ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները |
Սույն օրենքով մամուլ և զանգվածային լրատվության մյուս միջոցներ համարվում են` թերթերը, հանդեսները, փաստավավերագրերը, տեղեկագրերը և պարբերականները, որոնք միանվագ հրատարակվում են 100 օրինակից ավելի տպաքանակով, ինչպես նաև հեռուստառադիո ծրագրերը, կինովավերագրերը, որոնք պարբերաբար ստեղծում և հրապարակայնորեն տարածում են լուրեր և տեղեկություններ` սույն օրենքով սահմանված կարգով:
Մամուլ և զանգվածային լրատվության մյուս միջոցներ ստեղծում և տարածում են խմբագրությունները, լրատվական գործակալությունները, հրատարակչությունները, զանգվածային լրատվություն թողարկող այլ հաստատությունները, քաղաքացիները (այսուհետև` զանգվածային լրատվություն թողարկողներ):
Զանգվածային լրատվության միջոց թողարկող կարող է լինել իրավաբանական անձը:
Սույն օրենքը չի տարածվում պետական իշխանության և կառավարման մարմինների օրենսդրական և այլ ակտերի հրատարակման վրա:
(1-ին հոդվածը խմբ. 03.04.01 ՀՕ-166)
Հոդված 2. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ազատությունը |
Հայաստանի Հանրապետությունում մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները ազատ են, գրաքննության չեն ենթարկվում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով իրենց տեսակետները, կարծիքները արտահայտելու, հասարակական կյանքի յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հրատապ և հավաստի լրատվություն ստանալու իրավունք:
Հայաստանի Հանրապետությունում մամուլի և զանգվածային լրատվության միջոցների որևէ տեսակի մենաշնորհ չի թույլատրվում:
Հոդված 3. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության սկզբունքները |
Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, հավասարության, մարդասիրության, տարակարծության, հանդուրժողականության, հարգանքի, խղճի ազատության սկզբունքներով և համամարդկային այլ արժեքներով, օժանդակում են հրապարակայնությանն ու ժողովրդավարությանը, մտքի, խոսքի, բազմակարծության ազատությանը:
Հոդված 4. | Տեղեկություններ ստանալու իրավունքը |
Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները իրավունք ունեն ցանկացած պետական մարմիններից, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, դրանց ղեկավարներից ստանալու տեղեկություններ, եթե պահանջված լրատվության տրամադրումը չի հակասում տվյալ կազմակերպության կանոնադրությանը և սույն օրենքի 6 հոդվածի պահանջներին:
Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները կարող են լուրեր ստանալ նաև անհատ քաղաքացիներից:
Հոդված 5. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների լեզուն |
Հայաստանի Հանրապետությունում մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների լեզուն հայերենն է: Զանգվածային լրատվությունը նախապատրաստվում և տարածվում է հայերեն լեզվով, հիմնադիրի առաջարկությամբ և զանգվածային լրատվության միջոցները գրանցող մարմնի թույլտվությամբ` նաև այլ լեզուներով:
Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները պարտավոր են հոգալ մայրենի լեզվի անաղարտության մասին:
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունները մայրենի լեզվով լրատվություն ստանալու, նախապատրաստելու և տարածելու իրավունք ունեն` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 6. | Խոսքի ազատության չարաշահման անթույլատրելիությունը |
Մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով չի թույլատրվում հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Հրապարակման ենթակա չէ պատերազմ, բռնություն, ազգային ու կրոնական թշնամանք հրահրող, պոռնկություն, թմրամոլություն և քրեորեն պատժելի այլ արարքներ քարոզող, կեղծ և չստուգված լրատվությունը: Առանց քաղաքացու համաձայնության չի թույլատրվում հրապարակել որդեգրման գաղտնիքը և քաղաքացու նեղ անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 7.
(հոդվածն ուժը կորցրել է 03.04.01 ՀՕ-166)
Հոդված 8. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցումը |
Մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ թողարկողներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձինք:
Մամուլ և զանգվածային լրատվության մյուս միջոցներ թողարկողները իրենց գործունեությունը սկսում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցվելուց հետո: Գրանցման համար հիմնադիրը ներկայացնում է դիմում և մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցի խմբագրության կանոնադրությունը: Գրանցման դիմումը քննարկվում է մեկամսյա ժամկետում:
Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման դիմումի մեջ նշվում են.
1. Հիմնադիրը, զանգվածային լրատվություն թողարկողը:
2. Անվանումը, լեզուն և հրատարակման կամ թողարկման վայրը:
3. Թողարկման պարբերականությունն ու ծավալը, ֆինանսավորման աղբյուրը, հովանավորը:
Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները գրանցելիս այլ պահանջներ ներկայացնելը արգելվում է:
Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման համար գանձվում է պետական տուրք` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված չափով:
Զանգվածային լրատվության միջոցի գրանցումից հետո հիմնադրին տրվում է գրանցման վկայագիր:
Եթե զանգվածային լրատվության միջոցը գրանցման վկայագիր ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի սկսել իր գործունեությունը, վկայագիրը կորցնում է իր ուժը:
(8-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.04.01 ՀՕ-166)
Հոդված 9. | Առանց գրանցման լրատվություն թողարկելու դեպքերը |
Առանց գրանցման պաշտոնական լրատվություն թողարկելու իրավունք ունեն պետական իշխանության, կառավարման, արդարադատության և դատախազության մարմինները: Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները իրավունք ունեն թողարկել իրենց աշխատանքի համար անհրաժեշտ լրատվություն, որը չի նախատեսվում հրապարակային տարածման համար:
Հոդված 10. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման մերժումը |
Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցումը մերժվում է, եթե`
1. Պահպանված չեն սույն օրենքի 6, 7, 8 հոդվածներով նախատեսված պահանջները:
2. Գրանցող մարմինը նույն անվանումով արդեն վկայագիր է տվել այլ լրատվական միջոցի:
3. Չի լրացել զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը դատական կարգով դադարեցնելու մեկ տարին:
4. Մուծված չէ պետական տուրքը:
Զանգվածային լրատվության միջոցի գրանցումը մերժելու դեպքում, հնգօրյա ժամկետում, գրավոր տեղյակ է պահվում դիմողին` նշելով մերժման հիմքերը:
Հոդված 11. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության կասեցումը |
Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեությունը կարող է կասեցվել հիմնադրի ցանկությամբ կամ դատարանի որոշմամբ երեք ամիս ժամանակով` սույն օրենքի 6 հոդվածի պահանջները խախտելու դեպքում:
Հոդված 12. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության դադարեցումը |
Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեությունը դադարեցվում է վեց ամիս ժամկետով, եթե դատարանի կողմից կասեցումից հետո նրա կողմից թույլ է տրվել օրենսդրության պահանջների նոր խախտում:
Զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը կարող է դադարեցվել նաև հիմնադրի ցանկությամբ:
Հոդված 13. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման ժամկետի խախտման, գրանցման մերժման, գործունեության կասեցման կամ դադարեցման մասին որոշման գանգատարկումը |
Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման համար սահմանված ժամկետը խախտելը, գրանցման մերժման, դատարանի կողմից գործունեության կասեցման կամ դադարեցման մասին որոշումը կարող է գանգատարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 14. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների արտադրատնտեսական գործունեությունը |
Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների արտադրատնտեսական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 15. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ղեկավարումը |
Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցները ղեկավարում է հիմնադիրը կամ նրա կողմից նշանակված անձը` խմբագիրը (գլխավոր խմբագիրը), եթե զանգվածային լրատվության միջոցի կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված:
Հոդված 16. | Հիմնադիրը և զանգվածային լրատվություն թողարկողը |
Զանգվածային լրատվություն թողարկողը իրականացնում է հիմնադրի ծրագիրը` մասնագիտական ինքնուրույնության հիման վրա: Հիմնադրի և զանգվածային լրատվություն թողարկողի տնտեսական, գույքային և դրամական հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագիրը չպետք է հակասի գործող օրենսդրությանը:
Հիմնադիրը և զանգվածային լրատվություն թողարկողը կարող է լինել նույն անձը:
Հոդված 17. | Խմբագիրը (գլխավոր խմբագիրը), խմբագրությունը և խմբագրական խորհուրդը |
Խմբագրության, խմբագրական խորհրդի աշխատանքը ղեկավարում է խմբագիրը (գլխավոր խմբագիրը), որը և պատասխանատու է զանգվածային լրատվության միջոցի գործունեության համար:
Խմբագրությունը և խմբագրական խորհուրդը կազմվում են խմբագրության կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Խմբագրության և խմբագրական խորհրդի նախագահը խմբագիրն է (գլխավոր խմբագիրը):
Հոդված 18. | Խմբագրության կանոնադրությունը |
Խմբագրության կանոնադրությունն ընդունվում է խմբագրության ընդհանուր ժողովում` լրագրողների կազմի ձայների մեծամասնությամբ և հաստատվում է հիմնադրի կողմից: Կանոնադրությունը կարգավորում է հիմնադրի, խմբագրի, խմբագրության և խմբագրական խորհրդի հարաբերությունները:
Խմբագրության կանոնադրությունը չպետք է հակասի գործող օրենսդրությանը:
Հոդված 19. | Խմբագրական աշխատանք և հրապարակում |
Խմբագրական ստեղծագործական աշխատանքում զանգվածային լրատվության միջոցը թողարկողը ղեկավարվում է խմբագրության կանոնադրությամբ, պատվիրում, ուսումնասիրում և հրապարակում է հոդվածներ, ստեղծագործություններ, նամակներ և ըստ իր հայեցողության` այլ նյութեր:
Զանգվածային լրատվության միջոցը պարտավոր է պահպանել հեղինակային իրավունքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
Հոդված 20. | Հրատարակության և թողարկման տվյալները |
Յուրաքանչյուր տպագիր հրատարակություն պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1. Հրատարակության անվանումը.
2. Հիմնադիրը, խմբագիրը (գլխավոր խմբագիրը), հրատարակիչը.
3. Թողարկման հերթական համարը, ամսաթիվը, տպագրության ստորագրման ժամանակը.
4. Դասիչը.
5. Տպաքանակը.
6. Գինը.
7. Խմբագրության, տպարանի, հրատարակչի հասցեն.
8. Զանգվածային լրատվության միջոցի վկայագրի համարը:
Հեռուստատեսության և ռադիոյի խմբագրությունները եթեր դուրս գալիս ամեն անգամ հայտարարում են իրենց անվանումը և հաղորդավարի անուն-ազգանունը, իսկ շուրջօրյա հաղորդման դեպքում խմբագրությունը պարտավոր է առնվազն երեք անգամ հայտարարել խմբագրության անվանումը:
Ձայնագրություններն ու տեսագրությունները պետք է տվյալներ պարունակեն խմբագրի (գլխավոր խմբագրի), խմբագրության, ձայնագրության կամ տեսագրության պատրաստման վայրի և ժամանակի մասին:
Հոդված 21. | Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների տարածումը |
Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները տարածում են հիմնադիրը, հրատարակիչը, խմբագրությունը, ինչպես նաև պետական, հասարակական, կոոպերատիվ և այլ կազմակերպությունները, կապի մարմինները, քաղաքացիները` հիմնադրի կամ զանգվածային լրատվության թողարկողի հետ կնքած պայմանագրի համաձայն:
Տպագիր բոլոր հրատարակությունների օրինակները անվճար ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գրապալատ, Ազգային գրադարան, հիմնադրին և զանգվածային լրատվության տվյալ միջոցին վկայագիր տված մարմնին:
Հրապարակված տպագիր կամ այլ լրատվությունը թույլատրվում է բազմացնել և տարածել միայն այն դեպքում, եթե դա չի խախտում հեղինակի և հրատարակչի իրավունքներն ու օրինական շահերը:
Արգելվում է չգրանցված լրատվության միջոցների, այդ թվում տեսագրությունների, ձայնագրությունների տարածումը, եթե դրանց քանակն անցնում է 100 օրինակից:
Հոդված 22. | Պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը |
Պետական իշխանության և կառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են ժամանակին և անվճար հրապարակել այդ մարմինների պաշտոնական հաղորդագրությունները և դատարանի կողմից տրված տեղեկությունները:
Հոդված 23. | Հրապարակված լրատվության պահպանումը |
Զանգվածային լրատվություն թողարկողը պարտավոր է պահպանել տպագրված և հրապարակված նյութերի բնագրերը` տարածման օրվանից մեկ տարի ժամկետով:
Լսողական, լսադիտողական լրատվության միջոցները թողարկողը հրապարակման օրվանից մեկ շաբաթ ժամկետով, իսկ հայցի առկայության դեպքում մեկ ամսով, պարտավոր է պահպանել տեսագրություններն ու ձայնագրությունները:
Երկարատև կամ մշտական պահպանության ենթակա նյութերի ցանկը և պահպանության ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Հոդված 24. | Հերքումը և պատասխանը |
Քաղաքացիները և կազմակերպությունները կամ նրանց օրինական ներկայացուցիչները իրավունք ունեն հերքել մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված այն տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, կամ հանդես գալ պատասխանով:
Հերքումը կամ պատասխանը հրապարակվում է անվճար, այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում կամ զանգվածային լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, զանգվածային լրատվության նույն միջոցով, նույնակերպ` ինչ հերքվող լրատվությունը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և տեղական խորհուրդների պատգամավորների, Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ թեկնածուների մասին հրապարակված լրատվության հերքումը կատարվում է 24 ժամվա ընթացքում կամ հերքումը ստանալուն պես, եթե մինչև քվեարկության սկիզբը մնացել է ոչ ավելի, քան 24 ժամ:
Հրապարակվող հերքման ծավալը չպետք է գերազանցի հերքվող լրատվության ծավալի կրկնակի չափին:
Եթե զանգվածային լրատվության միջոցը հրաժարվում է հերքել հրապարակված լրատվությունը կամ խախտում է հերքման համար սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, կազմակերպությունը կամ քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված ժամկետներում դիմել դատարան:
Զանգվածային լրատվության միջոցը կարող է հրաժարվել այն լրատվությունը հերքելուց, որի հրապարակման համար նա ազատվում է պատասխանատվությունից սույն օրենքի 31 հոդվածի համաձայն:
Հոդված 25. | Խմբագրության գաղտնիքը |
Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները պարտավոր չեն նշել լրատվության աղբյուրները և իրավունք չունեն հրապարակելու լրատվությունը ներկայացրած անձի անունը, առանց նրա համաձայնության:
Խմբագրությունը կամ լրագրողը պարտավոր են հայտնել լրատվության աղբյուրը միայն իրավապահ մարմինների պահանջով, եթե դա անհրաժեշտ է դատավարության համար:
Գ Լ ՈՒ Խ 4
ԼՐԱԳՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 26. | Լրագրողը |
Սույն օրենքին համապատասխան լրագրող է համարվում այն անձը, որն իր իրավասություններին համապատասխան հավաքում, պատրաստում կամ խմբագրում է նյութեր զանգվածային լրատվության միջոցի համար, որի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր կամ լիազորված է զանգվածային լրատվության այլ միջոցի կողմից:
Հոդված 27. | Լրագրողի իրավունքները |
Լրագրողն իրավունք ունի.
1. Հավաքել և հրապարակել լուրեր և տեղեկություններ:
2. Հրաժարվել նյութ պատրաստելուց, եթե այն հակասում է իր համոզմունքներին:
3. Չստորագրել իր գրած հոդվածը կամ պատրաստած նյութը, որի բովանդակությունը աղավաղված է խմբագրի կամ խմբագրության կողմից:
4. Ձայնագրել, լուսանկարել, շարժանկարել և արձանագրել այլ միջոցներով, եթե արգելված չէ գործող օրենսդրությամբ:
5. Լրագրողի վկայականով ներկա լինել հանրահավաքներին, ցույցերին, այլ միջոցառումներին, դատավարություններին և գտնվել տարերային աղետների վայրերում` օրենքով սահմանված կարգով:
6. Ունենալ ծածկանուն:
Արգելվում է խանգարել լրագրողին` իր մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Հոդված 28. | Լրագրողի պարտականությունները |
Լրագրողը պարտավոր է.
1. Ղեկավարվել գործող օրենսդրությամբ և այն խմբագրության կանոնադրությամբ և ծրագրով, որտեղ ինքն աշխատում է:
2. Տալ ստուգված, հավաստի լուրեր:
3. Անհրաժեշտության դեպքում նշել տեղեկատուին կամ աղբյուրը, եթե լուրը հրապարակվում է առաջին անգամ:
4. Խմբագրին տեղյակ պահել չստուգված փաստերի և այն տեղեկությունների մասին, որոնց հրապարակումը կարող է խախտել սույն օրենքի 6 հոդվածի պահանջները:
Հոդված 29. | Լրագրողի հավատարմագրումը |
Զանգվածային լրատվության միջոցները, նախնական համաձայնությամբ, կարող են իրենց լրագրողին հավատարմագրել պետական և հասարակական կազմակերպություններում: Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի մասնակցելու այդ կազմակերպությունների աշխատանքներին և լուսաբանելու դրանք:
Այլ պետությունների լրագրողները հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, որը կարող է չեղյալ համարել ցանկացած օտարերկրյա լրագրողի հավատարմագրումը, եթե նա խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը կամ օրենքները:
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 30. | Պատասխանատվության հիմքերը |
Չգրանցված զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը, խոսքի ազատության չարաշահումը, իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը ոտնահարող լրատվության հրապարակումը պատասխանատվություն է առաջ բերում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 31. | Պատասխանատվությունից ազատվելու դեպքերը |
Զանգվածային լրատվություն թողարկողները իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու դեպքում պատասխանատվություն չեն կրում, եթե այդ տեղեկությունները.
1. Առկա են պետական իշխանության, կառավարման, իրավապահ մարմինների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում և հաղորդագրություններում:
2. Հրապարակային ելույթների բառացի և չաղավաղված վերարտադրությունն են:
3. Ստացվել են զանգվածային լրատվության այլ միջոցից կամ պետական ու հասարակական մարմինների լրատվական ծառայություններից:
Գ Լ ՈՒ Խ 6
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Հոդված 32. | Միջազգային պայմանագրերը |
Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները, լրագրողների կազմակերպությունները, ստեղծագործական միությունները, անհատ լրագրողները օրենքով սահմանված կարգով կարող են համաձայնագրեր կնքել օտարերկրյա լրատվական կազմակերպությունների և քաղաքացիների հետ:
Եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կնքված միջազգային պայմանագրերով սահմանված են սույն օրենքում նշվածներից այլ կանոններ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` | ա. սահակյան |
8 հոկտեմբերի 1991 թվականի, քաղ. Երևան Հ.Ն-420-1 |