Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.06.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
11.06.2021
Дата вступления в силу
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1327/05/19

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1327/05/19

Նախագահող դատավոր՝

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունիսի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» 06.05.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՍՄԱՐԹ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի 01.09.2017 թվականի թիվ 318-Ա որոշումը, 01.09.2017 թվականին տրված թիվ 30 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը), ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կադաստր) կողմից 07.09.2017 թվականին Կոտայքի մարզի Առինջ համայնքի Մաշտոցի փողոց թիվ 1/1 շենք, շինություններ հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր կամ առոչինչ ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի ներկայացուցիչը պահանջել է անվավեր կամ առոչինչ ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի 01.09.2017 թվականի թիվ 318-Ա որոշումը, 01.09.2017 թվականին տրված թիվ 30 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը), Կադաստրի կողմից 07.09.2017 թվականին Կոտայքի մարզի Առինջ համայնքի Մաշտոցի փողոց թիվ 1/1 շենք, շինություններ հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 07.03.2019 թվականին կայացրել է որոշում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու, հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, հայցադիմումը մասով վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» 06.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` վերացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և նույն մասով հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ Դատարանի 07.03.2019 թվականի որոշումը և վերականգնվել է հայց ներկայացնելու համար Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 72-րդ, 80-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է 05.12.2018 թվականին, վիճարկվող՝ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի 01.09.2017 թվականի թիվ 318-Ա որոշումը, 01.09.2017 թվականին տրված թիվ 30 ավարտական ակտն (շահագործման թույլտվությունը) ընդունվելուց 13 ամիս անց։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նույնացրել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելն ու հայցադիմում ներկայացնելը, համարելով, որ դրանք նույնաբովանդակ գործողություններ են, մինչդեռ տարբեր են ինչպես դրանց կարգավորման ոլորտները, այնպես էլ առաջացող հետևանքները։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը չի նույնացրել հանցագործության մասին հաղորդում ներկայացնելն ու հայցադիմում ներկայացնելը, ուղղակի հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը հաշվի է առել նաև այլ փաստերի հետ համակցության մեջ, որի արդյունքում եկել է եզրահանգման, որ հայցվորի կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար և բավարարել է միջնորդությունը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

արդյո՞ք սնանկության գործով կառավարչի կողմից վիճարկման հայցով դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը կարող է հարգելի համարվել այն պայմաններում, երբ սնանկության գործով կառավարչի լիազորություններից բխում է վիճարկվող վարչական ակտերի մասին ավելի վաղ տեղեկանալու վերջինիս պարտականությունը:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը, Մուշեղ Սայադյանն ընդդեմ Սևանի քաղաքապետի և «Լավանդա Սիթի-Շին» ՍՊԸ-ի թիվ ՎԴ2/0239/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2020 թվականի որոշումը):

 Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը, Մուշեղ Սայադյանն ընդդեմ Սևանի քաղաքապետի և «Լավանդա Սիթի-Շին» ՍՊԸ-ի թիվ ՎԴ2/0239/05/17 ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2020 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի կողմից 22032016 թվականին «Եուրոմոթորս» ՓԲԸ-ին տրվել է թիվ 06 շինարարության թույլտվությունը (Կոտայքի մարզի Առինջ համայնքի ՄՄաշտոց փողոցի թիվ 1/1 հասցեում «BMW», «MINI COOPER» ավտոմեքենաների վաճառքի և սպասարկման կենտրոն օբյեկտի շինարարական աշխատանքների կատարման վերաբերյալ), որի հիման վրա Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի 01092017 թվականի թիվ 30 որոշմամբ «Եուրոմոթորս» ՓԲԸ-ի կողմից կառուցված «BMW», «MINI COOPER» ավտոմեքենաների վաճառքի և սպասարկման կենտրոնին տրվել է ավարտական ակտ (հատոր 1-ին գ.թ.15-16):

 Այնուհետև՝ 22032016 թվականի թիվ 06 շինարարության թույլտվության և 01092017 թվականի թիվ 30 ավարտական ակտի հիման վրա 07092017 թվականին գրանցվել է «Եուրոմոթորս» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը, և տրվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 07092017-07-0061 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 17-18):

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության 4-րդ բաժնի 14.12.2018 թվականի «Քրեական գործ հարուցելու մասին» որոշման համաձայն՝ 05122018 թվականին Ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Եուրոմոթորս» ՓԲԸ-ին պատկանող «BMW» և «MINI COOPER» ավտոմեքենաների վաճառքի և սպասարկման կենտրոնը, առանց կապալառու ընկերություն հանդիսացող «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի մասնակցությամբ կազմված ավարտական և շահագործման ակտերի և առանց նույն ընկերության գույքի հանդեպ սեփականության իրավունքի փոխանցման, կեղծ ավարտական ակտ կազմելու միջոցով պետական գրանցում է ստացել Կադաստրում (հատոր 1-ին, գ.թ. 33-37):

Հայցվորը 28022019 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր կամ առոչինչ ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի 01.09.2017 թվականի թիվ 318-Ա որոշումը, 01.09.2017 թվականին տրված թիվ 30 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը), Կադաստրի կողմից 07.09.2017 թվականին Կոտայքի մարզի Առինջ համայնքի Մաշտոցի փողոց թիվ 1/1 շենք, շինություններ հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդություն՝ պատճառաբանելով, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանն առաջին անգամ վիճարկվող վարչական ակտերի և դրանց հիմքերի մասին տեղեկացել է 11012019 թվականին՝ ստանալով քրեական գործ հարուցելու մասին որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 6-25)։

Դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության կառավարիչ Գարիկ Մկրտչյանի` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև հայցադիմումի ընդունումը` ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի 01.09.2017 թվականի թիվ 318-Ա որոշումը, 01.09.2017 թվականին տրված թիվ 30 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը), Կադաստրի կողմից 07.09.2017 թվականի Կոտայքի մարզ, Առինջ համայնք, Մաշտոցի փողոց 1/1 շենք, շինություններ հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժվել է, իսկ մնացած պահանջների մասով`ընդունվել վարույթ:

Դատարանը մերժել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանը դրանց մասին տեղեկացել է 11.01.2019 թվականին, մինչդեռ հայցադիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ընկերությունը, որի անունից հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանը, վիճարկվող ակտերի մասին տեղյակ է եղել առնվազն 05.12.2018 թվականից, երբ Ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Եուրոմոթորս» ՓԲԸ-ին պատկանող «BMW» և «MINI COOPER» ավտոմեքենաների վաճառքի և սպասարկման կենտրոնը, առանց կապալառու ընկերություն հանդիսացող «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի մասնակցությամբ կազմված ավարտական և շահագործման ակտերի և առանց նույն ընկերության գույքի հանդեպ սեփականության իրավունքի փոխանցման, կեղծ ավարտական ակտ կազմելու միջոցով պետական գրանցում է ստացել Կադաստրում: Այսպիսով, Դատարանը գտել է, որ Ընկերությունն առնվազն 05.12.2018 թվականից զրկված չի եղել իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը 06052019 թվականի որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ հայցվորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ապա սեղմ ժամկետներում ձեռնամուխ է եղել նաև իր իրավունքների դատական պաշտպանության իրացմանը: Ընդ որում Վերաքննիչ դատարանը հաղորդում ներկայացնելուց հետո հաղորդման արդյունքներին սպասելու հանգամանքը որակել է ողջամիտ, որպիսի պայմաններում գտել է, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ եզրահանգումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` սնանկ ճանաչված կամ լուծարվող իրավաբանական անձանց գործերը վարում են սնանկության ժամանակավոր կառավարիչը, սնանկության կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի լիազորած անդամը:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 4-8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանում գործերը վարող անձինք հանդիսանում են ի պաշտոնե ներկայացուցիչներ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

Նույն օրենքի «Կառավարչի լիազորությունները» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը` պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

 Նույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո(...):

Նույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանի համապատասխան աշխատակիցները պարտավոր են ներկա լինել և աջակցել գույքագրմանը(...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԱՐԱԴ/0333/02/14 քաղաքացիական գործով 22.04.2016 թվականի որոշմամբ անդրադառնալով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված սնանկության գործով կառավարչի դատավարական լիազորությունների բովանդակությանը, արձանագրել է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը և սնանկ ճանաչվելուց հետո, ի թիվս այլնի, պարտապանի անունից իրացնում է նաև դատարան հայց ներկայացնելու իրավունքը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/10906/05/18 վարչական գործով 10.11.2020 թվականի որոշմամբ անդրադառնալով սնանկության գործով կառավարչի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցին, նշել է«(...) Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը գիտեր կամ թերևս հնարավորություն ուներ իմանալու (վիճարկվող պետական գրանցումների հիմքում ընկած փաստաթղթերի մասին) 2015 թվականից, այլ ոչ թե թիվ ԵԱՔԴ/1153/02/18 քաղաքացիական գործով հրապարակված վճռից, քանի որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2015 թվականի վճռով Կոոպերատիվը ճանաչվել է սնանկ, և հայցվորը նշանակվել է սնանկության գործով կառավարիչ: Հետևաբար Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը դեռևս 2015 թվականից արդեն իսկ հնարավորություն էր ունեցել տեղեկանալու վիճարկվող անշարժ գույքերի սեփականության իրավունքի պետական գրանցումների հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ (...)»։

Սնանկ ճանաչված անձի և սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կառուցակարգին անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանն իր 26.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1572 որոշմամբ` նշելով, որ «(…) պարտապանին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է, որպիսի պայմաններում սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի գործողությունների շրջանակն իրավաչափորեն սահմանափակվում է՝ նպատակ ունենալով ապահովելու պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունը։ Հետևաբար՝ անվճարունակ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ պարտապանի գործողություններն իրականացնում է սնանկության գործով կառավարիչը՝ հանդես գալով որպես պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող ոչ շահագրգիռ անձ՝ միաժամանակ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը (…)»։

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ սնանկության վարույթում սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս ոչ թե պարտապանի կամ պարտատիրոջ կողմում, այլ օրենքի սահմաններում իրականացնում է իր՝ որպես սնանկության գործով կառավարչի լիազորությունները, որոնք ուղղված են պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռմանը։

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) օրենսդիրը սնանկության վարույթը տարանջատել է առանձին փուլերի, այն է՝ նախքան պարտապանին սնանկ ճանաչելը, և պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում կայացնելը, որպիսի կարգավորումը պայմանավորված է պարտապանի և սնանկության գործով կառավարչի իրավական կարգավիճակի առանձնահատկություններով։ Այսպես, նախքան սնանկ ճանաչվելը պարտապանն իր իրավունքները և պարտականությունները, այդ թվում նաև` դատավարական, ինքնուրույն է իրացնում: Այլ կերպ ասած՝ նախքան սնանկ ճանաչվելը պարտապանը, օժտված լինելով դատավարական իրավասուբյեկտությամբ, ինքնուրույն կարող է իրացնել իր դատավարական իրավունքները և կրել պարտականություններ։ Մինչդեռ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի իրավունքները, այդ թվում նաև` դատավարական, իրացնում է սնանկության գործով կառավարիչը` հանդես գալով պարտապանի անունից և հսկողություն իրականացնելով պարտապան-իրավաբանական անձի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ (…)»։

Վերը վկայակոչված իրավադրույթների, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պայմանավորված իրավական կարգավիճակի առանձնահատկություններով` սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքների և պարտականությունների իրացման հնարավորությունը փոխանցվում է կառավարչին, ով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք: Ըստ այդմ, պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո վերջինիս դատավարական իրավունքները, այդ թվում՝ դատարան հայց հարուցելու իրավունքը, իրացնելիս սնանկության գործով կառավարիչը Օրենսգրքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով հանդես է գալիս որպես պարտապանի ի պաշտոնե ներկայացուցիչ։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ այդ իրավական կարգավիճակով հանդես գալու պայմաններում, սնանկության գործով կառավարիչն իրավասություն է ստանում իրացնելու մի շարք լիազորություններ` միտված շահագրգիռ անձանց իրավունքների արդյունավետ երաշխավորմանն ու սնանկության վարույթի բնականոն ընթացքի ապահովմանը։ Այդպիսի լիազորությունների վերապահումը նպատակ է հետապնդում նաև կառավարչին օժտել անհրաժեշտ գործիքակազմով` պարտապան-իրավաբան անձի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու համար։

 Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոգրյալ նպատակի ապահովմանն է ուղղված նաև սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանի գույքի գույքագրման իրականացումը։ Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ սնանկության գործով կառավարչի՝ պարտապանի գույքի գույքագրում իրականացնելու պարտականությունը, ի թիվս սնանկության գործով կառավարչի այլ լիազորությունների, միտված է երաշխավորելու ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատերերի շահերի հավասարակշռված պաշտպանությունը։ Սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանի գույքի պատշաճ և բարեխիղճ գույքագրման իրականացումն անհրաժեշտ պայման է կառավարչի այլ լիազորությունների իրականացման համար: Ուստի, սնանկության գործով կառավարիչը կրում է նաև պարտապանի գույքի գույքագրման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու անբարենպաստ հետևանքների ռիսկը: Այս առումով հատկանշական է նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 26.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1542 որոշմամբ արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ սնանկության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տարբեր գործողությունների չկատարումը (անգործությունը) կամ ոչ պատշաճ, անբարեխիղճ կատարումը, մասնավորապես, պարտապանի գույքի ոչ բարեխիղճ գույքագրումը, պահպանումը կարող են առաջացնել լուրջ խախտումներ, որոնք կապված կլինեն սնանկության գործով գույքի կազմում ներառված գույքի զանգվածի ձևավորման և դրա հետագա իրացման հետ, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել սնանկության գործընթացի մասնակիցների իրավունքների ոտնահարման՝ վնաս պատճառելով պարտապանին և պարտատերերին:

 Հետևաբար, ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարիչն իրեն վերապահված իրավասությունների, այդ թվում` պարտապանի գույքի գույքագրման արդյունքում սնանկության վարույթի շրջանակներում արդյունավետորեն լուծում է իր` որպես` պարտապանի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակից բխող խնդիրները։

 Սույն վարչական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է որ `

-ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի ներկայացուցիչը, ով Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2017 թվականի որոշմամբ (հատոր 1-ին, գ.թ. 26-27),

- 05122018 թվականին Ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Եուրոմոթորս» ՓԲԸ-ին պատկանող «BMW» և «MINI COOPER» ավտոմեքենաների վաճառքի և սպասարկման կենտրոնը, առանց կապալառու ընկերություն հանդիսացող «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի մասնակցությամբ կազմված ավարտական և շահագործման ակտերի և առանց նույն ընկերության գույքի հանդեպ սեփականության իրավունքի փոխանցման, կեղծ ավարտական ակտ կազմելու միջոցով պետական գրանցում է ստացել Կադաստրում (հատոր 1-ին, գ.թ. 33-34)։

Վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գարիկ Մկրտչյանի կողմից սկսած 21.12.2017 թվականից` Ընկերության սնանկության գործով կառավարչի լիազորությունները ստանձնելու պահից, վերջինս իրականացրել է Ընկերության պարտականությունների կատարման նկատմամբ հսկողություն և հանդես եկել որպես պարտապանի ի պաշտոնե ներկայացուցիչ։ Ուստի, Ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը պետք է գործեր կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո։ Այս առումով կարևոր է նաև նկատի ունենալ, որ պայմանավորված իրավական կարգավիճակի առանձնահատկությամբ` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանը ողջամտորեն պետք է տեղյակ լիներ վիճարկվող պետական գրանցումների հիմքում դրված հանգամանքների մասին։ Մասնավորապես, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի` 01.09.2017 թվականի թիվ 318-Ա որոշման, 01.09.2017 թվականին տրված թիվ 30 ավարտական ակտի (շահագործման թույլտվությունը) մասին Ընկերության սնանկության գործով կառավարիչը գիտեր կամ հնարավորություն ուներ իմանալու 21.12.2017 թվականից, այլ ոչ թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը ստանալու պահից։ Այս առումով հատկանշական է նաև այն, որ Ընկերությունը ճանաչվել է սնանկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` դեռևս 18.12.2017 թվականի վճռով, և հայցվորը 21.12.2017 թվականին նշանակվելով սնանկության գործով կառավարիչ` պարտավոր էր կատարել գույքագրում պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում:

Անդրադառնալով սույն գործով հայցվորի կողմից վիճարկման հայց ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն առ այն, որ հայցվորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ապա սեղմ ժամկետներում ձեռնամուխ է եղել իր իրավունքների դատական պաշտպանության իրացմանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հանգամանքը որևէ կերպ կապակցված չէ դատական պաշտպանության իրավունքի հետ և հայցվորը զրկված չէր մինչ այդ հայցել դատական պաշտպանություն։ Հարկ է ընդգծել, որ հաղորդման ներկայացումը չէր զրկում հայցվորին իր իրավունքների դատական պաշտպանությանը ձեռնամուխ լինելու հնարավորությունից։ Ուստի, վերոգրյալից ելնելով Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի կողմից` հաղորդում ներկայացնելուց հետո հաղորդման արդյունքներին սպասելու հանգամանքը ողջամիտ որակելը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով սնանկության գործով կառավարիչն Ընկերության տնօրենի կողմից հանցագործության մասին հաղորդում տալու և դրա հիման վրա որոշման կայացման հանգամանքով կաշկանդված չէր, ուստի 21.12.2017 թվականից սկսած օբյեկտիվորեն կարող էր դիմել Ընկերության ենթադրյալ խախտված իրավունքների դատական պաշտպանության, ինչից օրենքով սահմանված ժամկետում ձեռնպահ է մնացել` հայցադիմումը դատարան ներկայացնելով միայն 28022019 թվականին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով առկա չեն Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի 01.09.2017 թվականի թիվ 318-Ա որոշումը, 01.09.2017 թվականին տրված թիվ 30 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը), Կադաստրի կողմից 07.09.2017 թվականին Կոտայքի մարզի Առինջ համայնքի Մաշտոցի փողոց թիվ 1/1 շենք, շինություններ հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներով դատարան դիմելու համար Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի կողմից օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ հարգելի պատճառներ, հետևաբար՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքեր, ուստի ներկայացված միջնորդությունը ենթակա էր մերժման, որպիսի իրավաչափ հետևության հանգել է նաև Դատարանը:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06052019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և ՀՀ վարչական դատարանի 07032019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու, հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, հայցադիմումը մասով վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մասով մերժելու մասերով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան