 16.06.2021 թվականի որոշումը կայացվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետում, որից հետո որոշումը հանձնվել է օգնականին՝ հետագա գործողությունները կատարելու համար: Դատավորի գործառույթների մեջ ուղղակի չի մտնում առաքանի ուղարկելը, դատավարական փաստաթղթեր հանձնելը, ինչպես նաև Համակարգում դատական ակտերը ներբեռնելը, այլ այդ ծառայողական պարտականությունները վերապահված են դատավորի աշխատակազմի համապատասխան դատական ծառայողին:
Նշել է, որ Գործի հետ կապված մի շարք թերությունները պարզելու նպատակով գործավարից պահանջել է ներկայացնել բացատրություն, սակայն վերջինս ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում՝ գրավոր բացատրություն ներկայացնելու փոխարեն: Հետևաբար առկա չէ իր կողմից կատարված որևէ գործողություն կամ արարք, որը կատարվել է դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ, որը միաժամանակ կարող է դիտարկվել որպես նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների խախտում:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Գործով Դատարանը 25.09.2020 թվականին դիմումը վարույթ ընդունելուց հետո տվյալ գործով վերջին դատական նիստը հրավիրել է 25.05.2021 թվականին՝ Դատավորը նշել է, որ տվյալ դեպքում Բանկի դիմումը վարույթ է ընդունվել 25.09.2020 թվականին և դատական նիստ է հրավիրվել մեկ ամսվա ընթացքում՝ 23.10.2020 թվականին: Նշված օրվա դատական նիստը չի կայացել, քանի որ 18.10.2020 թվականից մինչև 01.11.2020 թվականը ներառյալ ինքը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
Այնուհետև, հաջորդ դատական նիստը հրավիրվել է 16.12.2020 թվականին, սակայն հետաձգվել, քանի որ Հաշտարարին և Հաճախորդին ծանուցելու վերաբերյալ ծրարները գործում առկա չեն եղել, ինչպես նաև Դիմողի ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել դատական նիստը՝ կողմերի պատշաճ ծանուցումն ապահովելու համար:
16.12.2020 թվականի դրությամբ իրեն կցված դատական բոլոր ծառայողները գտնվել են անաշխատունակության մեջ: 15.04.2021 թվականի դատական նիստը նույնպես չի կայացել, քանի որ 2021 թվականի մարտ ամսին նոր միայն իրեն է տրամադրվել դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը (12.04.2021-16.04.2021թթ.): Հաջորդ դատական նիստը հրավիրվել է 25.05.2021 թվականին, որի ժամանակ էլ Դատարանն ավարտել է դիմումի քննարկումը և հայտարարել դատական ակտի հրապարակման օրը:
Արդյունքում, Դատավորը գտել է, որ օրենքով սահմանված ժամկետը՝ մեկ ամսվա ընթացքում նիստ հրավիրելու մասին, պահպանվել է, քանի որ առաջին դատական նիստը հրավիրվել է այդ ժամկետում:
Ըստ Դատավորի՝ Օրենքով սահմանված ժամկետը կողմնորոշիչ ժամկետ է, և ինչպես այս դեպքում, այնպես էլ նման այլ դեպքերում (օրինակ՝ աշխատանքային վեճերի դեպքում եռամսյա ժամկետ և այլն) այդ ժամկետները պրակտիկայում կարող են խախտվել, եթե դա անհրաժեշտ է կողմերի արդար դատաքննության իրավունքն ապահովելու, գործի արդարացի, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու իրավաչափ նպատակներով (նույն տրամաբանությամբ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդության համար սահմանված է քննության 15-օրյա ժամկետ, սակայն գործնականում այդ ժամկետը հնարավոր չի լինում պահպանել, քանի որ կողմերն այդ ժամկետում չեն ծանուցվում, իսկ էլեկտրոնային ծանուցման համար անհրաժեշտ է առնվազն 15 օր և նման շատ այլ դեպքերում, ինչպիսի հանգամանք կարող էր ստեղծվել նաև այս դեպքում): Այս վերլուծության համատեքստում հաստատվում է, որ իրականում սահմանված մեկամսյա ժամկետն օրենսդիրը սահմանել է առաջին դատական նիստ հրավիրելու նպատակով, իսկ հերթական դատական նիստերը կարող են հրավիրվել դատարանի կողմից մեկամսյա ժամկետից հետո, առավել ևս՝ այս դեպքում, երբ դրանք պարզապես չեն կայացել իր կամքից անկախ պատճառներով, արդյունքում՝ գործը քննվել է ըստ էության կայացած մեկ նիստում:
Ըստ Դատավորի՝ վերոգրյալների հիման վրա պետք է նաև փաստել, որ ըստ էության բացակայում է իր մեղքը վերագրված խախտումների կատարման մեջ, ուստի կիրառելի է այս դեպքում նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 10-րդ կետը, որի համաձայն՝ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:
Ըստ էության, Հաշտարարի 12.08.2020 թվականի թիվ 15-6237/20 որոշումը չեղյալ ճանաչելու մասին 16.06.2021 թվականի որոշումը Սարգիս Ազարյանի կողմից նույնպես չի բողոքարկել: Նշված որոշումը բխել է նրա շահերից և որևէ բացասական հետևանք որևէ մեկի՝ հատկապես հաղորդում ներկայացրած Սարգիս Ազարյանի համար չի առաջացրել:
Հետևաբար Օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով խախտումն ունի նվազ նշանակություն, քանի որ այն չի հեղինակազրկել դատական իշխանությունը՝ կողմերի որևէ մեկի համար, այդ թվում՝ հաղորդման հեղինակի որևէ իրավունքի խախտման փաստի բացակայության հիմքով:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1) «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն 08.09.2020 թվականին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ֆինանսական համակարգի հաշտարարի 12.08.2020 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 07-1918/20 պահանջը բավարարելու մասին թիվ 15-6237/20 որոշման չեղարկման պահանջի մասին, որը մակագրվել է Դատավորին (թիվ ԵԴ/26700/02/20 քաղաքացիական գործ) և վերջինիս 25.09.2020 թվականի որոշմամբ այն ընդունվել է վարույթ:
2) Ըստ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ Գործով դատական նիստեր են նշանակված եղել 23.10.2020 թվականին (չի կայացել), 16.12.2020 թվականին, 15.04.2021 թվականին (չի կայացել) և 25.05.2021 թվականին, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 16.06.2021 թվականին:
3) Գործով կայացված եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել է 18.03.2022 թվականին, իսկ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի, հաճախորդ Սարգիս Ազարյանի և ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից այն ստացվել է 22.03.2022 թվականին:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցիչների բացատրությունները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
- արդյո՞ք թիվ ԵԴ/26700/02/20 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է դատավարական իրավունքի նորմ (նորմեր),
- եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԵԴ/26700/02/20 քաղաքացիական գործով կատարված խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
- արդյո՞ք թիվ ԵԴ/26700/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի), խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման:
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նախևառաջ արձանագրել, որ ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը հանդիսանում է անձանց իրավունքների պաշտպանության ապահովման այլընտրանքային, ինքնուրույն ձև՝ օժտված վեճերի լուծման համար ինքնուրույնության ու արդյունավետության բավարար աստիճանով: Այսինքն, այն իրենից ներկայացնում է վեճերի արտադատական լուծման համակարգ: Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի կենսագործման հիմքում արդյունավետության սկզբունքն է, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման և որոշման կայացման միջև կարճ ժամանակ պետք է լինի։ Միաժամանակ նշված ինստիտուտի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը։
Հաշվի առնելով վերոհիշյալ նպատակները` կարևորվում է հաշտարարի ինստիտուտի դերը և նշանակությունը անձանց իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման և վեճերի լուծման գործում` որպես Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացումն ապահովող այլընտրանքային, իրավական հնարավորություն:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Իսկ ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:
Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում, իսկ ըստ 4-րդ մասի՝ դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը կողմերին իրավունք է վերապահել օրենքով սահմանված ժամկետում, դատական կարգով վիճարկելու հաշտարարի՝ նրանց համար պարտադիր դարձած որոշումը, տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով: Միաժամանակ նշված դիմումների քննության վարույթը, լինելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, պետք է իրականացվի դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ: Այսպես, նշված վարույթով ներկայացված դիմումի քննությունը, որպես կանոն, իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Այս դեպքում գործի քննությունը իրականացվում է դատական նիստի միջոցով, որի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են ինչպես կողմերը, այնպես էլ հաշտարարը:
Անդրադառնալով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանի կողմից վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում քննելու մասին օրենսդրի պահանջին՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վերը նշված իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ և կամայական կամ հայեցողական փոփոխության ենթակա չէ. եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի դատարանի կողմից դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետն այն առավելագույն ժամկետն է, որի ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին, այսինքն՝ մեկամսյա ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք։
Բարձրագույն դատական խորհուրդը ևս մեկ անգամ արձանագրում է, որ օրենսդրի կողմից ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով և դատարանին այդ ժամկետներով սահմանափակելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Օրենսդրի կողմից ժամկետների սահմանումը և պահպանումն իրավական որոշակիության սկզբունքի պահպանման երաշխիք են: Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-630 և թիվ ՍԴՈ-1142 որոշումներում անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին՝ գտել է, որ այն անհրաժեշտ է որպեսզի համապատասխան հարաբերության մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները:
Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ որոշակի ժամկետներով այդօրինակ գործողությունների սահմանափակումը կոչված է ապահովելու իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, հստակությունը, ինչպես նաև կոչված է կանխելու և բացառելու «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:
Վերոգրյալի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ, այդուհանդերձ, դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով:
Բարձրագույն դատական խորհուրդը նաև փաստում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Օրենսգրքի՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը» վերտառությամբ 50-րդ գլխով դատարանի որոշման հրապարակման առանձնահատուկ կարգ նախատեսված չէ, ուստի սույն գործերով կայացվելիք դատական ակտերը ևս պետք է հրապարակվեն դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով՝ ընդհանուր կանոնի համաձայն: Միաժամանակ, Օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ուղարկելու առանձին ժամկետ, ուստի դատարանի որոշումը վերջիններիս պետք է ուղարկվի ընդունման պահից եռօրյա ժամկետում:
Քննարկվող պարագայում «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 08.09.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 12.08.2020 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 07-1918/20 պահանջը բավարարելու մասին թիվ 15-6237/20 որոշման չեղարկման պահանջի մասին դիմումը, Դատավորի 25.09.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Ըստ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ Գործով հրավիրվել են թվով 5 դատական նիստեր, որոնք նշանակված են եղել 23.10.2020 թվականին (չի կայացել), 16.12.2020 թվականին, 15.04.2021 թվականին (չի կայացել) և 25.05.2021 թվականին, իսկ դատական ակտի հրապարակման օր՝ 16.06.2021 թվականին: Նույն գործով կայացված եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել է 18.03.2022 թվականին, իսկ կողմերն այն ստացել են 22.03.2022 թվականին:
Վերոգրյալների հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ Դատավորը թիվ ԵԴ/26700/02/20 քաղաքացիական գործի քննությունը՝ ըստ օրենքի, պետք է ավարտած լիներ առնվազն 26.10.2020 թվականին, մինչդեռ դատական նիստերը ձգձգվել են մինչև 25.05.2021 թվականը՝ առանց առավել կարևոր շահի պաշտպանության անհրաժեշտության, իսկ Գործով որոշման հրապարակման օր է նշանակվել 16.06.2021 թվականը: Ավելին, եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել է 18.03.2022 թվականին, այն է՝ օրենքով սահմանված գործի քննության առավելագույն ժամկետից՝ 26.10.2020 թվականից 1 տարի 4 ամիս անց (ընդ որում՝ կարգապահական վարույթ հարուցելուց հետո), իսկ կողմերն այն ստացել են 22.03.2022 թվականին:
