ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2020 թվականի N 1428-Լ
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-698-28.07.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 28 Երևան |
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-698-28.07.2020-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ
1. Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-203-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր՝ 2.1-ին հոդվածով՝
«Հոդված 2.1. Սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը տրամադրվում են փոխհատուցմամբ: Փոխհատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված՝ սպանված գյուղատնտեսական և/կամ մթերատու կենդանիների դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջարկում ենք դիտարկել նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ օթևանից զրկելու հետ չկապված այլ նյութական վնասի փոխհատուցման կարգավորումների շրջանակներում:
3. Հաշվի առնելով, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական և ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորվածների թվում կարող են լինել նաև մինչև 18 տարեկան երեխաներ, առաջարկում եմ նախագծի 4-րդ հոդվածը «հաշմանդամության» բառից հետո լրացնել «հաշմանդամ երեխայի կարգավիճակ» բառերով:
4. Պարզ չէ, թե ինչ կարգով է տրամադրվելու նշված փոխհատուցումը: Ուստի նախագծի 1-3-րդ հոդվածների օրինակով նշված հոդվածներում ևս անհրաժեշտ է նախատեսել փոխհատուցման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվելու վերաբերյալ լիազորող նորմեր: Նշված հոդվածներում «հատուցում» բառը փոխարինել «աջակցություն» բառով:
5. 5-րդ հոդվածում հստակեցնել զոհված քաղաքացու ընտանիքի կազմը:
6. Առաջարկում ենք նաև նախատեսել դրույթ, թե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինչ ժամկետներում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատելու փոխհատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը:
Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման մեջ: