ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
1 հուլիսի 2022 թ. |
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ԵՎ 9.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Մարդու իրավունքների պաշտպանի,
գործով որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Լալայանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի 2-րդ մասի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 9.1-ին հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997 թվականի դեկտեմբերի 27-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հունվարի 10-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի հունվարի 11-ին:
Օրենքի «Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը,
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը,
3. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատարաններ տրվող դիմումների, դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը,
4. Դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչներ և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը,
5. Արտարժույթով պահանջ ներկայացվելու կամ պահանջի վիճարկման դեպքում պետական տուրքի հաշվարկման կարգը:
Օրենքի «Սահմանադրական դատարան տրվող անհատական դիմումների, Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը» վերտառությամբ 9.1-ին հոդվածով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը:
Օրենքի 9-րդ հոդվածը լրացվել, խմբագրվել և/կամ փոփոխության է ենթարկվել 28.12.1998 թ. ՀՕ-277, 12.10.1999 թ. ՀՕ-4, 13.12.2000 թ. ՀՕ-123, 11.09.2001 թ. ՀՕ-219, 29.05.2002 թ. ՀՕ-358-Ն, 07.07.2005 թ. ՀՕ-148-Ն, 25.12.2006 թ. ՀՕ-60-Ն, 28.11.2007 թ. ՀՕ-282-Ն, 09.02.2018 թ. ՀՕ-111-Ն, 09.07.2019 թ. ՀՕ-133-Ն, 19.04.2021 թ. ՀՕ-177-Ն, 21.01.2022 թ. ՀՕ-6-Ն օրենքներով, 19.04.2021 թ. ՀՕ-177-Ն օրենքն ունի անցումային դրույթ: Նշված հոդվածը 21.01.2022 թ. ՀՕ-6-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից1:
Օրենքի 9.1-ին հոդվածը լրացվել է 17.01.2018 թ. ՀՕ-45-Ն օրենքով, փոփոխության ենթարկվել՝ 19.04.2021 թ. ՀՕ-177-Ն օրենքով, որն ունի անցումային դրույթ:
Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` նաև դիմող)՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով Օրենքի համապատասխան դրույթները ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը հայտնում է, որ Ազգային ժողովի 2021 թվականի ապրիլի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվել է «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչի արդյունքում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման առնչությամբ սահմանված պետական տուրքերի դրույքաչափերն զգալիորեն բարձրացվել են (2-5 անգամ, որոշ դեպքերում՝ 10 անգամ): Բացի դրանից, պետական տուրքի գծով որոշ արտոնություններ վերացվել են, մասնավորապես՝ ֆիզիկական անձինք և ոչ առևտրային կազմակերպություններն այլևս պետական տուրքի վճարումից չեն ազատվում վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով, գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով և այլ դեպքերում:
Ըստ դիմողի՝ պետական տուրքի նոր սահմանված դրույքաչափերն առաջացնում են անձանց՝ դատարանի մատչելիության իրավունքի ոչ համաչափ սահմանափակման մտահոգություններ՝ պայմանավորված նրանով, որ օրենսդիրը հասարակության սոցիալական դրությունը հաշվի չի առել:
Որպես վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկ` դիմողը վկայակոչում է Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներն ու դիմումները՝ նշելով, որ առաջնահերթ մտահոգություններն բարձրացվել են փաստաբանների կողմից: Ընդ որում՝ այս առնչությամբ դիմողի դիրքորոշումները դեռևս ներկայացվել են օրենքի նախագծային փուլում:
Ըստ դիմողի՝ պետական տուրքի դրույքաչափերի բարձրացման օրենսդրական հիմնավորումներն անընդունելի են: Մասնավորապես՝ անդրադառնալով նրան, որ նվազագույն աշխատավարձի ցուցանիշը փոփոխվել է 2003 թվականի դրությամբ սահմանված տասներեք հազար ՀՀ դրամից՝ 2020 թվականի դրությամբ վերաճելով վաթսունութ հազար ՀՀ դրամի՝ դիմողը նկատում է, որ նշված աճին զուգահեռ բարձրացել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլ շուկայական գները՝ կազմելով 94.1%: Ընդ որում՝ այս աճը որոշ ապրանքների և ծառայությունների մասով գրանցվել է նաև 2020 թվականին՝ 2019 թվականի համեմատությամբ:
Դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարների համեմատ՝ արդարադատության իրականացման ծախսերը մոտ չորս անգամ գերազանցելու վերաբերյալ օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, դիմողի գնահատմամբ, չի բխում դատարանի մատչելիության հիմնարար իրավունքի էությունից՝ նկատի ունենալով, որ արդարադատության իրականացման ծախսերը չպետք է հիմք հանդիսանան անձանց իրավունքները սահմանափակող կառուցակարգեր նախատեսելու համար: Ավելին, յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքներով դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գումար է հատկացվում Դատական դեպարտամենտին, հետևաբար՝ դրանց գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելն իրավաչափ չէ:
Ավելին, դիմողը գտնում է, որ օրենսդրությամբ նշված ծախսերն էապես նվազեցնող այլ կառուցակարգեր են ներդրվել, ինչպիսին է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատական ծանուցագրերը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու կառուցակարգը:
Դիմողի կարծիքով՝ պետական տուրքի գծով մի շարք արտոնություններ վերացվել են առանց բավարար հիմնավորումների՝ վատթարացնող ազդեցություն ունենալով անձանց վրա: Անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատման արտոնությունը հանելու օրենսդրական հիմնավորումներին՝ դիմողն այն բավարար չի համարում և արձանագրում է, որ ոչ պատշաճ վարչարարության հետևանքով կայացված ակտերի բողոքարկման մեծաքանակությունը պետության առջև ծառացած խնդիրների շարքում է, և անձինք չպետք է կրեն դրա բացասական բեռը: Բացի դրանից, անձինք, փաստացի գնահատելով դատական կարգով բողոքարկման հեռանկարները, խուսափում են դատական պաշտպանությունից պետական տուրքի բարձր դրույքաչափի պատճառով: Արտոնությունները նվազեցնելու հետ կապված դիմողի մտահոգությունները վերաբերելի են նաև հարկադիր կատարողի գործողությունների դեմ դատական կարգով բողոքարկման դեպքերին, երբ նախկինում այս խումբ գործերով անձինք ազատված էին պետական տուրքի վճարումից:
Դիմողը, վկայակոչելով և վերլուծելով Սահմանադրական դատարանի 10.03.2016 թ. ՍԴՈ-1257, 03.03.2015 թ. ՍԴՈ-1192, 10.07.2018 թ. ՍԴՈ-1423 որոշումներում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռներում դատարանի մատչելիության իրավունքի և պետական տուրքի վերաբերությամբ արտահայտված դիրքորոշումները, եզրակացնում է, որ Օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերի գործնական կիրառությունը հանգեցնում է դատական պաշտպանության իրավունքի անհիմն միջամտության և սահմանափակման:
Համաչափության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներ վկայակոչելով՝ դիմողը գտնում է, որ պետական տուրքի դրույքաչափերը փոփոխելու օրենքի «(…) ընդունման հիմնավորումներում պետք է առնվազն բավարար հիմնավորումներ ներկայացվեին առ այն, որ՝
- պետական տուրքի սահմանված նման բարձր դրույքաչափերը պիտանի և անհրաժեշտ են օրենքով հետապնդած նպատակին,
- պետական տուրքի նման բարձր դրույքաչափեր սահմանելն ամբողջությամբ հնարավորություն է տալիս հասնելու հետապնդվող նպատակին և այդ նպատակի հետ գտնվում է համարժեք հարաբերակցության մեջ,
- օրենքի նպատակը չի կարող իրացվել հավասարապես պիտանի և ավելի մեղմ միջոցով, քան պետական տուրքի նման բարձր դրույքաչափեր սահմանելն է,
- պետական տուրքի բարձր դրույքաչափեր սահմանելը չի շրջանցում օրենքի հետապնդած նպատակին նվազագույն ջանքերի գործադրմամբ այլ միջոցներով հասնելու ողջամիտ հնարավորությունը»: Այս առնչությամբ դիմողը կասկածի տակ է դնում Օրենքի վիճարկվող դրույթների հետապնդած նպատակի իրավաչափությունը՝ փաստելով, որ երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշների բարձրացումը չի կարող պայմանավորել պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը, իսկ ակնհայտ անհիմն դիմումների նախականխման նպատակն ինքնին առաջացնում է դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակում։ Արդյունքում դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող կարգավորումները չեն համապատասխանում Սահմանադրության 61, 78 և 81-րդ հոդվածների պահանջներին։
2. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ` նաև պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները, այս առնչությամբ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան ակտերը, գտնում է, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի գործնական և արդյունավետ, ինչը, սակայն, չի բացառում ներպետական օրենսդրությամբ որոշակի կանոնների սահմանումը, որոնք ուղղված են ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը։
Պետական տուրքի էությունը, բովանդակությունն ու այն սահմանելու նպատակը բացահայտելու համար պատասխանողը մատնանշել է Օրենքի 2, 3 և 7-րդ հոդվածները, Սահմանադրական դատարանի 25.05.2010 թ. ՍԴՈ-890 որոշումը:
Ըստ պատասխանողի՝ Օրենքի վիճարկվող դրույթների փոփոխությունը պայմանավորված է եղել երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշներով և արդարադատության իրականացման ծախսերի աճով։ Մասնավորապես՝ փաստելով, որ Օրենքում 1999 թվականից ի վեր խնդրո առարկա ոլորտում պետական տուրքի դրույքաչափերը չեն փոփոխվել՝ պատասխանողը գտնում է, որ այն չի արտացոլում երկրի իրական սոցիալ-տնտեսական վիճակը։ Բացի դրանից, վարչական արդարադատության ոլորտում փորձ է արվել ոչ միանման հանգամանքներով գործերի նկատմամբ դրսևորել տարբերակված մոտեցում՝ համապատասխան պետական տուրքի դրույքաչափերի փոփոխության տեսքով։ Փոփոխություններից անմասն չեն մնացել նաև սնանկության դիմումների համար վճարվող պետական տուրքերի դրույքաչափերը՝ նկատի ունենալով, որ սնանկության վարույթը վերաճել էր մատչելի բռնագանձման վարույթի։
Պատասխանողը նշում է, որ վիճարկվող նորմերով սահմանվել են նաև պետական տուրքի առավելագույն դրույքաչափեր՝ ի տարբերություն օրենքի նախկինում գործող խմբագրության։ Բացի դրանից, պետական տուրքի գծով արտոնությունների համակարգի, վերադարձի հիմքերի և այլ հարցերի առնչությամբ կատարվել են համապատասխան բարեփոխումներ։
Արդյունքում, պատասխանողը եզրահանգում է, որ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը հետապնդում է լեգիտիմ նպատակ, մասնավորապես՝ փոխհատուցել պետության՝ արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը և դատարան դիմելու իրավունքի չարաշահումը։ Պատասխանողի պնդմամբ՝ պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը համաչափ է նվազագույն աշխատավարձի ցուցանիշին և համապատասխանում է համաչափության սահմանադրաիրավական սկզբունքին։
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք վիճարկվող դրույթներով սահմանված կարգավորումները հանգեցնում են անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ոչ համաչափ սահմանափակման:
Սահմանադրական դատարանը վիճարկվող իրավանորմերի սահմանադրականությունը քննում է դիմողի կողմից բարձրացված հիմքերի շրջանակում:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության հիմնարար իրավունքին՝ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունն ու ընդգծելով առանձնակի կարևորությունը հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման ու պաշտպանության գործում: Իր մի քանի որոշումներում (ՍԴՈ-690, 719, 733, 765, 780, 849, 873, 890, 918, 922, 936, 1037, 1052, 1062, 1114, 1115, 1190, 1191, 1192, 1196, 1197, 1220, 1222, 1231, 1249, 1254, 1257, 1263, 1265, 1268, 1275, 1289, 1290, 1293, 1395) արդար դատաքննության և դատական բողոքարկման, դատարանի մատչելիության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը վերահաստատել և ընդհանրացրել է 19.06.2018 թ. ՍԴՈ-1420 որոշմամբ՝ արձանագրելով, որ`
«- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման»:
Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ իրավական համարժեք դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև ՄԻԵԴ), որոնք, ըստ էության, հանգում են հետևյալին.
- «Դատարանի իրավունքը», որի մի մասն է կազմում մատչելիության իրավունքը, բացարձակ չէ. այն կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների, մասնավորապես՝ բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ դրա բնույթից ելնելով՝ պահանջվում է պետության կողմից իրականացվող կարգավորում, որին այս առնչությամբ վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ (Mamikonyan v. Armenia, Application no. 25083/05, 16.03.2010, § 25, Scholz AG v. Armenia, Application no. 16528/10, 24.01.2019, § 57),
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն, հակառակ պարագայում այդպիսի սահմանափակումները չեն համապատասխանի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին (Khalfaoui v. France, Application no. 34791/97, 14.12.1999, FINAL 14.03.2000, § 36, Hirschhorn v. Romania, Application no. 29294/02, 26.07.2007, § 50,
- անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճան լինեն, որ վնաս հասցնեն այդ իրավունքի բուն էությանը (Luordo v. Italy, Application no. 32190/96, 17.07.2003, FINAL 17.10.2003, § 85, Staroszczyk v. Poland, Application no. 59519/00, 22.03.2007, FINAL 09.07.2007, § 124, Stanev v. Bulgaria, Application no. 36760/06, 17.01.2012, § 230),
- ընթացակարգային նորմերը կիրառելիս ներպետական դատարանները պետք է խուսափեն և՛ չափազանցված ձևականությունից, որը կազդի ընթացակարգի արդարացիության վրա, և՛ չափազանցված ճկունությունից, որը կհանգեցնի օրենքով սահմանված ընթացակարգային պահանջների վերացմանը (Walchli v. France, Application no. 35787/03, 26.07.2007, FINAL 26.10.2007, § 29, Peca v. Greece (no. 2), Application no. 33067/08, 10.06.2010, FINAL 10.09.2010, § 30),
- դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի (Efstathiou and others v. Greece, Application no. 36998/02, 27.07.2006, FINAL 11.12.2006, § 24, Vamvakas v. Greece, Application no. 36970/06, 16.10.2008, FINAL 16.01.2009, § 26, Louli Georgopoulou v. Greece, Application no. 22756/09, 16.03.2017, FINAl 16.06.2017, § 39):
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է նաև պետական տուրք վճարելու պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը: Մասնավորապես.
Սահմանադրական դատարանը, 2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-890 որոշման շրջանակներում անդրադառնալով պետական տուրքեր վճարելու պարտականությանը, նշված սահմանադրական պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, պետական տուրքի բովանդակությանը, դերին ու նշանակությանը, գտել է. «Դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը»:
Պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականությունը դիտարկելով դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ սերտ կապի մեջ՝ Սահմանադրական դատարանը հիշատակված որոշմամբ փաստել է. «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ` սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Օրենսդիրը կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները` կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար, այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ»:
2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1423 որոշմամբ Սահմանադրական դատարանը, ելնելով պետական տուրքի՝ օրենքով որոշված իրավական բովանդակությունից և նպատակային նշանակությունից, գտել է, որ` «(…) պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաև՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը և թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը»:
Պետական տուրքի առնչությամբ Սահմանադրական դատարանի վերոթվարկյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները վկայում են, որ փաստորեն որոշակի դրամական արտահայտությամբ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը թույլատրելի է, եթե, ի թիվս այլնի, այն հետապնդում է իրավաչափ նպատակներ, դրանք են՝ մի կողմից պետության՝ հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերի որոշակի չափով փոխհատուցումը, մյուս կողմից՝ ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքի նախականխումը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը, թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս չի բացառել հնարավորությունն առ այն, որ արդարադատության իրականացման շահերի նպատակով անձի նկատմամբ դատարան «մուտք գործելու» համար ֆինանսական սահմանափակում դնելը կարող է արդարացվել, հետևաբար՝ դատարանը գտել է, որ քաղաքացիական գործերով տուրքեր վճարելու պահանջը չի կարող դիտվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Այնուամենայնիվ, դատարանը վերահաստատել է, որ վճարի չափը, որը գնահատվում է կոնկրետ գործի հատուկ հանգամանքների լույսի ներքո, ներառյալ՝ դիմումատուի՝ դրանք վճարելու կարողությունը, և դատավարության փուլը, որով սահմանվել է այդ սահմանափակումը, էական գործոններ են որոշելու, թե արդյո՞ք անձն օգտվում է դատարանի մատչելիության իր իրավունքից, թե՝ ոչ, և արդյո՞ք իր գործը լսվել է դատարանի առջև (Kreuz v. Poland, Application no. 28249/95, 19.06.2001,§59-60, Karahasanoglu v. Turkey, Application no. 21392/08, 16.03.2021, FINAL 16.06.2021, § 134, Stankov v. Bulgaria, Application no. 68490/01, 12.07.2007, FINAL 12.10.2007,§52):
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ առհասարակ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի իրացումը ֆինանսական նախապայմանով սահմանելը համահունչ է Սահմանադրության 61-րդ հոդվածին:
4.2. Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև պետական տուրքը սահմանելու կամ փոփոխելու չափանիշներին ու համարժեքությանը` Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման համատեքստում՝ այս առթիվ Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո:
Այսպես, Սահմանադրությունը սահմանում է յուրաքանչյուր անձի` օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր մուծելու, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ կատարելու պարտականությունը (60-րդ հոդված) չմասնավորեցնելով օրենսդրի կողմից դրանք սահմանելու չափանիշները: Հետևաբար՝ պետական տուրքի դրույքաչափեր սահմանելն օրենսդրի հայեցողության տիրույթում է: Միևնույն ժամանակ, վերոգրյալն ամենևին չի ենթադրում օրենսդիր մարմնի բացարձակ հայեցողությունը՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար կամայական մոտեցմամբ պետական տուրքի դրույքաչափեր սահմանելու կամ փոփոխելու հարցում: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանն իր 25.05.2010 թ. ՍԴՈ-890, 10.07.2018 թ. ՍԴՈ-1423 որոշումներով ուղղակիորեն արձանագրել է սահմանադրաիրավական պահանջն ուղղված օրենսդրին առ այն, որ կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված հարաբերությունները՝ վերջինս կաշկանդված է անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և այն իրացնելու անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու, դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորման սահմանադրական պարտականություններով:
Այսպիսով, Սահմանադրությունը չի պարունակում օրենսդրի կողմից պետական տուրքի դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ հատուկ կարգավորումներ, հետևաբար՝ օրենսդրինն է դրանք սահմանելու հայեցողությունը, միևնույն ժամանակ, որպես այդպիսին պետական տուրքի դրույքաչափ սահմանելու` օրենսդիր մարմնի հայեցողության սահմանափակում են հանդիսանում անձանց հիմնական իրավունքները: Մասնավորապես՝ պետական տուրքերի սահմանումը կամ փոփոխությունը ներգործում է հիմնական իրավունքների վրա, ուստի՝ դրանք իրենց բնույթով պետք է լինեն այնպիսին, որ չխաթարեն նշված իրավունքների բուն էությունը: Ընդ որում՝ որքան բարձր են պետական տուրքերի դրույքաչափերը, այնքան ավելի ինտենսիվ է հիմնական իրավունքի վրա ներգործությունը: Այս առնչությամբ «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) նկատել է, որ բարձր դատական վճարները կարող են խոչընդոտել բազմաթիվ անհատ քաղաքացիների, հատկապես ցածր եկամուտ ունեցող անձանց դիմելու դատարան (կետ 101)2։
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չնայած պետական տուրքի դրույքաչափերի սահմանման` օրենսդրի լայն հայեցողությանը, այնուամենայնիվ, այդպիսիք իրավական պետությանը և վերջինիս հատկանիշ իրավունքի գերակայությանը հարիր կարող են համարվել, եթե դրանք լինեն համաչափ, արդարացի ու հիմնավորված, հաշվի առնեն և ապահովեն, որ`
- արդարադատության իրականացումը չպայմանավորվի և կանխորոշվի զուտ անձի գույքային հնարավորություններով կամ դրությամբ,
- դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար պետական տուրք վճարելու պայմանի սահմանումը չհետապնդի սոսկ ֆինանսական կայուն միջոցներ կամ եկամուտ ստանալու նպատակ, և որ արդարադատության իրականացման պայման չդիտարկվի առաջացած ծախսերն ամբողջապես և բացառապես անձանցից գանձելը (ստանալը),
- պետական տուրքի դրույքաչափը սահմանելիս պահպանվեն պետության կողմից ծառայության համար կատարված ծախսի և դրա դիմաց գանձման ենթակա եկամտի միջև ողջամիտ հարաբերակցությունը և համարժեքությունը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս պայմաններում հնարավոր կլինի կենսագործել պետական տուրքով արդարադատության իրականացման առնչությամբ ծախսերի որոշակի փոխհատուցում ստանալու և ակնհայտ անհիմն դիմումների մուտքը դատարան կանխելու իրավաչափ նպատակները՝ մի կողմից, և մյուս կողմից՝ երաշխավորել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը՝ չխաթարելով դրա բուն էությունը:
4.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Օրենքի վիճարկվող կարգավորումներով սահմանված են դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու, ինչպես նաև Սահմանադրական դատարան տրվող անհատական դիմումների, Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը, որոնք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 19.04.2021 թ. ՀՕ-177-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով ենթարկվել են համապատասխան փոփոխությունների: Մասնավորապես՝ վկայակոչված փոփոխությունների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ`
- պետական տուրքի դրույքաչափերն ավելացել են 2-5 անգամ, որոշ դեպքերում՝ 10 անգամ,
- վարչական գործերով սահմանվել է տուրքի հաշվարկման բանաձևային եղանակ՝ հիմնվելով վարչական ակտով սահմանված վարչական պատասխանատվության դրամական արտահայտությամբ արժեքի վրա,
- սահմանվել է տուրքի առավելագույն շեմ,
- տարանջատվել են քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներով տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները,
- սահմանվել են արտոնություններ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված գործերով, ալիմենտի չափի ավելացման, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու, ալիմենտը ժամանակին չվճարելու համար տուգանք բռնագանձելու կամ ալիմենտային պարտավորությունների ուշացմամբ պատճառված վնասների հատուցման վերաբերյալ հայցերով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29.3-րդ և 31.3-րդ գլուխներով նախատեսված գործերով, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու համար և այլն,
- վերացվել են պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ, մասնավորապես՝ ֆիզիկական անձինք և ոչ առևտրային կազմակերպությունները պետական տուրքի վճարումից չեն ազատվում վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով, գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով, դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով, հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ հայցերով և այլն,
- սահմանվել է պետական տուրք` վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումներ ներկայացնելու համար,
- նախատեսվել են պետական տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր, երբ վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, մերժել է այն հայցը, որով հայցվորը ազատված է եղել պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու դեպքում, գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով վարույթ ընդունելուց հետո այն պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքում, եթե առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վճարման կարգադրությունը վերացնելու մասին` պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու կամ վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության դեպքում և այլն:
Վիճարկվող կարգավորումները դիտարկելով իրավունքի սահմանափակման համաչափության սահմանադրաիրավական պահանջի ներքո՝ Սահմանադրական դատարանը փաստում է ներքոշարադրյալը.
Համաչափության սկզբունքի տարրերից յուրաքանչյուրին՝ բովանդակային առումով, Սահմանադրական դատարանը մանրամասն անդրադարձել է իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ: Ըստ այդմ՝ «Համաչափության սկզբունքի առաջին տարրը հիմնական իրավունքի սահմանափակման նպատակի լեգիտիմությունն է, այն է` Սահմանադրությամբ նախատեսված լինելը: Դա նշանակում է, որ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Բոլոր այն դեպքերում, երբ այդ նպատակներն ուղղակիորեն ամրագրված են սահմանափակվող հիմնական իրավունքին կամ ազատությանը վերաբերող սահմանադրական դրույթներում (…), օրենսդիրն իրավասու է միայն դրանք կոնկրետացնել օրենքներում, մնացյալ դեպքերում օրենսդիրն ինքն է բացահայտում սահմանափակման` օրենքով սահմանված նպատակի սահմանադրական բովանդակությունը` հիմնվելով Սահմանադրության վերաբերելի նորմերի մեկնաբանության վրա:
Հավաստիանալով իր կողմից պարզված սահմանադրական նպատակի առկայության մեջ` օրենսդիրն այնուհետև պետք է ընտրի դրան հասնելու միջոցները: Հետևապես, ընտրված միջոցների սահմանադրականությունը կանխորոշվում է առաջին հերթին դրանցով հետապնդվող նպատակով:
Ինչ վերաբերում է օրենսդրի կողմից միջոցների ընտրությանը` սահմանադրորեն արդարացված նպատակին հասնելու համար, ապա, նախ` դրանք պետք է պիտանի լինեն հիշյալ սահմանադրական նպատակին հասնելու համար: Այսինքն՝ այնպիսի օրենսդրական միջոցներն են պիտանի, որոնցով օրենսդիրն ի զորու է հասնել հետապնդվող նպատակին, այլ կերպ` երբ ապահովված է հավանականությունը, որ արդյունքը, որին ձգտում է օրենսդիրը, ի հայտ կգա:
Համաչափության սկզբունքի հաջորդ տարրն օրենսդրի կողմից ընտրված միջոցի անհրաժեշտությունն է, այսինքն՝ այն, որ այդ միջոցը` այլ միջոցների համեմատ նույն ներգործությամբ, պետք է ենթադրի ամենամեղմ միջամտությունը որևէ հիմնական իրավունքին կամ ազատությանը: Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու բոլոր պիտանի միջոցներից պետք է ընտրվի այն օրենսդրական միջոցը, որը նպատակին հասնելու նույն հավանականությամբ, այսինքն՝ նույն արդյունավետությամբ, սակայն առավել մեղմ է սահմանափակում որևէ հիմնական իրավունք կամ ազատություն:
Համաչափության սկզբունքի վերջին` չորրորդ տարրը պահանջում է, որ օրենսդիրն իր կողմից ընտրված պիտանի և անհրաժեշտ միջոցը համեմատի սահմանափակվող հիմնական իրավունքի կամ ազատության սահմանադրական նշանակության հետ` պարզելու համար, որ այդ միջոցներով արդյունքում պետությունն իրապես հասնում է հետապնդվող նպատակին, և սահմանափակվող հիմնական իրավունքը կամ ազատությունն իր նշանակությամբ չի պահպանում իր գերակայությունը այն հանրային շահերի նկատմամբ, որոնք պահպանելու նպատակով էլ օրենսդիրը դիմում է հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման: Վերջնարդյունքում դա նշանակում է, որ որևէ հիմնական իրավունքի կամ ազատությանը չմիջամտելը կամ այն երաշխավորելը, կախված դրանց էությունից, կանոն է, իսկ դրա սահմանափակումը` բացառություն, որը պետք է հիմնավորվի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում: Ընդսմին, որքան ավելի ինտենսիվ է սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում սահմանափակումը հիմնավորելու բեռը»:
Սահմանադրական դատարանը 05.10.2021 թ. ՍԴՈ-1612 որոշման շրջանակներում հայտնել է, որ` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Սահմանադրական դատարանն իրենց նախադեպային իրավունքում զարգացրել և բազմիցս կիրառել են իրավունքի միջամտության իրավաչափության ստուգման եռատարր թեստը: Այն պահանջում է ցանկացած միջամտություն գնահատել հետևյալ չափանիշների համատեքստում. 1) նախատեսված է արդյո՞ք միջամտությունն օրենքով, 2) հետապնդում է այն արդյո՞ք իրավաչափ նպատակ, 3) ընտրված միջոցը բավարար և անհրաժեշտ է արդյո՞ք ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար»:
Սույն գործով վեճի առարկա նորմերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, հետևաբար՝ դատարանի մատչելիության իրավունքին միջամտությունն օրենքով նախատեսված լինելու պայմանը բավարարված է: Հիմնական իրավունքին միջամտության իրավաչափության գնահատման տարրերն են նաև իրավաչափ նպատակ հետապնդելը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար ընտրված միջոցի բավարարությունն ու անհրաժեշտությունը, որոնք ենթակա են գնահատման համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի համատեքստում։
Ա. Նպատակի լեգիտիմությունը. Անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար պետական տուրքի դրույքաչափերի փոփոխման նպատակին՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն շարունակում է ծառայել պետական տուրքեր սահմանելու ընդհանուր նպատակին, այն է՝ մի կողմից՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում՝ արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, մյուս կողմից՝ կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը, ինչպես նաև դրանց համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական իրական վիճակին ու հնարավորություններին:
Սահմանադրությունից ուղղակիորեն չի բխում, որ պետական տուրք սահմանելու կամ դրա դրույքաչափը փոփոխելու միակ նպատակը հանրային ծառայությունների իրականացման առնչությամբ ծախսի փոխհատուցումն է, ուստի՝ չի բացառվում, որ որևէ իրավունքի իրացման առնչությամբ պետական տուրք վճարելու պարտականության բովանդակային փոփոխությունը կարող է հետապնդել նաև այլ իրավաչափ նպատակներ, հետևաբար՝ արժանահավատ պետք է համարել դրույքաչափերի փոփոխության, այդ թվում՝ բարձրացման հիմքում սոցիալ-տնտեսական իրողությունների փոփոխություններ դնելը՝ նկատի ունենալով տնտեսական հարաբերություններում պետական տուրքի դերի կարևորությունը:
Բ. Պիտանիությունը. Ինչպես դատական պաշտպանության իրավունքի իրացման համար պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը, այնպես էլ՝ դրանց փոփոխությունները ենթադրում են արդարադատության իրականացման առնչությամբ առաջացող ծախսերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորության ապահովում: Պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը նպաստում է արդարադատության իրականացման առնչությամբ կատարվող ծախսերի և եկամտի համամասնության ապահովմանը:
Բացի դրանից, պետական տուրք վճարելու պայմանը նպաստում է անձանց՝ դատական պաշտպանության իրավունքից բարեխիղճ օգտվելուն, ակնհայտ անհիմն հայցերը դատարան ներկայացնելու կանխմանը, ինչպես նաև «դատարաններում գործերի կուտակման» կանխարգելմանը՝ դրանով իսկ ապահովելով արդարադատության պատշաճ իրականացումը: Ընդ որում՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման համար ֆինանսական պայմանի գոյությունն ինքնին նպաստում է անձանց կողմից այլընտրանքային պաշտպանության միջոցների գործադրմամբ իրավունքների պաշտպանություն իրականացնելուն: Մասնավորապես՝ արտադատական պաշտպանության միջոցներն առավել մատչելի են և ենթադրում են ռեսուրսների նվազ գործադրմամբ իրավունքի պաշտպանություն՝ ի տարբերություն դատական կարգով պաշտպանության եղանակի։
Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ պետական տուրքի դրույքաչափերը փոփոխելը նպաստում է վերոհիշյալ իրավաչափ նպատակներին հասնելուն, սակայն միակ ու բացառիկ միջոցը չէ, հետևաբար՝ օրենսդրի շարունակական պարտականությունն է այդ նպատակների իրագործման համար համարժեք այլ ջանքեր գործադրել համապատասխան իրավակարգավորումների տեսքով (օրինակ՝ այլընտրանքային պաշտպանության միջոցների արդյունավետության բարձրացում և այլն), հակառակ պարագայում՝ վիճարկվող կարգավորումներով հետապնդվող նպատակների իրավաչափությունն անիրական կդառնա: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ առավել որակյալ արդարադատություն երաշխավորելու նպատակով պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումն իրավաչափ կարող է համարվել, եթե արդյունավետ արդարադատություն ապահովելուն ուղղված այլ քայլեր ևս ձեռնարկվում են, հակառակ պարագայում՝ պետական տուրքեր բարձրացնելու նպատակն առարկայազրկվում է:
Գ. Անհրաժեշտությունը. Անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքի իրացման պայման հանդիսացող պետական տուրքի դրույքաչափերի փոփոխության անհրաժեշտությանը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ այդպիսի միջոցների հավաքագրումը արդարադատության իրականացման համար կատարված ծախսերի որոշակի փոխհատուցում է, մասնավորապես՝ համաձայն «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, որը սահմանում է պետական բյուջեի եկամտի աղբյուրները, այդպիսիք են՝ «ա) հարկային եկամուտները, բ) պետական տուրքերը, գ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-258-Ն), դ) պաշտոնական դրամաշնորհները, ե) այլ եկամուտներ»: Այս առնչությամբ պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ թեպետ պետական բյուջեի համար նախատեսված եկամտի մի քանի աղբյուրներ կան, ըստ այդմ՝ արդարադատության իրականացման առնչությամբ ծախսերը կարող են կատարվել նաև դրանց հաշվին, այնուամենայնիվ, անհերքելի է, որ սոցիալ-տնտեսական իրողությամբ է կանխորոշվում այդպիսիք իրականացնելու` պետության հնարավորություններն ու սահմանները, հետևաբար՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար պետական տուրքերի գանձումը նպաստում է արդարադատության ոլորտում պետության ֆինանսական քաղաքականության արդյունավետ իրականացմանը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի դրույքաչափերի փոփոխումն անհրաժեշտ միջոց է պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում՝ արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու որոշակի նպատակին հասնելու համար:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե նկատի առնվի, որ դատարանների ծանրաբեռնվածության աճն ուղիղ համեմատական է իրավունքների պաշտպանության արդյունավետության նվազմանը, ապա պետական տուրքերի դրույքաչափերի փոփոխությունը կարող է նպաստել իրավունքի չարաշահման կանխարգելմանն ու դատարան ակնհայտ անհիմն գործերի մուտքը նախականխելուն:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական տուրքի դրույքաչափերի բարձրացմամբ իրավաչափ նպատակներին հասնելուն զուգահեռ պետք է հաշվի առնել այն, որ նժարի մյուս կողմում անձանց դատական պաշտպանության իրավունքն է, որի անխոչընդոտ իրացումն ապահովելն իրավական պետության առաջնային պարտականություններից է: Այս պարագայում իրավունքի իրացման հասանելիությունն ապահովողի դերում հանդես են գալիս պետական տուրքի վճարման հետ կապված տարակերպ արտոնությունները: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`
ա) պետական տուրքի վճարումից ազատում.
բ) պետական տուրքի նվազեցում.
գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.
դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.
ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
Մատնանշված հոդվածով սահմանվում են պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները, իսկ Օրենքի 29-րդ հոդվածով հստակ սահմանված են դատարաններում պետական տուրքի վճարումից ազատման դեպքերը (հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով, հայցվորները` խեղման կամ առողջությանը պատճառված այլ վնասի, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով, հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով և այլն):
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարաններում պետական տուրքի գծով կիրառվող արտոնությունների վերաբերյալ դրույթները լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում օրենսդիր մարմնի ուշադրությունը հրավիրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում արտոնություններն առավել մանրամասնությամբ սահմանելուն՝ նկատի ունենալով, որ նշված օրենքում բացակայում են դատարաններում պետական տուրքի արտոնությունների ողջ համակարգի վերաբերյալ հստակ կարգավորումները, կիրառման հիմքերը և այլն: Մասնավորապես՝ թեպետ վերոնշյալ դատավարական օրենսգրքերը սահմանել են, որ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, պետական տուրքը և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, այդուհանդերձ, նշյալ օրենքում բացակայում են դատարաններում պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման, և հատկապես՝ պետական տուրքի նվազեցման և դրույքաչափի նվազեցման հետ կապված կանոնակարգումները:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանում պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու և պետական տուրքի գծով այլ արտոնություններն ունեն հավասարակշռող ազդեցություն և ինքնին միտված են երաշխավորելու անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով անձանց սոցիալական դրությունը, ֆինանսական հնարավորությունների բացակայությունը և այլն: Արտոնությունների համակարգի ճկունությունը հնարավորություն է ընձեռում երաշխավորելու այն անձանց իրավունքները, որոնք զրկված են գույքային դրության պատճառով արդարադատություն հայցելու հնարավորությունից: Պետական տուրքի գանձման և դատարանի մատչելիության իրավունքի ապահովման հավասարակշռության գործում ընդգծելի է իրավակիրառ մարմինների՝ տվյալ դեպքում՝ դատարանների դերը: Այս մարմիններին օրենսդրությամբ ընձեռված է մեծ հայեցողություն՝ համապատասխան իրավիճակում չսահմանափակելու անձի դատական պաշտպանության իրավունքը՝ վերջինիս գույքային հնարավորության բացակայությամբ պայմանավորված: Մասնավորապես, բացի նրանից, որ Օրենքով դատարաններում պետական տուրքից ազատելու մի շարք դեպքեր հստակ սահմանված են, այդուհանդերձ, նաև Օրենքի 31-րդ հոդվածի «գ» և «գ1» կետերի համաձայն՝ «Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել`
(...)
- դատարանները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից.
- Սահմանադրական դատարանը` ելնելով դիմողի գույքային դրությունից»:
Նշված նորմն ուղղակիորեն հատկորոշում է դատարանների և Սահմանադրական դատարանի լիիրավ հնարավորությունը` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելով անձի գույքային դրությունն ու ֆինանսական հնարավորությունները` երաշխավորելու վերջինիս իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անարգել իրացումը: Հետևաբար՝ դատարանների կողմից պետական տուրքերի գծով արտոնություններ կիրառելու իրավասության գերակա նպատակն է դրանց կիրառմամբ ապահովել Սահմանադրությամբ ամրագրված անձի դատական պաշտպանության հիմնարար իրավունքը: Դատարաններին է տրված գնահատելու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձի գույքային դրությունն ու դատարան դիմելու իրավունքի իրացման ֆինանսական պայմանի կատարման հնարավորությունը: Ընդսմին՝ այս հարցում կարևորվում է նաև դատարան դիմած անձի ակտիվ գործողությունները պետական տուրքի արտոնություն կիրառել հայցելիս։ Համանման դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նշելով, որ դատական տուրքերի վճարումից ազատվել պահանջող կողմը պետք է գործի անհրաժեշտ ջանասիրությամբ՝ դատարաններին իր ֆինանսական վիճակի վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս և պարտավոր է այդ հարցում հավատարմորեն համագործակցել դատարանների հետ (Laջi v. Albania, Application no. 28142/17, 19.10.2021, FINAL 19.01.2022, § 55)։
Դրանից բացի, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ պետական տուրքեր գանձելու և այդ կապակցությամբ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման միջև հավասարակշռող ազդեցություն ունի նաև պետական տուրքի վերադարձի գործիքակազմը, որի վերաբերյալ կարգավորումները սահ-մանված են Օրենքի 38-րդ հոդվածում: Նշված նորմի համաձայն՝ «Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`
ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.
ա1) Սահմանադրական դատարանի կողմից դիմումը վերադարձնելու, գործի քննությունը մերժելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում.
բ) դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձվելու կամ դրանց ընդունումը մերժվելու, ինչպես նաև նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժվելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժվելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
բ1) երբ վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, մերժել է այն հայցը, որով հայցվորը ազատված է եղել պետական տուրքի վճարումից.
գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը, կամ վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու դեպքում.
գ1) գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով վարույթ ընդունելուց հետո այն պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքում.
դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը գանձել են պետական տուրքը, գործի քննության ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.
դ1) եթե առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վճարման կարգադրությունը վերացնելու մասին` պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու կամ վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության դեպքում.
ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցը բավարարելու դեպքում.
զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.
է) մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տևական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը, ինչպես նաև սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5.1-ին և 11.1-ին ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը.
(…)»:
Նշված նորմով պետական տուրքը մի շարք դեպքերում վերադարձվում է մեխանիկական պատճառներով (պետական տուրքի ավել վճարում, մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու որոշ դեպքերում և այլն): Այդուհանդերձ, հիշյալ դրույթը (38-րդ հոդված) սահմանում է պետական տուրքի վերադարձի հնարավորություն նաև այն դեպքերում, երբ անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքներն արդյունավետորեն իրացվել են (գույքն արգելանքից ազատելու մասին հայցը բավարարելու դեպքում, վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բեկանելով և փոփոխելով, այն հայցի մերժումը, որով հայցվորն ազատված է եղել պետական տուրքի վճարումից և այլն):
Բացի դրանից, մրցակցային արդարադատությունը ենթադրում է, որ դատական ծախսերի, այդ թվում՝ վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը, գործի ելքով պայմանավորված, օրենքով սահմանված կարգով կարող է դրվել հակառակ կողմի վրա:
Դ. Համարժեքությունը. Իրավունքի սահմանափակման նպատակի և դրա համար ընտրված միջոցի համարժեքության տեսանկյունից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև պետական տուրքերի սահմանումը, ինչպես նաև դրանց դրույքաչափերի վերաբերյալ համապատասխան փոփոխությունները, իրապես էական ազդեցություն են ունենում դատական պաշտպանության իրավունքի վրա, այդուհանդերձ, վիճարկվող կարգավորումները չեն խախտում դատական պաշտպանության հիմնարար իրավունքի էությունը: Բացի դրանից, առկա արտոնությունների համակարգը հավասարակշռող դերակատարում ունի, այն է՝ հնարավորինս բացառել ֆինանսական դրությամբ պայմանավորված` անձանց` դատարանի մատչելիության իրավունքի իրացման խախտումները:
Սահմանադրական դատարանն իր` 02.12.2014 թ. ՍԴՈ-1176 որոշմամբ կարևորել է. «(…) օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում»: Նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ողջունելի չէ տևական ժամանակ փոփոխություններ չկատարելուց հետո օրենսդրի կողմից դատարանի մատչելիության իրավունքի իրացման պայման հանդիսացող պետական տուրքերի կտրուկ և էական բարձրացումը՝ հաշվի առնելով իրավական կայունության պահանջը։
Բացի դրանից, Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ՝ պետական տուրքի առնչությամբ կարգավորումները, ներառյալ՝ ներկայիս գործող դրույքաչափերը, պարբերաբար պետք է Ազգային ժողովի և իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում լինեն՝ ապահովելու անձանց դատական պաշտպանության իրավունքի անխոչընդոտ իրացումը՝ հաշվի առնելով վերջիններիս սոցիալական ու գույքային դրությունն ու այն պայմանավորող գործոններն և իրողությունները։ Ավելին, պետական տուրքի դրույքաչափերի շարունակական աճի միտումը խրախուսելի չէ. հնարավորության դեպքում՝ դրանք պետք է նաև նվազեն՝ որպես իրավական պետությանը բնորոշ անքակտելի գործելակերպ։ Այս կապակցությամբ տեղին է վկայակոչել, որ «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) նշել է. «(...) Հաշվի առնելով մարդու իրավունքների աճող ավելի համապարփակ պաշտպանությունը՝ անհատների համար դատարանի վճարը պետք է համեմատաբար ցածր լինի և անձի ֆինանսական դրությանը համապատասխան պետք է հնարավոր լինի այն նվազեցնել։ Այդ վճարի առաջնային նպատակը պետք է լինի ակնհայտ չարաշահման կանխումը»3:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 9.1-ին հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
______________________
1 Օրենքում նշված լրացումները կատարվել են սույն գործով դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրելուն հաջորդող ժամանակահատվածում, հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=160062
2 Հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2016)007-rus
3 Հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.venice.coe.int/WebForms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2010)039rev-e կետ 117:
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
1 հուլիսի 2022 թվականի ՍԴՈ-1655 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2022 թվական: