Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 18-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2022
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
18.02.2022
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
18.02.2022
Дата вступления в силу
19.02.2022

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2022 թվականի

ք. Երևան

թիվ 18-Ա

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ա ՈՐՈՇՄԱՄԲ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՀ N 296 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2022 թվականի փետրվարի 18-ի նիստում քննարկեց Հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ա որոշմամբ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 296 լիցենզիայի գործողության դադարեցման մասին հարցը:

Քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը.

Հանձնաժողովը տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ Հեռարձակող) տրամադրել է Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա՝ 21-ը հունվարի 2021թ. առ 21-ը հունվարի 2028թ. գործողության ժամկետով:

Հանձնաժողովը ղեկավարվելով Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ՝ 2022 թվականի փետրվարի 12-ին ընդունել է «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ» թիվ 16-Ա որոշումը՝ կասեցնելով «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ հինգ օր ժամկետով:

Հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 16-Ա որոշմամբ Հեռարձակողի նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվել է հինգ օր ժամկետով և կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից՝ 2022 թվականի փետրվարի 18-ից:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.

4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն ՝ Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել.

«Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում է.

«Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել`

օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով»:

Վերը նշված փաստական և իրավական հիմնավորումներից ակնհայտ է, որ Հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 16-Ա որոշմամբ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է հինգ օր ժամկետով և լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում Հեռարձակողի կողմից կասեցման հիմք հանդիսացած խախտումները վերացնելու վերաբերյալ Հանձնաժողով որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացվել, որը ևս փաստում է այն մասին, որ խախտումները չեն վերացվել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-րդ մասի 4-րդ կետով ` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

 

1. Դադարեցնել՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով Հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ա որոշմամբ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 296 լիցենզիայի գործողությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվանից:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ՝

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2022 թ. փետրվարի 18

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2022 թվական: