ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-270) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 20. | Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները |
1. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
ա) տասնապատիկը` բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար վճարի հաշվարկման դեպքում.
բ) հնգապատիկը` պինդ օգտակար հանածոների օգտագործման համար վճարի հաշվարկման դեպքում.
գ) եռապատիկը` վճարի մյուս տեսակների հաշվարկման դեպքում:
3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային ու լիազոր մարմիններ ներկայացրած` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման համար համամասնորեն բաշխվում է ստուգվող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների վրա:»:
Հոդված 2.
Օրենքի 21-րդ հոդվածում «և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|