ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3103/02/17 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3103/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
է. սեդրակյան | ||
Ն. Տավարացյան | ||
2021 թվականի հունիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Էլինա Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահրամ Ոսկանյանի ընդդեմ Էլինա Մանուկյանի, երրորդ անձ Աննա Ոսկանյանի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիմքով կատարված պետական գրանցումը 1/2 մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վահրամ Ոսկանյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի 1/2 մասի նկատմամբ, անվավեր ճանաչել 17.01.2017 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումը և վերոհիշյալ բնակարանի 1/2 մասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 24.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.02.2019 թվականի որոշմամբ Էլինա Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլինա Մանուկյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ, 198-րդ, 273-րդ, 304-րդ, 599-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ի կետի, 305-րդ հոդվածի կանոնները, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է նախկին ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 163-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 57-63-րդ, 65-68-րդ, 157-րդ, 179-րդ, 191-րդ, 192-րդ, 195-րդ, 364-րդ, 365-րդ, 378-381-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Էլինա Մանուկյանի և Վահրամ Ոսկանյանի միջև գույքային վեճը դադարել է դեռևս թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականին կայացված և օրինական ուժ ստացած վճռով, որով դատարանը հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունն այն մասին, որ Էլինա Մանուկյանը տալիս է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Ոսկանյանին։ Այնուհետև «Սիթի Սենթր Դիվելփմենթ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի արդյունքում ձեռք է բերվել գույք՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 հասցեում, որը Էլինա Մանուկյանն ամբողջությամբ նվիրել է Աննա Ոսկանյանին, այսինքն՝ Վահրամ Ոսկանյանի կամքը կատարվել է:
Վերաքննիչ դատարանը, ստանձնելով Դատարանի վճիռը հիմնավորելու առաքելությունը, փաստել է, որ օրինական ուժի մեջ մտած 25.04.2017 թվականի թիվ ԵԿԴ/0077/02/15 վճռով ոչ թե Վահրամ Ոսկանյանը, այլ Էլինա Մանուկյանը՝ որպես ընդհանուր համատեղ սեփականության մասնակից, տվել է իր համաձայնությունը՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի՝ Վահրամ Ոսկանյանի 1/2 բաժնեմասը նրա կողմից նվիրատվության ձևով տնօրինելու վերաբերյալ: Մինչդեռ նշված փաստարկն անհիմն է, քանի որ Վահրամ Ոսկանյանը նույնպես ստորագրել է հաշտության համաձայնությունը, որով արտացոլվել է ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի իր 1/2 բաժնեմասը Աննա Ոսկանյանին նվիրելու իր համաձայնությունը:
Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով վճիռը կայացվել է 25.04.2017 թվականին, և վճռով հաստատվել է 11.04.2017 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, մինչդեռ Էլինա Մանուկյանի կողմից անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 17.01.2017 թվականին, այսինքն՝ հաշտության համաձայնությունը կնքելուց շուրջ երեք ամիս առաջ, ապա նշված փաստը նույնպես խոսում է այն մասին, որ Վահրամ Ոսկանյանը տեղեկացված է եղել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի վերաբերյալ իր դստերը՝ Աննա Ոսկանյանին նվիրատվության ձևով օտարման գործարք կնքելու մասին, այլապես հաշտության համաձայնությունը չէր ամրագրվի իր ստորագրությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 04.06.2013 թվականին Էլինա Մանուկյանի (Վաճառող), «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի (Ձեռքբերող), «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի (Կառուցապատող) միջև կնքվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 99-04.06.13 համաձայնագիրը, ըստ որի` հիմք ընդունելով`
- 27.04.2009 թվականին Աղավնի Կանայանի և «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի միջև կնքված Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման թիվ 58-27.04.09 պայմանագիրը (վավերացված «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում՝ 2194 համարով) (այսուհետ` Պայմանագիր),
- 26.04.2010 թվականին Աղավնի Կանայանի և Էլինա Մանուկյանի միջև կնքված անշարժ գույքի իրավունքի փոխանցման /զիջման/ մասին պայմանագիրը (վավերացված «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում՝ 2987 համարով), համաձայն որի՝ Աղավնի Կանայանը Էլինա Մանուկյանին է զիջել Պայմանագրի 3.2 կետի «բ» ենթակետով սահմանված՝ Երևանի 33-րդ թաղամասում կառուցվելիք բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում 64,3քմ ընդհանուր մակերեսով բնակարանի վերաբերյալ Պայմանագրից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները (…)
Ձեռքբերողի կողմից Վաճառողին Երևանի 33-րդ թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում բնակարան հանձնելու պարտավորությունը փոխարինվել է Երևանի գինու գործարանին հարող տարածքում (Արգիշտի 7/7 հասցեում գտնվող հողամասում) Կառուցապատողի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի 11-րդ հարկում 88,5քմ ընդհանուր մակերեսով հարդարված բնակարան հանձնելու պարտավորությամբ (հատոր 1-ին, գ.թ. 75-77),
2. 24.10.2016 թվականին «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի (Վաճառող), «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի (Վճարող) և Էլինա Մանուկյանի (Գնորդ) միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի թիվ 19/1-24.10.2016 պայմանագիրը, որի համաձայն՝ հիմք ընդունելով, որ Վճարողը և Գնորդը ձեռք են բերել փոխադարձ համաձայնություն, որ Երևանի գինու գործարանին հարող տարածքում (Արգիշտի 7/7 հասցեում գտնվող հողամասում) կառուցվող բազմաբնակարան շենքի 11-րդ հարկում 88,5քմ ընդհանուր մակերեսով բնակարանի փոխարեն Գնորդին որպես սեփականություն Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի 67,6քմ ընդհանուր մակերեսով թիվ 142 բնակարանը տրամադրվելու և Վճարողի կողմից Գնորդին 4.000.000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում Գնորդի նկատմամբ Վճարողի ստանձնած՝ որպես սեփականություն Երևանի գինու գործարանին հարող տարածքում (Արգիշտի 7/7 հասցեում գտնվող հողամասում) կառուցվող բազմաբնակարան շենքի 11-րդ հարկում 88,5քմ բնակարանը հանձնելու պարտավորությունը կհամարվի Վճարողի կողմից պատշաճ կատարված, Վաճառողը վաճառել է, իսկ Գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 23-24),
3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102016-01-0008 վկայականի համաձայն՝ 27.10.2016 թվականին Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նկատմամբ առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Էլինա Մանուկյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 25),
4. 17.01.2017 թվականին Էլինա Մանուկյանի (Նվիրատու) և Աննա Ոսկանյանի (Նվիրառու) միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն՝ Նվիրատուն Նվիրառողի սեփականությանն անհատույց հանձնել է Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 26),
5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20012017-01-0005 վկայականի համաձայն՝ 20.01.2017 թվականին Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նկատմամբ նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցվել է Աննա Ոսկանյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 27),
6. Թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Էլինա Մանուկյանի ընդդեմ Վահրամ Ոսկանյանի` ամուսնալուծության և համատեղ գույքի առանձնացման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Վահրամ Ոսկանյանի ընդդեմ Էլինա Մանուկյանի` ալիմենտի բռնագանձման, համատեղ կյանքում ձեռք բերված պայմանագրի 1/2 բաժնեմասով լիիրավ հավասար կողմ ճանաչելու (հարկադրելով, որ Էլինա Մանուկյանը իր ստորագրությամբ նոտարում վավերացնի այդ հայտարարությունը), համատեղ կյանքում ձեռքբերված ավտոմեքենայի վաճառքի գործարքը անօրեն ճանաչելու և 1/2 բաժնեմասով բաժանման պահանջի մասին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 25.04.2017 թվականի վճռով հաստատել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ. « (…) 4. Էլինա Յուրիի Մանուկյանը տալիս է իր համաձայնությունը, որ Վահրամ Գարեգինի Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Վահրամի Ոսկանյանին: (…)»: Միաժամանակ վերոհիշյալ վճռով բավարարվել է Էլինա Մանուկյանի սկզբնական հայցն ընդդեմ Վահրամ Ոսկանյանի` ամուսնալուծության պահանջի մասին, և լուծվել է Էլինա Մանուկյանի և Վահրամ Ոսկանյանի ամուսնությունը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 26.05.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12-17),
7. Թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2017 թվականի որոշմամբ Վահրամ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2017 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու վերաբերյալ, մերժվել է, և վերոհիշյալ վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 65-69):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև կնքված և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ կարող է հաստատվել համատեղ սեփականության մասնակցի կողմից ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը նվիրատվության ձևով օտարելու վերաբերյալ մյուս մասնակցի համաձայնության առկայությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` նույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի համար որևէ փաստ նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից հետևում է, որ Վահրամ Ոսկանյանը և Էլինա Մանուկյանը 10.08.1996 թվականից գտնվել են գրանցված ամուսնության մեջ։
26.04.2010 թվականին Աղավնի Կանայանի և Էլինա Մանուկյանի միջև կնքվել է անշարժ գույքի իրավունքի փոխանցման /զիջման/ մասին պայմանագիր:
04.06.2013 թվականին Էլինա Մանուկյանի և «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի միջև կնքվել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին թիվ 99-04.06.13 համաձայնագիրը։
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102016-01-0008 վկայականի համաձայն՝ 27.10.2016 թվականին Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նկատմամբ առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Էլինա Մանուկյանի սեփականության իրավունքը:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20012017-01-0005 վկայականի համաձայն՝ 20.01.2017 թվականին Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նկատմամբ նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցվել է Աննա Ոսկանյանի սեփականության իրավունքը:
Դատարանը, բավարարելով հայցը, հաստատված է համարել այն փաստը, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանը ձեռք է բերվել Էլինա Մանուկյանի կողմից Վահրամ Ոսկանյանի հետ համատեղ կյանքի ընթացքում` գրանցված ամուսնության օրոք, հետևաբար այն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի դրույթների համաձայն, ընդհանուր սեփականության իրավունքի առարկա է:
Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Էլինա Մանուկյանը 17.01.2017 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով տնօրինել է համատեղ սեփականության իրավունքով ինչպես իրեն, այնպես էլ Վահրամ Ոսկանյանին պատկանող անշարժ գույքը, մինչդեռ օրենքի ուժով պարտավոր էր ստանալ Վահրամ Ոսկանյանի համաձայնությունը:
Այսպիսով, հաստատված համարելով, որ 17.01.2017 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, Դատարանը գտել է, որ դրա նկատմամբ կիրառելի են գործարքի անվավերության հետևանքներ և Աննա Ոսկանյանի 20.01.2017 թվականին գրանցված սեփականության իրավունքը 1/2 մասով ենթակա է անվավեր ճանաչման:
Միաժամանակ անդրադառնալով պատասխանող Էլինա Մանուկյանի այն փաստարկին, որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Էլինա Մանուկյանը տվել է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Ոսկանյանին, Դատարանն արձանագրել է, որ նշված վճիռը կայացվել է 25.04.2017 թվականին, և վճռով հաստատվել է 11.04.2017 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, այսինքն` Էլինա Մանուկյանի 17.01.2017 թվականի անշարժ գույքի նվիրատվության կնքումից շուրջ երեք ամիս անց, և հաշտության համաձայնությունը վերաբերել է այլ անշարժ գույքի, հետևաբար սույն քաղաքացիական գործի վեճի առարկային թիվ ԵԿԴ0077/02/15 քաղաքացիական գործով 24.04.2017 թվականի վճիռը վերաբերելի չէ, իսկ պատասխանողի տվյալ փաստարկն առարկայազուրկ է և անհիմն:
Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ Էլինա Մանուկյանը տվել է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով ձեռք բերվելիք գույքի, այն է՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի իր 1/2 բաժնեմասը նվիրի երրորդ անձ Աննա Ոսկանյանին, որպիսի պայմաններում վերոհիշյալ վճռով հաստատված հաշտության համաձայնությունն այլ գույքի վերաբերելու մասին Դատարանի հետևությունը Վերաքննիչ դատարանը գնահատել է սույն գործի փաստական հանգամանքներից չբխող:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Դատարանի վերոնշյալ չհիմնավորված հետևությունը չի ազդել գործի ըստ էության ճիշտ լուծման վրա, քանի որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականի վճռով ոչ թե Վահրամ Ոսկանյանը, այլ Էլինա Մանուկյանը՝ որպես ընդհանուր համատեղ սեփականության մասնակից, տվել է իր համաձայնությունը՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի՝ Վահրամ Ոսկանյանի 1/2 բաժնեմասը նրա կողմից նվիրատվության ձևով տնօրինելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը նաև փաստել է, որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով վճիռը կայացվել է 25.04.2017 թվականին, և վճռով հաստատվել է 11.04.2017 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, մինչդեռ Էլինա Մանուկյանի կողմից անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 17.01.2017 թվականին, այսինքն՝ հաշտության համաձայնությունը կնքելուց շուրջ երեք ամիս առաջ, ուստի Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի վերաբերյալ նվիրատվության ձևով օտարման գործարք կնքելու պահին Վահրամ Ոսկանյանի համաձայնության առկայության վերաբերյալ բողոք ներկայացրած անձի փաստարկները Վերաքննիչ դատարանը գնահատել է չհիմնավորված:
Այսպիսով՝ հաշվի առնելով, որ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի՝ նվիրատվության ձևով տնօրինման համար պարտադիր կերպով անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը՝ առանց բացառության (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետ), իսկ գործում առկա չէ 17.01.2017 թվականի նվիրատվության պայմանագիրը կնքելու վերաբերյալ Վահրամ Ոսկանյանի կողմից համաձայնություն տալու փաստը հավաստող որևէ ապացույց, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Էլինա Մանուկյանի մոտ բացակայել է վեճի առարկա անշարժ գույքը Աննա Ոսկանյանին նվիրելու իրավունքը, որպիսի պայմաններում հայցը բավարարելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը Վերաքննիչ դատարանը գնահատել է իրավաչափ:
Գնահատելով և համադրելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և վճռաբեկ բողոքի փաստարկները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում կողմերի միջև գույքային վեճը դադարել է դեռևս թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականին կայացված և օրինական ուժ ստացած վճռով, որով դատարանը հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունն այն մասին, որ Էլինա Մանուկյանը տալիս է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը` Աննա Ոսկանյանին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սիթի Սենթր Դիվելփմենթ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի արդյունքում ձեռք է բերվել անշարժ գույք՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանը, որն Էլինա Մանուկյանն ամբողջությամբ նվիրել է Աննա Ոսկանյանին, ով այժմ նշված գույքի լիիրավ և միակ սեփականատերն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի տրամաբանությունից հետևում է, որ գույքի տնօրինման հարցը լուծելու համար պարտադիր պայման է համատեղ սեփականության մասնակիցների կամքի առկայությունը, և նման պայմաններում էական չէ բոլոր մասնակիցների, թե միայն մեկ մասնակցի պահանջով գործարքը կարող է անվավեր ճանաչվել, քանի որ համատեղ սեփականության դեպքում գույքը տնօրինելու յուրաքանչյուր մասնակցի հայեցողությունը ստորադասված է մյուս բոլոր համասեփականատերերի կամքին: Նման պայմաններում ենթադրվում է, որ գույքի տնօրինման իրավունքը պետք է իրացվի բացառապես գույքի սեփականատիրոջ կամ բոլոր սեփականատերերի իմացությամբ և կամքով, բացի այդ, գործարքի վավերականության համար անհրաժեշտ է, որ գործարք կնքող սուբյեկտն իր կամքն արտահայտի ազատորեն, առանց հակաիրավական կամ կամքի դրսևորման վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող արտաքին ազդակների, և այդ կամահայտնությունը պետք է համապատասխանի գործարք կնքողի (տվյալ դեպքում պատասխանողի) իրական ցանկություններին` ներքին կամքին, արտահայտված լինի ոչ թե ձևականորեն, այլ առաջացնի այն իրավական հետևանքները, որը վերջինս ցանկացել է:
Բացի այդ, Վճաբեկ դատարանն արձանագրում է, որ Էլինա Մանուկյանի և Վահրամ Ոսկանյանի միջև թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով կնքվել է հաշտության համաձայնություն, որտեղ նշվել է, որ «(...) Էլինա Մանուկյանը տալիս է իր համաձայնությունը, որ Վահրամ Գարեգինի Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Ոսկանյանին»։
Փաստորեն թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռով հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունն այն մասին, որ Էլինա Մանուկյանը տվել է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված համաձայնագրով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռքբերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի կողմերի համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Ոսկանյանին։ Ուստի Վճաբեկ դատարանը, գտնում է, որ կողմերի միջև գույքային վեճը դադարել է դեռևս թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականին կայացված և օրինական ուժ ստացած վճռով։
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ տվյալ պարագայում Վահրամ Ոսկանյանը վերը նշված հաշտության համաձայնությամբ արդեն իսկ արտահայտել է իր վերաբերմունքը Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի վերաբերյալ նվիրատվության ձևով իր դստերը՝ Աննա Ոսկանյանին օտարման գործարք կնքելու մասին, հետևաբար Վահրամ Ոսկանյանի համար նշված բնակարանի օտարումը չէր կարող համարվել անսպասելի, մինչդեռ այս հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 11.04.2017 թվականին կնքված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռ է կայացրել և հաշտության համաձայնությունը հաստատել է 25.04.2017 թվականին, իսկ Էլինա Մանուկյանի կողմից Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 17.01.2017 թվականին, այսինքն՝ հաշտության համաձայնությունը կնքելուց շուրջ երեք ամիս առաջ, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը Վահրամ Ոսկանյանի տեղեկացված լինելու հանգամանքը համարում է բավարար, և Էլինա Մանուկյանի կողմից 17.01.2017 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը դիտում է որպես օրենքի սահմաններում կնքված։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Վահրամ Ոսկանյանից հօգուտ Էլինա Մանուկյանի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. Վահրամ Ոսկանյանի հայցն ընդդեմ Էլինա Մանուկյանի, երրորդ անձ Աննա Ոսկանյանի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիմքով կատարված պետական գրանցումը 1/2 մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել:
2. Վահրամ Ոսկանյանից հօգուտ Էլինա Մանուկյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. Պետրոսյան | |
է. սեդրակյան | |
Ն. Տավարացյան | |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/3103/02/17 քաղաքացիական գործով 11.06.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
11.06.2021 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հունիսի 11-ին գրավոր ընթացակարգով քննելով Էլինա Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վահրամ Ոսկանյանի ընդդեմ Էլինա Մանուկյանի, երրորդ անձ Աննա Ոսկանյանի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիմքով կատարված պետական գրանցումը 1/2 մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. Վահրամ Ոսկանյանի հայցն ընդդեմ Էլինա Մանուկյանի, երրորդ անձ Աննա Ոսկանյանի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիմքով կատարված պետական գրանցումը 1/2 մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ռ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Վահրամ Ոսկանյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի 1/2 մասի նկատմամբ, անվավեր ճանաչել 17.01.2017 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումը և վերոհիշյալ բնակարանի 1/2 մասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 24.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.02.2019 թվականի որոշմամբ Էլինա Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլինա Մանուկյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ, 198-րդ, 273-րդ, 304-րդ, 599-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ի կետի, 305-րդ հոդվածի կանոնները, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է նախկին ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 163-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 57-63-րդ, 65-68-րդ, 157-րդ, 179-րդ, 191-րդ, 192-րդ, 195-րդ, 364-րդ, 365-րդ, 378-381-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Էլինա Մանուկյանի և Վահրամ Ոսկանյանի միջև գույքային վեճը դադարել է դեռևս թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականին կայացված և օրինական ուժ ստացած վճռով, որով դատարանը հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունն այն մասին, որ Էլինա Մանուկյանը տալիս է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Ոսկանյանին։ Այնուհետև «Սիթի Սենթր Դիվելփմենթ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի արդյունքում ձեռք է բերվել գույք՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 հասցեում, որը Էլինա Մանուկյանն ամբողջությամբ նվիրել է Աննա Ոսկանյանին, այսինքն՝ Վահրամ Ոսկանյանի կամքը կատարվել է:
Վերաքննիչ դատարանը, ստանձնելով Դատարանի վճիռը հիմնավորելու առաքելությունը, փաստել է, որ օրինական ուժի մեջ մտած 25.04.2017 թվականի թիվ ԵԿԴ/0077/02/15 վճռով ոչ թե Վահրամ Ոսկանյանը, այլ Էլինա Մանուկյանը՝ որպես ընդհանուր համատեղ սեփականության մասնակից, տվել է իր համաձայնությունը՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի՝ Վահրամ Ոսկանյանի 1/2 բաժնեմասը նրա կողմից նվիրատվության ձևով տնօրինելու վերաբերյալ: Մինչդեռ նշված փաստարկն անհիմն է, քանի որ Վահրամ Ոսկանյանը նույնպես ստորագրել է հաշտության համաձայնությունը, որով արտացոլվել է ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի իր 1/2 բաժնեմասը Աննա Ոսկանյանին նվիրելու իր համաձայնությունը:
Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով վճիռը կայացվել է 25.04.2017 թվականին, և վճռով հաստատվել է 11.04.2017 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, մինչդեռ Էլինա Մանուկյանի կողմից անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 17.01.2017 թվականին, այսինքն՝ հաշտության համաձայնությունը կնքելուց շուրջ երեք ամիս առաջ, ապա նշված փաստը նույնպես խոսում է այն մասին, որ Վահրամ Ոսկանյանը տեղեկացված է եղել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի վերաբերյալ իր դստերը՝ Աննա Ոսկանյանին նվիրատվության ձևով օտարման գործարք կնքելու մասին, այլապես հաշտության համաձայնությունը չէր ամրագրվի իր ստորագրությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 04.06.2013 թվականին Էլինա Մանուկյանի (Վաճառող), «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի (Ձեռքբերող), «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի (Կառուցապատող) միջև կնքվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 99-04.06.13 համաձայնագիրը, ըստ որի` հիմք ընդունելով`
- 27.04.2009 թվականին Աղավնի Կանայանի և «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի միջև կնքված Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման թիվ 58-27.04.09 պայմանագիրը (վավերացված «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում՝ 2194 համարով) (այսուհետ` Պայմանագիր),
- 26.04.2010 թվականին Աղավնի Կանայանի և Էլինա Մանուկյանի միջև կնքված անշարժ գույքի իրավունքի փոխանցման /զիջման/ մասին պայմանագիրը (վավերացված «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում՝ 2987 համարով), համաձայն որի՝ Աղավնի Կանայանը Էլինա Մանուկյանին է զիջել Պայմանագրի 3.2 կետի «բ» ենթակետով սահմանված՝ Երևանի 33-րդ թաղամասում կառուցվելիք բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում 64,3քմ ընդհանուր մակերեսով բնակարանի վերաբերյալ Պայմանագրից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները (…)
Ձեռքբերողի կողմից Վաճառողին Երևանի 33-րդ թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում բնակարան հանձնելու պարտավորությունը փոխարինվել է Երևանի գինու գործարանին հարող տարածքում (Արգիշտի 7/7 հասցեում գտնվող հողամասում) Կառուցապատողի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի 11-րդ հարկում 88,5քմ ընդհանուր մակերեսով հարդարված բնակարան հանձնելու պարտավորությամբ (հատոր 1-ին, գ.թ. 75-77),
2. 24.10.2016 թվականին «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի (Վաճառող), «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի (Վճարող) և Էլինա Մանուկյանի (Գնորդ) միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի թիվ 19/1-24.10.2016 պայմանագիրը, որի համաձայն՝ հիմք ընդունելով, որ Վճարողը և Գնորդը ձեռք են բերել փոխադարձ համաձայնություն, որ Երևանի գինու գործարանին հարող տարածքում (Արգիշտի 7/7 հասցեում գտնվող հողամասում) կառուցվող բազմաբնակարան շենքի 11-րդ հարկում 88,5քմ ընդհանուր մակերեսով բնակարանի փոխարեն Գնորդին որպես սեփականություն Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի 67,6քմ ընդհանուր մակերեսով թիվ 142 բնակարանը տրամադրվելու և Վճարողի կողմից Գնորդին 4.000.000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում Գնորդի նկատմամբ Վճարողի ստանձնած՝ որպես սեփականություն Երևանի գինու գործարանին հարող տարածքում (Արգիշտի 7/7 հասցեում գտնվող հողամասում) կառուցվող բազմաբնակարան շենքի 11-րդ հարկում 88,5քմ բնակարանը հանձնելու պարտավորությունը կհամարվի Վճարողի կողմից պատշաճ կատարված, Վաճառողը վաճառել է, իսկ Գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 23-24),
3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102016-01-0008 վկայականի համաձայն՝ 27.10.2016 թվականին Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նկատմամբ առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Էլինա Մանուկյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 25),
4. 17.01.2017 թվականին Էլինա Մանուկյանի (Նվիրատու) և Աննա Ոսկանյանի (Նվիրառու) միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն՝ Նվիրատուն Նվիրառողի սեփականությանն անհատույց հանձնել է Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 26),
5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20012017-01-0005 վկայականի համաձայն՝ 20.01.2017 թվականին Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նկատմամբ նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցվել է Աննա Ոսկանյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 27),
6. Թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Էլինա Մանուկյանի ընդդեմ Վահրամ Ոսկանյանի` ամուսնալուծության և համատեղ գույքի առանձնացման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Վահրամ Ոսկանյանի ընդդեմ Էլինա Մանուկյանի` ալիմենտի բռնագանձման, համատեղ կյանքում ձեռք բերված պայմանագրի 1/2 բաժնեմասով լիիրավ հավասար կողմ ճանաչելու (հարկադրելով, որ Էլինա Մանուկյանը իր ստորագրությամբ նոտարում վավերացնի այդ հայտարարությունը), համատեղ կյանքում ձեռքբերված ավտոմեքենայի վաճառքի գործարքը անօրեն ճանաչելու և 1/2 բաժնեմասով բաժանման պահանջի մասին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 25.04.2017 թվականի վճռով հաստատել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ. « (…) 4. Էլինա Յուրիի Մանուկյանը տալիս է իր համաձայնությունը, որ Վահրամ Գարեգինի Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Վահրամի Ոսկանյանին: (…)»: Միաժամանակ վերոհիշյալ վճռով բավարարվել է Էլինա Մանուկյանի սկզբնական հայցն ընդդեմ Վահրամ Ոսկանյանի` ամուսնալուծության պահանջի մասին, և լուծվել է Էլինա Մանուկյանի և Վահրամ Ոսկանյանի ամուսնությունը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 26.05.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12-17),
7. Թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2017 թվականի որոշմամբ Վահրամ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2017 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու վերաբերյալ, մերժվել է, և վերոհիշյալ վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 65-69)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև կնքված և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ կարող է հաստատվել համատեղ սեփականության մասնակցի կողմից ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը նվիրատվության ձևով օտարելու վերաբերյալ մյուս մասնակցի համաձայնության առկայությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` նույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի համար որևէ փաստ նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից հետևում է, որ Վահրամ Ոսկանյանը և Էլինա Մանուկյանը 10.08.1996 թվականից գտնվել են գրանցված ամուսնության մեջ։
26.04.2010 թվականին Աղավնի Կանայանի և Էլինա Մանուկյանի միջև կնքվել է անշարժ գույքի իրավունքի փոխանցման /զիջման/ մասին պայմանագիր:
04.06.2013 թվականին Էլինա Մանուկյանի և «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի միջև կնքվել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին թիվ 99-04.06.13 համաձայնագիրը։
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102016-01-0008 վկայականի համաձայն՝ 27.10.2016 թվականին Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նկատմամբ առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Էլինա Մանուկյանի սեփականության իրավունքը:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20012017-01-0005 վկայականի համաձայն՝ 20.01.2017 թվականին Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նկատմամբ նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցվել է Աննա Ոսկանյանի սեփականության իրավունքը:
Դատարանը, բավարարելով հայցը, հաստատված է համարել այն փաստը, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանը ձեռք է բերվել Էլինա Մանուկյանի կողմից Վահրամ Ոսկանյանի հետ համատեղ կյանքի ընթացքում` գրանցված ամուսնության օրոք, հետևաբար այն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի դրույթների համաձայն, ընդհանուր սեփականության իրավունքի առարկա է:
Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Էլինա Մանուկյանը 17.01.2017 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով տնօրինել է համատեղ սեփականության իրավունքով ինչպես իրեն, այնպես էլ Վահրամ Ոսկանյանին պատկանող անշարժ գույքը, մինչդեռ օրենքի ուժով պարտավոր էր ստանալ Վահրամ Ոսկանյանի համաձայնությունը:
Այսպիսով, հաստատված համարելով, որ 17.01.2017 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, Դատարանը գտել է, որ դրա նկատմամբ կիրառելի են գործարքի անվավերության հետևանքներ և Աննա Ոսկանյանի 20.01.2017 թվականին գրանցված սեփականության իրավունքը 1/2 մասով ենթակա է անվավեր ճանաչման:
Միաժամանակ անդրադառնալով պատասխանող Էլինա Մանուկյանի այն փաստարկին, որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Էլինա Մանուկյանը տվել է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Ոսկանյանին, Դատարանն արձանագրել է, որ նշված վճիռը կայացվել է 25.04.2017 թվականին, և վճռով հաստատվել է 11.04.2017 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, այսինքն` Էլինա Մանուկյանի 17.01.2017 թվականի անշարժ գույքի նվիրատվության կնքումից շուրջ երեք ամիս անց, և հաշտության համաձայնությունը վերաբերել է այլ անշարժ գույքի, հետևաբար սույն քաղաքացիական գործի վեճի առարկային թիվ ԵԿԴ0077/02/15 քաղաքացիական գործով 24.04.2017 թվականի վճիռը վերաբերելի չէ, իսկ պատասխանողի տվյալ փաստարկն առարկայազուրկ է և անհիմն:
Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ Էլինա Մանուկյանը տվել է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով ձեռք բերվելիք գույքի, այն է՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի իր 1/2 բաժնեմասը նվիրի երրորդ անձ Աննա Ոսկանյանին, որպիսի պայմաններում վերոհիշյալ վճռով հաստատված հաշտության համաձայնությունն այլ գույքի վերաբերելու մասին Դատարանի հետևությունը Վերաքննիչ դատարանը գնահատել է սույն գործի փաստական հանգամանքներից չբխող:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Դատարանի վերոնշյալ չհիմնավորված հետևությունը չի ազդել գործի ըստ էության ճիշտ լուծման վրա, քանի որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականի վճռով ոչ թե Վահրամ Ոսկանյանը, այլ Էլինա Մանուկյանը՝ որպես ընդհանուր համատեղ սեփականության մասնակից, տվել է իր համաձայնությունը՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի՝ Վահրամ Ոսկանյանի 1/2 բաժնեմասը նրա կողմից նվիրատվության ձևով տնօրինելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը նաև փաստել է, որ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով վճիռը կայացվել է 25.04.2017 թվականին, և վճռով հաստատվել է 11.04.2017 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, մինչդեռ Էլինա Մանուկյանի կողմից անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 17.01.2017 թվականին, այսինքն՝ հաշտության համաձայնությունը կնքելուց շուրջ երեք ամիս առաջ, ուստի Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի վերաբերյալ նվիրատվության ձևով օտարման գործարք կնքելու պահին Վահրամ Ոսկանյանի համաձայնության առկայության վերաբերյալ բողոք ներկայացրած անձի փաստարկները Վերաքննիչ դատարանը գնահատել է չհիմնավորված:
Այսպիսով՝ հաշվի առնելով, որ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի՝ նվիրատվության ձևով տնօրինման համար պարտադիր կերպով անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը՝ առանց բացառության (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետ), իսկ գործում առկա չէ 17.01.2017 թվականի նվիրատվության պայմանագիրը կնքելու վերաբերյալ Վահրամ Ոսկանյանի կողմից համաձայնություն տալու փաստը հավաստող որևէ ապացույց, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Էլինա Մանուկյանի մոտ բացակայել է վեճի առարկա անշարժ գույքը Աննա Ոսկանյանին նվիրելու իրավունքը, որպիսի պայմաններում հայցը բավարարելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը Վերաքննիչ դատարանը գնահատել է իրավաչափ:
Գնահատելով և համադրելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և վճռաբեկ բողոքի փաստարկները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում կողմերի միջև գույքային վեճը դադարել է դեռևս թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականին կայացված և օրինական ուժ ստացած վճռով, որով դատարանը հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունն այն մասին, որ Էլինա Մանուկյանը տալիս է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը` Աննա Ոսկանյանին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սիթի Սենթր Դիվելփմենթ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի արդյունքում ձեռք է բերվել անշարժ գույք՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանը, որն Էլինա Մանուկյանն ամբողջությամբ նվիրել է Աննա Ոսկանյանին, ով այժմ նշված գույքի լիիրավ և միակ սեփականատերն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի տրամաբանությունից հետևում է, որ գույքի տնօրինման հարցը լուծելու համար պարտադիր պայման է համատեղ սեփականության մասնակիցների կամքի առկայությունը, և նման պայմաններում էական չէ բոլոր մասնակիցների, թե միայն մեկ մասնակցի պահանջով գործարքը կարող է անվավեր ճանաչվել, քանի որ համատեղ սեփականության դեպքում գույքը տնօրինելու յուրաքանչյուր մասնակցի հայեցողությունը ստորադասված է մյուս բոլոր համասեփականատերերի կամքին: Նման պայմաններում ենթադրվում է, որ գույքի տնօրինման իրավունքը պետք է իրացվի բացառապես գույքի սեփականատիրոջ կամ բոլոր սեփականատերերի իմացությամբ և կամքով, բացի այդ, գործարքի վավերականության համար անհրաժեշտ է, որ գործարք կնքող սուբյեկտն իր կամքն արտահայտի ազատորեն, առանց հակաիրավական կամ կամքի դրսևորման վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող արտաքին ազդակների, և այդ կամահայտնությունը պետք է համապատասխանի գործարք կնքողի (տվյալ դեպքում պատասխանողի) իրական ցանկություններին` ներքին կամքին, արտահայտված լինի ոչ թե ձևականորեն, այլ առաջացնի այն իրավական հետևանքները, որը վերջինս ցանկացել է:
Բացի այդ, Վճաբեկ դատարանն արձանագրում է, որ Էլինա Մանուկյանի և Վահրամ Ոսկանյանի միջև թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով կնքվել է հաշտության համաձայնություն, որտեղ նշվել է, որ «(...) Էլինա Մանուկյանը տալիս է իր համաձայնությունը, որ Վահրամ Գարեգինի Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված թիվ 99-04.06.2013 համաձայնագրով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար թիվ 58-27.04.09 պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռք բերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Ոսկանյանին»։
Փաստորեն թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռով հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունն այն մասին, որ Էլինա Մանուկյանը տվել է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված համաձայնագրով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռքբերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի կողմերի համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Ոսկանյանին։ Ուստի Վճաբեկ դատարանը, գտնում է, որ կողմերի միջև գույքային վեճը դադարել է դեռևս թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականին կայացված և օրինական ուժ ստացած վճռով։
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ տվյալ պարագայում Վահրամ Ոսկանյանը վերը նշված հաշտության համաձայնությամբ արդեն իսկ արտահայտել է իր վերաբերմունքը Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի վերաբերյալ նվիրատվության ձևով իր դստերը՝ Աննա Ոսկանյանին օտարման գործարք կնքելու մասին, հետևաբար Վահրամ Ոսկանյանի համար նշված բնակարանի օտարումը չէր կարող համարվել անսպասելի, մինչդեռ այս հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 11.04.2017 թվականին կնքված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռ է կայացրել և հաշտության համաձայնությունը հաստատել է 25.04.2017 թվականին, իսկ Էլինա Մանուկյանի կողմից Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 17.01.2017 թվականին, այսինքն՝ հաշտության համաձայնությունը կնքելուց շուրջ երեք ամիս առաջ, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը Վահրամ Ոսկանյանի տեղեկացված լինելու հանգամանքը համարում է բավարար, և Էլինա Մանուկյանի կողմից 17.01.2017 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը դիտում է որպես օրենքի սահմաններում կնքված։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ռ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և այն փոփոխել՝ Վահրամ Ոսկանյանի հայցն ընդդեմ Էլինա Մանուկյանի, երրորդ անձ Աննա Ոսկանյանի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիմքով կատարված պետական գրանցումը 1/2 մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել է նույն որոշման պատճառաբանություններով:
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝
1) Էլինա Մանուկյանի և Վահրամ Ոսկանյանի միջև գույքային վեճը դադարել է դեռևս թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով 25.04.2017 թվականին կայացված և օրինական ուժ ստացած վճռով, որով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է նրանց հաշտության համաձայնությունն այն մասին, որ Էլինա Մանուկյանը տվել է իր համաձայնությունը, որ Վահրամ Ոսկանյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ 04.06.2013 թվականին կնքված համաձայնագրով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման համար պայմանագրում լրացումների և փոփոխությունների մասին պայմանագրով ձեռքբերվելիք գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրի իրենց համատեղ ամուսնության ընթացքում ծնված դստերը՝ Աննա Ոսկանյանին.
2) Վահրամ Ոսկանյանը վերը նշված հաշտության համաձայնությամբ արդեն իսկ արտահայտել է իր վերաբերմունքը Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի վերաբերյալ նվիրատվության ձևով իր դստերը՝ Աննա Ոսկանյանին օտարման գործարք կնքելու մասին, որի պայմաններում Վահրամ Ոսկանյանի համար նշված բնակարանի օտարումը չէր կարող համարվել անսպասելի.
3) «թեև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 11.04.2017 թվականին կնքված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռ է կայացրել և հաշտության համաձայնությունը հաստատել է 25.04.2017 թվականին, իսկ Էլինա Մանուկյանի կողմից Երևանի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 17.01.2017 թվականին, այսինքն՝ հաշտության համաձայնությունը կնքելուց շուրջ երեք ամիս առաջ, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը Վահրամ Ոսկանյանի տեղեկացված լինելու հանգամանքը համարում է բավարար, և Էլինա Մանուկյանի կողմից 17.01.2017 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը դիտում է որպես օրենքի սահմաններում կնքված»։
Կարծում ենք, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում թույլ տալը վերագրելու համար, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, իսկ դրա հիմքով՝ դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ դատարանը փաստի հաստատված լինելու հարցը որոշում է գործում եղած բոլոր ապացույցները գնահատելով՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Այսինքն՝ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին վերագրում է դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը դրսևորվել է նրանում, որ Վերաքննիչ դատարանը փաստի հաստատված լինելու հարցը որոշել է առանց գործում եղած բոլոր ապացույցները գնահատելու, իսկ ներքին համոզմունքը հիմնված չէ այդ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա:
Սույն գործի փաստերի համաձայն՝ սույն գործով հայցադիմումը Դատարան է ներկայացրել Վահրամ Ոսկանյանն ընդդեմ Էլինա Մանուկյանի՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի 74-րդ շենքի թիվ 142 բնակարանի 1/2 մասի նկատմամբ, անվավեր ճանաչել 17.01.2017 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումն ու վերոհիշյալ բնակարանի 1/2 մասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը: Հայցի հիմքում Վահրամ Ոսկանյանը դրել է այն, որ էլինա Մանուկյանն առանց իրեն իրազեկելու է կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը:
Մինչդեռ թիվ ԵԿԴ/0077/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2017 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնության բովանդակության բառացի շարադրանքից հետևում է, որ համաձայնությունը՝ կապված Վահրամ Ոսկանյանի կողմից իրենց դստերն ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի իր 1/2 բաժնեմասը նվիրելու հետ, տվել է Էլինա Մանուկյանը:
Տվյալ դեպքում սույն գործի լուծման համար, հաշվի առնելով, թե ում հայցի, ինչ փաստական և իրավական հիմքերի ու ինչ պահանջի հիման վրա է հարուցվել սույն քաղաքացիական գործը, էական նշանակություն ունի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքն Աննա Ոսկանյանին նվիրատվության ձևով օտարելու վերաբերյալ ոչ թե Էլինա Մանուկյանի, այլ Վահրամ Ոսկանյանի համաձայնության առկայության հարցը, որպիսի համաձայնությունը տվյալ դեպքում բացակայել է:
Ավելին՝ կողմերի միջև հաշտության համաձայնությունը կնքվել է 11.04.2017 թվականին, իսկ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատվել է 25.04.2017 թվականի վճռով, մինչդեռ վիճելի գործարքը կնքվել է 17.01.2017 թվականին, այսինքն՝ նախքան կողմերի միջև հաշտության համաձայնություն կնքվելը և այն դատարանի կողմից հաստատվելը:
Տվյալ դեպքում 17.01.2017 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի վավերությունը գնահատելիս սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այդ գործարքի կնքման պահին օրենքով սահմանված համապատասխան պահանջները պահպանված լինելու հանգամանքը: Քանի որ պատասխանող Էլինա Մանուկյանը գործի քննության ընթացքում չի ներկայացրել բավարար ապացույցներ, որոնք ստորադաս դատարաններին հնարավորություն կտային հաստատված համարելու սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ նվիրատվության գործարքի կնքման պահին Վահրամ Ոսկանյանը տվել է իր համաձայնությունն ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքն իրենց դստերը նվիրելու վերաբերյալ, ուստի նման պայմաններում Վահրամ Ոսկանյանի ներկայացրած հայցը ենթակա է բավարարման:
Դրանից ելնելով՝ գտնում ենք, որ առկա չէ Էլինա Մանուկյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի՝ արդարադատության բուն էությունը խաթարող խախտում, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը չէր կարող Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:
Դատավորներ` Գ. Հակոբյան |
Ռ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: