ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ստեղծման և գործունեության կարգը:
Հոդված 2. | ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը (այսուհետ` հանրային ծառայությունների ոլորտ) իր մեջ ներառում է`
ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.
գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը:
Հոդված 3. | ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հանրային ծառայությունների ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ` ճյուղային օրենքներ), այլ օրենքներով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 4. | ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Հոդված 5. | ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
Կարգավորման հիմնական սկզբունքներն են`
ա) կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից` օրենքներով լիազորված իրավասությունների շրջանակում.
բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը.
գ) կարգավորման թափանցիկության ապահովումը հասարակության համար.
դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը.
ե) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը.
զ) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց` կարգավորման շրջանակների սահմանափակումը:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 6. | ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ |
1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որը գործում է սույն օրենքով, ճյուղային օրենքներով և այլ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:
2. Հանձնաժողովի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերը:
Հոդված 7. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ |
1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական և մեկը` տնտեսագիտական կրթություն:
2. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` տարեկան ռոտացիոն սկզբունքով (յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ), հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքերի: Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ:
3. Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մինչև 60 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:
4. Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել`
ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
բ) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահը վաղաժամկետ դադարեցնում է հանձնաժողովի անդամի լիազորությունները`
ա) սույն հոդվածի 4-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված դեպքերում.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորստի դեպքում.
գ) եթե վերջինս դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության, ինչպես նաև այն անզգույշ հանցագործության համար, որի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում:
Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս`
ա) թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, որի կապակցությամբ առկա է հանձնաժողովի համապատասխան որոշումը.
բ) մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
գ) խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:
6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:
7. Հանձնաժողովի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ` դիմելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հայաստանի Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 8. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ |
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը և աշխատակիցների ծառայողական պարտականությունների շրջանակը հաստատում է հանձնաժողովը:
2. Հանձնաժողովի աշխատակիցների թվաքանակը հաստատում է հանձնաժողովը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
Հոդված 9. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ |
1. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից` պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից:
2. Հանձնաժողովի անդամները և աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող ունենալ կարգավորվող անձանց բաժնեմաս, արժեթղթեր կամ դրանցում կատարել այլ ներդրումներ:
3. Հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից 3 տարվա ընթացքում աշխատել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում:
4. Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող կարգավորվող անձանց համար կատարել վճարովի աշխատանք:
Հոդված 10. |
ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ |
1. Հանձնաժողովի նախագահը`
ա) համակարգում և ապահովում է հանձնաժողովի ու նրա աշխատակազմի աշխատանքը.
բ) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու նիստերի արձանագրությունները.
գ) իր իրավասությունների շրջանակում արձակում է հրամաններ.
դ) իր իրավասությունների շրջանակում ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում և հանձնաժողովի անունից ստորագրում է փաստաթղթեր:
2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:
Հոդված 11. |
ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ |
1. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ` բաց քվեարկությամբ:
2. Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:
3. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
4. Հանձնաժողովն իր սահմանած կարգի համաձայն հայտարարում է նիստերի անցկացման տեղը և ժամանակը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, ստանալ օրակարգը և քննարկվող նյութերը, ներկայացնել տեղեկություններ և հանդես գալ ելույթներով:
5. Եթե հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սահմանվող սակագները, սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին և պայմաններին վերաբերող հարցեր, ապա հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետներում իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, հանդես գալ ելույթներով և առաջարկություններով:
6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, ներառյալ` նախագահը կամ նախագահի տեղակալը կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը:
Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ:
7. Հանձնաժողովը վարում է իր իրավական ակտերի գրանցամատյանը: Հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:
8. Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր իրավական ակտերի մատչելիությունը:
9. Հանձնաժողովն ընդունում է իրավական ակտեր, որոնցով կանոնակարգվում են հանձնաժողովի անդամների և աշխատակազմի աշխատակիցների հանդիպումներն այն անձանց հետ, որոնց լիցենզիա տալու (վերանայելու), սակագները հաստատելու վերաբերյալ հարցերը ներկայացված են հանձնաժողովի քննարկմանը:
10. Հանձնաժողովի ներկայացուցիչները, հանձնաժողովի իրավասություններով և պարտականություններով պայմանավորված, ունեն ազատ մուտքի իրավունք կարգավորվող անձանց գործունեության տարածք:
11. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է վճարովի հիմունքներով ներգրավել անկախ փորձագետների:
12. Հանձնաժողովն ապահովում է իր և իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային էջի և ժամանակակից այլ միջոցներով:
13. Սույն օրենքի պահանջները խախտելու համար հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. | ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով: Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման և փոփոխման ենթակա չեն:
(12 հոդվածի 2-րդ նախադասությունում ամրագրված դրույթը, համաձայն որի` հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 (1-ին մաս) և 43 (2-րդ մաս) հոդվածներին հակասող և անվավեր 16.01.07 ՍԴՈ-673 որոշմամբ:)
Հոդված 13. | ՊեՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հանձնաժողովն իրավունք ունի դիմել պետական մարմիններ` իր իրավասությունների շրջանակով պայմանավորված տեղեկություններ ստանալու համար:
2. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, դրանց վերաբերյալ տալիս առաջարկություններ:
Հոդված 14. | ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Հանձնաժողովը`
ա) յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային ժողովում հրապարակվելիք հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը.
բ) յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, մամուլում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 15. | ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ |
1. Կարգավորվող անձինք օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են մուծում կարգավորման պարտադիր վճարներ:
2. Կարգավորման պարտադիր վճարները ներառվում են կարգավորվող անձանց սակագներում կամ ծառայությունների մատուցման վճարներում:
3. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան գումարը չի կարող պակաս լինել հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի նախահաշվից:
Հոդված 16. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
1. Սկսած 2004 թվականից, սույն հոդվածին համապատասխան, հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր պահպանման ծախսերի նախահաշիվը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի մեծությունը որոշվում է` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.30 գործակցով:
3. Հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է` հանձնաժողովի անդամների աշխատավարձի տարեկան ֆոնդին գումարելով հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձի տարեկան ֆոնդը:
4. Հանձնաժողովի բոլոր անդամների աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է` հանձնաժողովի մեկ անդամի աշխատավարձի միջին տարեկան մեծությունը բազմապատկած հանձնաժողովի անդամների թվով: Հանձնաժողովի մեկ անդամի աշխատավարձի միջին տարեկան մեծությունը հաշվարկվում է` Հայաստանի Հանրապետության նախարարի տեղակալի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափը բազմապատկած 3.0 գործակցով և բազմապատկած 13-ով:
5. Հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է` սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված` հանձնաժողովի մեկ անդամի աշխատավարձի միջին տարեկան մեծությունը բազմապատկած 0.4 գործակցով և բազմապատկած հանձնաժողովի աշխատակիցների թվաքանակով:
Հոդված 17. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ |
Հանձնաժողովի բյուջեն յուրաքանչյուր տարի հաստատվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:
Հոդված 18. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԸ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատված տարեկան բյուջեի շրջանակներում հանձնաժողովը սահմանում է հանձնաժողովի անդամների և աշխատակիցների աշխատավարձերի չափը:
Հոդված 19. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԸ |
Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, որն այդ հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով կարող է անցկացնել հանձնաժողովի ֆինանսական գործունեության աուդիտ: Հանձնաժողովը պարտավոր է աջակցել աուդիտի անցկացմանը:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. | ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը վերանվանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
2. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի իրավահաջորդն է:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի ընդունած որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` կարգավորման պարտադիր վճարների հաշվարկման և գանձման կարգի մասին օրենքի նախագիծ:
5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի «գ» ենթակետն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|