Ավելին, Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ որևէ կերպ չի հիմնավորվում Գործով դատական նիստեր հրավիրելու նպատակը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով ֆինանսական համակարգի հաշտարարի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային ձևի, որոշումների կարևորությունը, միաժամանակ երաշխավորելու համար վարույթների մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար արդյունավետ մեխանիզմներ, սահմանել է վարույթի քննության առավելագույն ժամկետը, որի չպահպանումը կարող է հանգեցնել ուշացած արդարադատության:
Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Դատավորի բացատրությունները, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թիվ ԵԴ/26700/02/20 քաղաքացիական գործով թույլ է տրվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետների խախտում։ Արդյունքում, խաթարվել է նաև վեճերի այլընտրանքային, արտադատական լուծման մեխանիզմների ողջ էությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը, այն է՝ գործերի քննության ժամկետի խախտումը և դատական ակտերը կողմերին օրենքով սահմանված ժամկետից ուշ ուղարկելը, հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով չի հիմնավորել դատավարական նորմով սահմանված ժամկետի խախտումները՝ որևէ արդարացված նպատակով: Դատարանի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ Դատավորի գործառույթների մեջ ուղղակի չի մտնում առաքանի ուղարկելը, դատավարական փաստաթղթեր հանձնելը, ինչպես նաև Համակարգում դատական ակտերը ներբեռնելը, այլ այդ ծառայողական պարտականությունները վերապահված են դատավորի աշխատակազմի համապատասխան դատական ծառայողին, ապա Բարձրագույն դատական խորհուրդն իր 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «… դատավորի պարտականությունն է ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննության օրենսդրական պահանջը, ուստի դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվությունը կրում է դատավորը: Եվ Դատավորի այն պատճառաբանությունը, որ ծանուցագրերը կողմերին պատշաճ չուղարկելու և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ չկատարելու համար պատասխանատվությունը կրում է վերջինիս աշխատակազմը, չի կարող դիտվել որպես հիմնավոր բացատրություն, քանի որ օրենսդրի կողմից դատարանների վրա է դրված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովմանն ուղղված օրենսդրական բոլոր գործողությունների պատշաճ կատարումը:»: Ուստի Դատավորի վերը նշված փաստարկն անհիմն է:
Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում են անվստահություն Սահմանադրությամբ և Օրենքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ։
Միևնույն ժամանակ տույժի տեսակը որոշելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին հայտարարել նկատողություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ պԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ | |
ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | ||
(դեմ) |
Մ. ՄԱԿՅԱՆ | |
(դեմ) |
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ | |
(դեմ) |
Ս․ Միքայելյան | |
Ա. Մխիթարյան | ||
Ս. Չիչոյան | ||
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2022 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ԲԴԽ-49-Ո-Կ-10 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ արդարադատության նախարարի 25․04․2022թ․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու մասին» թիվ 40-Ա որոշմամբ (այսուհետ՝ Միջնորդություն) Դատավորին վերագրվել է երկու դատավարական նորմի խախտում՝
- գործի քննությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածով նախատեսված ժամկետների խախտմամբ,
- գործով կայացված եզրափակիչ դատական ակտը դատավարության մասնակիցներին չի ուղարկվել և չի հրապարակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված ժամկետում։
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածով նախատեսված ժամկետների խախտման վերաբերյալ.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 339-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու»։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը»։
Օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի»:
Օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին»:
Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային մեկնաբանությունից պարզ է դառնում, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննելությունը կարող է իրականացվել երկու ընթացակարգով՝ առանց դատական նիստ հրավիրելու կամ դատական նիստ հրավիրելով։ Նշված տեսակի գործերի քննությունը, որպես կանոն, իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու։ Միաժամանակ օրենսդիրը դատարանին վերապահել է քննարկվող գործերով դատական նիստ հրավիրելու իրավասություն այն դեպքում, երբ դատարանը գտնում է, որ դատական նիստ հրավիրելն անհրաժեշտ է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։
Օրենսգրքով սահմանված են նաև ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննելության ժամկետները։ Այսպես՝ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ առանց դատական նիստ հրավիրելու գործի քննության պարագայում դատարանը գործը քննում է մեկամսյա ժամկետում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այն դեպքում, երբ դատարանը գործի քննությունն իրականացնում է դատական նիստով, ապա դատական նիստը պետք է նշանակվի ոչ ուշ, քան նույն հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետում։
Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն «նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»:
Նշված իրավանորմի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ իրավակիրառը որևէ իրավական ակտ մեկնաբանելիս պետք է բացահայտի այդ իրավական ակտն ընդունող մարմնի նպատակը, ինչն իրականացնելու գործիքները և դրանց կիրառման հերթականությունը հստակ ամրագրված է: Այսպիսով, իրավական ակտի մեկնաբանման համար առաջնահերթ պետք է ուղղորդվել ամբողջ հոդվածի տառացի շարադրանքից, քանի որ իրավաստեղծ մարմնի նպատակն ուղղակիորեն արտահայտվում է իրավական ակտում կիրառված բառերում և արտահայտություններում: Այլ կերպ ասած, անհրաժեշտ է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ իրավաստեղծ մարմինը կոնկրետ բառերը կիրառել է՝ նպատակ ունենալով որոշակի, հստակ կերպով կարգավորել տվյալ իրավահարաբերությունը: Ավելին, օրենսդրական տեխնիկայի կանոնները սահմանելիս՝ օրենսդիրը Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով ամրագրել է, որ «նորմատիվ իրավական ակտում ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հստակ նշել ժամկետի սկիզբն ու ավարտը»: Այսինքն, իրավական ակտով սահմանված ժամկետները պետք է լինեն հստակ, աներկբա և տարընթերցումների տեղիք չտվող:
Տվյալ դեպքում, Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի քննության մեկամսյա ժամկետի իմպերատիվ պահանջը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ դատական նիստ հրավիրելու անհրաժեշտությունը բացակայում է։ Օրենսդրի կողմից նման սեղմ ժամկետի սահմանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական նիստով գործի քննության անհրաժեշտության բացակայության պայմաններում, դատարանը ողջամտորեն կարող է գործի քննությունն ավարտել մեկամսյա ժամկետում: Այսինքն, հաշվի է առնվում այն իրողությունը, որ դատարանը քննարկվող պարագայում սահմանափակվում է իր վարույթում ընդունված գործով ձեռք բերված նյութերի (գրավոր ապացույցներ, իրեղեն ապացույցներ և այլն) հետազոտմամբ և իրավական գնահատմամբ: Ի տարբերություն նշված իրավիճակի, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության պայմաններում անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, դատարանը կաշկանդված չէ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի քննության մեկամսյա ժամկետով։ Ավելին, օրենսդիրն Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկամսյա ժամկետը վերաբերելի չի համարել այն դեպքերի նկատմամբ, երբ գործի քննությունն իրականացվում է դատական նիստ հրավիրելով, թերևս այն պատճառով, որ հաճախ նման սեղմ ժամկետի պահպանումը կարող է անհամատեղելի լինել դատական նիստ հրավիրելու հետ։ Մասնավորապես՝ Օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված կարգով դատական նիստի վայրի և ժամանակի մասին կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ծանուցելը, Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքների իրացումը և պարտականությունների կատարումը, Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նիստը հետաձգելու հիմքերի առկայությունը կամ այլ իրավաչափ հանգամանքները կարող են հանգեցնել Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկամսյա ժամկետում գործի քննության օբյեկտիվ անհնարինության։ Այսպես, օրինակ, հնարավոր է, որ այն կողմը, որի՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների կամ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումները դատարանի գնահատմամբ անհրաժեշտ են գործի պատշաճ և լիարժեք քննության համար, չներկայանա հրավիրված դատական նիստին կամ այդ անձը (կամ գործին մասնակցող այլ անձ) հիմնավոր միջնորդություն ներկայացնի նիստը հետաձգելու վերաբերյալ կամ դատարանը պարտավորված լինի Օրենսգրքի 157-րդ հոդվածի կիրառմամբ կասեցնել գործի վարույթը և այլն։ Բացի այդ, հնարավոր են դեպքեր, երբ դատավորից անկախ պատճառով հնարավոր չլինի ապահովել դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը, որպիսի պայմաններում ողջամտորեն հնարավոր չէ ապահովել մեկամսյա ժամկետում գործի քննություն։ Ընդ որում, դատական նիստ հրավիրելու դեպքում նշված գործերի քննության նկատմամբ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի տարածման բացակայությունն ամենևին չի նշանակում, որ դատարանը գործի քննության որևէ ժամկետով կաշկանդված չէ։ Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասին համաձայն «Գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում»: Այլ կերպ ասած, դատարանն ամեն դեպքում գործի քննությունը պետք է իրականացնի այնպիսի ժամկետում, որը կապահովի կողմերի՝ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացումը։
Հետևաբար, Օրենսգրքի 339-րդ հոդվածի այնպիսի մեկնաբանությունը, որ դատարանը դատական նիստ հրավիրելու դեպքում կաշկանդված է գործի քննության մեկամսյա ժամկետով, չի բխում արդարադատության իրականացման դատական գործառույթի էությունից։ Արդարադատության իրականացումը ենթադրում է նաև գործի փաստական հանգամանքների պարզում, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, որպիսի գործողությունների իրականացումը հաճախ կարող է չտեղավորվել մեկամսյա սեղմ ժամկետում։
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերը՝ դրանց քննության ժամկետի տեսանկյունից բաժանվում են երկու խմբի.
- գործի քննություն դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում, որը կիրառելի է այն դեպքերում, երբ գործի քննությունն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու,
- գործի քննություն ողջամիտ ժամկետում, որը կիրառելի է այն դեպքերում, երբ գործի քննությունն իրականացվում է դատական նիստ հրավիրելով։ Ընդ որում, նշված պարագայում դատական նիստը պետք է հրավիրվի դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում։
Միաժամանակ միջնորդության մեջ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի նկատմամբ նույն հոդվածի 1-ին մասում սահմանված գործի քննության մեկամսյա ժամկետի պահանջը կիրառելով, միջնորդություն բերած կողմն ըստ էության օգտվել է օրենքի անալոգիայից։ Մինչդեռ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ քաղաքացիական դատավարությունում օրենքի անալոգիա կարող է կիրառվել բացառապես վիճելի հարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում, իսկ դատավարական նորմերն օրենքի անալոգիայով չեն կիրառվում։
Վերը նշված վերլուծությունները համադրելով սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքների հետ՝ գտնում եմ, որ Դատավորի կողմից գործի քննության մեկամսյա ժամկետի խախտում չէր կարող կատարվել, քանի որ տվյալ դեպքում Դատավորը գործի քննությունն իրականացրել է դատական նիստ հրավիրելով, որպիսի պայմաններում գործի քննության մեկամսյա ժամկետի պահանջը կիրառելի չէր։
2․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածով նախատեսված կանոնների խախտման վերաբերյալ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «ի լրումն դատավորի լիազորությունների՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի աշխատակազմի գործունեությունը»։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ «Դատավորի աշխատակազմը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «օգնականի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է»:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ «դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց, ինչպես նաև դատարանի աշխատակազմի համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ»:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը:»
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածն ամրագրում է, որ «դատավորի օգնականի անմիջական ղեկավարումն իրականացնում է դատավորը: Դատարանի աշխատակազմի գործունեությունը վերահսկում է դատարանի նախագահը»:
Օրենսգրքի 340-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը սահմանում են, որ «դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում: Դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում»:
Օրենսգրքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը»:
Օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին սույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ»:
Օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասն արձանագրում է, որ «դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով»:
Վերոնշյալ հոդվածների համալիր վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ օրենսդրությունը տարանջատում է դատարանի աշխատակազմը և դատավորի աշխատակազմը։ Ընդ որում, առաջինի նկատմամբ վերահսկողության լիազորությունը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, վերապահված է համապատասխան դատարանի նախագահին։
Կարևոր եմ համարում նշել, որ դատավորը պարտավոր է վերահսկել, որ իր աշխատակազմը պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները, որպեսզի որևէ թերացման հետևանքով չխախտվեն դատավարության մասնակիցների իրավունքները և օրինական շահերը։ Ընդ որում, դատավորին կարող են վերագրվել միայն այն խախտումները, որոնք կատարվել են իր աշխատակազմի և ոչ թե դատարանի այլ աշխատակիցների կողմից, որոնց նկատմամբ դատավորը վերահսկողական որևէ լիազորություն չունի, ղեկավարումը չի իրականացվում դատավորի կողմից և դատարանի աշխատակազմի վրա վերահսկողությունն իրականացվում է դատարանի նախագահի կողմից։
Օրենսգրքի 94-րդ և 99-րդ հոդվածների համադրությունից պարզ է դառնում, որ դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու պարտականությունն օրենսդիրը դրել է ոչ թե դատավորի, այլ դատարանի աշխատակազմի վրա։ Հետևաբար, վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում, գտնում եմ՝ տվյալ իրավիճակում դատական ակտը գործին մասնակցող անձանց սահմանված ժամկետի խախտմամբ ուղարկելու արարքը կարող էր Դատավորին վերագրվել միայն այն պարագայում, եթե Միջնորդություն բերած կողմը ներկայացներ բավարար հիմնավորումներ և ապացույցներ այն մասին, որ դատական ակտը սահմանված ժամկետում չի ուղարկվել դատավարության մասնակիցներին դատավորի աշխատակազմի գործողությունների կամ անգործության հետևանքով (դատավորի աշխատակազմը դատավարական փաստաթղթերը սահմանված ժամկետում չի հանձնել դատարանի գրասենյակի համապատասխան աշխատակիցներին)։ Մինչդեռ Միջնորդությունը որևէ կերպ չի անդրադառնում Դատավորի աշխատակազմի կողմից այդ պարտականությունը պատշաճ կատարված չլինելու հանգամանքին, իսկ կից ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում նշված հանգամանքը հավաստող ապացույցներ։
Ինչ վերաբերում է որոշման հրապարակման կանոնների խախտմանը, ապա արարքը դատավորին վերագրելի կարելի է համարել միայն այն իրավիճակում, երբ հստակ սահմանված օրենսդրական կարգավորմամբ դատական ակտի հրապարակման պարտականությունը դրված լինի դատավորի աշխատակազմի վրա, այնինչ ո՛չ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, ո՛չ Օրենսգիրքը, ո՛չ դատավարական կանոններ պարունակող այլ իրավական ակտերը նման դրույթ չեն պարունակում:
Այս առումով կարևոր եմ համարում վկայակոչել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածով սահմանված պահանջը, համաձայն որի՝ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»։ Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի հետազոտման առարկան սահմանափակված է միջնորդության մեջ ներկայացված հիմքերով և հիմնավորումներով։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ Միջնորդություն բերած կողմը Դատավորին վերագրվող խախտումները չի հիմնավորել:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ անդամ` |
Ս. Միքայելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: