ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2018 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 17-ի թիվ 111 որոշմամբ |
ԿԱՆՈՆՆԵՐ
«Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի իրականացման
I. Ընդհանուր դրույթները
1. Սույն կանոնները մշակվել են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիր.
«Ընդհանուր գործընթացներն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշում.
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի օգոստոսի 19-ի թիվ 132 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշում.
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների վերլուծության, օպտիմալացման, ներդաշնակեցման և նկարագրության մեթոդիկայի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 9-ի թիվ 63 որոշում.
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշում.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրի ձևի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 186 որոշում.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 187 որոշում:
2. Սույն կանոնները հիմք են «Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրագործման կազմակերպատեխնիկական ապահովման մասով աշխատանքների տեխնոլոգիական նախագծումը և պլանավորումը կատարելու համար:
3. Սույն կանոններում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված իմաստներով:
II. Նպատակները և խնդիրները
4. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներն են Միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, ընդհանուր ռեեստր) ձևավորման և վարման ապահովումը, ինչպես նաև դրանում առկա տեղեկությունների ներկայացումն անդամ պետությունների այն լիազորված մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են ընդհանուր ռեեստրի տեղեկությունները (այսուհետ՝ շահագրգիռ անձինք):
5. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
ա) անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրների վարումն իրականացնող՝ անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետությունների ռեեստրներ, լիազորված մարմիններ) կողմից ընդհանուր ռեեստրի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում՝ անդամ պետությունների ռեեստրներում իրավաբանական անձանց ընդգրկելու, անդամ պետությունների ռեեստրներից դրանց հանելու, որպես լիազորված տնտեսական օպերատոր գործունեությունը կասեցնելու (վերսկսելու) և անդամ պետությունների ռեեստրներում իրավաբանական անձանց մասին տեղեկությունները փոփոխելու մասին տեղեկությունների) ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով).
բ) ընդհանուր ռեեստրի ավտոմատ ձևավորումը Հանձնաժողովում ստացված տեղեկությունների հիման վրա.
գ) ընդհանուր ռեեստրի տեղեկությունների ներկայացումը լիազորված մարմիններին՝ դրանց տեղեկատվական համակարգերի հարցմամբ.
դ) ընդհանուր ռեեստրի հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում և ընդհանուր ռեեստրի տեղեկություններին հասանելիության տրամադրումը շահագրգիռ անձանց:
III. Տեղեկատվական փոխգործակցության մասնակիցները
6. Ընդհանուր ռեեստրի ձևավորման, վարման և օգտագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցություն) մասնակիցներն են՝
ա) լիազորված մարմինները,
բ) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են ընդհանուր ռեեստրի ձևավորումը, վարումը և օգտագործումն ապահովելու համար,
գ) շահագրգիռ անձինք:
7. Տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում լիազորված մարմինը կատարում է հետևյալ գործառույթները՝
անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձանց ընդգրկելու, դրանից հանելու, որպես լիազորված տնտեսական օպերատոր գործունեությունը կասեցնելու (վերսկսելու) և (կամ) անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձանց մասին տեղեկությունները փոփոխելու մասին տեղեկությունների ներկայացումը Հանձնաժողով.
ընդհանուր ռեեստրի թարմացման ամսաթվի և ժամի հարցումը.
ընդհանուր ռեեստրի տեղեկությունների հարցումը.
ընդհանուր ռեեստրում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների հարցումը.
ընդհանուր ռեեստրից տեղեկությունների (այդ թվում՝ ընդհանուր ռեեստրում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների) ստացումը:
Ընդհանուր ռեեստրում ընդգրկելու կամ դրանից հանելու համար տեղեկություններ ներկայացնելիս լիազորված մարմնի կողմից իրականացվում են համապատասխան տեղեկությունների ձևավորումն ու հանձնումը Հանձնաժողով:
Ընդհանուր ռեեստրի թարմացման ամսաթվի և ժամի հարցումը կատարվում է ընդհանուր ռեեստրի տվյալների հետ առկա տեղեկությունների սինքրոնացման անհրաժեշտությունը գնահատելու նպատակներով (ըստ դրանց թարմացման ամսաթվի և ժամի):
Ընդհանուր ռեեստրի տեղեկությունների հարցումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից Հանձնաժողովում պահվող՝ ընդհանուր ռեեստրի օբյեկտների մասին տեղեկություններն ստանալու նպատակներով՝ կա՛մ ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով պատմական տվյալները, կա՛մ որոշակի ամսաթվի դրությամբ:
Ընդհանուր ռեեստրում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների հարցումը կատարվում է լիազորված մարմնի կողմից ընդհանուր ռեեստրում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններն ստանալու նպատակով՝ սկսած հարցման մեջ նշված ամսաթվից և ժամից:
Ընդհանուր ռեեստրից տեղեկություններ (այդ թվում՝ ընդհանուր ռեեստրում կատարված փոփոխությունների մասին) ստանալիս իրականացվում է դրանց ավտոմատ ներբեռնումը լիազորված մարմնի տեղեկատվական համակարգ՝ հետագա մշակմամբ: Ընդհանուր ռեեստրից տեղեկությունների տրամադրումն իրականացվում է կա՛մ ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով պատմական տվյալները, կա՛մ որոշակի ամսաթվի դրությամբ, կա՛մ նշված ամսաթվից և ժամից սկսած ծավալով:
Անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումն իրականացրած լիազորված մարմինը Հանձնաժողով է ներկայացնում տեղեկություններ այդ իրավաբանական անձի մասին նշված ռեեստրում այդ տեղեկությունները ներառելու օրվանից 5 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականի (այսուհետ՝ վկայական) գործողության կասեցումը, վերսկսումը, ինչպես նաև անդամ պետության ռեեստրից իրավաբանական անձի հանումն իրականացրած լիազորված մարմինը Հանձնաժողով է ներկայացնում համապատասխան տեղեկություններ նշված գործողություններն իրականացնելու օրվանից 5 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
Լիազորված տնտեսական օպերատորի մասին տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարումն իրականացրած լիազորված մարմինը Հանձնաժողով է ներկայացնում համապատասխան տեղեկություններ փոփոխությունները կատարելու օրվանից 5 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
8. Տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում Հանձնաժողովը կատարում է հետևյալ գործառույթները՝
ընդհանուր ռեեստրի ձևավորում.
ընդհանուր ռեեստրի վարում.
շահագրգիռ անձանց հարցումներով ընդհանուր ռեեստրում կատարված փոփոխությունների մասին տեղեկացում.
Միության տեղեկատվական պորտալում ընդհանուր ռեեստրի արդիականացված տեղեկությունների հրապարակում.
լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի հարցումներով ընդհանուր ռեեստրից տեղեկությունների ներկայացում.
ընդհանուր ռեեստրի տեղեկությունների թարմացում՝ լիազորված մարմիններին (ներառյալ այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ տրվել է վկայականը) միաժամանակյա ավտոմատ ծանուցմամբ՝ անդամ պետության ռեեստրից տեղեկություններ ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օր հետո:
Ընդհանուր ռեեստրը ձևավորելիս իրականացվում են անդամ պետությունների ռեեստրներից տեղեկությունների սկզբնական հավաքումը, մշակումը և պահպանումը:
Ընդհանուր ռեեստրը վարելիս իրականացվում են անդամ պետությունների ռեեստրներից տեղեկությունների հավաքումը, մշակումը, պահպանումը և այդ տեղեկությունների ներկայացումը լիազորված մարմիններին և շահագրգիռ անձանց:
Միության տեղեկատվական պորտալում հրապարակման ենթակա են իրավաբանական անձանց մասին տեղեկությունները, եթե դրանց առնչությամբ տրված վկայականներն ունեն հետևյալ կարգավիճակները՝
«գործում է»,
«կասեցվել է»,
«վերսկսվել է»:
Լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի հարցումներով ընդհանուր ռեեստրից տեղեկություններ ներկայացնելիս, հարցումների պայմաններին համապատասխան, իրականացվում են ընդհանուր ռեեստրի օբյեկտների մասին տեղեկությունների ավտոմատ վերբեռնումը և փոխանցումը լիազորված մարմնի տեղեկատվական համակարգ:
9. Տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում շահագրգիռ անձինք ընդհանուր ռեեստրից տեղեկություններ են ստանում՝ Միության տեղեկատվական պորտալի միջոցների օգտագործմամբ:
Ընդհանուր ռեեստրի տեղեկությունների հարցումն իրականացվում է շահագրգիռ անձի կողմից Հանձնաժողովում պահվող՝ ընդհանուր ռեեստրի օբյեկտների մասին տեղեկություններ ստանալու նպատակով՝ կա՛մ ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով պատմական տվյալները, կա՛մ որոշակի ամսաթվի դրությամբ:
Միության տեղեկատվական պորտալի միջոցների օգտագործմամբ տեղեկությունները ներկայացնելիս օգտագործվում է նշված պորտալի վեբ-միջերեսը կամ դրանում տեղադրված ծառայությունները: Վեբ-միջերեսն օգտագործելիս օգտվողն առաջադրում է ընդհանուր ռեեստրում պարունակվող տեղեկությունների որոնման և (կամ) վերբեռնման պարամետրերը և ընդհանուր ռեեստրի տեղեկություններով աշխատանք է իրականացնում:
Միության տեղեկատվական պորտալում տեղադրված ծառայություններն օգտագործելիս տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է շահագրգիռ անձի տեղեկատվական համակարգի և Միության տեղեկատվական պորտալի միջև:
IV. Տեղեկատվական ռեսուրսները և ծառայությունները
10. Միության տեղեկատվական պորտալում ընդհանուր ռեեստրից տեղեկությունների հրապարակման հնարավորությունն ապահովելու և դրանց նկատմամբ լիազորված մարմինների ու շահագրգիռ անձանց օպերատիվ հասանելիությունը կազմակերպելու համար Հանձնաժողովում ստեղծվում է ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է տեղեկություններ լիազորված տնտեսական օպերատորների մասին և ձևավորվում է լիազորված մարմինների կողմից ներկայացվող՝ անդամ պետությունների ռեեստրների տեղեկությունների հիման վրա:
11. Միության տեղեկատվական պորտալում տեղադրման ենթակա՝ լիազորված տնտեսական օպերատորների մասին տեղեկությունների կազմը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 187 որոշմամբ:
12. Ընդհանուր ռեեստրի տեղեկություններին շահագրգիռ անձանց հասանելիության դեպքում պետք է ապահովվի ընդհանուր ռեեստրում պարունակվող տեղեկությունների որոնումը (զտումը), ինչպես նաև ընդհանուր ռեեստրի տեղեկությունների վերբեռնումն ու պահպանումը՝ առաջադրված ձևաչափերով:
13. Միության տեղեկատվական պորտալի ծառայությունները պետք է ապահովեն շահագրգիռ անձանց տեղեկատվական համակարգերի ավտոմատացված հասանելիությունն ընդհանուր ռեեստրի տեղեկություններին՝ բաց միջերեսների (հաղորդակարգերի) օգտագործման հիման վրա:
V. Տեղեկատվական փոխգործակցության առանձնահատկություններն ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման ժամանակ
14. Տեղեկատվական փոխգործակցությունը լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) միջոցների օգտագործմամբ:
15. Շահագրգիռ անձանց հարցումներով ընդհանուր ռեեստրից տեղեկությունների ներկայացումն իրականացվում է Միության տեղեկատվական պորտալի միջոցների օգտագործմամբ:
16. Լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային հաղորդագրությունների ձևաչափը և կառուցվածքը սահմանվում են ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի (այսուհետ՝ տեխնոլոգիական փաստաթղթեր) պահանջներին համապատասխան:
17. Ընդհանուր գործընթացն իրագործելիս լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով փոխանցվող տեղեկությունների կազմը սահմանվում է 1-ին հավելվածի համաձայն: Ընդհանուր գործընթացն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության գործառութային սխեման բերված է 2-րդ հավելվածում:
18. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է ռուսերեն:
VI. Տեղեկատվական անվտանգության ապահովման սկզբունքները
19. Տեղեկատվական փոխգործակցությունն իրագործելիս էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման կարգը սահմանվում է Միության մարմինների ակտերին համապատասխան:
20. Ընդհանուր ռեեստրում պարունակվող տեղեկություններն ընդհանուր օգտագործման տեղեկատվություն են և կարող են հրապարակվել բաց աղբյուրներում:
21. Ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակի շրջանակներում տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի ինտեգրված համակարգի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի միջոցներով:
Անդամ պետության տեղեկատվական տարածության շրջանակներում տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի անդամ պետության օրենսդրությանը և այդ պետության տարածքում գործող՝ տեղեկատվական անվտանգության ապահովմանը ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան:
VII. Ընդհանուր գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումները
22. Հանձնաժողովն ապահովում է ինտեգրված համակարգի ենթահամակարգերի լրամշակումը և (կամ) կարգաբերումը՝ տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
23. Լիազորված տնտեսական օպերատորների մասին տեղեկություններ պարունակող՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի ստեղծումն ու վարումը, ինչպես նաև դրա տեղեկությունների ներկայացումը լիազորված մարմիններին և շահագրգիռ անձանց իրականացվում են Հանձնաժողովի կողմից:
24. Լիազորված մարմիններն ապահովում են անդամ պետությունների ռեեստրների վարումն ապահովող ազգային տեղեկատվական համակարգերի մշակումը (արդիականացումը)՝ տեխնոլոգիական փաստաթղթերի և ինտեգրված համակարգի գործառումն ապահովելիս կիրառվող փաստաթղթերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև ազգային տեղեկատվական համակարգերի միացումն ինտեգրված համակարգի ազգային հատվածներին, եթե այդ միացումն ավելի վաղ չի ապահովվել:
25. Հանձնաժողովի համակարգմամբ լիազորված մարմիններն ապահովում են ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու ընթացակարգի կատարումը:
26. Սույն կանոններին համապատասխան՝ տեղեկատվական փոխգործակցության իրագործմանն ուղղված միջոցառումների համակարգումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների |
ԿԱԶՄԸ
«Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով փոխանցվող տեղեկությունների
1. Սույն փաստաթուղթը սահմանում է «Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով փոխանցվող տեղեկությունների կազմը (այսուհետ համապատասխանաբար՝ ընդհանուր գործընթաց, անդամ պետություններ):
2. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում փոխանցվում են տեղեկություններ, որոնց կազմը բերված է աղյուսակում:
Փոխանցվող տեղեկությունների բազմաքանակությունը, լրացման պարտադրականությունը և հնարավոր կրկնությունների քանակը նշելու համար աղյուսակի «Բազմաքանակություն» («Բազմ.») սյունակում օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ տեղեկությունները պարտադիր են, կրկնություններ չեն թույլատրվում.
1..*՝ տեղեկությունները պարտադիր են, կարող են կրկնվել առանց սահմանափակումների.
0..1՝ տեղեկությունները կամընտրական են, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ տեղեկությունները կամընտրական են, կարող են կրկնվել առանց սահմանափակումների:
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1. Այն անդամ պետության ծածկագիրը, որի մաքսային մարմնի կողմից տրվել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու մասին վկայականը (այսուհետ՝ վկայական) |
վկայականը տված երկրի ծածկագրային նշագիրը |
նշվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան |
1 |
2. Տեղեկություններ վկայականի մասին |
տեղեկություններ վկայականի մասին |
1 | |
2.1. Անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու ամսաթիվը |
անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու ամսաթիվը |
1 | |
2.2. Վկայականի համարը |
վկայականի համարը |
նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 129 որոշմամբ հաստատված՝ Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականի ձևի լրացման կարգում սահմանված՝ վկայականի համարի ձևանմուշին համապատասխան |
1 |
2.3. Վկայականն ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
վկայականն ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
1 | |
2.4. Վկայականի գործողության կարգավիճակը |
վկայականի գործողության կարգավիճակի ծածկագրային նշագիրը |
ունի հետևյալ արժեքները՝ «02»՝ գործում է, «03»՝ կասեցվել է, «04»՝ վերսկսվել է, «05»՝ դադարեցվել է: |
1 |
2.5. Տեղեկություններ այն փաստաթղթի մասին, որին համապատասխան սահմանվել է կարգավիճակը |
տեղեկություններ այն փաստաթղթի մասին, որը հիմք է հանդիսացել վկայականի գործողությունը կասեցնելու (վերսկսելու), անդամ պետության ռեեստրից իրավաբանական անձին հանելու (վկայականի գործողությունը դադարեցնելու) մասին որոշում կայացնելու համար |
նշվում են փաստաթղթի տեսակի ծածկագիրը, համարը, փաստաթղթի տրման ամսաթիվը |
0..* |
2.6. Կարգավիճակը սահմանելու ամսաթիվը |
վկայականի գործողությունը կասեցնելու (վերսկսելու), անդամ պետության ռեեստրից իրավաբանական անձին հանելու (վկայականի գործողությունը դադարեցնելու) մասին որոշում կայացնելու ամսաթիվը |
0..1 | |
3. Տեղեկություններ լիազորված տնտեսական օպերատորի և դրա առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների մասին |
տեղեկություններ լիազորված տնտեսական օպերատորի (իրավաբանական անձի) և դրա առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների մասին |
1..* | |
3.1. Լիազորված տնտեսական օպերատորի ամբողջական անվանումը |
լիազորված տնտեսական օպերատորի ամբողջական անվանումը |
բերվում է ամբողջական անվանումը՝ կազմակերպաիրավական ձևի նշմամբ |
1 |
3.2. Լիազորված տնտեսական օպերատորի կրճատ անվանումը |
լիազորված տնտեսական օպերատորի կրճատ անվանումը |
լրացվում է լիազորված տնտեսական օպերատորի (իրավաբանական անձի) կրճատ անվանման առկայության դեպքում |
1 |
3.3. Հարկային համարը |
հարկ վճարողի գրանցման երկրի հարկ վճարողների ռեեստրում իրավաբանական անձի նույնականացուցիչը |
նշվում է՝ ՀՎՀՀ՝ հարկ վճարողի հաշվառման համարը (Հայաստանի Հանրապետության համար). ՎՀՀ՝ վճարողի հաշվառման համարը (Բելառուսի Հանրապետության համար). ԲՆՀ՝ բիզնես-նույնականացման համարը (Ղազախստանի Հանրապետության համար). ՀՆՀ՝ հարկային նույնականացման համարը (Ղրղզստանի Հանրապետության համար). ՀՎՆՀ (ՀԿՊԾ)՝ հարկ վճարողի նույնականացման համարը (հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը) (Ռուսաստանի Դաշնության համար) |
1 |
3.4. Հասցեն |
լիազորված տնտեսական օպերատորի գտնվելու վայրի հասցեն (փաստացի հասցեն) |
նշվում են անդամ պետության ծածկագիրը, տարածաշրջանը, շրջանը, քաղաքը, բնակավայրը, փողոցը, շենքի համարը, սենքի համարը, փոստային դասիչը: Գտնվելու վայրի հասցեի և փաստացի հասցեի համընկնելու դեպքում նշվում է գտնվելու վայրի հասցեն |
1..* |
3.5. Մասնաճյուղի հատկանիշը |
տնտեսավարող սուբյեկտի մասնաճյուղի (ներկայացուցչության) հատկանիշը |
նշվում են՝ «0»՝ լիազորված տնտեսական օպերատորի գլխամասային կազմակերպությունը նշագրելու համար. 1-ից սկսած թվանշանները՝ լիազորված տնտեսական օպերատորի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (մասնաճյուղերի) համար |
1 |
4. Տեղեկություններ պահպանման վայրերի մասին |
ապրանքների ժամանակավոր պահպանման համար օգտագործվելու նպատակով նախատեսված կամ օգտագործվող՝ լիազորված տնտեսական օպերատորի կառույցների, սենքերի (սենքերի մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) մասին տեղեկություններ |
1..* | |
4.1. Պահպանման վայրի անվանումը |
պահպանման վայրի անվանումը |
1 | |
4.2. Պահպանման վայրի փաստացի հասցեն |
պահպանման վայրի փաստացի հասցեն |
նշվում են պահպանման վայրի փաստացի հասցեի մասին տեղեկությունները՝ նշելով անդամ պետության ծածկագիրը, տարածաշրջանը, շրջանը, քաղաքը, բնակավայրը, փողոցը, շենքի համարը, սենքի համարը, փոստային դասիչը |
1 |
4.3. Պահպանման վայրի մակերեսը |
պահպանման վայրի մակերեսը |
նշվում է իրական թվային տասանիշ արժեքը՝ ստորակետից հետո 2 նիշով |
1 |
4.4. Չափման միավորի ծածկագիրը |
պահպանման վայրի մակերեսի չափման միավորի ծածկագիրը |
1 | |
4.5. Տեղեկություններ մաքսային մարմինների մասին |
տեղեկություններ այն մաքսային մարմինների մասին, որոնց վրա է դրված հսկողությունը պահպանման վայրերում |
1..* | |
4.5.1. Մաքսային մարմնի ծածկագիրը |
այն մաքսային մարմնի ծածկագիրը, որի գործունեության տարածաշրջանում է գրանցված պահպանման վայրը |
1 | |
4.5.2. Մաքսային հսկողության գոտու համարը |
մաքսային հսկողության գոտու համարը |
0..1 | |
4.5.3. Տեղեկություններ փաստաթղթի մասին |
տեղեկություններ՝ մաքսային հսկողության գոտու ստեղծումը հաստատող փաստաթղթի մասին |
նշվում են փաստաթղթի տեսակի ծածկագիրը, փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը |
0..1 |
5. Տեխնոլոգիական տեղեկություններ |
անդամ պետության ռեեստրից գրառման մասին տեխնոլոգիական տեղեկությունների ամբողջություն, այդ թվում՝ գրառման գործողության սկզբի և ավարտի ամսաթվերը, տեղեկատվական ռեսուրսի թարմացման ամսաթվերը |
1 |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների |
ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՍԽԵՄԱ
«Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության
Նկ. Տեղեկատվական փոխգործակցության գործառութային սխեմա
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: