ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 190-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կանոնակարգել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման հարցերը,
հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Սահմանել «Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման կարգը»՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակման ենթակա խորհրդի անդամների նշանակման հետ կապված հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2020 թ. նոյեմբերի 24 Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 190-Ն որոշման |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամների նշանակման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված նշանակությունը։
ԳԼՈՒԽ 2. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
3. Խորհրդի նոր անդամը նշանակվում է Խորհրդի անդամի լիազորությունների դադարումից ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, բացառությամբ սույն կարգի 3-րդ գլխով նախատեսված դեպքի։
4. Խորհրդի անդամի լիազորությունների դադարումից առնվազն 100 օր առաջ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է հրապարակում Խորհրդի անդամների նշանակման կամ ընտրության վերաբերյալ։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այդ հայտարարությունը հրապարակում է նաև իր պաշտոնական ինտերնետային կայքում։
5.Բանկերի միությունը, վարկային կազմակերպությունների միությունը, ապահովագրական ընկերությունների միությունը, ինչպես նաև մյուս Կազմակերպություններից միայն մեկ միության առկայության դեպքում՝ այդ միությունը Օրենքով սահմանված ժամկետներում նշանակում է Խորհրդի մեկական անդամ և խորհրդի անդամ նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի իրավական ակտը ուղեկցող գրությամբ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարությամբ նշված եղանակով 3 օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված Կազմակերպությունների և մյուս Կազմակերպությունների միությունները մեկից ավելի լինելու դեպքում այդ և մյուս Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից խորհրդի իրենց անդամների ընտրության համար անցկացվում է ժողով։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարության մեջ նախատեսում է ընտրության կատարման համար ժողով գումարելու ժամկետը և վայրը` առաջարկելով մինչև նշված օրը միություններին և սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարությամբ նշված կարգով գրավոր հայտ ներկայացնել այդ ժողովին մասնակցելու համար: Սույն կետով նախատեսված գրավոր հայտ ներկայացնելու համար սահմանված ժամանակահատվածը չի կարող 10 օրից պակաս լինել: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող է մերժել սույն կետով նախատեսված հայտը, եթե հայտը ներկայացվել է Օրենքի կամ սույն կարգի խախտմամբ կամ հայտատուն չի բավարարում Օրենքի և սույն կարգի պահանջներին: Սույն կետով նախատեսված ժողովի ընթացքում որոշում է կայացվում ձայների պարզ մեծամասնությամբ: Ժողովը կարող է անցկացվել այնպես, որի ժամանակ մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում։ Ժողովն արձանագրվում է և ստորագրվում, իսկ էլեկտրոնային փաստաթուղթ կազմվելու դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվում դրան մասնակցած միությունների կամ կազմակերպությունների իրավասու անձանց կողմից։ Ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ ևս նշում է կատարվում։
7. Ժողովին մասնակցության հայտ կարող է ներկայացնել կամ խորհրդի անդամ կարող է նշանակել այն բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ մյուս Կազմակերպությունների միությունը, որին հինգ տարի շարունակ առավել կամ հավասար քանակով անդամակցում են տվյալ տեսակի Կազմակերպությունները։
8. Ժողովին մասնակցության հայտ կարող է ներկայացնել կամ խորհրդի անդամ կարող է նշանակել սպառողների իրավունքները պաշտպանող այն կազմակերպությունը, որի պետական գրանցման օրվանից անցել է առնվազն հինգ տարի։
9. Խորհրդի անդամ նշանակելու կամ առաջադրելու նախապատվության իրավունք ունի սպառողների իրավունքները պաշտպանող այն կազմակերպությունը, որի կանոնադրությամբ նախատեսված և առնվազն երեք տարի գործում է դրույթ այն մասին, որ Օրենքով նախատեսված Կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում այդ կազմակերպությունն իրականացնում է սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գործառույթ։ Սույն ենթակետով նախատեսված սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպության կողմից խորհրդի անդամի ընտրության հայտ չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի նշանակումը կամ ընտրությունը կատարվում է ցանկացած սպառողների իրավունքները պաշտպանող Օրենքով նախատեսված կազմակերպություններից։
10. Եթե խորհրդի անդամ չի ընտրվում կամ նշանակվում, ապա Օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո վերջինիս նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ մեկամսյա ժամկետում: Խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման բացակայություն է համարվում նաև Օրենքով և սույն կարգով նախատեսված միության կամ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպության բացակայությունը։
ԳԼՈՒԽ 3. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
11. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Խորհրդի անդամը նշանակվում է նախորդ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո՝ 15 օրվա ընթացքում։
12. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման օրվան հաջորդող օրը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, որն էլ երկօրյա ժամկետում ծանուցում է այդ խորհրդի անդամին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող միությանը, միություններին կամ սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպություններին՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով նշանակում կատարելու համար։
13. Այդ միությունը, միությունները կամ կազմակերպությունները նշանակում կամ ընտրում են Խորհրդի անդամ և Խորհրդի անդամ նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի իրավական ակտը կամ համապատասխան փաստաթուղթը մեկօրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։
14. Լիազորությունները վաղաժամկետ դադարած խորհրդի անդամին նշանակելու իրավասություն ունեցող միության կամ կազմակերպության լուծարման կամ բացակայության կամ իրավահաջորդության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում նշելով այդ մասին։
15. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո՝ 15 օրվա ընթացքում խորհրդի անդամ չնշանակելու, այդ թվում՝ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքում՝ այդ ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի անդամ է նշանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը։
ԳԼՈՒԽ 4․ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
16. Խորհրդի իրենց անդամի նշանակման մասին հայտնելու կամ ժողովի հայտ ներկայացնելու ժամանակ Կազմակերպությունների միություններն ու սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում Կազմակերպությունների միությունների ու սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների՝ Օրենքով և սույն կարգով նախատեսված պահանջները բավարարող փաստաթղթեր կամ հայտարարություն դրանց համապատասխանելու վերաբերյալ։
17. Օրենքի և սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է Կազմակերպությունների միություններին ու սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին խորհրդի իրենց անդամի նշանակման կամ դրա համար ժողովի հայտ ներկայացնելու իրավունքի բացակայության մասին։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2020 թվական: