ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 382-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 54 բ, գրանցման համարը՝ 264.210.06071):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին:
3. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև ամրացված շարժական գույքը հանձնվելու է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն են անցնում նաև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված շրջանակային համաձայնագրերի շրջանակում հայտերի ապահովման գումարների ստացման իրավունքը:
(3-րդ կետը փոփ. 01.04.21 N 433-Ն)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.21 N 433-Ն)
2) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված 01 բաժնի 03 խմբի 03 դասի «03. Պետական աջակցություն «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» ծրագրի գծով նախատեսված հատկացումների մնացորդը «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվելուց հետո վերաբաշխել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից իրականացվող 01 բաժնի 01 խմբի 02 դասի «03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)» ծրագրին:
(4-րդ կետը փոփ. 01.04.21 N 433-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`
ա. գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և ընդունումը կամ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատման ներկայացնելը,
բ. գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը,
գ. պատվիրատուների գնումները համակարգողների որակավորման շնորհման և վերջիններիս շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայության ապահովումը,
դ. տեղեկագրի հրապարակման կազմակերպումը,
ե. գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը,
զ. պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառումը,
է. պետական գնումների տարեկան հաշվետվության և գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակի հրապարակումը,
ը. գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի՝ ներառյալ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերի հաստատումը,
թ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի՝ ներառյալ հաշվետվությունների ձևերի ու դրանց ներկայացման ժամկետների հաստատումը,
ժ. գրանցամատյանի ձևի և վարման կարգի հաստատումը,
ժա. էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթների իրականացումը,
ժբ. գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայության ապահովումը.»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 18 Երևան |