ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի N 580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ` ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) կամավորական է համարվում 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը.
2) եթե կամավորականը զոհվել (մահացել) է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումն ստացել է հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ապա զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) եթե կամավորականը մահացել է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումն ստացել է սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների հետ չկապված պայմաններում (սակայն մարտական գործողությունների շրջանում), ապա մահացած կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված՝ զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 20-23-րդ հոդվածներով պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող` զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար սահմանված կարգով:
(1-ին կետը լրաց., փոփ. 08.10.20 N 1660-Ն)
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը պարտավոր է զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի պահանջով նրանց ապահովել սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով։
(2-րդ կետը խմբ. 08.10.20 N 1660-Ն)
3. Կամավորականի՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված վնասվածքի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ փորձաքննությունը կազմակերպում և համապատասխան որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վնասվածքի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ փորձաքննությունը կազմակերպվում է կամավորականի ստացած վնասվածքը կամ խեղումը հավաստող ստացիոնար բուժման կամ հետազոտման էպիկրիզի և վնասվածքը կամ խեղումն ստանալու հանգամանքների վերաբերյալ զորամիավորման (զորամասի) հրամանատարի տված տեղեկանքի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տված միջնորդագրի հիման վրա:
(3-րդ կետը փոփ. 08.10.20 N 1660-Ն)
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված դեպքում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կամավորականի ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապը սահմանելիս ընդունում է հետևյալ որոշումները`
1) վնասվածքը կամ խեղումն ստացել է համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված կամավորականի համար.
2) վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական ծառայության ընթացքում՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված կամավորականի համար:
(4-րդ կետը խմբ. 08.10.20 N 1660-Ն)
5. Կամավորականի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ զինծառայողի համար սահմանված կարգով:
6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված` վնասվածք կամ խեղում ստացած և հետագայում մահացած կամավորականի մահվան պատճառական կապը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1456-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տված միջնորդագրի հիման վրա: Ընդ որում, այս դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության մարմինը սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հանգամանքների հետ մահվան պատճառական կապ է սահմանում, եթե մահվան պատճառ են հանդիսացել սույն որոշման 1-ին կետում նշված վնասվածքը կամ խեղումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. հունիսի 9 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան