11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1506-Ա
«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին, 67-րդ հոդվածի 1-ին մասին, 68-րդ հոդվածի 7-րդ մասին և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան փողոցի 5/1 հասցեում գտնվող՝ 1757.7 քառ. մետր շենքի, 75.6 քառ. մետր օժանդակ շինության և 0,102835 հեկտար հողամասի (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 19022013-01-2232) 113022.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ՝ գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցների հաշվին, իսկ ընկերության կանոնադրության փոփոխության հետ կապված ծախսերը՝ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |