ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0112/02/14 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0112/02/14 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2021 թվականի հունվարի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մելինե Կարապետյանի ներկայացուցիչ Ռաֆիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մելինե Կարապետյանի ընդդեմ «Քելլտեր» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձինք «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն), Կարեն Կարապետյանի, Տիգրան Սարգսյանի, Արտյոմ Շախնազարովի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի` առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մելինե Կարապետյանը պահանջել է կիրառել 26.08.2009 թվականին Ընկերության և Կազմակերպության միջև կնքված, Կարեն Կարապետյանի և Ընկերության միջև կնքված, Տիգրան Սարգսյանի և Ընկերության միջև կնքված, Մելինե Կարապետյանի և Ընկերության միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի առոչինչ պայմանագրերի անվավերության հետևանքները, այն է`
1) ճանաչել 84.000.000 ՀՀ դրամ փոխառության գումարը Ընկերությանը վերադարձնելու «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի պարտավորությունը,
2) անվավեր ճանաչել բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ընդհանուր 83,38 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքի գրանցումը,
3) որպես փոխառության գումարը Ընկերությանը վերադարձնելու «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի պարտավորության կատարման ապահովում` ճանաչել Ընկերության գրավի իրավունքը «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում Կազմակերպությանը, Կարեն Կարապետյանին, Տիգրան Սարգսյանին և Մելինե Կարապետյանին պատկանող ընդհանուր 83,38 տոկոս բաժնեմասերի նկատմամբ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Հեբոյան) 16.06.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ն. Բարսեղյան, Ս. Միքայելյան, Հ. Ենոքյան) 29.01.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, և ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2014 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.04.2015 թվականի որոշմամբ Մելինե Կարապետյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 16.02.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.09.2018 թվականի որոշմամբ Մելինե Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելինե Կարապետյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 304-րդ հոդվածը, 306-րդ հոդվածի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործարքը կնքած կողմերի կամքն իրականում փոխառության պայմանագրեր կնքելն էր, ինչը հաստատվում է բաժնետերերի այն գործողություններով, որ վերջիններս գումարները տվել են «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ին անտոկոս, անժամկետ, առանց պատասխանատվություն սահմանելու, ինչը նշանակում է, որ բաժնետոմսերի օտարման գործարքներն ունեցել են մեկ նպատակ, կարգավորել «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի ֆինանսական վիճակը: Այսինքն` բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրեր կնքելիս կողմերը քողարկել են փոխառության և բաժնեմասերի գրավի պայմանագրերի կնքելը, որոնց շուրջ իրականում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հետևաբար նշված գործարքները շինծու են:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մելինե Կարապետյանը հանդիսանում է շահագրգիռ անձ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մելինե Կարապետյանի և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի 7-րդ կետի համաձայն` Մելինե Կարապետյանն իրավունք ուներ պայմանագրի կնքումից հետո մինչև 30.10.2009 թվականը` 89.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գնով գնորդից հետ գնել Կարեն Կարապետյանի, Կազմակերպության, Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև իր կողմից վաճառված բոլոր բաժնեմասերը, որոնք ընդհանուր «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում կազմում են 83,38 տոկոս:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը մերժել է հայցվորի` վկաներ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը, որի արդյունքում Դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Թեև Դատարանը 16.06.2016 թվականին Արտյոմ Շահնազարովին գործի քննությանը ներգրավել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, սակայն վերջինս ընդհանրապես չի ներկայացել դատական նիստերին, որևէ կերպ չի ներկայացրել իր դիրքորոշումը: Մինչդեռ Արտյոմ Շահնազարովը վկայի կարգավիճակում կկրեր Դատարան ներկայանալու և ցուցմունք տալու պարտականություն: Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ գործարքի մյուս կողմի իրական կամքը հենց առուվաճառքի պայմանագիր կնքելն էր, անհիմն է և չի բխում գործի փաստերից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.09.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կազմակերպության և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Կազմակերպությունն Ընկերության սեփականությանն է փոխանցել «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրեն պատկանող 32,91 տոկոս բաժնեմասը, իսկ Ընկերությունը պարտավորվել է 5 օրվա ընթացքում վճարել 33.152.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 8):
2) Կարեն Կարապետյանի և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Կարեն Կարապետյանն Ընկերության սեփականությանն է փոխանցել «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ին կանոնադրական կապիտալում իրեն պատկանող 3,61 տոկոս բաժնեմասը, իսկ Ընկերությունը պարտավորվել է 5 օրվա ընթացքում վճարել 3.638.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 9):
3) Տիգրան Սարգսյանի և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Տիգրան Սարգսյանն Ընկերության սեփականությանն է փոխանցել «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրեն պատկանող 18,78 տոկոս բաժնեմասը, իսկ Ընկերությունը պարտավորվել է 5 օրվա ընթացքում վճարել 18.920.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10):
4) Մելինե Կարապետյանի և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Մելինե Կարապետյանն Ընկերության սեփականությանն է փոխանցել «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրեն պատկանող 28,08 տոկոս բաժնեմասը, իսկ Ընկերությունը պարտավորվել է 5 օրվա ընթացքում վճարել 28.290.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 11):
5) Մելինե Կարապետյանի և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքված պայմանագրի 7-րդ կետով նաև սահմանվել է, որ վաճառող Մելինե Կարապետյանն իրավունք ունի պայմանագրի կնքումից հետո` մինչև 30.10.2009 թվականը, 89.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գնով գնորդից հետգնել Կարեն Կարապետյանի, Կազմակերպության, Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև իր` Մելինե Կարապետյանի կողմից վաճառված բոլոր բաժնեմասերը, որոնք ընդհանուր «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում կազմում են 83,38 տոկոս (հատոր 1-ին, գ.թ. 11):
6) Տիգրան Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Մելինե Կարապետյանի կողմից ստորագրված տեղեկանքի համաձայն` վերջիններս իրենց ստացած գումարից 50.595.000 ՀՀ դրամը տվել են Ռաֆիկ Սարգսյանին, որպեսզի այդ գումարը փոխանցվի «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ին որպես փոխառություն` վարկային պարտավորությունները կատարելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 14):
7) «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից տրված գրությունների համաձայն՝ 26.08.2009 թվականին «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին փոխանցվել է 50.595.025 ՀՀ դրամ և 33.152.000 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 12-13):
8) Մելինե Կարապետյանը 10.03.2016 թվականի դատական նիստին միջնորդություն է ներկայացրել Դատարան` Ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Շահնազարովին դատական նիստին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, ինչպես նաև գործին մասնակից երրորդ անձանց` Տիգրան Սարգսյանին և Կարեն Կարապետյանին, հանձնարարելու ցուցմունք տալ միջնորդության մեջ նշված` ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ, որը Դատարանի նույն թվականի արձանագրային որոշմամբ մերժվել է (հատոր 6-րդ, գ.թ. 1-3):
9) Դատարանի 16.06.2016 թվականի որոշմամբ բավարարվել է Մելինե Կարապետյանի ներկայացուցչի միջնորդությունը, և Արտյոմ Շահնազարովը գործի քննությանը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ (հատոր 6-րդ, գ.թ. 1-3):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՞ք հայցվորը կարող է համարվել շահագրգիռ անձ սույն գործով գործարքները վիճարկելու հարցում.
- արդյո՞ք անձին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդության մերժումը չի հանգեցնում քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության սկզբունքի խախտմանը:
I. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ.
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե′ս, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատարան դիմելու իրավունքի իրացման հարցին, հայտնել է, որ [2005թ. փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ Նախկին օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 05.05.2017 թվականի ՍԴՈ-1365 որոշման 6-րդ կետը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական շահագրգռվածության հարցին, գտել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.
1. հայցվորի ո±ր իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,
2. ներկայացված հայցի նպատակը արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյո±ք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):
Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ 26.08.2009 թվականին Կազմակերպության և Ընկերության, Կարեն Կարապետյանի և Ընկերության, Տիգրան Սարգսյանի և Ընկերության, Մելինե Կարապետյանի և Ընկերության միջև առանձին-առանձին կնքվել են բաժնեմասի առուվաճառքի պայմանագրեր, որով վերջիններս Ընկերության սեփականությանն են փոխանցել «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրենց պատկանող բաժնեմասերը, իսկ Ընկերությունը պարտավորվել է 5 օրվա ընթացքում վճարել պայմանագրով նախատեսված գումարը: Մելինե Կարապետյանի և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքված պայմանագրի 7-րդ կետով նաև սահմանվել է, որ վաճառող Մելինե Կարապետյանն իրավունք ունի պայմանագրի կնքումից հետո` մինչև 30.10.2009 թվականը, 89.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գնով գնորդից հետգնել Կարեն Կարապետյանի, Կազմակերպության, Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև իր` Մելինե Կարապետյանի կողմից վաճառված բոլոր բաժնեմասերը, որոնք ընդհանուր «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում կազմում են 83,38 տոկոս:
Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ գործի նյութերից հետևում է, որ 26.08.2009 թվականի Կազմակերպության և Ընկերության, Տիգրան Սարգսյանի և Ընկերության, Կարեն Կարապետյանի և Ընկերության, Մելինե Կարապետյանի և Ընկերության միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրերը, որոնցով Ընկերությունը ձեռք է բերել վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերը ստորագրվել են վերջիններիս կողմից և պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Հետևաբար հայցվորի այն փաստարկները, որ իրականում բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրերով ոչ վաճառողների, ոչ էլ գնորդի կամքը չի համապատասխանում պայմանագրերում շարադրվածին, այդպես էլ գործի քննության ընթացքում չհիմնավորվեցին որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցով: Այսինքն` չի ապացուցվել, որ պայմանագրերը ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրերում շարադրվածին կամ գործարքներն իրականում կնքվել են ոչ այն ստորագրած անձանց միջև:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Մելինե Կարապետյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ բողոքաբերը հանդիսանում է գործարքի կողմ, հետևաբար նաև հանդիսանում է շահագրգիռ անձ և իրավունք ունի վիճարկելու իր և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, մինչդեռ Կազմակերպության և Ընկերության միջև, Կարեն Կարապետյանի և Ընկերության միջև, Տիգրան Սարգսյանի և Ընկերության միջև կնքված պայմանագրերն անվավեր ճանաչելու մեջ Մելինե Կարապետյանի շահագրգիռ անձ լինելն ապացուցված չէ, քանի որ Հայցվորի կողմից չեն ներկայացվել թույլատրելի և բավարար ապացույցներ, որոնցով կհաստատվեր Մելինե Կարապետյանի համար այդ գործարքների արդյունքում իրավական հետևանքներ առաջանալու փաստը:
Սույն գործի փաստերը համադրելով վերոգրյալ իրավական վերլուծությունների հետ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 26.08.2009 թվականին Ընկերության և Կազմակերպության միջև կնքված, Կարեն Կարապետյանի և Ընկերության միջև կնքված, Տիգրան Սարգսյանի և Ընկերության միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերում Մելինե Կարապետյանի շահագրգիռ անձ լինելու հանգամանքը հաստատվում է Մելինե Կարապետյանի և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքված պայմանագրի 7-րդ կետով, որով սահմանվել է, որ վաճառող Մելինե Կարապետյանն իրավունք ունի պայմանագրի կնքումից հետո` մինչև 30.10.2009 թվականը, 89.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գնով գնորդից հետգնել Կարեն Կարապետյանի, Կազմակերպության, Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև իր` Մելինե Կարապետյանի կողմից վաճառված բոլոր բաժնեմասերը, որոնք ընդհանուր «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում կազմում են 83,38 տոկոս: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոնշյալ պայմանագրի համապատասխան կետից բխում է, որ վիճարկվող գործարքներն ուղղակիորեն և անմիջական առնչվում են հայցվորի իրավունքների հետ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև հայցվորը որպես շինծու գործարք վիճարկում է նաև Մելինե Կարապետյանի և Ընկերության միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, որի 7-րդ կետով էլ նախատեսված է Կազմակերպության, Կարեն Կարապետյանի և Տիգրան Սարգսյանի կողմից վաճառված բաժնեմասերն իր կողմից հետ գնելու իրավունքը, մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կարգավորումը, անկախ գործարքի տեսակից, ձևից և բնույթից, էական նշանակություն ունի Մելինե Կարապետյանի կողմից այդ գործարքները վիճարկելու համար շահագրգիռ անձ հանդիսանալու առումով, քանի որ անկախ այն հանգամանքից, թե կողմերի միջև կնքվել է բաժնեմասի առուվաճառքի, թե` փոխառության և գրավի պայմանագրեր, միևնույնն է Մելինե Կարապետյանին մյուս բաժնետերերի կողմից վաճառված բաժնեմասերը հետ գնելու իրավունք վերապահելու պայմանով ապացուցվում է, որ սույն գործով վիճարկվող գործարքներն ուղղակիորեն առնչվում են կամ կարող էին առնչվել հայցվորի իրավունքներին:
Այսինքն` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մելինե Կարապետյանը` իր և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի կողմն է, հետևաբար նաև հանդիսանում է շահագրգիռ անձ և իրավունք ունի վիճարկելու իր և Ընկերության միջև 26.08.2009 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը։ Իսկ ինչ վերաբերում է Ընկերության և Կազմակերպության միջև կնքված, Կարեն Կարապետյանի և Ընկերության միջև կնքված, Տիգրան Սարգսյանի և Ընկերության միջև կնքված պայմանագրերն անվավեր ճանաչելու հարցում Մելինե Կարապետյանի շահագրգիռ անձ լինելուն, ապա այն ապացուցվում է վերոգրյալ պայմանագրի 7-րդ կետով սահմանված պայմանով, որով հաստատվում է, որ Մելինե Կարապետյանի համար այդ գործարքների արդյունքում կարող են առաջանալ իրավական հետևանքներ:
II. Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ.
Նախկին օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են`
1) գրավոր և իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության օրենսդրության համաձայն՝ վկայի ցուցմունքը համարվում է քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ինքնուրույն միջոց՝ դատական ապացույցի առանձին տեսակ, որին վերաբերող իրավակարգավորումների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վկան, որպես ապացուցողական տվյալների ստացման աղբյուր, գործի ելքում իրավաբանական շահագրգռվածություն չունեցող այն ֆիզիկական անձն է, որը կանչվում է դատարան՝ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին իր կողմից անմիջականորեն ընկալված կամ այլ անձանց կողմից իրեն հաղորդված տեղեկությունները դատարանին հայտնելու համար։ Վկայի ցուցմունքների գնահատումը դրանց տրամաբանական վերլուծությունն է, որի նպատակն է գործի իրական փաստական հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկությունների վերհանումը։ Գնահատելով վկայի ցուցմունքները՝ դատարանը վերլուծում է վկայի անձնական հատկանիշները, նրա փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, վկայի կողմից տեղեկությունների ընկալման, պահպանման և փոխանցման ողջ գործընթացը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ ապացույցի հավաստիության մասին կարելի է եզրահանգում կատարել նախևառաջ այդ տեղեկատվության աղբյուրի բնույթն ու հատկանիշները բացահայտելու միջոցով։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում գործով վկայի ցուցմունքները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի է առնել հետևյալ հատկանիշները.
- վկայի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ,
- փաստերի մասին վկայի իրազեկության աղբյուրը,
- այն պայմանները, որոնց առկայությամբ վկան ընկալել է որոշակի փաստեր (այսինքն՝ տեղը, ժամանակը, անձի ֆիզիկական և հոգեկան վիճակը, տարիքը),
- վկայի սուբյեկտիվ հատկանիշներն այն առումով, թե նա իր ունակություններով ի վիճակի է արդյոք ճիշտ ընկալել իրադարձություններն ու գործողությունները, ընկալածը պահել հիշողության մեջ և ճիշտ վերարտադրել ու հաղորդել դատարանին։
Նշված հատկանիշների վերհանումը դատարանի կողմից հնարավորություն է տալիս գնահատելու վկայի կողմից հայտնած տեղեկությունների հավաստիության աստիճանը։
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Նախկին օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ դատարանը, նախազգուշացնելով վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կարող է ակնկալել, որ վկայի հայտնած տեղեկությունները արժանահավատ են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել (տե՛ս, Երեմ Հովսեփյանն ընդդեմ Աշոտ Մալխասյանի թիվ ԵԱՔԴ/4994/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Նախկին օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են՝ կողմերը, երրորդ անձինք, դիմողները՝ նույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:
Նախկին օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նախկին օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ցուցմունքներ տալու գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:
Նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը գործը քննելիս, պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները, լսել փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները:
ՀՀ վճռաբեկ դատարանը բացահայտել է նաև գործին մասնակցող անձի ցուցմունքի՝ որպես ապացույցի տեսակի ձեռքբերման ընթացակարգը՝ անդրադառնալով նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորմանը:
Այսպես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ թեև (իրավահարաբերության ծագման պահին գործող) քաղաքացիադատավարական օրենսդրությունը չի նախատեսել կարգավորում գործին մասնակցող անձի կողմից ցուցմունք տալուց առաջ վերջինիս քրեական պատասխանատվության մասին նախազգուշացվելու վերաբերյալ ստորագրություն վերցնելու մասին, սակայն դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ դատարանները, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված՝ սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվությունը, գործնականում ցուցմունք տվող գործին մասնակցող անձից, վկայի կողմից ցուցմունք տալու նմանությամբ, վերցնում են ստորագրություն նշված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև նշել, որ 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն արդեն նախատեսել է գործին մասնակցող անձի կողմից ցուցմունք տալու ընթացակարգը, մասնավորապես՝ սահմանելով, որ գործին մասնակցող անձը նախազգուշացվում է սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, նրանից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գործին մասնակցող անձի բանավոր հայտարարությունը կարող է համարվել ցուցմունք հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) ցուցմունք կարող է տրվել բացառապես դատաքննության ընթացքում,
2) ցուցմունք տալուց առաջ անձը պետք է նախազգուշացվի սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, որի կապակցությամբ նրանից պետք է վերցվի ստորագրություն,
3) ցուցմունք կարող է տալ բացառապես գործին մասնակցող անձը, այլ ոչ թե վերջինիս՝ փաստաբան հանդիսացող ներկայացուցիչը (տե՛ս, Ռաֆիկ Ղազարյանի ընդդեմ «ԴԵԼՏԱ» ՍՊԸ թիվ ԵԱՔԴ/3187/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն Մելինե Կարապետյանը 10.03.2016 թվականի դատական նիստին միջնորդություն է ներկայացրել Դատարան` Ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Շահնազարովին դատական նիստին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, ինչպես նաև գործին մասնակից երրորդ անձանց` Տիգրան Սարգսյանին և Կարեն Կարապետյանին հանձնարարելու ցուցմունք տալու համար միջնորդության մեջ նշված` ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ, որը Դատարանի նույն թվականի արձանագրային որոշմամբ մերժվել է: Դատարանի 16.06.2016 թվականի որոշմամբ բավարարվել է Մելինե Կարապետյանի ներկայացուցչի միջնորդությունը և Արտյոմ Շահնազարովը գործի քննությանը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Մելինե Կարապետյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է նաև, որ հայցվորի կողմից ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել այն փաստը, որ կողմերի կամքն ի սկզբանե ուղղված է եղել փոխառության պայմանագիր կնքելուն, և որ կողմերը նպատակ են ունեցել քողարկելու փոխառության պայմանագիրը, հետևաբար Տիգրան Սարգսյանի, Կարեն Կարապետյանի և Արտյոմ Շահնազարովի ցուցմունքները չէին կարող էական նշանակություն ունենալ գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործում առկա ապացույցները վերոգրյալ իրավական դիրքորոշումների հետ, գտնում է, որ վեճի առարկա գործարքները կնքելու իրական շարժառիթները բացահայտելու, գործարքները կնքած անձանց ներքին կամքը և արտաքին կամահայտնությունը պարզելու համար սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում պետք է հաշվի առնել, թե իրականում ինչպիսի գործարք պետք է կնքվեր և ովքեր են գործարքների կողմերը, նրանց անձնական հատկանիշները և գործարքների կնքման ընթացքի վրա արտաքին ներգործության գործոնի առկայությունը, ինչը, սակայն, հաշվի չի առնվել ստորադաս ատյանների կողմից:
Այսպես՝ սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանը, մերժել է հայցվորի միջնորդությունը Ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Շահնազարովին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես դատավարության կողմերի մրցակցության սկզբունքի խախտում, քանի որ վեճի առարկա գործարքների փաստական հանգամանքների վերաբերյալ գործարքի կողմի ներկայացուցչի կողմից վկայի կարգավիճակում տրված ցուցմունքը, որպես ապացույց, կարող էր էական և կարևոր նշանակություն ունենալ գործարքը կնքած կողմերի իրական կամքը և արտաքին կամահայտնությունը բացահայտելու համար: Այսինքն` Դատարանը, մերժելով Արտյոմ Շահնազարովին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, զրկել է հայցվորին գործի լուծման համար էական փաստերի վերաբերյալ ապացույց ներկայացնելու հնարավորությունից, ինչը պետք է գնահատվի որպես քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության սկզբունքի խախտում: Թեև Դատարանը հետագայում նշված անձին գործի քննությանը ներգրավել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, սակայն Արտյոմ Շահնազարովը չի ներկայացել դատական նիստերին և որպես վեճի առարկա գործարքների կողմ` Ընկերության ներկայացուցիչ, նշված գործարքների փաստական հանգամանքների վերաբերյալ ցուցմունք չի տվել: Այսինքն` Դատարանը չի լսել Արտյոմ Շահնազարովի` որպես գործին մասնակցող անձի դիրքորոշումը վիճարկվող գործարքների էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների վերաբերյալ, մասնավորապես` գործարքը կնքած կողմերի իրական կամքի և արտաքին կամահայտնության վերաբերյալ, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի հայցի մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ գործարքը շինծու որակելու համար էական նշանակություն ունեն վեճի առարկա գործարքները կնքելու իրական շարժառիթները բացահայտելու, գործարքները կնքած անձանց ներքին կամքը և արտաքին կամահայտնությունը պարզելու հարցերը, որի պարագայում էական նշանակություն ունեն նաև վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: