ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում որոշում |
ԵԴ/0771/01/19 | ||||||
կայացրած դատարանի կազմը՝ |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
|
Ս. Օհանյանի |
4 մարտի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Լուսինե Մերուժանի Պետրոսյանի պաշտպան Է.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գ.Ծառուկյանի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 60172519 քրեական գործը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ադամյանի` 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 5-ի որոշմամբ Լուսինե Մերուժանի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Լուսինե Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով։
2019 թվականի հոկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճռով ամբաստանյալ Լուսինե Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով՝ ավտոմոբիլ կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
2.1 Նույն դատավճռով որոշվել է նաև տուժող, քաղաքացիական հայցվոր Մարգո Սարգսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել, ամբաստանյալ Լուսինե Պետրոսյանից հօգուտ տուժողի բռնագանձել 1.551.764 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի փոխհատուցում:
2.2 Դատավճռով որոշվել է ամբաստանյալ Լ.Պետրոսյանին պատկանող` «INFINITI EX 35» մակնիշի 11 LL 661 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը պահպանել՝ մինչև վճռված գումարի բռնագանձումը, իսկ վերջինիս պատկանող «KIA» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի, ինչպես նաև անշարժ գույքի վրա դրված կալանքները վերացնել, և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանն ի պահ հանձնված՝ «KIA» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերադարձնել սեփականատիրոջը:
3. Պաշտպան Է.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մարտի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճիռը` թողել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Լ.Պետրոսյանի պաշտպան Է.Հակոբյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
5. Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել տուժող Մ.Սարգսյանի ներկայացուցիչ Զ.Սակովան` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, կամ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում քաղաքացիական հայցին անդրադառնալ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Նախաքննության մարմնի որոշմամբ Լուսինե Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար` «(...) նա 2019թ. ապրիլի 24-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Կիա» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 28 շենքի դիմաց թույլ է տվել ՀՀ Կառավարության 2007թ. հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 48-րդ կետի պահանջին հակասող գործողություն, այն է՝ հետընթաց կատարելիս չի համոզվել, որ դրա կատարումն անվտանգ է ու չի դիմել այլ անձանց օգնությանն, ինչի արդյունքում չի նկատել այդ պահին իր ավտոմեքենայի հետևամասով քայլող հետիոտն Մարգո Սամսոնի Սարգսյանին, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել նրան ու անզգուշությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս, ինչի համար Մարգո Սարգսյանը բողոք է ներկայացրել Լուսինե Պետրոսյանի դեմ»1:
7. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճռի համաձայն` «Դատարանը, ամբաստանյալի մեղավորության հարցը լուծելիս հիմք է ընդունում դատաքննությամբ հետազոտված ներքոհիշյալ ապացույցները. ամբաստանյալ Լուսինե Պետրոսյանի նախաքննական և դատաքննական, տուժող Մարգո Սարգսյանի, պաշտպանության կողմի միջնորդությամբ հրավիրված վկաներ Տարոն Հովհաննիսյանի, Գագիկ Հովհաննիսյանի և Հասմիկ Սուքիասյանի կողմից տրված ցուցմունքները, մեղադրյալ Լուսինե Պետրոսյանի և տուժող Մարգո Սարգսյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությունը, դատաբժշկական փորձաքննության թիվ 1284/հ եզրակացությունը, դատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 19581908 եզրակացությունը, դատաքիմիական, դատահետքաբանական և մանրաթելային համալիր փորձաքննության թիվ 19591904 եզրակացությունը, «Կիա» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենան իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը և այն զննության ենթարկելու արձանագրությունը, ճանապարհաստրանսպորտային դեպքի զննության մասին 2019թ-ի ապրիլի 24-ին կազմված արձանագրությունը:
(...)
(...) [Ս]ույն գործով ձեռք բերված և մեղադրանքի հիմքում դրված ապացույցները համադրելով ամբաստանյալի, տուժողի և վկաների ցուցմունքների հետ, դատարանը փաստում է, որ դրանք փոխլրացնում և հաստատում են Լուսինե Պետրոսյանի կողմից նրան մեղսագրված արարքի կատարումը, ավելին, դրանք՝ ըստ էության, չեն հակասում նաև տուժող Մարգո Սարգսյանի կողմից նախաքննության հենց սկզբից տրված ու դատարանում վերահաստատված նույնանման ցուցմունքներին: (...)»2:
8. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 16-ի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանն, ամբաստանյալ Լուսինե Մերուժանի Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատական ակտ կայացնելու հարցում հանգել է վերջնական ճիշտ հետևության, հետևաբար` վիճարկվող դատական ակտը բեկանելու և վերջինիս նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու կամ գործը նոր քննության ուղարկելու հիմքեր չկան: (...)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը, ի թիվս այլնի, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 107-րդ, 127-րդ և 365-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում առերևույթ թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
9.1. Ըստ բողոքաբերի՝ դատավճռով հաշվի չեն առնվել և պատշաճ չեն գնահատվել պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված վկաների ցուցմունքները, և առանց հիմնավոր պատճառաբանության առավելություն է տրվել տուժող Մ.Սարգսյանի ցուցմունքներին, որոնք հակասական են և անարժանահավատ:
10. Բացի այդ, բողոք բերած անձը նշել է նաև, որ ամբաստանյալ Լ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 16-ի որոշումը, ճանաչել և հռչակել ամբաստանյալ Լ.Պետրոսյանի անմեղությունը, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Լ.Պետրոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
13. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում ամբաստանյալ Լ.Պետրոսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկաների ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները բավարար չափով հիմավորված են և պատճառաբանված, իսկ առաջադրված մեղադրանքում Լ.Պետրոսյանի մեղքը հաստատվում է գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ: Անդրադառնալով տուժող Մ.Սարգսյանի ցուցմունքների միջև առկա հակասությունների և անարժանահավատության վերաբերյալ պաշտպանի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հակասություններն էական չեն և տուժողի ցուցմունքներն անարժանահավատ չեն դարձնում։
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Լ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
6) անցել են վաղեմության ժամկետները, (…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
16. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Լ.Պետրոսանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2019 թվականի ապրիլի 24-ին4։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի օգոստոսի 18-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի մարտի 16-ին5:
18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Պետրոսանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2021 թվականի ապրիլի 24-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:
Հետևաբար, Լ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
19. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Լ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել: Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջն առ այն, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող Մ.Սարգսյանի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու պայմաններում գույքի վրա դրված կալանքը պետք է վերացնել6։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415․1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Լուսինե Մերուժանի Պետրոսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանել, Լուսինե Մերուժանի Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ և քրեական գործի վարույթը կարճել:
2. Լուսինե Մերուժանի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
3. Լուսինե Մերուժանի Պետրոսյանին պատկանող «INFINITI EX 35» մակնիշի 11 LL 661 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի, «KIA» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի, ինչպես նաև անշարժ գույքի վրա դրված կալանքները վերացնել:
4. Տուժող Մարգո Սամսոնի Սարգսյանի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 59։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 4-34։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 108-129։
4 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
5 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշման 20.2-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե. Դանիելյան Լ. թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: