ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշում Գործ թիվ ՎԲ-59/07 |
ՎԲ-59/07 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Դ. Ավետիսյանի | |
Հ. ասատրյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
|
Ս. Օհանյանի | |
քարտուղար` |
Ք. Մարտիրոսյանի | |
մասնակցությամբ դիմող` |
Մ. Ավետիսյանի | |
|
ներկայացուցիչ` |
Ս. Սաֆարյանի |
2007 թվականի մարտի 30-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննելով դիմող Մնաց Ավետիսյանի, նրա ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
2006 թվականի մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Մնաց Վարազդատի Ավետիսյանի դիմումի հիման վրա Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 17204206 քրեական գործը։
2006 թվականի հունիսի 30-ին դատախազության ավագ քննիչ Մ.Բադեյանը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին։
2006 թվականի նոյեմբերի 29-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը որոշմամբ մերժել է թիվ 17204206 քրեական գործի վարույթը կարճելու մասին Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության 2006 թվականի հունիսի 30-ի որոշման դեմ Մնաց Ավետիսյանի բերած բողոքը։
2006 թվականի դեկտեմբերի 12-ին Մ.Ավետիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան` խնդրելով դատական ստուգման ենթարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 29.11.2006թ. որոշումը և քրեադատավարական օրենքի էական խախտումների հիմքով բեկանել այն։
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Կ.Ղազարյանի 2006 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության։
2007 թվականի մարտի 7-ին Մնաց Ավետիսյանը և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը վերաքննիչ դատարանի դատավորի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել։
Վճռաբեկ բողոքը 2007 թվականի մարտի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
2. Գործի փաստական հանգամանքները.
2006 թվականի մայիսի 1-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Մ.Ավետիսյանի կողմից հայտարարություն է տրվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Նվեր Ավետիսյանը 2006 թվականի ապրիլի 27-ի առավոտյան տանից դուրս է եկել Երևանից ՌԴ Մոսկվա քաղաք մեկնելու նպատակով և Երևան քաղաքի Ավան թաղամասի բուսաբանական այգու հարևանությամբ գտնվող կանգառում իջեցվելով ավտոբուսից` անհետացել է։
Հայտարարության հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում` 2006 թվականի մայիսի 3-ին, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Մամա Ֆլորա» ծաղկի խանութի հանդիպակաց ձորում` «Արքայաձոր» ռեստորանային համալիրից մոտ 100 մետր հեռավորությամբ, ծառից կախված վիճակում հայտնաբերվել է Ն.Ավետիսյանի դիակը։
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերող անձինք գտնում են, որ վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով փաստաբանի վերաքննիչ բողոքը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 103-րդ, 263-րդ, 376-րդ, 384-րդ, 387-րդ հոդվածների, 395-րդ հոդվածի 2-րդ կետի և 398-րդ հոդվածի պահանջների խախտումներ, որի հետևանքով Մ.Ավետիսյանը զրկվել է իր` որպես տուժողի իրավահաջորդի, օրենքով երաշխավորված իրավունքներից։
Ըստ բողոքի հեղինակների, ունենալով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք, Մ.Ավետիսյանի ներկայացուցիչն անհիմն կարգով զրկվել է այդ իրավունքից օգտվելու հնարավորությունից, քանի որ վերաքննիչ դատարանի դատավոր Կ.Ղազարյանի միանձնյա որոշմամբ, որը կայացնելու իրավունք նա չուներ, այն թողնվել է առանց քննության։
Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասը հստակ սահմանում է բողոքն առանց քննության թողնելու դեպքերը, որոնք բացակայում են Մ.Ավետիսյանի բողոքում։
Բողոք բերող անձինք պատճառաբանելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ նյութերով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառման համար, խնդրում են բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 14.12.06թ. որոշումն ու նյութերն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով ներկայացված նյութերը` պալատը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
1/ Քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ պահանջը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու իրավունքը։
Դիմող Մնաց Ավետիսյանը, բողոքարկելով քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը, հիմնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի վրա։ Համաձայն այդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։ Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը չի ամրագրում առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս դատարան բողոքարկելու հնարավորություն։
Այնուհանդերձ, քրեական գործով վարույթը կարճելու մասին նախնական քննություն իրականացնող մարմնի որոշումների դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, այլ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով, 384-րդ հոդվածով և այլն։
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության համաձայն` «Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան»։
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 384-րդ հոդվածի` «Սույն գլխի կանոններով («Գլուխ 46. Վերաքննիչ բողոք») բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ»։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետը «վերջնական որոշում» հասկացությունը սահմանում է որպես «քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթը սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության»։
Այսպիսով, վերաքննիչ բողոքարկման կանոններով վերանայման ենթակա որոշումը առնվազն պետք է համապատասխանի հետևյալ երկու չափանիշներին` կայացված լինի առաջին ատյանի դատարանի կողմից, բացառի գործով վարույթը շարունակելը կամ գործը լուծելն ըստ էության։
Ներկայացված նյութերից երևում է, որ Մ.Ավետիսյանի ներկայացուցիչը վերաքննիչ դատարան է բողոքարկել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Բողոքարկված որոշումը բավարարում է վերը նշված երկու չափանիշներին էլ. այն կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից և բացառում է գործով վարույթը շարունակելը։
Ս.Սաֆարյանի բողոքը համապատասխանում էր վերաքննիչ բողոքին ներկայացվող այլ օրենսդրական պահանջներին ևս։ Մասնավորապես, այն ներկայացվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդված), բողոքի բովանդակությունը համապատասխանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։ Հետևաբար Մ.Ավետիսյանի ներկայացուցիչն իրավունք ուներ քննիչի` գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերելու վերաքննիչ բողոք, իսկ վերաքննիչ դատարանը որևէ իրավական հիմք չուներ այդ վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխի կանոնները, ինչպես նաև այդ գլխի հետ օրգանապես կապված 47-րդ գլխի որոշ կանոններ չկիրառելու համար։
2/ Բողոքն առանց քննության թողնելը.
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի` «Բողոքը կարող է թողնվել առանց քննության և վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին»։ Իսկ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի` «Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության»։ Ուստի, բացի նշված երկու դեպքից վերաքննիչ դատարանը լիազորված չէ բողոքը թողնել առանց քննության։ Մ.Ավետիսյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց չէր, ստորագրված էր, պարունակում էր նշում բողոքարկվող որոշման մասին։
Հետևաբար, վերաքննիչ դատարանը լիազորված չէր որոշում կայացնել Ս.Սաֆարյանի բողոքն առանց քննության թողնելու մասին։
3/ Վերաքննիչ դատարանում գործի քննությունը մեկ դատավորի կազմով.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի և 387-րդ հոդվածի հիման վրա` վերաքննիչ դատարանում գործը քննվում է երեք դատավորի կազմով։ Այս ընդհանուր իրավանորմից զատ գոյություն չունի ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի գործունեությունը կանոնակարգող որևէ հատուկ իրավադրույթ, որը սահմաներ քրեական գործ քննող վերաքննիչ դատարանի այլ կազմ, քան երեք դատավորից բաղկացած դատական կազմն է։
Հետևաբար, վերաքննիչ դատարանն իրավասու չէր Ս.Սաֆարյանի բողոքը քննել մեկ դատավորի կազմով։
Այսպիսով, խախտվել է օրինականության սկզբունքը։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։
Գործը մեկ դատավորի կազմով քննելով և լուծելով` վերաքննիչ դատարանը խախտել է քրեական դատավարության ևս մեկ սկզբունք` արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի` «Ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով»։ Օրենքով վերաքննիչ դատարանի մեկ դատավորին վերապահված չէ քրեական գործ քննելու լիազորություն։ Ուստի Մ.Ավետիսյանը զրկվել է իր գործն այն դատարանում և այն դատավորների կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով, այսինքն` իր գործը վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով քննվելու իրավունքից։
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի համատեքստում վերաքննիչ դատարանի մեկ դատավորը չի կարող դիտվել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»։ Ուստի վերաքննիչ դատարանում բողոքատու Մ.Ավետիսյանի գործի քննությունը մեկ դատավորի կազմով խախտում է դիմողի` արդարացի դատաքննության իրավունքը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»։
Վերաքննիչ դատարանի թույլ տված քրեադատավարական օրենքի խախտումներն էական են, քանի որ դրանք քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների խախտումներ են, որոնք թույլ են տրվել դատական քննության ժամանակ, և դիմող Մ.Ավետիսյանին արդարացի դատաքննության իրավունքից զրկելու ճանապարհով այդ խախտումներն անվերապահորեն ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։
Հաշվի առնելով տվյալ գործով օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությունը, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2007 թվականի փետրվարի 27-ի` Ա.Քրմոյանի վերաբերյալ համանման գործով ձևավորված մոտեցմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը ենթակա է բեկանման։
Նկատի ունենալով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մնաց Վարազդատի Ավետիսյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը բավարարել։
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը բեկանել և նյութերն ուղարկել նույն դատարան` ըստ էության քննության առնելու համար։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Տ. Սահակյան |
Դատավորներ` |
Դ. Ավետիսյան |
Հ. ասատրյան | |
Հ. Ղուկասյան | |
Մ. Սիմոնյան | |
|
Ս. Օհանյան |