ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասի «ե» կետը «գործունեություն իրականացնողները» բառերից հետո լրացնել «, հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության, » բառերով.
բ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը», «թ» և «ժ» կետերով`
«ը) համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.
թ) այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարողին կամ որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող առևտրային այլ կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).
ժ) այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ:».
գ) 4-րդ մասը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «(բացառությամբ` վերակազմավորման դեպքերի)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է» և «ը» կետերով`
«զ) հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
է) տվյալ տարվա սկզբից ունեցել է 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն (բացառությամբ` նոտարների).
ը) տվյալ տարվա որևէ պահին ունեցել է 15,0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով):».
բ) 2-րդ մասի «և «ե»» թվարկումը փոխարինել «, «ե», «զ», «է» և «ը»» թվարկումով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`
ա) խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով` 3.5 տոկոս.
բ) վարձակալության մասով` 10 տոկոս.
գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս.
դ) այլ գործունեության մասով` 5 տոկոս:».
բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.
գ) 4-րդ մասի «1-ին և 2-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույթները» բառերը փոխարինել «1-ին կետով սահմանված համապատասխան դրույքաչափերով» բառերով:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածը:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «` փաստաթղթերով հիմնավորված այն ծախսերը, որոնց համար սույն օրենքի 9 հոդվածի համաձայն իրականացվել է հարկի գումարի նվազեցում» բառերը փոխարինել «ծախսերը» բառով:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու» բառերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|